Հուսիկ Արա
AVE MARIA
1․ Փրկիր, Տիրամայր
Մարդկանց կրունկների տակ
և Աստծու հայացքի մեջ մեռնում է սերը.
փրկիր, Տիրամայր:
Բառի ոտնահետքն ընտրեցի նշան
իմ այս երկրուղու սայթաքումներում
երգձիգ ու անանդորր.
մերթ սև ծածկոցով ու մերթ սպիտակ`
ես գնում էի լույսը բերելու:
Ծիրը չհասած՝
հասկացա`
քո մեջ է լույսը,
որ չի փոխանցվում բառով:
Երկիրը չէր պտտվում համաչափ,
ժամանակը չէր սորում հավասար.
ես մերկ էի տիեզերքում կանգնած
և ուզում էի աշխարհը փոխել:
Ուշ եկա, Տիրամայր,
մոգերի քայլով մոտենայի`
Արևելքի աստղն ինձ նշան,
ափիս մեջ զմուռս, կնդրուկ ու ոսկի:
Ընծա եմ բերում բառը` ինչ ունեմ,
սա է մարմինն իմ.
ընդունիր,
սերը փրկեմ ի՛մ մեջ:
2. Ճախրանքը իմ մեջ է
Գետնահար են ուղի ու շավիղ.
ինձ երկինք տուր, Մարիամ:
Հրեշտակի պես եկա աշխարհ,
քայլում եմ մարդ հողի վրա.
ով տարել է իմ թևերը`
թռչել չի կարող,
ճախրանքը ի՛մ մեջ է:
Բարեխոս սուրբ,
տո՛ւր այս աշխարհը անցնելու հնար,
անհաստատ են և՛ սպիտակ, և՛ սևը,
երկիրը սայթաքում է ոտքերիս տակ:
Երբ միջնորդես մեր հավատը Որդուդ առաջ,
թող պատվիրանների մեջ ներբեռնի
նաև համոզմունքն իմ այս.
մի՛ վստահիր` անգամ մերձավորին,
մենք բոլորս Հուդա ենք:
Որքա՞ն խոտորվեմ
մարդու շեղումից,
թե աշխարհը շտկվի:
3. Ո՞ւմ կամքով եմ ես
Ազատ աշխարհն էր իմ երազը,
երկրում` կապանքի մեջ արթնացա.
քողարկիր, Մարիամ,
մարդու սահմանած ամեն կանոնից:
Բովանդակ մատների տակ ավերվում եմ՝
դառնում ես.
իմ մենության մեջ հոշոտում եմ ինձ:
Խանդում եմ՝ իմ սիրտը չէ,
բարկանում եմ՝ իմ հոգին չէ,
և չարությունը իմ ներսից չէ:
Իմ մեղքը չէ, որ մեղավոր եմ,
իմ փոքրությունը չէ, երբ մանրանում եմ,
իմ վճիռը չէ, ինչը դատում եմ,
և բառերը իմը չեն, թե թունավորում եմ,
հայացքն էլ իմը չէ, թեև խաղաղ հակվում եմ ինձ.
ո՞վ եմ և ո՞ւմ կամքով եմ ես:
Ինձ լույսին հենված տար.
հեշտ է երազը, դժվարն իրականն է`
երկնքից երկրի վրա քայլելը,
որ խաչվեց:
4. Փարատիր, Տիրամայր
Մեկ անգամ խաչեցին Հիսուսին,
ամեն օր սպանում ենք Քրիստոս,
որ զոհի մեջ է յուրաքանչյուր,
և չի կարող չմեռնել անմեղի հետ.
սփոփիր, Տիրամայր,
ողբում են որքա՜ն մարիամներ:
Կանայք փակում են այն նույն աչքերը ամուսինների,
որ բռնության մեջ տեսել էին մարմիններն իրենց,
ծերերն արտասվում են ինչպես երեխա,
իսկ մանուկները մեռնում են նրանց փոխարեն,
հայրերը չեն հասցնում որդի մեծացնել,
որդիներին տրված չէ դառնալ հայր:
– Աստծուն կպատմեմ,
թե ինչքան վատն են մարդիկ,-
երկինք գնացող
արաբ տղայի աղոթքն է`
ռումբից ներշնչված,
որ թողեց երկրին:
Այդ մանուկն եմ,
որ զարմանում է,
թե ինչու են չար մեծերի խաղերը:
Աստված խելագար է,
միայն նա կարող էր
միակ որդուն ուղարկել մարդկանց մեջ.
