Հրանտ Մաթևոսյան

Ալխո

– Ախար սարն էի գնալու, սարում ես էլ գործ ունեի, է...
– Սարն էիր գնալո՞ւ,– իբր թե մոլորվեց Գիքորը:– Բա ո՞նց անենք:– Այդպես մոլոր մնաց, մնաց ու հանկարծ աշխուժացավ, իբր թե գտավ ելքը.– Իմը վերցրու, իմով գնա: Փայտի ես, չէ՞, տանում. ուժեղ է, բարձիր ինչքան ուզում ես: Բայց, ախար, խրտնում է, վախենում եմ,– կասկածեց Գիքորը:
– Յոթ-ութ տարվա ձի է, ինչո՞ւ պիտի խրտներ, հո երեկվա քուռա՞կը չի,– սրտնեղելով ծիծաղեց Անդրոն:
– Որձությունից մեջը մնացել է, մեկ-մեկ գլխին է խփում, ուշ կռտեցի,– բացատրեց աղվես Գիքորը: Եվ որովհետև նա այդպես լուրջ բացատրեց, Անդրոն էլ հետաքրքրվեց լրջորեն.
– Տարբերություն է տալի՞ս:
– Ասում են չէ, բայց իմը տվել է: Էն օրն էլ, պառավը սարից գալիս, խրտնել, ջարդուխուրդ է արել:
– Թամբը գոմի սրահում է,– նեղացավ Անդրոն,– ինքը ձորում սալերի մոտ է: Շատ չբարձես, Գիքոր, քո փութը ես լավ գիտեմ:
Գիքորը ծերունավարի դանդաղ ու թեթև գնաց դեպի գոմի դուռը: Եվ որպես իսկական ձիատեր՝ հայհոյեց Անդրոյին. «Երեսթո՛ւյլ շան տղա, թե որ իմ փութը լավ գիտես, ինչո՞ւ ես տալիս: Հլա սրա թամբին նայիր, ախար ձին քո ի՜նչ բանն է»:
Իսկ Անդրոն կարծում էր ծերունուն նեղացրել է, և որովհետև սա մի տեսակ վրդովված ելավ գոմի սրահից, ուզեց մեղմել իր անվայելուչ խոսքը.
– Կատակ եմ անում, կատակ, այտա: Գիքո՜ր,– ծիծաղեց Անդրոն,– որ ձորը մտնես՝ չվախենաս, ջրում սպիտակ գոմեշ կա:
– Չէ, չէ,– աշխուժորեն չհավատաց Գիքորը:– Տեսել ե՞ս:
– Իջել էի տեղփոխ անեմ...
– Ջահել ես, կտեսնես:– Նա սրա մեղուների դիրքը չհավանեց, ամառ օրով տանն էր՝ չհավանեց, տանձը փչանում էր՝ այդտեղ արդեն բոլորովին բարկացավ.– Այտա՜... դու գոմեշ տես, իսկ տանձդ հրես ձեռից գնում է:– Եվ տանձենու տակից հեգնելով ու խնդրելով վիզը ծուռ՝ ասաց նախագահ ժամանակվա պես արագ-արագ.– Էսօր տակառ թրջիր, առուն հրեդ, էգուց էս տանձից մի հատ չլինի վրան: Քո տո՜ւնը շինվի, ձեռիցդ հազար է թռչում, դու օրը ցերեկով քուն ես մտնում:
Երբ նա ձորի պռնկին էր, Անդրոն ձայն տվեց.
– Գիքոր քեռի՜... Սարով ե՞ս գնում:
– Տեսնենք:
– Եթե սարով գնաս, Աշխենին ասա էս երկու օրը կգա փետ բերելու, փետ բերելու:
– Անդրանի՜կ...
– Ի՞նչ է, այ մեր:
– Ձին էդ ո՞ւմ ես տալիս:
– Գիքորին:
– Ի՞նչ է անում:
– «Թե, ասա, ինչի՞դ է պետք»:
– Հա ջա՞ն:
– Տանում է Ղա՜զախ:
– Բա էդ անասունը մեղք չի՞:
– Մեջքը կկոտրի՞:
– Հա՜, քեզ մատաղ:
Ձորում, քարերի մեջ, գետը մրմնջում էր, աղջիկների մայրը գլուխը ծնկներին ոչ այն է նիրհում էր, ոչ այն է տխրում ջրերի վրա ու իր սպիտակ ոտքերի վրա, աղջիկներից մեկը խռովել էր ու նիհար մեջքը կեռած գրկել ծնկները, մյուսը խոտը մտցնում էր նրա ականջը և խուլ ու խզված ծիծաղում, և քույրը, շրթունքներն ուռցրած, շուռումուռ էր գալիս նստած տեղը, վիթխարի մարդաթողը անում էր իր փափուկ պտույտները արևի տակ, իսկ Ալխոն կանգնել էր ու թախծում էր: Եվ այդ ամենը հանգած ու իզուր էր, ինչպես չաշխատող ջրաղացի ջուրը, ոտքի վրա փտող ծառը, տակին փռված արտ չունեցող արևը: Գետակը պիտի բաժանված լիներ մարգերի մեջ, աղջիկների մոր դիրքը իսկական բուրդ լվացողի էր, աղջիկները պիտի մոռ հավաքեին, հանդի տանձ հավաքեին, խոտ հավաքեին, հնձվորի համար պիտի ջուր տանեին, վիթխարին պիտի կանգներ դեզի տակ ու խոտ տար դիզողին, կամ թե չէ... Գիքորը կանգնեց, նայեց-նայեց և ժպտալով ու գլուխը թափահարելով գնաց դեպի Ալխոն:
– Պարապությունից սատկում ես,– ասաց Գիքորն Ալխոյին,– Ղազախի ճամփան միտդ է՞:
Ալխոն, նիրհի մեջ, վերցրեց թամբը, պոչատակն առավ ոռբանդը, հագավ կրծբանդը, փորքաշները, սանձը, մի քիչ նեղացած՝ բերանն առավ լկամները, անզգա՝ շալակեց թամբողին ու ծեր-ծեր ճոճվեց քարերի միջով: Ոտքի տակ, ավազի վրա, քարը փախավ և Ալխոն փորը գետնին խփեց:
– Հաըըը...– և այդտեղ լկամները ճոթռեցին հին կոշտուկները, փափուկ շիվն անսպի տեղ գտավ փորատակին, և Ալխոն ճանաչեց աղվես Գիքորին: Դա կողերը ճնշող բեռ էր, թոքերի նեղվածք և քաղցր լեզվի սուտ հորդոր:
Ալխոն թառանչեց և ուզեց գնալ վարգով, բայց լկամները ջարդեցին բերանը՝ պահանջելով ձգվածություն և դանդաղ ընթացք:– Հիշեցի՞ր...– Լկամները ճիշտ պահանջեցին, որովհետև ահա միանգամից վեր նետվեց յառը. եթե վարգով գար՝ առջևի ոտքերը կծալվեին, ետևի ոտքերը տակից դուրս կպրծնեին և շրթունքները կջարդվեին ատամների ու չոր գետնի արանքում:
Իսկ Գիքորը, թամբի վրա շրջվելով, այնուամենայնիվ, ասաց աղջիկներին.
– Հասած աղջիկ եք, մոռը հոտում է, մոռն ի՞նչ է՝ խաղ է, գնացեք քաղեցեք, ձմեռը մուրաբա կունենաք: Ձեր հերը կուրախանա,– ավելացրեց Գիքորը:
Վիթխարին հառաչեց ու պորտը դեմ արեց արևին, իսկ աղջիկները ծիծաղեցին տաք ու խուլ:
– Քույրիկ, քեզ եմ ասում,– Գիքորը կզակ արեց տարիքոտ կնոջը:
Աղջիկների մայրը ծնկների վրայից նայեց ամառվա ալարկոտ թախիծով, իսկ վիթխարին տեղում հարմարվեց: Վիթխարին տեղում հարմարվեց, և այդ ժամանակ Գիքորը հասկացավ որ՝ չէ... որ՝ չէ, նա ափսոս է, խոտ դիզելու համար չէ:
– Էս՝ լիրբ ե՞ն,– քրթմնջաց Գիքորը, նայեց, բան չհասկացավ, ինքն իրեն ասաց, որ աշխարհը փչացել ու բարդացել է, ու կրընկեց Ալխոյին:
Զառիվերը ելան, մտան ճանապարհ՝ ճանապարհից ջոկվեց Անդրոյի տան արահետը: Ալխոն միամիտ-միամիտ ուզեց խաբել աղվես Գիքորին, ուզեց ցույց տալ, թե դա սովորական օր է, և ինքը ձորից զառիվերով բարձրացել է, ճանապարհով ու արահետով ահա գնում է իրենց դուռը. Ալխոն ոտը կախ գցեց, ապա միանգամից թեքվեց դեպի արահետ, բայց այդտեղ սանձի մյուս ճյուղը ձգվեց, թեքեց գլուխը և ասպանդակները կոշտացան հին սպիների վրա:
– Աղվեսի՛ն տես, աղվեսին,– ասաց Գիքորը և տարավ գյուղամիջյան ճանապարհով:
Լոբուտից դուրս նետվեց սուրդունչ կարմիր քածը, Ալխոն հոգնած ու զզված քացի գցեց ու հասկացավ, որ ճանապարհն այն է, ճնշող բեռի և թոքերի նեղվածքի շոգ անվերջանալին, և զզվանքով ու հոգնած շպպացրեց քացին: Եվ զգաց, որ սմբակը մտավ շան մեջ ու ելավ:
– Չի լինի՞, որ քո ձին քո տան ճանապարհով տանես,– պատշգամբում կապտեց վարիչ Ռուբենը:
– Իմ տան ճանապարհը սա է, քածդ կապած պահիր:
– Ուրիշի ձին նստել է՝ ուրիշի շուն է սպանում:
– Վազ տուր գյուղխորհուրդ,– ասաց Գիքորը Ռուբենին, բայց ճիպոտով վառեց Ալխոյի՛ փորատակը:
Սուրդունչ քածը հավիտյան չար է՝ պիտի վրա պրծներ, և որ քացուց հետո նրա շունչը մի րոպե պիտի կտրվեր ու կաղկանձից հետո խոսխսեին՝ հասկանալի էր, բայց այդ ճիպտելուն Ալխոն բոլորովին չէր սպասում: Դրա համար էլ մարդկանց աշխարհը նրան թվում էր անվերջ անըմբռնելի: Քսան տարի եղավ ահա կրում է մարդկանց ու նրանց բեռը, քսան տարի նրանց ցենտների տակ խորհում է նրանց մասին, բայց բան չի հասկանում ոչ թե այն պատճառով, որ ձի է, այլ որ նրանք կայուն չեն:
Տարավ դարբնոցի դուռը: Վառվող երկաթի սուր հոտը Ալխոյին ծանոթ էր հին օրերի ուժեղ ու փաղաքուշ պայտառի հետ, որ հիմա ընդառաջ չելավ ու չշոյեց ձիու աչքերը: Ածխոտ գոգնոց կապած, ծխախոտը բերանին երիտասարդը մոտեցավ, ոտքը ծալեց, շը՛խկ, շը՛խկ, ու էլի մտավ դարբնոց: Այդ մարդկանց բացած ճանապարհներին շատ թե քիչ դիմանում է նրանց պայտը, պայտվելու համար Ալխոն շնորհակալ էր, ճանապարհները կոշտ են, բայց, ախար, մեխը ծուռ գնաց, մտավ նյարդերի մեջ, մյուս ոտքի էլ պայտն էր սեղմում. Ալխոն սաստիկ վիրավորվեց:
– Այտա, վայ թե ծուռ ես խփել,– ասաց Գիքորը՝ ականջ դնելով դարբնոցի ձայներին:
– Շոգ է, շո՜գ,– ասացին ներսից ու ծիծաղեցին:– Աշխօր է, աշխօ՜ր: Տվածդ ոսկի չի:
Ալխոն գնաց զույգ ոտքից կաղալով և հիվանդի պես զգույշ, նյարդերը ցավում էին:
– Դե լավ, մի՛ սատկիր,– ասաց հեծվորը,– կգնաս՝ կբացվի:
Ալխոն ցավից մոռացավ հեծվորի ովությունը և ճիպոտը, և տհաճ կարմիր շանը, և որ՝ ճանապարհ էր, թամբած էր՝ պիտի գնար. Ալխոն կանգնեց, բայց սանձերը ցնցռտեցին գլուխը ու ճիպոտը դարձյալ փաթաթվեց փորին.– Հա՜,– և Ալխոն դարձյալ հասկացավ, որ այդքան անխիղճ, այդպես ջղային ու այդքան փնթի՝ հեծվորն աղվես Գիքորն է: «Տեսնես ո՞ւր է տանելու»:
Ճաղավոր ցանկապատը նրանց առջև բացվեց ու ետևից փակվեց, թուխսը ճտերի հետ կտրեց արահետը, «տեսնես ո՞ւր է տանելու», և Ալխոն շղթայի զնգզնգոց լսեց ու տեսավ սև մազաթափ շանը: Դա մի քոսոտ ու քոսից ջղային շուն էր, միշտ կապած, որ լարի տակով վազում էր գոմի դռնից տան դուռը, տան դռնից գոմի դուռը, գոմի դռնից տան դուռը, տան դռնից... Նա կանգ առավ ու թուքը շաղ տալով հաչեց, հաչեց, հաչեց... Եվ այդտեղ Ալխոն բոլորովին հասկացավ, որ ընկել է աղվես Գիքորի ձեռքը, հիշեց շոգ ճանապարհը, բոռերին, զզվելի ջուրը, կարճ ու ջլուտ շատ նենգ օձին, որ մի ժամ անընդհատ սողում ու թաքնվում էր նրա շուրջը, մինչև որ մի պահ մոռացնել տվեց իր ներկայությունն ու հարվածվեց-խայթեց. ոտքը սուր ծակվեց, հետո կարծես ոչինչ էլ չէր եղել, իսկ հետո ոտքը տաքացավ ու թմրեց, սիրտը քաղցր խառնում էր և գլուխն էլ տաքացավ ու թմրեց: Ու իրեն՝ թմբիրի մեջ կիսախուլ, բարձում ու բարձում էին: Ինքը ոչինչ էլ չէր ուզում. տաք քաղցրի մեջ հիշողություններն ու ցանկությունները հալվում էին, և դա հաճելի էր. բոռերը չկային, բեռը չկար, Գիքորը չկար և լավ կլիներ, որ նրանք ընդհանրապես չլինեին, օձը կծեր մի կորած հանդում, ինքը հանգիստ ապրեր իր մահը: Բայց նրանք հասկացան նրան:
– Օձը կծել է, Գիքոր: Ձիդ ուզում է սատկի:
– Կսատկի՞: Կսատկի, խայտառակ կլինենք Անդրոյի առաջ:
– Չէ,– ասացին,– քրտնեցրու, չթողնես կանգնի:
Հյուսկեն չոր ու ճապուկ մտրակով իրեն տեր արեցին իր փորի նրբությանը, բեռանը, ճանապարհին: Սարի խոտին ու սառն աղբյուրին: Սկսելու ծանրությանն ու վերջացնելու թեթևությանը: Կայարան գնալու զզվանքին ու վերադարձի ուրախությանը: Պայտվելու սարսուռին և պայտվածի միամիտ գոռոզությանը։ Զամբիկի կարոտին ու հովատակի վախին: Զամբիկի ամենազոր ցանկությանն ու հովատակի դիվային կատաղությանը: Զամբիկի հիվանդությանը և անտարբերությանը բեռին, ջրին, կայարան գնալուն, Գիքորին ու սեղմող պայտին: Տեր կանգնեցրին իր ոստակալած ոսկորներին և գիշեր-ցերեկներին ու ճանապարհներին, որ վե՜րջ չունեն, վերջ չունեն, սկսում են լայն, նեղանում են, բարակում են, կեռվում են ու դարձյալ լայնանում են, վերջ չունեն: Կանչեց ինքնագոհ աստված Ալխոյի հոր հոր հոր հորը, ասաց. «Ահա՛, Ալխոյի պապ, ես արարեցի քեզ կառուցիկ ու խելոք, փռեցի կանաչ մարգագետինը քեզ համար, հնարեցի գայլը, որ դու վազես ու մնաս կառուցիկ, և մարդը քեզ պահապան, ահա ձի՛, քանի՞ տարվա կյանք ես ուզում»: Եվ մտածեց Ալխոյի պապի պապը, և որովհետև աստված նրան խելացի էր համարում՝ դարձյալ մտածեց և պատասխանեց մտածված. «Քսան տարվա կյանք, տեր»: Եվ աստված նրա պատասխանը հավանեց և տվեց քսան տարվա կյանք: Ախար ինչի՞ համար, այ պա՜պ, քսան տարի, ախար քո ինչի՞ն էր պետք քսան տարին, իմ ինչի՞ն է պետք...
