Հրանտ Մաթևոսյան

Սկիզբը

ՍԿԻԶԲԸ
I
Դույլը այնտեղ չէր, ուր նիրհել էր եղնիկների ընտանիքը՝ հայրը, մայրը և հորթուկ-տղան: Դույլը այդտեղ չէր: Չի կարելի ասել փարախ,
որովհետև փարախը շատ, կեղտոտ ոչխար ու անհամ կատակ է: Մի
գորգի չափ տեղին, ուր մինչև տղայի գալը նիրհել էր եղնիկների ընտանիքը, չի կարելի փարախ ասել և չի կարելի եղնիկների նստատեղ,
նիստ, եղնանիստ ասել, որովհետև հրացանավորված կգան: Թուքը
պետք է կուլ տալ և այս տեղը, ուր քիչ առաջ նիրհել է եղնիկների հայրմայր-հորթ ընտանիքը, պահել քո մեջ հենց այսպես առանց անունի –
գորգի չափ հարթ մի տեղ, կարմիր երեք եղնիկ, շողի մեջ դեղնականաչ
մոռի մի թուփ և լուռ անտառ: Մոռի թփից ներքև, մոռուտում, լռության
մեջ մոռ է քաղում տղան: Մոռերը հեշտ են քաղվում՝ որովհետև տղան
ճիշտ քաղվելու օրն է գտել մոռուտը, և ոչ մի մոռ գետնին չի ընկնում՝
որովհետև այդ մոռուտի բոլոր թփերը միայն տղայինն են: Եղնիկները
միայն տղայինն են. եղնանիստը միայն տղայինն է, այնտեղ տղայի լիքը
դույլն է. եղնիկի մեկ, երկու, երեք նստատեղ ու մորու տափակված
թփերից մի քիչ հեռու տղայի դույլն է: Դույլն արդեն լիքն է, բայց չի
կարելի այս մոռուտի տեղն ասել, որովհետև խումբ տված կգան: Կգան
կքաղեն, կտրորեն, կկշտանան կամ չեն կշտանա, կոխ կբռնեն,
կգլորվեն, ուսուցչուհու զգեստի մասին հիմարություններ կասեն և
գյուղ կիջնեն դույլերին դհոլ խփելով: Եվ քանի որ մոռ չեն տանի՝
եղնիկների մասին բարի լուր կտանեն: Մեծերը նրանց կծաղրեն՝
շիտա՞կ, շիտակ-շիտակ: Մեծերը նրանց չեն լսի, բայց մեկ էլ
սուսուփուս, կարծես ճանապարհից թեքվում են միզելու, կմտնեն
անտառ: Կրակոց չի լինի, ծուխ չի ելնի, նրանք միմյանց բան չեն ասի,
նրանք միայն կնայեն ու գյուղավարի հանդարտ կթարթեն աչքները,
բայց եղնիկներն այլևս չեն լինի:
Մոռով լիքը կռատուկի թերը փորին պահած՝ տղան չտեսավ դույլը
եղնիկների գահի մոտ, ուր դրել էր ինքը և մտքի մեջ զգացել, որ ինքն
ահա քաղում է իր մոռը իր մոռուտում, իր եղնիկների մոտ: Տղան
չգտավ նաև մոռի դեղնականաչ թուփը և կարծեց սխալվել է: Մոռի մենավոր մի թուփ կար, բայց դեղնականաչ չէր: Քիչ հեռվում մենավոր
եղինջն էր դեղնականաչ: Շողն ուրեմն սահել էր մոռի թփից, գնացել ընկել էր եղինջին ու դարձրել դեղնականաչ: Տղան, ոչ, չէր սխալվել. տեղն
այն տեղն էր, ուր նա դրել էր դույլը:
Տղան տեսավ, որ ինքը պարպվում է իրենից ու խլանում է և իր մեջ
զզվանք է ուռչում նրա դեմ, ով այստեղ էր և փոխել էր դույլի տեղը:
Տղան իր մեջ լսում էր նրա թաքուն քռքռոցը, տեսնում էր մտերիմ դավադրի նրա դեմքը, զգում էր նրա մեջ արթնացող գողին, որ հանկարծ
կարող էր մտերիմ կատակը լրջացնել. տղան զզվում էր նրա կատակից,
զզվում էր նրա մտերմությունից, զզվում էր նրանից այն բանի համար,
որ նա եկել ու տնկվել էր հենց այս մոռուտի գլխին: Տղայի ծոծրակն
զգում էր նրա հայացքը, տղան զզվում էր նրա հայացքից, տղայի
թիկունքն զգում էր նրա շունչը, նա շունչը պահել էր, տղան ատում էր
նրա շունչը, տղան շուռ եկավ տեսնելու նրան իր ետևում, տեսավ նրան,
բայց հետո նա չկար, իսկ տղայի փորը թրջվել էր: Կռատուկի թերի մեջ
մոռը ճմռվել էր, հյութը մատների արանք էր ծծվում, իսկ շապիկը փորի
վրա դարձել էր թանաքագույն:
Դույլը դեղնականաչ եղնջի կողքին էր: Որպեսզի մարդու իր հոտը և
դույլի իր մոր հոտը և իրենց ամբողջ տան հոտը չընկներ ու մնար եղնիկների գահին և հայր-մայր-հորթ եղնիկները տղայի մտքում միշտ
այդտեղ լինեին և նրանց մոտ տղան քաղելիս լիներ իր մոռը՝ տղան
դույլը դրել էր նիրհարանից հեռու եղնջի մոտ, բայց միևնույն է՝ տղան
ատում էր նրան, ով քիչ առաջ համարյա թե այստեղ էր, ում պատճառով ճմռվեց մոռը կռատուկի թերի մեջ տղայի փորի վրա: Դույլը մի
քիչ, մի մատ թերատ էր, կարծես թե դույլի կողքին նստել էին ու հատհատ կերել երեսի մի փռվածքը: Կարելի էր ձեռքերը ծնկներին դրած
կռանալ բույրի վրա, նայել, խլանալ և տեսնել, թե ժամանակի մեջ ինչ
շշուկով է անջատվում բույրը և ինչպես է իջնում մոռը և ինչպես է
թերատվում դույլը և դառնում այնպիսին, կարծես այդտեղ նստել են,
դույլը քաշել ոտքերի արանքն ու կերել երեսի մի փռվածքը... Տղան
ատում էր նրան, ով կարող էր այդպես առնել նրա քաղած մոռը իր ոտքերի արանքը և ուտել մի քիչ կատակով, մի քիչ արհամարհանքով, իսկ
ընդհանրապես՝ անտարբեր, ինչպես որ եզն է կոխում քո ոտքը:
Կռատուկի թերը, ճմռված մոռը մեջը, տղան դրեց դույլի վրա, կռատուկի թերը բացեց, փռեց երեսով մեկ և ճմռվածը փռեց թերի երեսով
մեկ, որպեսզի հանդիպողները եթե կանգնեցնեին՝ մի երկու հատիկ
ուտեին ճմռվածից: Ուտեին ճմռվածից և գովեին շիլ Եղըշի մինուճարին
և իբր թե շոյում են՝ մատները սրբեին նրա գլխի մազերով: Մոռի
ճմռված շերտի տակ կռատուկի թերի կանաչ եզրերը երևում էին,
երևում էր, որ մինուճարը մեծ ճագարի ու շլդիկների համար տանում էր
շատ լավ մոռ, բայց տղան կանաչ եզրերը թողեց բաց:
Հետո տղան դույլի մոտ նստել էր, մնչում ու օրորվում էր: Չէր ուզում
տուն գնալ, չէր ուզում մնալ անտառում: Եթե ուզում էր՝ լսում էր գյուղի
ձայները, եթե ուզում էր՝ գյուղը չկար, միայն անտառի լռությունն էր:
Մարդիկ եթե չլինեին՝ աշխարհը տխուր կլիներ: Շատ խոտ կլիներ,
խոտերի միջով գետը կգնար, սպիտակ թիթեռը խոտերի վրայով
դեսուդեն կքշվեր... տխուր ու գեղեցիկ կլիներ: Հիմա ոչ տխուր է, ոչ էլ
գեղեցիկ, ոչ էլ գիտես ինչ անես: Ինչո՞ւ է պտտվում բազեն: Ինչո՞ւ են
կանգնած ծառերը: Կանգնած են ու միայն կանգնած են: Պտտվեցպտտվեց ու, ասենք թե, ընկավ ու մի լոր խփեց, հետո՞: Հետո դարձյալ
պտտվում է: Երբ պտտվում է՝ գեղեցիկ ու տխուր է, չգիտես ինչ իմաստ,
բայց գեղեցիկ ու տխուր մի իմաստ է լինում: Ինչպե՞ս է առաջացել
երկիրը, ո՞ւր են գնում գետերը, ի՞նչ է մտածում ձին՝ երբ չի արածում և
չի շարժվում, այլ ժամերով կանգնած մտածում է, ո՞ր ծովից ինչ
անտառների վրայով են գալիս ամպերը, ինչո՞ւ երեկոները լինում են
այդպես տխուր, մտածկոտ ու ծանր, իսկ առավոտները՝ այդպես
մաքուր ու հիմար, ինչո՞ւ մեր հայ ժողովուրդը, երբ տափաստաններն
ազատ էին, չի գնացել, գնացել, գնացե՜լ մինչև մեծ ծովը դեմը կտրի, այլ
մնացել է այս ձորի մեջ. որտե՞ղ է վերջանում աշխարհը, ինչո՞ւ է
թպրտում, ի՞նչ է ուզում մեր սիրտը: Հետո այդ բազեին նայում ես
մոտիկից՝ և ձեռքերդ քաշվում են թևքերիդ մեջ – կտուցը, մագիլները,
աչքերը ճանկռտում են:
Հեռու ծովերի երկնքում ամպերը բացում են իրենց թևերը և ճանապարհ են ընկնում գալու անձրևելու մեր ձորում մեր անտառի վրա:
Անձրևը խաղաղ խշշում է տերևների մեջ: Եվ ապրում են, այդպիսով,
մի հաճարկուտ, մի երկու եղնիկ, մի երկու կաղնի, մի քանի աղբյուր ու
մի գետակ: Խանձված տափաստանները ճանապարհին ինչո՞ւ չեն
կարողանում քաշել ու կողոպտել, երկնքից իջեցնել, քամել-կողոպտել
մեր ամպերը. խանձված անապատների վրայով մեր ամպերը երևի
շատ երկնքից են անցնում, անապատների շունչը չի հասնում ամպերին:
Ոչ, ծանր ամպերը չեն կարող անցնել անապատների վրայով շատ
երկնքից, ծանր ամպերը շարժվում են երկիրը լիզելով: Ամպերը ունեն
մեր ձորը մտնելու հատուկ իրենց ճանապարհը. ծովից դուրս են գալիս
ու գետն ի վեր, գետն ի վե՜ր ձորերով գալիս. գետից նույնպես ջուր են
վերցնում, և շատ չեն վերցնում՝ որպեսզի տեղնուտեղը չպայթեն, քիչ
չեն վերցնում՝ որպեսզի ծանր լինեն և քամին ձորից չհանի. սարն
անցնում են գիշերով, լսվում է թե նրանք ինչպես են խշշում ոչխարի
բրդի մեջ, և մանր ձորակներն ի վար մտնում են մեր կիրճ. չոբանը
սարի գլխից նայում ու տեսնում է, որ դեղին անապատը մնացել է
դեղին անապատ, իսկ ամպը մի քիչ խոնավացրել է ոչխարների բուրդը
և կիրճն ի վար հեռանում է: Չոբանը թքում ու հայհոյում է ամպի
ետևից: Ի՞նչ է հայհոյում: Թուրքերեն չգիտեմ: Ամպը անապատն
անցավ. մեր ամպը գալիս է դեպի մեր անտառ, իսկ չոբանը սարի գլխին
ծարավ մնաց: Նրա ոչխարները իրար վրայից լիզում են խոնավ բուրդը:
Ոչխարները բուրդ են ուտում, և չոբանը գժվում է, որովհետև ամբողջ
հոտը կկոտորվի: Չոբանն ուզում է հոտը խրտնեցնել, ցրել, չոբանը
թուրքերեն մի հատուկ ծղրտոց է հանում, հոտը ցրվում է, հետո
կանգնում, մայում ու մայելով իրար մոտ են գալիս: Չոբանի քուրքը
խոնավ է, չոբանը բղավում է, բայց ոչխարները չեն փախչում,
հավաքվում ու կրծում են չոբանի քուրքը, ձեռքերը, լիզում են աչքերը:
Ինչ անեմ, ասաց տղան, դու էլ քոչիր քաղաք:
Տղան ձեռքերը թևքերի մեջ քաշեց, և չոբանն ինքը չէր, բայց այդպիսի մի բան այդ պահին որևէ տեղ լինում էր: Տղան տնքաց ու լսեց իր
տնքոցը: Եվ իր հոր տնքոցը: Եվ իր ցեղի տնքոցը: Եվ ամբողջ դպրոցի
ծիծաղը իր տնքոցի վրա: Եվ մեծերի անցողիկ լուռ հայացքը իր հորը,
«Եղիշը մտածում է», և նրանց հայացքը լիքն է կծված հեգնանքով:
Նրանց հայացքում ոչինչ չի գրված միայն եղնիկ խժռելու մասին,
նույնիսկ ընդհակառակն էլ չի գրված, գրված է միայն, որ շիլ Եղիշը
տասներկու շլդո ունի և տասներկու շլդոն տասներկու ծառի տակ
նստած մտածում են անապատի թուրքի մասին ու տնքում:
Տղան ելավ, կանգնեց ու ծառերի արանքով տեսավ գյուղը: Տղան
վերցրեց դույլը, դույլը ծանր էր, և ամբողջ գյուղի դեմ կանգնեց իր բեռը
ձեռքին:
II
– Ուրուր-ուրուր-ուրուր, հո՜ւյ: Հույ-հո՜ւյ:– Տատը գործ էր անում –
րոպեն մեկ թաղի հավերին իմաց էր տալիս ուրուրի մասին և կարծում
էր գործ է անում:
Ուրագը թե կացինը փայտի վրա խուլ թխկաց, թխկաց, թխկաց,
չխկչխկաց ու սուր զնգաց. ուրեմն կացինն էր, երկաթե սեպը դուրս
պրծավ: Հորեղբայրը սայլ էր սարքում, հիմա առեղ էր ճղում, երկաթե
սեպը թեքվեց ու թռավ միջից: Հորեղբայրը չհայհոյեց: Հորեղբայրը հայհոյող չէ: Սեպի ետևից լուռ նայում է, հետո ճոճվելով գնում, մի րոպե
կանգնում է սեպի մոտ և կոտրվելու պես հանկարծ կռանում-վերցնում
ու գալիս: Ճոճվում է ոչ թե կողքից կողք, այլ՝ ետուառաջ, գնացող ձիու
գլխի պես: Կացինն ու սեպը թե կռանն ու սեպը չխկացին, չխկչխկացին
ու միանգամից ծանր վնգացին: Նորից վնգացին: Նորից: Վերջինը կարճ
ու խուլ էր: Սեպն այնտեղ մինչև վերջ խրվել էր փայտի մեջ, իսկ տղան
անտառում ատամները սեղմած սպասում էր լսելու ճղվող փայտի
ճայթյունները: Փայտը լուռ ու խուլ էր, փայտի մեջ խեղդվում էր սեպը,
և սեպի հետ խեղդվում էր տղան: Եվ հորեղբայրը սեպին չէր օգնում:
Հորեղբայրը կռանը ձեռքին կանգնել էր և սպասում էր, թե փայտն
արդեն կճեղքվի, և հայացքով ուրիշ սեպ էր փնտրում, բայց ավելի շատ
սպասում էր, թե փայտն արդեն կճեղքվի:
– Արայիկ ջան, Արայի՜կ... Արայիկ, Արա՜...
Տղան ծամածռվեց ու ականջներից թոթափեց այդ կանչը և հասկացավ, որ հորեղբայրը պատի տակից վերցրել է, ճոճվելով բերում է
սեպը: Հիմա հասավ, հիմա կանգնած է փայտի մոտ և լսում է փայտի
խուլ տնքոցը, հիմա կոտրվելու պես հանկարծ կռացավ, սեպի ծայրը
դրել է փայտի այն տեղին, որտեղից արդեն անցել է ճեղքը, բայց չի
երևում: Հորեղբայրը կացինը հիմա բարձրացրել է, սեպը տեղում հաստատելու է:
Կացինը չէր իջնում: Լուռ էր: Միակ սեպը խեղդվում էր փայտի մեջ,
իսկ հորեղբայրը չէր օգնում: Թե՞ փայտն արդեն արևի մեջ իր սպիտակ
միջուկը բացել ու արդեն մարմրում էր արևի մեջ, իսկ հորեղբայրը
աչքերը թարթում և ուզում էր սպիտակ միջուկի վրա որևէ իմաստ
մտածել ու չէր կարողանում: Տղան հասկացավ, որ լինելու է այնտեղ
հորեղբոր դռանը, ճեղքված հացենու վրայով հորեղբորն է պարզելու
մոռ՝ կռատուկի թերի մեջ, իր ձեռքը մի պահ այդպես մեկնված է լինելու
հորեղբորը, և այդ լինելու է փայտի թարմ բույրի մեջ: Եվ այդպես լուռ
միմյանց են նայելու սպիտակ միջուկը – ինքը – հորեղբայրը: Եվ
արևածաղիկը:
Չի կարելի հորեղբորը հիմար հարցեր տալ: Ձին մտածո՞ւմ է թե չի
մտածում. երբ մառախուղը սողում է ձորերով վեր դեպի ուրթ և դու
նստած ես ու նայում ես՝ ինչո՞ւ է մի տեսակ ահալի, քո մեջքն ինչո՞ւ է
փշաքաղվում. մոնղոլի աչքերն ինչո՞ւ են նեղ, թող նեղ լինեն, տեսնում
են՝ բավական է, բայց դու չես հասկանա, թե այդ նեղ աչքերի ետևում
ի՞նչ նպատակ ունի մոնղոլը քո մասին՝ մտածում է սպանե՞լ թե բարևել:
Թուրքերը մոնղո՞լ են: Թուրքերը լաց լինո՞ւմ են: Թուրքերը ծիծաղո՞ւմ
են: Նրանց ծիծաղը նմա՞ն է մեր ծիծաղին թե մի ուրիշ տեսակ է՝
չգիտես ծիծաղ է թե չար միտք. ոչխարը ծարավից իրո՞ք խելագարվում
է, իսկ կարո՞ղ է պատահել, որ հին թուրքերի դրոշին խելագար ոչխար
էր նկարած և մեր հայերը վախից փախչում էին: Հորեղբոր դռանը
կարելի է նստել, տնքալ և չհիշել քո հին հարցերը, որովհետև այնտեղ
հորեղբայրն է, մեղվանոցը և տանձենին: Եվ արևածաղիկը: Տղան
իրենց դռանը արևածաղիկ ցանեց. այդ շուտ էր՝ երբ տղան փոքր էր,
տղան մի քանի օր նստեց հորեղբոր դռանը, բայց հորեղբայրը
չհասկացավ իր ուրագը նվիրել տղային: Իսկ տղայի արևածաղիկը
հենց որ ուզում էր պայծառ լինել՝ շլդոները չքացրին: Եվ լավ եղավ, որ
հորեղբայրը չհասկացավ, որ երբ տղան նստած տնքում էր տանձենու
մոտ փայտի բուրմունքի մեջ՝ մտքի մեջ ուզում էր հորեղբոր ուրագը.
այդքան շլդոների մեջ անհնար է ունենալ որևէ բան: Ինչը որ տղայինն է
և շլդոները չեն կարող խլել ու խժռել՝ հորեղբոր դռանը նստելն է: Օրվա
մեջ ու ամառվա մեջ տղան հարյուր տեղ է լինում, բայց հետո միայն
հիշում է, որ ինքը նստած էր հորեղբոր դռանը փայտի բուրմունքի մեջ:
Հարկավոր էր գյուղ իջնել, տուն գնալ, բայց տղան չէր ուզում գնալ:
Տղան զգում էր, որ չի ուզում գնալ և կարծում էր չի ուզում գնալ այն
պատճառով, որ իր դույլը գոնե, շլդոների կույտի տակ ընկնելուց առաջ,
մի քիչ էլ մնա իր մոտ, հաճարենու տակ, լռության մեջ: Ապա տղան
տեսավ, որ ինքն ու հորեղբոր անունը լռության մեջ վաղուց իրար
կողքի են:
ԱՆԴՐԱՆԻԿ ՔԱՌ
1916 թ
խոզ էի պահում
մի ամպոտ օր էր
Իր ժամանակից տղան հանեց հորեղբոր ժամանակը՝ և այդպես քիչ
էր, քառասունմեկ տարի էր, տղան սակայն վախեցավ իջնել հորեղբոր
ժամանակի մեջ: Եվ տղան չհասկացավ՝ անցած այդ ժամանակը, երբ
թուրքերը Ղազարյան Մեսրոպ պապի հորն սպանել են և թաքուն ուրիշ
երկուսի էլ են սպանել, և հաճարենին այդպես կանգնած է եղել, գիրն
այդպես դաջված է եղել լուռ կեղևին և միջուկն այդպես ներսում, ներսի
ներսում, խուլ, լուռ, մութ... այդքանը այդպես շա՞տ ժամանակ է թե քիչ,
թե՞ ժամանակը չէ, մի ուրիշ բան է: Երևի հաճարենու ժամանակ է, ձիու
ժամանակ է՝ երբ ձին կանգնած մտածում է, ձեր դասերը վերջացել են,
քեզ ուղարկել են խանութ և դու գնացել ու եկել ես, հիմա աղջամուղջ է,
դու գետակն անցել ես, գետակը կայծկլտում ու քչփչում է, գնում ես ուլը
բերելու, ձեր ժամանակն ու ձայներն անցնում են ձիու ականջների
վրայով, իսկ ձին կանգնած է մի տեսակ ինքն իր ներսում, իր
ժամանակն էլ իր ներսում է, և մտածում է:
Տղան նստեց բնի մոտ ծառի տակ, ձեռքը քսեց ու պահեց բնին և
նայեց ծառի հասակն ի վեր: Բունը գնում ու գնում էր, տղայի շունչը
կտրվեց, իսկ բունը դեռ գնում էր, մինչև որ երկուսվեց, դարձավ երկու
բուն. գլուխը ետ նետած, ցավագին տնքալով՝ տղան շունչ առավ, մի
քիչ սպասեց և բներն ի վեր ելավ մինչև կատարները, և վերևն այլևս
սպիտակ երկինքն էր, բռնելու տեղ չկար: Կատարները ճոճվում էին:
Գնում ու գալիս էին: Կատարները գնում էին, գնում էին դանդաղ ու համառ, կարող էին գնալ ու գնալ, բայց մի պահի անշարժանում էին, ծառը
տնքում էր, տղան ծառի հետ տնքում էր, կատարներն սկսում էին գալ:
Գալիս էին ակամա և հենց որ կանգնում էին բնի ուղիղ գլխին՝ ծառը
ինքը իրեն թոթափում ու ելնում էր վեր, մի քիչ էլ վեր: Ծառը
բարձրացել էր այդպես ճոճվելով, ճոճվելով: Դանակի կոթը պինդ
բռնած, պարանոցը ցավելու չափ գլուխը ետ գցած, տղան սկսեց իջնել
զույգ բներն ի վար, իջավ ու խցվեց զույգ բների արանքը: Մնացյալը,
մինչև գետին, լրիվ ողորկ էր ու հաստ: Տղան հասկացավ, որ զույգ
բները միասին չեն ճոճվում, այլ մոտենում, սեղմվում ու հեռանում են, և
ծառը տնքում է այն ժամանակ՝ երբ հեռանում են, և տնքում է՝ երբ
սեղմվում են: Զույգ բները անկենդան ուժով իրար են գալիս և արանքը
սեղմվում է, բայց բունը ողորկ ու հաստ էր, կարելի էր կատվի պես
ծեփվել ու մնալ բնին կպած, սակայն անհնար էր իջնել այդ բունն ի
վար, և տղան արանքից դուրս եկավ ու, ոչ այնպես արագ ինչպես
մտքով է լինում և ոչ այնպես դանդաղ ինչպես իրոք է լինում, մագլցեց
դեպի կատար՝ վախենալով նայել ներքևի նեղ արանքին: Կատարներից
դենը գլխապտույտ երկինքն էր, բռնելու բան չկար, ճյուղերը բարակ
էին, թանձր ամպի տակ արծիվն ազա՜տ ճախրում էր: «Իմ գործը չի, դու
բարձրացել ես՝ դու էլ իջիր», ասաց տղան և տեսավ, որ իր ձեռքը ծառի
բնին է« ծառի բունն ու իր ձեռքը միասին են« իր ձեռքը ժամանակավոր
է ծառի բնին, ամեն պահի կարող է անջատվել բնից, և ծառն ապրում է
ինքն իր մեջ և տնքում է ինքն իր ներսում, և ծառի հետ ապրում է
հորեղբոր անունը: Ծառը գրերն առել էր իր մեջ և իր հետ լայնացրել, իր
հետ ձգել, կեղևի մեջ գրերը ցրվել էին:
ՔԱՌ այսինքն Քառյան: ԱՆԴՐԱՆԻԿ ՔԱՌՅԱՆ – ԱՐԱՅԻԿ
ՔԱՌՅԱՆ: Տարօրինակ էր, որ հորեղբայրը միաժամանակ այնտեղ էր,
«խոզ էր պահում», և այստեղ էր, սայլ էր սարքում: Մի տեսակ՝ ձիու
ժամանակ էր: Հորեղբոր նստած տեղը, տղան նստել էր ճիշտ հորեղբոր
նման՝ ոտքերը չռած, աճուկները ցավում էին, ինչպես որ հորեղբոր
աճուկներն էին ցավել, բայց նա դիրքը չէր փոխում, որովհետև այդ
ծառին որևէ բան գրելու ամենահարմար դիրքն այդ էր: Հորեղբայրը
Քառյան էր – և ինքն էլ Քառյան էր, հորեղբոր աճուկները ցավել էին – և
իր աճուկներն էին ցավում, և ինքը հորեղբոր հետ հին ծառային
ժամանակի մեջ էր, «խոզ էր պահում». տղան ելավ, աճուկները ցավում
էին, ոտքերն իրարից հեռու կանգնեց ու նայեց.
ԱՆԴՐԱՆԻԿ ՔԱՌ
1916 թ.
խոզ էի պահում
մի ամպոտ օր էր
ԱՐԱՅԻԿ ՔԱՌ
– Արայիկ, Արայի՜կ... Ինչքան քաղել ես՝ քաղել ես, արի, արի՜...
