Հրանտ Մաթևոսյան

Նժույգս, նժույգս

Ես այն ժամանակ սիրահարված էի և ուզում էի կարծել, թե ամբողջ գյուղում միայն ես եմ հասկանում Փոքր հորեղբորս: Նա բանակում, Թիֆլիս, հինգ տարի ծառայելուց հետո եկել էր, արդեն երեք ամիս գյուղում էր և ձեռքը գերանդի չէր առնում: Նստում էր գրասենյակի բազրիքներին, ծխում էր, ձեռքերը գրպաններում կանգնում էր իրենց տան դռներին, ընկած խնձորն այգում ոտով մի կողմ էր նետում և կռանում էր սրբելու սապոգի քիթը: Շուտ-շուտ փոխում էր օձիքակարը, ուղղում էր գոտին և ձեռքերը գրպաններում դարձյալ գալիս գյուղամեջ: Կոլտնտեսության նախագահ Աբգարը կարծեց Փոքր հորեղբայրս պարծենում է գերազանցիկ գնդացրորդ և էլի մի երկու կրծքանշանով, և շապիկին Աբգարն ամրացրեց Կարմիր դրոշի շքանշանը, Փոքր հորեղբորս առջևից գնաց-եկավ, հետո կանգնեց նրա դեմ ու կուրծքն ուռցնելով ձգվեց թաթերի վրա: Եվ նետեց ու բռնեց կլոր կնիքը: Փոքր հորեղբայրս Աբգարից շատ էր բարձր, ուռուցիկ կոպեր ուներ, նեղ աչքերով վերևից նայեց Աբգարին և ուսերը կծկեց:
- Մի թևս խափան մարդ եմ,- ասաց Աբգարը և շարժեց բարակ, ուղիղ մատներով ձեռքը:
- Որ ի՞նչ,- ասաց Փոքր հորեղբայրս:
- Ու եթե պետք լինի,- չորս կողմ նայելով՝ շրջապատից խրախուսանք հավաքելով, ասաց Աբգարը,- եթե պետք լինի՝ մյուս թևս էլ կչորացնեմ:
- Է՛, չորացրու,- բոլորովին անվրդով ասաց Փոքր հորեղբայրս:
- Եվ կչորացնեմ,- բարձր ասաց Աբգարը:- Բոլոր քաղաքացիների աչքը կհանեմ ու կչորացնեմ:- Ապա արագ շուռ գալով, շպրտեց Փոքր հորեղբորս ոտքերի տակ.- Քաղաքացի՛:
Դա արդեն բոլորի սրտովն էր: Ոչ ոք ուներ մաքուր սապոգ և բանակային պինդ կտորից հագուստ: Եվ ապա՝ բոլորն ուսել էին գերանդի ու եղան, սպասում էին պահեստից հաց ստանալու, ակնկալում էին միս էլ, մեղր էլ, կարագ էլ, կարծում էին նախագահը հիմա շուռ կգա այդ փափուկ թիֆլիսեցուց և իրենց գերանդիավորների համար դուրս կգրի որձ, որովհետև իրենք գերանդի են քաշում, եթե մի օր չհնձեն՝ քաղաքն այնտեղ սովամահ կլինի,- ահա այդքան կարևոր են իրենք և նույնքան ձրիակեր է այդ եֆրեյտորը, որ կարծում է գեներալ է:
- Էդ բանակից մենք էլ ենք տեսել,- վերևից, երկրորդ հարկի պատշգամբից հեգնեց Աբգարը և գրասենյակում զնգացող հեռախոսը վերցնելով պարծեցավ բաց լուսամուտից.- և ռուսի մաթուշկա էլ շատ ենք տեսել: Ալո՜... Կոլումբոսը Ամերիկա է գտել, եկել է Աբգար է զարմացնում:
Բոլոր տղամարդիկ ծիծաղեցին, որովհետև բոլորն էլ եղել էին բանակում, գալուց հետո պարծեցել էին ու դեռ ոգևորությամբ էին հիշում այն օրերի եղած կամ լսովի կանանց: Եվ բոլոր հնձվորուհիները ժպիտից կնճռոտվելով չանչեցին տղամարդկանց, որովհետև բանակում, կանայք համոզված էին, հաճելի անամոթություններ են պատահում:
Այդ ժամանակ Փոքր հորեղբայրս ծխախոտ վառեց և ասաց բամբ-բամբ.
- Զահլա մի տար:
- Համմե՞...
- Մեծ մարդ ես, զահլա մի տար,- հանգիստ ասաց Փոքր հորեղբայրս:
Կոլխոզի գործ էր, նախագահին միշտ էին կոպտում, բայց հիմա նա ցույց տվեց, թե առաջին անգամ է լսում այդպիսի պատասխան, նա հեռախոսի մոտ թույլ-թույլ կանգնեց:
- Այսինքն քո գործն է, դու գիտես,- քրթմնջաց նա:
Վերևում, պատշգամբի սյունը գրկած կանգնել էր Լուսիկը և նայում էր հեռվին: Նա կարծում էր կամուսնանան ինքն ու Փոքր հորեղբայրս, որովհետև բանակից եկած միակը հիմա նա էր, գյուղի միակ հասունը ինքն էր, և նա ուզում էր սիրահարվել Փոքր հորեղբորս, որովհետև գրքերում գրված է, թե ամուսնանալուց առաջ աղջիկն ու տղան սիրահարվում են, ու չէր կարողանում. պինդ մկանունք ուներ ու ջրի պես դատարկ կապույտ աչքեր, որ ուզում էր լցնել կրակով ու լացով, ու չէր լինում: Այդ աղջիկը դժվար հասունացավ. լիքը կրծքով և ուսերով՝ թվում էր կին է, բայց հիմարը մեկ էլ թռչում էր ավանակի մեջքին ու անհամ-անհամ ծիծաղում: Երեկույթներին, դպրոցական աղջիկներից առաջ էր ընկնում և գլուխը ցնցելով անշարժանում բեմի վրա.
- Հովհաննես Թումանյան. Մարո՛: Մեր գյուղն էն է, որ հպարտ...
Բոլորը ծափահարում էին, բոլորն ասում էին, որ նա գերազանց է արտասանում, ոչ մի տեղ չի շփոթվում, որ նա լավ, աշխատող աղջիկ է, բայց ոչ ոք չէր մտածում նրան կին, եղբոր կին կամ հարս դարձնել:
Այդ Լուսիկն ահա կանգնել էր սյունը գրկած, նայում էր Փոքր հորեղբորս, համարյա թե սիրահարվում էր, սակայն հանկարծ զրնգալեն արտասանեց.

Չաշխատեցիր ամառը,
Ասա, ի՞նչն էր պատճառը.
Էն խոտերում բուրավետ
Երգում էիր մերոնց հետ,
Երգում էիր՝ շատ բարի,
Այժմ բռնիր վեր-վերի,
Քամին ծափ տա՝ դու պարի՜:
Ծիծաղից կարելի էր խլանալ: Ապա բոլորը լռեցին և սպասեցին թե է՛լ ինչ է լինելու: Եվ երբ բոլորը լռեցին, լսվեց Փոքր հորեղբորս բամբ մրթմրթոցը.
- Հիմար որձ...- և անհասկանալի մի երկար խոսք, որտեղ կար made բառը:
- Ըհը՛, գերմաներեն ուշունց տվեց, գերմաներեն ուշունց տվեց,- ասաց Բեռլինը գրաված Համոն և աշխույժ աչքերով նայեց մեկ սրան, մեկ նրան:
Իսկ այդ Լուսիկը բոլորովին բանի տեղ չդրեց Փոքր հորեղբորս գերմաներենը, ձեռքը պարզեց և դարձյալ զրնգաց.
- Մարդկային ոչինչ խո՛րթ չէ մեր հոգուն:
Հիմա Փոքր հորեղբայրս ձեռքերը գրպանած, թիկունքը լայն՝ իջնում էր դպրոցի վրա: Այնտեղ մենք նստել էինք աշխարհագրության, Ռիման քարտեզի մոտ կմկմում էր, ուզում էր հրաժարվել ու նստել, բայց ես հուշում էի հաջորդ նախադասությունը: Մեր տոհմեցի ջահել դասատուն կարդում էր լրագիրը և անընդհատ ժպտում շրթունքները փակ. ամեն վայրկյան պահում էր փռթկոցը: Կարելի էր կարծել, թե լրագիրը սյուն առ սյուն շատ ծիծաղելի մի երկար պատմություն է պատմում, այնինչ լրագիրն այդտեղ գործ չուներ. մեր տոհմեցի ջահել դասատուն կարծում էր ես այդ Ռիմային հո չե՜մ սիրահարված:
- Հորդ ասեմ՝ քեզ պսակի, վայ թե դու ամաչելիս լինես,- մի անգամ թաքուն ասաց նա:
Բոլորը հարկ էին համարում ինձ ասել մի թաքո՜ւն բանից իրենց տեղյակությունը: Բանակի տարիք ունեցող տղաներն ինձ լուրջ-լուրջ հարցրին.