եթե սեր էր, ուրեմն` կույր:
5. Խնայիր մարդկայինը
Այլ ընթացքի մեջ պտտիր ժամանակը, Տիրամայր,
երկիրը խափանվել է իր առանցքի շուրջ
նույն օղակը գծելուց:
Մարդիկ բիրտ են,
մնացած մարդիկ` ավելի բիրտ,
նրանց արանքում աշխարհի լույսն է
մոր ու մանկան տեսքով ավերվում`
ինչպես Մարիամ գրկի մեջ Հիսուս:
Մի՛ նայիր մեր ուղղությամբ
և մի՛ տես մեր նշածը,
քո աչքերը փակիր մեր կոպերի տակ.
մեր հայացքի մեջ
զենքի դիտակից նշմարվող սևահող է
երկիր անունով քաղաքը:
Մի՛ բռնիր մեր ձեռքերը,
քո գրկելու լույսը տուր մեր թևերին,
մեր ափերի մեջ հետհաշվարկ է ժամանակը,
ռումբին մատնած վայրկյանաչափ:
Մի՛ խոսիր մեր խոսքը,
քո լեզուն դարձրու արյուն մեր սրտին.
մեր աղոթքներում` Աստված մարդու մեջ,
և մարդը զոհ է. սա է հավատը մեր:
Հիսուսին` Ադամից,
Մարիամին` Եվայից,
մարդկայինը խնայիր մարդուց,
Փրկչամայր:
6. Հաշտեցրու, Մարիամ
Փարատիր, Մարիամ,
կատարված կին,
քավության միջնորդ,
վերբեռնում Եվայի:
Ադամին ձեռքերով` անմայր ու բիրտ,
առաջին որդու ոգևորությամբ,
Փրկչին քո միջով արարեց Աստված`
Վեհի խոնարհում:
Անվարժ սկիզբը` ներհուն ավարտ,
թերի ալֆան` կատարյալ օմեգա:
Դեռ Պարտեզում`
առաջին լույսի մեջ,
կավը ապտակեց Աստծուն,
իսկ երկրի վրա շավիղն է Կայենի`
աշակերտը Գեթսեմանի այգում:
Բարի պտուղը
ընկնում է Կենաց ծառից
մարդու ձեռքով`
Աստծու հայացքի մեջ անպաշտպան.
Աբելից` Հիսուս, Հիսուսից` Քրիստոս:
Խռովքը տիեզերքում`
երկինք ու երկիր,
Աստված և մարդ,
հաշտեցրու, Մարիամ,
կատարված Եվա:
7. Քեզ է վստահված
Դու ես արարումը, Փրկածին,
և ժամանակը երկրորդ անգամ:
Քրոջ քնքշանքով
և մոր գթությամբ
աշխարհը սկսիր նորից:
Երկինքը կարեկցանք,
խաղաղություն արարիր երկիրը,
ցամաքը ջրից բաժանիր անդորր:
Օդում թռչողը հմայք լինի ու շնչավոր,
բարի երթ` ինչը շարժվում է հողի վրա,
և անկրակ, որ լողում է ջրերի մեջ:
Խղճից չափիր օրենքը,
իրավունքը սահմանիր հոգուց
և ուժի դատը վճռիր ներումով.
տե՛ս, որ արդար է և խավարը:
Լուսից արարիր մարդուն,
որ չլինի հողի պես ծանր
և իր ստվերը չծածկի իրեն:
Սկիզբը լինի սեր և ավարտը սեր լինի.
իրիկուն և առավոտ`
օր ութերորդ:
Քեզ է վստահված
ժամանակը նորից,
աշխարհը` երկրորդ անգամ.
Նորոգիչ քույր,
Արարչամայր:
8. Փրկիր սերը
Իմ հույսը իմ հավատի մեջ է,
իմ սպասումը և’ հույս է, և’ հավատ:
Լույսը՝ խավարի մեջ. խավարը լույս է:
Նորովի խաչակիր ասպետ`
թափառումներից ավեր ու անկար,
ինձ հետ խոսեց մի ձայն,
որ քո մեջ է Սուրբ քաղաքը,
և տեսնում եմ, Մարիամ:
Դավթի դուստր,
Սողոմոնի «Երգ երգոցում»
ավետած կին,
նախապես սեր,
Երուսաղեմ:
Լույս լինի, ասվեց քեզանից առաջ,
և լույս եղավ քեզանից հետո,
և Սերը քայլեց ջրերի վրա:
Տեսնելով՝ կույր,
լցվելով դատարկ ենք.
սա՛ է մարմինը մեր,
որ կատարյալ չէ:
Քո մաքրությունը երկինք,
գեղեցկությունը երկիրն է.
մեր սահմանած աշխարհում,
և նախընտիր կյանքի մեջ
մեռնում ենք մենք.
փրկիր սերը, Լուսամայր:
P. S.
Սույն խոսքերը ութ`
հավերժի թիվ,
խոնարհում է քո Պտղին,
որ երազում փարատեցիր
ինձ սպասող կնոջը
հղիության մեջ:
Փառք քեզ, Մարիամ.
Օծյալ մայր: