Հովհաննես Թումանյան

Ընտրյալը

Հոգու սըրբազան կըրակով վառված
Իջնում էր Մովսես լերան գագաթից,
Իջնում էր ահեղ պատգամներն առած,
Շըղթայից հանող աստուծո մոտից։

Եվ մինչ կանխատես աչքովն իր հոգու
Տեսնում էր գալոցն իր ժողովըրդի,
Եվ մինչ հրճվում էր... ահա ներքևից
Ձայներ բարկության ու խառն աղմուկի...

Ու տեսավ Մովսես լերան բարձունքից,

Ժողովուրդն էնտեղ ներքև, հովիտում
Աստված է շինել ոսկուց, արծաթից,
Պարում է շուրջը ու հարբած գոռում.

«Ինչո՞ւ մեզ բերավ Մովսես անապատ,
Լի Եգիպտոսից ինչո՞ւ հանեց մեզ...

Ո՞ւր է մեր սըխտորն ու սոխը առատ...
Էնտեղ հանգիստ էր ու լիքն էր էնպե՜ս...»

Գոռում է էսպես ու հարբած պարում։
Ու... սուրբ Սինայի մըռայլ ամպերում
Կանգնեց մարգարեն, նայեց դեպի վեր.

«Մի՞թե այս ամբոխն իմ եղբայրն է, տե՜ր...

Լսում եմ ձայնըդ լեռների գլխին,
Ծովեր եմ պատռում, անցնում անապատ,
Հըրեղեն սյունով տանում իր ուղին,
Նա մի՛շտ կասկածոտ, նա մի՛շտ հուսահատ...

Տանջանքի միջից նըկատում եմ ես
Երկիրն ավետյաց հեռո՜ւ մըշուշում,
Իսկ նա փոքրոգի, կույր ու կարճատես,
Գերության սըխտորն ու սոխն է հիշում...

Եվ երբ ամպերում խոսում եմ քեզ հետ,

Քեզնից փըրկության պատգամ եմ բերում,
Նա այնտեղ ցածում մոլի՜, անհեթե՜թ
Ոսկի է պաշտում ու հարբած պարում...

Ինչո՞ւ են, աստվա՛ծ, քո վեհ պատգամներ,
Իմ տանջանքն ինչո՞ւ...» Գոչեց զայրացած,

Ու մեծ խորհուրդի քարյա տախտակներ
Ժայռերի գըլխից թողեց դեպի ցած...

Բայց... մյուս առավոտ, երբ որ դեռ քընած,
Հանգչում էր ամբոխն աղմուկից հոգնած,
Իր ցուպը ձեռքին բարձրանում էր նա

Դարձյալ միայնակ վե՜ր՝ դեպի Սինա։

1907

Յատուկ Երաժշտություն
Վաղարշապատ
Կոմիտաս

Վաղարշապատ

Տներ Ռոստովում
Տներ Ռոստովում
Խաղա առցանց