Տղան հասկացավ, որ ինքն անտառում է արդեն շատ ժամանակ,
մոր ձայնն իր ականջների վրայով անընդհատ է անցել, որ տատն էլ
այդպես կանչել է, և իր ականջներում է հեռու ժամանակների մեջ տատի կանչը հորեղբորը՝ Անդրանիկ, Անդրանի՜կ... խոզերը թող՝ արի՜,
խոզերը թող՝ արի՜... «Հիմա կգամ», մտքի մեջ պատասխանեց տղան,
ծառից հեռացավ, կանգնեց:
Կանգնեց, ձեռքերը գրպաններն առավ, նայեց ուրիշ կողմ և դարձավ գյուղից իր համար միամիտ եկող-անցնող: Եկող-անցնող, որ
մտածում է... որ գնում է, այսպես« բերելու իրենց ուլը և ոչ թե փնտրում
է հաճարենու բնին Քառանց Անդրանիկի-Քառանց Արայիկի անունները: Ուլի մասին մտածելով տղան գնաց, ուլի մասին մտածելով կողքանց գողունի նայեց, ուզեց չտեսնել, իր կարծիքով կարողացավ
չտեսնել, բայց տեսավ, և տհաճ էր. հին ծառային ժամանակների մեջ
խոզ էին պահում ծառը, Անդրանիկը, «մի ամպոտ օր էր»... իսկ Արայիկը նրանց մեջ չէր, ամռան օրով Արայիկը եկել նստել էր ծառի տակ և
պարապ-սարապ գրել «Արայիկ Քառյան»: Տղան գնաց, հող քսեց իր
անվանը, խոնավ, համարյա թե թաց հող գտավ, տրորեց իր անվան
վրա ծառի կեղևին, նայեց, դարձյալ տրորեց և հեռացավ ու նայեց
հեռվից: Եվ այդ պահին լսեց մոր կանչը և մտքի մեջ պատասխանեց, որ
ինքը հիմա գնում է, ինքը մորն ասել է, որ հիմա գալիս է, մայրն ուրեմն
իզուր է կանչում:
Արայիկ և Անդրանիկ Քառյանները ժամանակի լռության մեջ հաճարենու հետ խոզ էին պահում: Տղան մի քիչ մտածեց ու չհասկացավ, թե
դրա մեջ ինչ իմաստ կա, բայց նրան դուր էր գալիս, որ Անդրանիկ
անունն անջատվել էր հորեղբորից, Արայիկ անունն անջատվել էր
իրենից և Արայիկ ու Անդրանիկ անունները հաճարենու հետ ապրելու
են առանձին: Այդ՝ տղայի կարծիքով, ուրիշնե՞րն ինչ կասեն: Ասենք թե
այսպես, ահա, ինքը կողմնակի է, գնում է, իր համար, այծը փնտրելու,
կողմնակին, ոչ, այծ փնտրելու չի գնում, այծ փնտրելու իրեն են
ուղարկում և ինքն է գնում, կողմնակին, ահա, այսպես, սուսուփուս, իր
համար, գնում է, ճանապարհից, իբր, թեքվել է, հանկարծ, միզելու և
գնում է որսի... եղնիկի: Եվ այդ ժամանակ տղան ձիու հետք ու ձիու
փթիր տեսավ, և իրոք գնացել էին որսի՞: Եղնիկի՞:
Տղան ետ նայեց ու չհավատաց. կարծեց ուրիշ ծառ է, բայց նույն
հաճարենին էր, և նրա ողորկ գորշ բնին Տ խարան էր դաջած: Դա, այո,
հատելու նշան էր« և տղան դարձյալ կարծեց իր ծառին չի նայում: Բայց
խարանած էր նաև կողքի հաճարենին՝ Տ: Հաճարկուտը գահանիստ էր
և այդտեղի բոլոր հաճարենիներն էին ուղիղ ու բարձր: Հաճարենիների
տակ միայն խաշամ էր, խաշամը չէր փտել, խաշամի տակ գետինը
պինդ էր, ամբողջ գահանիստով մեկ՝ միայն հաճարենիների ողորկ
բներն էին, և մի քիչ պղտոր լույսը հավասար էր կանգնած կայուն գորշ
բների միջև: Եվ գորշ լույսի մեջ ծառերը կանգնած էին ու լուռ սպասում
էին ինչ-որ բանի թե ժամանակն էին լսում, և ողորկ բներին խարանված
էր Տ նշանը: Տ նշանը այսօր ամբողջ օրն անտառում բնից բուն եկել էր
տղայի հետ:
– Արայի՜կ,– կանչեց մայրը:– Արայիկ, Արայի՜կ,– ծղրտաց մայրը:
Դե գալիս եմ, էլի... շշնջաց տղան:
Հորեղբոր ձայնը կանչեց.– Արայիկ, Արայի՜կ,– և տղան շուռ եկավ
գնալու: Հորեղբոր ձայնն ասաց.– Ինչ ես ձենդ գլուխդ գցել, երեխա է՝
կգա, էլի,– և մոր ձայնը, լռությունից հետո, մայրն այդ ժամանակ բերանը լուռ շարժում ու ասելիքը չափավորում էր, ասաց.– Բա էս ձին ո՞վ
է տանելու:– Ես,– միանգամից ասաց ու կացինը գերան խրեց հո-
րեղբայրը, և էլ բան չասաց, և կացինը գերան էր խրված:
– Արայի՜կ,– կանչեց մայրը:
– Արայիկ, Արայիկ, Արայի՜կ,– կանչեցին մայրն ու տատը:
– Արայիկ, Արայի՜կ,– կանչեց տատը:
III
Գահանիստ պուրակը վերջացավ, և միանգամից համարյա թե մինչև գետակ վար սահեց զառիթափը: Ամբողջ գյուղը շատ մոտիկ դեմն
էր, տաք փռան ու գաթայի հոտ եկավ, կարմիր տանիքները մարմրում
էին, այգիների մեջ մի տեղ աղջկա շատ դեղին մի շոր փայլփլեց ու
հանգավ, տատը կանչում էր «Արայիկ», և գյուղը գեղեցիկ էր, բայց
կապույտ պատշգամբը դատարկ էր: Ընկերը կապույտ պատշգամբում
չէր, զառիթափի գլխին գյուղի գեղեցկության դեմ տղայի կողքին
կանգնած չէր, գերեզմանատունը չէր երևում, իսկ կապույտ
պատշգամբը դատարկ էր:
Այն ժամանակ փոքր էին և նա Գրիգորյանի որդին էր և տղան չէր
համարձակվում մտածել, որ նրա ընկերն է, բայց տղան հեռվից
պտտվում էր նրա շուրջը և նա իր ընկերն էր: Սահակենց մեծախոսն ու
խումբը հորեղբոր դռնից ձեռնասղոցը գողացան, մի րոպե հավաքվեցին աղբյուրի ձորում, և մեծախոսի աչքերը դեսուդեն փախչում էին
և նա երգում էր. «Տղերք եկեք միանանք, մի հատ աղջիկ գողանանք,
տանենք գետը լողացնենք...»: Ինչ որ անում էին՝ տղան համաձայն չէր,
բայց ետևներից քարշ էր գալիս և ճիշտն ասած այնքան էլ լավ չէր
հասկանում թե նրանք ինչ են անում: Ձորից նրանք տատոնց այգու
տակով, Սերգնենց տան ետևով մեկ-մեկ դուրս եկան, հավաքվեցին
Սարգիս պապի ցանկապատի տակ: Այգին շոգ ու լուռ էր: Շողեր
մորքուրը գյուղամիջում աղջկա տանը հաց էր թխում, և Սարգիս պապն
ուրեմն մենակ էր: Նրա անկողինը սենյակո՞ւմ էր, պատշգամբո՞ւմ, դռան
մեծ խնձորենու տա՞կ,– մեռնող չոր ձեռքին ճանճ կնստեր և ծերունին
ուժ չէր ունենա շարժելու ձեռքը,– նա զգո՞ւմ էր իրենց դավադրությունը:
Այգուց նայում էր միայն խրտվիլակը, բայց նա էլ խրտվիլակ էր և ուրիշ
կողմ էր նայում, և մեծախոսը լուռ ծիծաղում ու շրթունքների լուռ
շարժումով երգում էր՝ տղերք եկեք միանանք, մի հատ աղջիկ
գողանանք: Մեծախոսը սղոցն այգու բալենու տակ գցեց, և որովհետև
բալենին փնջի նման էր և նրա բունը երեխայի դաստակի չափ էր՝
տղան հասկացավ, որ իրենք ծառը կտրում են: Դա կենդանի, նենգ,
ուրախ ծաղր էր խրտվիլակի դեմ, որ մեծախոսի ետևը կանգնած էր ու
չէր խփում նրա թիկունքին: Մեծախոսը բալենին ցանկապատի վրայով
ճանապարհի խմբին տվեց, ինքը փափուկ ցատկեց ու մնաց կքած, և
այգու այդ մասը, խրտվիլակը շոգ կենտրոնում, դատարկվեց ու մի
տեսակ մեռավ: Սենոյենց մեծ տանձենու տակով, Հայկենց չափարի ու
Անուշավանի չափարի արանքի շեկ հեղեղատով, Գիքորենց
կարտոլների միջով նրանք բալենին գետ իջեցրին, և այդտեղ
Գրիգորյանի այգու տակ ինքը կարողացավ խմբից ետ մնալ: Ինքը ետ
մնաց ու սպասեց – մեկը խուլ, ներսում, ճաքելով, մեռնելով լաց էր
լինում: Բարձր, սպիտակ խավոտ դաղձուտում կանգնած՝ տղան մի
րոպե շփոթվեց ու կարծեց ինքն է լաց լինում, բայց ինքը չէր: Խեղդվողը
ձորի գետակը չէր, Գրիգորյանի մեղվանոցը չէր, մարդ էր: Վերևում
Հայկենց հին տանը Սոնա մորքուրը վաղուց էր մեռել և նրա փոքր
տղան չափարի տակ վաղուց էր եղբայրներից թաքուն լացել, մեծացել,
քոչել քաղաք: Դաղձի թփերը տղան ետ տարավ, և այգու միջով
գլխավերևը երևաց Գրիգորյանի բարձր, կապույտ պատշգամբը –
սյանը մեխած հին պախրայի եղջյուրներ (Շնող դասատու եղած
ժամանակ Գրիգորյանը զինկոմի հետ Վրաստան որսի է գնացել),
խառատած ճաղերով բազրիքը, լայն, ազատ ու մաքուր պատշգամբը՝
չնայած դա տան անտեսանելի կողմն էր և տնական անպետքությունը
կարծես թե այդտեղ էր լինելու: Դարավանդ առ դարավանդ՝ այգին
նույնպես մաքուր էր, կարծես ավլած էր, ծառերի բները սպիտակեցված
էին, փեթակների շարքը հին կարմիր էր: Չափարի տակ ճաղավոր
դռնակի մոտ, որտեղից նրանց արահետը գետակ էր իջնում,
Գրիգորյանի տղան կծկվել ու խեղդվելով լաց էր լինում, կարծես
հարուստ այդ տանը նա վերցնովի երեխա էր և զգում էր, որ բերված է
ուրիշ տեղից: Բայց նա վերցնովի չէր, նա նրանց ուզած, խնդրած,
բժիշկներից ու աստծու չկամեցողությունից խլած միակ երեխան էր և
ինքն իր վրա լաց էր լինում: Քիչ առաջ մահը նրա հետ զրուցել էր և նա
ճաքելով լաց էր լինում, և հարուստ այդ տունն ու հզոր այդ հայրը նրան
ոչ մի կերպ, ոչնչով չէին օգնում, չէին կարող: Նրան միշտ էին լավ
հագցնում, բայց հիմա նա հատկապես էր քաղաքային շորերով և
մազերը քաղաքի վարսավիրանոցում էին շտկել ու սանրել – բժիշկների
մոտից գուցե նոր էին եկել և նա քաշվել էր չափարի տակ: Տղան
ծամածռվեց ու մնաց: Այս արձակ ազատության մեջ աշխարհն ինչո՞ւ է
հանկարծ այդպես նեղանում, դառնում նեղվածք ու խեղդում: Հետո
տղան տեսավ, որ չի նայում ու չի լսում նրան – նայում է դիմացի այս
սողանին, որտեղից ձմռանը գերան էին արձակում և ինքն ու ընկերը
դպրոցի ճանապարհից տեսնում էին, թե ինչպես են գերանները
փախչում մինչև համարյա թե գետակի սառույցները: Պուրակի բոլոր
հաճարենիներն ուրեմն այստեղից էին արձակելու դեպի ձոր: Եվ ոչ ոք
չէր ասելու. էդ դո՞ւք եք տնկել՝ որ բերաններդ բաց էդպես գլորում ու
ուրախանում եք... ոչ ոք չէր ասելու: Մայրն ու տատը նորից կանչեցին,
և մայրը նորից ծղրտաց՝ Արայի՜կ...
Դե գալիս եմ, և տղան շպրտվեց զառիթափն ի վար, որտեղով գետակ էին իջեցնելու հաճարկուտը, և մոռը թող ճխլվեր: Դուք էլ, ձեր
մոռն էլ:
IV
Զառիթափը վերջացավ, դույլին բան չէր պատահել, իսկ գյուղը դիրքը փոխել էր. այդտեղից, ներքևից՝ կարծես ուրիշ գյուղ էր: Ձորում,
տղայից քիչ ներքև, մուգ կարմիր ձին ականջները ցցել ու տղայի կողմն
էր նայում: Տղան ետ նայեց՝ այդտեղ ուրիշ մարդ չկար, ձին տղային էր
նայում: Ձին գլուխը կախեց ու մտավ դարձյալ իր նիրհի մեջ: Ծառերից
դենը հանդիպակաց զառիվայրում մեկը շարժվում էր: Իջնում էր: Նա
կանգ առավ, շալակին մի բան շտկեց և կանչեց՝ Արայի՜կ, և այդ
ժամանակ տղան իր կողքին բոխենու տակ տեսավ երկուսին, որոնք
մատով ու շշուկով իրեն ասում էին՝ սուս: Տղան գլխով հարցրեց՝ ի՞նչ,
իսկ նրանք հրճվում ու ձեռքի լուռ շարժումով կանչում էին իրենց մոտ:
Այդտեղ ոչ մի գաղտնիք էլ չկար, մի բուռ մոռ վերցնելու համար
Սահակենց մեծախոս թոռն ու Մարտիրոսի տղան անում էին իրենց
խորամանկությունը – տղան գնաց կասկածելով ու զզվելով, իսկ նրանք
անձայն հրճվում ու մատով ասում էին՝ սուս:
Ձորում խուլ ու տաք ծիծաղեցին: Ձին ականջները սրել ու նայում
էր: Դեմի շեկ զառիվայրում մի կին էր ծնկները չռած նստել ու ալարելով
նայում էր:
Ինչ, շշնջաց տղան: Նայիր, շշնջացին նրանք: Եվ իր շշուկը, տղաների շշուկը, ձորի տաք ու խուլ ծիծաղը, գետակի քնատ շշունջը միանգամից, տղայի կռանալու հետ, պարուրեցին մի անամոթ գաղտնիք, և
սեփական շունչը աղմուկ էր թվում: Դեմի շեկ զառիվայրում մի կին էր
ծնկները չռած նստել, և սպիտակ ծնկները լայն էին, և ալարելով թե
ուշադիր նայում էր կարծես թե տղային: Տղան նայում էր կնոջը, կինը
նայում էր կարծես թե տղային: Կինը բարձրացրեց գլուխը և կարծես
թե ուզեց կանչել դեպի անտառ, և տղան վերջին ամբողջ ուժով, իր
ներսում, մեռնելու պես, ժխտեց նրա կանչը, և կանչը չեղավ, տղան
խլացավ ու չլսեց կանչը և գլուխը դանդաղ թեքեց: Տեսա՞ր, շշնջացին
նրանք: Տղան թուքը կուլ տվեց: Մերս է, ասաց տղան, բայց նրա
շրթունքները չշարժվեցին: Մերս է, շրթունքները շարժեց տղան: Եվ այդ
ժամանակ Մարտիրոսի տղան կենդանի, գեղեցիկ ծամածռանքով
զզվեց տղայից և մատնակոճերի գեղեցիկ, ցավեցնող, կենդանի
հրումով տղայի գլուխն իջեցրեց ու տղայի հայացքը դարձրեց ձորին,
գետին, սալերին...
Մի տղա փորի էր պառկել, մի աղջիկ, մի ոտքը ծալած, պառկել էր
մեջքի և գլուխը դրել էր տղայի մեջքին, գոտկատեղի փոսին: Աղջկա բերանում երիցուկ կար, երիցուկը շարժվում էր, աղջիկը երևի ծամում էր
ցողունը: Ձորն անշարժ էր, քարերն անշարժ էին, նրանք երկուսն էլ
անշարժ էին՝ և՛ նա, որ փորի պառկած գլուխը դրել էր ձեռքերին, և՛ նա,
որ մուգ ակնոցով նայում էր երկնքին ու լուռ ծամծմում երիցուկի պոչը:
Լավ ապրանք են, ասաց Սահակենց մեծախոս թոռը, և տղան հայացքը փախցրեց ու հասկացավ, որ նրանք երկուսն էլ աղջիկ են –
կրծկալով ու նեղ տրուսիկով, երիցուկի ցողունը բերանին մեջքի պառկածն աղջիկ է, աղջիկ է նաև փորի պառկածը, տղա չի, և երիցուկի պոչը դառն է, փսխուքը բարձրացնում, խցում է կոկորդ:
Զառիվայրի կինը ելել, անճոռնի մի բան շալակին՝ իջնում էր: Կարմիր ձին ականջները սրել էր: Տղան նայեց ձիուն, նայեց մորը և հասկացավ, որ մոր շալակին Ալխո ձիու թամբն է, գնացել բերում է
հորեղբոր դռնից: Որտե՞ղ ես քաղել, ասաց Մարտիրոսի տղան: Տղան
թուքը կուլ տվեց և ասաց՝ քաղել եմ: Ի՞նչ ես քաղել, ասաց Մարտիրոսի
տղան, և տղան տեսավ, որ նա չի լսում ոչ ինքը իրեն, ոչ էլ տղայից է
պատասխան ուզում, այլ լրիվ ձորում է, ուր խուլ ու տաք ծիծաղեց և
ոտքը ոտքին դրեց ակնոցավոր աղջիկը, և տղան սարսռաց, և դա
զզվելի ու հաճելի էր ինչպես փսխելուց հետո:
– Արայի՜կ:– Թամբը անճոռնի շալակած, գոնե կարգին շալակեր,
թամբը համարյա թե ոտքերին, ուսը բաց ու վիզը կարմիր՝ մայրը գետափին կանգնել էր, ջրին նայում ու թամբը շալակած կանչում էր
«Արայիկ»: Եվ տղան կոպերն իջեցրեց ու խլացավ: Եվ խուլ լռության
մեջ հաճարկուտի գորշ բները կանգնած էին իրարից հեռու, հաստատ,
և ամեն մեկի որդը կրծում էր իրեն, միայն իրեն և ամեն մեկն իր մահն
ապրում էր իր ներսում, և պուրակը խաղաղ էր, մի քիչ պղտոր լույսը
պուրակում գորշ հաճարենիների միջև հավասար էր կանգնած:
Թամբը շալակին՝ մայրը մի ձեռքով քշտեց փեշերը, և թամբն ավելի
իջավ ու հասավ ծնկածալերին, մոր ծնկները բացվեցին, մայրն ուզում
էր լոք տալ ոտքը դնել ջրի մեջտեղի քարին, բայց քարը հեռու էր, ոտքը
չէր հասնի, մայրն այդքանը հասկանում էր և կանգնած էր թամբը մեջքն
ի վար կախ ու ծնկները բաց: Տղան գլուխը դանդաղ ետ՝ տղաների
կողմը դարձրեց – բոխենու նախշուն ստվերում նրանք անշարժացել ու
նայում էին ձորի աղջիկներին, բայց կարծես թե տեսնում էին տղայի
մորը, որ հանկարծ արեց իր լայն ու տգեղ լոքը, ջուրն ընկավ և ջուրն
անցավ չլմփչլմփոցով:
Ձին ականջները սրել էր, նայում էր թամբը շալակած այդ կնոջը և
քռքռում էր, խուլ, ներսում, մի տեսակ՝ ոստոտ, և մաշված թոքերի այդ
քռքռոցը նույնպես տգեղ էր, ինչպես մոր անճոռնի շալակն ու թաց
փեշերը, և տղան դժվար էր գնում դեպի մայրն ու ձին, և տղան շլդո ու
ծիծաղելի էր, որովհետև նրան բան էին ցույց տալիս՝ նա տեսնում էր
մոր ծնկները:
Գլուխը բարձր՝ ձին կանգնել էր անշարժ, մայրը թամբը թարս էր
դրել, և ձիու շուրջը կանգնած էր ձիու թանձր հոտը, և ձիու ծանր միզահոտի մեջ մայրը պտտվում ու չէր հասկանում, թե որ կապը ինչի համար
է:
– Ի՞նչ է,– ասաց տղան:
Մի վայրկյանում մայրն ուրախացավ:
– Վույ, վույ, վույ... Իմ մինուճարը, էսքան անբանի մեջ իմ բանվորը,
իմ բանվորի քաղած մոռը... Ախպերդ կայարանում քեզ է սպասում: Քո
թղթակից ախպերը...– ուրախացավ մայրը, ձիու հոտը սակայն
կանգնած էր, և ձին կանգնած էր իր ծանր միզահոտի մեջ, և մայրը մի
կաշեփոկ էր գտել և ուզում էր անցընել պոչատակ, բայց դա կրծբանդն
էր: Տղան ուզում էր հանել այդ հոտի միջից իր մոռը, տանել հեռացնել,
տղան դույլն իրենից ու ձիուց հեռու էր պահում, բայց դրեց դույլը հենց
այդտեղ ձիու ոտքերի մոտ, և ձին թող շուռ տար ու տրորեր, և մորն
ասաց.
– Օրինակ, թամբը շալակած ձիու մոտ բերե՞լն է հեշտ թե ձին թամբի մոտ տանելը:
Թաց կոշիկների մեջ մոր ոտքերը ճստճստում էին, մայրը չէր հասկանում, թե որ կապն ինչի համար է: Մայրը զզվելով ասաց, և նրա ոտ-
քերը թաց կոշիկների մեջ ճստճստում էին.
– Հորեղբորդ երեսին չէի կարոտել՝ որ մի ձիու համար երկու անգամ
դուռը գնայի:
Տղան ականջ դրեց, և մայրը հորեղբորը չէր սիրում: Տղան կուլ
տվեց թուքը, և կարելի՞ էր այդ միզահոտի մեջ որևէ մեկին սիրել: Է՜,
ջղայնացավ ու լացակումեց տղան և հարձակվեց ու խլեց թամբը մոր
ձեռքից: Եվ արմունկով ետ հրեց մորը, և մոր կուրծքը փափուկ էր: Եվ
տհաճ էր, որ սալերին պառկածները կանայք էին և մայրն էլ կին էր,
դարձյալ կրծկալ չէր հագել: Տղան կախվեց գցեց թամբը, թամբը շուռ
տվեց, ուղղեց տակի թաղիքները, գտավ փորքաշի կապերը... Կրծկալ
չէր հագել, փորի վրա չթի տակ պարապ տոպրակները կախ-կախ՝
բոշայի պես գյուղով մեկ անցել ու անընդհատ՝ Արայիկ-Արայիկ,
Արայիկ-Արայիկ... Տղան ոռբանդը դուրս քաշեց թամբի ու թաղիքների
արանքից և աչքի տակով տեսավ մորը՝ որ ձեռքերը փորին բռնած
հնազանդ նայում էր. այսինքն՝ կին է, տղամարդու գործը տղամարդու է
տվել ու հնազանդ նայում է. և այդ էլ սուտ ու սարքովի էր, որովհետև
նա սպասում էր տղայի սխալվելուն, նա ուզում էր տղան չկարողանա
թամբել: Տղան թամբը կրծքին հասցրեց, բայց ձին բարձր էր, և մայրը
քայլ դրեց ու նրա ոտքը ճստաց, բայց տղան սաստեց. չմոտենաս: Տղան
թամբը գլխին հասցրեց ու շպրտեց ձիու մեջքին: Թամբը մեջքը գրկեց:
– Էդ մոռն էդտեղից վերցրու,– ասաց տղան, և մայրը դույլը վերցրեց
ու մի կողմ քաշվեց:
– Քո մարդից էլ լավ մարդ է,– ասաց տղան և ոռբանդը քաշեց, գցեց
պոչի տակ իր տեղը: Խշրտուն, չոր ձարի հպումը տղային դուր եկավ:
Ձիուց ծանր քրտնահոտ էր գալիս, ձին գնացել էր Ղազախ ու եկել,
Գիքոր քեռին ով գիտի ինչքան էր բարձել: Մայրը չհասկացավ, թե ով է
իր ամուսնուց լավը, բայց չհարցրեց. մայրը ոտքից ոտք փոխվեց, և նրա
կոշիկը ճլպստաց:
Կրծբանդի կաշին ճկուն ու պինդ էր, տղան կրծբանդի գոտին բերեց, անցըրեց պարանոցի տակով, և ձիու կուրծքը լայն ու քարի պես
պինդ էր և ձին գլուխը բարձր էր բռնել ու նրա պինդ լանջը տղային
դուր եկավ, տղան հագցրեց պինդ կաշին ճարմանդի մեջ և ասաց՝ այո՛:
– Բոլորն էլ քո հորից լավն են,– ասաց մայրը:
Տղան կռացավ, փորի տակով բռնեց փորքաշի գոտին, բերեց, գոտին անցըրեց ճարմանդի մեջ և ձգեց: Ձգեց երկու ձեռքով և ձգելու
ժամանակ տեսավ, թե որ ծակն է հագցնում հորեղբայրը ճարմանդը:
Հեռու էր, դեռ հեռու էր, բայց տղան շունչը պահած ձգում էր: Տղան
ճարմանդն ագուցեց այնտեղ, ուր ագուցում էր հորեղբայրը, և ձին
պատրաստ էր:
– Դու իմ հորից լավը չես,– ասաց տղան,– երկուսդ էլ նույնն եք:
– Ախպերդ երեք օր է կայարանում է:
– Թող չլիներ,– ասաց տղան:
– Հորեղբայրդ էլ է ասում:
– Շատ էլ ճիշտ է ասում,– ասաց տղան:– Նստիր:
Մայրը ժպտում էր, հետո մայրն ասաց.
– Նստեմ՝ որ շո՞ւռ գա, չեմ նստում:
Սանձն ու ասպանդակը բռնած՝ տղան սպասեց: Իր կապած թամբը
շուռ չէր գալու, դա անտեղի նազանք էր. այսինքն թե՝ ծնել է, տղա ունի,
տղան ձի է թամբել, ինքն արժանի է ձիավորվելու: Նա դույլը վար դրեց,
եկավ, թեփուկոտ շրթունքների ժպիտը պահած՝ ոտքն ասպանդակի
մեջ դրեց ու կախկխվեց թամբի աղեղներից, և մյուս ոտքը գետնին
ճլպստում էր: Ձին հանգիստ կանգնած էր, տղան սպասում էր, իսկ այդ
կինը կախվել էր թամբից և թամբը քաշքշում էր: Եվ մյուս ոտքը
գետնին ճլպստում էր: Տղան բռնեց նրա ոտքը, ուսը նրա տակը տվեց և
ինչքան որ ուժ ուներ՝ բարձրացրեց: Եվ մայրն անկենդան ու ծանր էր, և
ձիու միզահոտն այդ պահին հոտած էր ու թանձր, և տղան տեսավ, որ
իր մատը մոր սրունքի մեջ փոս է արել ու փոսը չի լցվում, իսկ
ծնկածալերի երակները մուգ կապույտ էին: Տղան նորից նայեց՝ այդ
ծանր հոտի մեջ սրունքի փոսը դանդաղ լցվում էր:
– Ի՞նչ է,– տակնիվեր մորը նայելով ասաց տղան:
– Ոչինչ,– և մայրն աղջկավարի մազն ականջի ետևն անցըրեց,– էդ
մոռը դեսը տուր:
– Հա՜,– բողոքեց տղան,– բոշայի պես... առանց գուլպայի...
