Հուսիկ Արա

Արևելյան քաղաք

Արևելքի բարքերի մեջ մոլորված քաղաք, ինքնիշխան:
Մերթ ընդ մերթ արթնանում թմբիրից` բաց կրքով հոմանուհի,
ցատկում ես բարակ ուսերիս և գազանի ճանկերդ խրում մաշկիս մեջ.
ո՞վ դարձրեց քեզ վայրի էգ, մեր թևերի վստահությամբ մեծացած աղջիկ:
Շնկշնկոց ես ու փայլ, գեղեցկություն դիմադարձ,
մարմարյա սալիկների ու զարդաքանդակ շղարշի տակ
ծեքծեքում ես` ամենակին. աստղ ես ու կրքի խորհրդանիշ:
Անհայտից դուրս պրծած ձեռքեր,
որ չեն զգացել շունչդ և շոշափել ոգիդ` թեկուզ մի պահ ու անցողիկ,
քեզ մերկացնում են այնպես դատարկ ու սնամեջ,
մեր սիրուց ու քնքշանքից հեռու` մի օտար տանիքի տակ,
և հմայքդ լափլիզում փողոցի շան ախորժակով.
ավաղ, քո այդ տեսքով, մոլորված քաղաք,
դաջվել ես մեր հայացքի շրջանակի մեջ որպես դաժան լուսանկար:
Կար մի ժամանակ, երբ քո տղաներն էինք իսկական.
քեզ կերտել ենք սրտի խոսքով ու կրակով անկեզ.
մենք, որ միտք էինք, հպարտություն,
խիզախումը քո և ազատության սահմանը` մեր արյունով գծած,
ավելորդ ենք այլևս և ստվերում ենք թպրտում:
Հիմա ուրիշ ժամանակ են ցույց տալիս սլաքները ժամացույցի,
և մենք ապագայից ենք նայում այս վաղանցիկ ներկային
ու քո ճանապարհը պատրաստում` դեպի մեզ եկող.
թեկուզ տրորված և ինչքան էլ լինես հատակի կին,
վեհությունդ քեզ կդարձնենք՝ արևելքում մոլորված քաղաք:

Յատուկ Երաժշտություն
Նոկտյուրն
Էդուարդ Բաղդասարյան

Նոկտյուրն

Արևելյան մոտիվներ, 1886
Արևելյան մոտիվներ, 1886
Խաղա առցանց