– Էս ձին ինչո՞ւ է տխուր, Գիքոր:
– Դու պարկերի տեղն ասա, այ մեր, պարկերն ո՞ւր են:
– Հիվանդ ձիով Ղազախ ես գնում, Գիքոր:
– Չի սատկի, դո՛ւ լավ լինես:
– Էս ձին մեխով է, Գիքոր:
– Օ՜ֆ... դե որ էդքանը հասկանում ես, աքցանը գոմի սրահից բեր:
Հանված մեխի անցքով ցավը նյարդերից դուրս ծորաց մեղրի պես դանդաղ, և հաճելի էր մանր ցոլցլացող ցավը, բեռի ծանրանալը փութ առ փութ, ասպանդակի հպումը, սանձի կոշտությունը, քոսոտ շան թաց հաչհաչը:
Ճանապարհը սար հանողն էր... զով հովի շվշվոցն ականջներում և անվերջ համով խոտը... և Ալխոն գնաց աշխուժով: Զառիվերը մի ժամվա, մի շնչի բան է... հետո անվերջ համով խոտը:
– Կարծում ե՞ս...– ասաց Գիքորը, ճանապարհից թեքեց, տարավ այգիների արահետով:– Տանտե՜ր,– կանչեց:
Պահակը, շապիկով, ծառերի տակ խոտ էր հնձում: Ընդառաջ եկավ, շունը կապեց, ձին քաշելով Գիքորը գնաց, խոսեցին, պահակը կարծես դժգոհ էր, բայց բեռը ծանրացավ տանձուխնձորով:
– Վարունգ չունե՞ս... Դե լավ, որ դժվարանում ես, պետք չի... Ղազախից քեզ համար ի՞նչ բերեմ:
Պահակը Ղազախի ոչինչ էլ չուզեց, իսկ վարունգը ծանր էր ավելի, քան տանձուխնձորը:
– Հաա՜, անտերի սատկած, բեռ չես տեսե՞լ... Գեներալի ձի է... Անդրոյի ձին ես, էլի:
Արահետով ետ հանեց ճանապարհ, տարավ՝ մինչև որ էլ չէր լսվում պահակ շան հաչոցը, հետո անսպասելի ձիգ տվեց սանձի աջ ճյուղը: Ալխոն շուռ եկավ՝ այո, իհա՛րկե, աջ կողմը հասած շոգ արտն էր: Ասպանդակները պահանջում էին գնալ, ձայնը, ցածր, հրամայում էր գնալ, բայց ախար դեմն արտ էր: Ալխոն ետ-ետ էր անում, և ասպանդակները, ձայնը, ճիպոտը միանգամից նրանց մղեցին արտ, տարան արտով: Մարդիկ զարմանալի են, մտածեց Ալխոն, մի բան մի ժամանակ չի կարելի, նույն բանը մի ուրիշ ժամանակ, ահա, կարելի է: Ինքը, մենակ, արտ չի մտնում, որովհետև միթևանի հանդապահը գոռգոռում է, տանում օրերով փակում են ցեխ գոմում, ինքը չի ուզում փակվել ցեխ գոմում, իսկ ահա ծեծեցին դրա համար: Մտնում ես՝ ծեծում են, չես մտնում՝ ծեծում են: Բայց երբ Գիքորը, առանց ձայնի ասպանդակելով, նրան անցըրեց առուն, մտավ անտառ, հնձած բացատը շրջանցեց, Ալխոն հասկացավ, որ իրեն տանում է գողության: Անտառը դուրս եկան՝ կարտոֆիլի ցանքսերն էին: Կարտոլ է գողանալու, որոշեց Ալխոն և կանգ առավ:
– Կեցցես, Անդրո՛,– զարմացավ աղվես Գիքորը:– Արածիր,– ցածր շողոքորթեց Գիքորը,– արածելն էլ քեզ կմնա:
Արածելու բան չկար, բեռն էլ թեթև չէր՝ Ալխոն կանգնեց ու սպասեց: Ծառերը չէին ճոճվում, ցողունները չէին շարժվում, ծաղիկները բացվել պրծել էին, արևի տակ ամեն ինչ սպասում էր իր լուռ սպասումը ձիու պես անքեն, հանգիստ ու անորոշ թախիծով: Հետո իրենց մեջ, արևի տակ, մեկը շարժվեց, և այդ տեսան բոլորն ու Ալխոն: Ձին ականջները ցից սպասեց, թե ինչ է լինելու: Ցանքսերի ամենագլխին շան պես կքած էր քողտիկը և կանգնած էր պահակը՝ բահը ծնոտի տակ: Ապա քողտիկը այդպես անշարժ էլ մնաց, իսկ պահակը, բահի կիսից բռնած, փափուկ-փափուկ վազեց անտառ: Գիքորը, հողին կպած, կարտոլ էր հանում: Ալխոն նայեց անտառին, նայեց Գիքորին, սպասեց թե էլ ինչ է լինելու:
– Հը՛, մարդ ես տեսե՞լ,– հողին կպած՝ շուռ եկավ Գիքորը:– Հանգիստ չես կարո՞ղ մնալ:
Մեկ էլ, հենց ուղիղ Ալխոյի աչքի անկյունում, ծառից անջատվեց պահակը՝ բահի մեջտեղից բռնած: Ալխոն նրան ճանաչում էր, նրա աշխօրի կարտոլը նրա տուն էր տարել, նա մի հանգիստ բիձուկ էր, չէր խփում, չէր խոսում, թողնում էր իր ոտքով իր ճամփան գնալ: Ալխոն հայտնեց նրան տեսնելու իր ուրախությունը և այդ ժամանակ նա մատը դրեց բերանին,– սուսս,– ու կանգնեց: Հետո Գիքորը հողին կպած կարտոլ էր դուրս տալիս, աղվեսը մկնաբուն էր քանդում, և բիձուկն ու Ալխոն չըմբռնելով նայում էին այդ լուռ աշխարհում միակ շարժվող նրա թիկունքին, որ ընդարմացել էր ու չէր զգում ձիու և բիձուկի հայացքը: Նա հողից կտրվեց, երբ պարկը բերնեբերան լիքն էր. նա կանգնեց, շտկեց մեջքը և այդ ժամանակ տեսավ բիձուկին:– Հա՜, հա-հա-հա-հա,– և նրա ծիծաղը շատ էր նման ձիու ծիծաղի:
– Էդ ի՞նչ ես անում,– հարցրեց բիձուկը:
– Հա-հա-հա-հա, ասի տեսնեմ կնկատի՞...
– Բա գործիս անունն ի՞նչ էր, որ չնկատեի:
– Օգոստոս է, ասի Ադամը բացատներում խոտ կտրելիս կլինի: Ձմեռս քո խոտը շուտ վերջացավ, չէ՞:
– Մեղքն իմը չէր, գնա Սանասարին ասա:
– Սանասարի գործը չթողնելն է, քոնը հնձելը:
– Լեզու չունեմ շան հետ գլուխ դնելու:
– Էդ էլ է ճիշտ: Մենակ դժվար էր լինելու,– ասաց Գիքորը,– օգնիր վրան գցենք:
– Բա էդ անասունը մեղք չի՞:
– Ձի է, էլի, գործի անո՞ւնն ինչ է:
– Գնացի՞ր,– նրանց ետևից տխուր նայեց բիձուկը:– Մնայիր՝ մի քիչ զրուցեինք:
– Գիշերս Ղազախ եմ գնալու, լուսով հասնեմ սարը: Ղազախից քեզ համար ի՞նչ բերեմ:
– Ողջությունդ:
Հետո սարերը շնչեցին թեթևությամբ ու սառնությամբ: Սարի քամին սվսվաց ականջների մեջ, խտուտ տվեց շեքերը, մտավ բեռան ու թամբի տակ, քրտինքը չորացրեց, խաղաց ռունգներում ու ծփաց արևախանձ բաշի հետ: Վերջալույսի մեջ, լեռների ուսագծերին, նարնջագույն երամակները բոցեր էին փախցնում, զեփյուռը խաղ էր անում նրանց վրինջի հետ և նրանք թվում էին մերթ շատ մոտիկ, մերթ հեռո՜ւ, հեռու: Ալխոն բարձրագլուխ խրխնջաց՝ իմաց տալու, որ ինքն այդտեղ է, չի մոռացել նրանց ու նրանց ազատ սլացքը և իր սլացքը նրանց հետ, և այդ բեռը կապ չունի իր հետ, դա Գիքորի բեռն է... Ալխոն գնաց արագ՝ բեռից շուտ ազատվելու, և այդ ժամանակ այդ Գիքորը քմծիծաղեց,– Կեցցե՛ս,– և քարի տակ քաշեց ու իր համար տեղ գտավ բեռների արանքում:– Դե հիմա գնա...
Հեռվի փոքրիկ սարահարթին ծխում էր ուրթը: Ճանապարհը մի քանի անգամ փաթ տվեց բլուրները՝ աչքից կորցնելով ուրթը, ելա՜վ իջավ, ելա՜վ իջավ, և երբ դարձյալ ելավ՝ ուրթը դեմներն էր: Անաղմուկ ու սառը օրորվում էին հովվակրակները, հոտերը փարախավորվել էին, շները գտել էին իրենց տեղը հոտերի շուրջը, պառկած կովերը կշտությունից նեղվում էին, երամակի մեջ մի ջահել քուռակ խրխնջաց անառիթ ու անհոգս,– և խռպոտ ու ոստակալած Ալխոն ուզեց հայտնել իր մուտքը թափառող մառախուղների թաց սարեր, բայց Գիքորը ձգձգատեց սանձը, և խրխինջը մնաց կիսատ:
– Անդրո՞:– Մթի մեջ մեկը ծխում էր:
– Մեսրո՞պ:
– Գիքոր, դու ե՞ս: Ձենն Անդրոյի ձիունն էր:
– Ալխոն է, հա:
– Ի՜նչ էլ բարձել ես:
Արահետի վրա, ձեռքերը գոգնոցի տակ ու վիզը ծուռ, կանգնել էր Անդրոյի Աշխենը: Խելո՜ք, մո՜ւնջ, հնազա՜նդ...