– Ոչինչ,– ասաց մայրը.– ուրիշները տկլոր են ման գալիս:
Տղան վերցրեց իր մոռը, եկավ բռնեց իր ձիու սանձը, քաշեց սանձը
և ասաց իրավարի մտքի մեջ՝ Ալխո: Ձին թառանչեց ու գնաց, և տղան
գնաց: Մայրը մոռը մի անգամ էլ ուզեց և գետակն անցան: Տղան գետակն անցավ նույն քարի վրայով, որի ջրիմուռը չոր ու դեղին էր և
տղան չսայթաքեց: Ջուրը մրմնջում էր, եղինջը քրքրել էր տղայի ձեռքերը, կոշիկների մեջ հող կար, ձեռքերը ուզեցին լվացվել, մարմինն
ուզեց լողանալ: Թևքերը կարճ էին, եղինջը դաստակները քրքրել էր:
– Գիտեմ որ ծանր չի, ուտելու համար եմ ուզում,– ասաց մայրը,– էդ
մոռը դեսը տուր:
– Ծանր է,– ասաց տղան,– չեմ տալիս:
Թևքերը կարճ էին, իր վերնաշապիկն էր, բայց թևքերի կոճակների
տակ դաստակները քոր էին գալիս: Կարմիր շալվարն իրենը չէր, Սուրիկինն էր, կարմիր շալվարի ծնկները փչված էին, կարմիր շալվարը կոճերը չէր ծածկում և միանգամից երևում էր, որ դա ուրիշի շալվար է,
իսկ փոքրերից մեկը վերցրել ու կոմերիտմիության նշան էր կպցրել կանաչ վերնաշապկի կրծքին:
Ձին գլխով հրեց տղային, և տղան գնաց: Ձիու վրա՝ ծնկները չռած
մայրը: Տղայի լացը գալիս էր:
– Քո թղթակից եղբայրը եկել է,– շատ ուրախ ու բարձր-բարձր
ասաց մայրը,– քո թղթակից եղբայրը Երևան քաղաքից եկել է, կայարանում սպասում է, որ իր Արայիկ եղբայրը իր համար ձի տանի:
Ձիու վրայից նրանք ուրեմն արդեն երևում էին, նրանք, մերկ, սալերին պառկած էին, մայրը խոսում էր նրանց համար:
– Մի քիչ բա՛րձր,– շշնջաց տղան,– բարձր խոսիր:
– Հա ջա՞ն,– ասաց մայրը:
V
Նրանք երևացին, և ինչ որ լինելու էր՝ եղավ: Սպիտակ ոտքերը ջրի
մեջ՝ ամառվա ալարկոտ թախիծով իր ծնկների վրայից նայեց մի կին՝ և
տղան կանգնած էր, կարմիր շալվարով ու թևքերը կարճ, նրանց դեմ.
մինչև աղջիկները կերևային՝ տղան խլացավ. աղջիկներից մեկը փորի
էր պառկած, մյուսը պառկած էր գլուխը նրա մեջքին և մուգ ակնոցով
երկնքին էր նայում. կինը իր ծնկների վրա բերանը թույլ շարժեց. տղան
ետ նայեց՝ մայրը բերանը շարժում էր, մայրը ժպտաց. ակնոցավոր
աղջիկը վրա նստեց, մյուսը ձեռքերի վրա թեքեց գլուխը՝ և նա էլ
ակնոցավոր էր. նստած աղջիկը, ծնկները գրկած, նայում էր տղայի
կողմը, պառկած աղջիկը, ձեռքերի վրայից, տղայի կողմն էր նայում թե
նիրհում էր – տղան զգում էր նրանց խոշոր մուգ ակնոցները. նստածը
ձեռքով արեց ու դարձյալ գրկեց ծնկները. մոր բերանը շարժվում էր,
մայրը գլխով ասաց՝ գնա, և ականջներն ավազի ժամացույցի պես թույլ
խշշում էին. կինը իր ծնկների վրա գլուխը մեղմ շարժում էր – այո, այո,
այո,– ուրեմն մայրը խոսում էր. նստած աղջիկը մուգ խոշոր ակնոցով
տղայի կողմն էր նայում և այդ պահին ձեռքով արեց, և դա կարծես մի
անգամ եղել էր, ձեռքն օդում պահեց ու կտրուկ խփեց ազդրին:
Բոռն իրենք բերեցին այստեղ՝ ձին, մայրը, ինքը: Լռություն էր, գետակի ու խոտերի վրա մի թիթեռ էր շրշում, մոր սրունքի փոսը դանդաղ
լցվում էր« և ծնկածալի երակները մուգ կապույտ էին: Նրանք այդպես
կոկորդը խցվելու չափ լավն էին, իսկ բոռը նրանց կծում էր, տղաները
ծառերի միջից նայում էին, տղայի շալվարը կարմիր ու փոքր էր և բոռն
էլ այստեղ իրենց հետ եկավ:
Տղան թուքը կուլ տվեց և տեսավ, որ ինքը դույլը դեմ է արել կնոջը
և իր դաստակը կարմիր ու ձեռքը կեղտոտ է: Իսկ կնոջ ոտքերը ջրի մեջ
սպիտակ էին« և կինը մեղմ ետ էր հրում դույլը: Իսկ ինքը դույլը ետ չի
քաշում: Կինը ձեռքով մի կողմ արեց, և կինը աղջիկներին էր ցույց
տալիս:
Կինը աղջիկներին էր ցույց տալիս, առանց նրա ասելու էլ՝ տղան
մոռը նրանց համար էր քաղել, բայց տղան նրանց մոտ դժվար հասավ,
որովհետև նրանք շատ լավն էին, իսկ տղան շատ վատն էր: Նստած
աղջիկն անկշիռ ու ճկուն կանգնեց, և որպեսզի նա, դույլի համար,
առաջ չգար՝ տղան ինքն էր շտապելու: Կանգնած՝ նա բոլորովին աղջնակ էր և որ նա աղջնակ էր ու կանգնած էր ողորկ քարին և քույրը
պառկած էր նրա ոտքերի մոտ՝ շունչը կտրելու չափ գեղեցիկ էր:
Աղջիկն ընդառաջ եկավ, «բոլորն իմ պատճառով». տղայի մոտ խշխշաց
ու ետ գնաց, և դույլը նրա ձեռքին էր, դույլի ծանրությունից նա
ծռմռվում էր, «բոլորն իմ պատճառով», և նրա այդ թուլությունը շատ էր
գեղեցիկ: Աղջիկը կքել էր քրոջ ու դույլի մոտ, տղան տեսնում էր նրա
մեջքի աղեղն ու թիկունքի փոսը, բայց տղան դեռ զգում էր նրա քայլի
խշշյունը, կրծկալի մուգ գիծը, ողորկ փորը և արևի խշշյունը, որ
մոտենում ու մոտենում էին, և տղայի գլուխը պտտվում էր: Մեղավորը
նրանք չէին՝ որ մերկ էին ու խշշում էին, հղկված որձաքարը նրանց
տակ պիտի այդպես շոյիչ լիներ, նրանք պիտի հենց այդպես լինեին,
բայց տղան չպետք է տեսներ, տղան այստեղ չէր լինելու: Մեղավորը
տղան էր: Տղան այստեղ էր, որովհետև այստեղ էր դույլը, և կանաչ
դույլը կեղտոտ էր: Տղայի ձեռքերը կեղտոտ էին, կոճերը բաց էին, մոռը
ճմռված էր: Տղան մտքում թե տեղում շարժվեց, և տղայի շարժումն
անշնորհք էր, տղան անշարժացավ, և տղայի ցցվելն անշնորհք էր:
Փորի վրա գոտու տակ դանակը սահեց: Ու անշարժացավ: Հաճարենու
պես ինքը իր ներսում՝ մի ժամ տղան սպասում էր թե դանակը չի ընկնի,
բայց դանակն ընկավ ու, գոտուց փոկով կախ, օրորվեց տղայի ոտքերի
արանքում: Տղան քարացավ ու ինքն իր ներսում կուլ տվեց թուքը:
Ուրեմն՝ տղան գրպան չուներ, տղայի հագի այդ կարմիր շալվարը
գրպան չուներ, որովհետև փոքրի շալվար էր:
Բայց լինելու էր, անպայման լինելու էր, երբևէ անպայման լինելու
էր – տղան աղմուկով իջնելու էր զառիթափը՝ և աղջիկները պառկած
էին լինելու գետի մրմունջի մեջ, և տղան սանրված էր լինելու, և տաբատը իրենը, կապույտ ու արդուկած էր լինելու, և մայրն այստեղ չէր
լինելու, և դույլը մաքուր էր լինելու, և դա անպայման լինելու և լինելու
էր անսպասելի, բայց տղայի ձեռքերը կարմիր չէին լինելու:
Աղջիկը սուտ տխրեց ու սուտ սպառնաց... իսկ մյուսը, գլուխը ձեռքերին, քնած կատվի նման ժպտում էր բերանի անկյուններով, և տղան,
ինքն իր ներսում, նրանց երկուսին էլ սիրահարված էր, բայց, ինքն իր
ներսում, սիրահարվեց պառկածին՝ որ ոտքով ոտքը քորեց և բերանի
անկյուններով ժպտում էր քնած կատվի պես: Իսկ մյուսին, որ սուտ
տխրեց ու սուտ սպառնաց, տղան սիրահարված էր այն բանի համար,
որ նա կքած էր մյուսի մոտ և այն բանի համար, որ երիցուկը գցեց
ջուրը և դարձյալ այն բանի համար, որ ճկվեց, փչեց սալին, և սալի վրա
փոս կար, և դարձյալ փչեց փոսի մեջ և թաթիկներով, կատվի պես,
մաքրեց փոսը և դարձյալ փչեց, իսկ մյուսը պառկած էր գլուխը ձեռքերին և կատվի պես ժպտում էր բերանի անկյուններով:
Դույլի վրա կռացած՝ աղջիկը զգույշ, մատների ծայրով, կիսաբացեց
տակի մոռը և, փափուկ կիսաշրջվելով, դեմքը տղային դարձրեց, և նրա
կիսաբաց բերանը, ոլորուն վիզը և, արմունկի տակից, կրծկալի մեջ ու
կրծկալից դուրս... և խեղդվելով հեկեկալու չափ ամոթ էր, որ նա արդեն
կրծկալ ուներ և թևատակին մուգ աղվամազ... և դա խեղդվելով
հեկեկալու չափ գեղեցիկ էր, բայց միևնույն է՝ տղան սիրահարված էր
մյուսին, որ ժպտում էր և ձեռքը դանդաղ երկարեց, գտավ դույլը, դույլի
մեջ՝ մի հատիկ մոռ, ձեռքը դանդաղ ետ տարավ և դարձյալ ժպտում էր
քնած կատվի նման: Եվ տղան չկարողացավ ասել, որ նրանցը, այո,
տակի մոռն է, որ ամբողջ դույլը լրիվ նրանցն է, բայց տղան արդեն
ուրեմն ասել էր, որովհետև աղջիկը բռով վերցնում էր, լցնում սալի վրա
փոսի մեջ, մեկ հատիկ ուտում, հավանում, նայում տղային ու նորից
վերցնում:
Աղջիկը բան ասաց: «Կորչելու է», նորից ասաց աղջիկը, և տղան
թուքը կուլ տվեց: Իմը չի, ասաց տղան:
– Կախվել է, գրպանդ դիր,– ասաց աղջիկը:
Դանակը կախվել էր:
– Իմն է,– ասաց տղան:
– Բա ի՞նչը չի քոնը,– ասաց աղջիկը: Բերանը կիսաբաց՝ աղջիկը
կարծես թե պատասխանի էր սպասում, բայց պտտվեց, մի հատիկ մոռ
շպրտեց ու կանչեց.– Հրեշ, արի մոռ կեր:– Մոռը դիպավ, քարի մոտ,
լայն մի ազդրի, շատ լայն մի ազդրի, և աղջիկը խուլ ու տաք ծիծաղեց:
Ազդրը շարժվեց, և երկու ազդրն ավելի լայն էին, և քարի մոտ փափուկ,
դանդաղ ու ծանր վրա նստեց մի կին: Գետաձի, քրթմնջացին
աղջիկները: Կինը, մութ ակնոցով, նայում էր, հետո սկսեց հորանջել
մսեղ, լայն ու փափուկ, և աղջիկը քռքռաց ու ասաց.
– Հրեշ հորքուր, արի մոռ կեր:
– Հը՛,– բարկացավ աղջիկների մայրը,– քեզնից մեծի հետ ինչպե՛ս
ես խոսում:
– Հորանջում էր, չլսեց,– քռքռաց աղջիկը և տեսավ տղային ու
հարցրեց.– չէ՞:– Եվ նա շատ լավն էր, բայց միևնույն է՝ տղան սիրում էր
մյուսին՝ որ ձեռքը մեղմ երկարում էր, մեկ հատիկ մոռ էր վերցնում և
ուտում էր աննկատ և կարծես թե չէր ուտում, որովհետև բերանի անկյուններով անընդհատ ժպտում էր կատվի պես, իսկ քրոջը տղան սիրում էր այն բանի համար, որ նա տղայի սիրածին գետաձի չէր ասում և
չէր խփում նրա ձեռքին:
Կինը գլաքարի մոտ ծալվեց, հենվեց, կուտակվեց, խառնվեց ու
բացվեց, կանգնեց: Կոնքից կոնք՝ նա շատ էր լայն և տրուսիկը հիմա
պատռվելու էր, նեղ էր: Եվ թեև ինչ որ կար նա այդ էր և փափուկ ու
ծանր գալիս էր, բայց թվում էր, թե դա նրա վերջնական ձևը չէ և նա
դեռ ծալված կամ կուտակված է: Բայց ինչ որ կար այդ էր և հղկված
սալի վրայով ծանր ու փափուկ գալիս էր, իսկ հղկված որձաքարն անհաղորդ էր նրա փափուկ ծանրությանը: Սև ու կարմիր թիթեռն իջել էր
հղկված որձաքարին, թևիկներով դանդաղ տրոփում էր, նրա քայլի
տակից թռավ: Նրա ազդրն ի հեճուկս տղայի էր այդքան հաստ, կոնքից
կոնք նրա լայնքն ի հեճուկս տղայի էր այդքան լայն, և մեռնելու չափ
վիրավորական էր, որ նրա ազդրերը միացան ու նրա պորտը թպրտաց
տղայի դնչի մոտ և տղան պետք է նայեր տակն ի վեր: Նա շոյեց տղայի
գլուխը, նրա լայնքը տղայի դեմ էր, և մեռնելու չափ վիրավորական էր,
որ տղան հազիվ նրա մի ազդրի չափ էր: Կինը նստեց, մի ոտքը
երկարեց, ասաց «ի՞նչ է եղել», և տղան շունչ քաշեց:
– Մոռ կեր,– ասաց աղջիկը:
– Դո՞ւ ես քաղել,– ասաց կինը տղային:
– Որտեղի՞ց ես քաղել,– ասաց կինը և փորի պառկեց ու ավելի
լայնացավ, և փորի էր պառկած նաև տղայի սիրածը, որ բերանի անկյուններով ժպտում էր ու կարծես քնած էր, բայց քնած չէր:
– Դու ճիճո՞ւ ունես,– ասաց կինը և փափուկ հարմարվեց քարին, և
տղան ուշ հասկացավ, որ նա ասել է «դու ճիճո՞ւ ունես». բայց նրա աչքերին ակնոց էր, իսկ բերանը չէր ժպտում, և տղան հայացքը փախցրեց:– Բա ինչո՞ւ ես կնճռոտ,– ասաց կինը.– թե՞ տխուր ես: Ինչո՞ւ ես
տխուր:
– Հը՞,– ասաց կինը,– լավ մոռ է, բայց ինչո՞ւ ես տխուր:
Տխուր չեմ, ասաց տղան:
– Դու լեզո՞ւ չունես,– ասաց կինը,– հը՞, ո՞ր դասարանում ես:
Վեց, ասաց տղան:
– Չորրո՞րդ, երրո՞րդ,– ասաց կինը:– Թե՞ դպրոց չես գնում:
– Վեց,– ասաց տղան:
– «Վեց» չէ, վեցերորդ,– ասաց կինը և, խլրտալով, հարմարվեց:–
Ապրես, լավ մոռ ես քաղել, բայց ինչո՞ւ ես տխուր:
Տխուր չեմ, ասաց տղան, իսկ կինը պառկած էր քամակը դեպի բոխենին, որտեղից նայում էին Սահակենց մեծառեխն ու... բայց կինը չգիտեր, որ տղաները նայում են և պառկած էր քամակը դեպի բոխենին, և
տղաները նայում էին, տղան նրանց հայացքն զգում էր, նրանց հայացքն անցնում էր տղայի միջով, և այդ կնոջ քամակն աչք չուներ՝ որպեսզի տղաներն ամաչեին ու տղաների դեմ լրիվ անպաշտպան էր, և
նրանց հայացքն անցնում էր տղայի միջով, և տղան չէր կարող ասել
ծածկիր կամ նստիր, իսկ այդ կինը մոռ էր ուտում և չէր հասկանում, որ
իր քամակը բաց է տղաների դեմ, և տղան իրեն մերկ ու աղջիկ էր
զգում: Տղան քրտնեց:
– Ուրեմն վեցերորդում ես,– ասաց կինը:– Բա ինչո՞ւ ես էդքան նիհար:
Նիհար չեմ, ասաց տղան:
– Հը՞,– ասաց կինը,– ի՞նչ կարծիքի ես, գա՞մ ձեր դպրոց դասատու:
– Յա,– ասաց տղան, և աղջիկները ծիծաղեցին:
– Համաձայն չես:– Կինը թեթևակի ժպտաց ու ասաց.– Ընկեր Գրիգորյանը հրավիրում է, իսկ դու համաձայն չես:
Աղջիկները ժպտում էին, և այդտեղ որևէ ծաղր կար:
– Հը՞,– թեթևակի ժպտաց կինը,– ընկեր Գրիգորյան չի՞ Ռուբենի ազգանունը:
– Ընկեր Գրիգորյանը վարիչն է,– ասաց տղան:
– Այո, վարիչը,– ժպտաց կինը:– Ընկեր Գրիգորյանը հրավիրում է,
իսկ դու ասում ես յա:
Աղջիկները ծիծաղեցին, և տղայի կոճերը բաց էին, դանակը, ճիշտ
է, կախված չէր ու չէր ճոճվում, բայց տղայի բռան մեջ քրտնել էր:
– Հը՞,– ժպտաց կինը,– ինչո՞ւ ընկեր Գրիգորյանը համաձայն է, իսկ
դու համաձայն չես:
– Ընկեր Գրիգորյանի տղան մահացավ,– ասաց տղան:
– Մահացավ,– ասաց կինը,– մի տարի առաջ: Իսկ հիմա ընկեր
Գրիգորյանն ինձ հրավիրում է, բայց չգիտի, որ դու համաձայն չես:
Ինչո՞ւ չես համաձայն:
– Հը՞,– ասաց այդ կինը, և տղան սպասեց ու շունչը պահեց, և շունչը
հատավ, իսկ աղջիկները չէին օգնում, տղային նրանք թողել էին
միամիտ երեխայության մեջ. իրենք նոր կեղև էին հագել և տղային
նայում էին, այդ կնոջ հետ, աղջկության իրենց բարակ կեղևի միջից:
Նրանք տղային լքել էին:
– Չես ասում, թե ինչու չես համաձայն,– ասաց կինը:– Դասդ եթե
այդպես պատմես՝ քեզ վատ կդնեմ:
VI
Մոր ձայնը եկավ: Զնգուն ու բարձր՝ եկավ մոր ձայնը: Մամա, մայրիկ, մամա: Ձիու վրա՝ մայրը ծիծաղելով կանչում էր.
– Արի, ցավդ տանեմ, արի, հույս ջան, ախպերդ կայարանում քեզ
սպասում է, ուշանում ես, մինչև ժուռնալիստականը չվերջացնես՝
դրանք քեզ աղջիկ չեն տա, լավը ջան, ամանդ վերցրու արի:
Տղան գնում էր: Դույլը, այո, տղայի ձեռքին էր: Տղայի բարակ թիկունքն զգում էր նրանց հայացքը, տղան գնում էր քամակն իրեն քաշած, և տղայի գոտկատեղը քրտնում էր:
Մոր ձայնը հեռվից էր այդպես զվարթ: Մոր պարանոցն ուռչում ու
իջնում էր: Ուռչում էր ու դանդաղ իջնում: Երբ ձիու ոտնաձայներն ու
իրենց ձայները չէին հասնի ձորում պառկածներին, մայրը խուլ ասաց,
և նրա պարանոցը փքվեց, «իիիիի»: Բայց մայրն այս անգամ Եղըշին
չանիծեց, և դրա համար տղան շնորհակալ էր: Մայրը խաղաղվեց ու
խաղաղ լաց եղավ: Կուրանամ ես, շշուկով արտասվեց մայրը, կոճերդ
բաց՝ ուղարկեցի մեջները կանգնեցիր: Ոչինչ, շշնջաց տղան:
Զառիվերի գլխին ճամփաբաժանի վրա ձին կանգնեց, ձորում խուլ
ու տաք ծիծաղեցին, և տղան արդեն կարոտեց ձորին – վիթխարի կնոջը՝ որ ծանր ու փափուկ շրջվում էր և որձաքարը նրա տակ անշարժ էր,
քրոջը՝ որ ձեռքը բարձրացրել էր մոռ շպրտելու, պառկածին՝ որ բերանի
անկյուններով ժպտում էր և ձեռքը մոռի էր տանում ասես քնի միջից:
Տղան ոտք դրեց հորեղբոր տան արահետին ու նայեց մորը:
– Ոչ,– ասաց մայրը,– ուշանում ես:
Տղան մի րոպե չենթարկվեց, մտածեց, հետո ենթարկվեց: Գրիգորյանի տանը չհասած՝ երևաց ձորի բոխենին: Ձորը լուռ էր, բոխենու
նախշուն ստվերը միայն նախշուն էր, ձորում ասես ոչինչ էլ չէր լինում,
բայց տղան գիտեր, որ տղերքը կնոջը նայում են, տղան զգում էր նրանց
նայելը բոխենու տակից գետափ, գուցե կինն էլ զգում էր նրանց նայելը,
բայց ինչո՞ւ էր այդպես անձայն ժպտում, և ձորն ավելի լուռ էր: Ձիու
ոտնաձայների վրա Գրիգորյանի շունը լուռ թափով եկավ ու կանգ
առավ, պատշգամբի թախտին Գրիգորյանը լրագիր էր նայում, լրագրի
վրայից մի վայրկյան լուռ նայեց տղային, լուռ առավ մոր լուռ բարևը, և
մայրուորդի լուռ անցան: Եվ Գրիգորյանը գիտեր արևի մեջ վիթխարի
կնոջ ազդրերի մասին, գիտեր որ տղաները նայում են, որ կինն զգում է
որ իրեն նայում են և տաք որձաքարին պառկած ժպտում է, որ տղան
թաքուն մոռուտ է գտել, որ տղան հիմա կայարան է գնալու, որ տղայի
մոր ոտքին փոս է լինում ու չի լցվում, բայց այդ կինը երեխաներ է
բերում, որոնք բանի նման չեն, սակայն չեն էլ մեռնում, իսկ իր Աշոտը...
և տղան ու Գրիգորյանը մի վայրկյանում իրար լուռ ատեցին, և եթե
այնպես պատահեր, որ Գրիգորյանն ու տղան սկսեին իրար խփել՝
մայրը չէր հասկանա, թե ինչից սկսվեց նրանց կռիվը, և այդ բոլորը
միասին չոր սարդոստայնի նման մարդու գլխի մեջ խշշում էին:
Հացի ու տաք մոխրի հոտն ուժեղացավ: Շամամ մորքուրենք հաց
էին թխում: Հարկավոր էր սուսուփուս արագ անցնել, որպեսզի նրանք
չհասկանային, թե տղան գուցե քաղցած է, բայց Շամամ մորքուրն արդեն լուռ ձեռքով էր արել: Փռի սրահում շիփ-շիտակ նստած՝ նրանց
խանում-խաթուն պառավը բացում էր գունդը, քրիստոնյայի իր խաչը
խփում և մեջքը շիտակ նստած սպասում – իբր թե՝ հարյուր տարի ապրել եմ, բայց այսպես տիրուհու պես կամ: Շամամ մորքուրը թիով դիպչում էր պառավին, և զուգված-զարդարված պառավը թիուն լավաշ էր
դնում: Շամամ մորքուրը ձեռքով լուռ ասաց սպասեք: Գուցե պառավից
թաքուն նա ուզում էր հաց տալ, մայրը գուցե դանդաղեց, որպեսզի նա
հասկանա հաց տալ, բայց այդպես չէր: Շամամ մորքուրը փռան դեմ
հացի տաք հոտի մեջ ցամաքել էր, նրա բերանը կպել էր: Տղան
ավելուկի թեր պոկեց, թերի մեջ, գետափը հիշելով, մոռ լցրեց ու
չափարի արանքով պարզեց նրան: Ձեռքն այդպես մեկնել էր նրան,
բայց մի տեսակ կարծես հորեղբորն էր մեկնել: Ցորնաթուխ ու քրտնած,
օձիքը բաց՝ Շամամ մորքուրը միայն աչքերով ծիծաղում էր, և
պտղունցով մոռի երեք հատիկ տարավ բերանն ու բերանով քամեց,
ծծեց, ուղղակի ըմպեց այդ մի կում հյութն ու կարծես արթնացավ.