- Տուն-տուն եք խաղո՞ւմ, թե մեջը մի բան կա:
Ես հեռանում էի, իսկ նրանք ինձ մեջ առան.
- Շան որդի, որ բան են հարցնում՝ պատասխանիր:
Հետո կարծեմ ասացին, թե գյուղում կարգին աղջիկ չկա, եղածին էլ տեր է կանգնում... Նրանց մեջ մի Սենո կար, մարզիկ և օձ, օձի չռված աչքերով, բերե՜ց, թաշկինակով բռնեց քիթս ու թափահարեց.- Խի՛նչ:- Ես նրանից վախենում էի, բայց խփեցի: Նրանք ինձ չխփեցին: Սա ինձ հրեց նրա մոտ, նա նրա մոտ, նա սրա մոտ, սա չգիտեմ որտեղ... Մեկը պահեց, որ չընկնեմ... Չէ՛, ետևից պահեց թևերս, արձակեցին գոտիս, իջեցրին տաբատս ու թքեցին: Ու սուր ծիծաղեցին. ի՜-հիհիհիհի... Հետո ես պառկել էի ու կաղկանձում էի, իսկ նրանք ասում էին.
- Ամոթ է, տո՛, սիրահարված մարդ ես, վեր կաց կապիր տաբատդ:
...Ահ, այդ սատանի տարած կավիճի հոտը, այդ մաշված քարտեզի հոտը, ուսուցչի ժպիտը լրագրի ետևում և այդ Ռիմայի խռովկան շրթունքները: Եվ նստարանի ետևում, ձեռքերը ծնկների մեջ կուչ եկած այդ երեխան, որ հուշում է. Ուրալյան լեռներո՜վ... Ուրալ գետո՜վ... ներքև՛... Կասպից ծովո՜վ... ճի՛շտ է... Կումա-Մանիչի... ձա՛խ...
Փոքր հորեղբայրս ձեռքերը գրպանած, թիկունքը լայն՝ կանգնել էր պտտաձողի մոտ, Ռիման դաս էր պատասխանում, ուզում էր հրաժարվել՝ ես հուշում էի հաջորդ նախադասությունը, իսկ ուսուցիչն իբր թե լրագիր էր կարդում:
Մեկ էլ տեսանք Փոքր հորեղբայրս պտտաձողին կանգնել է գլխիվար ու անշարժացել:
- Ուշադրությո՛ւն,- ասաց ուսուցիչը:
Մեկ էլ տեսանք Փոքր հորեղբայրս, թափ էր առել, բաց թողեց ու նորից բռնեց պտտաձողը, դարձյալ թողեց ու բռնեց: Դարձյալ թողեց ու բռնեց: Իսկ Ռիման պատմում է արագ-արագ:
- Ուշքներդ դեպի պատմո՛ղը:
Մեկ էլ տեսանք պտտաձողին ձեռքերի վրա անշարժացել է Սենոն: Հետո Սենոն մեջքի վրա ճկված գնա՜ց, եկավ, բաց թողեց ու բռնեց պտտաձողը: Գնաց, եկավ, թողեց ու բռնեց ձողը: Հետո գլխկոնծի արեց ու կանգնեց Փոքր հորեղբորս կողքին:
Փոքր հորեղբայրս գոտին տվեց Սենոյին, փայտի պես ուղիղ կախվեց ձողից, մի պահ մնաց ու ձողն իջեցրեց ազդրերի մոտ... չէ՛, այդպես ուղիղ էլ հանկարծ բարձրացավ: Հետո մարմինը դանդաղ տարա՜վ, կանգնեց գլխիվար, մի ձեռքն զգույշ անջատեց, մյուսով պահվեց այնքա՜ն... Այո՛, դասամիջոցի զանգը հնչեց:
Սենոն գոտին տվեց աշակերտներիցս մեկին, կախվեց ձողից, մի քիչ ծալվելով՝ բայց կրկնեց Փոքր հորեղբորս արածը, կանգնեց ձեռքերի վրա, հետո մեկ ձեռքի վրա, ապա միայն գլխի վրա: Եվ այդպես՝ աչքով արեց աղջիկների խմբին: Ռիմային:
- Չի՛ կարելի, գլուխդ կցավի,- ասաց Փոքր հորեղբայրս:
- Ունի՞ որ ցավեր,- լսվեց վարիչ Ռուբենի ձայնը, և աշակերտներս պտտաձողից հեռացանք, նայեցինք հեռվից:
Փոքր հորեղբայրս հանեց վերնաշապիկը, միանգամից թափ առավ ու սկսեց շրջաններ անել. մենք հաշվեցինք տասը շրջան: Նույնը արեց Սենոն, դեռ մի բան էլ ավելի՝ պտույտների հետ ծղրտալով ու շապիկը քամով լիքը, գրպաններից թափելով դանակ, դերասանուհի Մակարովայի լուսանկարը, ծխատուփ և թութուն:
Մակարովայի լուսանկարը Սենոյի ձեռքից անցավ վարիչ Ռուբենի ձեռքը, աշակերտներիս մտքում վարիչը հիմա ժպտալով քաշքշելու էր Սենոյի ականջներից. Սենոն երեկվա աշակերտն էր և վարիչն էլ աշակերտներիս մտքում իրավունք ուներ քաշելու գյուղում բոլորի ականջները, բայց այդ վարիչը ոչ տարավ ոչ բերեց՝ ասաց Փոքր հորեղբորս.
- Բանակում է՞լ ինչ են սովորեցրել:
- Զգոն լինել,- գոտին կապելով ասաց Փոքր հորեղբայրս:
- Հետո՞:
- Զգոն լինել:
- Էդ ասացիր, ուրիշ:
- Ուրի՞շ...
Դա մենք ընկալում էինք որպես լուրջ զրույց, բայց հիմա տեսնում եմ, որ Փոքր հորեղբայրս ուզում էր խփել այդ վարիչի մռութին, որ իր համար ստեղծել էր գյուղում քաղաքային կարգին կյանք. աշխատավարձ էր ստանում, հետո չգիտես ինչի համար թոշակ էր ստանում, որպես գյուղացի՝ կով էր պահում, ոչխար էր պահում, որպես ուսուցիչ՝ դրանց համար չէր հարկադրվում. կինն էլ դպրոցում աշխատավարձ էր ստանում, սրտի թուլության համար թոշակ էր ստանում,- փափուկ, մաքուր, համերաշխ ընթացքի օրերով կյանք էր սարքել իր համար և երբեմն-երբեմն իր տան երկրորդ հարկից գյուղացիների ինչպեսությունն էր հարցնում և կոպեկանոց խորհուրդներ տալիս. «Ինչո՞ւ ես թաց:- Գետն անցնելիս թրջվեցի:- Գետը պիտի կամրջով անցնել»:
- Ուրի՞շ,- ասաց Փոքր հորեղբայրս,- եթե հարկ լինի՝ խփել յանկիների մռութին:
- Ի՜նչ ես ասում,- զարմացավ վարիչը,- հիմա պայմանական թշնամին յանկինե՞րն են:
- Ճիշտ այդպես,- պատասխանեց Փոքր հորեղբայրս:
- Իսկ,- անսպասելիորեն հարցրեց վարիչը,- Թիֆլիսի քո աղջիկը Մակարովայի պես կլինի՞:
- Տեսնեմ,- մոտենալով ասաց Փոքր հորեղբայրս:
- Էդ չէի հարցնում,- ասաց վարիչը,- ասում ե՜ն ուզում ես Թիֆլիս գնալ: Լավ քաղաք է, ճի՞շտ է: Ռուսթավելու փողոցը, քաղաքապետարանի հին շենքը, ֆունիկուլյորը, պաղպաղակ, կենդանաբանական այգի, մայթ... Հա՛, Քուռը,- հանկարծ հիշեց վարիչը:
Փոքր հորեղբայրս նրա ուսի վրայով նայում էր դերասանուհի Մակարովայի լուսանկարին և ասում էր վարիչի խոսքին զուգահեռ.
- Դրա պես է, հա, ճիշտ դա է: Միայն՝ աչքերը մի քիչ մանր, ականջները մի քիչ խոշոր, բերանը մի քիչ մեծ, քիթը մի քիչ նստած՝ կապիկ, ինքը՝ գեր, երեք կզակով՝ խոզ: Սրտից էլ մի քիչ թույլ, կարծեմ թոշակ էլ է ստանում:
- Դե լավ է, էլի,- ասաց վարիչը,- կստանաք՝ կուտեք: Հացը կլինի, թեյը կլինի: Սպիտակ հացը:
Իսկ Փոքր հորեղբայրս շարունակում էր.
- Չէ, ինչո՞ւ: Այստեղ Թիֆլիսից լավ է: Կազմակերպող լինի՝ թիֆլիսեցին գլուխը քարին է տվել: Տուն, տեղ, գրամաֆոն, պատեֆոն... Ձու, շաքար, արաղ, ոչխար: Թոշակ, աշխատավարձ: Ոչխարի գլուխ պանիր, երեխաների դաստիարակություն:
- Բա իհա՛րկե,- ասաց վարիչը,- կաղամբ, կարտոֆիլ, լոբի, յուղ, թթու, չուզողի աչք, քսան հատով ոչխար...
- Երեխաների դաստիարակություն,- Փոքր հորեղբայրս հանկարծ թափով խփեց Սենոյի վզին ու լսելի հայհոյեց վարիչի ականջի մոտ.- Քո տված դաստիարակությունը...
Այդ հիմար Սենոն կանգնել էր նրանց մոտ և հպարտ էր, որ դպրոցն արդեն ավարտել է և իրավունք ունի կանգնելու վարիչի կողքին, ծխախոտը երևացնելով թաքցնելու, ժպտալով ծխելու, և հպարտ էր հատկապես այն բանի համար, որ իրեն պատկանող լուսանկարը նրանց պես լուրջ մարդկանց ձեռքին էր: Սենոն փախավ, ապա հանկարծ հիշեց, որ ինքը մեծ է:
- Ինչո՞ւ ես խփում:
Փոքր հորեղբայրս դեմքը վարիչին և խոսելով՝ դարձյալ խփեց:
- Ինչո՞ւ ես խփում:- Աչքերից կայծեր ցայտելով Սենոն եկավ մտավ Փոքր հորեղբորս քթի տակ: Այդ պահին Փոքր հորեղբայրս ասում էր վարիչին.
- Վերստուգիչ հանձնաժողովը լավ բան է, բայց հնարավոր չի, որ վարիչ էլ լինեն, հանձնաժողով էլ...- Եվ մի ձեռքը վարիչի ուսին՝ մյուսով Փոքր հորեղբայրս ետ հրեց Սենոյին ու խփեց սապոգի կրունկով: Ոտքը ետ շպրտելիս Փոքր հորեղբայրս երևի ուժեղ սեղմեց վարիչի ուսը. վարիչը ծռվեց մի կողմի վրա: Սենոն լաց լինելով քար էր փնտրում, փնտրելով հեռացավ, հեռվում գտավ քարը, որ գետնի մեջ խրված էր, ուզեց հանել՝ դուրս չեկավ: Սենոն նստեց քարին, հայհոյելով լաց եղավ:
- Մի՛ հայհոյիր,- ասաց Փոքր հորեղբայրս: Սենոն ձայնը կտրեց, և այդտեղ մենք բոլորս հասկացանք, որ հորեղբորս ձեռքը ծանր է: Սենոն չռված կարմիր աչքերով նայում էր Փոքր հորեղբորս, հետո մի զարմանալի հարց տվեց.
- Ի՞նչ է, պիտի ծեծ ուտեմ, համ էլ իրավո՞ւնք չունենամ հայհոյելու:
- Ունես, բայց որ եկա՝ իսկականից կծեծեմ:
- Կփախչեմ,- ասաց Սենոն:
- Էդ ուրիշ հարց է,- ժպտաց Փոքր հորեղբայրս:
- Ինչ է, չեմ կարո՞ղ:
- Կարող ես:- Փոքր հորեղբայրս ոտ փոխեց՝ Սենոն տեղից թռավ: Տեղից թռավ, հայհոյեց ու փախավ: Հետո կանգնեց, դարձյալ հայհոյեց ու փախավ: Հետո անընդհատ հայհոյելով անընդմեջ վազում էր, և բոլոր աշակերտներս ծիծաղում էինք: Վարիչն էլ էր ծիծաղում, ապա կանչեց.
- Է՜, այ տղա, արի Մակարովադ տար:
Սենոն կանգնեց թմբի գլխին և բարձր-բարձր ասաց դեպի դպրոցն ու վարիչը, ասես քննության ժամանակ պատասխան էր տալիս.
- ...Մակա՜րովան:
Հայհոյեց, այդ հիմարը իսկականից հայհոյեց և դա իրոք պարծենալու բան էր. մի ոտքը դեռ դպրոցում, մենք՝ նրապեսներս այնտեղ հավաքված, մենք՝ համարյա անտեղյակ, թե ինչ է նշանակում Մակարովա, նա արդեն հասել էր նրա ժխտման,- պարծենալու բան էր: Ես նախանձից մեռնում էի, բայց ահա Փոքր հորեղբայրս տեղում տրորվում էր, հետո հանկարծ պոկվեց դեպի Սենոն:
- Ի՞նչ եմ արել, ի՞նչ եմ արել, ի՞նչ եմ արել,- Սենոն ճագարի պես կուչ եկած թաթերը բարձրացրել էր, բայց հասկացավ, որ դա փրկություն չի: Սենոն փախավ:
- Հո՛վիկ... Հովհաննես...- կանչեց վարիչը:
Փոքր հորեղբայրս թափահարվելով գնում էր կարտոֆիլի ցանքսի միջով, իսկ Սենոն արդեն ցատկում էր ներքևի ցանկապատի վրայից: Սենոն ձորի մյուս կողմն էր, Փոքր հորեղբայրս ոտ խփեց ցանկապատին ու ցատկեց: Նրա անցնելուց շատ հետո, երբ Փոքր հորեղբայրս ձորի մյուս կողմն էր, իսկ Սենոն բլրի գլխին, ցանկապատը փլվեց:
- Հո՜վիկ, շրջկենտրոն միլիցիա կզանգեմ, ազնիվ կուսակցական:
Մեկը հնչեցրեց դասի զանգը, և մեզ համար չափազանց դժվար էր նստել քիմիայի: Եվ սրտից թույլ այդ ուսուցչուհու համար էլ դժվար էր նստել քիմիայի՝ յուրաքանչյուր ժամի ավելացնելու իր տգիտության ու ծիծաղելիության համարումը: Եթե վարիչ ամուսինը հաջողե՜ր առանց այդ ձևական պարապմունքների ստանալ աշխատավարձը: Նա մեզ ատում էր, և մենք էլ նրան էինք ատում, որովհետև զգում էինք, որ նա յուրաքանչյուր ժամի փչացնում է մեր ապագայում մի բան: Պարապմունքի այդպես կեսերին ներսի և դրսի լռության մեջ կանանց աղմուկ ու շների հաչոց բարձրացավ: Հովիկը և Սենոն: Մենք դուրս թափվեցինք, վազեցինք կարտոֆիլի ցանքսի միջով, ցատկոտեցինք փլված ցանկապատի վրայից, իջանք ձոր, բարձրացանք բլուր՝ բլրի մյուս երեսի ձորում կանայք ճվճվում էին Սենոյի շուրջը, իսկ Փոքր հորեղբայրս դանդաղ քայլում էր դեպի անտառ: Թփերի արանքում երբեմն երևում էր, երբեմն կորչում, և նրա լայն թիկունքն անհաղորդ էր կանանց անտագնապ աղմուկին:
- Թիֆլիսեցո՜ւս նայիր, Թիֆլիս մարդ սպանել է սովորել,- հերթով ասում էին բոլոր կանայք: Եվ լավ էլ անում էին: Քիթը տնկած՝ Փոքր հորեղբայրս գյուղում կին չէր տեսնում, իսկ կանայք՝ կային: Կրակ էին բորբոքում, կրակ էին հանգցնում, խմոր էին հունցում, երեխա էին ծնում, լվացք էին անում, ճաշ էին եփում: Թիֆլի՜ս էր գտել...
