Հովհաննես Թումանյան

Այդ ի՜նչ սրտամաշ տխրություն է քեզ...

Այդ ի՜նչ սրտամաշ տխրություն է քեզ
Պատել, հայրենի գեղեցիկ աշխարհ.
Մինչև ե՞րբ պիտի չարչարվես այդպես
Տառապանքներով, առանց մխիթար...

Իմ հայրենիքս տխուր է, տխուր...
Ուր աչք եմ դարձնում՝ տխուր ավերակ,
Ամեն տեղ միայն, միայն ցավալուր
Հեծության ձայներ, երկչոտ աղաղակ։

Թե երկրագործն է հորովել կանչում,

Թե մայրը որդուն օրորք է ասում.
Թե հովիվն իրան սրինգը հնչում,
Մի հուսակտուր հառաչք եմ լսում։

Աշխարհից, մարդուց հույսերը կտրած
Գանգատվում է նա, և ցավից տնքում,

Կյանքիցը զզված, սակայն դեռ չապրած
Հանգիստ է խնդրում հեռո՜ւ, երկնքում...

Մի՞թե տրտմության թախիծըն այդպես
Խեղդեց նրա մեջ ապրելու հույսը.
Մի՞թե այլևս նա չէ երգելու

Իրան պապերի երգած խրախույսը:

Մինչև ե՞րբ պիտի մարդիկ կատաղի
Արցունքովն հայի կերածը թրջեն,
Եվ երկար պիտի մեռելաթաղի
Տաղերով ագահ ցերբերներ շրջեն...

Մի՞թե դեռևս անսիրտ հագարը
Այն ավերակաց վերա պիտ իշխե,
Անարգե, պղծե մեր սուրբ տաճարը,
Անարժաններին շնորհներ բաշխե...

Եվ չարագուշակ մտքերով հուզված

Քաշվում, մտնում եմ մի խաղաղ անկյուն.
Եվ երկար անշարժ ու խորասուզված
Հածում եմ նրա ցավերում անհուն։

Ավելի խորը, ավելի հեռու
Միտքս ինձ առնում, թռցնում, տանում է.

Թռչում է հանկարծ մի ծանր հառաչանք
Եվ սիրտս կարծես հանգստանում է։

1890
Յատուկ Երաժշտություն
Ապարտակ - Ադաջիո
Արամ Խաչատրյան

Ապարտակ - Ադաջիո

Երեք տարիք
Երեք տարիք
Խաղա առցանց