«Մոռ են բերել, կեր, նանի», և ավելուկի թերը դրեց պառավի գոգին:
Տղան ավելուկի նոր թեր պոկեց, բայց Շամամ մորքուրն ասաց. «Հերիք
է, լավը ջան, ջրի չափ կյանք ունենաս»: «Էս ո՞վ բերեց, ախչի», հարցրեց
պառավը: «Մե՜նք, նանի, կեր», կանչեց մայրը: Պառավն ականջ պահեց,
բայց երևի չճանաչեց մոր ձայնը, իսկ այդ ժամանակ մայրն ու Շամամ
մորքուրը, նաև ինքը պառավը, պառավն ինքը, նայում ու հիանում էին
պառավով, որ ահա պառավ էր, բայց իր հոգսն ինքն էր քաշում և դեռ
հարսի հետ հաց էր թխում և որդու ապրուստի մեջ առոք-փառոք
նստած կար: «Քառանց Եղըշի երեխեքն են բերել, կեր, նանի,– ասաց
Շամամ մորքուրը,– փուռը լիքն է, մինչև թխի»: «Դե ձեռքները պարապ
ետ չղրկես», որդու ապրուստի միջից տիրուհու պես թույլատրեց
պառավը: Մայրն ու Շամամ մորքուրը ժպտացին, հետո Շամամ
մորքուրը մորն աչքերով բան էր հարցնում, բայց դա պառավից չէր
թաքուն, այլ իբր թե տղայից, և դա մոր հղիության մասին էր և մորը
տղայի մոտ դա շատ էին հարցրել: «Չէ, անուշ, չէ, էս հերթ՝ չէ,– ասաց
մայրը,– ինչքան կա՝ ինձ հերիք է:– Եվ տղայի մասին ասաց.– Ինքը
հասկացող է, իմ հասկացողն է, ես իրենից թաքուն բան չունեմ»: «Ախչի,
Եղիշը մին էլ է մոռ տվել,– հիշեց պառավը:– Ախչի, ձիով սարն էի գնում,
Եղիշը մոռուտից դուրս եկավ ու ռոհունդի մի կանաչ թերի մեջ մի բուռ
մոռ տվեց: Ու ծարա՜վ-ծարավ էի: Ապրի՛»: Դա եղե՞լ էր: Դա ե՜րբ էր
եղել... Ռոհունդը կռատուկն է, նրա աղջկության գյուղի հին լեզվում
կռատուկին ռոհունդ են ասել: «Այ լրբեր է՜յ,– իր խավար աշխարհից
կանչեց պառավը,– մոտներդ երեխա չկա՞, դուք ամոթ չունե՞ք, էդ ի՞նչ
թաքուն լրբի քչփչոց եք դրել»: Ցորնաթուխ, շոգած, ժպտուն՝ Շամամ
մորքուրը պառավի երեսին չանչ արավ երկու ձեռքով, իսկ մայրը ձիու
վրայից անալի-անալի պատմեց. «Թաքուն չի, նանի՜, Եղըշի կնիկն եմ,
հողեմ բժիշկների գլուխը, իրենք չկարեցան բուժեն, հեքիմն ասավ քու
ցավը տուր քու երեխեքին, ասավ ինչքան կարենաս՝ բեր, քու երեխեքը
ցավը քու միջից թող հանեն»: «Հին կնանիքը դրանից են շատ ապրել»,
և Շամամ մորքուրը ժպտալով չանչեց պառավի երեսին, այսինքն՝ մահը
բուկդ բռնի, մեջքը շիտակ պառավն այնինչ արհամարհեց նրանց,
ովքեր մնացել էին հին ժամանակներում. «Ի՜ ախչի, եսիմ շա՞տ էին
ապրում թե շատն ու քիչը չէին ջոկում: Միամիտ ժողովուրդ էին, ջոկում
չէին: Հացը վառվեց,– ասաց պառավը, և որպեսզի իր մտքի
պարզությունն ավելի հարգեն՝ մոր խոսքն անպատասխան չթողեց.–
Հեքիմը ճիշտ է ասել, իմ երեխեքը՝ իմ հարսը, իմ տղեն՝ իմ բժիշկն են,
բայց Արշակին թուրքերում սպանեցին»: Շամամ մորքուրը լուռ գլխով
արեց դեպի է՜ն, հի՜ն, պառավի ժամանակները, բայց իրենն ա՛յդ
ժամանակները չէին – շորի օձիքով կրծքին հով անելով, ժպտուն ու
շոգած՝ նա ըստ երևույթին չէր կարողանում պոկվել տղայի չոր, ջլուտ,
մազը կոշտ հորից:– Եղիշն ուրեմն անտեղյակ է,– ասաց նա և,
բերանում դեռ կարծես մոռ կար, ծծեց: Մայրը ծաղրով ու
խղճահարությամբ վիզը թեքեց.– Էն խեղճից ի՞նչ ես ուզում, ախչի, էդ
հո ինքը չի... հողեմ բժիշկների...– բայց Շամամ մորքուրը փափուկ
կրծքերը թրթռալով ծի՜ծաղեց:
VII
Ցանկապատը վերջացավ:
Գետակի մրմունջը հավաքվում հյուսվում ու մաշվում, հյուսվում ու
մաշվում էր, հետո դարձավ հարահոս ու խառնվեց լռությանը: Փոքրիկ
հովիտն արևի մեջ լուռ էր, միակ տանձենին լուռ էր: Մինչև տղայի մեծանալը եթե որևէ մեկն այդտեղ տուն չշիներ... Առայժմ այդտեղ փոստատարը կապում էր ձին, և ձին օրերով այդտեղ կանգնած էր: Զառիթափի գլխին մի երեխա էր նստել և տնքում ու օրորվում էր հովտի
լռության վրա: Արևը խշշում էր նրա գլխի մեջ: Եվ հնչեց խելագարվելու
պես շատ հանկարծ՝ «Տանձի ծառ, տա՜նձի ծառ... տա՛նձ տուր», և
ընդհատվեց խելագարվելու պես միանգամից: Եվ ձիու խուլ ոտնաձայնն էր, և երեխան դարձյալ տնքում ու օրորվում էր հովտի լռության վրա տանձենու դեմ:
– Արայիկս է,– մրմնջաց մայրը:
Հովիտն ուրեմն երեխային էլ դուր էր գալիս: Եվ եթե նրան հուշվեր
«ես քեզ ջուր տամ, տանձի ծառ»՝ երեխան կհասկանար, որ ինքն
ուզում է այդտեղ տուն շինել: Հովտի լռության վրա, միակ տանձենու
դիմաց, զառիթափի գլխին երեխան հանկարծ բղավեց.
Տանձի ծառ, տանձի ծաաա՜ռ...
Մայրը մրմնջում էր, և մայրը մրմունջով ասում էր. «Արայիկս է...
ինժեներ ջան, օդաչու ջան, գյուղատնտես ջան, թղթակից ջան»: Մամա,
շշնջաց տղան, մայրիկ, թանկ: Տանձենին փայլփլում ու լույս էր տալիս:
Նա ոչ մեկինը չէր, ոչ ոք նրան չէր պաշտպանում, բայց նա գեղեցիկ էր:
Բոլորից շուտ նրա տանձն էր հասնում, նա թաքնված չէր, բայց
հովտում բաց՝ նա այդպես կանգնած էր, ամենաշատը նա էր ծեծվում,
բայց նա փայլփլում ու լույս էր տալիս:
Երեխան սրանց տեսավ: Վայ, մի քիչ ուրախացավ երեխան, մաման: Մաման ու ախպերիկը: Մաման, ախպերիկը, ձին: Լավ, էլի, մի քիչ
մոռ կտա՞ս, խնդրեց երեխան, բուռը, սակայն, դեռ ետ չէր քաշել, արդեն
ուզեց ձի նստել, բայց ձի էլ չնստեց, հաջորդ պահին արդեն վերացել էր
սրանցից և տնքում ու օրորվում էր իր թախիծի մեջ: Մայրը հացը
ծալեց, մյուս կողմի վրա ծալեց, կիսեց, կեսն էլ կիսեց և կեսի կեսը
տվեց տղային, որպեսզի նա երեխային տա: Մեկ քառորդ հացը նրա
ձեռքին կոշտ ու շատ էր, նրան ծիտիկի մի փոքրիկ, կաուչկա, մի կտուց
կեր էր պետք՝ մի հատիկ մորի, ծծուկի մի թերթիկ նեկտար, աստծու
մանանա... Կեր, շշնջաց տղան, երեխան սակայն չէր լսում, շլվել ու
մտածում էր ամպերի քոչի, հոտը ծարավ թուրքի, գերեզմանատան
գիշերվա շողի, մթնշաղի տագնապների մասին և թե ինչ է մտածում
հովտի տանձենին: Եվ արևը նրա գլխում խշշում էր: Հացն այդպես
ձեռքին՝ իրիկունը նա գալու լաց էր լինելու, կամ գիշերը խոտերի մեջ
քնած նրան գտնելու էին և հացը ձեռքին նա լաց էր լինելու և միայն
նրանից փոքրը՝ նկարիչն էր հասկանալու, որ նա սոված է:
Թու, զզվեց տղան:
– Արի տուն,– բղավեց տղան իջնելուց առաջ,– տուն արի: Կծեծեմ,–
ասաց տղան: Եվ իր ու երեխայի արանքում շեկ ճանապարհն էր,
ճանապարհի վրա օդը խաղում էր, զառիթափի գլխին նույնպես օդը
խաղում էր, երեխան նստած էր դողացող արևի մեջ և մնչում ու օրորվում էր, և երեխայի ու տանձենու արանքում հովտի վրա տաք օդը
խաղում էր, և իրենք անջատ գոյություն էին, և ինքը չէր ծեծի երեխային:– Քո գործն է,– ասաց տղան,– բայց հետո չասես փորս ցավում է:
Երեխան չէր պատասխանում: Ամեն ինչից երևում էր, որ նա չռված
աչքերով տեսնում է անապատի թուրքին և թե ինչպես են ոչխարներն
ուտում ոչխարների բուրդը: Ապուշ, ասաց տղան և քանի դեռ չէր լսել
նրա ծղրտոցը հովտի վրա տանձենու դեմ՝ վազքով իջավ և իր
ականջները լցրեց իր ոտքերի թփթփոցով:
Քույրն աղբյուրում լվացք էր անում: Ձեռքերը կարմրել էին: Տրուսիկը մեծ ու կապույտ էր, և կապույտը տգեղ էր, իսկ ձեռքերը կարմրել
էին, և մայրը նրան բան չասաց, նայեց, տեսավ թե չտեսավ ու անցավ,
և մայրը վայ թե ուզում էր քույրը չլինի:
– Լվացք եմ անում,– ասաց քույրը:
– Բա քի՞թդ ով է լվանալու:
– Քիթս:– Քույրը ծիծաղեց, ձեռքը քսեց ու փսլնքոտեց այտը: Եվ իբր
թե այդպես արդեն գեղեցկուհի էր՝ հոնքերը ձգեց ու թարթիչները կախեց:
– Գեղեցկուհի ես,– ասաց տղան:
Թարթիչները կախ՝ քույրը մեջքը կոտրտեց իբր թե գեղեցկուհու քելքով: Նրա կապկությունները բռնում էին հենց տղայի մոտ, նա սիրահարված էր բոլոր եղբայրների մեջ տղային, կոմերիտմիության
նշանը տղայի շապկին նա կլիներ կպցրած: Նրա ձեռքերն էլ նրա մարմնի հետ բռնելով, որպեսզի ձեռքերով չխանգարի, տղան կռացրեց նրան
և տրորելով լվաց նրա երեսի փսլինքները, մաքրեց քիթը և նորից տրորեց երեսը: Քույրը նրա ձեռքը չկծեց: Սիրահարված, վիրավորված
գեղեցկուհին բերանը սեղմել ու միայն նայում էր: Կոպիտ բան եղավ,
բայց արդեն եղել էր:
– Լաց եղիր,– ասաց տղան:
Քույրը միայն նայում էր:
– Կապիկ,– ասաց տղան:
Միևնույն է, քույրը չէր հավատում, որ տղան կարող է կոպիտ լինել:
– Հիմա ավելի ես գեղեցկուհի,– ասաց տղան:
Սիրահարվածի իր աշխարհից՝ քույրը մի քիչ չհավատաց ու մի քիչ
կոտրատվեց:
– Գա՞մ մոռ ջոկեմ,– տղայի ետևից ասաց քույրը:
– Ջոկած է:
Օդեսայում բժիշկները բուժում են: Ասենք թե վիրահատում են, և
աչքն ուղղվում է: Նրան ո՞վ է տանելու Օդեսա: Եղի՞շը: Մայրի՞կը: Ոչ ոք
էլ չի տանելու: Էդպես էլ մնալու է: Նա սիրահարվելու ու քաշվելու է
ինքն իր մեջ, իր սիրածն ուզելու է իր ընկերուհուն, և նրանց հարսանիքին նա ականջ է դնելու տնից և թուքը կուլ է տալու, և բուկն
ուռչելու է: Հարսանիքները գալու անցնելու են, նա հարսանիքների
ետևից թաքուն նայելու է: Նրան ով է ուզելու: Անամոթները գեղեցկուհիներին են ուզելու, խարդախները, ճարպիկները, հարուստները գե-
ղեցկուհիներին են ուզելու – նրան ո՞վ է ուզելու, խեղճուկրակի մեկը,
շիլ Եղըշի մեկը: Նրանց հարսանիքը գյուղի համար ուրախություն չի
լինելու, ծիծաղատեղ է լինելու, և քույրը կուլ է տալու և բուկն ուռչելու
է:
– Չե՞ս լսում, արա, էն լակոտը լաց է լինում,– լացակումեց տղան:
– Մոռ ես քաղել,– ձիու վրայից ասաց եղբայրը:
– Քեզ համար եմ քաղել, էդ ձիուց իջիր:
– Քո ձին չի,– ասաց եղբայրը:
– Էն երեխան էնտեղ լաց է լինում՝ սա ձիավորվել է:
– Զատիկ է ուզում, ես իրա համար զատի՞կ դառնամ,– ձիու վրայից
ասաց եղբայրը:
– Դարձիր:
Խնձորենու տակ քարը ձեռքին՝ պեպենոտը կարծես լսում էր սրանց
վեճը, կարծես նշան էր բռնում խնձորենուն, որի վրա ոչ մի խնձոր չկար
կամ գուցե մի կենտ հատիկ դեռ կար:
– Ինչքան ման եմ եկել՝ չեմ գտել,– ձիու վրայից ասաց մարշալը:
Պեպենոտը խնձորենու տակից կրկնեց.
– Ինչքան ման եմ եկել՝ չկա,– և քարը շրխկացրեց տերևների մեջ:
– Շի՜լ... շիլ-շիլ ման ես եկել՝ չես գտել: Էդ ձիուց իջիր:
– Մի կռվեք,– եկավ մոր ձայնը, բայց մայրը չէր երևում:
– Երեխան լաց է լինում՝ սա էստեղ ձիավորվել է:
– Ոչինչ, երեխա է,– նկուղից եկավ մոր ձայնը:
– Մի երեխա է՝ ոչինչ, երկու երեխա է՝ ոչինչ, հինգ երեխա է՝ ոչինչ...–
տղան տուն մտավ: Երեխան անկողնում նստած էր: Մոր գլխաշորով
գլուխը կապած, ճակատը խոնավ, աչքերի սպիտակուցը փայլուն՝
երեխան մանրիկ հևում էր: Նրա փոքրիկ շունչը տաք էր և շապիկը
մեջքին՝ խոնավ:
– Զա-ատի,– ուզեց երեխան:
– Հիմա զատիկ չկա,– ասաց տղան,– քեզ համար մոռ եմ բերել, մոռի
մեջ քեզ համար մորի եմ բերել, հիմա մեջքդ լավ ծածկենք ու մորի
ուտենք, հա՞:
– Զա-ատի,– ասաց երեխան:
– Մորի ուտենք, հետո գնամ քեզ համար զատիկ բերեմ, հա՞:
– Զա-ատի,– ուզեց երեխան: Նրա փոքրիկ շունչը տղային խեղդում
էր: Նրա փոքրիկ սրտիկը, նրա խոնավ ճակատը, ցավի թույլ ստվերը...
Տղան մատների ծայրով նրա մազափունջն անցըրեց գլխաշորի տակ և
ճակատը պաչեց: Ճակատը խոնավ սառն էր:
– Զատիկ չկա,– ասացին: Մյուսը թախտի տակից ասաց՝ զատիկ
չկա:
Թախտի տակ մյուսը փորի էր պառկել ու նկարչություն էր անում:
Լեզուն հանած՝ ուշադիր քաշում էր իր գծերը: Երեխայից հետո՝ մյուսը
կոշտ էր, բայց այդպես առանձին իր թախտի տակ նա նույնքան երեխա
էր, ինչքան ամենափոքրը:
– Էդ ի՞նչ բանի ես, կոշտո,– ասաց տղան.– էդտեղից դուրս արի:
Մյուսը, սակայն, չնայեց ու չպատասխանեց, նկարչություն էր
անում:– Զատիկ չկա,– ասաց նա:
Տղան երեխային վերմակով փաթաթեց, գրկեց ու դուրս եկավ: Թաթիկները հանած՝ երեխան դուրս էր թռչում վերմակի միջից ու տղայի
գրկից, մանրիկ հևում ու դուրս էր թռչում, դուրս էր թռչում: Արևի,
տանձենու, ծիծեռնակի ու տանձենու միջի քամու մասին երեխան
ասաց՝ պա՛... Ձիավորը փքվել էր, ձեռքը պարզել ու անշարժացել,
մտածում էր, որ զորավար է. քարը ձեռքին՝ պեպենոտը խնձորենու
տակ նշան էր բռնում, քարը պահում էր աչքի դեմ, ձեռքը դանդաղ, շատ
դանդաղ ետ էր բերում: Ձին տեսնելու հետ, դեռ չտեսած, երեխան
շնիկի պես նախ մի հատ հաչեց, ապա նայեց ձիուն, նայեց տղային և
նայեց ձիուն:
– Ձի,– ասաց տղան,– ձի:
Այդ ժամանակ ծիծեռնակը ճռվողաց, ձիու պոչը շարժվեց, քարը
տերևների մեջ շրշփաց, և երեխան ասաց.
– Ձի:
– Ձի,– ասաց տղան:
Ձիու պոչը շարժվեց, բայց չճռվողաց, և երեխան նայեց տղային:
– Ոչ,– ասաց տղան,– էդ ծիծեռնակն էր: Ձի:
– Ձի,– ասաց երեխան:
– Արի ձի սովորենք,– ասաց տղան,– զատիկ չկա:
– Զա՜տի:
– Զատիկ չկա,– ասաց տղան,– քեզ ձի նստեցնեմ, տանեմ կայարան,
ես ու դու ձիով գնանք կայարան՝ պուու, գնացք տեսնենք, ախպերիկին
կայարանից բերենք, գանք, հա՞:
Նրա այդքան բառերի մեջ զատիկ չկար, երեխան ասաց.
– Զա-տի:
– Զատիկ չկա,– ասաց տղան:
Պեպենոտը խնձորենու տակ նշան էր բռնում, քարը պահում էր աչքի դեմ, քարը դանդաղ մեկնում էր, ձեռքը դանդաղ ետ էր տանում,
բայց դեռ չէր շպրտում, քարը դարձյալ պահում էր աչքի դեմ... բայց թե
ինչի էր նշան բռնում՝ տղան չհասկացավ, խնձորենու վրա միայն
տերևներ էին: Ճյուղերից մեկը մի թեթև կորացած էր, տղան կարծեց
ծայրի երեք տերևից մեկը խնձոր է, բայց երեքն էլ տերև էին: Երբ
տղան կարծեց երեքն էլ տերև են՝ մեկը դարձյալ խնձոր թվաց, բայց
դարձյալ տերև էր:
– Խնձոր չկա,– ասաց տղան,– էդ ծառը մեղք է:
– Դո՛ւ չկաս,– ասաց պեպենոտը և քարը քթի վրայով մեկնեց դեպի՜...– շալվարս հագիցդ հանիր:
Այգին մաքուր սրբված էր, գազարի տեղը միայն բաց հող էր, շլդոները մի հատիկ գազար չէին թողել. վարունգի բոլոր մարգերում ոչ մի
հատ վարունգ չկար, միայն կանաչ թփերն էին, և այն ժամանակ, երբ
տղան նկատեց երեկ թե այսօր բացված դեղին մի ծաղիկ, խնձորենու
տակից պեպենոտն ասաց, որ վարունգ չկա, միայն մի հատ ծաղիկ կա,
բայց դա վարունգ չէր դառնա. արևածաղիկները գլխատված էին, բայց
մի երկուսը կողքներից նոր գլխիկներ էին հանում: Երեխան գրկին՝
տղան նայելով գնաց:
Երեխան շունիկի պես հևում ու գրկից շպրտվում էր, անընդհատ
նետվում էր: Տանձենու տակ տղան երեխային գետնին դրեց և ծնկասող սկսեց փնտրել: Հնձած գետինը ծնկների տակ չոր էր, և ցավը
տղային դուր էր գալիս: Ես քեզ ծեծելու եմ, ասաց տղան: Երեխան վերմակի մեջ տափակվել էր գետնին, մանրիկ հևում էր, իր կարծիքով
փնտրում էր: Չոր խոտերը թաթիկներդ կծակեն, արյուն կգա, ասաց
տղան: Խոտը լավ էր հնձված, գետնախառը տաշված էր: Հայրիկը նիհար է, մեջը կարծես ուժ չկա, բայց ջղուտ է, լարվում ու տաշում է,
լարվում ու տաշում է: Հնձած գետնի պես՝ հայրիկի մազը կոշտ է: Սիրելը՝ սիրում է, ծնկին է դնում, և հայրիկից արևի ու խոտի խառը հոտ է
գալիս, ձեռքն էլ բաճկոնի գրպանն է տանում, և երեխաները սպասում
են, թե հայրիկը գրպանից կոնֆետ է հանելու, բայց հայրիկը գրպանից
ձեռքը ուշ է հանում, որովհետև հանելիքը մի բան չի՝ խոտի փշրանքի
հետ գերանդվի սրոցը: Հայրիկն այդ պահին երեխաներից ամաչում է,
բայց չի ասում, թե խանութը փակ էր – փշրտանքը թափում ու սրոցը
տալիս է երեխաներին, որպեսզի տանեն դնեն դուրսը գերանդվի մոտ,
իբր թե գրպանից հենց փշրտանք ու սրոցն էր հանելու: Հետո հայրիկը
ձեռքի երեսով սրբում է խոտի փշրտանքը ծնկի վրայից և ձեռքը ծանր
քսում է ծնկին, և չի ասում «ինչ ենք ուտելու», այլ միտքը կիսատ
թողնելու պես կուլ է տալիս թուքը, բայց դա այլևս ծանր վայրկյան չի,
որովհետև ուտելու իր հոգսը կարելի է ներս գցել և չասել «ինչ ենք
ուտելու»: Ծանրը այն վայրկյանն է, երբ հայրիկի ձեռքը մտել է գրպանը
և երեխաներն սպասում են ձեռքի ելնելուն: Եվ ոչինչ չի պատահում –
լույսը խաղաղ այրվում է, երեխաներն աչքները թարթում են, իր
ներսում տնքալով հայրիկը շնչում է չշնչելու պես, ոչինչ էլ չի
պատահում...
Խուլ ու տաք ծիծաղեցին, և տղան առավ գետափի բույրը: Այգիների արանքում տղան տեսավ կարմիր շորի ընթացքը, և դարձյալ ծիծաղեցին խուլ ու տաք:
– Զատիկ չկա,– ասաց տղան,– գնանք տուն:
Թաթիկները փակ՝ երեխան գրկվելու ձգվեց:
– Կայարանից քեզ համար զատիկ կբերեմ,– ասաց տղան:
Նրա մանրիկ շնչի, նրա թաթիկների, նրա փոքրիկ խոնավության,
նրա ծիտիկային թեթևության մոտ դա այնպիսի կոշտ սուտ էր...
– Զատիկ չկա,– ասաց տղան,– հիմա զատիկ չկա:
Մայրը մառանից դուրս եկավ ու արևի մեջ մի պահ մնաց անուշադիր: Նայում էր տղային, բայց կարծես չէր տեսնում: Ձեռքին մի տուփ
կար և գոգնոցը հավաքած էր: Հը՞, ասաց մայրը: Ձիու վրայից եղբայրը
ասաց.
– Էդ ի՞նչ է գոգնոցիդ մեջ:
– Հը՞,– ասաց մայրը:
– Էդ գոգնոցիդ միջինը ինձ տուր,– ձիու վրայից ասաց եղբայրը:
Մայրը ներս մտավ, և տղան ներս մտավ, երեխային դրեց անկողնում, թիկունքը վերմակով ծածկեց ու նստեց թախտին: Մեջքը ծալվում
էր: Նրա ոտքերի մոտ մայրը նստեց հատակին: Սա իրենց տունն է. սա
Հրանտ եղբոր բռնցքամարտն է. սրանք կարպետի լուռ սիրամարգերն
են. սա մայրն է, մայրը տուփից կոշիկներ հանեց ու ձեռքի մեջ
շուռումուռ տվեց բրոնզած պիտակը. սա երեխան է, երեխան մանրիկ
փսփսում ու հևում է իր փոքրիկ ձեռքի վրա. ձեռքի վրա սև
պուտիկներով կարմիր զատիկ է շարժվում և զատիկի հետ երեխան
ձեռքը պտտում է. դրսում ձիավորվել է մարշալը. աղբյուրում լվացք է
անում քույրը. տանձենու դեմ ամպերի քոչի մասին մտածում է ախպերիկը:
– Բա սրանք ձմեռվա՞ համար չեն,– ասաց տղան:– Բա ձմե՞ռը չէինք
հագնելու:
– Հագիր,– ասաց մայրը:
Կոշիկը ոտը գրկեց, և տղան զգաց գետափի հղկած որձաքարը:
– Է՜,– ասաց տղան,– կպահեինք, ձմեռը կհագնեինք, էլի:
Մայրը քուղը կապեց և շոյեց ոտը: Եվ նորից շոյեց: Մյուս կոշիկը
չկար:
– Աշխարհը զարդարված ման է գալիս,– ասաց մայրը:– Դեսը տուր,–
ասաց մայրը և կռացավ թախտի տակից հանելու: Թախտի տակ մեկը
շշնջում էր, և տղան հիշեց նկարչին, սա մոր ձեռքի և կոշիկի հետ
թախտի տակից դուրս եկավ և« քամակը բարձր, արմունկներով չորեքթաթվեց մոր մոտ: Ցը, շշնջում է նա, ցը, է, ցե... բը... Սպասիր,– նա
կառչեց կոշիկից,– ցը, է, բը, օ, ցեբո՞,– հարցրեց նա:
– Ցեբո,– ասաց տղան:
– Ցեբո,– մյուսն աչքերը թարթեց:– Ցեբոն էդ ի՞նչն է:
– Չգիտեմ,– ասաց տղան:
– Էս ոսկի՞ է,– ասաց մյուսը,– էս տառերը ոսկո՞ւց են շինած:
– Ոչ,– ասաց տղան,– բրոնզ է:
– Բրոնզ է,– ասաց մայրը,– բրոնզը ոսկի՞ն չի:
– Ոչ,– ասաց տղան,– բրոնզը բրոնզն է:
– Բրոնզը բրոնզն է, բայց մի քիչ ոսկի է, չէ՞,– ասաց մյուսը:
– Ոչ,– ասաց տղան,– ոսկին ոսկի է, բրոնզը՝ բրոնզ:
– Է՜...– մյուսը մոլորվեց:– Բա ոսկին էդ ի՞նչն է:
Մոր մատները ուռած էին, մատնեմատի ոսկի մատանին հազիվ էր
երևում:
– Ոսկին մամայի մատանին է,– ասաց տղան, և մյուսը վերցրեց մոր
ձեռքը: Եվ շուռումուռ տվեց մոր ձեռքը, նայեց տակից, մատների
արանքից, ետ քաշեց ոսկու վրայից ուռուցքը, և ձեռքը հիմա մորը չէր,
մայրը ձեռքը հիմա տվել էր նրան: Նա ձեռքը ետ դրեց մոր գոգին և
ասաց.
– Ոսկի՞ն է լավ թե բրոնզը:
– Ոսկին,– ասաց տղան:
– Ճիշտ է, ոսկին, բայց եթե ոսկին՝ ինչո՞ւ ոսկով չեն գրել:
– Չգիտեմ,– ասաց տղան:
– Բայց էդ ի՞նչը կլինի ցեբո:
– Կոշիկի գործարանի անունն է,– ասաց տղան:
– Ճիշտ է,– ասաց մյուսը:– Բա գործարանն անուն կունենա՞:
– Կունենա,– ասաց տղան:
– Էդ ո՞նց:
– Չգիտեմ,– ասաց տղան:
Մյուսը հատակին պառկեց ու նայել սկսեց կոշիկի տակը – ցը՜ է...
Իսկ մայրը քուղը կապում էր, քուղը կապեց ու շոյեց կոշիկի երեսը, նորից շոյեց:
– Գործարանն էդ ի՞նչն է,– ասաց մյուսը:
– Որտեղ շատ մարդիկ են աշխատում:
– Գիտեմ,– ասաց մյուսը:
– Դե որ գիտես՝ անտեղի ինչո՞ւ ես հարցնում:
– «Անտեղի ինչու ես հարցնում», բայց մի կոշիկը էդ քանի՞ մարդ է
կարել, որ՝ «որտեղ շատ մարդիկ են աշխատում»,– ասաց մյուսը:
– Մի կոշիկը մի մարդ է կարում, շատ կոշիկը շատ մարդիկ են կարում:
– «Շատ կոշիկը շատ մարդիկ են կարում»,– բողոքեց մյուսը,– էստեղ
գրած է ցեբո, «ցեբոն գործարանի անունն է»:
– Չեմ հասկանում,– ասաց տղան:
Մյուսն ասաց.
– Մի կոշիկը մի մարդ է կարում, վրան գրած է ցեբո, ցեբոն էլ «գործարանի անուն է»:
– Գործարանի անուն է,– ասաց տղան:
– Բայց մի կոշիկ է, մի կոշիկն էլ մի մարդ է կարում, ցեբոն էլ գործարանի անուն է:
Տղան մտածեց և չհասկացավ:
– Չեմ հասկանում,– ասաց տղան:
Կոշիկի բրոնզած պիտակը երեխայի ձեռքին էր, մայրը նստած էր
կոշիկների դեմ հատակին, ժամանակն էր ելնելու, գնալու, բայց տղան
չէր ելնում նույն այդ բրոնզատառ տակերի պատճառով:
– Հը՞,– ասաց մյուսը:
– Ի՞նչ «հը»:
– Չե՞ս հասկանում, մի կոշիկը մի մարդ է կարում, բայց մի կոշիկի
վրա ցեբո է գրած, ցեբոն էլ գործարան է, գործարանն էլ՝ «որտեղ շատ
մարդիկ շատ կոշիկ են կարում»:
– Է, կարում են, հետո՞:
Մյուսը բերանը կտրուկ բացեց, բայց չկարողացավ հասկանալի խո-
սելու ձև գտնել, անկողնում երեխան շլվել էր բրոնզած պիտակի վրա և
շշուկով ասում էր ցե-բո... կոշիկների դեմ հատակին մայրը կարծես
ննջում էր:
– Գետնից վեր կաց,– ասաց տղան.– ի՞նչ ես ուզում. չեմ հասկանում:
– Չեմ ասում:– Մոր ոտքին հենվելով՝ մյուսը կանգնեց, և նրա զույգ
թաթերը մոր սրունքին փոսեր արեցին:
– Եզան պես ծա՜նր տեղիցդ հազիվ վեր ես կենում,– ասաց տղան,–
կարծես եզ լինես:
Նրա բոբիկ ոտների մոտ ինքը կոշիկավորված՝ տղան կանգնեց, և
մյուսի հասակը տղայի գոտկատեղից էր. մյուսը գլուխը կախել ու այդ
րոպեին տղային չէր սիրում, բայց միայն տղայի ոտքի չափ էր. տղան
բարձրացրեց նրա դեմքը, և նրա վիզը թույլ էր, իսկ տղայի մատները
փափուկ ներս գնացին նրա երեսի նուրբ փափկության մեջ, բայց նա
կոպերը ցած էր պահում և չէր նայում տղային. այդ րոպեին նա տղային
չէր սիրում, բայց տղայի մի ոտքին էլ չէր կարող հաղթել: Եվ տղան
ամաչեց իր կարմիր ուժեղ ձեռքի համար: Եվ սիրտը պատռելու չափ
վիրավորական էր լինել փոքրիկ, ատել ոտքը և կանգնել այդ ոտքի դեմ:
– Դե լավ,– ասաց տղան,– դե լավ, դեմս մի ցցվիր:
Մայրը իբր սթափվեց ու օֆ արեց՝ օ՜ֆ... դա փոքրիկ թռչունը բնից
թռչելու նման էր, բայց այդպես է թռչում նաև մարդու հոգին, ասում են
այդպես է թռչում: Հոգին այդպես թռչում է, և մարմինը լինում է լքված
բնի նման, թռչունի դատարկ բնի նման՝ որ ամիսների մեջ դանդաղ
փտում է... բայց չի կարելի կանգնել մայրիկի ու երեխաների մեջ և
մտածել այդ բաները, որովհետև մտքերը կատարվում են:
Մյուսը չկարողացավ մնալ վիրավորանքի բեռան տակ, նրա փոքրիկ մարմինը այդպիսի բեռան համար շատ էր անլուրջ, քուռակի պես
նա դուրս պրծավ վիրավորվածի իր վիճակից: Նա մայրիկին ասաց.
– «Օֆ»... Բա որ քեզանից հոտ է գալիս... Քեզանից հոտ է գալիս՝
«օֆ»:
– Ձենդ,– ասաց տղան:
Մայրիկը ժպիտը թաքցրեց ու ասաց.
– Գետինը մտնես, ի՞նչ հոտ:
– Պահ, ինքը չգիտի,– ասաց մյուսը,– «ինչ հոտ»:
– Ուշանում ես,– ասաց մայրը տղային,– գնանք ճանապարհ գցեմ:
– Գաթա տուր,– ասաց մյուսը:
Մայրը տնից դուրս եկավ մի տեսակ հապճեպ: Մյուսը նրա ետևից
գնաց, բայց սենյակում փոքրը մենակ էր մնում, մյուսը ետ մնաց:
– Այ էդպես կփախչեք,– ասաց մյուսը,– իրենցից գաթայի հոտ է գալիս, իրենք՝ «ուշանում ենք, արի ճանապարհ գցենք»:
– Քուռակ,– ասաց տղան:
Մյուսը չպատասխանեց, բայց երևում էր, որ իր մաքուր բերանով
նա մտածում էր՝ քուռակ էլ, ձի էլ, ձիու հոտ էլ:
– Քուռկիկ,– ասաց տղան,– իշուկ:
– Դու էլ՝ ցեբո,– ասաց մյուսը,– ցեբո:
– Կայարանից քեզ համար ի՞նչ բերեմ,– ասաց տղան:
– ...,– անձայն ասաց մյուսը, և հասկանալի էր, թե ինչ ասաց:
– Մոռ կեր,– ասաց տղան:
– Դու կեր,– ասաց մյուսը, և հասկանալի էր, որ մոռի մասին չէր
ասում, բայց չէր կարելի նրան ծեծել, որովհետև չէր կարելի լինել մեծ ու
կոշիկավորված և ծեծել բոբիկ փոքրին, և տղան դուրս եկավ:
Մարշալը ձիու վրայից տեսավ ու ծաղրեց կոշիկները՝ պահ-պահպահ-պահ, և փքվեց այնպես, ինչպես իբր թե փքված էր տղան:
– Բա որ դու երեխայի համար զատիկ չէիր գտել,– ասաց տղան,–
իջիր:
– Ամբողջ այգին մի ժամ ման եկա՝ չկար:
– Դու խնձորի ես ման եկել, զատի՞կ ինչու էիր գտնելու:
– Պահ,– վիրավորվեց մարշալը,– մի այգի էլ ունենաք:
– Այո,– ասաց տղան,– քո այգին չի, դու թղթակից ես:
Մարշալն ուշ պատասխանեց, երբ մայրն ու տղան ձին քաշելով հեռացել էին:– Ով որ կոշիկ է հագել՝ թղթակիցը նա՜ է,– և մայրը ժպտաց:
Մոր ժպիտի հետ աղբյուրի ջրերից դուրս պրծավ քույրը, և պորտիկը ցից ու կապույտ տրուսիկը տգեղ, վազելով եկավ, և կարծես թե մոր
ժպիտը նրա համար էր: Եկավ կանգնեց տղայի դեմ ու ձեռքը լուռ նրան
պարզեց, ձեռքի մեջ՝ տանձ: Այդ տանձը տղան աղբյուրի մոտ առվի մեջ
տեսել էր, առուն այդ տանձը բերել էր վերևի այգիներից, իսկ առուն
անմաքուր էր Սահակի զուգարանի պատճառով:
– Քեզ է տալիս,– ասաց մայրը:
Տղան վերցրեց, իսկ քույրը լուռ նայում էր:
– Կուտեմ,– ասաց տղան:
– Կծիր, թող տեսնի,– ասաց մայրը,– քո քույրն է:
– Իմ քույրն է,– և տղան կծեց:
– Դե գնա,– ասաց մայրը,– գնա աղջկա քո գործերին:
Տղան ծամեց ու ասաց.
– Կուտեմ, թող մինչև ճանապարհ հետներս գա:
– Գնա քո լվացքին կաց,– ասաց մայրը:
Քույրը ետ մնաց, քրոջ ձեռքերը կարմիր էին, երեսը՝ մոխրասպիտակ ու փշաքաղված: Կհիվանդանա կմեռնի, մտածեց տղան:– Կմրսի
կհիվանդանա,– ասաց տղան:
– Բանիդ կաց,– ասաց մայրը,– չի հիվանդանա:
Այգու ծառերի տակով, որոնց բները սպիտակեցված էին և խոտը
հնձված, Սահակի դռներին կարմրին տվին նրանց շորերը, և տղան
սիրտը ցավելով զգաց աճուկների այն թեթև սառնությունը, որ լինում է
թաց տրուսիկը գետափին հանելուց հետո:
VIII
Մայրը ետ էր նայում ու, ետ նայելով էլ, ձեռքը տղայի բուռն էր կոխում և ասում էր. վերցրու-վերցրու... բռնիր-բռնիր... քանի չի նայում՝
վերցրու: Գաթա էր: Ուս-ուսի տղայի հետ քայլելով, ձեռքի մեջ գաթան
ու ձեռքը գոգնոցի տակ, քայլելով տղայի հետ կոնք-կոնքի՝ որպեսզի
իրենց երկուսի արանքից քրոջը չերևա թե իրենք էդ ինչ բանի են, մայրը
ձեռքը տղայի բուռն էր կոխում և ետ նայելով ասում էր... Եվ այդ
ժամանակ Սահակենց տների դեմ գետի մյուս ափին անտառի եզրին,
կենտ զկռենու տակ, կլկլացրին թուրքի պես քաղցրացնելով ու
գեղգեղալով Սահակենց մեծաբերանն ու Մարտիրոսի տղան: Եվ
նրանց դեմ Սահակենց դռներին կարմրին էին տալիս նրանց շորերը և
դրանց դեմ զկռենու տակ նրանք երգում էին և միայն երգն էր և կարմիր շորերն էին, մնացյալը լուռ ու կանաչ էր, և այնպես էր, կարծես
նրանք գիտեին նրանց նայելը և վիթխարին ժպտում էր այդ պատճառով, և մայրը կանգ էր առել ու ականջ էր դնում զկռենուն և ասաց:
– Էն կրակվածն էն ո՞վ է երգում:
– Հա, երգո՜ւմ,– ասաց տղան,– թուրքի նման կլկլացնում է՝ «երգում»:
– Թուրքերը լավ են երգում,– ասաց մայրը:
Մտան ճանապարհ, Մարիամը գալիս էր: Մարիամը գալիս էր, Մարիամի ետևից գալիս էր նրա Արմենուհին, երկուսով մի տաշտ էին
բերում: Նրանց տանը տղամարդ չկա, նրանց փայտի գործը դժվար է, և
իրենց խմորը նրանք տանում էին թխելու Շամամ մորքուրենց փռում:
Հորեղբոր ու Մարիամի մասին այդ պատմությունը սուտ էր, որովհետև
Մարիամին ահա ոչ մի վատ բան էլ չէր պատահել, Մարիամն
Արմենուհու հետ ողջ-առողջ խմոր էր տանում հաց թխելու, և հորեղբոր
դռան արևածաղիկները պայծառ էին, և հորեղբայրը կանգնած էր
սայլի մոտ և աչքերը թարթում էր, և տատն իր կիսախավարի միջից
կանչում էր՝ ուրուր-հո՜ւյ... և այդ ժամանակ զկռենու տակ երգեցին.
Շուրթերդ մեղրի ա, և տղան մեռավ, որովհետև կերգեին և կլիներ
Մարիամի մասին, և Արմենուհին մոր կողքին էր: Բոյդ չինարի ա. և ինչ
որ լինելու էր՝ լինում էր, և զկռենու տակ լռում էին, և տղան տանձի
կտորը կոկորդում սպասում էր: Տրուսիկդ ինտիկոս, շշուկով երգեցին
զկռենու տակ, Ինքդ հայտնի... Եվ Մարիամն ու Արմենուհին տաշտը
վար դրեցին և հանգիստ նայեցին ձիուն, մորը, տղային, և նրանք չէին
լսել, և տղան շնորհակալ էր շշուկով երգելու համար, այնտեղ սակայն
չկարողացան իրենց բառը պահել իրենց զկռենու տակ, բոա՜ա,
բղավեցին նրանք, զ-ն բղավոցի մեջ չլսվեց և կանայք չհասկացան, և
տղան շնորհակալ էր բղավոցի համար:
Կանայք չհասկացան, բայց իր տան պատշգամբում թերթի վրայից
ականջի ծայրով լսեց, ունքը թեթև կեռեց ու շատ լավ հասկացավ Գրիգորյանը և որոշեց, որ Եղըշի մարշալն էր զկռենու վրա սոխակ կտրել,
իսկ եթե, թերթը շրջելով վճռեց Գրիգորյանը, մարշալը չէր՝ դարձյալ
մարշալն էր, որովհետև ճագարի պես բազմանում են, մեկին մի բան չի
պատահում, իսկ ամբողջ գյուղում մահը փչեց ու հանգցրեց իր ճրագը:
– Անդրոյի ձին է,– ասաց մայրը:– Հրանտս կայարանում է, Արայիս
ուղարկում եմ կայարանից Հրանտիս բերի: Ձին Անդրոյինն է,– ասաց
մայրը:
– Դե գնա,– ասաց մայրը,– ախպերդ կայարանում քեզ է սպասում,
քշիր տեսնեմ ինչ տեսակ ձիավոր ես: Անդրոյի ձին է,– ասաց մայրը:
Անդրոյի ձին է, Անդրոյի ձին է, Անդրոյի ձին է... քեզ ինչ, ախր քեզ
ինչ... քո տան գործերն իբր շատ լավ են, հիմա էլ՝ «Անդրոյի... Անդրոյի»:
– Գնա,– ասաց մայրը,– կրընկի՜ր:
Չուզենալով բայց և միանգամից՝ տղան ձիուն թռավ, և թամբը նրա
տակ անկենդան էր ու ձին էլ անկենդան էր:
– Տղա-ճուտ է,– ասաց Մարիամը,– ինչքան չլինի տղա է:
– Ուզո՞ւմ ես տամ քեզ,– ասաց մայրը:
– Տուր,– շատ լուրջ ասաց Մարիամը:
Եվ մայրն անհամ ծիծաղեց ու ասաց.
– Որ էդքան ուզում ես՝ ունեցիր:
– Էլ որտեղի՞ց,– հանգած ժպտաց Մարիամը:
– Ինձնից ջահել, ինձնից առողջ,– ասաց մայրը,– քե՞զ ինչ է եղել:
– Ինչ որ ինձ է եղել՝ քեզ թող չլինի,– ասաց Մարիամը:
– Իբր որ մարդ ունեմ՝ ի՞նչ,– ասաց մայրը:– Ձին Անդրոյինն է, մի դատարկ ձիու համար Անդրոյի կողքին վիզս մի ժամ թեքել եմ: Ուրիշը լիներ՝ ուրիշի համար պատրաստ են Եղիշն էլ, Անդրոն էլ: Դու գնա,–
ասաց մայրը,– էլ էստեղ գործ չունես, կրընկիր:
Սակայն չէր լինի, չէր լինի տղավարի կրընկել այդ Արմենուհի աղջկա մոտից՝ որ աղջիկ է և չի կարողանում իրենց փռի համար փայտ
ջարդել և չի կարողանում արահետին կանգնել ու տղամարդկանցից
պաշտպանել իր մորը, այլ գուցե միայն ամաչում ու լաց է լինում, և
տղամարդիկ նրանց տան ճանապարհին գուցե արդեն նկատում են, որ
նա հասած անտեր աղջիկ է և պտուղը ծառից հեռու չի ընկնում և նա
աղջիկն է Մարիամի, ով հիմա միամիտ-միամիտ ցցվել էր այդ բոշա
կնոջ մոտ, որ անընդհատ ասում էր՝ Անդրոյի, Անդրոյի, Անդրոյի:
– Երեխադ տանը հիվանդ է,– ասաց տղան,– գնա տուն:
Մայրը նայեց կարծես մի ուրիշ աշխարհից և չհասկացավ, և ձեռքով տղային ճանապարհվելու նշան արեց ու դարձավ Մարիամին՝ իբր
հանդիպել են ու հանգիստ զրուցում են:
– Գնա տուն,– դողաց տղան: Մայրը վերադարձավ մի ուրիշ աշխարհից, մի վայրկյան ուշադիր նայեց տղային, և մոր շրթունքները անձայն շարժվեցին: Եվ նորից շարժվեցին, և մայրն ասում էր.
– Ահա: Տղա ես ուզում: Տղա ուզիր՝ որ քեզ ուտի:
– Քեզ ոչ ոք էլ չի ուտում,– ասաց տղան,– քեզ ասում են գնա տուն:
– Խիղճներդ մեռնի,– ասաց մայրը:– Խիղճդ մեռնի,– շրթունքների
դողով ասաց մայրը,– էն դժոխքից մի րոպեով դուրս եմ եկել:
– Էն դժոխքը դու ես ստեղծել,– ասաց տղան, և մայրը չկարողացավ
պատասխանել:
Եվ մայրը մեղք էր: Եվ մոր կողքին՝ Մարիամը մեղք էր: Եվ նրանց
մոտ՝ լուռ Արմենուհին մեղք էր: Եվ տանձենու դեմ՝ ախպերիկը մեղք էր:
Եվ իրենց կարմիր շորերի մոտ՝ քաղաքացի կանայք Սահակի տանը
մեղք էին, որովհետև հո չէի՞ն կարող դուրս գալ ու այս օտար գյուղում
բղավել դեպի զկռենի թե՝ անամո՜թ խուլիգաններ... Եվ այս բոլորի
պատճառը տղան էր, որովհետև տղան եթե չլիներ, այդքան երեխայի
արանքում այդ մեկը չլիներ, շատ հանգիստ, այո, չլիներ – ամեն ինչ շատ
կարգին կլիներ, ինչպես կարգին էր Սահակենց մեծաբերանի ու
Մարտիրոսի տղայի համար, որոնք կարծես ոչինչ էլ չէին արել, զկռենու
ետևից «Ծաղիկ ես, ծաղիկ ես» շվշվացնելով դուրս եկան, զառիթափ
բաց լանջին նրանցից մեկը կանգնեց, մատները բերանը տարավ և
ուժեղ սուլեց ու կանչեց. «Արա, էդ ձին մեղք է, քշիր, նախագա՜հ», իսկ
մյուսը շատ լավ էլ շվշվացնում էր՝ «Ծաղիկ ես, ծաղիկ ես, անթառամ
ծաղիկ ես, ունքերդ կամար, ազիզ ջան, սարի ծաղիկ ես...», և նրանց
շվշվոցը շատ լավ էլ հավանում էին մայրը, մոր կողքին՝ Մարիամը,
նրանց մոտ՝ Արմենուհին, աղբյուրում՝ գուցե քույրը...– է-է-է-է՜,– և տղան
ծամածռվեց ու ճիպտեց:
IX
– Հա՛ քու նախագահիդ...– բաց զառիթափից նրանք ծաղրեցին
նրանց գնացքը, և տղան նորից ճիպտեց, այդ տղայի մեջ, սակայն,
վարգ չկար և ձիու մեջ վարգ չկար. քուռակի իր վարգը նա կարկտել էր
տղայից առաջ հեռու ժամանակներում ու Քառանց ընտանիք եկել որպես արդեն բեռնաձի, և վիրավորական էր անցորդի պես մի երկու
օրով այդ ձիու կյանք մտնել ճիպոտը ձեռքին, հետո ճիպոտը գցել ու
գնալ համալսարան՝ ձին թողնելով գետափին, մինչև որ Եղըշի տնից
դուրս գա հաջորդը, ճիպոտը վերցնի ու մի երկու օրով մտնի այդ ձիու
կյանք: Իրենց զառիթափից նրանք կարող են ծաղրել, ձին նրանցը չէ:
Զկռենու մոտից նրանք կարող են շվշվոցով իջնել, քույրը նրանցը չէ:
Գետակի մեջտեղի քարին ոտ խփելով՝ նրանք գետակը կանցնեն, և
քույրը նրանց դեմ լրիվ անպաշտպան է: Այսօր չէ, վաղը: Ընդամենը
վաղը: Եվ շիլ աչքերի լացը նրանց խիղճը չի շարժի: Եվ շիլ աչքերի
վիշտը նրանց համար ծիծաղելի կլինի: Եվ շիլ ընտանիքի շփոթմունքը
գյուղի համար ծիծաղելի կլինի, և գյուղի ծիծաղի տակ նրանք կասեն.
ո՞ւմ՝ դրա՞ն – ո՞վ՝ մե՞նք, և դունչները զզվանքից կծռմռեն, և գյուղը
կտեսնի, և շիլ ընտանիքը կտեսնի, որ նրանք վատություն չեն արել,
քրոջը լավություն են արել: Գնացեք շնորհակալ եղեք: Եվ չի կարելի
գյուղից նրանց դուրս անել, որովհետև ո՞վ դուրս անի և Կիրովական
վայրենի քաղաքում նրանք կխեղճանան և կկարոտեն մեր Ծմակուտ
գյուղին: Օդեսա, Օդեսա: Ուրեմն՝ Ոդիսևս, ուրեմն՝ Հունաստան,
ուրեմն՝ արտասահման: Ոչ, պատերազմի ժամանակ մերոնք Օդեսան
պաշտպանել են, ուրեմն՝ արտասահման չի: Հայրիկը տեսնես գիտի՞
ռուսերեն: Հայրիկն ասում է «նէտ, խորոշո» ու խեղճ-խեղճ ծիծաղում է:
Հայրիկը ռուսների մեջ ասի «խորոշո» ու քրտնի: Հրանտ եղբայրը
ռուսերեն կիմանա: Ռուսերեն կիմանա, բայց փող չունի: Թերթի
հոդվածների համար ինչքա՞ն փող են տալիս, թե՞ դու ես տալիս: Տատը
գուցե ոսկի ունի: Տատը Շամուտի աղջիկ է, իսկ Շամուտը կանաչ գյուղ
է, ավերակներ չկան, ոսկին որտեղի՞ց էր լինելու: Կանաչ արոտ-այծի
կուրծք-երեխայի բերան, դարձյալ խոտ-կուրծք-բերան, կաթը
արանքում իսկի պանիր էլ չի դառնում, ոսկին որտեղի՞ց էր լինելու: Հին
իշխանական ավերակներ էլ՝ չկան, միայն կանաչ է: Բագրատունիներն
ու Արշակունիներն էլ Արարատյան դաշտում են եղել, իսկ մեր
Ծմակուտը միայն փարթամ կանաչ է: Փարթամ կանաչ է, բայց Սահակը
Կիրովական քաղաքում տներ է սարքում: Պատերազմի հաշմանդամ է՝
թոշակի փողերով: Պատերազմից մինչև հիմա՝ տասներկու տարի
անգամ տասներկու ամիս... հարյուր քառասունչորս ամիս անգամ
տասնութ ռուբլի... հարյուր քառասուն անգամ քսան ռուբլի...
տասնչորսը երկուսով. քսանութ – երկու հարյուր ութսուն – երկու
հազար ութ հարյուր՝ վեց կովի գին... Տներ-տներ՝ երկու սենյակ է, տասը
տարի է սարքում է: Որ էդքան խեղճ եք՝ ձեր գյուղում ձեզ կարգին
պահեք: Ոչ նվագել գիտեք, ոչ ռուսերեն գիտեք, ոչ հագնվել գիտեք,
գյուղի ձեր խեղճ լեզուն տանելու եք գցեք էն վայրենիների բերանը:
Եթե քոչելն էդքան լավ լիներ՝ Գրիգորյանը կքոչեր, Գրիգորյանը փող
ունի: Փող շատ ունի, բայց ժանգոտ մարդ է, և ով էլ լիներ՝ ժանգոտ
կլիներ, որովհետև երեխա դժվար էին ունեցել, դժվար էլ մեծացրել էին,
և մեռավ: Եվ ամբողջ դպրոցի աղմուկի մեջ այդքան ծիծաղներից ու
այդքան չարություններից ոչ մի հնչյունը նրանցը չէ, նրանցը լռել է: Նա
լավ տղա էր, եթե Գրիգորյանից չվախենար՝ տղան նրա հետ
ընկերություն կաներ: Կտաներ մոռի, հաճարկուտի լռության մեջ նրանք
կնստեին այն տեղի մոտ, ուր քիչ առաջ նստած էին եղել հայր-եղնիկը,
մայր-եղնիկը և տղա-եղնիկը: Իսկ չի՞ կարելի ասել եղնը, եղնուհին,
եղնիկը: Կարելի է մտածել, բայց դասարանում չի կարելի ասել,
որովհետև տեղնուտեղը վրա կտան՝ «ճագարը, ճագարուհին և
շլդոները» և դա իրոք ծիծաղելի կլինի: Աշոտը դասարանին չէր միանա:
Նա չէր միանում: Նա չէր լսում՝ բայց խուլ չէր, լսում էր՝ բայց չէր
միանում, և մեռավ: Արգանդի երեխայի պես ինքը իր մեջ, խանձարուրի
երեխայի պես ինքը իր մեջ՝ նա անջատված էր. չէր միանում, չէր
միանում մեզ, և մեռավ: Ի՞նչ էր մտածում, ի՞նչ էր ապրում, ի՞նչ էր
քաշում: Երեխաների մեջ դասարանից դասարան էր փոխադրվում, և
կարծում էին արժանի չէ բայց փոխադրվում է որովհետև Գրիգորյանի
երեխան է, բայց այդպես չէր. նա հասկանում էր՝ բայց չէր
պատասխանում, խուլ չէր՝ բայց չէր լսում – ինքն իր մեջ, ինքն իր մե՜ջ...