– Գիքոր քեռի՞...– ասաց:
– Բարև, Աշխեն:
– Էդ մեր ձին է՞:
– Հա, Ալխոն է, Աշխեն:
– Գիքոր քեռի, բա Անդրոն պիտի գար, ինչո՞ւ չեկավ:
– Ասաց էս երկու օրը կգա, Աշխեն:
– Էս կարագն էստեղ հոտում է, Գիքոր քեռի, ինչո՞ւ էսօր չէր գալիս:
– Դե էդ ինքը կիմանա, Աշխեն, եսի՞մ ինչու չէր գալիս:
– Հա՜,– համաձայնեց Աշխենը:– Ի՜նչ էլ բարձել ես:
– Ի՞նչ եմ բարձել, Աշխեն, երկու կիլո կարտոլ է, մի քանի հատ խնձոր-մնձոր:
– Ոչինչ...
Աշխենը միայն արձանագրում է: Աշխենը թեքեց իր ճանապարհը դեպի իր վրանը: Աշխենը կին է, տան տղամարդն Անդրոն է: Աշխենը չի խառնվում տղամարդկանց գործերին: Իրենց հաշիվներն իրենք գիտեն: Աշխենը կին է, կով է կթում, ոչխար է կթում, սպասում է Անդրոն փայտ բերի... ձին վերաբերում է Անդրոյին: Անդրոն փայտ չի բերում՝ Աշխենը վիզը ծուռ կսպասի, կարագն այստեղ հոտում է, իսկ ձին ուղարկում են Ղազախ՝ Աշխենը կհամբերի, համբերատար է:
– Մի պարկ կարտոլն ինչքա՞ն է լինում:
Գիքորը թեթևակի ետ նայեց՝ Աշխենը կանգնել էր կռները կանթած: Գիքորը լուռ արհամարհեց. հաչողը կապած շուն էր:
– Տո աղվե՛ս... Մի գյուղով չբավարարվեցիր, խանութով չբավարարվեցիր, հիմա էլ ժողովրդի տներն ես քանդո՞ւմ... Մկնաբուն ես գտե՞լ... տո անամո՛թ, ձին տակիդ՝ ուրիշի ձի ես բանեցնո՞ւմ... Խոսիր, է՛, ծակը մի մտիր:
– Գլուխ մի տար,– բեռները քանդելով ասաց Գիքորը,– կնիկ ես՝ քո կնիկությանը կաց:
– Դու իմ տունը քանդես, բերան էլ չբացե՞մ:
– Օ՜ֆ...– ժպտաց Գիքորը,– քո տունը ուրիշի կնանիքն են քանդում:
Գիքորը բեռներն իջեցրեց, իր պառավին մի բան ասաց, բեռները ներս տարավ, իսկ Աշխենը դեռ խոսում էր, և այդ ժամանակ Գիքորը բարկացավ.
– Հիմար-հիմար քի՛չ դուրս տուր:
– Իմ մասին մի քիչ մտածում եմ՝ հիմար դարձա՞:
Այդ ժամանակ Գիքորը ասաց ոչ թե Աշխենին, ոչ թե ուրթին, ոչ թե իր պառավին, այլ ինքն իրեն, բայց որովհետև ուրթը հավաք է, գիշերվա լռություն էր և թաղիքները բարակ են, ասաց բոլորին.
– Սրա լեզվի ձեռից է խեղճ Անդրոն էնտեղ կնիկ առել, ես էլ ասում եմ ինչո՞ւ կլինի առած:
Նրա պառավը ձեռքը բերանին մնաց, մնաց, հետո հարցրեց սուտ-վախենալով, սուտ-զարմացած և հին օրերի հետաքրքրությամբ.
– Ի՞նչ կնիկ, այ Գիքոր:
– Ղազախ եմ գնում, բեռները սարքե՞լ ե՜ս,– գոռաց Գիքորը:– Մարիամ է ինչ զահրումար է: Հավերը կապիր:
Հետո դարձյալ լռություն էր, մթի մեջ ծխում էր ձիապանը, տնքում էին կովերը, մարմրում էին հովվակրակները, հովիվները հիշում էին Մարիամին և հիշում էին, որ նրա վրա իսկի բան չկար, կամ, ով գիտի աշխարհը, երևի կար,– և Ալխոն հանգստանում էր մի ոտքը ծալած, և վրանում լուռ եփվում էր Աշխենը:
Աստղալույսի մեջ, փարախում, անրջում էին տաք զամբիկները, իրար սեղմված գավակների վրա խլշվել էր հովատակի բարձր գլուխը, մթի մեջ հավեր ճչացին, հետո հավեր կապվեցին Ալխոյի թամբից, թաց մածնատոպրակներ կախվեցին Ալխոյի թամբից, «Մի շաբաթ է գիտի Ղազախ եմ գնալու, մածունը դեռ չի քամել:– Մինչև տեղ հասնես՝ կքամվի, էլի, այ մարդ, ինչի՞ ես դիվոտում», ապա թաց պանրատոպրակներ կախվեցին Ալխոյի թամբից, շիճուկն առուներ տվեց կողերն ի վար, հավերը ծրտեցին Ալխոյի վրա և, քնատ, թափահարվեցին, հետո բրեզենտ փռվեց հավերի, մածնի, պանրի ու ծերտի վրա ու բրեզենտին նստեց Գիքորը:
Եվ կիսանիրհի մեջ դեմն օրորվեց գիշերը, և կյանքը լավ էր սարքված, որովհետև Ղազախ նրան սպասում էր նրա կարմիր ցորենը, և հավերը ճանկռտում ու կեղտոտում էին, մածունը քամվում էր, պանիրն աղաջուր էր կաթում բրեզենտի տակ, Ալխոյի վրա, իսկ իր ծերունական նստուկը մնալու էր չոր:
«Ձեզ համար սարի պանիր եմ բերել»: «Ձեզ համար սարի մածուն եմ բերել»: «Ձեզ համար սարի հավ եմ բերել»: Հովտում շոգ է, հովտեցիները կարծում են սարի հավը լեռների սառնությունն է: Ասա՝ ձեզ համար հավ եմ բերել – իրենց դռներին քջջում ու խռնվում են հիսունը: Սարի՛ հավ: Այդ բաները Գիքորը լավ գիտի: Գյուղում ասում են, թե նա թոշակի հանձնաժողովին կաշառել է ով գիտի քանի հազար ռուբլով: Պառավն էլ այդպես գիտի: Հիմար են հարևաններն էլ, պառավն էլ: Հանձնաժողովի նախագահը հին ծաղկուտեցի էր, ինքը տոպրակով մածուն տարավ, ասաց՝ «քեզ համար Ծաղկուտի մածուն եմ բերել, Ծաղկուտի սարերն ու մեր սարերը մեկ են», իսկ քաղաքի վրա նստել էր տոթը, փողոցներում, ծառերի մեջ, շքամուտքերում, տների բոլոր ծակերում տոթը մանրամասն խտացել էր, օդափոխիչները խառնում էին այրվող օդը: «Ծաղկուտի ու մեր սարերը մեկ են, վերև, ամպերի տակ: Քեզ համար սարի մածուն եմ բերել»:
Կեչուտի աղբյուրը խոխոջաց աստղալույսի մեջ, բլուրն անցան, հետո արահետը ճղվելու էր: Մի հավք ծղրտաց մոտիկ թփուտներում, հետո ձիու քայլերն էին, հետո թպրտաց ու խաղաղվեց: Արահետը կտրեց-անցավ ոչ այն է գայլ, ոչ այն է նապաստակ, ոչ այն է սատանա: Հազա՜ր... ինն հարյուր... տասնո՞ւթ... տասնինը թվին, աշնանը, Նեսոյի Արշակին էստեղից գտան: Նեսոյի Արշակի մուգ կարմիր զամբիկը հինգ տարի հետո Կիրովական տեսնող էր եղել: Կիրովականը էն ժամանակ Ղարաքիլիսա էր: Ձիու նոր տերն ասել էր. «Ղազախի շուկայից եմ առել»: Իսկ սա երբ նորից էր հետաքրքրվել, ձիու նոր տերն ասել էր՝ ձե՛նդ:
Հասան ճյուղավորմանը: Այն, որ ձախ էր թեքվում, սարերի արահետն էր, պտտվում էր ամբողջ սարահարթով մեկ, իրար էր կապում աղբյուրներ ու աղբյուրներ, ուրթեր և ուրթեր, երամակներ ու երամակներ, ամպոտ գագաթներ ու անքամի թաքստոցներ: Ալխոն ոտը մի րոպե կախ գցեց ու, իրենից արագ, նետվեց ձախ:
– Հա՜...
Լկամը պատռեց բերանը, վիզը ոլորեց ու գլուխը թեքեց, և Ալխոն հիմա այդպես էր ձգվում սարերի արահետով: Լկամները գլուխը տնկեցին մեջքի վրա, Ալխոն առջևը չէր տեսնում, բայց ոտքերը տանում էին սարերի արահետով:
– Ռռռռ... Գժվե՞ց անտերը:
Գլուխը սեղմել էր հեծվորին, շունչը խփվում էր դեպի երկինք, Ալխոն թռչում էր աստղերի տակ, իսկ ոտքերը չռատվում էին անշավիղ երկրի վրա: Ոտքերը գետնի վրա անդունդ էին փնտրում՝ ջարդուխուրդ անելու այդ ոստակալած ոսկորները, որ չգիտես ինչի համար դիմանում ու դիմանում են: Այդ ժամանակ հեծվորը մի պահ նրա գլուխը տվեց նրան, հետո քաշեց սանձի միայն մի ճյուղը: Վիզը կեռած՝ պտտեց, պտտեց, պտտեց ձին իր տակ, հետո մտրակեց ու բաց թողեց սանձերը: Ձին գնաց անարահետ լանջերի թեքությամբ՝ կտրտվելով այդ կրծբանդներից ու փորքաշներից, դուրս լողալով բեռնաձիու կոշտակալած կաշվից դեպի թոքերի անկաշկանդ հևք և ետ թողնելով այդ կոպտացած թոքերն էլ:
– Օր ծերության քուռակ է դարձել հիմարը:
Հիմա կանգնել էին զառիթափի գլխին և կարծր կողերն իրենց նեղվածքում բռնել էին թոքերը, հավերը խաղաղվում էին բրեզենտի տակ, մածունը շիճուկ, պանիրն աղաջուր էր տալիս նոր ուռուցքներին ու հին վերքատեղերին, և դեմը, ձորի քաղաքի վրա, լուռ օրորվում էր լույսամշուշը: Հին Ալխոն էր, հին ոռբանդը, ծանոթ զառիթափը և նոր ցավը պոչի տակ:
– Ապրես:
Ու երբ առաջին բեռան մի քուռակ ձի, քաղաքի դռանը, կամրջի ծայրին դողում ու չորս ոտքով դեմ էր ընկնում,– Արի՛, ասաց Ալխոն, անտեղի հիմարություն մի արա:
Ոտքերի տակ թխկթխկում էր փուչ և սուտ-կարծր ասֆալտը, ահագնանալով հռնդում ու չքվում էին ավտոմեքենաները, երբեմն վշշում էր գետը՝ որ հարազատ էր, բայց քուռակին չէին իջեցնում գետ, անցընում գետով, քուռակին քաշում ու հրում էին դեպի անդունդ. նրանք չէին հասկանում, որ դա անդունդ է, իսկ քուռակը, որ տրոփել էր փափուկ ու տռուզ սարերում, տեսնում էր անդունդը, դեպի ուր աղաչում, ծեծում, գնալ էին խաբում մարդիկ:
Ալխոն մոտ գնաց, կանգնեց, ճանաչեցրեց իր ձիությունը և ասաց առաջին բեռան ձիուն.
– Անդունդ չի, կամուրջ է, այնպես չեն սարքել, որ կարողանաս սատկել, արի՛... Փուչ է, բայց պինդ է, չես սատկի, արի՛... Եթե սատկես էլ, մեծ բան չես կորցնի, արի՛...
Առաջին բեռան ձին սեղմվեց նրան, մտավ նրա մեջ ու կամուրջն անցավ նրա մեջ մտած: Իսկ նա անհաղորդ էր տակի դատարկությանը, մեքենաներին, աղմուկին, որովհետև կիսով չափ կույր էր ու կիսով չափ խուլ և իր սեփական կաշվի վրա ուրիշ յոթ կաշի էր դաբաղված: Շուկայի դռանը նրան բաժանեցին Ալխոյից, որ գնալու էր գետն ի վար, և կապեցին շուկայի դռանը իր զզվանքի ու սարսափի դեմ մենակ, աղմուկի և փոշու մեջ, արևի տակ, մինչև կարագը կծախեին գրամ-գրամ և չիթ կառնեին, հաց կառնեին, շաքար կառնեին, թեյի խոտ կառնեին, կմոլորվեին կոշիկի գնի վրա:
Մեքենաները թռչում էին Ալխոյի մոտից, ուրախ հեծանվորդների մի խումբ ձեռ առավ Գիքորին,– Քեռի, քշիր քշենք:– Մենք պառավ ենք, տղա ջան, դուք գնացեք,– հեծանվախումբը խշշոցով անցավ ձիուց, ետ մնացած մեկը կատակեց անչար,– Հեծանիվդ չի աշխատո՞ւմ, քեռի... Իմն էլ չի աշխատում,– բայց նա էլ անցավ, էքսկուրսիոն ուրախ ավտոբուսից ծաղկեփնջեր նետեցին Ալխոյին ու քրքջացին, հետո արևի տակ, ասֆալտին, Ալխոն մենակ մնաց:
Աղբյուրի մոտ Գիքորն իջավ հաց ուտելու,– Հանգստացիր,– ասաց Ալխոյին: Հեծանվորդների ջահել խումբը ետ էր գալիս, նրանք խմբով «հաչեցին» Ալխոյի վրա, իսկ վերջից եկողը նետեց Գիքորին.– Յուղում ե՞ս:
Նրանց գնացքը ասֆալտի վրա թեթև՜, թեթև էր, հողը նրանց չէր բռնում. նրանք սահում անցնում էին. ամեն ինչը մի տեսակ լավ էր յուղած՝ և հեծանիվները, և մարզիկները: Նրանք շատ էին առողջ, կարճ տաբատները նրանց վրա պատռվում էին նեղությունից, նրանք խոտ էին հնձելու, բայց ահա խաղ էին անում խաղալիքներով, և Գիքորը մտածեց նրանց ետևից. «Արի տասը փութ բարձեմ՝ սղղա...»:
Հացը ոչխարի պանրի հետ լավ էր գնում, և աղբյուրն էր, ոչինչ, սառը լավ ջուր, և վաղն այդ ցորենը տանը կլիներ ու Գիքորը կունենար այսպես մի չորս տարվա պաշար, «ասում են Չինաստանի հաշվով Ամերիկան Սովետին ասել է...», ու Գիքորը ասաց Ալխոյին.– Լավ հանգստացա՞ր: Գնացինք:
Հետո խճուղին դարձավ սպիտակ, անտառը դարձավ թփուտ, ետ մնացին թփերն էլ, գետը դանդաղեց, լայնացավ ու պղտորվեց, կիրճը դարձավ հովիտ, վերջին աղբյուրը տիղմ էր բլթում, տաք էր ու անհամ: Խճուղուց անջատվեց, արևի տակ տնքալով գնաց հա գնաց շեկ, խուլ ու տոթ ճանապարհը:
Լինե՜ր մի կանաչ հովիտ, մեջը մի հատ աղբյուր: Անդրոն այդ հովտի տեղը չիմանար: Այդ կանաչ հովտում, աղբյուրի մոտերքը, արածեր մի կարմիր ձի: Ոչ ոք չիմանար, որ այդ ձին Ալխոն է, բայց դա լիներ Ալխոն: Արածելով պտտվեր հովտում, ջուր խմեր, պոչով քշեր մի երկու հատիկ ճանճը, թախծեր, պառկեր արևի տակ կանաչ հովտում սատկածի պես, աղվեսը գար պպզեր հեռվում, կասկածելով ու չկասկածելով լպստեր շրթունքները և այդ ժամանակ Ալխոն հո՛ չփռռացներ լայն ռունգներով. աղվեսի լեղին ճաքեր: Ալխոն աշխուժով կանգներ կանաչ մարգում՝ հովտի ծայրին արածելիս լիներ լայնգավակ մուգ կարմիր զամբիկը: Արածեր Ալխոն կանաչ հովտում, պառկեր կանաչ բուրմունքի մեջ, սպիտակ ամպեր լողային վերևով, լիներ տխուր ու գեղեցիկ: Ու հետո բսնեին գայլերը. կուշտ ու բարի Ալխոն նրանց չտանջեր, ինքը չտանջվեր, իրեն նրանց տար ուտելու, թող ուտեին:
Իրիկվա դեմ, գյուղից կես ժամվա վրա, ճանապարհը կենդանացավ: Հնձած արտերում խուլ թռռոցով աղեղվեց լորը, արտի կարմիր քարը դարձավ կարմիր շուն, կենտահաչեց ու կարճլիկ ցատկերով ձգվեց դեպի ձին ու ձիավորը: Սրանց շները սրանց օձերի պես չար են: Գիքորը ձիուց իջավ ու շողոքորթեց շանը. բան դուրս չեկավ, երեսի էր թռչում: Այդ ժամանակ Գիքորը մտրակով ծեփեց ու սուտ ծիծաղեց, որպեսզի տերը, եթե մոտերքում լիներ՝ չնեղանար: Շունը ետ մնաց ու, երբ ձին ու Գիքորը միամտվել էին, անձայն բռնեց ձիու պոչը: Բռնել էր ձիու պոչը և քարշ էր գալիս կողքից, քացին չկպավ: Քացիները չկպան: Ալխոն խրտնեց, պոկվեց ու գնաց:
Ալխոն ճանապարհից դուրս ընկավ, հնձած արտերում դեսուդեն նետվեց՝ ազատում չկար. կարմիր բիծը ցատկոտում էր նրա դնչի տակ: Անընդհատ հայտնվում էր դնչի տակ: Սրանց գայլերն էլ անամոթ են: Անցած ձմեռ խեղճ կինոմեխանիկը գիշեր է լուսացրել հեռագրասյան գլխին:
Գիքորն սկզբում գտավ մածնի տոպրակը, հետո բրեզենտը: Ձորավուն մի տեղ ծմրում ու սողում էր կարմիր շունը, իսկ ձին չկար: Հակառակ ճանապարհը գնացող մի պառավ, կապոցը մեջքին, ասաց, որ մի կապույտ ձի է տեսել գյուղ մտնելիս,– Հա, վրան հավեր էին,– բայց պարզվեց, որ տեսել է առավոտյան, թե՞ երեկ երեկոյան: Գիքորը եկավ շան մոտերքից հետքը վերցնելու՝ գետինը չոր էր, հետք չէր բռնել: Իսկ շունը սողալով մոտեմոտ էր անում: Պոչը շարժում էր, կարծես, սատկելու վրա, գութ էր աղերսում, բայց աչքերից նայում էր օձը: Ջահել տղերք էին, քսաներեք-քսանվեց տարեկան, գալիս էին այս գյուղերից ցորեն առնելու՝ լուսադեմ եղավ: Ասացին՝ ձիերին դադար տանք: Իջել էին չէին իջել՝ Ակոփը ճչաց. «Օ՜ձը»: Գիքորի ոտքը դեռ ասպանդակին էր, իսկ դրանց օձերը... Գիքորը ձին կրնկեց ու պո՜ւկ: Մեկ էլ ետ նայեց՝ տղերքը ռեխները բացել էին: Ակոփը խաբել էր ուրեմն: Գիքորի անունը դրեցին հեծյալ, հետո՝ հարսանիքի աղվես, հետո, պատերազմի ժամանակ, երբ կարողացավ տղային ճակատ չուղարկել, կանայք կնքեցին աղվես:
Գիքորը բլուրավուն տեղերից նայեց հեռուները՝ հեռուներում արդեն աղջամուղջ էր: Եվ ամբողջ ժամանակ Գիքորին թվում էր, թե կարմիր շունը հնձած արտի մեջ սողում է կողքերից: Ճախարակի պես երգ մանելով, հետո աղմուկ թափելով, հետո ճախարակի պես երգ մանելով եկավ, հռնդաց, անցավ շողերի մեջ սպիտակ ինքնաթիռը: Ասում են մի երկու ժամում Երևանից հասնում է Մոսկվա: Հազա՜ր ինը հարյուր երեսունիննին ինքն ու Լևոնը վեց օր գնում ու գնում էին, ու, այսօրվա պես հիշում է, Կրեմլում Լևոնը նայեց զանգին, նայեց փայլուն գմբեթներին, «մի շաբաթ առաջ Ծմակուտ էինք, Գիքոր, ասաց, հիմա էստեղ Մոսկվա ենք»:
Ինքնաթիռի հետ Գիքորը պտտվեց, ապա բաց թողեց հայացքից և ուզեց գնալ՝ տեսնելու հեռվում օրորվողը Ալխո՞ն է, թե քարակույտ: Սպիտակ երկնքից հետո աղջամուղջն արտերի վրա իսկական մութ էր, Գիքորը չգնաց: Դա քարակույտ էր լինելու, իսկ ետդարձին, մթի մեջ, Գիքորը վայ թե կարմիր շան վրայով ընկներ:
Գիքորը որոշեց. կովերից մեկը, ոչխարները, ձին էլ, ծախում է, դնում է դրամարկղի եղածին՝ երեսունհինգ հազար, տալիս է Հենրիկ որդուն – մի տարվա մեջ տները սարքում ես, մի տարուց քոչում եմ քեզ մոտ՝ Կիրովական, «թքա՛ծ գյուղի վրա»: Գիքորը պանրի տոպրակն էլ գտավ: Պանիրը ջարդվել էր, լավ էր ջարդվել: Եվ երբ գտավ տոպրակը, դարձյալ ուզեց ետ դառնալ՝ տեսնելու օրորվողը քարակո՞ւյտ էր թե ձին: Եվ այդ ժամանակ մեկը բացականչեց ու ծափ զարկեց. Սիմոնը կանգնել էր հնձած արտի մեջ ու ծիծաղում էր.
– Ա՛յտա՜... այտա, ես էլ ասի խրտնել, ջարդուխուրդ է արել էս մարդուն: Քնել էի՞ր:
– Ձին եկել է՞:
– Վաղո՜ւց:
– Քո դո՛ւռը:
– Հա, եկավ դռանը կանգնեց: Մեկ ասինք էս ում ձին է, մեկ էլ, տեսանք հաստատ է կանգնել, հիշեցինք, որ դու ես էդ ձիով մի անգամ եկել:
– Խրտնեց անտերը, շունը վրա պրծավ, ձեռիցս խլեց... պանիրը ջարդվել է: Հավերը վրան էի՞ն:
– Հա, հավեր կային:
– Ձեզ համար սարի հավ եմ բերել: Հացներդ, տեսնում եմ, լավ է եղել էս տարի:
– Հա, լի ենք:
– Ձեզ համար սարի մածուն եմ բերել: Ուրեմն ասում ես եկավ դռանը կանգնեց:
– Կանգնելն էլ բա՞ն է, մեխվեց:
– Պարտավոր էր,– ծիծաղեց Գիքորը:– Բարձիր տասը-տասներկու փութ ու բաց թող՝ մենակ կգնա Ծմակուտ, իմ դուռը: Եթե Անդրոն է բարձել՝ Անդրոյի դուռը:
Պատերազմին, առաջին ձմռանը, Գիքորը գոմում կարտոֆիլով պահեց Սիմոնի հինգ երեխային և կնոջը, և նկուղում՝ մի ուրիշ ընտանիքի, որ հիմա քոչել է Երևան, այնտեղ, ասում են, բարձր պաշտոնների տեր է, աղջիկն, ասում են, բժիշկ է, դոցենտ է. արժե՛ մի անգամ նրանց հետ գործ ունենալ:
Գյուղի վրա, մթան մեջ, ռադիոն խոսում էր, ու չէին անջատում: Եվ Գիքորը տեսավ, որ Ծմակուտում չի ու կարոտեց Ծմակուտին: Այդ բարձրախոսներից Ծմակուտ էլ դրեցին, մի երկու օր խոսում ու երգում էր, հետո տղերքը, խմած էին, քարով նշան բռնեցին թե ով շուտ կխփի:
Սրանց տղամարդիկ հնձել գիտեն, բայց քիչ է պատահում որ հնձեն: Սրանք մաքուր հագնվում են ու կանգնում ակումբի դռանը: Նախագահը սրանց վրա չի գոռգոռում, որովհետև գոռգոռալը տնավարություն է, իսկ այս գյուղը մի տուն լինելու համար շատ է մեծ:
Սրանք չունեն քաղաքի կարգուկանոնը կամ փոքր գյուղերի տնավար առատությունը: Սրանց պակասն ահա թե ինչ է. ֆաբրիկայի պես մի բան և գարեջրի կրպակ, թե չէ նարդի՝ խաղում են, գեր տղամարդիկ՝ կան, նշանակում է գերանդվի երես չեն տեսնում, իսկ երբ անձրև է սկսում՝ նարդին տանում են ներս: Ծմակուտ, անձրևն սկսում է փչացող խոտի տագնապով: Գիքորը որոշեց. չէ՛, չի քոչում քաղաք,– դանակը ձեռքին հարբած կոշկակար. գիշերը դռանդ երգում ու հայհոյում են, իսկ առավոտյան լսվում է, թե հարևան փողոցում խանութի պահակին մորթել են: Մի տասը-տասնհինգ տարվա կյանք է՝ Գիքորը կապրի Ծմակուտ, կթաղվի Ծմակուտի կանաչ գերեզմանոցում Ադամի, Մովսեսի, պապ Գիքորի, Սահակի, Լադոյի կողքին:
Բարձրախոսը դեռ երգում էր. մեկը վերջացնում էր, մյուսն էր սկսում:
– Լավ հանգիստ ժողովուրդ ունեք,– ասաց Գիքորը:
– Հանգիստ չլինի, ի՞նչ է անելու:
– Էդ չեմ ասում,– կանգ առավ Գիքորը:– Նարդի եք խաղում:
Գրասենյակի, ակումբի ու խանութի դռներին այնքան մարդ կար, որ չէր հասկացվում, թե նրանց մեջ կարևորներն ովքեր կլինեն, հովիվ-մովիվներն ովքեր: Հագնվել էին ու կանգնել:
Բարձրախոսը մեխված էր գրասենյակի քիվին: Թե ասես երգ էին լսում՝ չէին լսում, թե ասես մտածում էին՝ սրանք մտածող ժողովուրդ չեն, պատերազմի ժամանակ սրանց լավ է փորձել. կարտոլը խաշում ուտում էին, հետո պառկում քնում: Լինում էր՝ խաշում էին, չէր լինում՝ սպասում էին լինի: Իսկ թե որտեղից էր լինելու՝ դա նրանց գործը չէր: Աստված մեծ է, աստված կտա:
– Սիմո՜ն...– ասաց Գիքորը:– Ճի՞շտ հաց ունեք, թե կատակ ես անում:
– Ես որ՝ մի երեք տոննա ունեմ:
– Այտա, բա ձեր արտերն ո՞վ է հնձել, է:
– Կոմբայնը:
Գիքորը գնաց, գնաց ու քմծիծաղեց.
– Կեցցե՜ս կոմբայն, կեցցե՛ս:
Աղմկելով մոտոցիկլ անցավ՝ թամբին կարևոր ու մռայլ տղաների մի խումբ, երեք թե չորս հոգի:
– Կյանքը հեշտացել է,– ասաց Գիքորը,– առաջ տասը փութ ցորենը տասը փութ ցորեն էր. ոչ կարող էիր նվիրել, ոչ էլ՝ եթե նվիրեին՝ կվերցնեիր: Բայց թե...– քրթմնջաց Գիքորը,– որ մեր տեղը հացի տեղ չի ու ձեր հացն էլ հաց է՛... Ձեր հացից հետո ուրիշ հաց չի ուտվում:
Դեռահաս մի աղջիկ էր գալիս, լուրջ, քաղաքային ու սահուն, մարդու ամաչեցնելով թևատակի բրեզենտից և դեռ տոպրակից: Տղաների մոտոցիկլետը հասավ, անցնելիս ետևի նստածը կախվեց թամբից, ապտակեց աղջկա քամակին, և շան աղջիկը չդիվոտեց, և շան լակոտը չամաչեց: Քաղաքի պես մեծ գյուղ է, չգիտեն ով ում աղջիկն է, ով ում տղան է ու իրարից չեն ամաչում:
– Ա՛յտա,– ասաց Գիքորը,– Սիմոն, չաշխատողը շատանում է, կարծես թե հացը պիտի քիչություն աներ, բայց ապրուստը հեշտանում է, չես զարմանո՞ւմ:
Սիմոնի տան վրա բսնել էր երկրորդ հարկ, երկու սենյակով: Դրսից աստիճաններ էին բարձրանում պատշգամբ, որի բազրիքը ներկված էր:
– Տես, տես, տես,– քրթմնջաց Գիքորը:
Գոմի մոտ մութ էր: Ալխոն կանգնած էր մթի մեջ: Չէր ուտում, առջևը խոտի պես մի բան կար: Կարծես թե տխուր էր, կարծես թե մտածում էր: Սիմոնի վերջին տղան, այսպես տասներեք տարու, կանգնել էր գոմի մոտ ու հանգցնում-վառում էր ձեռքի լապտերը: Բարձրախոսը երգում էր և ոչ ոք չէր անջատում: Տրաքտրաքոցով անցավ մոտոցիկլը: Շունը երևի կծած լինի Ալխոյին:
– Դո՛ւ ինչ ես աշխատում,– հարցրեց Գիքորը Սիմոնին:
– Դե ինչ պատահում է: Մեխանիզատոր:
– Տրակտորի՞ստ:
– Էդպես, տրակտորիստ, կոմբայնավար...
– Չէ՛, չէ՛...
Սիմոնը թոթվեց ուսերը: Իսկ տղան գոմի մոտ վառում-հանգցնում էր լապտերը:
– Կով ունե՞ս:
– Ինչի՞ս է պետք:
– Իհարկե... Անտեղի հոգս է: «Թե կովը քո ի՜նչ խելքի բանն է»: Բա յո՞ւղ, պանիր:
– Դե ճարվում է, էլի:
– Հա, դե որ ճարվում է... «Փնթի շան տղա»:
Թե ինչու ձեզ վրա էնքան կարտոլը փչացնեն, որ հիմա էլ՝ տրակտորիստ, կոմբայնավար, «կո՞վն ինչիս է պետք»: Պատերազմի ժամանակ կատու էին դառել՝ «տրակտորիստ, կոմբայնավար»: Ծմակուտի զառիվերը միտներդ է՞...
– Այ տղա, էդ լույսը մի՛ փչացրու,– ասաց Գիքորը:
Երեխան մի պահ նայեց անտարբեր, հետո ուրիշ կողմ նայեց ու դարձյալ վառեց-հանգցրեց լապտերը:
– Ծեծել ես՝ խռովել է՞,– հարցրեց Գիքորը:
– Չեմ ծեծել, չէ:
– Խռովի պես է:
– Չէ, սովորություն է: Իմոնք էդպես դուրս եկան՝ իրենք իրենց համար:
– Լավ չի,– ասաց Գիքորը:
– Ա՛հ, ինձանից հաց չեն ուզում:
– Չեն ուզո՞ւմ:
– Դե ուզում են, բայց դե իրենք գիտեն՝ իրենց գործերը:
Շունն Ալխոյի վիզը կծել էր, խնդրեց ջուր եռացնել:
Հենրիկ որդին քաղաքում ուրիշ կանանց հետ է: Ինքը գիտի դա երբվանից է սկսվել. որ ծխել սկսեց, էն ժամանակ ուրեմն արդեն կային: Հա, իհարկե. ութ ժամ է, հինգ ժամ է՝ աշխատում է իբր թե, պետերի հետ լավ է, պետերի հետ խմում է, իսկ մնացած ժամանակն ի՞նչ է անում: Եվ որտեղի՞ց էդքան քաղաքավար հագնվելու սովորությունը: Փողկապը փողկապ, բայց հո լինում է այնպես, որ փողկապավորվում են, բայց չի սազում. ուղղակի փողկապավոր անասնապահ: Ուրիշ կնոջ ձեռ կա: Եվ՝ որ գյուղ է գալիս... ոչ բահ գիտի, ոչ եղան: Բարև-բարով եկար, հետո արդեն սկսում է հորանջել: Գնում է գյուղամեջ, գալիս՝ ցտեսություն: Ո՞ւր: Ես գնացի: Ո՞ւր, այ տղա: Էգուց գործի եմ: Նրան կարտոֆիլ է պետք, կաղամբ է պետք, նրան յուղ է պետք, նրան պանիր է պետք, միրգ է պետք՝ տոննա ու մեքենա: Նա դեմ չի, նրան այդ բոլորը պետք են, միայն թե, խնդրեմ, ինքը տանողը չէ: «Եկող մեքենա կլինի՝ կուղարկես»: Ճորտը կուղարկի: Վարորդին վիզ կթեքի, պառավի հետ կկռվի կորած պարկերի համար, գլուխը կխփի մառանի դռանը, հի-հի-հի՝ վարորդին կծիծաղի, «այ տղա, համբերիր, է, կաղամբը, կաղամբը մնաց». կբերի կաղամբի պարկերն էլ, կդնի տանձի, յուղի, պանրի, կարտոֆիլի պարկերին և կուրախանա՜, կուրախանա, որ ամեն ինչ այդպես լավ վերջացավ: Հետո ամեն նամակով ու ամեն գնացողի հետ կխնդրի պարկերն ուղարկե՜լ, դատարկ պարկերը ե՜տ ուղարկել: Ու չեն լսի, տեղեկություն չունեն: Մեծ գործի է, լրբություն է անում:
Երբ ջուրն արդեն պիտի որ եռացած լիներ, պարզվեց, որ ինքը ջուր չի խնդրել, նորից խնդրեց, և այդ ժամանակ Սիմոնն ասաց.
– Ա, դե ձի է, էլի:
Եվ ինքը հասկացավ, որ միակ մտերիմն այդտեղ Ալխոն է: Եվ ինքը պատերազմի ժամանակ նրանց պահածի իրավունքով հեգնեց.
– Իհարկե, ձի է, տրակտոր չի:– Եվ բացատրեց, որպեսզի նա չկասկածի, թե իրեն ծաղրում է.– Ձին ուրիշի ձի է, Սիմոն, վախենում եմ շունը կատաղած լիներ:
– Յոդ լինի՝ կլինի՞,– կծեց այդ տրակտորիստը: Հիսունհինգ տարվա տղամարդ է՝ չի ամաչում, մազութոտվել, խառնվել է լակոտներին: Իսկ ինքը չնկատելու դրեց նրա ծաղրը.
– Բեր, բերել տուր...– Թե դա ինչ տղամարդ է, որ բերել տա, երեխան կողքին կանգնած, լապտերն էլ ձեռքին, յոդի իհարկե ինքը կգնա:
Բամբակը վերք խցկելիս ձին դողաց ու քրտնեց, և սեղմվում էր Գիքորին: Եվ Գիքորը մի պահ մտածեց, որ այդ բեռնաձին ինքը կվերցնի Անդրոյից, Անդրոյի ուզած գնով, կպահի իր ձեռքի տակ մինչև նրա էլ, իր էլ կյանքի վերջը: Հետո թամբը հանեց, սրբեց, «էն ձորից ո՞նց ենք դուրս գալու, այ ձի», շփեց կապերի տեղերը, «ես պառավ, դու պառավ», հայհոյեց Անդրոյին, որ այդքան թուլերես է և ինչ անխիղճ շան ասես չի տալիս գյուղի ամենալավ բեռնաձին, բրեզենտով սրբեց շեքամիջերը և ուզեց ջրելու տանի:
– Երեխան կտանի,– ասաց Սիմոնը:– Մա՛կբեթ:
Սանձերը տվեց երեխայի ձեռքը,– Հա, իհարկե, նա աղբյուրի տեղը մեզանից լավ գիտի,– ծիծաղեց էլ, բայց այդ տղայի սառը կապույտ աչքերը նրան դուր չեկան: Եվ այդ լապտերը, լապտերը, որ վառելով-հանգցնելով անցավ ցանկապատի դռնից, վառելով-հանգցնելով գնաց լույս լուսավորված փողոցն ի վեր: Դեռ նոր էին սանդղագլուխ ելնում, տրաքտրաքեց ու մարեց մոտոցիկլը:
– Մա՛կբեթ, քշիր-քշենք:
Նստել էին թեյի, սրանց կարմիր հացն առաջվա պես արևի ուժ ու բույր ուներ, թզան մուրաբա կար, կարմիր հացը սարի պանրի հետ շատ համեղ էր, նրանք խոստացան տալ ինչքան ձին կտանի, «դե պառավ ձի է, երկար ճամփա է», Գիքորն ասաց, որ փող էլ է բերել, և ծիծաղեց, մի տասներկու փթի, նրանք էլ ծիծաղեցին, «Երեք տոննա ստացել ենք, ինչների՞ս է պետք, երկուս ու յոթ հարյուր». «Ծմակուտ ամեն ինչով լավ են, կարտոֆի՛լը, կարտոֆիլը,– Ուզում էի բերել, գիտեի կարոտած կլինեք, բայց դե շատ է հեռու,– միայն Ծմակուտի հացն է պակաս: Պետակա՞նը: Պետականը, դե, ճիշտ է, ցորեն է, ալյուր է, բայց դե եսի՞մ ցորեն է, ալյուր է». պառավն էլ լավ է, տնաշենը բոլորովին է պառավել, ուզում էր կարագ ուղարկել նրանց, բայց հարածը չկար, հետո էլ շոգ ճամփա՜, ասֆա՜լտ,– և այդ ամբողջ ժամանակ Գիքորի ուշքը դուրսն էր:
– Տղեդ չեկավ:
– Չէ, կորչող պտուղ չի,– հանգստացրեց Սիմոնը:
– Դպրոցում լա՞վ է սովորում:
– Հա, լավ է, բայց միտքը տրակտորին է:
– Աչքիս... աչքիս մի տեսակ երևաց,– ծիծաղեց Գիքորը:
– Ճիշտ ե՜ս, ճիշտ ես... Քննությանը հեռախոս են սարքել, հեռախոսով իրար հուշել են:
– Կեցցես, կեցցես:
Նրանք Ալխոյին չծեծեցին: Տարան ջրի, զարմացան, որ այդպես շատ է խմում, խմելու հետ փորը ձգվում է, իրար հարցրին՝ այդքան խմելը կվնասի թե չի վնասի, վճռեցին, որ կվնասի՝ ետ քաշեցին, հետո նրանցից մեկն ասաց, որ ձին ջուրը խմում էր բերանը փակ, շրթունքները կպած, փորձեցին՝ այդպես էր, լապտերի լույսի տակ պարզ երևում էր, որ խմում է շրթունքները պինդ սղմած,– Որպեսզի ջրի հետ ավազ չգնա,– ապա գյուղից դուրս հանեցին, տարան դաշտի հարթ ճանապարհ...
Իրար մեղադրելով անգրագիտության մեջ, նրանք իրար ձեռքից խլխլեցին սանձերը. Ալխոն գլուխը վեր-վեր էր նետում, որովհետև չէր հասկանում, թե ուզածներն ինչ է: Ապա քաշեցին թմբի տակ, երկուսը թողեցին մոտոցիկլը, Սիմոնի տղայի հետ հեծան Ալխոյին: Ալխոն գնաց ծանր վազքով: Ոչինչ, կարելի է: Բայց ահա ճայթեց ու հասավ մոտոցիկլը: Եվ Ալխոն ինչքան էլ որ փախավ, ինչքան էլ որ ջարդվեց՝ մոտոցիկլը պոկ չեկավ նրանից: Հռնդում էր ականջների մեջ, խցկվում էր ոտքերի արանքը, գալիս էր կողքից, առաջ էր անցնում, ետ էր ընկնում,– և ազատում չկար, ազատում չկար: Եվ այդ ժամանակ Ալխոն կանգ առավ ու սպասեց ծեծի: Ծեծը ծանոթ էր, վախենալու չէ, բայց նրան չծեծեցին:
– Լավ, հոգնել է, թող հանգստանա:
Երկուսն իջան, կպան մոտոցիկլին ու բաց արձակեցին դեպի մութ դաշտի ծայրը: Ալխոյի վրա Սիմոնի տղան նստեց, նստեց շեքած, հետո՝ ոտքերը մի կողմի վրա կախած, ու այդպես վառում-հանգցնում էր լապտերը:
– Մակբե՜թ... բենզինը վերջացավ, բեր,– կանչեցին դաշտի մյուս ծայրից:
Լապտերը վառել-հանգցնելով սա ձին տարավ հեծանիվ քշելու պես: Այնտեղ վիճեցին՝ մոտոցիկլն է լավ, թե ձին: Մոտոցիկլի բենզինն ահա վերջանում է, բայց ձին էլ դանդաղ է գնում: Հետո մոտոցիկլը կորավ աչքից, պոչի հետ խաղ արեցին, հետո մեկը քաշեց սանձերը, երեքը հեծան,– Ձի՛:– Գնաց, բայց պոչը չէր գալիս: Պոչը պոկվում էր, չէր պոկվում, գալիս էր, չէր գալիս: Լապտերով լուսավորում էին, որպեսզի ճանապարհը տեսներ: Ապա կանգ առան, գլուխն իջեցրին ու լապտերը վառած կապեցին ճակատին: Մեկը քաշում էր սանձերը, մյուսը կանգնած էր պահում մոտոցիկլը, իսկ երեքն Ալխոյի վրա հեծանիվ էին քշում: Մոտոցիկլ բռնողը հոգնեց,– Լավ, ասաց, ձին հոգնել է, իջեք:– Չառարկեցին, իջան, մոտոցիկլն անջատեցին պոչից, պոչը թեթևացավ, ճանապարհից թեքեցին դաշտ, ասացին.
– Դե հիմա արածիր:
– Արածիր,– գլուխը ձգում էին, կպցնում խոտերին,– խոտ կեր, խոտ կեր:
Մեկը մի ծաղիկ գտավ, դեմ արեց մռութին.
– Ծաղիկ է, կեր:
– Չի հասկանում:
– Մութ է, չի տեսնում:
Լապտերն արձակեցին ճակատից, լույսը պահեցին ծաղկի վրա.
– Տես, ծաղիկ է, կեր:
– Հիվանդ է:
– Ձիերը հիվանդանո՞ւմ են:
– Դու տաքություն ունե՞ս,– ասացին Ալխոյին:
Մեկը սանձերից բռնած պահեց, մյուսներն անցան ետևը:
– Քացի կտա՞:
– Տաքությունդ չափում ենք, քացի չտաս:
Լապտերը հանեցին, վառեցին, մտցրին վառած: Պոչը ծածկում էր լապտերի լույսը, պոչը թեքեցին, փաթաթեցին ոտքին ու այդպես կապեցին: Դարձյալ խանգարում էր, բայց պոչը չկտրեցին: Նայեցին հեռվից, մոտիկից, ոչինչ, հարմար էր:
Լուսնի մե՜ծ լռիկ գունդը կաթնալույս էր մաղում, թարթվում էին աստղերը, աստղերի կեսը աստղեր են, կեսը երկրի պես մոլորակներ: Մոլորակների վրա երևի մարդիկ կան: Մոլորակների մարդիկ հիմա ուժեղ հեռադիտակով նայում էին երկրին, տեսնում էին երկիրը, հնձած արտը, երեխաներին, ձիուն, լապտերի լույսը:
Երբ Գիքորն ու Սիմոնը եկան, կաթնալույսը ծփում էր երկնքի ու երկրի ողջ արանքում, բոլոր աստղերն ու մոլորակները մարմրում էին անշշուկ, լուռ մոխրանում էին վայր ընկնող աստղերը, հնձած արտերի վրա, ցածր-ցածր, ծղրիդները երգում էին մոխրացող աստղերի երգը, երեխաների ու ձիու լռիկ ստվերներն օրորվում էին կաթնալույսի մեջ: Եվ ձիու պոչի տակ լապտերն արձակում էր մի անչար, մի իմաստուն, թախծոտ ու ծիծաղելի լույս ծղրիդների երգով խառը: Սիմոնի տղան ծնկել էր և, աչքերը ձիուն, դանդաղ շոյում էր կաթնամշուշը: Մյուսները նայում էին նրան, նայում էին ձիուն, թուխ աչքերի փայլով նայում էին նրան, նայում էին ձիուն, որ արձանի խամրող փայլով կեցած էր նրանց դեմ:
– Կախարդում ենք:
Գիքորը նրանց չծեծեց, որովհետև նրանք Ծմակուտի չէին, Սիմոնը չբարկացավ, որովհետև նրանք չփախան, ուրեմն չարությամբ չէին արել: Գիքորը սուսուփուս հանեց լապտերը, դրեց գրպանում. կամ Անդրոյին կտա, կամ, ի՞նչ կա որ, կպահի իր ձեռքին, միայն թե այդ լապտերը հաստատ կգնա Ծմակուտ, որովհետև նրանք չեն համարձակվի ետ վերցնել:
Կապեցին երեք պարկ: Նրանց ամբարը լիքն էր և պահեստում դեռ էլի ունեին՝ կարելի էր չկշռել պարկերը: Բայց Գիքորը գրամը-գրամին գիտեր, որ դա տասներկու փթից մի հատիկ պակաս չէ: Երկու պարկը հակեր արեցին, մինչև վերջ ձգեց ձիու փորքաշները, դարձավ Սիմոնի հետ հակերը վերցնելու և այդ ժամանակ զգաց ձիու դողը: Ձիու դողն զգաց, և տեսավ, որ ինքն էլ է վախենում:
– Հաաա՜...
Գուցե այդ զահրումար միջնահակը չդնի, հա՞... Աչքերը փակի ու չդնի, դժո՛խքը, աշխարհիս երեսին ոչ ոք էլ սովից չի սատկել: Ձին բեռն ընդունեց ու սսկվեց: Ուղղակի հանգավ: Թառանչեց հետո, շատ հետո, երբ հակերի կապերը պնդացրել էր: Այդ կոմբայնը՝ այդ Սիմոնը, կանգնել էր ձեռքերը գրպաններում ու ոչինչ չէր հասկանում ձիուց ու բեռից, պրոֆեսորի տան է ծնվել, չի ասում երկու պարկը բավական է, ճանապարհը երկար է. թե՞ չի ուզում ժլատ երևալ: Կոմբայնն է հնձել, ինչո՞ւ պիտի ժլատ լիներ: Ինքը բռնեց միջնահակի պոզերից և հիշեց որդու փափուկ շրթունքները և սրտնեղեց.
– Այտա, վայ թե շատ է լինում:
Միջնահակը դրեցին՝ ձին մնաց անհաղորդ. դրեցին ուղղակի քարի վրա: Եվ դրանից Գիքորը վատ տագնապ զգաց. անտերը կոտրվելու է միանգամից: Որտե՞ղ:
– Ալխո՞...
Պարանը փորի տակով անցընում էր, ուզեց, որ փլվի հիմա, իր վրա: Գոնե սատկած դիակը դուրսքաշող կլինի:
– Ալխո՜...
Եվ լսեց այն գաղտուկ տնքոցը, որ ոչ թե թոքերինն է, այլ ոսկորի տրոփյունը. դա եզնալծան, տան հիմնաքարի, հեծանի տնքոցն է, որ լսում են ինժեներ ու գյուղացի մարդիկ:
– Էլեկտրիկ է, կտանի...
Բեռը ձիու հետ մի մարմին էր: Այդ ձին ծնվել էր այդ գավակով, այդ բեռնով, այդ գլխով ու այդ գույնով: Պարանները տրամաբանված ու ձիգ էին և ջլերի հետ այդ հին ոսկորը կապում էին այդ տասներկուսուկես փթին: Սանձը, կարճ, կապեց թամբին, ետ դարձավ բաճկոնն ու մտրակը վերցնելու,– Դե մնաք բարով, այտա... Դե շեն մնաք, այտա... Եկող գտա՝ կարագ կուղարկեմ... Շեն մնաք, այտա, մարդը մարդով է մարդ...– և լսեց ձիու զգույշ ոտնափոխը: Ձին ցանկապատի դռնից ելավ, թեքվեց աջ, գնաց, թեքվեց ձախ, բռնեց գյուղից հանող ճանապարհը: Ցանկապատերը ետ մնացին, ճանապարհը լուռ էր, ձին խուլ տնքոցով մաքառում էր բեռան ու կյանքի դեմ: Նեսոյի Արշակին ինչո՞ւ կլինեին սպանած: Անվնաս մարդ էր, իր ճամփան իր համար գնում էր: Ինչո՞ւ էին սպանել: Ասում էին, մոտը մի երկու կոպեկ փող կար, կարագ էր ծախել, Դիլիջանից ետ էր գալիս:
Շունը սողալով ճանապարհ ելա՞ծ կլինի: Գուցե արդեն սատկած լինի: «Էլեկտրիկ է, կտանի»: Ո՞վ է էլեկտրիկ: Ինչո՞ւ է էլեկտրիկ. հա՛, լապտերը մտցրել էին... Իշի՛ քուռակ: Թե հացը քո ի՜նչ բանն է, թե ցորենը քո ի՜նչ հացն է: Գիքորը մտքով ճանապարհն անցավ, խճուղին անցավ, քաղաքն անցավ, կամուրջն անցավ, հասավ զառիվերին:
– Ո՞նց ենք անելու, այ Ալխո:
Եվ հասկացավ, որ ինքը ծերացել է և այդքան ճանապարհը ջարդելու է իրեն էլ: Եվ զգաց, որ կոշտ թամբից իր շեքերը հարվել են ու մրմռում են: Եվ լսեց իր ծեր ոտքերի տնքոցը և հիշեց առավոտվա ուրախ ավտոբուսը, լսեց նրանց ուրախ ծիծաղն ու հայհոյեց.
– Ես ձեր թեթևսոլիկ...
Ավտոբուսը մտքից անցավ արագ, քամու բերած ծիծաղի պես, իսկ Անդրոն սայլի մոտ կանգնած էր հաստատ և իշամռութ:
– Փալա՜ս, կնկա գերի...
Եվ հիշեց Անդրոյի Աշխենին, բայց չհայհոյեց: Նրան թվաց, թե Աշխենը պաշտպանում էր իրեն Գիքորին: Եվ զզվանքով հիշեց որդու կարմիր շրթունքները: Եվ տեսավ իրեն գետափին, Ալխոյին՝ արևի տակ, և քարերի մեջ ծլած աղջիկներին ու հայհոյեց թմրած մեջքը շուռումուռ տվող վիթխարիին: Եվ Հենրիկ որդուն տեսավ մերկ վիթխարիի հետ ավազին պառկած, և Հենրիկ որդին բարակ ու նուրբ էր, և դա իրեն սաստիկ դուր չեկավ, որովհետև վիթխարին կբռներ նրա սպիտակ քթից և նրա շունչը կկտրեր: «Քի՛չ ծխիր, իշի քուռակ»: Եվ հիշեց ծուխը շրջկոմի բյուրոյում, երբ իրեն կուսակցությունից ու նախագահի պաշտոնից հանում էին, ու հիշեց, որ այն ժամանակ էլ, ձիերն իր տակ, մեքենան իր տակ, այդքան մարդիկ իր ենթակայության տակ՝ ինքը բեռնաձի էր, որովհետև իր միտքը բյուրոյում էլ չորացող խոտի, հասնող կարտոֆիլի, ջուր քաշող դեզի հետ էր, թեկուզ ոչ այդ կարտոլն էր իրենը և ոչ այդ դեզը: Եվ հիշեց ամբարի ցորենը և արտը սարի ճանապարհին ու հասկացավ, որ ինքը, ինչպես այդ Ալխոն այդ բեռանը, գամված է Ղազախի ճանապարհին, գալիք բոլոր անձրևների տագնապն իր մեջ է և գալիք բոլոր երաշտներինն ու մորեխինը: Եվ հայհոյեց հացթուխ Վաղոյին, իբր թե նա հացը լավ չի թխում և դրա համար է ինքը բռնում այս ճանապարհը: Բայց դա անարդար էր, և ինքն իրեն ստիպեց մտածել, որ ծախում է կովերը, քաղաք տներ է սարքում, պարիսպ է քաշում և նստում է ծառի տակ ձեռքերը գրպաններում: Եվ ժպտաց, բայց չկարողացավ ձեռքերը գրպանած պահել, սիրտն ուղղակի պայթում էր. և առաջին անգամ նկատեց մատանին Հենրիկ որդու մատին և Հենրիկ որդու ձեռքը փափուկ շրթունքներին: Դա Հենրիկ որդու լուսանկարն էր: «Ի՞նչ արժե» – «Չգիտեմ, նվիրել են» – «Լավ են արել՝ նվիրել են, ի՞նչ կարժենա» – «Մեկուկես» – «Հազար հինգ հարյո՞ւր» – «Էդքան»: Եվ միտքը նորից դեմ ընկավ զառիվերին, և հին նախագահն ուզեց իմանալ, թե ինչքա՞ն կլինի ձորի տակից մինչև սարահարթի պռունկը. որոշեց երեք կիլոմետր՝ Ծմակուտի մի ծայրից մյուս ծայրը, և բողոքեց, որովհետև դա չափի բան չէր. դա պառաված ոսկոր էր, բեռ էր և օդի պակասություն:
– Ալխո՞... Ալխո ջա՞ն...
