Հրանտ Մաթևոսյան
Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես
ԶՐՈՒՅՑ ՀԵՂԻՆԱԿԻ ՀԵՏ ՄԻ ԱՐՁԱԿԻ, ՈՐ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՉԻ ԵՂԵԼ
«Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում: Հիշողության մեջ ես՝ ուրեմն վառվում ես, մարդ ես, հաշիվներ ունես, անհանգիստ ես և հիշողության մեջ չես՝ հրեն բաց դաշտում կովն արածում է առանց հիշողությունների, իսկ հորթին երեկ են մորթել: Էն ծառը թե հիշողություն ունի՝ քոնոնք էլ ունեն: Քոնոնց կտրում են, մորթում են, զրկում են, ծաղրում են և քոնոնք իրենց հիշողությունից փախչում են, և նորից կզրկվեն ու նորից կզրկվեն ու նորի՛ց, ու նորից հիշողություն չեն ունենա, որովհետև վախենում են ծաղրին բռունցքով ու զրկվելուն կտրելով պատասխանել... Ասում եք սեր, ասում եք սիրում ենք: Սիրում եք, քանի որ կծելու, կոտրելու, զրկելու, ատելու տղամարդկություն չունեք,և դուք վախենում եք ատելուց: Դուք ձեր սերը թաշկինակ եք անում, կապում աչքներիդ, որովհետև վախենում եք բաց աչքերով նայել ու ատել և հանկարծ կտեսնեն, որ ատում եք, ու կտան կսպանեն...»:
Հրանտ Մաթևոսյան, «Ծառերը»
«Բարդ, ինքնատիպ, զարմանալի ոճ»:
«Գեղարվեստական հայացքի բուն տեսակը Մաթևոսյանին դարձնում է եզակի գրող մեր գրականության մեջ. նա տեսնում է և՛ իրադարձությունը, և՛ այն, ինչն իրադարձությունը դարձրել է անխուսափելի, և՛ այն, ինչ ծնել է այդ անխուսափելիությունը»:
«Եռամիասնության բոլոր երեք մասերը (խելք, խիղճ, ներդաշնակության զգացում) նրա դեպքում հրաշալի հավասարակշռության մեջ են ու բարձունքի վրա...»:
«Վամպիլով, Մաթևոսյան, Վիսոցկի՝ նրանք ամենաուժեղն են այն՝ նախորդ սերնդից, որ կարողացան դիմակայել փոխզիջումներին...»:
«Դուք անցել եք դեպի բարձրագույն գրականություն տանող ինչ-որ շատ կարևոր սահմանագիծ»:
«Ես հիմա ապրում եմ Ձեր ստեղծած աշխարհում, տառապում եմ նրա տառապանքներով, ուրախանում եմ նրա ուրախություններով»:
«Հրանտ Մաթևոսյանի արձակը դժվար է տեղավորել որևէ որոշակի ժամանակակից ուղղության մեջ: Դա նախ և առաջ արձակ է, որ նախկինում չի եղել»:
Հատվածներ գրախոսություններից ու նամակներից
– Իսկ դու գիտե՞ս, որ ապրում ես մի համարում, ուր առաջ երկար ժամանակ ապրել է մեր մեծ Եղիշե Չարենցը: Երկրորդ հարկ, աջ թև, պատշգամբով սենյակը: Համարիր՝ բախտդ բերել է:
Իսկ ես համարում եմ, որ բախտս բերել է Հրանտ Մաթևոսյանին ճանաչել: Մոսկվայում նրա մասին նույնն էին կրկնում՝ ինքնատիպ գրող է, անհատականություն, հրաշալի, բարի մարդ:
Այդպես էլ է: Հրանտ Մաթևոսյանը պատմում էր Հայաստանի, նրա պատմության, այսօրվա մասին: Մենք նրա հետ գնացինք Գառնի ու Գեղարդ՝ յուրաքանչյուր հայի համար սրբազան վայրեր, թափառե-ցինք Երևանով, մինչև կեսգիշեր նստեցինք իր տանը:
Կարդալով երիտասարդության օրերին նրան լավ ճանաչող Անդրեյ Բիտովի «Հոդվածներ վեպից» գրքի Մաթևոսյանի մասին գլուխը, ես հասկացա, որ նա համարյա չի փոխվել: Առաջվա պես գյուղացիաբար խղճով է ու իմաստուն, առանձնապես զվարճասեր ու զրուցասեր էլ չէ: Առաջվա պես շատ սուրճ է խմում ու քիչ է քնում գիշերները: Նույնքան ուժգին, տարիքի հետ ավելի ուժեղ, սիրում է իր Հայաստանը: Առաջվա պես գրում է միայն իր գյուղի մասին, ուր անցկացրել է պատանեկությունը, ուր այսօր ապրում են նրա հարազատներն ու մտերիմները:
Նույնքան հաստատուն, համարյա դանդաղ նա գրում է իր գրքերը: Վերջերս լրացավ նրա հիսունամյակը, իսկ նա գրել է միայն երկու հատոր՝ Երևանում հրատարակված: Ռուսերեն թարգմանված է կեսը: Մինչդեռ նրա գրքերը չեն մնում գրախանութներում, նրա անունը հայտնի է ամբողջ երկրում՝ նա ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր է: Իմ ներկայությամբ նրան զանգահարեցին Գրողների միությունից՝ նրա տաղանդի ամերիկացի երկրպագուները նրան հրավիրում էին ԱՄՆ: Ի դեպ, ինձ թվաց, որ նա դժկամությամբ համաձայնեց: Մինչդեռ նա ասելիք ունի ընթերցողին՝ և՛ մեր սովետական, և՛ արտասահմանցի: Քանզի Մաթևոսյանի ստեղծագործություններում, ինչպես «Գոմեշը», «Տաշքենդ», «Բաց երկնքի տակ հին լեռներ», «Մայրը գնում է որդուն ամուսնացնելու» և մյուսներում պատկերված է ամբողջ աշխարհը: Չէ որ ամեն ժողովուրդ մարդկության մանրակերտն է, նրա ճակատագրում խաչաձևվում են կյանքի ու մահվան, սիրո ու ատելության, պատերազմի ու խաղաղության հավիտենական հարցերը:
Եվ եթե հայկական Ծմակուտ գյուղը հետաքրքիր լիներ միայն հայ ընթերցողին, ուրեմն ինքը կայացած չէր լինի իբրև արվեստագետ՝ գտնում է Մաթևոսյանը:
– Ես չեմ ուզում անհայտությանը հարցեր ուղղել: Ես վճռականապես համաձայն չեմ այն տեսակետին, որ գրողը պետք է հարցեր տա: Բայց ո՞ւմ հարցնել: Ժամանակի՞ն, հասարակությա՞նը, բարձրյալի՞ն: Ուրի՞շ մեկին: Ո՞վ պետք է պատասխանի այս հարցերին: Գրականություն պետք է մտնել պատասխաններով: Պատասխաններով:
– Բայց շատերը, և այսօր մենք դա հատկապես զգում ենք, Հրանտ Իգնատևիչ, ոչ միայն չեն կարողանում ժամանակի առաջադրած հարցերին պատասխանել, այլև դրանք բանաձևել:
– Այո, գրողները շատ են: Հայաստանում ևս: Դա նյարդայնացնում է: Դա նշանակում է, որ նրանք չեն կարդում: Նրանք չեն կարդում Լև Տոլստոյին, նրանք չգիտեն՝ ինչ է նշանակում Պուշկին: Գրա-կանության մեջ ինձ դուր է գալիս հոգատար-հայրական վերաբերմունքը կյանքի, մարդկանց նկատմամբ: Ոչ ընդվզումը, ոչ չարությունը, ոչ չարախնդությունը, այլ ամեն ինչով մտահոգվածությունը: Անհանգստությունը բոլորի ու ամեն ինչի համար: Ահա Նոդար Դումբաձեն նման տեսակետ ուներ: Գրողը պետք է հայր լինի: Ամենագետ, ամենատես, ամենազգաց:
Թեպետ, լինում է, հասկանում ես՝ արդեն ուժ չունես, չի հերիքում, և դու արդեն ոչինչ չես կարողանում և ուզում ես միայն բղավել, որ վատ ես զգում, որ ցավում է:
Երբեմն հիասթափվում ես, երբ զգում ես, որ քո խոսքը մարդկանց քիչ է օգնում: Երբ շուրջբոլորդ ինչ-որ մաժորային իրադարձություններ են կատարվում և դու պարտավոր ես նույն կերպ պատասխանել, բայց դու չես կարող, չես ուզում: Կամ էլ տեսնում ես, որ այնպես չես պատասխանում: Եվ ուզում ես պարզապես լռել: Բայց այստեղ էլ հասկանում ես, որ այդ իրավունքը տրված է ուրիշին, ասենք՝ Շոլոխովին կամ Մարկեսին:
– Իսկ գուցե և Հրանտ Մաթևոսյանի՞ն: Ինձ թվում է, որ ստեղծագործական երեսուն տարիների համար շատ չի գրվել՝ ընդամենը երկու հատոր: Ես հասկանում եմ, որ կարևորը գրքերի քանակը չէ, բայց, այնուամենայնիվ՝ ինչո՞ւ:
– Դժվար է գրվում: Չգիտեմ՝ ինչո՞ւ է այդքան դժվար գրվում: Բայց ես շատ աղբ եմ տեսնում ու անխղճաբար մի կողմ եմ նետում, որովհետև այդ ավելորդը սուտ է ոչ միայն իմ մեջ, իմ մտքերում, այլև կյանքում: Սկզբում թվում է, որ դու բախվում ես իսկական կյանքին, իսկ հետո պարզվում է, որ դա վատ բեմադրված ներկայացում է: Այնքան կեղծ բան կա քո գրածներում, որ դու ինքդ, ուր մնաց քո ընթերցողը, դժվարանում ես կարդալ, թեպետ դու պատկերել ես բուն կյանքը: Բայց քո պատկերածը հենց ռեժիսուրա է: Դու դա զգում ես, և պետք է հասնել այնպիսի վիճակի, որ կարող է անվանվել բացահայտում, քանի որ հնարավոր չէ առանց դրա առաջ գնալ: Քանի որ մնացյալը թատրոն է:
– Հիշո՞ւմ եք Վերլենին՝ մնացյալը գրականություն է:
– Այո, շատ ճշգրիտ է ասված, ես խոսում եմ հենց այդ մասին: Մենք կյանքում, արվեստում, մշակույթում այնքան շատ կիսակենդան կամ անկենդան բան ունենք, այնքան շատ կիսաարհեստավորներ, չկայացած մարդիկ, որ ցանկացած անհատականություն ցանկացած արհեստում, եթե այդ գործը լավ է կատարում, ցանկացած ավարտունություն ինձ զարմացնում է: Ես տեսնում եմ, որ կյանքն այստեղ կայացել է, ներկա է: Հենց այս դիրքերից ես արվեստում ընդունում եմ նրանց, ում հաճախ փորձում ենք վանել:
Անցյալի վարպետներին հատուկ էր վստահությունն ամեն ինչում, ինչ նրանք անում էին, ստեղծում էին, իսկ հիմա կա ինչ-որ ընկճվածություն, ես տեսնում եմ կիսակույր մարդկանց, որ մտնում են մեծ կյանք, բայց ի վիճակի չեն իշխել, կառավարել, ներգործել:
– Ես գիտեմ, որ Ձեր նախահայրը 150 տարի առաջ դատարկ տեղում գյուղ է հիմնել: Նա, երևի, ուժեղ անհատականություն էր: Պատմեք նրա մասին:
– Մի անգամ նա հայտնվեց այս կողմերում կացինը ձեռքին: Կրակ վառեց, որ հանգստանա, ջուր տաքացնի: Եվ քարացավ փոքրիկ, միամիտ դստեր հարցից. «Հայրիկ, այստեղ խողովակ չկա, ծուխը ո՞նց է բարձրանալու»: Այդ արտահայտությունը իբրև առասպել սերնդից սերունդ է փոխանցվել: Եզանը կապեցին ծառին, մայրը կթեց կովին, աղջիկը նստեց կրակի կողքին: Որպեսզի տուն կառուցեր, պիտի շինանյութ գտներ: Նա խղճով մարդ էր, այդ պատճառով չկտրեց գեղեցիկ, ուղիղ բնով ծառերը: Նա ճանապարհներ գցեց, աղբյուրներ բացեց, գոմեր կառուցեց, փորեց վառարաններ, աղյուսներ թրծեց: Եվ դարձավ երկրի վրա Աստծո տեղակալը:
Բազում-բազում տարիներ անց թոռները նրան հարցրին. «Ինչո՞ւ ընտրեցիր հենց այս տեղը՝ սարերում, բնակավայրերից հեռու»: Եվ նա պատասխանեց. «Ես այստեղ հայտնվեցի մի կացնով, իսկ հիմա մենք հարյուրներով այծ ունենք, մի դյուժին գոմեշ, քսան կով, լավ, լիքը տուն: Սա շատ լավ տեղ է, որդիս»:
Իրոք, նա այստեղ ստեղծել է իր պետությունը, իր երկիրը: Հետո ծնվեցին ևս հինգ որդիներ, և նրանցից յուրաքանչյուրն այդ պետության մսի ու կաթի արդյունաբերության նախարարն էր: Եվ այնտեղ կար նաև թագուհի՝ տանտիրուհին՝ փայտե շերեփը ձեռքին: Բոլոր հարսները ենթարկվում էին նրան:
Տասը տարի անց ուրիշ տոհմ հայտնվեց: Կյանքը հոսում էր վազվզուքից ու քաղաքներից հեռու: Բայց ահա մեծ աշխարհը տղամարդկանցից մեկին տարավ պատերազմ: Նա գրագետ դարձավ, ռուսերեն սովորեց և իր անունը գրեց ծառաբնին՝ «Եսայի»: Նրանք բոլորը հրաշալի անուններ ունեին՝ Ավետիք, Հարություն, Հակոբ, Հովսեփ, Գրիգոր...
