Հրանտ Մաթևոսյան

Գեղեցկությունների պաշտպանը

Արագ, բոցկլտուն լեզու ունի, և եթե չլիներ նորին տիրակալ գրականագիտությունը՝ մենք այսօր Հրանտ Թամրազյան անուն մի շողշողուն բանաստեղծ, կառուցիկ ու ավարտուն արձակագիր էինք ունենալու կամ ունենալու էինք մի ամենահայ դրամատուրգ. այդ գերզգայնությունը գեղեցիկի ելևէջման հանդեպ, գեղարվեստական կառուցվածքի առաջ նրան երկրպագության խոնարհեցնող այդ սերը նրա անանց հատկանիշն է, և 60-ամյա այս հասակում էլ, երբ պաշտում են արդեն կյանքի փաստը և անմակդիր մտքի չորությունը, կարելի է այդ մարդուն փակել որևէ մերկ սենյակում և պատկեր առ պատկեր ու տող առ տող քամել մեր երկհազարամյա գրականության ընտրանին - անվանի ու անանուն որևէ հեղինակի որևէ արժանավոր պատկեր դուրս չի ընկնի նրա այդ հատընտիրից:
Գյուղացիաբար է մարդաճանաչ և, ուրեմն, իր սերը, ատելությունը, քամահրանքն ու թերհավատությունը, որ մի տեսակ ծանր նյութականություն են առնում, վերջնական ու ավարտուն են, միտքն արագ ու խոսքը, հուրախություն ուսանողների՝ մանավանդ բանավորը, դիպուկ է, և այսօր անդրադարձնենք իր պատմություններից մեկը՝ փորձելով այդպես կռահել պատճառն այն բանի, թե այդքան օժտված մեկը ինչու ոչ թե բանաստեղծ, այլ գրականագետ է դարձել. դա, իհարկե, միայն ճշմարտանման կլինի, բայց որևէ կերպ պե՞տք է փորձել:
Իր պատմածն այս է. այն աղքատ, ահաբեկ օրերի տերերը եկել գյուղում խրախճան են անում, գյուղի տներից մեկնումեկը նրանց վայել չէ՝ իրենց կերուխումը այգիներում են անում: Սպասքն ու գորգերը, իհարկե, նույն գյուղից են իջեցրել, մեղրը, միսն ու մածունը՝ նույնպես, և այդքանով իրենց հաշիվները գյուղի հետ փակել են, գյուղը նրանց համար չկա, գուցե չգիտեն անգամ, թե ինչ է գյուղի անունը և ով է գուրգուրել այգին: Իսկ հրացանն արդեն իրենցն է, ծառի տակ պառկել, նշան են բռնում միակ կարմիր խնձորին:
Գյուղը նրանց համար չկա, բայց գյուղի համար, պատանիների խմբի համար ու նրանց մեջ մանավանդ կապուտաչյա Հրանտի համար նրանք կան: Պատանիների խումբը այգու գլխին լուռ նստել ու նայում է: Ներսից եթե ջուր ուզեն կամ խանութ ծխախոտի ղրկեն՝ գեղջկորեն այնքան հնազանդ են, որ կգնան և՝ վազելով, բայց այդ չի նշանակում, թե պատանիներից մեկնումեկը ցանկանում է, որ նրանց գնդակը խնձորին առնի, չի նշանակում, թե անզուսպ զայրույթն այդ պահից սկսած չի ուռչում պատանի Հրանտի մեջ:
Այդ խնձորը, այդ կոլխոզի խեղճ նախագահը՝ որ այգին հյուրերի առջև փռել ու ինքը խոնարհ ծառայության էր կանգնել, այդ «Սև ցելերի սերմնացանը»՝ որ միշտ վերնաշապկի մեջ գոտու տակ էր, այդ «Չարենցը»՝ որ տանն անընդհատ տեղ էր փոխում, այդ ողբերգական ու հերոսական անցյալը, այդ նույնքան ողբերգական ներկան՝ որ անցյալի իրականությունից իրեն մեկուսացրել ու ապագայի առջև աչքերը փակել էր - պաշտպան, իրենց վրա տեր էին ուզում, և գրականագետի գործը ապահովում էր նման տիրություն: Այդպես գրականագետ դառնո՞ւմ են, գրականագետ այդպե՞ս են դառնում, չգիտեմ: Մինչև ինքը եթե չլիներ էլ այդպիսի գործ՝ ինքն էր ստեղծելու, և իր ծանրակշիռ վաստակը արդեն իսկ կազմված է պաշտպանությունների հատորներից:
Արածը շատ ու անշրջանցելի է, արվելիքը՝ նույնպես: Շնորհակալություն դպրոցական ու բուհական ձեռնարկների և մենագրությունների համար՝ որ հեղինակների ժառանգության բաղադրիչ են դառնում, բայց Հրանտ Թամրազյան ստորագրությամբ գոնե հոդված չկա Համաստեղի մասին, հոդված չունի Հակոբ Մնձուրու մասին, Անդրանիկ Ծառուկյանի մասին, Վիլյամ Սարոյանի… և դեռ շատերի՝ որ եղբայրական ձեռք են մեկնելու գուցե նույնիսկ լեզվական այլ կեղևների միջից:

Յատուկ Երաժշտություն
Նոկտյուրն
Էդուարդ Բաղդասարյան

Նոկտյուրն

Երիտասարդ կին դեղինով
Երիտասարդ կին դեղինով
Խաղա առցանց