Ինքն իր միջից նա այդպես էլ դուրս չեկավ: Միայն մի քիչ ժպտում էր,
ժպի՞տ էր, դժգոհությո՞ւն էր: Ի՞նչ է մտածում ձուն: Ի՞նչ է մտածում
ծառը, ի՞նչ է մտածում արևածաղիկը, ի՞նչ է մտածում եղբայրը
տանձենու դեմ: Երբ նա մեռավ, երբ նրա թափորը գերեզմանոցից
դառնում էր և երբ շլդոները մատները բերաններում շարվել էին
արահետին՝ տղան նրանց տուն գալ ծղրտաց, խուլ, քրտնելով, ինքն իր
ձայնը չլսելով նրանց տուն կանչեց, բայց նրանք դարձյալ շարված էին
արահետին և մատները բերաններում նայում էին թափորին, իսկ
քույրը, այն ժամանակ ամենափոքրը քույրն էր, պոկվեց ու վազեց
արահետն ի վար դեպի մայրը, որ թափորի մեջ էր, բայց հազիվ թե լաց
էր լինում, որովհետև այդ կնոջ մեջ ուժ չկա ոչ ծիծաղելու, ոչ էլ
հեկեկալու մինչև սրտի ծակոց: Եվ այդ ժամանակ Գրիգորյանը
գլխարկի տակից և ունքերի տակից տեսավ, որ Եղըշի դյուժինը ողջառողջ շարված է արահետին, իսկ իր միակը հանգավ: Եվ նրա աչքերից
ժանգաջուր էր կաթում, և դժվար էր դպրոց գնալ ու ցցվել նրա աչքի
դեմ և դեռ լավ սովորել ու նրա ձեռքով գերազանց գնահատվել: Եվ
եղել էր ամենակեղտոտ բանը, և Աշոտի փոխարեն թող տղան
մահանար, բայց Գրիգորյանի վիշտը մաքուր չէ: Անմաքուր է: Ամեն
անգամ, նա ամեն անգամ, երբ քարտեզի մոտ է կանչում, երբ քեզ
նայում է, երբ քեզ բոլորի մեջ է նայում, երբ ուրիշի է նայում, բայց աչքի
տակով տեսնում է նաև քեզ, միշտ նա գիտի, որ Աշոտի փոխարեն
կուզենայիր դու մահանալ և քեզ պարտադրում է, պարտադրում է
Աշոտի համար քո ցավը թե՝ նրա փոխարեն դու էիր մեռնելու, Աշոտի
փոխարեն երանի դու մեռնեիր, իմ միակի փոխարեն՝ դու... և այդտեղ
արդեն, քանի դեռ չես քարացել, ուզում ես ետ ցատկել ու ասել՝ գիտես
ինչ... Եվ ժանգոտ աչքերդ քիչ քսիր խեղճ ճագարներին: Եվ զկռենու
տակ Եղըշենք չէին երգում: Եվ եթե Եղըշենք էին երգում՝ քեզ ինչ, դու
ինչ գործ ունես նրանց հետ, տղա ես կորցրել՝ քո վշտին մնա, քո
անունն ինչ գործ ունի գետափին, «Գրիգորյանը, Գրիգորյանը,
Գրիգորյանը»: Իսկ խեղճ Աշոտը գերեզմանոցում մենակ է, ինչպես որ
դագաղում էր մենակ: Ինչպես որ դասարանում էր մենակ: Դասարանի
երամը իր մեջ նրան դասարանից տանում էր դասարան, ավելի ու
ավելի վեր, և նա թույլ ժպտում էր, բայց նա մենակ էր, ինչպես որ հիմա
գերեզմանոցում է մենակ, իսկ նրա հայրը գետափին է, սալերը ջերմ են,
գետը խուլ մրմնջում է, ոտքերի տակ սալերը փափուկ հղկված են,
փափուկ մարմինները փափուկ խշշոցով շուռումուռ են գալիս ջերմ
մրմունջի մեջ և փափուկ ժպտում են, և նրա հայրը գետափին է:
Ապուշի մեկը, դու ժպտա՜, դու կարծիր, որ սրանք միամիտ գյուղացի
են, քաղաքի ձեր էդ բաներից բան չեն հասկանում, ասա «Ռուբենը
Գրիգորյա՞ն չի», կարծիր, որ նա տղա է կորցրել ու նա վշտի մեջ է ու քո
մարմինը նրա առջև բաց չէ, իսկ եթե բաց է՝ գյուղացիների համար չի
բաց, գյուղացիները ոչխար են պահում, ու ժպտա՛, խմորի պես
փափո՜ւկ՝ ժպիտդ բաց արա... դու չգիտես, դու ախր ոչինչ չգիտես:
Այնպես, հանկարծ, արահետից սայթաքելով դուրս ընկնելու պես,
միամիտ, պատահաբար, ճանապարհից միզել թեքվելու պես
կոճակներն արձակելով կգան մոտդ – իհա՜րկե դասատու մնա,
տանձենին կաթում է, խաղաղ արև է, արևածաղիկը պայծառ է,
գյուղացիներն էլ միամիտ են և միամիտ-միամիտ թարթում են աչքները:
Հետո... կփչացնես ու գոմից ծմրալով քարշ կգաս տուն, իսկ
գյուղացիները գրասենյակի դռանը աչքները կթարթեն և չեն ասի, թե
շունը կաղալուց չի սատկի, չեն էլ մտածի, և Գրիգորյանը
պատշգամբում թերթի վրայից մի վայրկյան կնայի կամ չի նայի, դու
խշշա, խշշա ու քարին հարմար տեղավորվիր: Աշոտը, ճիշտ է, մեռավ,
բայց Աշո՛տը մեռավ, իսկ Գրիգորյանը գետափին ձեր մեջ է և Աշոտը
գործ չունի Գրիգորյանի ու քեզ հետ: Ընկերոջ անունը պետք է հանել
նրանց միջից, ու մտնել անտառ, գնալ, գնալ, գնալ՝ մինչև որ տատի
ձայնը չի հասնի և տատի փախցրած ուրուրն էլ չի հասնի, մինչև
լռություն, ուր հավասար կանգնած գորշ լույսի մեջ հաճարենիների
բներն են ու եղնիկների հուշը: Նստել այնտեղ ընկերոջ անվան հետ: Եվ
տնքալ, օրորվել ու չկարողանալ մտածել:
ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՐԱՅԻԿ ՔԱՌՅԱՆ
մոռ էինք քաղում
օգոստոս
Դրա մեջ որևէ իմաստ անպայման կլինի, որովհետև Աշոտը չկա և
անտառում մարմրում է եղնիկների հուշը: Պետք է զգույշ լինել ու չգրել
ՏՏ խարանված հաճարենու վրա: Մոտիկ տեղերում էլ չպետք է Տ
հաճարենի լինի, ընկնելիս Աշոտի ծառը կփչացնի: Լուռ, խուլ մի տեղ:
Ուր երբեք սղոց չի մտնելու: Կացին էլ չի մտնելու: Դանակը գրպանում՝
տղա էլ չի մտնելու: Ուր ծառերը լուռ մտածում են: Սովորականից մեծ
սև ճանճը պատահաբար ընկնում է այդտեղ, թավ բզզոցով դեսուդեն է
խփվում ու դուրս նետվում, որովհետև դա իր տեղը չէ: Տղան նստած է
հաճարենու տակ, տնքում ու օրորվում է: Հիմա կարելի է վեր կենալ,
հեռանալ, ետ չնայել՝ չիմանալու համար թե որ ծառն է պահում իրենց
անունները, և դանդաղ, լուռ, ամեն ծառի տակ կանգնելով իջնել,
անտառից ելնել գետափ: Պառկած աղջիկը ձեռքը ժպիտի միջից
բերում, մի հատիկ մոռ է վերցնում ու լուռ ժպիտի մեջ՝ տանում, ու չի
հասկացվում, թե երբ է ուտում, որովհետև միայն լուռ ժպտում է, և
տղայի փափուկ մազերը մաքուր են, արդուկած տաբատը ճիշտ վրայով
է, մազերի ու սպիտակ վերնաշապիկի մեջ մի քիչ քամի կա... բայց
տափաստանի թուրքը մենակ մնաց: Լեռնանցքը լիզելով՝ ամպերը գողի
պես կիրճ մտան ու կիրճն ի վար, կիրճն ի վար եկան, և թուրքի ոչխարը
ջրի համն առավ ու գժվեց, ոչխարը ոչխարի վրայից լիզեց ցողն ու
սկսեց բուրդը կրծել: Թուրքը ծղրտաց խրտնեցրեց հոտը, հոտը ցրիվ
եկավ: Խումբ-խումբ, խումբ-խումբ՝ տափաստանով մեկ ոչխարները
խմբեր դարձան, թուրքը վազեց խմբերը ցրելու, մի խումբը ցրեց, բայց
նրանք դարձյալ կուտակվեցին: Տափաստանով մեկ կույտեր տված՝
ոչխարը ոչխարի բուրդն ուտում էր: Թուրքն ու տղան խրտնեցնում էին,
կույտերը մի քիչ ցրվում էին, հեռանում ու հավաքվում, տղան քրտնել
ու խեղդվում էր...
X
Եվ իսկական փրկություն էր, որ թոքերի շրխկոցով, ձիու լանջը
քրտինքից մթնած՝ եկավ հասավ և տնավարի ու թշնամաբար զզվեց
Ղազարյան Մեսրոպ քեռին.
– Այտա, տնաշենի լակոտ, Կալքարա գլխից տեսա՝ Հոնուտ թմբին
էիր ու դեռ էստեղ ես, քշի՛ր հալա:
– Ես ի՞նչ անեմ, չի գնում,– ասաց տղան:
– Չի գնում, չէ՜:– Նա իր զամբիկը ոլորեց անցավ տղայի ետևը, իր
ձիու կրծքով հրհրեց և մտրակեց տղայի ձիուն:– Պի՛նդ կաց:– Նրա ձայնը ետ մնաց, նա ետ մնաց, բայց մի րոպեում եկավ հավասարվեց ու
երբ առաջ էր անցնում՝ հակվեց ու ձախ ձեռքով, անճկուն ու կոպիտ,
նորից մտրակեց Ալխոյին:– Տակիդ քնեցրել ես՝ թե չի գնում:
Նրա մեջ թարս մի բան կար, զամբիկի սրունքնե՞րն էին բարակ, թե՞
զամբիկը պայտած չէր ու ջղային էր, թե՞ նա ինքն էր զամբիկին թեք
նստած, բայց նրա մեջ թարս մի բան կար... Բայց ահա նա էլ տղային
չհավանեց, և նրա ձայնը ժանգոտ թիթեղի նման էր.
– Ոտքերիդ վրա կաց, քամակդ թամբից կտրի՛ր, խուրջին չես, մի՛
ծեծվիր:
Նրա մտրակի պոչը եղնիկի ոտ էր: Զամբիկը նրա տակից կարծես
ուզում էր դուրս պրծնել, թե՞ նա զսպում էր զամբիկի վարգը, բայց նրա
մեջ զամբիկին զայրացնող փշոտ մի բան կար: Նրա բեռը կասկածելի
թվաց, բայց պարկն արյունոտ չէր:
– Էս ո՞ւր եք գնում,– հարցրեց նա:
– Գնում եմ:
– Շամուտ եք գնո՞ւմ:
– Կայարան:
– Հա, մինչև Սոթ ուրեմն ընկեր ենք: Քշի՜ր:
Տղան կրնկեց, և Ալխոն չէր նեղանա, որովհետև իրենից ու տղայից
մեծն այստեղ...
– Քշիր, քշիր, ձին չպիտի իմանա թե երբ ես խփում, տնաշենի տղա,–
նա կախվեց ու վրա բերեց տղայի գլխի վրայով Ալխոյի գավակին:–
Ոտքերիդ վրա մնա, խուրջին չես: Սալահլվեցի մի մատ լակոտը
Փափախքարա տվեց ու տասը րոպեում դուրս եկավ Գառնաքար,
կարմիր շորը մեկ Փափախքար տեսա, մեկ էլ տեսա Գառնաքար է:
Բուդյոննին ետևից չէր հասնի, դու քանի՞ տարեկան ես:
Տղան ճիպտեց:
– Չէ՜ մի, թուրք կդառնաս: Մի րոպեում կհասներ ու կծվատեր:
Տղան նայեց այդ մարդուն և մի քիչ դժվար առարկեց.
– Չէր ծվատի:
– Կխնայե՜ր:
– Էդ ինչո՞ւ կծվատեր:
– Դու մինչև ինչի՞, ինչո՞ւ, ինչի՞ համար... հա՜, սատկած..© քանի՞
տարեկան ես, դեռ զինկոմիսարիատ չեն կանչե՞լ:
Տղան հասկացավ, որ խոսքը բանակի մասին է: Տղան ժպտաց: Դա
այնքան հեռու բան էր, ինչպես որ Բուդյոննին էր հեռու Փափախքարից,
ուրեմն՝ սուտ կլիներ նաև ծվատելը:
– Դու մեր Ավետիքից ինչքա՞ն ես փոքր, թե՞ նվազ ես, փոքր չես:
– Ավետիքը տասը վերջացրեց,– ասաց տղան:
– Վերջացրել է, կանչել են զինկոմիսարիատ: Մի դասարան էի՞ք:
– Յա,– զարմացավ տղան:– Ավետիքը տասը վերջացրել է, ես փոխ-
վել եմ վեց: Փոխվել եմ վեց: Վեցերորդ,– ուղղեց տղան:
– Հա, քո բանակ գնալն ուրեմն դեռ հեռու է:
Ճանապարհը մթնեց, համարյա թե մթնեց: Ձիերը դանդաղեցին: Երկու կողմից միայն լորենիներ էին, և զովը քսվեց սնկի թե բորբոսահոտի
հետ համարյա թե միասին: Ելքի արևը հեռու էր թվում և շատ սպիտակ
էր: Վախենալու բան չկար: Այստեղ լորուտ ծառուղում վախենալու բան
չկար, գուցե թե այնտեղ սպիտակ արևի մեջ վախենար նա, ում վրա
դուրս կգային այս մթնից, բայց լորուտ ծառուղում Ղազարյան Մեսրոպ
քեռին ու Եղըշի Արայիկն էին, այնպես որ վախենալու բան չկար: Միայն
տարօրինակ էր, որ խուլ լռություն էր, կարծես ծառի ներսում լիներ, իսկ
Ավետիքի հին ջրաղացատեղը մոտիկ էր, բայց գետի ձայնը չէր լսվում,
ջրաղացը կարծես ջրով չէր աշխատել և ջրաղացատեղը պատմության
մեջ էր: Այդ մարդու հորն այստեղ սպանել էին, և այդ մարդը հիմա լուռ
էր: Տղան ուզում էր հարցնել, բայց չգիտեր կարելի՞ է հարցնել թե չի
կարելի: Հետո՝ ձե՞ր էր ասելու թե քո: Մոռացել էր նաև սպանվածի
անունը: Ծառուղին վերջացավ միանգամից:
– Ես էլ Շամուտի սարն եմ գնում,– շատ բարձր ասաց այդ մարդը:–
Զինկոմ Դոշոյանը Շամուտի սարում քեֆի է, գնում եմ զինկոմ Դոշոյանով դիպչեմ, որ երեխային Սիբիր-միբիր, Յաղութիա-մաղութիա
չհասցնի – գցի մեր էս մոտիկ Հայաստանի–Վրաստանի գնդերը: Սիբիրներում մեր հայերը թոքից խեղճանում են:
Դարձյալ գետի ձայն չկար: Ձորից թեք լանջով դուրս եկավ հին մի
ճանապարհ և թեք լանջով իր համար գնաց, մտավ հին ուռիների տակ,
որոնք նոսր էին, և դա հին ճանապարհ չէր, այլ հին ջրաղացի ջրանցքատեղը:
Հասկանալու ճիգից կնճռոտվելու չափ հին էին խնձորենիները,
իմաստալից ու անիմաստ էր ջրվեժի թումբը և այդտեղի կենտ ուռին,
գետաքարե պատերը, դռան տեղը, պատուհանի տեղը, և դարձյալ
այգին, և այգին մեռնում էր, և դարձյալ գետաքարե պատերը: «Ավետիքի ջրաղացատեղ»: Տղան հասկացավ, որ սպանվածի անունը եղել է
Ավետիք, բայց դա պետք չեկավ:
– Էստե՞ղ են մարդ սպանել,– ասաց տղան:
– Անցանք:
Քիչ հետո այդ մարդն ասաց.
– Միջնակ են սպանել: Որտեղ որ ճանապարհից հանեցին՝ անցանք:
Որ քո ետևից հասա՝ ճամփից էնտեղ հանեցին:
Բայց այդ մարդը չպատմեց:
Եվ տղան ասաց.
– Էսքան այգին ձե՞րն էր:
– Այգի չի մնացել,– ասաց այդ մարդը:
Այգին շատ լուսավոր էր, և տղան ասաց.
– Մեղու չունեի՞ք:
– Ունեինք: Բա է՜ս,– շատ բարձր ասաց այդ մարդը,– դեմի լորուտը
կարելի՞ էր պարապ թողնել: Թանձր բզզոցը ձորով մեկ կանգնած էր:
– Գյուղո՞ւմ էիք ապրում թե էստեղ:
– Էստեղ,– ասաց այդ մարդը:– Ջրերը սառչելու հետ գյուղ էինք
գնում, ամառները՝ էստեղ:
Տղան ինչքան էլ չարչարվեց «հարուստ էիք» հարցը էնպես՝ կապիտալիստական, էնպես՝ ցարական, աքսորի իմաստով չտալ՝ չեղավ, և
տղան որոշեց չհարցնել, իսկ նոսր այգին կողքներից գալիս ու դեռ
գնում էր, բայց մեկ էլ տեսավ արդեն ասել է՝ հարո՞ւստ էիք, ու կարմրում է:
– Հարո՞ւստ: Ապրում էինք, երեխա էի, չէի հասկանում լավ ենք ապրում թե վատ, բայց ապրում էինք: Գետն ի վեր, գետն ի վե՜ր ձուկը
գալիս հասնում էր ջրաղացին: Դե՝ տավար, ոչխար, ձի, ջրաղացը շահ
էր բերում՝ հաց, բերքոտ տարիներին՝ մեղր: Մեղվի գվվոցը ձորով մեկ
կանգնած էր: Պախրան այգի էր մտնում, ձուկը գետն ի վեր, գետն ի
վե՜ր... Մի եղնիկի համար ձիու վրա երկու օր հարվել եմ:
– Իսկ ինչո՞ւ չեք,– ասաց տղան,– էստեղ նորից տուն սարքում:
– Չի կարելի: Ծմակուտիդ մի սահմանը Անդրոյի տունն է, մյուսը՝
Եղըշի, ներքևից էլ՝ գետը, կնքած քարտեզը մինիստրությունում:
Այդ այդպես չէր լինի, բայց այդ մարդը թող այդպես գիտենար –
մինչև տղայի մեծանալը: Ում ինչ գործն է, թե Արայիկ Քառյանը որտեղ
կսարքի իր տունը:
– Ոտնատակ է,– ասաց այդ մարդը, և տղան չհասկացավ:– Ոտնատակ տեղ է,– կնճռոտվելով ասաց այդ մարդը:– Էն ժամանակ էլ
ոտնատակ էր, անցնող-դարձողի ոտի տակ կորչում էինք: Կայարանի
շուն: Շամուտեցին աղբյուրը հրեն ձորից հանել, հոր հիշատակին հուշարձան է սարքել: Հիտլերը մի թեթև խանգարած չլիներ՝ Կիրովականը
հիմա էստեղ մի ռեստորան էր բացել: Ոտնատակ ե՜նք:
Այդ մարդը հեղափոխության Բուդյոննուն Փափախքար է դնում,
Ծմակուտը՝ մինիստրության քարտեզին կնքած, եկվոր չոբանների հետ
սարերում փետակռիվ է անում և սարվորների մեջ ասում՝ ՄոսկվաԿրեմլ, ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության Նախագահի՛ն:
XI
Սուլեցին:
Մոտիկ խնձորենու բնին մի կին թե աղջիկ էր հենվել և չէր թաքցնում, որ ինքն էր սուլել, և ընդհակառակը՝ թաքուն ժպիտով նայում էր
ու դարձյալ սուլեց, և տղայի ամբողջ կյանքում ոչ ոք նրա համար այդքան գեղեցիկ չէր եղել: Ոչ ոք չէր անջատվել այդպես անճիգ հին այգու
ծեր խնձորենու բնից բուժքրոջ մաքուր սպիտակ խալաթով, չէր նայել
այդպես տղայի աչքերին և նրան այդպես դուրս չէր կանչել տղայության
կեղևից: Տղան սարսռաց, և տղան գնալու տեղ չուներ, իսկ աղջիկն
ասել էր.
– Էս ո՞ւր, շիլ Եղըշի տղա, կոշիկավորվել ո՞ւր ես գնում...
Երբևէ գուցե թե մեկն այդպես հենված էր եղել խնձորենու ծեր բնին
և նրա ձեռքերը գրպաններում ու խալաթի նրա կոճակներն իրարից
այդքան հեռու էին եղել և ծառից նա այդքան փափուկ էր անջատվել ու
բռնել սանձերը ու տղային նայել այդպես տակնիվեր և նրա խալաթն ու
մարմինը լույս այդպես մաքուր էին տվել, բայց ոչ մի անգամ այդպես
տղայի համար չէին եղել այդ սուլոցը, այդ ժպիտը, խալաթի այդ
ճեղքերը և այդքան թանձր լույսը:
– Հա, մեր Եղըշի տղեն է,– խեղճացավ Մեսրոպ քեռին:
– Իջիր,– տակնիվեր ասաց այդ կինը, բայց վայ թե կատակ էր
անում:
– Եղըշի ո՞րն ես, արա,– կանչեց Մեսրոպ քեռին ու ծիծաղեց.– թե՞
դու էլ չգիտես որն ես:
– Իջիր,– ասաց այդ կինը,– սրսկելու եմ,– բայց վայ թե կատակ էր
անում:
– Սրսկելու ե՜ս,– կանչեց Մեսրոպ քեռին:
– Ներքևի գյուղերում դաբաղ կա, սրսկելու եմ,– տակնիվեր ասաց
այդ կինը:
– Իջիր, տղա,– տնքաց Մեսրոպ քեռին,– իջիր-իջնենք, իսկական դաբաղացու ենք:
Տղան իջավ, բայց վայ թե խաբում էին, և կանգնեց այդ կնոջ դեմ:
– Քանի՞ տարեկան ես,– դեմառդեմ ասաց այդ կինը:
Եվ մեռնելու, ոչնչանալու, չլինելու պես վիրավորական էր, որ տղան
վեցում էր, դեռ միայն վեցում էր, վեցերորդում, վեցերորդ դասարանում,
և այդ խալաթի ու վզի պես պայծառ էր, որ մի ձմեռ հետո տղան յոթում
էր լինելու:
– Վեց,– շշնջաց տղան:– Վեցերորդ, տասներեք:
– Վեցերորդ, տասներեք,– մտածեց այդ կինը:
– Հա, վեցում է,– ասաց Մեսրոպ քեռին,– լավ էլ սովորում է:
Այդ աղջիկը Մեսրոպ քեռուն բանի տեղ չդրեց: Նայելով միայն
տղային, այդ աղջիկն ասաց.
– Երկու տարի որ սպասեմ՝ ինձ կուզե՞ս:
Տղան չարչարվեց իրեն պահել իր ներսում, բայց վայ թե չկարողացավ, իսկ հետո արդեն չկարողացավ չարչարվել:
– Մի վախեցիր, տղա, ասա կուզեմ,– խռպաց Մեսրոպ քեռին:
Նա ձիուց չէր իջել: Քո գործը չի, ասաց տղան:
– Եթե իմանամ ուզելու ես՝ չեմ ցավեցնի,– ասաց այդ կինը, և եթե
կատակ էր անում՝ տղային ոչ ոք այդպես չէր առել իր մաքուր ձայնի, իր
սպիտակ խալաթի, իր պինդ առողջության, իր մեջ ու չէր կատակել այդպես իրական:
– Չես սրսկելու,– նայեց ու շշնջաց տղան, բայց վայ թե չկարողացավ
շշնջալ:
Այդ կինը տղայի գլուխը գրկեց, սեղմեց կրծքին, և տղային ոչ մի անգամ այդպես չէին փոքրացրել, և այնպես, ի միջի այլոց, թողեց նրան իր
թևատակին-կողքին և թամբը բռնեց ու հեծավ: «Դե հիմա ետևից վազ
տուր՝ տես ոնց է սրսկելու», եկավ Մեսրոպ քեռու ձայնը, և այդ ծունկը
լայն էր ու լույս էր տալիս, և թամբը այդ ծնկի տակ կոշտ ու կեղտոտ էր,
բայց դրանք այլևս թամբ, ծունկ ու կատակ էին:
– Ճիպոտդ տուր,– ասաց այդ կինը, և տղան ճիպոտը մեկնեց:
– Ուրեմն չես հավատում, որ սրսկելու եմ,– ասաց այդ կինը, բայց
տղան չպատասխանեց ոչ լսելի, ոչ էլ մտքում:
– Չի հավատում, որ սրսկելու եմ,– ասաց այդ կինը:
Այգու ծառերի միջով մեկը գալիս էր, խոշոր մուգ ակնոցավոր մի
տղամարդ էր գալիս, և այդ կինն ու բարձրահասակ, ճոճվելով եկող այդ
տղամարդը միմյանց համար էին, և այլևս թող լինեին միմյանց համար:
Եկավ, երկար ոտը դրեց գետաքարե հին ցանկապատին, ագուցեց կոշիկի ճարմանդը և ասաց.