Ես, թույլ քաղաքաբնակ Հրանտ Մաթևոսյանս, խոնարհումի եմ գնում այնպիսի ուժեղ մարդու, ինչպես իմ հորեղբայրը: Ուժեղ, նախաձեռնող: Եռանդը նրա մեջ եռում էր, նա կարող էր ղեկավարել իր ընտանիքը, իր գյուղը, իր երկիրը՝ եթե պետք լիներ: Որովհետև նա ամուր կանգնած էր հողին: Մեր կորած ու մոլորված աշխարհին պետք են նման մարդիկ:
– Հրանտ Իգնատևիչ, Ձեր պատմվածքներում ու վիպակներում այնքան շատ են բնական-կենսական, չհնարված, ժողովրդական իմաստնությունը, դիտարկումները, որ Դուք ինձ թվում եք այլ՝ ավագ սերնդի մարդ: Բայց Դուք ընդամենը 50 տարեկան եք:
– Ինչ-որ չափով ես երջանիկ ու դժբախտ մարդ եմ: Այո, ես կարող եմ դատել անցյալ սերունդների մասին, որովհետև իմ կյանքի կեսն անցել է այդ մարդկանց կողքին: Այդ սերունդներն ինձ ուղեկցում են մինչև այսօր: Այնպես որ՝ ինչ-որ առումով անդարձ անցածի մասն եմ: Նրանց փորձի մասը:
Հեշտ չէ զրուցել Հրանտ Մաթևոսյանի հետ: Ոչ այն պատճառով, որ անկատար է նրա ռուսերենը, ոչ այն պատճառով, որ նրա դանդաղկոտ խոսքը հաճախ անցնում է պոռթկումով հնչող խոսքերի հորձանքի: Այլ այն պատճառով, որ նա զարմանալի անսովոր է մտածում: Սեղմ, պարույրաձև, անսպասելի: Ինձ անընդհատ թվում է, որ Մաթևոսյանի հետ զրուցելիս, ինչպես իր գրքերը կարդալիս, չես տեսնում կամ չես զգում ինչ-որ երրորդ ենթատեքստ:
Ինչքան վառ է ժողովրդական իմաստնությունը համադրվում նրա մեջ ձեռք բերված իմացությունների հետ: Բիտովը ճիշտ է նկատել. «Հենց գյուղացին է նրա մեջ ինտելիգենտ, այլ ոչ թե գյուղացիներից ելած մարդը, որ բարձրագույն կրթություն է ստացել»:
– Կարծում եմ, որ աշխարհը սկսեց սկզբունքորեն փոխվել միայն 20-րդ դարի 70-ական թվականներից: Իհարկե, եղել էր հեղափոխություն, եղել են պատերազմներ և ուրիշ շատ բաներ, բայց մարդկանց գիտակցության շրջադարձը տեղի ունեցավ մեր աչքերի առաջ:
– Ի՞նչ իմաստով:
– Մեր աչքերի առաջ վերջին 15–20 տարին Ահնիձոր գյուղը, օրինակ, հիմնադրված մեկուկես հարյուրամյակ առաջ իմ նախնի Հովհաննես Մաթևոսյանի կողմից, նրա ձեռքով ամուր ներհյուսված, ինչպես տապան, ամուր ու հուսալի,– այդ դարավոր կառույցը սկսել է քանդվել ու դեպի հատակը գնալ: Հին, նահապետական կոփվածքի մարդկանց գնալով շատ բան է հեռանում, շատ կարևոր բան՝ երկրի տիրոջ զգացումը: Հացի, հերկի տերը: Ինչ-որ ժամանակ ես կարող էի ասել, որ իմ կինը մորից երիտասարդ է երեսուն տարի, նրանք կրկնում էին իրար, բայց ահա իմ դուստրը միայն արտաքին գծերով է նմանվում մորը, մնացած ամեն ինչում նա չի կրկնում նրան: Ուրիշ միջավայր է ստեղծվել, այլ սերունդ է մեծացել այդ ուրիշ մթնոլորտում:
Ես ամբողջովին դուրս եմ եկել այնտեղից, այդ հեռացող միջավայրից: Ես դաստիարակվել եմ այնտեղ, և պետք է պատմեմ նրանց մասին, իմ նախահայրերի ու պապերի: Փոխվել արդեն ես չեմ կա-րող: Եթե, ասենք, 100 տարվա կյանք զգայի իմ մեջ, ես ճշմարտություն որոնողի պես կզբաղվեի նոր խնդիրներով: Բայց ես ժամանակ չունեմ: Այդ պատճառով էլ պետք է այն՝ հեռացող սերնդի մասին գտնեմ իմաստուն, ճշմարտացի խոսք:
– «Այն սերունդ» և այն կյանք ասելով ես հասկանում եմ հայ գյուղացու ճակատագիրը, շինականի, աշխատավորի: Դուք դուրս եք եկել այդ գյուղական կյանքից և գրում եք այդ կյանքի մասին: Իզուր չի քննադատությունը Ձեզ համարում «գյուղագիր»: Բուն տերմինի մասին չվիճենք, բայց ցանկացած ընթերցող կասի, որ Ձեր գրքերի հիմնական թեման գյուղի կյանքն է՝ ժամանակակից կամ անցյալի: Իսկ Դուք բոլորովին չե՞ք ուզում գրել քաղաքի մասին, քաղաքի խնդիրների ու հոգսերի:
– Մի անգամ ես արդեն մի կողմ դրել եմ երևի թե միակ պատմվածքս քաղաքի կյանքի մասին ու նույն երեկոյան սկսել եմ ակնարկ գրել իմ գյուղի մասին: Դա տեղի ունեցավ անակնկալ, և նույնքան անակնկալ ես բացահայտեցի, որ այն կյանքը, որի մասին ուզում էի պատմել մի ակնարկով, այդ կյանքն արժանի է, որ իր մասին գրես ամբողջ կյանքում: Քաղաքի մասին պատմելը հետաքրքիր է, չէ որ իմ կյանքն ու հազարավոր այլ ճակատագրեր ձևավորում են ժամանակակից Երևանը, բայց այնքան քիչ է ասված գյուղի մասին: Չի ասել Տոլստոյը, չի ասել Շոլոխովը: Ասենք, խոպանի մասին Շոլոխովը լավ է գրել, նա եղել է այդ իրադարձությունների ականատեսն ու մասնակիցը, բայց նա չի նկատել՝ ինչ ողբերգականորեն են սկսում միմյանց հետ վիճել աշխատանքն ու մարդը: Մինչդեռ երեկ նրանք բարեկամ էին:
Այդ թեմային ինչ-որ մանրամասներ են ավելացնում իմ սերնդի գրողները: Մենք դեռ ունենք փորձ ու զգացում: Բայց մեզնից հետո եկողները չեն կարողանալու պատմել գյուղացու մասին, որը, պայմանականորեն ասած, ձևավորվում էր առաջին դարից մինչև 19-րդը: Մենք այդ իմաստով մոհիկաններ ենք: Եվ մենք պիտի հասցնենք իմաստավորել ու պատմել:
Չեմ համարձակվում խոսել ամբողջ «գյուղագրությունից», կասեմ միայն իմ մասին. ես Դանիելի տոհմից եմ: Հիշո՞ւմ եք «Պատերազմ և խաղաղության» մեջ Նատաշայի զարմիկի գյուղում այդ անունով որսորդ կար. նա միայն մեկ անգամ է հայտնվում որսի տեսարանում: Տոլստոյը նրան նկատում է և կարծես թե հասկացնում է, որ ես՝ Տոլստոյս, դա էլ կարող եմ՝ վերամարմնավորվել Դանիլայի... Բայց ոչ Պուշկինը, ոչ Գոգոլը, ոչ Շեքսպիրը, ոչ Թումանյանը, ոչ հայ դեմոկրատական մեծ գրականությունը, ինձ թվում է, կյանքին չեն նայել Դանիլայի աչքերով: Հայ գրողներից շատերը գյուղացու որդիներ էին, բայց, այնուամենայնիվ, կյանքին նայում էին «ազնվական» հայացքով: Նրանց չափուձևը գյուղական է, իսկ հայացքը դրսից է... Իսկ մենք ուզում ենք նայել ներսից: Ուզում եմ պատմել իմ մասին, իմ հոր, որ նույնիսկ արտաքնապես Դանիլային նման էր ու կարմրում էր այնպես, ինչպես նա՝ առաջին անգամ քաղաքի աղջիկներին հանդիպելով: Ես կասեի՝ Դանիլան Պիեռ Բեզուխովից աղքատ չէ, իսկական Պիեռը քնած է Դանիլայի մեջ:
– Ես նկատել եմ, որ Ձեր գրքերում կանայք ամբողջական, ուժեղ բնավորություններ են: Նույնիսկ ենթարկված լինելով տղամարդուն: Օրինակ՝ Աղունը «Մայրը գնում է որդուն ամուսնացնելու» վիպա-կից: Կարծում եմ, որ դա պատահական չէ:
– Ես որդին եմ բոլոր այդ կանանց: Եվ ես պարտք եմ նրանց: Տղամարդիկ կորցնում են իրենց, թուլանում են: Իսկ կանայք առաջվա պես ուժեղ են: Հավանաբար նրանց խաբեությամբ բերել են մեր աշխարհը ու նրանց փխրուն ուսերին դրել վիթխարի, անտանելի աշխատանք: Այդպիսի հերոսական բնավորությունները միայն իմ ստեղծագործություններում չեն: Մի՞թե Ռասպուտինի «Ապրիր և հիշիր»-ի Նաստյոնան այդպիսին չէ:
– Երբ աշխատում եք, Ձեզ առաջ է տանում ձև՞ը, թե՞ բովանդակությունը: Երբեմն Ձեր հերոսների լեզուն բարդ է թվում, ամեն ընթերցող պատրաստ չէ այդ բարդության ընկալմանը:
– Բայց դրանում միտումնավորություն չկա: Գուցե այս ձեռքի ոչ բավականաչափ ամրությունն է պատճառը, որ իմ հերոսները խոսում են իմ լեզվով: Հույս ունեմ, որ եթե ոչ վաղը, ապագայում նրանք կխոսեն իրենց ձայնով:
Որքան կուզենայի օգնել մարդուն գտնել իր տունը, իր բակը, իր ընտանիքը: Որ այդ ամենը չփլվի: Չէ որ մարդը փխրուն է: Թեպետ մենք նրան ատոմի տակ ենք «դնում», նրա առաջ անմարդկային դժվարություններ ենք շարում ու նա շարունակում է գոյատևել, բայց նա փխրուն է, նրան իր ընտանիքն է պետք, իր կինը, տնտեսությունը, կատուն է պետք, կովը... որ չդառնա բացարձակ որբ...
Մաթևոսյանը կատակով նկատեց, որ ձևի ու բովանդակության միության որոնումներում իր «վաստակը» միայն այն է, որ գտել է մի քանի ճիշտ մտքեր ու արտահայտություններ: Ինչպես օրինակ. «Իրենց անցյալն ու ապագան նրանք ծրագրում են, այնինչ մեր վարքը օտար ձիու պես մեր տակից փախչում է»:
– Ես լսել եմ, որ Դուք բավականին փակ կյանքով եք ապրում, իսկ ընթերցողների հետ հանդիպումնե՞րը...