Իմ մտքում՝ Սենոյին ծեծողը ես էի, թիֆլիսեցին ես էի, ես պատահաբար էի գյուղում, և ինձ հետ կապ չունեին իմ չսափրված հայրը, կոպիտ Մեծ հորեղբայրը, նախագահը՝ որ կարծում էր մեծ աշխարհի ներկայացուցիչն է այդ փոքր գյուղում, վարիչը՝ որ գիտեր մեծ աշխարհի դժվարությունները և հարմար էր գտնում նրանից հեռու սարքել մեծ աշխարհին վայել իր կյանքը: Ես այդ օրերին պիես էի գրել, և իմ պիեսը, քան նրանց շքանշանը և կապույտ բազրիքը, հարգի հայտ էր մեծ աշխարհին: Իսկ նախագահը պիեսին ասում էր պեյսա: Վարիչը ծիծաղում էր նախագահի վրա, բայց ինքն էլ էր պեյսա ասում:
Փոքր հորեղբորս գնացած ուղղությամբ, մի ձոր և մի բլուր դենը, սկսվում էր արգելանոցը: Դա Կովկասի փոխարքայի որսատեղին էր: Թբիլիսիից այստեղ, որսի էր եկել Վորոնցով-Դաշկով փոխարքան: Այդպես էին ասում: Մեկն ասել էր և կրկնում էին, որովհետև ուզում էին անմասն չմնալ ոսկեզօծ դահլիճներից: Իսկ ես, ահա, երբևէ կգամ այստեղ հանգստանալու և որսի: Եվ իր պես անտարբեր կհարցնեմ դպրոցի վարիչի ողջությունը. «Ո՞նց ես»: Եվ կհարցնեմ նախագահին ձանձրույթով և ալարելով. «Ի՞նչ կա, ի՞նչ չկա»: Եվ կհարցնեմ հորս. «Օգնության կարիք չունե՞ս»: Եվ կսաստեմ կապը ձգձգատող քաղաքային որսաշանս. «Հանգի՛ստ, Ռեկս»:
- Հո՜վիկ... Հովհաննե՜ս...
Սեպտեմբերյան թափանցիկ օր էր: Ոչ ոք չլիներ, ոչինչ չլիներ խանգարող, պառկեիր ու մեռնեիր: Արեգակը հալհլում էր գլխավերևը, և նրա ներքո ամեն ինչ թվում էր իմաստալից ու թախծոտ: Եվ ո՞վ է հնարել այդ հացի կռիվը: Եվ մարդ ինչո՞ւ չպիտի կարողանա նյարդերը թուլացնել: Մենք ծառերի պես անջատ կանգնած ենք ամեն մեկս իր համար, յուրաքանչյուրս վերցնում է իր բաժին արևը և գցում է իր ստվերը: Այդ ինչպե՞ս է լինում, որ անտառի պես լռիկ կեցած աշխարհը դառնում է շնանոց: Գնում է Թիֆլիս՝ թող գնա Թիֆլիս: Հայհոյում է իր Մակարովային՝ թող հայհոյի:
- Այս ի՜նչ աշխարհ է,- ասացի ես Փոքր հորեղբորս:
- Ձեր դասերը վերջացա՞ն,- ասաց նա: Նա թավուտում փորի էր պառկել, գյուղի կանչերը չէին հասնում մեզ, և մեր այդտեղ լինելը կարծես մեր նախնու այդտեղ լինելն էր: Ես պառկեցի նրա կողքին, նրա պես, և իմ հասակը երևի նրա հասակի չափ էր, և հանդարտ վերուվարող իմ թիկունքը երևի նրա թիկունքի պես լայն էր: Եվ ասացի նրան մետաղային ձայնով.
- Դասերի...
Քթիս տակ բուրում էր հողը, լռություն էր, և լռության թե իմ հիշողության մեջ ցածրիկ աղմկում էին հեռագրասյուները: Եվ, ճիշտն ասած, գետինը սառն էր, ուզում էի պառկած լինել ներքնակի: Եվ ուզում էի հայհոյած չլինեի ու Փոքր հորեղբորս ծանր հայացքն զգալիս չլինեի ականջատակիս:
- Պիեսս ուղարկել եմ «Ավանգարդ» թերթին,- շտապ ասացի ես:
Իմ ականջատակը դանդաղ թեթևացավ, և հիմա դարձյալ երկու մարմնաձև, հավասար հասակով ու թիկունքի նույն լայնությամբ, կպել էին գետնին, շնչում էին հողը:
- Պատասխանել են, որ կտպեն,- հանգիստ ասացի ես:
- Պատասխանել են, որ կտպե՞ն:
- Կարծում եմ:
- Ո՞վ է կարծում:
- Ես:
- Դու տասը տարեկան կա՞ս:
- Ես տասնչորս տարեկան եմ, տասնհինգի մեջ եմ:
- Գնա դասերդ սովորիր:
- Իմ դասերը միշտ էլ ես եմ սովորել:
- Քո տաբատը քո հագից ովքե՞ր հանեցին:
- Դրա համար էլ Սենոն կերա՛վ:
- Ուրա՞խ ես,- քմծիծաղ տվեց Փոքր հորեղբայրս:
- Կարինե՞ն է սիրուն, Մակարովան, թե Ռիման:
- Մյուս անգամ գրպանս չմտնես,- գլուխը վար դնելով ասաց Փոքր հորեղբայրս:
- Ես ուրիշի գրպանի հետ գործ չունեմ:
- Իսկ Կարինեն ո՞վ է:
- Ով ուզում է լինի: Պետքս էլ չի թե ով է:
- Իսկ ինչո՞ւ ես ականջ կախում ուրիշի զրույցին:
- Իմ ականջն է՝ կախում եմ:
- Դու մեծախոս լակոտ ես:
- Ոչ ոքի էլ վնաս չեմ տվել:
- Պիես ես գրել: Պատասխանել են, որ կտպեն: Փողն արդեն ուղարկել են, գնա ստացիր: Հարյուր հազար ռուբլի: Դրամատուրգ: Գնա Կիրովական տներ առ:
Ես հեռանալով փնթփնթացի.- Չէ, Թիֆլիս,- ու նույն պահին էլ իմ ողնաշարով սարսուռ անցավ Փոքր հորեղբորս գոռոցից.
Ինչ է՜՞...

- Ոչինչ էլ չի անում,- ասացի ես Մեծ հորեղբորս,- պառկել է իր համար անտառում, ասում եմ տուն գնանք՝ գլուխն էլ չի բարձրացնում: Ես էլ թողեցի եկա:
- Ո՞նց եղավ, որ ծեծեց:
- Սենոն հայհոյեց Մակարովային, Հովիկն էլ ծեծեց:
- Ի՞նչ Մակարովա:
- Դերասան:
- Թատրոն է եկե՞լ:
- Մակարովայի լուսանկարը Սենոյի մոտ էր, պտտաձողի վրա խաղալիս ընկավ, վարիչն էլ ասաց Մակարովադ վերցրու, նա էլ ասաց... Նա էլ հայհոյեց Մակարովային, Հովիկն էլ ծեծեց:
- Ուրեմն թատրոն չի եկել:
- Ծը:
- Բա ո՞նց եղավ, որ կռիվ եղավ:
- Էդ ժամանակ մեր զանգը տվեց:
- Քեզ վրա թերթից նամակ է եկել: Գովել են:
Չէին գովել: Պարզեիպարզ ասել էին, որ դրամատուրգիան դժվար ժանր է, և ես հիմա պետք է լավ սովորեմ դասերս: Բայց իմ անունը մեքենագիր, համարյա տպագիր տառերով, դրամատուրգիա և ժանր բառերը ինձ հասցեգրված նամակում՝ Մեծ հորեղբայրս ընկալում էր որպես գովեստ, և ես էլ էի այդպես ընկալում: Դա ինձ դարձնում էր բարի:
- Գնում է Թիֆլիս՝ թող գնա, ինչո՞ւ չես թողնում, հորեղբայր:
Նա կոլտնտեսության համար սայլի առեղ էր տաշում: Թե կացինը չէր լավ կտրում, թե փայտն էր պինդ, թե աշխօրն էր քիչ ու դատարկ,- դժվար աշխատանք էր: Վատ էր սարքում՝ սայլվորը հայհոյում էր, ու հաճախ սայլվորը հենց ինքն էր լինում ու հայհոյում էր իր փնթիությունը: Լավ էր սարքում՝ դա խլում էր տասն օր: Եվ անտառապահն էր կռվում նրա հետ, կարծես կոլտնտեսությունը նա էր:
- Պիեսից ես սկսել,- ասաց Մեծ հորեղբայրս,- լավ ես արել: Սայլ՝ ով ասես կտաշի: Կխանձի էլ, կհարթի էլ: Դու քո դասերին կաց: Պառավներին ոչ դու ես պահելու, ոչ ես, ոչ էլ քո հայրը: Նրանք հինգ տարի Հովըկի են սպասել, իսկ Հովիկը Թիֆլիս է ուզում: Ես էլ եմ ուզում:
Մթնել էր: Նստել էին ընթրիքի: Հանդարտիկ զրույց էր աշխարհի, եղանակի, լսածի ու տեսածի մասին, և մարդու հավատ չէր գալիս, որ գյուղխորհրդի նախագահն ու կուսքարտուղարը եկել են ձերբակալելու Հովիկին: Նրանց գյուղական հագուստն ու ընդհանրապես այն, որ նրանք մեզ խառնված՝ մեզ պես մարդիկ էին, ծիծաղելի էր դարձնում մեր տուն գալու նրանց նպատակը: Գյուղխորհրդի նախագահն այդ օրը հունձ անելիս գերանդիով կտրել էր ձեռքը, ասում էր մրմռում է, և վախենում էր արյան վարակումից, իսկ կուսքարտուղարը ննջելով ասում էր՝ վաղվա օրն անելու շատ գործ կա:
Փոքր հորեղբայրս նստել էր գոմի մյուս կողմը:
- Ի՞նչ բանի է,- հարցրեց հայրս:
Մայրս համբերությունից արդեն ելած էր և պատասխանեց ուղղակի ճիչով.
