Հուսիկ Արա

էլեգիա

Սեպտեմբեր: Կիրակի:
Մենք արթնացանք վաղորդայն,
որ ավարտենք կիսատ թողած այգեկութը երեկվա,
մեր ձեռքերը պարզելու էինք կորացած ճյուղերին`
մնացած մի քանի նարնջահամ դեղձերը քաղելու,
մենք ճաքած նռները պիտի հավաքեինք`
հատ-հատ ջոկելով,
որ թեթևանար հողին կռացած նռնենին:
Իսկ կեսօրին գնալու էինք
գետը անտառից երիզող հին արահետով`
վայրի տանձ հավաքելու.
թորած օղին խմելու էինք պաղ օրերին,
որ սերը տաք մնար ուշ աշնան մեջ.
թեք լանջից ձորին նայող մեր զույգ տանձենիներն էին`
փշոտ, ուղիղ ու ձիգ` դեռ անցյալ դարից եկող:
Իսկ երեկոն` վերջալույսի մեգից առաջ,
բույն սարքելու ժամ էինք տեսել
Դինգո շան ձագերի համար:

Պատերազմ է սկսվել,
վազող տողով կարդացինք Էկրանին,
և օրը ավարտվեց դեռ չսկսված.
մի ակնթարթ ու ծերացանք մենք:
Խմեց մի բաժակ անցած աշնան թորած օղուց
բոլորովին սպիտակած հորեղբայրս,
ծանր վեր կացավ,
որսորդական երկփող հրացանը հանեց պահարանից,
-Սրանով արջ եմ խփել,
եկել էր մեղվի փեթակների համար,
բայց մտնում էր ներս, որ մեզ ջարդեր.
սարի մեր տունն էր, դուռը` բաց,
որովհետև չէինք սպասում անկոչ հյուրի:
-Տե’ղը դիր հրացանը,- ասացինք,-
հին կռիվը չէ, հիմա ցամաքին խփում են օդից`
խոցելի տարածքից բարձր:
-Չորրորդ պատերազմն եմ տեսնում,-
հրացանը ափերի մեջ սեղմած` ասում էր հորեղբայրս:
Մենք կանգնած էինք մնացել
ներս էինք քաշում դառը ծուխը,
որ իջնում էր շուրթերից ոտնաթաթեր:
-Իմ երրորդ պատերազմն է,- ասում էր հորեղբորս տղան,
իսկ նրա ութ տարեկան որդու համար` երկրորդը,
որ չէր հարցնում` ի՞նչ է պատերազմը,
գիտակցում էր իր մեջ` անբառ,
ինչպես մենք` դեռ ապրել չհասցրած իր տարիքում:
Մեր մեջ երջանիկը օրորոցում պառկած փոքրիկն էր,
որ ղունղունում էր աղավնու պես
ու կաթնահամ թաթիկով կանչում մորը.
առաջին պատերազմն էր նրա
և չեր հասկանում, երբ ասում էինք` սկսվել է:

Ուշադիր չէին մեր մայրերը, որ արցունքները սրբեին,
մեզ էին ուղեկցում զինվորական մեքենա`
սահման տանող:
-Արյան գույնը այդքան սիրուն ստեղծելու համար
քանի՞ ժամանակ է տքնել բնությունը.
զգո’ւյշ, չթափես հանկարծ ու հենց այնպես,-
ասում էր մայրս ու մոռանում,
որ գուցե ավելի երկար է խոկացել նույն բնությունը
արցունքի համը այդպես չքնաղ երկնելու համար:
Ու տեսնում էինք անօդաչու թռչող սարքից
խոցվող շենքեր, նկուղ ու ապաստարան,
հողին հավասարվող քաղաքներ էին
մեր ափի մեջ տեղավորված էկրանին,
կանայք, երեխաներ, ծեր ու հաշմանդամ,
եկեղեցի ու տաճար քրիստոնյա.
խտրություն չէր դնում հակառակորդը
մարտադաշտի միջև, խաղաղության և Աստծու,
զինվորի համազգեստով ահաբեկիչ էր ու վարձկան,
որ չէինք իր թշնամին:

-Ընկերս զոհվեց,- հեռախոսը թերթելով` ասաց տղաս:
-Երբ քո տարիքում էի, իմ ընկերը զոհվեց:
Ու նայեցինք մեկմեկու աչքերի մեջ.
իմ երիտասարդությունը տեսա ես,
տղաս` հասուն տարիքը իր.
մեր զոհված ընկերներն էինք մենք:
Երկնքում հանգում են աստղերը,
բայց նրանց լույսը հասնում է երկիր
մի ամբողջ ժամանակ,
և դաշտերում աճում են տաք կապույտ անմոռուկներ.
մի ոսկե սերունդ է կորում
մատաղ հասակի մեջ,
որ չհասցրեց սերունդ տալ:
Մենք նայում ենք ու չենք տեսնում,
շոշափում ենք ու չենք զգում,
հասկանում ենք, չենք հավատում.
վերջինը հույսը չէ,
մեր սերն է վերջում:
Մենք մենակ ենք աշխարհի առաջ,
դժոխքի բացված դարպասների դեմ` միասին մահ,
մենավոր ու մեր հույսն ենք. մե’կ ուժ` մե’կ զարկ:
Մեր ցասումը բարձրանում է մեր երազից էլ վեր
և մեր ոգին իր մեջ առնում,
որ կամքն է ապրողների.
մեզ սպանում են, մենք չենք մեռնում:

Պարի’ր, Սալոմե,
քո մարմնի ճկուն խաղերի մեջ
կյանքը արյունոտ մահ է:
Ընտրյալ գլուխը` ոսկե սկուտեղին մեկնած,
մատուցում են քեզ,
որ առձեռ վճարն է սակարկած քո մերկության,
և զվարճանում են արքա ու պատրիկ
սրահում բազմած:
Աշխարհի ճիշտը, որ խաբել են մեզ,
քո մերկ մարմինն է,
պարի’ր, Սալոմե:

Յատուկ Երաժշտություն
Ռապսոդիա
Էդուարդ Բաղդասարյան

Ռապսոդիա