Հրանտ Մաթևոսյան

Լավ չի, տղերք, շատ վատ է

Նախ գործարան առ գործարան, ամբողջ գործարանային տնտեսությունը, ապա գերատեսչություն առ գերատեսչություն կառավարման ողջ համակարգը, հիմա էլ հոգևո՞ր ոլորտը... և բոլորը հանուն մի բանի - միլիոնանոց հաստոցը սղոցեմ, միլիարդանոց կառույցը քանդեմ, միջից ինձ համար տասը ռուբլու ոսկի հանեմ։
Լավ չի, տղերք, շա՛տ վատ է։
Եվ եթե գործարանների լքման ու կողոպուտի հիմարությունը իմպերիային՝ ոչ մեզ, վնասելու խաբկանքը ուներ, գերատեսչությունների ջախջախումը անիծյալ վարչակարգի վրա՝ ո՛չ մեր խեղճ գլուխների, հաղթանակի պատրանքը ուներ, ապա այստեղ՝ հոգևոր ոլորտում, ոչ մի պատրանք չպետք է ունենանք - սա մեր իսկ ծանր պարտությունն է. սա վկայությունն է միայն մի իսկության, որ մենք ոչնչով չենք տարբերվում տասը գրամ ոսկու համար հաստոց հալող նորօրյա ալքիմիկոսներից և ողորմելի չինովնիկներից՝ որ համոզված վերակառուցողներ էին, որովհետև վերակառուցման արդյունքում հին կառույցից բավական անտեր ու անպետք նյութ էր մնալու իրենց։ Ոչ մի բանով չենք տարբերվում, կողոպուտի, առուփախի մոլուցքը մեզ էլ է բռնել։
Այսպես աղարտվե՞լ, այսպես մոռանա՞լ, թե ում հետնորդներն ենք, այսպես ուրանա՞լ, թե ինչի էինք կոչված, գրչեղբայրներին այսպես դատարանների ու իշխանությունների դռնե՞րը գցել... ամբողջ գործով ծաղրել դատարանն ու դատավորներին, ողջ կյանքով ազատ ու հեռու լինել իշխանավորներից և հետո նրանցի՞ց հայցել քո արդարությունը։ Պարզ չէ՞ միթե, որ նրանք իրենց վրեժի ժամին էին սպասում, որ նրանց համար հավիտենորեն «այդ գրողները մի բան չեն»։ Շատ ավելի լավ չէ՞ր լինելու արատավորեինք մեր իսկ ծնողների անունները, որովհետև ծնողը մեր անձի ծնողն է, իսկ գրողը...
Դուք դեռ աղջիկ ու տղա եք ունենալու, որ չարչիների բազմության միջից զատվելու, ձգտելու են մի բարձր ոգեղեն բանի, և այդ բանը Հայ մեծ գրականության մեջ են գտնելու, և այդ գրականության նվիրյալներն են դառնալու, և նրանց իղձերը անտեր ու անհասցե չեն թափառելու,- նրանք գիտենալու են, որ իրենք հանգրվան ունեն, որ իրենք անհոգի ու անհայրենիք իրենց հասակակիցների հպատակները չեն,- ինչո՞ւ եք այդքան ընկնելով ու ձեզ թաղված տեսնելով նաև հայոց գրական կյանքը մեռած տեսնում։
Կարելի՞ է այդքան անհավատ լինել։
Կարելի՞ է այդպես անպարտաճանաչ լինել. դարն ու հազարամյակը մեկ մեր մեծ հոգիները իրենց մասին խոսքի են սպասում, նրանց անունների շուրջը ազգը տոների է հավաքվում - մե՞նք ենք այդ խոսքն ասողը, ընկած մարդու մեր ո՞ր իրավունքով։
Կարելի՞ է այսքան անիրավ լինել - քանդել մի բան, որ հարյուրամյակներում հազիվ է գլուխ եկել, որ մեծ Թումանյանի ստեղծածն է, Իսահակյանի, Տերյանի, Շանթի, Աղբալյանի, Չարենցի, Դեմիրճյանի, Զորյանի, Բակունցի... Ինչո՞ւ, հանուն ինչի՞։ Որովհետև առաջադեմ երկրներում գրողները միությունների՞ մեջ չեն, կամ մի քանի միությա՞ն մեջ են։ Նրանց այդպես է հարմար, իսկ մենք մինչև ե՞րբ ենք ուրիշների տներին նայելով՝ մեր տունը քանդելու, ուրիշների խոսքին ունկնդիր՝ մեր խոսքը մոռանալու, ուրիշների պատկերին գերի՝ մեր սրբապատկերը ոտնատակելու։
Գրողների միությունը եղել է և լինելու է։
Գրողների մեկ միություն է լինելու՝ մի ղեկավարությամբ, և սրա հացն է լինելու այստեղի և ամենուրի գրողների ու նրանց միությունների ու ոչ միությունների հետ կապերն ու հարաբերությունները, առաջարկներն ու պահանջները, ծանոթությունն ու բարեկամությունը, բանակռիվն ու երկխոսությունը. այս ղեկավարությունն իր հացից է զրկվելու ի պատիժ Նարեկացու, ասենք, այսօրվա լռության, այլ երկրներից ու գրականություններից այս մեկուսացվածության, եթերն ու գրաշուկան հեղեղած այս հիմար անպատասխանատվության. այլապես՝ ո՞վ է մեղավոր, ո՞ր միությունը, միություններից ո՞ր մեկը։
Գրողների միությունը պետք է լինի՛, եթե անգամ գրական երկի ու գրողական կյանքի մեջ նրա դերը զրոյական է, որովհետև՝ ապա մի պատկերացրեք, որ չկա այդ զրոյական Միությունը... Խոսքս դատավորների ու իշխանավորների սև երևակայությանը չի ուղղված, խոսքս այն շատերի, շատ-շատերի հետ է, ովքեր իրենց ու իրենց ազգին գրականություն ու գրողի առաքինություն են վերապահում։ Չգիտեմ, առանց այդ Միության իմ սիրտը խառնում ու գլուխս պտտվում է, իմ հայրենիքից, իմ ժամանակից ես ինձ վտարված եմ տեսնում։ Եվ կարծեմ՝ ոչ միայն ես։

Յատուկ Երաժշտություն
Գիշերային տեսարան
Առնո Բաբաջանյան

Գիշերային տեսարան