Եվ էն անգամ Հենրիկ որդին ինչ արեց: Ոչխար ու արաղ էր տարել, հարսը զանգահարեց գործի տեղը,– Հենրիկ, հայրիկը եկել է: Իսկ նա թե՝ ոչխարը բաստուրմա դրեք: Արաղը չորս անգամ քաշել էր, մաքուր կապույտ արաղ էր: Գործընկերների ու երկար մերկ ոտքերով քարտուղարուհու հետ եկան, կերան, ջարդեցին, ծիծաղեցին, երգեցին ու գնացին: Ինքը դուրսը խորոված էր անում և հարսի հետ շամփուր-շամփուր ներս տալիս. եկավ տեսավ կերել են, կշտացել են, զկռտում են:– Քեզ չենք սպասել, ասացին, խորովածը պիտի տաք-տաք ուտել, ասացին, կներես, հայրիկ, ասացին. խմիր մեր կենացն, ասացին: Ինքը հիմարավարի ուրախ էր. ուզում էր խոսք ասել, թե ինքը Գիքորն է, Հենրիկ տղան իր որդին է, հազար ինը հարյուր երեսունիննին ինքը գնացել է Մոսկվա և ինքը նրանց հասկանում է, վերադարձին նույն կուպեում մի ռուս թե հայ դերասանուհի կար, Սև ծովը... Բայց իրեն չլսեցին: Մի ճաղատ բարեհոգին հանկարծ ուզեց խմել մերկ ոտքերով քարտուղարուհու կենացը և այնքան հանկարծ ուզեց, որ ժամանակ չունեցավ լցնել իր համար արաղ իր բաժակը, վերցրեց Գիքորի ձեռքից... և ներողություն էլ չասաց, և չնկատեց էլ, որ մարդու ձեռքից է վերցնում: Իսկ Հենրիկ որդին ինչ էր անում. կնոջն ասում էր սուրճ սարքիր, ջուր բեր, կնոջն ասաց նոր բաժակ տուր մերկ ոտքերով քարտուղարուհուն: Հենրիկ որդին աչքերը ոլորում էր կնոջ վրա և ամաչում էր, քոսոտ շանորդին ամաչում էր կնոջ համար, ու հոր համար էլ: Եվ ինքը խոհանոցում տեսավ, որ թաքուն ջղայնությունից հարսի պարանոցն ուռչում է:
Եվ մյուս անգամ. լցվել էին փափուկ մեքենաների մեջ, վերցրել էին միս ու խմիչք, պետական մեքենաները ջարդջրդելով եկել էին Ծմակուտի տակ ուտել-խմելու: Կապույտ աղբյուրից պիտի ջուր խմեն, իրենց քաղաքում ոչ ուտվում է, ոչ էլ խմվում: Անամոթների՛ն տես, անամոթներին... Գյուղի տակ կերել-խմել էին ու ետ գնացել: Փոստատարին մնացուկներով ուռցրել էին, փոստատարի հետ բարև՜ էր ուղարկել հայրիկին.– Ասա՝ մեր մասին չմտածի, մենք լավ ենք:
Չուզողդ ես լինեմ, տղա՛... բայց ախար էս պետությունն էլ մեղք է, չէ՞. չորս կողմից՝ չեք աշխատում և ուտում եք: Եվ արյուն եք պղտորում: Ահա, հնձվորն աղբյուրի գլխին գերանդի է քաշում. կանայք աղբյուրի տակ խոտ են դիզում,– եղա՞վ. եկել նստել եք մեջները՝ տա՜շի-տուշի: Փոստատարը պատմեց. բարեհոգի ճաղատը ծիծաղելով փախել էր, Հենրիկ որդին վազել-բռնել էր, մերկ ոտքերով քարտուղարուհին պանիր էր տրորել ճաղատի գլխին:
Լույսը բացվելու վրա քաղաքն անցան: Շուկայի դռներն ավլում էր միակ մի պառավ, գիշերապահ միլիցիոները կիսաերազի ու գյուղական հեռու հուշերի միջից հորանջելով նայեց ձիուն ու Գիքորին, և նրանց բեռն ու գնացքը իր պապի պատմածի պես էր. կարևոր-կարևոր մի տեղից մյուսը վազեց քաղաքային շների թափառախումբը՝ պահածոների հոտերի մեջ կորցրած գայլի տագնապ, հովվի մահվան զգացողություն, երկրաշարժի բնազդ այդ հաստ ասֆալտի վրա և հոտապահի հպարտություն: Կանգնեցին ու մի երկու բերան հաչեցին բեռնաձիու վրա, հետո կարևոր-կարևոր գնացին իրենց գործին: Եվ նրանք հիմար ու ծիծաղելի էին:
– Ալխո ջա՞ն...
– Չէ, բան չէի ասում: Դե որ կանգնել ես՝ արի միջնահակդ ուղղենք:
Կամուրջն անցան, գետը ցայտում էր սառնություն ու հոգնածություն. էն տարին, Եսայուն քշել էր: Զարմանում էին, թե էդ բարակ ջուրը էն ուժեղ մարդուն ինչպես էր խեղդել: Երևի հոգնած էր եղել, ալարել էր կռվի: Որդու հարսանքի գինին Վրաստանի Շուլավերից բերելիս էր եղել. անցել էր Բորչալուի խանձված հարթավայրը, բարձրացել էր Արճեշի սարերը, իջել էր Դեբեդի ձորը, պտտվել էր, պտտվել է՜ր՝ բարձրացել Սանահինի սարերը. ելել ու իջել, ելել ու իջել, ելել ու ելե՜լ մինչև Դժվար սար ու դրանից էլ դեսը մի գիշեր:
Փայտե կամրջակն էլ անցան՝ արահետից Ծմակուտի հոտ եկավ: Մառախուղը, սարերի վերուվարումները, Աշխենի կռիվը, մի մեծ անտառում մի արջ ու անտառով մեկ այդ արջի ահը: Առողջարանների խնամված ծառուղիներում մի ծիտ ճկկաց: Սարերի մի ալիք հով խփվեց Ալխոյին ու Գիքորին, գնաց մոլորվելու շուկայի դռներին, հավաքարարի ավելի շուրջը: Առողջարանների մութ պատուհաններից տաքություն ու փափկություն էր գալիս: Ասում են, այնտեղ կերակրում են օրը հինգ անգամ և քնեցնում են տասը ժամ: Գիքորն ուզեց քնել, հիշեց Ծմակուտի կանաչ գերեզմանոցը, ուզեց մեռնել ու քնել երկա՜ր, երկար... Մի բաց պատուհանի մեջ ծխում էր մի գեր շապկավոր: Գիքորն ուզեց քնե՜լ, քնել... Եվ երբ հորանջեց ու աչքերը պարզվեցին՝ լուսացել էր, անտառեզրի կանաչ խոտհարքում սպիտակեցին երիցուկները, բարձր մի մեղրածաղկի քիչ առաջ նստել էր իշամեղուն, և ծաղիկը ճոճվում էր, ձին կանգնել ու նայում էր, դեմից, արահետով, հանգիստ, գլուխը բարձր ու կարծես թե խռով մի կին էր գալիս՝ ժակետը ձեռքից կախ, մի տղամարդ, մի քիչ ետ, ծխախոտ էր վառում: Կապույտ անտառում կչկչաց մոշահավը, լռությունը տասը ձևի նախշեցին սարյակները և իր փչակը թմբկահարեց փայտփորիկը: Կինը հարևանի կին էր, հարս էր,– Գիքորն ուզեց բարևել մտերմավարի անփույթ՝ կինը բոլորովին օտար էր: Կինը կանգնեց Ալխոյի դեմ, արահետի վրա և լեզվի ծայրը երևացնելով ասաց Ալխոյին.– Բո՜ւ,– և ճանապարհ տվեց Ալխոյին ու ժակետով խփեց նրա գավակին: Եվ Գիքորը տեսավ, որ իր հարսը՝ Հենրիկի կինը շատ է գյուղացի ու անճկուն: Առողջարանների թավուտներում երգել սկսեց մի սոխակ, նրանք Գիքորից ու ձիուց անցան, այդ գյուղացին իր ձիով նրանց մտքում գնաց մտավ միջնադար և նրանք Գիքորի մտքում գնացին ու խճճվեցին հատուկենտ երազների մեջ:
Ոտք դրին անտառ. աղջամուղջի մեջ, փայտփորիկի թմբկահարմամբ, օրորվեցին կոճղերը, արջի թե անտառապահի պես դարանեցին, մոտեցան, դարձան կոճղ ու ստվեր, ետ մնացին: Հազա՜ր ինը հարյուր քսանմեկին և հազա՜ր ինը հարյուր քսանիննին որոշեց քոչել քաղաք. էն ժամանակ Կիրովականը քաղաք չէր, որոշեց քոչել Թիֆլիս կամ Լենինական, ի՞նչը խանգարեց: Մերկ ոտքերով քարտուղարուհին տեսնես որի՞ն է պատկանում՝ Հենրիկի՞ն, թե ճաղատին: Գիքորը ժպտաց. պատերազմի ժամանակ, սարի ձմեռանոցներում կով էր սատկել. ինքը գոռգոռում էր կթվորուհու վրա, իսկ նա ծիծաղում էր: Հետո նա հղիացավ ու դարձյալ ծիծաղում էր և սպառնում էր ծիծաղելով, իրենց Մարց գյուղի բարբառով.– Պիրիլ դեմ... պիրիլ դեմ ու ասիլ դեմ, որ քզանից եմ պիրել, քեզ կուսակցությունից հանիլ դեն...– Հիմար-հիմար, կատակ-կատակ՝ քիչ էր մնում խայտառակ աներ անպիտանը: Հիմա, ամուսնուց, վերջին երեխան ունի՝ տասնմեկ տարեկան, և ծիծաղելով ասում է Գիքորին.– Որ էն ժամանակ պիրել էի՝ հիմա տասնհինգ տարեկան կարգին տղամարդ կլիներ: Քեզ էլ կուսակցությունից շուտ կհանեին՝ ժողովրդին մեծ օգուտ կլիներ:
Իր հարսը, Հենրիկի կինը, պետք է լիներ հենց անճկուն ու գյուղացի. նա երեք երեխա է ծնել. նրա երեխաների վրա մի ծուռ տեղ չկա. նրա տունը փայլեցրած է. հնազանդ՝ նա եթե չի էլ սիրվում՝ հլու սիրում է. նա տան կին է, իսկ լրբերը լինում են հատուկ տեսակի:
Անտառից, հազար աչքով կայծկլտաց առջևի սպիտակ բացատը: Թե ո՜ւմ է պետք բացատի աղբյուրը. սա՜ռը, անոթի՜, հոգնա՜ծ...
Հա, վաթսուն տարի առաջ, ոչ թե զրույցում կամ լսածով, ուղիղ հիսունհինգ տարի առաջ, արահետի վրա այդպես ուղիղ, գլուխը բարձր, բերանն այդպես կամակոր կանգնել էր Քառանց հարսը՝ ուսաշալը ձեռքից կախ. երեխա Գիքորը ձիու վրա էր, հայրը գնում էր առաջ ընկած, հարսը կանգնել էր արահետի վրա հոր դեմ՝ շալը ձեռքից կախ ու համառորեն նայում էր հորը. ձին գնաց, գլուխը դրեց հոր ուսին, և հայրն ասաց.– Ի՞նչ է, Զարե,– իսկ հարսը նայում էր բերանը փակ: Ճիշտ է. ինքը ձիուն նստած էր, հայրը գնում էր առջևից, հարսը կանգնել էր արահետի վրա դեմները. հայրը կանգնեց. հարսը նայում էր լիքը շրթունքներն իրար դարսած. ձին հասավ. գլուխը դրեց հոր ուսին:– Ի՞նչ է, Զարե,– կմկմաց հայրը: Հետո՞: Որտեղի՞ց էին գալիս: Ուրթի տակ էր, ուրեմն գյուղից էին գալիս: Հայրն ասաց. «Ի՞նչ է, Զարե»: Բայց հետո՞: «Թիֆլիս տան ծառայող է դարձել». չէ, սա արդեն լսովի է: Նրա ամուսինը նոր կին բերեց Շամուտից՝ դա Քառանց պառավն է, բայց ի՞նչ եղավ այն օրը, երբ Զարեն կանգնել էր արահետի վրա, ծաղիկների մեջ, դեմները:
– Վա՜խ, հեր ջան, վախ,– հառաչեց ու հորանջեց Գիքորը. ականջները խշշոցով բացվեցին, հայացքը պարզվեց՝ ելել էին բացատ, բացատում ծուխ էր ծայր առնում, մեկը կքել էր կրակի մոտ, աղբյուրի շուրջը խռնված քրքջում ու լվացվում էր ջահել քաղաքացիների մի մեծ խումբ: Վրանը խփված էր արահետի եզրին, արահետը կոտրվելու տեղը. այդտեղից վեր էր նետվում զառիվերը, որ նրանց ոչինչ էլ չէր ասում: Վրանի մոտ կանգնել էր սվիտեր հագած ջահել մի տղամարդ և մուգ ակնոցներով նայում էր Գիքորին ու ձիուն, և այդ բեռը նրան ոչինչ չէր ասում: Նրանք լվացվում էին աղբյուրի ջրում, ծիծաղում էին, մեկի գլուխը սեղմած պահել էին ջրի տակ և մի աղջիկ ծղրտալով պտտվում էր նրանց շուրջը.– Մի բուռ ջրում խեղդվել է՜, մի բուռ ջրում խեղդվել է՜,– մեկը երկար շտկում էր գնդակը ոտքի տակ, ժամացույցը ձեռքին մեկը հաշվում էր, թե քանի վայրկյան է ինչ նրա քիթը ջրի մեջ է, հետո գնդակը թռավ ու թռցրեց ժամացույցը նրա ձեռքից, ռադիոընդունիչը բացատում բռնում ու բաց էր թողնում երգ, ուրիշ երգ, արաբերեն, դաշնամուր, Թուրքիայի հիմնը, ճառ, երգ, լռություն, ծովի աղմուկ, ահա՛, իրենց ուզածը... Եվ մարդու սիրտ պայթում էր նախանձից ու աշխարհի հեշտությունից և ուրախությունից:
– Քեռի, քեռի, քեռի,– կարծես թե կրակը վառեց ծխի մոտ կքածին. դանակը ձեռքին՝ նա վազում էր դեպի Գիքորը:– Ոչխարը մի րոպե մորթիր, մի օր է քեզ ենք սպասում:
Նա մի րոպե նմանվեց Հենրիկ որդուն, և Գիքորն ուզեց ասել, որ հեռվից է գալիս, ամբողջ գիշեր գալիս է, հոգնա՜ծ, հոգնած է, վաթսուն տարի եղավ ուզում է մի լա՜վ քնել:
– Ինչի՞ է հարմար, քեռի, խորովե՞նք, թե եփենք,– և թաքուն հուշեց.– ասա՝ եփեցեք, սա խորովածի միս չի:– Եվ բարձր հայտարարեց.– Գյուղացի մարդ է, գիտի, ասում է սա խորովածացու չի:
– Բա որ,– ասաց Գիքորը,– մորթելը չգիտեք, բա որ ես էլ չլինեի, ո՞նց էիք մորթելու:
– Առանց մորթել էինք ուտելու, քեռի ջան...
