Հովհաննես Թումանյան

A la՛ Նադսոն. Պոետին

Թաքցրու, պոետ, վշտերդ ամբարված
Մեծ գաղտնարանում ալետանջ հոգուդ,
Ամբոխի առաջ մի երգիր նրանց,
Եվ ինչո՞ւ համար ողբալ անօգուտ.

Եվ դուն չես կոչված, որ փոքրոգության
Արտասուքներով քո վշտերն երգես,
Դուն պիտի ճնշված մարդկության առաջ
Սև ճակատագրի գոյությունն հերքես։

Թեկուզ կեղծ լինի ժպիտը դեմքիդ,

Թեև դժվար է քեզ համար կեղծել,
Պետք է մոլորված, անկիրթ ու նեղսիրտ
Ամբոխի համար հավատ ստեղծել.

Գուրգուրիր նրան ինչպես չար մանկան,
Պատժի ժամանակ անողորմ եղիր,

Զեռքումդ ունեցիր փայլուն խարազան,
Հարվածիր նրան և հառաջ մղիր.

Հառաջ տար նրան և ձեռքդ մեկնիր,
Ցույց տուր փրկության արյունոտ ուղին,
Կռվից փախչողին ծաղրանքով հեգնիր,

Փառագոչ երգով գովիր կռվողին.

Սիրտ տուր ընկածին, գետնից վեր քաշիր.
Մի թողնիր երբեք, որ մնա նա ցած.
Կենդանի երգով զարթեցրու, շարժիր
Զգացմունքները նրա վհատած.

Բարկության հրով շնչիր չարի դեմ,
Որ թույնով, փողով գահ է բարձրացել,
Եվ լուսավորիր, ցույց տուր ամբոխին,
Թե ինչ ընթացքով չարիք է գործել։

Թող որ ճանաչե և պատուհասե

Նրա չարությունն ամենակատար,
Եվ այնուհետև կուրորեն չասե,
Մեծ կամ մարդասեր, ազգի բարերար.

Եվ պատվանդանը հիմքից խորտակիր
Ոսկի հորթերի, ինքնամոլության,

Մարդոց սրտերում դարձյալ հաստատիր
Լրբությամբ մերժած գահն աստվածության.

Մենք այն ժամանակ և կըգանք քեզ հետ
Եվ քեզ կըսիրենք, կըփառավորենք,
Սրտի հրճվանքով կանվանենք «պոետ»,

Ամեն մի խոսքդ կընդունենք օրենք։

1890

Յատուկ Երաժշտություն
Մեղեդի
Առնո Բաբաջանյան

Մեղեդի

Սեն Մալո
Սեն Մալո
Խաղա առցանց