- Կտրվի՜ ձեր ցեղը:
- Էդ գիտեմ, ասում եմ՝ ի՞նչ է անում:
Մայրս Փոքր հորեղբորս պես ասաց ծանրածնոտ.
- Լա-ցեմ-լի-նում: «Սի րու մեմ»: Ու-զու-մեմ Թիֆլիս գնամ: Ցեղակա՜ն է,- ծղրտաց մայրս,- լակոտներիդ ուրիշը կպահի, դուք ձեր մախաչկալաներում սիրահարվեցեք:
Սերը քաղաք էր, քաղաքային ապրանք էր, մայրս քաղաքին մոտիկ գյուղի, համարյա քաղաքի աղջիկ էր, սերը իրենն էր, իրար համապատասխան էին ինքն ու սերը, իսկ ահա դրանք՝ այդ հաստածնոտ անբաններն էին սիրահարվում որը Թիֆլիս, որը Պոլշա, հայրս էլ՝ պատերազմի ժամանակ՝ Մախաչկալա:
- Ախպերը կանչում է:
Լուսնալույսի մեջ հանդարտիկ շնչում էր նրա ճկված մեջքը և թուխ բրոնզի փայլով խամրում էր դեմքի ուրվանկարը: Միայնակ ծղրիդը երգում էր իր սառը ճեղքից ցրտող աշխարհի մասին: Անտառում ցածր երգում էր մեծաբերան սիրահարը՝ աշխարհագրության դասատուն, նրա թանձր ձայնի տակից երբեմն դուրս էր սահում աղջկա կրծքային երգը, և եթե լսողությունդ լարեիր՝ կորսայիր նրանց համերաշխ ոտնափոխը արահետի վրա, և եթե հայացքդ լարեիր՝ կզատեիր ստվերների մեջ նրանց ուրվանկարը:
- Ախպերը կանչում է:
Լուսնի մեջ օրորվեց և հորս շողքը:
- Հովի՞կ, Հովո՜, Հովհաննե՜ս...
Եղբայրը գրկեց եղբորը և գլուխ-գլխի՝ դանդաղ ճոճվեցին:
- Հովո՜, Հովհաննե՜ս, թընթը՜լ, հա՛ֆ, հա՛ֆ...- Դա նրանց հին տան լեզուն էր, այդ լեզվով նրանք մեզ հետ՝ մորս, ինձ ու մյուս հետո եկածների հետ չէին խոսում, դա նրանց համերաշխ հին ընտանիքի լեզուն էր: Եվ ապա հայրս կանչեց դեպի անտառի երգը.- Այ տղա, չի՞ լինի էգուց ձեզ պսակենք, մեզ հանգիստ թողնեք:
- Դու քո տղի՜ն պսակիր:
Լռություն եղավ, ապա լուսնի տակ ղողանջեց աղջկա ծիծաղը: Հայրս դարձյալ բան էր ասում՝ չասաց. ապուշ կտրած նայում էր անտառին. Հովիկը լսելի հեկեկաց. իսկ ես միանգամից սիրահարվեցի ու կարոտեցի: Եվ կարելի էր լալ, և արժեր լալ:
Եղբոր ձեռքը եղբոր թիկունքին էր. երկուսով նայում էին մի կետի, այդ կետը իրենց ներսում էր, և այդպես ուս-ուսի՝ շատ էին նման ընտանեկան հին լուսանկարի: Ես այդ պահին չկայի հորս համար, ես նրան խորթանում էի, նա իրենց հին ընտանիքի հետ էր: Չէին եղել մայրս, Մեծ հորեղբորս կինը, ես ու բոլոր թոռները՝ քսան-երեսուն ջղային ու անհասկանալի մարդիկ, որոնք չգիտես ինչ են ուզում փոխած լինել այս աշխարհում. եղել էր մեկ ընտանիք՝ իր կատակներով, սերերով ու բարեկամությամբ, մեծի հարգանքով, փոքրի հոգատարությամբ, և ապա հոգսը ծվատել էր նրա սիրո ժանյակներն ու նրբին բարեկամությունը:
- Լինում է չի լինում մի՜, ի՞նչ, Հովո... Լինում է չի լինո՜ւմ... Էյ կանաչ ախպեր, էյ ճանաչ ախպեր, Արի՜, քեզ հետ բեր Արևի շողեր, Կարկաչուն վտակ, Երկինք կապուտակ, Բե՜ր անուշահոտ Ծիլ, ծաղիկ ու խոտ, Գառների մայուն, Խաղ, ուրախություն, Է՜յ կանաչ ախպեր, Է՜յ ճանաչ ախպեր...
- Քե՞զ ինչ՝ թե բանաստեղծություն չեն արտասանում,- ասացի ես մորս:- Լավ են անում, որ արտասանում են: Եթե իմանայիր՝ դու էլ կարտասանեիր:
- Ես քեզ էի մեծացնում, ժամանակ չունեի:
- Չմեծացնեիր:
- Ճիշտ ես ասում:
Հետո դուրսը եղբայրներից մեկը հազաց մրսածի պես, և դա հիմնավոր պատճառ էր այդ կնոջ համար, որ գնա՛, խանգարի՛ նրանց, ասի իրենը: Երեքով ներս եկան, Փոքր հորեղբայրս օտարի պես կանգնեց դռան տակ, հայրս լամպին մոտիկ նայում էր լուսանկարը, իսկ մայրս ուզում էր վերցնել հորս ձեռքից: Լուսանկարի աղջկա մի քիչ խումար աչքերը գյուղական այդ տանը, նավթի կարմիր լույսի տակ, յուրաքանչյուրին նայում էին կարծես թե անուշադիր, կարծես թե ուշադիր ու դուր գալու ցանկությամբ, սիրվում էին, բայց այդ խրճիթում ոչ ոքի էլ չէին սիրում: Այդ Կարինեն լուսանկարվելիս անպայման իմացել էր մեր կոշտ պատերի ու հորս խոշոր ձեռքերի մասին: Այդ Կարինեն հեռվից հեռու ասել էր մեզ. «Ես լավն եմ, բայց ահա դուք այնքան էլ լավը չեք»: Դրանից մենք չէինք նեղանում. մենք նրա համար կծախեինք մեր բոլոր կովերը և գորգերը՝ չակնկալելով մի թեթև ժպիտ իսկ: Նրա բույրը դեռ դողդողում էր Փոքր հորեղբորս ռունգներում, նրա մազերը դեռ խտուտ էին տալիս նրա կզակը: Եվ այդ պիրկ սրունքները և այդ բարձր կրունկները և այդ թեթևակի ճոճքը նեղ շրջազգեստի մեջ... Եվ զորանոցի ձողերից դենը, լապտերի լույսից դենը՝ նրա մարող քայլերը:
- Գնանք բերենք,- կարմիր լուսավորված մեր սենյակում ասաց հայրս:
- Բերեք՝ կով կթի,- դռների մոտից շուռ եկավ մայրս:
Աշխա՜րհ, աշխարհ: Մայրս ուզում էր որեէ կերպ, որևէ միջոցով, կաշառքով-խնդրելով, թաքուն կամ կռվելով՝ թույլատրված երկու կովի փոխարեն պահել չորս կով: Նա մեկընդմիշտ կորցրել էր քաղաքի հույսերը և ուզում էր լինելուց հետո կարգին գյուղացի լինել: Բայց ահա քաղաքային թանկ հիշողությունները խնայել էին տալիս մուգ դարչնագույն ունքերով այդ աղջկան: Նա մորս աղջկությունն էր, նրան ուզում էին խաբել, աղաչել, քարշ տալ այս խուլ, այս մութ ծմակ, փեշերից լակոտներ կախել և էլ չսիրել - մտածե՜լ Մախաչկալայի մասին:
- Կով էլ ունենաք: Բերեք՝ կոլխոզի թրիքը դուրս թափի: Փոցխը ձեռքը տվեք, երեխան՝ շալակը: Երեխան շալակը տվեք, փթանոց դույլը՝ ձեռքը:
- Մի շան չափ հաչում ես,- սաստեց հայրս:
- Բերանն էլ փակեք՝ չհաչի: «Գը-նանք բե-րենք»:
- Ձե՛նդ:
Մայրս հորեղբորս դարձավ.
- Դու սրանց մի՛ լսիր, թեկուզ դու էլ սրանցից ես. սրանց բանի դիր՝ անեն. անեն ու սպասեն նոր բանի դնես. սրանք ինքնուրույն խելք չունեն, ու դու էլ սրանցից ես. էդ բանակի շորերդ մաշվեն՝ ի՞նչ ես հագնելու: Ի՛նչ եմ ասում, էգուց ևեթ պարկդ կապիր և ե՛տ հայդա քո Թիֆլիս: Էգուց չգնացիր՝ խաչ քաշիր Թիֆլիսիդ էլ, աղջկադ էլ վրա:
- Ճիշտ է ասում: Պառավներին մենք կնայենք,- ասաց հայրս:
Մայրս դուրս էր գնում թեյ բերելու, դուռը ծածկել էր ետևից, հանկարծ հասկացավ, որ բեռ է վերցրել իր վրա, իսկ ամուսինը, նա հո բեռնաձի ու բեռնաձի՜ է, փոխանակ ուղղելու կնոջ սխալը, հենց հաստատում է: Նա առանց թեյի ներս պրծավ սենյակ և ասաց դռների միջից.
- Ի՜նչ. պառավներին ե՞ս կնայեմ. փոցխը, թրիքը, լվացքը, դու, երեխաները, կովը, խոզը, դու և դեռ պառավնե՞րը: Խիղճդ ո՞ւր է, մարդ աստծո, բա ես մեղք չե՞մ:- Մայրս մեկ րոպեում գիծ առ գիծ պառավեց և աչքերի տակ տոպրակներ կախվեցին:- Խոզ ու հավ է՛լ, ճաշ ու լվացք է՛լ, փոցխ ու կոլխոզ է՛լ - թող գա: Գլուխը հողեմ, կոլխոզը կոլխոզ, պետությունը պետություն, թիֆլիսեցի՞ն ով է:

Այդ թե մյուս աշնանը, երբ ես սիրահարված էի ու կարծում էի նրան միայն ես եմ հասկանում, Փոքր հորեղբայրս իր համար երամակից չորս տարեկան մի ձի ընտրեց: Դա հիսուներեք հատ իր նման չորս տարեկանների խառնված սլանում էր, ջուր էր խմում, արածում էր, խրտնում էր, խլշվում էր - նրանց մեջ չէր երևում: Բռնելիս և բռնելուց հետո պարզվեց, որ շիկացած ածուխ է: Նրան տապալեցին, վիզը ոլորեցին դեսուդեն, փորատակը վառեցին հյուսկեն մտրակով, քթերից արյուն բերեցին, տրորեցին քրտնեցրի՜ն, դարձրին հանգած ածուխ: Նա այնքան էր խեղճացել, որ Փոքր հորեղբայրս աղաչում էր վեր կենալ, և մենք հույս չունեինք թե նա երբևէ ոտքի կելնի, և Փոքր հորեղբայրս նրան համբուրում էր: Իսկ նա՝ պառկած՝ ուժ էր հավաքում չենթարկվելու համար: Փոքր հորեղբայրս նրան քաշելով տուն էր բերում, զրուցելով՝ խոստանում էր եղբայր լինել նրան, բերանին շաքար էր դեմ անում, իսկ այդ հիմարը ձգձգատում էր դեպի սարերը, գալիս էր ետ-ետ նայելով: Փոքր հորեղբայրս ասում էր, որ չի թողնի երեխաները նրան չարչարեն, չի տա ուրիշների՝ տանեն ցորեն բերելու հեռու շոգ գյուղերից, շուտ-շուտ կջրի նրան, կուտեցնի ափի միջից, պայտն ընկած՝ չի բանեցնի և նրա թամբը կլինի գյուղի բոլոր թամբերից ամենալավը, իսկ այդ անհասկացողը ետ ձգեց, ետ ձգեց, ծառս եղավ, կախվեց օդում ու ծառս եղած պտտվեց երամակի կողմը: Այդպես չէ՛ր լինի, այդպես չէ՛ր լինի... ոսկորը ջահել, չպնդված՝ այդպես չէ՛ր կարելի: Նա ընկավ, սրունքը կաշվի տակ մանր փշրվել էր, և սմբակը էլ իրենը չէր:
- Հիմար, հիմարի գլուխ...
Նա ծղրտում էր և, դեռ տաք էր՝ չէր զգում, ուզում էր կանգնել: Կանգնում էր՝ ոտքը ծալվում ու տակից փախչում էր, և նա խուլ թրմփում էր խոտերի մեջ: Երամակը լեռների ուսագծերին խաղ էր անում, կանչում էր նրան չափ ընկնելու, և նա պտտվում էր տեղում, իրեն ու գետինը մաշում էր: Եվ լողում էր քրտինքի մեջ:
- Հիմա՛ր անպետք...
Փոքր հորեղբայրս նստեց նրա մոտ, նրա գետնաքարշ պտույտների հետ ինքն էլ պտտվեց ու տեսավ, որ հեռաստանները ճոճվում են, հեռաստանները մշուշի մեջ շուռ են գալիս հեռաստանների վրա: Փոքր հորեղբայրս ծխեց ու հեռացավ: Մի երկու օր, շարունակ, մտմտում էր, ուզում էր բան պատմել Մեծ հորեղբորս և նստում էր ջահել մեջքը ճկած: Եվ ձայնը խռպոտել էր: Մեծ հորեղբայրս աչքերով պահանջում էր չծխել իր ներկայությամբ, իսկ նա մոռացել էր, որ նրա մոտ չէր ծխում: Միտքը բոլորովին ուրիշ տեղ էր: Ծուխն աչքերից քշելով, նա բան էր կակազում.- Քրտնել է՜ր, քրտինքի մեջ լողում էր: Կապտասպիտակ էր, չէ՞. մգացե՜լ դարձել էր համարյա թե սև, քրտինքից:
Մեծ հորեղբայրս սայլի առեղ էր տաշում, կացինը վար դրեց, կիսասապոգ հագած ոտքերը ծանր-ծանր փոխելով մոտ գնաց և նրանից առավ ծխախոտը: Եվ տրորելով ասաց.
- Քուռակին տվել էիր հինգ հարյուր ռուբլի. հինգ հարյուր ռուբլին ի՞նչ է, գտնես՝ չես ուրախանա: Քուռակը բերում էիր՝ ոտը կոտրվեց: Եղածն էս չի՞:
Իսկ վարիչ Լևոնը ձեն տվեց բլրի գլխից.
- Էդ երեխային ասա գելագռավը պտտում է, կսատկի՝ կաշին կփչացնի, կսատկի՝ գելագռավը կաշին կփչացնի՜... Իմացա՞ր:
- Լսեցի՞ր,- ասաց Մեծ հորեղբայրս Փոքրին: Իսկ Լևոնը, որպեսզի լավ լսենք, բլրի գլխից մեկ անգամ էլ կանչեց.