– Չես սրսկելու,– և նայեց տղային ու Մեսրոպ քեռուն:
– Բարի օր,– ասաց Մեսրոպ քեռին:
– Ախպոր համար սա կայարան ձի է տանում,– ասաց նա,– դո՞ւ էդ
ինչ ես տանում, Ղազարով:
– Բժի՞շկն ես,– հարցրեց Մեսրոպ քեռին:
Նա չասաց բժիշկն է կամ բժիշկը չէ, բաց ափը նա վար բերեց պարկին, և նրա ձեռքը խոշոր էր, նա կարող էր մի ձեռքով լրիվ բռնել երեխայի դեմքը ճակատից մինչև կզակը, և պարկը զամբիկի գավակի հետ
շարժեց:
– Եղնիկ ենք ուտում,– ասաց նա:
– Խնդրեմ,– ասաց Մեսրոպ քեռին,– երբ ուզես՝ աչքիս վրա:
– Հիմա ենք ուտում,– ասաց նա,– էլ աչքիս վրա-մրա չկա:
Նա բռնեց Մեսրոպ քեռու ծունկը, և գնացին:
– Երեխային բանակ են տանում,– ասաց Մեսրոպ քեռին:
– Ուրեմն մենք մի Դոշոյան էլ չենք:
– Ինչի, այտա,– ասաց Մեսրոպ քեռին,– ես էդքան հասկացողություն չունե՞մ:
– Ասում ես, բայց չես ապացուցում,– ասաց նա,– անապացույց խոսում ես:
– Ինչի, դու երբ ես ասել Մեսրոպ քեռի՝ որ ես էդպես անհասկացող
եմ գտնվել:
– Դոշոյանը պատվիրել է, Ղազարի Մեսրոպ:
– Պատվիրել է,– ասաց Մեսրոպ քեռին:– Չի պատվիրել, բայց երեխային բանակ է տանում:
– Մենք էլ սպասենք մինչև կույր աղիքներդ բռնած գաք՝ թե սիրտս
ծակում է:
– Անձամբ իմը,– ասաց Մեսրոպ քեռին,– իմ անձնականը հանած է:
– Քո անձնականը հանած է, Յաղութիա են հանել:
– Իսկապես Յաղութիա են հանել,– ծիծաղեց Մեսրոպ քեռին:
– Հոգիդ խորը ծմակուտեցի ես, էլի կունենաս:
– Մարդս, ինչու, էդ քանի՞ հատ է ունենում,– ասաց Մեսրոպ քեռին:
– Ինչի, դուք մա՞րդ եք:
– Բա եղա՞վ, բժիշկ,– ձին կանգնեցրեց Մեսրոպ քեռին,– ուզում ես՝
հենց հիմա:
– Բա չէ, ձեր կույր աղիքը մենք հանենք՝ ձեր շնորհակալությունը
մեր գլխի վրայով դուք տանեք Դոշոյանին տաք:
Տղան երբեք չէր կարող խոսքի ետևից այդպես խոսք բերել: Այդ
մարդը տղային դուր էր գալիս, դուր չէր գալիս և դարձյալ դուր էր գա-
լիս: Լայն ծնկների այդ փայլն ու աչքերի այդ տաք լույսը այդ մարդու
համար էին և ճոճուն այդ հասակը այդ կնոջ համար էր, և դա երջանկություն էր,– և ծեր այգին, և որ լողալուց հետո կինը մարմնի վրա
միայն խալաթ էր քաշել, և թե ինչ որ ուզում էր՝ այդ մարդուն բոլորովին
պետք չէր,– բայց կարիք չկար ասելու ամեն անգամ կույր աղիք, կույր
աղիք: Մեկ էլ այն, որ ինչ որ ուզում էր՝ այդպես կարող է կատակով
վերցներ, և Դոշոյանը Շամուտի սարում բան չէր ասի, թուքը կուլ կտար
և կփնչացներ ծուռ ժպտալով: Եվ մի քիչ էլ գլուխ էր ցավում այն բանի
վրա, որ եթե նրանք մարդուկին էին՝ ինչպես էին այդքան լավը, իսկ եթե
մարդուկին չէին՝ ինչպես էին այդպես միմյանց համար:
– Դու Դոշոյանը չես, բայց խնդրեմ:– Այդ մարդը Մեսրոպ քեռու ձին
քաշեց, ինքն անցավ գետաքարե ցանկապատը և քաշքշեց սանձերը:–
Նիկոլի ժամանակ ձեր այգին է եղել, թռցրու:
Ծեր ծիրանուց ոչխարի կիսան էր կախ տված, խորովածի հոտ էր
գալիս, կարմիր խաչը վրան լուսավոր մի մեքենա կար: Ծնկած մի կին
գլուխը բարձրացրել ու նայում էր սրանց. «Համեցեք», տղամարդու մի
ձայն եկավ, բայց տղամարդը չերևաց: Զամբիկը ցանկապատի դեմ ետ
ու ետ էր անում և ջղայնանում էր, ծիրանի ծառից ոչխարի կիսան էր
կախ տված, անթև սպիտակ շապկավոր մի տղամարդ ձեռքը
բարձրացրել ու կանչում էր, իսկ զամբիկը չէր ցատկում, բայց Մեսրոպ
քեռին ուզում էր ցատկեցնել և սանձը ձգձգատում ու զամբիկին սեղմում էր գետաքարե պատին, որ բարձր չէր, բայց զամբիկը չէր ցատկում: Ցատկեց, և բոբիկ էր (ցատկի հետ բժիշկն ասաց՝ Յաղո՜ւթիա), մի
րոպե պատի վրա մնաց, և ետևի ոտքերը գետնից կտրված, բարակ ու
ջղային էին, հետո պատը քանդելով անցան:
Ձիու վրա՝ այդ կինը ժպտում էր, ապա իջավ, սանձը տղային տալով
ասաց՝ «ուրեմն քեզ չսպասեմ երկու տարի, վատ տղա ես» և չնայեց ու
անցավ:
XII
Մեսրոպ քեռուն բաժակ էին տվել, ձիու վրա բաժակը ձեռքին նա
խոսում էր, և նրան լսում էր անթև սպիտակ շապկավոր տղամարդը,
սպիտակ խալաթավոր կինը գնաց բացեց լուսավոր մեքենայի դուռը,
գլուխը ներս տարավ, և նրա երկար ոտքը մի րոպե դրսում ձիգ ձգված
ու մերկ էր, հեռագրալարերը գվվում էին, հետո դուռը քաշեց: Ռադիոյի
երգ էր գալիս, և դա հեռու Շամուտից էր: Մեսրոպ քեռին խմեց, և սպի-
տակ շապկավոր տղամարդը նրան ուտելիք տվեց ու բաժակը վերցրեց:
«Իջիր, իջիր կարգին հաց ուտենք», եկավ անթև սպիտակ շապկավորի
ձայնը, և Մեսրոպ քեռին վիզը ծռեց:
– Գնում է Դոշոյանին տեսնվի,– կրակի մոտ կքած՝ ասաց բժիշկը,–
սարն է գնում, մենք Դոշոյան չենք:
– Երեխային բանակ են տանում,– երևի ասաց Մեսրոպ քեռին:
Մեքենայի միջից դուրս եկավ կարմիր շորով մի աղջիկ և նա ու մի
ուրիշ կին ծիրանի ծառի տակ բացեցին երկար, դեղին մի սփռոց: Անթև
շապկավոր տղամարդը ձեռքով արեց տղային: Նրանց մոտից տղայի
գլուխը ուրեմն երևում էր: Տղան հայացքը փախցրեց և դեմքը շրջեց:
– Մեր Եղըշի տղան է,– եկավ Մեսրոպ քեռու ձայնը,– չգիտեմ տասն
են թե տասներկուսը:
Դա նրա գործը չէր, բայց դա նրանց հին այգին էր և նա հիմա խեղճացել էր:
– Լավ բանի եք,– եկավ նրա ձայնը:
– Բա չէ, որսորդը միայն Ղազարով Մեսրոպն է,– եկավ բժշկի ձայնը:
Եվ այնտեղ լռեցին: Գաղտնի մի բան էր լինում, թաքուն մի իմաստ,
թաքուն... Ծիրանի ծառից ոչխարի կիսան էր կախ տված, կարմիր
շորով աղջիկը ծնկել ու ձգվել, սփռոցին ուտելիք էր շարում, երգ-նվագի
ձայն էր գալիս, իսկ Մեսրոպ քեռու ձեռքին դարձյալ բաժակ կար:
– Դու իմ միտքը մի շեղիր,– ասաց Մեսրոպ քեռին:
– Դու շեղվող պտուղ չես,– ասաց բժիշկը,– ուղիղ նպատակով Դոշոյանի մոտ՝ Դոշոյանի մոտ, քո ճամփից քեզ ո՜վ կհանի:
– Բժիշկ,– ասաց Մեսրոպ քեռին,– բժիշկ, դու իմ միտքը շեղում ես:
Ես էդ իմաստով չէի ասում, չնայած էդ իմաստով էլ պատրաստ եմ հենց
էս րոպեիս, որովհետև էս օրը պարապ օր չի, մեծ օր է, թող ամեն որդի
էլ կարողանա իր հոր հիշատակն էսպես հավերժացնի:
Անթև սպիտակ շապկավորը լուռ լսում էր և տղային ձեռքով արեց:
Տղան մոտեցավ պատին, գլուխը թաքցնելու լավ տեղ էր, բայց սպիտակ շապկավորը դարձյալ ձեռքով արեց. տղան բարձրացավ պատին,
սպիտակ շապկավորի ուշադրությունը հիմա Մեսրոպ քեռուն էր, բայց
չէր կարելի այդպես բոլորի դեմ ցցված մնալ պատի վրա, և տղան այգի
իջավ ու կանգ առավ հեռագրասյան կողքին: Հեռագրասյունը գվվում
էր, լարերը գվվում էին, կարծես մոտերքում մեծ մեղվանոց կար:
Ուշադրությունը Մեսրոպ քեռուն՝ սպիտակ շապկավորը դարձյալ
ձեռքով արեց. տղան երկու քայլ էլ մոտեցավ: Ձեռքերին շշեր՝
հայտնվեց մյուս կինը, եկավ, դրեց շշերը սփռոցի մոտ կարմիր շորավոր
աղջկա կողքին, որը ծնկած դասավորում էր, մի քիչ նայեց թե ինչպես է
դասավորում, և ետ գնաց ու ծածկվեց այնտեղ, որտեղից հայտնվել էր:
Կարմիր շորավոր աղջիկը սփռոցի վրայով ձգվեց, և նրա ոտքը
բարձրացավ, երկար մերկ ոտքը մի րոպե այդպես անշարժ էր,
հեռագրասյունը գվվում էր, և տղան հասկացավ, որ նա սպիտակ խալաթավոր կինն է, շորը փոխել է: Ռադիոյի երգ էր լսվում, գուցե անգլերեն էր: Բաժակը ձեռքին՝ Մեսրոպ քեռին չէր խոսում, երևի սպասում
էր, որ անթև սպիտակ շապկավորն ասի խմիր, բայց նա չէր ասում – և
երկուսն էլ կարծես ականջ էին դնում երգին: Մյուս կինը հայտնվեց
այնտեղից, որտեղ ծածկվել էր, և դա սկզբում գետաքարե պատ թվաց,
իսկ հետո գերեզմանատան հուշարձանի պես մի բան էր: «Գնա էն
շշերը բեր», կինը գլխով արեց դեպի հուշարձանը, տղան քայլ դրեց,
բայց կինը տղային չէր ասում:
– Ծիրանի էս ծառը,– ձիու վրա ասաց Մեսրոպ քեռին,– իմ հեր Ավետիքը մի գարուն Շնողից բերեց, բերեց տնկեց: Պտուղ չէր տալիս, բայց
իմ հեր Ավետիքը չկտրեց, ասում էր ծառ է, թող ապրի: Իմ հեր Ավետիքն ուրեմն գիտեր, որ մի բարի գործի, բարի մի նպատակի...
Սպիտակ անթև շապկավորը տղային ձեռքով կանչեց, հետո եկավ:–
Դու խոսիր,– ասաց Մեսրոպ քեռուն, և նրա աչքերը ջրոտ ու սպիտակ
բազուկները նիհար էին, տղային թևանցուկ արեց ուսը կիպ ուսին, և
տարավ: «Հո ուրիշ չես, Եղըշի տղա... անունդ ի՞նչ է... իմն էլ Եզեկ է...
կանչում են՝ դու մնում ես կանգնած... չի կարելի», մտերմորեն ասաց
նա, և մեծերից ոչ ոք տղային այդպես ընկերաբար չէր գրկել, տղայի
հետ այդպես ուս-ուսի կանգնած՝ չէր ասել այդպես իր ու տղայի
անունից.– Դե, լսում ենք,– և մտերմորեն չէր սեղմել տղայի դաստակը:
«Ճարտարախոս ծմակուտեցի է», տղայի ականջի տակ շշնջաց նա:
– Քո հեր Ավետիքն ուրեմն գիտեր, հետո՞, ի՞նչ գիտեր,– ասաց նա:
– Էդքան էի,– տղային ցույց տվեց Մեսրոպ քեռին,– էդքան տղա էի,
ծառը փոսի մեջ ես բռնել էի՝ իմ հեր Ավետիքը հողը լցնում էր:
– Բայց ուրեմն պտուղ չտվեց,– ասաց նա:
– Չտվեց:
– Դե,– ասաց նա:
– Ի՞նչը:
– Պտուղ չտվեց, բայց...– ասաց նա:
– Բայց մի բարի մեծ նպատակի մեջ օգտակար եղավ,– ասաց Մես-
րոպ քեռին:
– Դե ասա, էլի, տնաշեն,– ծիծաղեց նա,– գործ եմ արել՝ ափսոսում
ես գովասանական մի երկու խոսք ասել:
– Որ ուշունց չի տալիս,– կրակի մոտ կքած՝ կանչեց բժիշկը,– շնորհակալ եղիր: Մտել ես մարդու այգին ու ասում ես ինձ գովիր:
Մեսրոպ քեռին վիզը ծռեց: Եվ սպիտակ անթև շապկավորը տղայի
բազուկը սեղմեց ու ասաց.
– Ճիշտ չի խոսում, չէ՞, Ղազարով:
– Հիմա կասի ճիշտ չեմ խոսում,– կրակի մոտից կանչեց բժիշկը, և
Մեսրոպ քեռին բերանը լուռ շարժեց:
– Երեք հազար ռուբլի չոր փող եմ դրել, Ղազարով,– ասաց անթև
սպիտակ շապկավորը:
– Ճշտախոս ծմակուտեցի է,– կանչեց բժիշկը,– հիմա կասի գողացած փողեր են:
– Բժի՜շկ,– խռռաց Մեսրոպ քեռին: Եվ անթև սպիտակ շապկավորը
սեղմեց տղայի բազուկն ու ասաց Մեսրոպ քեռուն.
– Լավ չես գովում, բայց խմիր:
– Խմեմ,– սթափվեց Մեսրոպ քեռին:– Խմեմ: Բայց...– վիզը եզան
պես տակ տվեց ու շտկվեց նա,– բայց ջրաղացի տակի աղբյուրն էիր
հանելու, ջրաղացի... միջինը, ուղիղ միջինը: Սառն ու համով է: Սրա
ջրից իմ հեր Ավետիքը չէր խմում: Սա ջուր չէր... Ջուրը նա էր... ջրաղացի միջինը:
– Խմիր, խմիր:
– Խմեմ,– ասաց Մեսրոպ քեռին ու ծամածռվեց, և սրսփաց ու ծամածռվեց նաև տղան: Օղին գնում էր բերանը, ետ գալիս բաժակ և
դարձյալ գնում բերան և... օղին նրա մազոտ կզակի վրայով իջավ,
մտավ օձիքի տակ, և տղան սրբեց իր կզակը:
– Է՜, լավ չգովեցիր,– իբր թե նեղացավ անթև սպիտակ շապկավորը,– իսկապես: Էս երեխան քեզանից լավ կգովեր:– Եվ Մեսրոպ քեռուն նա թողեց վիզը դարձյալ ծուռ և, կիպ թևանցուկ, տղային տարավ
դեպի սփռոց: Հեռավոր երգ էր լսվում, ոչխարի պայծառ կիսանը կախ
էր տված ծիրանի ծառից, մյուս կինը բաժակները պինդ սրբում էր և
կարմիր շորավորը՝ լիքն ու պինդ՝ թեթևորեն կքում ու դնում էր բաժակները սփռոցին, ափսեների մոտ: «Եզե՜կ,– եկավ Մեսրոպ քեռու
ժանգոտ ձայնը,– Լեռնիկը իմ ընկերն է եղել, մի՛ ասա»:
– Բայց չգովեցիր,– ասաց ու տղային աչքով արեց անթև սպիտակ
շապկավորը, և Մեսրոպ քեռին երևի այնտեղ բերանը լուռ շարժեց:
Փայլուն սև ու փայլուն նիկելած ռադիոն գետնին ցածր երգում էր
(«Ոսկի՞ն է լավ թե բրոնզը»), ձեռքը ռադիոյի կոճակին՝ լուսավոր սպիտակ վերնաշապկով ու մոխրակապտավուն մաքուր տաբատով բերանքսիվայր մի տղա էր փռված, և արդուկած նրա տաբատը նրա վրա
ձիգ էր, նրա մազը թեթև, փափուկ ու դարչնավուն էր, կոշիկի ներբանը
մի քիչ մաշված ու մաքուր էր, կարի գիծը երևում էր: Եվ դա հենց այն
հագուստն էր – և՛ լուսավոր սպիտակ շապիկը, և՛ մոխրավուն տաբատի ձիգությունը, և՛ գրպանի ձիգ բերանը պինդ նստուկին,– ինչը
միշտ տղան... նաև՝ մազերը, նաև՝ բերանքսիվայր փռվելը և ներբանները, նաև՝ ոսկի ժամացույցը, նիհար դաստակը և գեղեցիկ երկար
մատները ռադիոյի կոճակին... բայց ռադիոյից դեպի ավտոմեքենա հաղորդալար չէր գնում£ «Չքնես, Լեռնո», ասաց անթև շապկավորը, և ի
պատասխան՝ ռադիոյի կոճակը նա ետուառաջ արեց, երգն ու խոսքը
մի վայրկյան խառնվեցին ու դարձյալ մնաց միայն երգը: Մեղմ երգը:
«Լեռնոս է,– աչքերը ջրոտ՝ ասաց անթև շապկավորը,– էս մի կենտ
հատն է, էլ չունեմ: Դուք քանի՞սն եք»: «Յոթը,– ասաց տղան,– ութը,
Հրանտը կայարանում է, ձի եմ տանում, ութը», բայց ռադիոյից դեպի
ավտոմեքենա հաղորդալար չէր գնում և հեռագրալարերից նույնպես
հաղորդալար չէր իջնում: «Ռադիոն, չէ՞,– տղայի հետ ուս-ուսի և տղայի
դաստակը ձեռքի մեջ՝ թաքուն ասաց անթև սպիտակ շապկավորը,–
չորս հարյուր ռուբլի փող եմ տվել, Օդեսայից եմ բերել Լեռնոյիս
համար, էս մի կենտ Լեռնոս է, էլ չունեմ,– աչքերը ջրոտ՝ ասաց անթև
շապկավորը,– դուք ութն եք»: «Յոթը,– ասաց տղան,– չէ, ութը. Հրանտը
կայարանում է, ձի եմ տանում»: «Չորս հարյուր ռուբլի փող եմ տվել,
Լեռնոյիս համար»: «Օդեսան արտասահմա՞ն է թե Սովետական
Միություն», ասաց տղան: «Արտասահմանցու ձեռքից եմ առել», ասաց
անթև շապկավորը, և հեռագրալարերից գիծ չէր իջնում դեպի ռադիո,
բայց ռադիոն մեղմ երգում էր, և նրա որդու երկար մատները կոճակի
վրա էին: «Անկախ է,– թաքուն ասաց անթև շապկավորը,– ես էլ էի
կարծում հոսանքով է, բայց անկախ է, ինձ նման»: «Իսկ եթե,– ասաց
տղան, բայց վայ թե ամոթ էր հարցնել,– իսկ եթե հեռախոսի գծերը
էստեղ չլինեին՝ էլի՞ կերգեր»:
– Էդ ի՞նչ եք էդպես պայմանավորվում,– սփռոցի մոտից ասաց կարմիր շորավոր կինը:
«Հեռախոսի հետ կապ չունի,– ասաց անթև սպիտակ շապկավորը,–
ավտոյի հետ էլ կապ չունի, ինքն իրենով, անկախ է, ինձ նման», ապա
բերանը կիսաբաց, նա նայեց տղային, նրա աչքերը լցվեցին ծիծաղով,
և նա խփեց իր ազդրին և նրա քչփչոցը դարձավ սուր ծղրտոց.– Ես եմ,
արա, ես եմ. հերս կայարան է՝ ձի եմ տանում, ես եմ, տուֆլիներս
հագել՝ ձի եմ տանում: Անկախ է, հեռախոսի հետ կապ չունի: Արի, ես ու
դու մի հատ խմելու ենք:
Կարմիր շորավոր կինը տղային նայելով բաժակը պինդ սրբեց և
դեմ արեց բաժակը տղային:
– Վայ թե դու էլ ես արդեն անկախ,– ասաց մյուս կինը:
– Նայիր, շան աղջիկ, ես եմ, հորս առաջ ձի եմ տանում: Գյուղկոոպը
ձորի այգիներում քեֆի է, ինձ կանչել, հացի հետ մի կտոր միս են տվել,
բայց իմ աչքը գինուն է:
– Դու կոշիկ,– ասաց մյուս կինը,– մեր ամուսնանալուց հետո հագար:
– Հաա՜,– բերանը կոկորդից հետ բացեց ու ձեռքը տարածեց անթև
սպիտակ շապկավորը,– մինչև քեզ հանդիպելը ես իսկի մարդ էլ չէի:
– Ներողություն,– ասաց մյուս կինը:
– Խնդրեմ: Ոչ, արաղ, գյուղացի տղա է, արաղ,– տղայի հետ ուսուսի՝ ասաց անթև շապկավորը,– կոնյակ մենք ձեզ հետ ամուսնանալուց հետո կխմենք:
Ծնկները միասին՝ կարմիր շորավորը կքեց, ձեռքը տարավ շշին և
տակնիվեր տղային նայեց:– Դու շիլ չէիր,– այդ պահին ասաց մյուս
կինը:– Մենք շիլ ենք,– տղայի դաստակը սեղմեց անթև սպիտակ շապկավորը,– կայարան մենք ձի ենք տանում, քո Լեռնիկը կարո՞ղ էր կայարան ձի տանել: Լեռնո՜:– Գյուղացի է,– ասաց մյուս կինը,– անկարգ
կերել, ազատ ման է եկել: Լեռնիկին դրա հետ համեմատում ես:– Չեմ
համեմատում,– ասաց անթև սպիտակ շապկավորը,– Լեռնիկը իմ մի
հատն է, դու հարցրու, թե սրա՛նք քանիսն են:– Յոթը,– ասաց տղան,–
ութը. Հրանտը կայարանում է, ձի եմ տանում: Ութը,– ասաց տղան:
Կարմիր շորավորը հացի վրա երշիկ էր դնում, տղային նայելով նա մի
շերտ էլ դրեց, բայց տղան նրանից այդ չէր ուզում, այդ բոլորի մեջ
տղայինը նա էր և տղան նրանից էր պաշտպանություն ուզում, նա,
այնինչ, տվեց հացուերշիկը և լուռ հայացքով ստիպեց տղային պարզել
բաժակը: Միայն մի պահի՝ երբ շշի բերանը դրել էր բաժակի պռնկին,
միայն այդ պահին նա տղային կարծես փորձում էր և չէր լցնելու, բայց
հասկացավ, որ հեռագրասյան գվվոցի միջից տղան տեսել է իր երկար
մերկ ոտքը, ու լցրեց: Լցրեց պռնկեպռունկ ու դեռ մի քիչ էլ՝ տղայի
կարմիր մատներին, և ձեռքը կոնքին դրեց ու նայեց:
– Ո՞ւմ կենացն ենք խմում,– ասաց անթև սպիտակ շապկավորը:–
Քո գործը չի,– ասաց մյուս կնոջը, և նայեց տղային և սպասեց:
– Իմ,– ասաց կարմիր շորավորը:
– Մենք լրբերի կենաց չենք խմում,– ասաց անթև սպիտակ շապկավորը:– Լրբերի հետ գործ չունես,– տղայի դաստակը սեղմեց ու տղային
աչքով արեց նա:
Կարմիր շորավորը թաքուն շարժեց շրթունքները, մատը, իբր թաքուն, կրծքին դրեց և բերանի թաքուն շարժումով դարձյալ ասաց՝ իմ:
– Արի,– ասաց անթև սպիտակ շապկավորը:– Լրբերի հետ գործ չունես:
Երբ տղան շուռ էր գալիս, կարմիր շորավորը դարձյալ ցույց տվեց
իրեն և շրթունքների լուռ շարժումով պահանջեց՝ իմ, իմ կենացը:
– Լավ գործի կենացն ենք խմելու,– ասաց անթև սպիտակ շապկավորը,– արի:
XIII
Ձեռքը ռադիոյի կոճակին, բերանքսիվայր պառկած, շապիկը լուսավոր սպիտակ, տաբատը վրան ձիգ, մազը մաքուր ու փափուկ, և ոսկի
ժամացույցը, և արդեն-արդեն մուգ բեղատեղը, և ժպիտը բերանի անկյունում, և այդպես պառկած՝ այդ ժպիտը, և կաթնամոխրագույն մաշկի նուրբ մաքրությունը... Եթե նա ծմակուտեցի լիներ... բայց նա ծմակուտեցի չէր լինի... եթե նրանք ամառները Ծմակուտ գային...
– Լեռնոս է,– ասաց հայրը:
Նա դարչնագույն ունքը ձգեց ու նեղ ճեղքից մի վայրկյան նայեց
մոխրակապույտ աչքով և չհավանեց ոչ նրանց Ծմակուտը, ոչ գետափն
ու գետափի աղջիկներին, ոչ էլ հոր ու այդ տղայի ընկերությունը:
– Կայարան ձի է տանում,– ասաց հայրը,– դու կարո՞ղ էիր:
Նա կտրուկ նստեց ու նայեց, և ամբողջ դպրոցում այդքան գեղեցիկ
տղա չկար, և գետափի աղջիկը ժպտում էր սրա համար, գլուխը սալին՝
զգում էր, որ կա այս տղան ու ժպտում էր: Դարչնագույն ունքը կեռած՝
նա նայեց հորը, տղային, բժշկին, Մեսրոպ քեռուն, մորը, կարմիր
շորավորին ու ծլթոցով թքեց, և տղան երբեք չէր կարողանում ծլթոցով
այդպես թքել, միշտ կզակին ու կրծքին էր ընկնում, և մանավանդ չէր
կարողանա այդպես ծլթացնել կարմիր շորավորին նայելով: Նա կտրուկ
ելավ ու գնաց դեպի գետաքարե ցանկապատը: Նա ձեռքը խփեց ու
ցանկապատն անցավ, և նույն րոպեին էլ Ալխոյի վրա էր և Ալխոն ծառս
եղավ, ապա քառատրոփ էր անում, բայց նա դարձյալ ճիպտում թե
ճիպտելու ձայնով սուլում էր:
– Նայիր ու տես, շիլ Եղըշի տղա,– ասաց Մեսրոպ քեռին:
Ծառերի արանքից ձիու սլացքը երևում էր, հետո տրոփը թուլացավ:
– Ավազակ պապն է,– ասաց հայրը,– ձիագող պապն է:
– Ղազարովն ասում է հերն էլ պակաս ավազակ չի,– կանչեց բժիշկը:
– Բա եղա՞վ, բժիշկ, հասկացողություն բա մենք էլ ունենք, չէ:– Մեսրոպ քեռին կարծես թե ուզեց իջնել, կարծես թե ընկնում էր և ուզում էր
մնալ թամբին:– Բա մենք էլ մարդ ենք, չէ:
Քու ծնողը... մեկուսի ասաց հայրը:– Արի,– ասելուց հետո ժպտաց
հայրը,– արի, քեզ չէի ասում, ես ու դու խմելու ենք, արի:
Գլուխը կրծքին՝ անթև սպիտակ շապկավոր հայրը կանգնեց աղբյուրի դեմ:– Էս է,– ասաց նա:– Երկու հազար յոթ հարյուր ռուբլի փող
եմ դրել:– Նրա թևերը սպիտակ ու բարակ էին, բայց նրա հարվածը
կոշտ կլիներ:– Նայիր,– ասաց նա,– լավ նայիր, ես ու դու բարի գործի
կենացն ենք խմելու: Նայո՞ւմ ես:
– Նայում եմ,– ասաց տղան:
– Լավ նայիր,– ասաց նա,– ձեզ համար եմ սարքել, շամուտեցի ու
ծմակուտեցի անցնող-դարձողիդ համար, որ ջուր խմեք ու իմ ետևից
ուշունց տաք, ես քու ծնողը...