Գիքորն աչքի պոչով նայեց նրան.
– Երևանի՞ց եք, թե Կիրովականից:
– Երևանից:
Գիքորն ասաց.
– Իմոնք Կիրովական են:– Եվ ոչխարի վիզը կոտրելով, հպարտությամբ նրան նայեց: Նրան նայեց՝ նրա կողքին նեղ տաբատով մի աղջիկ էր ծնկել ու նայում էր ցայտող արյանը: Զարեն: Այն օրը թե մի ուրիշ օր, ոչխար էր կթում, նայում էր Գիքորի հորն ու իր ամուսնուն և լուռ մտածում էր փախչել այդտեղից: «Թիֆլիս տան ծառայող դարձավ»: Գիքորն աչքերը պինդ փակեց, բացեց և լրիվ լուսացավ ու լրիվ արթնացավ:– Հենրիկ: Սահակյան: Կիրովական ինժեներ է: Երևան շուտ-շուտ է լինում...
Երբ բեռը մի քիչ ետ սահեց ու կրծբանդները մտան մսի մեջ, Ալխոն հասկացավ, որ զառիվերն սկսվել է: Ալխոն շունչը պահեց ու գնաց: «Էս զառիվերի հերը մենք հիմա կանիծենք», պետք է շունչ առնել մեկ էլ սարահարթի պռնկին. ամեն հաջորդ քայլը դուրս էր բերելու դարագլուխ, բայց թոքերի օդը հալվեց, հատավ, իսկ բեռը դեռ ներքև էր ձգում: Ալխոն հասկացավ, որ սկսվել է մեծ զառիվերը, Ալխոն նոր օդ առավ ու գնաց նոր շնչով, բայց այս անգամ օդը շուտ սպառվեց, իսկ արահետը դեռ սողում էր վեր, վեր: Ալխոն նոր օդ վերցրեց և հասկացավ, որ այստեղ հաստակողությամբ բան դուրս չի գա: Ալխոն կանգնեց, սպասեց թե ինչ կլինի՝ կաշին վրայից պոկելով բեռը քաշում էր ներքև, իսկ դեմը տնկվել էր զառիվերը՝ բութ, անխիղճ ու անհաղորդ նրա թոքերի նեղվածքին: Եվ Ալխոն որոշեց խաբել զառիվերին: Ալխոն թեքվեց, շունչ առավ, գնաց խոտոր, պտտվեց, եկա՜վ, շունչ առավ. թեքվեց, գնաց լանջո՜վ, պտտվեց, եկա՜վ, շունչ առավ. թեքվեց, գնաց լանջով, պտտվե՜ց, եկա՜վ, շունչ առավ. երեսունհինգ անգամ Ալխոն թամբի ու ցորենի երկու հարյուր կիլոն ու քսան տարվա կյանքը տարա՜վ, պտտե՜ց, բերեց սարալանջն ի վեր, զառիվերը ծալծլեց, դրեց ոտքի տակ և մի պահ արձանացավ իր սարահարթի եզրին՝ արահետի վրա, որ ներքևի ծայրում թելվել էր ծերունի Գիքորին և ձգում ու ձգում էր դեպի վերև, դեպի իր ցորենն ու Ալխոն, որ, հաղթանակած, մի րոպե արձանացավ իր սարահարթի եզրին ու ապա գնաց զովերի միջով, ուրթերի ու երամակների կարոտի միջով դեպի իր Կեչուտի աղբյուրը, հովատակի վախը, կարճատև հանգրվանը: «Բեռը իմն է, ես եմ նրա տակ» – Ալխոն չսպասեց աղվես Գիքորին. ջուր խմեց, թոքերն ու ողնաշարը լցրեց սառնությամբ ու գնաց:
– Էդ պարկերի վրա բրեզենտ գցիր՝ չտամկեն,– ասաց Գիքորը կնոջը:– Էդ ձին լավ չորացրու, վրան թաղիք գցիր՝ չմրսի: Էդ խոզերն էդտեղից քշիր՝ քնում եմ: Էդ աման-չամանիդ ձենը կտրի՛ր,– գոռաց Գիքորը:– Գլխիդ կպչի քո մածունը, Ղազախից եմ գալիս, ոտք էիր լվանալու, տաք ջուրդ...– քնի մեջ ասաց Գիքորը:– Ծածկիր:
Հետո ներքևի ջրերի վրա ամպի մի ծվեն էր մաշվում, հովը կպչում էր կատարից կատար, վարիչ Լևոնն ու ձիապան Մեսրոպը մի րոպե կռվեցին ու խաղաղվեցին, ոչխարը եկավ կթի ու կթվոր կանանց արանքով ավազի ժամացույցի պես հոսեց ու վերջացավ, շները քաղցից գազազել էին և քիչ մնաց ծվատեին թուրքերի ցուլը, հեռու տափարակում հովից խրտնեց ու փախս ընկավ նարնջագույն երամակը, Գիքորի կինը հավ մորթեց, և Ալխոն պառկած ննջում էր:
Ոչխարի հոտերը տեղաշարժ արին, գառան հոտերն իջեցրին ձորերի վրա, կուշտ շներն ալարում էին գնալ հովվի ետևից, բլրի գլխին սևացավ թուրքերի ցուլը և բուղագոռով վիթխարիացավ, ներքևի հարթակում երեք տարեկան ցլիկն անջատվեց նախրից և կանգնեց ցուլի ճանապարհին, հեռու տափարակում դարձյալ խրտնեց ձիախումբը, շները շարան տվին ու կապեցին բլուրները բլուրներին, լանջերը բլուրներին, հեռու սարալանջի աղվեսը ուրթին, և Ալխոն հանգստանում էր կանգնած:
Գիքորը վրանից ելավ, նստեց վրանի դռանը, հորանջեց ու մնաց մռայլ: Աշխենը եկավ ասաց Գիքորին՝ էդ ինչքա՞ն ես բարձել, Գիքորն ասաց՝ գլուխ մի տար, ներքևում նախրապանը ծեծեց ու ետ քշեց թուրքի ցուլը, աղվեսը քսան անգամ երևաց շների դնչի մոտ ու քսան անգամ շների հետ կորավ բլուրների ետևը, Գիքորն իջավ ձորը՝ միզելու, հեռու տափարակում դարձյալ խլրտաց երամակը, յոթ բլուր դենը շները կիտվել էին իրար վրա և խեղդում էին աղվեսին, բայց աղվեսն ուրթի մոտ բլրի գլխին պպզած էր ու ծիծաղելով դիտում էր, թե ինչպես են շներն իրեն խեղդում, վարիչ Լևոնը փայտ էր ջարդում ֆերմայի համար, Մեսրոպը գնաց դեպի երամակը,– իսկ Ալխոն սկսել էր արածել: Այդ սարում ոչ ոք կարգին արածել չգիտի, Ալխոն կլպում էր գետինը:
– Արածի՛ր,– ասաց Գիքորը:
Հետո ուրթում վեճ եղավ, թե թուրքի ուրթի հետ սահմանների հարցը լավ չի վճռված, նրանց հանդապահն ուզեցել է քշի տանի սրանց հոտը մի ձորից, որի պատկանելությունը լավ չի որոշված, ապա հանդարտվեցին, աղջամուղջի հետ վերադարձան հոտերը, փայլփլեցին հովվակրակները, տրոփյունով ու խաղալո՜վ, խաղալով եկավ երամակը, տեղավորվեց փարախում, Մեսրոպը սահմանային վեճն ուզեց հասցնել Մոսկվա – Կրեմլ, Գերագույն Խորհրդի Նախագահության Նախագահին և այդ առիթով նա ու Լևոնը մի թեթև կռվեցին, Գիքորը ցորենները քաշեց ներս, իսկ Ալխոն արածում էր:
– Դու որ Ալխոն ես՝ արածիր,– ասաց Գիքորը:
– Դեռ արածում ե՞ս,– ասաց առավոտյան:– Լավ ես անում. արածիր:
Ներքևի ջրերի վրա ամպի մի ծվեն էր մաշվում, ոչխարը եկավ կթի, կանանց արանքով դանդաղ հոսեց, հեռու տափարակում հովից խրտնեց ու փախս ընկավ նարնջագույն երամակը, և Ալխոն գլուխը բարձրացրեց ու նայեց երամակին: Ալխոն գլուխը բարձր քայլ դրեց դեպի երամակ՝ այնտեղ զամբիկները բուրում էին տաքություն ու ծաղիկ: Ալխոն բարձրագլուխ վրնջաց դեպի երամակ՝ լայնգավակ զամբիկներն այնտեղ բուրում էին արյան մոլուցք ու հոգնություն: Ալխոն խուլ վրնջաց ու գնաց՝ երամակից դուրս շպրտվեց, մի պահ նայեց ու իրեն կտոր-կտոր անելով եկավ հովատակը: Կրծքի լայնք տալով եկավ, դևի պես շրխկալով եկավ, կրծքով շպրտեց Ալխոյին ու խռխռալով ետ գնաց: Երամակի մոտից նայեց՝ որտե՞ղ էր այն կռտածը, որ վրնջում էր:
Ալխոն նստեց, կանգնեց, թափահարվեց, նայեց երամակին՝ զամբիկները բուրում էին արյան կատաղություն ու խորք: Ալխոն վրնջաց, և այդ ժամանակ հովատակը պտտվեց երամակի շուրջը, երամակը հավաքեց, պտտվեց հավաք երամակի շուրջը, պտտվեց ու պտույտից դուրս ընկավ: Օձի պես չար, քամու պես թեթև ու ցուլի պես ծանր՝ ահագնանալով եկավ, խփեց փշրեց Ալխոյին ու գլուխը թափահարելով ետ գնաց:
Երկնքում լողում էր մի քուլա ամպ, երգում էր արտույտը, կուշտ երամակն իբր թե արածում էր, քաղցից գազազած շները չգիտեին ինչ ծվատել, հովատակի համար Ալխոն եղել էր մի դար առաջ, Ալխոն ելավ, դողաց ոտքերի վրա, հաստատվեց ոտքերի վրա, գլուխը բարձրացրեց՝ լայնգավակ զամբիկները բուրում էին տաքությամբ ու ծաղկով: Ալխոն վրնջաց ու մղվեց դեպի երամակ՝ հովատակը պոկվեց:
– Գիքո՜ր... էն խեղճ ձիուն ուտում է, Գիքոր...
– Գիքո՜ր... հիմարություն մի արա, Գիքո՛ր, ոտքի տակ կտա, կսպանի:
Եղանը ձեռքին Գիքորը կանգնեց նրա տրորելիք գծի վրա:
– Փոր-մորդ կթափե՛մ, քո անբան հերն անիծած...
Գիքորին շները փրկեցին. շներով շրջապատված հովատակն աղեղ տվեց Գիքորի ու Ալխոյի մոտից, լայն շրջանով գնաց մտավ երամակ: Իսկ Ալխոն մղվում ու մղվում էր դեպի նարնջագույն զամբիկները և Գիքորին չէր տեսնում, անցավ Գիքորին տրորելով:
Այդ ժամանակ հովատակը դուրս թռավ երամակից, շների օղակման հետ եկավ, ետ թողեց շներին, ահագնանալով եկավ, խփեց, փռեց, կծեց ու տրորեց միանգամից: Եվ պղնձե բաշը ծածանելով արևի տակ այդ կանաչ աշխարհում, գնաց դեպի երամակ: Եվ այնտեղից ետ նայեց՝ Ալխոն դարձյալ ելել էր, գնում էր Գիքորի ետևից ուրթ, ուր բեռներն էին և գյուղ ու գյուղով կայարան տանող ճանապարհի սկիզբը:
– Հենց ապրես,– ասացին Անդրոյին, երբ Գիքորը ձին ձորում կապել էր, թամբը տարել Անդրոյի դուռը,– հենց ապրես, երեխան եկել է, կայարանում է... Երկու օր է կայարանում է, հենց ապրես...
– Անդրանի՜կ...– կանչեց պառավը:
– Քե՛զ ինչ է եղել, այ մեր:
– Ախպորդ երեխան կայարանում է, Անդրանիկ:
– Բա էն ձին մեղավոր է՞, որ կայարանում է, այ մեր...
– Հա ջա՞ն...

Յատուկ Երաժշտություն
Քրիստոսի Հարությունը
Գեորգի Գյուրջիև

Քրիստոսի Հարությունը

Երկիր հնամյա,երկիր հայրենի
Երկիր հնամյա,երկիր հայրենի
Խաղա առցանց