- Կսատկի՝ կաշին կփչացնի՜:
- Հիմա ի՞նչ անեմ,- հարցրեց Փոքր հորեղբայրս Մեծ հորեղբորս: Մեծը դեռ չէր պատասխանել՝ լսվեց Լևոնի ձայնը: Լևոնը մեզ իր ասելիքը վերջացրել էր և բլրի գլխին շուռ էր եկել ասելու ուրիշի ուրիշ բան, բայց ըստ երևույթին Փոքր հորեղբորս արածը նրա համար շատ էր արտառոց և մի կանչով հաշիվները չէին փակվում դրա հետ, և Լևոնը դեռ մտածում էր դրա մասին: Եվ որովհետև Լևոնը մտածում էր բարձրաձայն, քամին բերեց նրա կարծիքը մերոնց մասին.
- Բացքամա՛կ շան տղերք, Մանթաշովի անվարտի՛ք թոռներ: Բանաստե՛ղծ, ցնդա՛ծ, հիմա՛ր...
- Լսեցի՞ր,- Փոքրին հարցրեց Մեծ հորեղբայրս:
- Լսեցի: Ի՞նչ անեմ:
- Գնա քերթիր:
- Ո՞նց,- շփոթվեց Փոքր հորեղբայրս:
- Ի՞նչը ոնց:
- Չի սատկել:
- Հա՜,- գլխի ընկավ Մեծը:- Դե, կացինը հետդ վերցրու:
- Կացինը վերցնեմ ի՞նչ անեմ:
- Վուեյ...- ասաց Մեծ հորեղբայրս: Նա սակավախոս մարդ էր. չորս տարի նա եղել էր գերության մեջ, ճամբարից նրան հանել ու աքսորել էին Ալթայ, որտեղ մնացել էր երեք տարի, և այդ յոթ տարվա կյանքի մասին նա ընդամենը ասում էր. «Գերմանացիները շատ տնտես ժողովուրդ են»:
- Կացինը վերցնեմ վուե՞յ անեմ,- հարցրեց Փոքր հորեղբայրս:
- Վուե՜յ...- բարկացավ Մեծը:
- Ասում ես կացինը վերցրու:
Մեծը չէր խոսում, այլ միայն նայում էր Փոքրին, և ուրեմն Փոքրը շարունակեց.- Ասում ես քերթիր, ասում եմ չի սատկել, ասում ես կացինը վերցրու:
Այդ ժամանակ Մեծ հորեղբայրս ասաց մի երկար խոսք.- Ամեն բանի համար ինձ մի խոսեցրու:
- Այ մարդ, ասում ես կացինը վերցրու: Կացինը վերցնեմ ի՞նչ անեմ:- Փոքր հորեղբայրս այդ երկու օրը և շատ օրեր կարոտ էր ծիծաղի. հիմա Մեծի դանդաղ աչքաթարթը և սակավախոսի նրա տաքացող-սառչող բարկությունը նրան թվում էր ծիծաղի նույնքան արժանի, ինչքան տխրության էր արժանի սարում պատահածը:- Կացինը վերցնեմ ծա՞ռ կտրեմ, կացինը վերցնեմ լո՞ւծ տաշեմ, փա՞յտ ջարդեմ, գլո՞ւխս ջարդեմ, ի՞նչ անեմ...
- Հաա՜...- գլխի ընկավ Մեծ հորեղբայրս,- վերցրու, սպանիր ու քերթիր:
Փոքր հորեղբայրս նայում էր հաստապռոշ բերանը թույլ կախած, հետո ձեռքերը դեսուդեն էր նետում և հետո կմկմաց.
- Կատ... կատա՞կ ես անում...
Մեծը նրա գրպանից հանեց ծխախոտի տուփը, ջարդեց ափի մեջ, գտավ հանեց լուցկին, դրեց իր գրպանում, կացինը խրեց նրա գոտին, չնայած գոտին պինդ էր ձգած, և հրեց: Եվ խոսք էլ շռայլեց.
- Գնա՛:
Նա բանակային նեղ գալիֆեի մեջ մկանակույտերը շարժելով զառիվերը ելավ, դուրս եկավ սարեր: Եվ իրեն խլացրած՝ չլսելով արտույտների երգը, և իրեն կուրացրած՝ չտեսնելով արտույտների ճախրը, և իրեն բթացրած՝ չզգալով հովի զնգոցը լեռնային վճիտ օդում, Փոքր հորեղբայրս գնաց դեպի ձին: Եվ ուղեղը խշշալով մամլվում էր քունքերի տակ: Եվ կացնի բնքով խփեց ձիու գլխին: Ու երկրորդ անգամ խփեց: Եվ կացնով ճմբերը կտրելով, տաքության մեջ տապակվելով, փոսից դուրս տվեց հողը ձեռքերով, ոտքերով ու քիթ-բերանով: Եվ թաղելով, լայն ծնոտը պրկած իջավ գյուղ:
- Կաշին չես բերել, կացնի բերանը փչացրել ես: Կաշին, դե լավ, էլ չեմ ստիպի,- ասաց Մեծ հորեղբայրս,- իսկ կացինը դարբնի մոտ դու ես տանելու:
- Չեմ տանելու:- Եվ Փոքրը կռացավ վերցնելու ջարդված ծխախոտներից: Մեծ հորեղբայրս ծանր կիսասապոգը դրեց ճմրթված տուփին և, կզակը կրծքին, վերնաշապկի գրպանից հանեց հինգ ռուբլի, կոխեց նրա բուռը, կացինն անցըրեց նրա թևին՝ ձեռքն արմունկից ծալելով:
- Դարբինը տանն է, գնա վերցրու՝ գնացեք բերանը ծեծեք: Զգույշ, պողպատից չգցեք: Ու չկոշտացնեք:
Փոքրը կարծես ուզում էր ծեծված երեխայի պես դոփդոփել գետինը, բայց փաստորեն վազում էր դարբնի տան վրա: Մի տեսակ, այնպես եղավ, որ միաժամանակ և՛ դոփդոփում էր երեխայի պես, և՛ վազում էր իսկական գրոհող մարտիկի նման: Նա բանակում, Թիֆլիս, ծառայելուց վերադարձել էր մի տարի առաջ: Սպիտակ, լիքը, սիրուն տղա էր դարձել, և աչքերի վրա թեթև մութ կար ծվարած: Նա այնտեղ սիրած աղջիկ ուներ, որ չէր ուզում գյուղ գալ: «Նա գյուղի համար չի», ասում էր Փոքր հորեղբայրս: Ուզում էր ինքը Թիֆլիս գնալ, բայց Մեծ հորեղբայրս ասում էր. «Տար»: Մեծ հորեղբայրս ուզում էր ասել՝ ծնողներիդ հետդ տար: Հալևորն ու պառավը չէին գնա, և Փոքր հորեղբայրս վիզը ծռում էր եղբայրների առջև.- Թող ձեզ մոտ մնան, էլի...- «Փոքրը դու ես», ասում էր Մեծը և աղջիկ էր փնտրում նրա համար: Եվ անուններ էր շարում մատների վրա, բայց Փոքրը լուռ օրորում էր գլուխը: Իսկ Մեծը ծռում էր վիզը և իրոք աղաչում էր, և այդ պահին նա իրոք խղճալու էր.- Լավ, էլի, բա մեղք չե՞մ, ում էլ ուզես՝ քեզ կուզի, էլ ինչո՞ւ ես ինձ չարչարում...- բայց Փոքրն օրորում էր գլուխը և ոտքի կանգնում:
- Ես գնալու եմ Թիֆլիս:
Մեծ հորեղբայրս ճկույթը ցցում ու ասում էր.- Կարինե,- և այդ ժամանակ Փոքրը փակում էր աչքերը և օրորվում էր, և նրա ուռուցիկ կոպերի արանքից դանդաղ արտասուք էր քամվում: Մեծ հորեղբայրս հապաղում էր, հետո գոռում էր.
- Լակո՜տ:
Իսկ նա չէր բացում աչքերը և օրորվում էր: Մեծ հորեղբայրս մոտենում էր խփելու, բայց չէր կարողանում. նրա կողքին կանգնած՝ նորից էր գոռում.