Տղան աղբյուրի ձայնը լսում էր, բայց չէր կարողանում աղբյուրը
տեսնել: Տղան մտքի մեջ ասաց՝ «ես գնամ, հա՞, քեռի», դարձյալ ասաց՝
«լավ աղբյուր է, ես գնամ, հա՞, քեռի», բայց չկարողացավ ասել
բարձրաձայն:
– Հավանեցի՞ր, շիլ ծմակուտեցի,– ժպտաց անթև սպիտակ շապկավորը:
– Շատ լավ աղբյուր է,– ժպտաց տղան:
– Լեռնոյիս ցանկությունն է: Լեռնոս ասավ պապիկի հիշատակը հավերժացնենք՝ հավերժացրինք: Լա՞վ ենք հավերժացրել:
– Լավ եք հավերժացրել,– ասաց տղան, հետո ասելու էր «ես գնամ,
հա՞»:
– Արգանդդ ցամաքի,– ասաց անթև սպիտակ շապկավորը:– Լեռնոյի պես տղայից՝ մի հատ, մեն մի հատ: Դուք քանի՞սն եք:
Այդ չոր ու լուրջ հայհոյանքը Եղըշի տուն մերկ երեխաների մեջ էր
խցկվում, տղան չպատասխանեց:
– Հը՛,– պահանջեց անթև սպիտակ շապկավորը:
– Ի՞նչ,– ասաց տղան:
– Դուք քանի՞սն եք:
– Ե՞ս,– ասաց տղան:
– Դու կայարան ձի ես տանում: Դուք ութն եք, իմը մի Լեռնո է, փորդ
ցամաքի:
– Լեռնոն ձին տարավ,– ասաց տղան:
– Չի սատկի: Վաթսուն ռուբլի է՝ թող սատկի: Որովհետև գծուծ
գյուղացի եք: Երեք հազար ռուբլի փող եմ դրել:
Բժի՜շկ... եկավ Մեսրոպ քեռու ձայնը: Կատակն ու լուրջը դու չես
ջոկում... եկավ բժշկի ձայնը, ապա նրանք միասին էին խոսում, և անթև
սպիտակ շապկավորը ականջ էր դնում, հետո հայհոյեց՝ ես քու ծնողը...
ու թքեց, բայց տղայի վրա չթքեց, և գնաց աղբյուրի դեմից: Իմացիր թե
ում հետ ես կատակում, եկավ նրա տիրական ձայնը, հետո լռություն էր,
բայց ապտակի շխկոց չելավ: Էսօր մեծ օր է, եկավ Մեսրոպ քեռու
ձայնը: Մի ուրիշ օր, մի ուրիշ օր, եկավ անթև սպիտակ շապկավորի
տիրական ձայնը, առաջին ու վերջին անգամ չի: Լռություն էր, Մեսրոպ
քեռին վիզը երևի ծռել էր, հետո ասաց՝ ճիշտ չես ասում, Եզեկ: Երդվեմ
Լեռնիկիս արևով: Ես պատրաստ եմ, եկավ Մեսրոպ քեռու ձայնը, հենց
որ մտքովդ անցավ՝ զանգ տուր Ծմակուտ, ու իմացիր, որ էս ոչխարի
տեղից կախ տված քեզ սպասում է: Եղավ, եկավ բժշկի ձայնը, և անթև
սպիտակ շապկավորը ասաց. դու էլ քո սահմանները ճանաչիր... քու
կատակն էդ ում հետ ես անում: Բժիշկը չպատասխանեց:
Բժիշկը չպատասխանեց, բժիշկն ուրեմն սխալ էր անում, որ Մեսրոպ քեռու հետ էդքան կատակում էր: Բժիշկը սխալ էր անում, բայց հիմա այնտեղ կարմիր շորավորը տխրել է, բժշկի համար կարմիր շորավորի լացը գալիս է: Մյուս կինն էլ էնտեղ է տխրել, որովհետև նրա
արգանդն են անիծում: Ձին էլ՝ էնտեղ տարան ու չբերին: Անթև սպիտակ շապկավորն էլ հիմա գալու է՝ որ տղան ու նա խմեն այս աղբյուրի
կենացը, և տղան ի՞նչ է ասելու: Ամո՞թ չի լինի, եթե տղան անխոս խմի:
Ամո՞թ չի լինի, եթե տղան խոսի ու նոր խմի: Խոսի՝ ի՞նչ ասի: Ձին էլ՝
պառավ, էն տղան էլ՝ չի հասկանում« որ ձին պառավ է« շատ է
պառավ« ուզում է մեռնի, իսկ էն տղան հիմա քշում է, բայց ձիու մեջ
վազք չկա, որտեղի՞ց է նա հանում ձիու վազքը:
ԼԵՌՆԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
1897-1943
ԱՆՑՈՐԴ, ԵՍ ԱՐԺԱՆԻ ԵՄ
ԲԱՐԻ ԽՈՍՔԻԴ ԵՎ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ԲԱՐԻ ԽՈՍՔԻԴ
ՀԱՄԱՐ
Հիշատակ իմ որդիներ
Եզեկից և Լեռնիկից
Այդ մարդու նկարի, անվան ու գործի դիմաց ինքը ոչինչ չարած,
բայց անամոթի պես լակոտի իր անունը և տգեղ իր ազգանունը հաճարենու բնին գրած («կգնամ կջնջեմ», «կգնամ կջնջեմ», «կգնամ կջնջեմ»),
բաժակը ձեռքին և ազդրի վրա մատների մեջ կոշտ հացն ու լպրծուն
երշիկը, այդ մարդու նկարի ու գործի դեմ աղբյուրի քչքչոցի մեջ տղան
սպասեց... իսկ պառավ ձին չէին բերում, մյուս կնոջ անունը հայրուորդի
չէին գրել հուշաղբյուրի որձաքարին՝ որ ճղվելով կոտրած ծառի բուն էր,
իսկ կարմիր շորավոր աղջիկը բժշկին սիրում էր, երջանիկ էր և հիմա
շատ էր տխուր, բոլորը տղայի պատճառով, բոլորը տղայի... տղան ու
Մեսրոպ քեռին եթե չգային՝ բժիշկն այդքան չէր կատակի և անթև
սպիտակ շապկավորը չէր հայհոյի և կարմիր շորավոր կինը չէր տխրի...
տղան եթե չլիներ՝ Մեսրոպ քեռին զամբիկը քշած կգնար, այգի չէր
մտնի, հիմա Շամուտի սարում Դոշոյանի մոտ կլիներ, Դոշոյանը չէր
բարկանա, Ավետըքին Յակուտիա չէր ուղարկի... Էն քույրն էլ էնտեղ է
Օդեսա տարվելու, էն Մարիամն էլ էնտեղ է մեղք, կողքին մոր ու
Անդրանիկի մասին խոսում են՝ էն Արմենուհին էլ էնտեղ է մեղք, էն
խեղճ հոր ձեռքն էլ էնտեղ չի գրպանից դուրս գալիս ու էն երեխաներն
էլ կոնֆետի են սպասում, էն Գրիգորյանն էլ էնտեղ է ժանգոտել ու ինքն
իրեն ուտում է և ոչինչ չի կարող անել, որովհետև եղածը եղել է՝ նրա
միակը մեռել է, վերջացել է, չկա, էլ չի միանում, չի միանում մեզ... և լավ
էր անում՝ որ չէր միանում: Վերացա՜ծ, ոչ էն է ժպիտ էր, ոչ էն է
դժգոհություն:
Կանչեցին, պատասխանեցին, կանչեցին և աղբյուրի քչքչոցի մեջ
այդ մարդու անվան ու գործի դեմ տղան անդրադարձավ, որ ձիու ոտնաձայն էր լսել, բայց դա Ալխոյի ծանր դոփյունը չէր: Գնամ գամ՝ նոր,
գնամ գամ՝ նոր... ասացին:
– Արի, այ տղա, արի, փոստը չի փախչի,– ասացին:
– Գնամ գամ՝ նոր, էդտեղ եք, էլի, հո ուրիշ տեղ չեք գնալու, գնամ
գամ՝ նոր,– ասաց փոստատարի ձայնը, և նրա ձիու կտկտոցը խլացավ,
իսկ Ալխոյի ծանր դոփյունը չէր լսվում, իսկ եղբայրը կայարան սպասում
էր, իսկ անթև սպիտակ շապկավորը հիմա գալու էր, որպեսզի նա ու
տղան կանգնեն այդ մարդու նկարի, անվան ու գործի դեմ, հարգեն այդ
մարդու հիշատակը և խմեն:
Տղան ձգվեց ու նայեց պատի վրայով – ձիու մոտ կանգնած՝ Մեսրոպ քեռին թամբի աղեղը բռնել ու գլուխը դրել էր թամբին, իսկ թե ինչ
էր անում անթև սպիտակ շապկավորը՝ տղան չհամարձակվեց տեսնել,
որովհետև տղան իրավունք չուներ նրան երևալով հայտնել, թե ես՝
լակոտս, ահա այստեղ քեզ սպասում եմ:
Տղան սպասեց:
XIV
Պապա, ասել է Հրանտից առաջ եղածը, պապա, որ գնում են՝ էլի
գալիս ե՞ն: Հա, ձագ ջան, գալիս են, ասել է հայրիկը: Հրանտից առաջ
եղել ու մեռել են, եղել, եղել« մի թիթեռի չափ մնացել ու կորել են: Մայրիկը նրանցից մեկի համար թաքուն լաց է լինում: Երեխաներին նայելիս մայրիկը մեկ էլ մտքով ետ է գնում, երեխաների մեջ մայրիկը
փնտրում է նրան, ով ճպուռի նման նիհա՜ր, նիհար է եղել: Ասել է՝ «պապա, էս ո՞ւր եմ գնում»: Հայրիկն ասել է՝ «չես գնում, ձագ ջան, էստեղ
մեր տանն ես, պապան կողքիդ է»: Հայրիկը երևի հանդից եկած ու
քունը ծանր տանելիս է եղել: «Պապա, ասել է, գնում եմ հեռո՜ւ, հեռու ու
էլի գալիս եմ»: «Պապա, ասել է, որ մեկ էլ գնամ գամ՝ ես Արայիկը
կլինեմ, ինձ Հրանտիկ չասես»: Որտեղի՞ց է լսել, ո՞ւմ տանն են քաղաքի
եկվորներ եղել, ո՞ր քաղաքացու հագած-կապած երեխային է տեսել ու
նախանձել: Մանրիկ ծիծաղել և ասել է՝ «պապա, թռչո՜ւմ եմ»: Ասում է
ճպուռի պես նիհա՜ր... որ վազում էր՝ արևի մեջ հալվում, պղտոր մի գիծ
էր դառնում, գետնից կտրված՝ օդով ճպուռ էր թռչում, գնո՜ւմ հալվում
էր:
Երշիկն ընկավ: Ինքն իրենից թաքուն՝ տղան կքեց ու փնտրեց երշիկը, և անթև սպիտակ շապկավորն այդ ժամանակ չեկավ, տղան երշիկը գտավ, բայց օղին թափվեց: Եվ այդ արդեն մեռնելու բան էր, մանավանդ որ անթև սպիտակ շապկավորը հիմա գալիս էր, և տղան բաժակն առավ բռունցքի մեջ, իր կարմիր մեծ բռունցքի մեջ ու քարացավ:
– Սուրի՜կ...– եկավ Մեսրոպ քեռու ձայնը,– Սուրե՜ն:– Բայց փոստա-
տարը ե՜րբ էր անցել, փոստատարը հիմա Հովիտ էր:
Իսկ եթե անթև սպիտակ շապկավորը նկատեր, որ բաժակը դատարկ է ու այդ լակոտի համար նորից գնար օղի բերելու:
– Դուք ինձ գետնով եք տալիս,– եկավ Մեսրոպ քեռու քնատ ձայնը:
– Էդ մասին էլ չենք խոսում, արդեն պայմանավորվել ենք,– ասաց
անթև սպիտակ շապկավորը:– Աստծով՝ ողջ լինենք:
Տղան ձգվեց ու նայեց պատի վրայով – նրանք բոլորը ծիրանու
տակ սփռոցի շուրջն էին, ուտում էին, տղայի շարժումը կնկատեին ու
հանկարծ կկանչեին – տղան անշարժացավ: Նրանց մոտից նրա քթի
կեսը, աչքերն ու ճակատը երևում էին, բայց եթե տղան լավ անշարժանար՝ գուցե չերևային:
– Լեռնիկ,– ուսի վրայով կանչեց անթև սպիտակ շապկավորը,– Լեռնո՜:
Բաժակը ձեռքին՝ Մեսրոպ քեռին ուզում էր բան ասել, նայում էր
դեպի աղբյուր, բայց հազիվ թե տղային տեսնում էր, որովհետև տղան
լավ էր քարացել: Տղան լավ էր քարացել, բայց աչքերը չէր փակել, իսկ
Մեսրոպ քեռին տղայի հենց աչքերին էր նայում: Տղան աչքերը փակեց,
բայց արդեն ուշ էր:
– Էս մեր շիլ Եղըշի տղե՞ն է թե աչքիս է երևում,– ասաց Մեսրոպ քեռին:– Մի կխտարի համար ժամը հնգից ձիու վրա եմ:
– Էդտեղ էդ ի՞նչ բանի ես, այ տղա,– եկավ անթև սպիտակ շապկավորի ձայնը, և տղան կռացավ: Կարմիր շորավոր կինն առատ ու տաքտաք ծիծաղեց, և ինքը նույնպես ժպտալով՝ տղան կուզեկուզ անցավ
աղբյուրի մյուս կողմը, փախավ: Ցանկապատն անցավ ու ցանկապատի տակով-ցանկապատի տակով կուզեկուզ փախավ: Երբ աղբյուրի պատը նրան չէր թաքցնում նրանցից և տղան ցանկապատը դեռ
չէր անցել ու կուզեկուզ-կուզեկուզ դեռ չէր փախչում ցանկապատի տակերով, այլ դեռ կռացած վազում էր խարկված խոտերի միջով, անթև
սպիտակ շապկավորի ձայնը նրան ասել էր. «Լեռնոյին ուղարկիր գա,
ասա թող գա»:
Ճանապարհից, մինչև ծառերին հասնելը, տղան ետ չնայեց: Ծառերի միջով նրանք երևում ու չէին երևում, կարելի էր չնայել, և նրանք
չէին լինի, բայց սարսափելին այնտեղ ետևում չէր, այլ տղայի ներսում,
և չէր կարելի գոռալ, որովհետև ոչինչ էլ չէր պատահել – խանձված
խոտերի միջով, պատի տակով մի լակոտ փախել էր:
Լեռնոն գալիս էր: Ալխոն գալիս էր:
Դա քառատրոփ էր, բայց վազք չէր: Երազի փախուստի պես ծանր՝
Ալխոն գալիս էր: Թաքուն ոչինչ չի մնում: Իսկ եթե հորեղբայրը հիմա
որևէ տեղից՝ ծառի ետևից, բլրի գլխից, երկնքից նայում ու տեսնում է,
որ պառավ այդ ձին չարչարվում է, իսկ տղան կանգնել ու միայն նայում
է, թե ինչպես է չարչարվում պառավ ձին: Իսկ եթե ձին ինքն է
հասկանում, ձիու իր ներսից տեսնում ու հասկանում է:
– Ի՞նչ,– ասաց տղան, ապա հասկացավ, որ ինքն ասել է «ի՞նչ»:
– Լավ չի վազում,– ասաց Լեռնիկը:
– Լավ չի վազում,– ասաց տղան:– Պառավ ձի է:
– Դե լավ,– ասաց Լեռնիկը,– թող մինչև աղբյուր քշեմ:
– Քշիր,– ասաց տղան:
– Դե թող:– Լեռնիկը սանձերը քաշքշեց ու նորից ասաց.– դե թող՝ որ
քշեմ:
– Ոչ,– ասաց տղան:
– Մինչև աղբյուր քշեմ՝ ետևիցս արի տար:
– Ոչ,– ասաց տղան:
– Չի սատկի, մինչև աղբյուր եմ ասում:
– Իջիր,– ասաց տղան: Նրանց հացուերշիկը իր ձեռքին (ի՞նչ եղավ
բաժակը), նրանց որդին այդքան գեղեցիկ՝ տղան այդ չէր ուզում ասել:
Տղան դեմ չէր, տղան կգնար Լեռնիկի ետևից, Լեռնիկն իհարկե ձիով
կգնար և տղան կվազեր նրա ետևից ոտքով, բայց ծիրանու տակից
նրանք նորից կնայեին և կտեսնեին ցանկապատի ետևում տղայի քթի
կեսը, աչքերը, ճակատը:
– Դե լավ, չեք սատկի, մինչև աղբյուր եմ ասում:
– Կսատկենք,– ասաց տղան, և Լեռնիկը ձիուց ցատկեց, կանգնեց
տղայի դեմ, նայեց, և նրա գեղեցիկ աչքերը գծի չափ բարակեցին, և
ծամածռվեց ու ասաց՝ յա՛խկ, և անհասկանալի էր՝ նա ժպտում էր թե
զզվում, բայց շատ գեղեցիկ էր, Ծմակուտի ամբողջ դպրոցում չկար... և
մի տեսակ կարծես սայթաքեց ու գլխով խփեց տղայի քիթուբերանին:
Նրա փափուկ, մաքուր մազերի բույրն ու ցավը միասին եղան, հետո
եկավ սեփական արյան կեղտոտ հոտը: Որևէ վատ բան տղան երբևէ
արած կլիներ, այս՝ դրա համար:
– Լավ,– ասաց տղան,– ոչինչ:
– Ի՞նչ լավ, դու ինձ ի՞նչ կարող ես անել:
– Ոչինչ,– ասաց տղան:
– Թե՞ մտածում ես, որ հետո:
Քիթը բռնած՝ տղան նայեց:
– Մի նայիր,– ասաց նա, և նրա աչքերը գծի չափ բարակ էին, անհասկանալի էր՝ նա ժպտում էր թե զզվում տղայի կեղտոտ արյունից:
Լեռնի՜կ... կանչեցին: Լեռնո՜...
– Կանչում են, գնա,– ասաց տղան:
Նա չպատասխանեց. ինչպես որ յախկ ասելիս էր՝ ժպիտի ու զզվանքի խառն ծամածռությամբ նա նայեց ու ճիպոտը բարձրացրեց իբր թե
խփելու տղայի գլխին, բայց մյուս ձեռքով փորին խփեց: Իր հարվածը
երևի իրեն դուր եկավ – նրա ծամածռությունը հիմա նման էր միայն
ժպիտի: Նրա դեմքը դանդաղ ձգվում էր, բերանն ու աչքերը կլորանում
էին, նա նորից էր խփելու, և տղան ձեռքերն առաջ գցեց, բայց նրա
վերնաշապիկը լուսավոր սպիտակ էր և այդ արյունոտ ու երշիկոտ
մատներով չէր կարելի... և տղան ձեռքերն իրեն քաշեց:
– Մի՛,– ասաց տղան,– շորդ կկեղտոտվի:
– Յախկ,– ծամածռվեց նա:
Ձին քշած, ինչպես որ կինոյում թրատելիս են կախվում թամբից՝
եկավ Մեսրոպ քեռին: Եկավ, շաղված հայացքով նայեց,– Ուշանում ես,
Եղիշի տղա,– ասաց և ուսի վրայով խռխռաց ետ դեպի այգիները.– Գալիս է, գալիս, էստեղ է,– ու ձին քշած գնաց, բայց վայ թե ինքը չէր քշում,
ինքը թամբին վայ թե հազիվ էր մնում:
Լեռնի՜կ... կանչեցին: Լեռնո, Լեռնի՜կ...
Ունքը կեռած՝ նա նայեց Մեսրոպի ետևից, ապա գեղեցիկ վիզը
դանդաղ ոլորեց դեպի այգիները, հետո ծլթոցով թքեց ու տղային
ասաց.
– Ուզո՞ւմ ես էնպես ծեծեմ, որ ճամփադ մոռանաս:
Տղան նայեց ու ասաց.
– Կարո՞ղ ես:
Նրա դեմքն սկսեց ձգվել, և նա ասաց.
– Կարող եմ:
– Եթե կարող ես,– ասաց տղան և արյունը կուլ տվեց,– ուրեմն կարող ես:
– Ի՞նչ,– ունքը կեռած՝ ասաց նա,– հորս կկանչե՞ս:
– Չեմ կանչի,– ասաց տղան,– մի վախեցիր:
– Էդ՝ քեզնի՞ց եմ վախենալու:
Տղան արյունը կուլ տվեց ու նայեց:
– Հը՞:
– Դու վախկոտ չես,– ասաց տղան:
– Թե՞ վախկոտ եմ:
Քիթը բռնած՝ տղան միայն նայեց:
– Մի նայիր,– ասաց նա: Բայց տղան նայեց:– Մի նայիր,– ասաց նա:
– Կնայեմ,– ասաց տղան:
Լեռնի՜կ... կանչեցին, Լեռնի՜կ...
– Կանչում են, գնա,– ասաց տղան:
– Դասատո՞ւ ես դառնալու,– ասաց նա:
– Կարող է դառնամ,– ասաց տղան:
– Հը,– սպասեց նա,– բանաստե՞ղծ ես դառնալու:
Տղան սխալ չէր լսել. նա ասել էր. «Բանաստե՞ղծ ես դառնալու»:
Բայց նա որտեղի՞ց գիտեր, բայց նա ինչի՞ց հասկացավ: Նա ժպտաց,
ուրիշ կողմ նայեց ու խփեց տղայի ծնոտին:
– Լավ,– ասաց տղան,– հասկացա: Գնա,– ասաց տղան,– գնա:
– Եթե չգնա՞մ:
– Գնա էստեղից,– ասաց տղան:– Գնա:
– Էսօր էսքանը քեզ բավական է,– ասաց նա, խաբս տվեց, բայց այս
անգամ չխփեց: Ժպտաց, շուռ եկավ և դանդաղ գնաց:
– Ճիպոտը մի տար,– ասաց տղան, և ուսի վրայով ճիպոտը նա ետ
շպրտեց: Լեռնի՜կ, կանչեցին, Լեռնի՜կ: Եվ խմբով՝ Լե՜ռ-նիկ, Լե՜ռ-նիկ,
Լե՜ռ-նո:– Լեռնի՜կ,– առանձնացավ կանացի մի սուր ձայն, բայց այդ
տղան չէր պատասխանում:
– Գալիս է՜,– քիթը բռնած՝ կանչեց տղան,– գալիս է, գալի՜ս:
– Ասա՝ թող շուտ-շուտ գա,– կանչեց կանացի սուր ձայնը:
– Գալիս է,– ասաց տղան և արյունը կուլ տվեց,– գալիս է՜:
Թաքուն ոչինչ չի մնում, ամեն ինչ տեսնում ու հասկանում են: Ծառի
ետևից, բլրի գլխից թե Ալխո պառավ ձիու միջից հիմա Գրիգորյանն էր
նայում, Աշոտը թե հորեղբայրը՝ միևնույն է, տղայի լացը գալիս էր
միայն այն բանի համար, որ տղան կռվի ժամանակ չուներ, բայց նրան
քաշում էին կռվի մեջ: Տղան լաց չեղավ՝ թեկուզ այդ Լեռնիկի
քայլվածքը, և թիկունքը, և ձիգ տաբատը, և երկար վիզը, լուսավոր
սպիտակ շապիկը բաց լինելու չափ գեղեցիկ էին: Քիթը բռնած ու
գլուխը վեր՝ տղան իջավ գետ լվացվելու:
Երբ ծառերի արանքից դուրս էր գալիս՝ երևաց նրանց ոչխարի
պայծառ կիսանը, ծիրանի լուսավոր ծառը, սպիտակ շորը, կարմիր շորը, լուսավոր մեքենան, և ռադիոն երգում էր, իսկ Լեռնիկը ձեռքը խփել
ու ցատկում էր գետաքարե ցանկապատը, և այդ գեղեցկության միջից
նրանք կտեսնեին տղային, նրանց ուրախությունը կփչանար – տղան
ետ անտառ մտավ ու գետ իջավ ծառերի ետևով:
Ոչինչ, ասաց տղան և քիթը սրբեց ու երեսը լվաց, ոչինչ: Եվ որպեսզի այդ էլ չասեր՝ տղան դեմքը մինչև ականջները և մինչև ծոծրակը
սուզեց ջրի մեջ և չհանեց: Չհանեց մինչև շնչահատ լինելը: Եվ նորից
սուզեց:
Ձին սպասում էր: Ալխո, ասաց տղան և մի քիչ կանգնեց նրա կողքին, Ալխո: Եվ այդպես ձիու մոտ կանգնած՝ տղան կարոտեց հորեղբոր
դռանը, հովտի տանձենուն, հոր մազոտ դեմքին ու ձեռքին՝ երբ հայրը
հնձից եկել է ու թախտին թեք է ընկած:
Մեսրոպ քեռու գլխարկը կառչել էր մամխի թփին, իսկ զամբիկը
կանգնած էր մամխուտից դենը խարկված հովտում, և սարսափելի էր
զգալ ճաղատ գլխի բախումը գետնին: Ամբողջ ճանապարհը մինչև Սոթ
ու խարկված գետահովիտը ամայի էր, ոչ ոք չէր գալիս ու չէր գնում, և
միայն զամբիկն էր ականջները ցցել, նայում էր տղային ու Ալխոյին:
Մեսրոպ քեռին ընկած էր զամբիկի կողքին:
Տղան չգիտեր, որ հարբածները ձիուց փափուկ են ընկնում, ընկնում
ու փափուկ քնում են:
– Մեսրոպ քեռի,– ասաց տղան,– Մեսրոպ քեռի:
– Քեռի,– խնդրեց տղան,– քեռի:
– Դոշոյանը կթողնի կգնա, քեռի:
– Քեռի,– խնդրեց տղան,– Մեսրոպ քեռի:
– Քեռի,– ասաց տղան,– քեռի:
– Քեռի,– քաշեց տղան,– քեռի:
– Ցավո՞ւմ է, քեռի:
– Քեռի,– խնդրեց տղան,– քեռի:
– Քեռի:
– Քեռի... Մեսրոպ քեռի... Քեռի:

Յատուկ Երաժշտություն
Վերհիշելով
Դավիթ Բալասանյան

Վերհիշելով

Հայաստան, 1959
Հայաստան, 1959
Խաղա առցանց