Հուսիկ Արա

Մուգ կարմիր սյուիտ

Հետպատերազմ: Կեսգիշեր:
Քամին կանգնել է,
բայց ավերվում է ամեն բան շուրջը և աշխարհում.
վեր եմ թռչում քնի մեջ
և խեղդող հազի միջից ճչում.
-Ճշմարտությունն ա’յն է, որ դուք պետք է ապրեիք:

Ո’չ մի հող ի զորու չէ ամփոփել ձեզ,
ո’չ մի երկինք ձեզ չի կարող տեղավորել,
չի լցնելու ձեր դատարկը ո’չ թանկ, ո’չ սուրբ,
ձեր կորուստը չի չափելու ո’չ մի արժեք.
դուք կյանքն էիք` բացարձա’կը տիեզերքում:

Երկրով վճարեցիք երկնքի համար,
հիմա ձեր երկինքն է մեր երկիրը,
դուք վճարեցիք, որ մենք հիշենք.
-Հայրենիքները չեն վաճառվում:

Մենք խմում ենք և պատերազմով լցվում.
պարտադիր մի բաժակ լիքը`
վրան հացի շերտ,
ձեր օղին է սեղանի անկյունում`
դռան կողմը նայող.
ներս չեք մտնում,
որ պատերազմը հանենք մեր միջից:

-Ես ջրում եմ վարդերը
և խնամում ամեն առավոտ.
նրանք ծաղկում են գարնանը,
ծաղկում են ամռանը
և աշնան են ծաղկում,
և ձմռան ձյուների մեջ.
պատերազմի ծաղիկներն են,
որ բուրում են,-
գրել է աղջիկը լուսաբացի պատին:

Անձրևը լվացել է քաղաքը,
մաքրել` ինչն անցյալ է:
Մենք դուրս ենք գալիս տնից
ու քայլում ծեգի միջով թաց.
ոչ մի տեղ են ձեր հետքերը,
ձեր ստվերից մաս չի մնացել:

Սրճարանում,
գինետանը,
այգու նստարանին
չեն երևում ձեր բացակա տեղերը.
չկաք աչքերի մեջ մեզ նայող
և հայացքներում, որ նայում են մեզնից:

Քաղաքը թերթել է էջը
կարմիր մելան ձեր արյունով գրված,
ու փակել` հին պատմություն:
-Ուրախ է կյանքը ու զվարթ,-
գրել է քաղաքը
նոր բացված էջին ազատ:

Քաղաքը չի հիշում ձեր արյունը,
ինչպես` արյունները ձեզնից առաջ:
Քաղաքը երգում է,
պարում է
ու զվաճանում.
քաղաքը մոռացել է:

Մենք խմում ենք, որ դատարկվենք պատերազմից,
բայց խմում ենք և պատերազմով լցվում.
մեզ հետ եք,
նույն սեղանի շուրջը.
հաց չեք կիսում,
որ ամբողջանանք
և պատերազմը ավարտենք:

-Երբ ասում են` պատմիր:
-Ամուսինս առաջին կռիվն էր,- ասում եմ:
-Պատմիր հետոն:
-Երկրորդ կռիվը մեծ տղաս էր:
– Ուրիշ պատմիր:
-Կրտսեր որդիս կռիվն էր երրորդ,-
սա է պատմությունը պատերազմից մնացած կնոջ,
որ տեղավորվում է պատերազմի թողած թղթին:

Պատերազմից հետո օրացույցը
շարունակությունը չէ
պատերազմից առաջ օրացույցի.
օրերը չեն նշվում
սովորական թվերով իրար հաջորդող:
Մենք հաշվում ենք,
թե քանի աճյուն են փրկարարները գտել
թշնամուն հանձնած մեր տարածքներից:
Փետրվարի 9 – 6 աճյուն. 4-ը` ժամկետային, 2-ը` կամավոր:
Մայիսի 13 – 5 աճյուն. 1-ը` խաղաղ բնակիչ:
Օգոստոսի 27 – 3 աճյուն և մարմնի մասունքներ.
բոլորն էլ անճանաչելի:

Կան օրեր, որ չեն նշվում,
ուղղակի 0 են՝ դատարկ ու փուչ միավոր.
որովհետև ձյան պատճառով ընդհատվել են որոնումները,
որովհետև հակառակորդը թույլ չի տալիս շարունակել:

Մենք խմում ենք, որ հաշիվը մոռանանք,
բայց խմում ենք ու շարունակ հաշվում
թիվը զոհերի.
երկրից հանում ենք և գումարում երկնքին,
որ մեր իմացած միակ թվաբանությունն է:

Եվ ամիսը 30 օր չէ, կամ 31,
512 է, 935, 1669… որ շարունակվում է
գտնված աճյունների թվով:

Շաբաթվա օրերը
չունեն պարզ անուններ՝
երկուշաբթիից մինչև կիրակի,
տարբերում ենք՝ հաջորդաբար գրելով.
18 տարեկան, 19 տարեկան,
նրանք 20 են…
պարզապես տղաներ երիտասարդ:

Մենք խմում ենք, որ չճոճվենք հողի վրա,
բայց ամեն բաժակ խումից հետո ծիծաղում ենք,
ու խելագարվում մի քիչ ավելի
և հողը ճաքում է մեր ոտքերի տակ:

-Առաջնեկիս սպասել էի 16 տարի,
իմ միակն էր.
հիմա անուն է գրված քարին:
Փայփայում եմ ամեն տառը,
հորինում եմ նորից.
իմ սեփական այբուբենն է
և իմացած լեզուն է մի բառ:

-Նույն խրամատում մնացին
երկու եղբայր` երկվորյակներ.
զինադադար է,
բայց կրակում են նրանց զենքերը
իմ ուղղությամբ` սրտիս վրա.
իմ զույգ ձեռքերն են:

Պատերազմի մայրերը չեն նրանք,
բայց նրանց մայրը պատերազմն է,
որ ամեն օր սկսվում է ու չի ավարտվում:

Մենք խմում ենք, որ պատերազմը տեղավորենք մեր մեջ,
բայց խմում ենք և պատերազմ է ժայթքում մեր միջից:
Մենք դուք ենք.
մեր մարմինները քայլում են ձեր հոգիներով,
որովհետև մեր հոգին սպանվեց ձեր մարմնի հետ.
դուք ապրում եք, մենք ենք զոհվել:
Ավելի շատ երկնքում ենք` ձեզ հետ,
քան այստեղ ենք` երկրի վրա,
որ ժամանակ է գերեզմանների.
մեռածներս այցելում ենք ողջերին:

-Պատերազմը չի ավարտվում
հրանոթի վերջին կրակոցով մարտադաշտում,
շարունակվում է ապրողների մեջ.
զոհերը չեն մոռանում ողջերին,
և մենք ամեն վայրկյան
նրանց զենքով կրակում ենք մեզ,-
ասում է զոհվածի հայրը`
հին զենքի մարդ նախորդ կռվից:

Պատերազմը սիրելու ժամանակն է ավերում
և սրտի տարածությունն է կրճատում պատերազմը.
պատերազմի ժամանակ օրերն են սև,
պատերազմից հետո ժամանակն է սև օրեր:

Պատերազմի աղմուկից ուժգին
պատերազմի լռությունն է,
որ հոսում է մեր մաշկի տակ
և այրում ամեն բջիջ ու նյարթաթել լավայի պես:

Մենք խմում ենք ընթրիքին
ձեր արյունը որպես գինի
և ուտում ենք ձեր մարմինը
ինչպես հաց.
թաթախում ենք
ձեր մարմինը ձեր արյան մեջ
ու կուլ տալիս
և բաժանում շուրջբոլորը,
որ ճաշակեն ու հագենան:
Մենք խմում ենք սև գիշերը սև գինի,
որ մոռանանք Քրոնոսն ենք`
սև ժամանակը,
որ խժռեց իր զավակներին:

Յատուկ Երաժշտություն
Հազվադեպ հատկանշական
Գեորգի Գյուրջիև

Հազվադեպ հատկանշական

Տխուր վերադարձ (ոչ ոք չի սպասում)
Տխուր վերադարձ (ոչ ոք չի սպասում)
Խաղա առցանց