- Լակո՜տ:- Եվ սպասելով, որ այդ խոսքը տեղ հասնի, հիմա էլ ուրիշ բառ էր ասում.- Երեխա՜...- Նա մտքում բառեր էր փնտրում նրա համար և չէր գտնում, և դրանից էլ խոսում էր դադարներով.- Փալա՜ս...- Նա այդպես այնքան էր խոսում, մինչև Փոքր հորեղբորս հաստ շրթունքները փափկող մետաղի պես ծռմռվում էին և, լացախառն հայհոյանքի հետ, բոլորովին այլաձևվում:
- Թո՜ւ, ես քո լակոտ...- Մեծ հորեղբայրս տուն էր մտնում և հանկարծ տեսնում էր, որ կռվում է կնոջ հետ, իսկ կանանց լեզվի հետ գլուխ դնելը նրա լեզվի բանը չէր, և նրա խոսքակարկուտից ու օրորոցի երեխայի խռպոտ լացից հալածված՝ նա դուրս էր գալիս և պատշգամբից տեսնում էր Փոքր եղբորը: Եվ այդ պահին Մեծ հորեղբայրս շատ էր սիրում Փոքր եղբորն այն բանի համար, որ նա կին չէր և չուներ կնոջ ճարպիկ լեզու: Եվ պատշգամբում կանգնած, խաղաղ զրույցի պես նա ասում էր Փոքր հորեղբորս կողմը.- Վարդանի Լուսիկն անցած տարի ուներ ութ հարյուր երեսուն աշխօր, ես՝ տղամարդ-տղամարդ՝ ունեի հինգ հարյուր յոթանասունհինգ: Ու էդքան աշխօրի հետ՝ ամբիոնից արտասանում է Հովհաննես Թումանյանի Մարոն: Ի՜նչ չի արտասանում, Հովհաննես Թումանյանի Մարոն, Լոռեցի Սաքոն, Ձմրան մի գիշերը, Ձմրան մի գիշեր կար մի հարսանիք... Աբուլալա Մահարին...- Հորեղբայրս հաշվում էր մատները ծալելով, հասնում էր ճկույթ մատին և ժպտում էր,- Կարինե:
Ինձ համար նա բռի մարդ էր: Ես հաճախ մտածում էի, որ գերմանացիները, երբ նա գերության մեջ էր, նրան պիտի բարձեին ցենտներանոց քարեր: Եղել էր սառնամանիք և բաց դաշտ, և իրենք եղել էին միայն մի վերնաշապկի մեջ, և վերնաշապիկները քձձված էին եղել, և բաց դաշտում հանդիպել էին խոզանոցի ու քնահատ խոզերին քշել էին խոզանոցից և իրենք դարսվել էին իրար վրա խոզերի տաքացրած տեղը: Եվ խոզանոցի ամբողջ ոջիլը քաշվել էր իրենց վրա: Ուղղակի պիտի քերեիր:
Երբ նա առնում էր ծխախոտը Փոքր հորեղբորս ձեռքից, ես մտածում էի, որ խոզանոցը հենց նրա ու նրա նմանների տեղն է: Փոքր հորեղբորս ես հարցնում էի.
- Կարինեն սիրուն աղջիկ է, չէ՞:
Նա չէր պատասխանում, բայց ես շատ էի սպասում նրա խոսքին, և նա ասում էր.- Դու տասնչո՞րս տարեկան ես, թե տասնհինգ:
- Երբ դու տասնհինգ էիր,- ասում էի ես,- Վարդանի Լուսիկը քո սիրածն էր. դու խաբում էիր, թե ակումբ ես գնում, նա խաբում էր, թե ակումբ է գալիս, բայց ոչ մեկդ էլ ակումբում չէիք լինում:
- Չէինք լինում՝ չէինք լինում:
- Կարինեն սիրուն է:
- Գրպանս ես մտել,- ասում էր նա:
- Չէ, պատկերացնում եմ:
- Ի՞նչ ես պատկերացնում:
- Բարակ բարձր է,- ասում էի ես և ուզում էի, որ նա լիներ շեկ մազերով, ունենար սպիտակ ատամներ, այտերին՝ փոսիկներ, որոնք լիքը լինեին ժպիտով, և երբ նրան տեսնեիր՝ ասեիր Բեթհովեն, սառցամարտ, Քեոփս, արմավենի, Պեչորին, Մոպասան, նրա հետ խոսեիր իմացածդ ամենալավ բաներից, ասեիր, որ դու գյուղացի ես, ճիշտ է, բայց արժանի ես քաղաքին և պատահաբար ես գյուղացի, և այդ բռի հորեղբայրն ու այդ չսափրված հայրը կապ չունեն քեզ հետ:
- Ուսերիցս է,- ասում էր Փոքր հորեղբայրս,- գլուխն ուսերիցս մի քիչ, շատ քիչ է բարձր. որ բարձրակրունկ է հագնում...- և Փոքր հորեղբայրս աչքերը փակում էր և մոռանում էր խոսել: Եվ ներկայության չափ շոշափելի՝ զգում էր նրա այտի հպումն իր բազկին, նրա մազերի խտուտն իր կզակին, և հորեղբորս ռունգներում պահվել էր նրա բույրը, բույրը դողդողում էր նրա ռունգներում:- Սև է,- ասում էր հորեղբայրս,- սևուկ է:
- Այս ի՜նչ աշխարհ է,- հորեղբորս քսվելով ասում էի ես: Ես ուզում էի հորեղբորս դուր գալ:
Փոքր հորեղբայրս դարբնի հետ ծեծեց կացինը՝ հետևելով, որ նա չթուլացնի կամ չկարծրացնի կացնի պողպատը, և դարբնոցից գնաց սարերը: Եվ չկային նրա համար հովի զնգոցը, արտույտների ճախրը, արտույտների երգը: Եվ լեշակեր բորենու պես ետ տալով հողը, նա քերթեց ձին: Եվ փաթաթած կաշին թևի տակ, նա գալիս էր ձիգ քայլերով ու, բանակից ռուսերեն բառեր էր բերել, ասում էր դրանցից մեկը.
- Խվա՞տիտ, խվա՞տիտ, խվա՞տիտ:

...Փոքր հորեղբայրս գյուղի լավ աշխատավորներից է: Լավ հնձվոր է, լավ ջրվոր է, ինչ գործ էլ տան՝ ձեռքից գալիս է: Եվ ինչ-որ դաժանություն ունի մեջը. ինչքան ասես ուրիշներին ինքը ձեռ է առնում, բայց գունատվում է՝ երբ ծիծաղելի խոսքը ցատկում է իր մոտերքով: Ինչքան ասես աշխատում է գլուխը կախ, բայց որ կասկածեց թե իրեն պակաս են գրել մի կոպեկի չափ՝ ցածր ֆշշացնում է. «Կխփեմ, գլուխդ կմտնի շեքդ, իշի՛ քուռակ»: Նրա կին Լուսիկը տնտեսության երկրորդ նախագահ դարձավ և այնքան լավ է կառավարում, որ քիչ է մնում ընտանիքիդ սանձերն էլ տաս ձեռքը, և ժողովներն այնպես լավ է անցընում, որ խոսք կա նրան շրջկենտրոն տեղափոխելու:- Գործ չունես,- ասում է նրան Մեծ հորեղբայրս,- բարձրացնում են, բարձրացնում ու վերևից շպրտում. ոտքերդ էստեղ թաղած պի՜նդ մնա:
Վերջերս, տասնհինգ տարի հետո, ես հարցրի Փոքր հորեղբորս.
- Հիշո՞ւմ ես կապույտ քուռակը:
- Ո՞րը:
Ծնոտը մահակին նա կանգնել էր նախրի մեջ և հետևում էր չորս տարեկան ցլիկին, որ ձենը գլուխը գցած ցլականչ էր տալիս, քանդում էր մրջնաթմբերը և մարտի էր գրգռում վերի բլրին կանգնած բլրաչափ ցուլին. «Հիմարություն մի արա, անպետք»,- մրմնջում էր Փոքր հորեղբայրս:
- Կապույտ քուռա՞կը: Ա՜...- ժպտաց Փոքր հորեղբայրս,- էն ժամանակ դու էլ էիր քուռակ: Ես էլ էի քուռակ: Սենոո՜ո, ցուլդ քեզ պահիր, թե չէ պոզերը կհանեմ:
- Հանող ես՝ դու քո կնկա պո՜զերը հանիր:
- Անդաստիարակին տեսնո՞ւմ ես դու,- ժպտաց Փոքր հորեղբայրս:- Բա որ եկա՜,- կանչեց Փոքր հորեղբայրս նստելով:
- Կփախչե՜մ:

Յատուկ Երաժշտություն
Դիմակահանդես – Ռոմանս
Արամ Խաչատրյան

Դիմակահանդես – Ռոմանս