Հրանտ Մաթևոսյան

Ստեղծիչ ներկայություն

Ամեն մի սպանություն է նողկալի, իսկ մտավորականի սպանությունը մակդիր չունի: Թուրք բարձրաստիճան պաշտոնյաները հայ մտավորականների սպանության սև գործը հանձնարարում էին, կարծեմ, ո՛չ իրենց պաշտոնակիցներին և նույնիսկ ո՛չ իրենց ազգակիցներին:
Տգեղ, շատ տգեղ, նողկալի բան եղավ, ավելի նողկալին դժվար է պատկերացնել: Որևէ տնօրենի, որևէ նախարարի, որևէ ունևորի սպանությունը ինչ-որ տրամաբանության տրվում է,- սպանում են, որպեսզի իրենցով զբաղեցնեն նրանց տեղերը,- սա մտքի ու անգամ սև երևակայության սահմաններում չտեղավորվող սպանություն է, սա զառանցանք է: Իրենցո՞վ են լցնելու այն տեղը, որ կոչվում էր Վարդգես Պետրոսյան: Այդպիսի կարգավիճակ չկար, ինչպե՞ս են լցնելու, այդպիսի տեղ չկար: Նա ինքն էր տեղ ու պաշտոն ու գործ: Թե՞ նպատակը հենց այդ խիզախ, շարժուն, սթափ, անընկճելի մարդուն, որ ամեն օր ու ամենուր կարողանում էր գործ ստեղծել ու «Վարդգես Պետրոսյան» կնքել, այդ եզակի գործչին վերացնելն է եղել: Սա արդեն համահանրապետական, համազգային հասարակական-քաղաքական մեր կյանքի բացահայտ կողոպուտն է, սա բաց մարտահրավեր է մեր գոյության բուն հիմքին:
Եվս մի երկու այսպիսի խուլ թխկոց՝ և մեր ժամանակի կափարիչը կմեխվի անժամանակ, և ձեր մեջ այլևս սթափ մտքի մարդ չեք ունենա:
Դեռ հազար տարի առաջ մեր պատմիչը, լսածով, հիշատակել է առասպելների հեռավորարևելյան մի երկիր, որի բնակիչները հարազատներով հավաքվում ու իրենց հանգուցյալ ավագի գլուխը ուտում են: Տարօրինակը, զառանցայինը, բնազանցականը այն էր լինելու, որ ավագները խժռեին կրտսերներին, դա ցեղի ինքնաոչնչացում կնշանակեր, և արժեր` որ այդպիսի ցեղը վերանար ու չլիներ, բայց մեզ համար անբարոյական ու անմարդկային է և այս: Հայ մարդու մեր ընկալման առաջ և այս է մղձավանջային, անկախ այն բանից, թե իրենց կարծիքով ինչից են ազատվել մարդասպանները կամ ինչի են տիրացել:
Ազատվել են նրա սթափեցնող ներկայությունից: Տիրացել են մի հրապարակի, որի կարգադրիչը հիմա արդեն խելագարությունն է:
Իրենք թերևս իրոք ազատվել են, իսկ մենք ահա զրկվել ենք ավագի նրա վստահ, գոնե արտաքուստ անխռով, ստեղծիչ ներկայությունից:
Եվս մի քանի դավադիր թխկոց՝ և ծանոթ երկրի նշանները կվերանան, և սա հայրենիք չի թվա և սա հայրենիք չի լինի: Սա կլինի մեզ օտար, խորթ, այլև թշնամի, հեռավորարևելյան առասպելների մի տարածք, որի մասին որպես ոչ զավակներ, այլ օտարներ, ոչ լսածով, այլ տեսածով կվկայեն, թե այնտեղ վանել էին բանականությունը և նրանց առաջնորդը տենդագին խուճապն էր:
Ափսոս, իր «Երկիր Նաիրին» հույս էր տալիս, թե վերադարձել է երիտասարդ տարիների Վարդգեսը և եզակիորեն իրեն հայտնի միջոցներով մեր օրը դարձյալ լցնելու է նույն անչար չարությամբ, նույն խնդուն խանդով, տան որդու նորոգիչ անհանգստությամբ ու տանտիրոջ չափավոր պահպանողականությամբ:
Ափսոս, հեռացավ այս տարածքն ու այս ժամանակը ստուգապես մերայինացնող վաղածանոթ, մտերիմ նշաններից ևս մեկը:

Յատուկ Երաժշտություն
Հողուշող
Էլեն Յոլչյան

Հողուշող

Տանձ, դեղձ և կուժ
Տանձ, դեղձ և կուժ
Խաղա առցանց