– Ես սիրում եմ հանդիպել հասկացող ընթերցողին: Երբ հավաքվում է նման դահլիճ, ինձ համար դա իսկական երջանկություն է: Այդպիսի ընթերցողի մեջ ես համախոհի եմ տեսնում, աջակցի: Գրողին պատկանում է իր ստեղծածի միայն կեսը, մնացածը միջավայրի արձագանքն է, դա վիթխարի դահլիճ է՝ Կարպատներից մինչև Խաղաղ օվկիանոս:
Երբ ինձ հարցնում են՝ զգո՞ւմ եմ ես իմ ընթերցողին, տեսնո՞ւմ եմ նրան, ես պատասխանում եմ, որ տեսնում եմ միայն միջնորդավորված, բայց աբսուրդ չէ ասել, որ ես գրում եմ Լև Տոլստոյի համար: Թումանյանի համար եմ գրում, իմ կրտսեր եղբոր՝ հիանալի ընթերցողի, Անդրեյ Բիտովի համար՝ իմ ընկերոջ, գրում եմ մի քանի խելացի նամակների համար, որ գրվելու են ինձ, և ես ավելորդ անգամ համոզվում եմ, որ ամեն ինչ ապարդյուն չէ:
– Իսկ գյուղացիները, նույն այն անհեռանկար գյուղի, որ Դուք պաշտպանում էիք կորստից, քանի որ գտնում էիք, որ չի կարելի քանդել այն բները, որտեղից ժողովուրդը բոլոր ժամանակներում իր ուժերն է քաղել, ինչպե՞ս են նրանք վերաբերվում Ձեր գրվածքներին: Նրանք Ձեզ հասկանո՞ւմ են, չէ որ այդ ամենը իրենց մասին է:
– Նրանք պարզապես դաստիարակված, քաղաքավարի մարդիկ են, նրանք ընդունում են այն, ինչ ընդունում է քաղաքը, նրանք այդ իմաստով ենթականեր են: Ես էլ այնքան միամիտ չեմ, որ հավա-տամ, թե նրանք ինձ կարդալու են, հասկանալու են, սիրելու են: Երբեք նման բան չի լինի: Բոլոր դեպքերում ես ուրիշ ընթերցողի համար եմ: Ոչ, միամտություն է կարծել, թե ես գրեցի, նրանք էլ կար-դացին:
– Ձեր հարազատ Ահնիձորում Վիլյամ Սարոյանն է հյուր եղել: Ինչի՞ մասին եք նրա հետ զրուցել, չէ՞ որ Սարոյանը, ծագումով հայ, 20-րդ դարի ամերիկացի մեծագույն գրողներից է:
– Ամեն ինչի մասին... Ես մտածում էի, որ մարդը կարող է մեծ լինել, ազատ, ինչպես սրբավայր: Եվ մտածում էի ոչ միայն իմ վիճակի ու դաստիարակության «հետամնացությունից»: Ես կարդացել եմ Տոլստոյին, գիտեմ Շեքսպիրին, ծանոթ էի հիասքանչ արտիստ Փափազյանի հետ՝ բեմի աստծո, և այդ ամենն ինձ համար ոգու թռիչք էր: Բայց Սարոյանն ավելի բարձր է... Իր բնական շնչառությամբ, մտքի ու զգացումի արտահայտման ազատությամբ: Նրա առաջ ես ինձ գավառական երկրպագու էի զգում: Նրա համար այնքան բնական է հոգեկան բարձր ֆանտազիան: Չէ որ մարդը, տրամադրության կամ կյանքի ինչ-որ իրադարձությունների հետևանքով հաճախ դառնում է բութ ու ստոր: Սարոյանն ամեն ինչում՝ մանրուքներում, մանրամասներում, վարքագծի նրբերանգներում, գոյության մեջ բարձր, ճշգրիտ, շռայլ էր: Երբ նա Երևանում հեռուստատեսությամբ ելույթ ունեցավ, տիրապետելով հայերեն երևի 250 բառի, այդ բառերով արտահայտեց ամբողջ աշխարհը, պարուրեց ամբողջ աշխարհը, մտքի արտահայտման այնպիսի նրբություն ու ճշգրտություն կար: Նա իմ առաջ կանգնեց իբրև մեծագույն մարդ, ում հետ հաղորդակցությունը մեծ նվեր էր:
Նա շատ էր սիրում Գոգոլին, հատկապես «Շինելը»: Մի անգամ Սարոյանին հարցրին՝ ինչի մասին է գրում, երբ նյութը սպառվում է, մտածում է նյութ ամբարելու մասի՞ն, և նա, այդ խելացի, հանճարեղ ծերուկն ասաց՝ նյութը ես եմ, քանի ես կամ, բառի համար նյութ կա:
– Ո՞վ կամ ի՞նչն է ամենից շատ ներգործել Ձեզ վրա: Ես նկատի ունեմ ամբողջ հայ մշակույթը:
– Ես ավելի մեծ ընդգրկումով կպատասխանեմ, քան Ձեր հարցադրումն է: Ռուս գրողներից ինչ-որ մեկը շատ ճշգրիտ է ասել, թե ժամանակը, որի մեջ ապրում ես, Հայրենիք հասկացության մասն է, որ իմ հայրենիքը իմ ժամանակն է:
Դե, իսկ այլ ժամանակներից, երևի 20-րդ համագումարը, ազատության ու անկաշկանդության ոգին: Հետո սպիտակ հացի ոգին, երբ սկսեցին վաճառել առանց հերթերի: Հետո՝ երբ Սիբիրից վերադարձավ Գուրգեն Մահարին: Հետո, երբ լիակատար ժողովածուով հրատարակվեցին Եղիշե Չարենցի բանաստեղծությունները: Իսկ եթե դպրոցական նստարանից՝ միայն մեկը. Հովհաննես Թումանյան: Մանկության տարիներից իմ մեջ միայն նա է մնացել՝ Հովհաննես Թումանյանը:
– Ինչպե՞ս եք վերաբերվում այն փոփոխություններին, որ տեղի են ունենում մեր կյանքում: Ի՞նչն եք կարևոր համարում գյուղի կյանքում հիմա:
– Պետք է վերադարձնել գյուղացու հարգանքը ինքն իր նկատմամբ, իր աշխատանքի: Փոխել աշխատանքի նկատմամբ վերաբերմունքը: Նույնիսկ եթե այդ աշխատանքը ոչ միշտ է արագ արդյունքներ բերում ու իզուր վատնվում է: Միևնույն է, ինչ-որ բան մնում է: Մնում ես դու՝ գյուղի հիանալի աշխատավոր: Պետք է աշխատել, իսկ աշխատանքը քեզ կհատուցի: Մարդուն կփրկի միայն աշխատանքը, միայն գործը: Բահը ձեռքին աշխատանքը: Այլապես ոչինչ չի լինի: Դժվար հաց է պետք: Եթե դու չես կարողանում ինքդ քեզ կերակրել, գործերդ վատ են: Հայաստանում հողի ամեն կտորը քաշով ոսկի է: Պետք է պատկերացնել՝ ինչ է նշանակում լեռնային անտառ, ինչ են նշանակում լեռներ: Պետք է սիրել ու պահել, պահպանել: Նույնիսկ լեռները:
Երբեմն լսում ես, որ հիմա ժողովուրդը կարծես թե գյուղ է վերադառնում, գնում են հանգստյան օրերը, տներ են գնում, ամառանոցներ են կառուցում: Թող ժամանակավոր, բայց գալիս են: Ես կցանկանայի հարցնել յուրաքանչյուրին, որ ինձ անկեղծ պատասխաներ՝ ինչու է վերադառնում, ինչ է ուզում: Եվ շատերը կպատասխանեն՝ հողը մշակելու, ծառեր տնկելու: Իսկ հետո՞: Որպեսզի հետո մեքենա առնեն: Մեքենա առնեն... Ահա որն է դժբախտությունը, մարդիկ հեշտ կյանք են ուզում: Բայց ոչ ոք չի մտածում դժվար, դառը հացի մասին: Իսկ մտածել պետք է: Մտածել պետք է այն մասին, որ դու ծնվել ես այնտեղ և այնտեղ էլ պետք է ընդմիշտ վերադառնաս: Մարդու մեջ պետք է լինի փոքր հայրենիքի զգացողությունը, տիրոջ զգացողությունը այստեղ՝ այս փոքր հայրենիքում: Այս մի ափ հողի վրա: Բայց ոչ հյուր: Դու հյուր ես այլ վայրերում, այլ քաղաքներում ու գյուղերում: Այնտեղ դու օտար ես: Իսկ այստեղ, ուր դու ծնվել ես, այստեղ և՛ տեր ես, և՛ մշակ, և՛ իշխան, և՛ ծառա: Հիանալի ծառա հայրերիդ ու պապերիդ երկրում:
Աչքի առաջ վտանգավոր կերպով փոխվում է մարդու հոգեբանությունը: Մի կողմից լավ է, մյուս կողմից չափազանց պատասխանատու է զգալ տերը վիթխարի տարածքի, որ կոչվում է ԽՍՀՄ: Ինչ-որ բան պատահի, քեզ կպաշտպանեն իբրև Խորհրդային Միության քաղաքացու, բայց մյուս կողմից այդ զգացումը քո միջից հանում է քո անպատասխանատու վերաբերմունքը այն փոքր երկրին, այն փոքր հայրենիքին, որտեղ ծնվել ու մեծացել ես:
Այս առնչությամբ հիշում եմ թումանյանական մի այլասացություն: Սարսափելի երաշտ էր, բերք չեղավ, թեպետ գյուղացիներն ազնվորեն մշակել էին հողը: Ի՞նչ անել: Գնացին հարևան, առավել հարուստ շրջան: Գուցե, մտածում էին նրանք, այնտեղ այդպիսի աղետ չի եղել: Բայց այնտեղ էլ բերք չկար: Նրանք ավելի հեռու գնացին, բայց այնտեղ էլ աղետը մարդկանց չէր շրջանցել: Եվ գյուղացիները հասկացան, որ ամբողջ երկրին դժբախտություն է պատահել:
Այսօր մենք երեսառած ենք: Մենք վստահ ենք, որ օգնությունն ինքն իրեն կգա: Հողի մասին կարելի է մոռանալ: Ոմանք համոզված են, որ Կուբանում միշտ հաց կա, ու Կուբանը դժբախտության մեջ չի թողնի, եթե աղետ եղավ: Իսկ կուբանցիները, ես համոզված եմ, մտածում են, որ հացահատիկն աճում է Ֆրանսիայում կամ Կանադայում, և մի բան եղավ, օտար երկրից հաց կբերենք:
Ես մի փրկություն եմ տեսնում՝ այն ադրբեջանցու կամ հայի գոյությամբ, որ դեռ վստահում է ձիուն: Դա թվում է հետամնացություն, պահպանողականություն է բուրում այդ մտքից, բայց դա սրբազան հետամնացություն է: Նա, ով հույսը ձիու վրա է դնում, ով պատասխանատու է իր ընտանիքի, իր կոլտնտեսության, իր պետության առաջ, նա կկերակրի ընտանիքին, կոլտնտեսությանը բաժին կհանի, երկրին կօգնի:
Դուք կզարմանաք, իսկ ինչով բացատրել, որ մեր պապերը իմ գյուղի դաշտերից երկու տոննա խոտ էին տուն տանում, իսկ հիմա այդ դաշտերից բան չի մնացել:
Այսօր պետք է աշխատել, որ հետո արդյունք տեսնես: Բայց կարծում եմ, որ այս պարագայում պետք է մտածել ու տեսնել սերունդների կտրվածքով: Ինչպես մի գործիչ է մյուսին ասել ինչ-որ արտակարգ իրավիճակում՝ դուք հիմա չեք հասկանա, մեզ կհասկանա այն սերունդը, որ հիմա մանկապարտեզում է: Գիտակցության վերակառուցումը դժվարին աշխատանք է, և կարծում եմ՝ դա աշխատանք է ոչ թե մեքենայի, այլ ձիու հետ: Ամենօրյա, մանրակրկիտ, անշտապ:
Նորացում: Բայց կան փաստեր, որ չեն թողնում աչք փակես: Եվ մենք գիտենք այդ մասին. միլիոնների գողություն, պետության խաբեություն հավելագրումներով, նախարար-հանցագործ... Մազերդ սպիտակում են:
Եթե խոսենք գրականության մասին, արագացումը այստեղ նախ և առաջ հարգանք է անհատականության նկատմամբ: Գրողի անհատականության: Ստեղծողի: Ճշմարտության տեսանողի: Պետք է կարողանաս նրան տեսնել, հասկանալ, նույնիսկ եթե նա ասում է այն, ինչ երբեմն միանգամից բոլորը չեն հասկանում: Նրան պետք է հարգել և նրան նայել ոչ թե իբրև նյութի, այլ իբրև նպատակի: Իսկական գրողը միշտ մեծ նպատակ է: Նա պետք է հասարակությանը օդի պես: Նա առաջինն է հասկանում՝ ինչ է կատարվում և ինչ է կատարվելու: Այդպես միշտ եղել է և՛ Ռուսաստանում, և՛ Հայաստանում...
– Հրանտ Իգնատևիչ, եթե Ձեզ խնդրեին ինքնակենսագրություն գրել, ինչպե՞ս կսկսեիք:
– Ծնվել եմ 1935 թվականին: Հաջորդ 15, 20 և նույնիսկ 30 տարիների իմ կյանքի պատկերը շատ ավելի նման է Թումանյանի–Տոլստոյի, Հոմերոսի ժամանակներին, քան մեր այս օրերին: Ես հող էի մշակում, խոտ էի հնձում, օգնում էի հորթին ծնվելիս, ծառ էի պատվաստում,– որպեսզի ամեն ինչ չթվարկեմ, միանգամից ասեմ. եթե կրկնվեր ջրհեղեղի լեգենդը, ես, ինչպես Նոյը, կկարողանայի վերականգնել երկրի վրա հողագործության ու անասնապահության մշակույթը… Եվ եթե ինչ-որ բան պատահեր մարդկության հիշողությանը, ես կարող էի իմ համագյուղացիների պատկերով ու նմանությամբ, նրանց այն ժամանակվա կյանքի պատկերով նորից ժողովել մարդկային բարոյականության օրենսգիրքը...
Ես կցանկանայի հնարել հիասքանչ շատ մարդկանց, և այդ դեպքում տեղ չէր մնա վատ մարդկանց համար...
Այս բարձր նոտայի վրա ավարտվեց իմ զրույցը զարմանալի մարդու, մտածողի, գյուղացու, գրականության ծառայի հետ, հեղինակի հետ մի արձակի, «որ նախկինում չի եղել»:
Զրույցը վարեց Ֆելիքս ՄԵԴՎԵԴԵՎԸ
«Օգոնյոկ» («ОГОНЕК», МОСКВА), N 1, 1987 թ.