Գուրգեն Մահարի
Անտառային հեքիաթ
Արևը բարձրանում է անտառի վրա, և իմ խրճիթի արևելահայաց, փայտաշեն պատը օծվում է նարնջով։ Մի միջատ, որն, ըստ երևույթին, կարող է նույն հաջողությամբ և՛ թռչել, և՛ վազել, թռչելով ու վազելով բարձրանում է պատն ի վեր և անհետանում տանիքին բուսած խոտերի մեջ։
Օրվա այս ժամին անտառը մուգ կանաչ է, արևից անկախ և արևին անտարբեր, իսկ նրանից դուրս, բացատում, այստեղ֊այնտեղ կանգնած կեչիներն ասես հալվում են արևի շողերում, դառնում թափանցիկ ու դիտակ իրենց գեղեցկության հրապույրին։ Մռայլ ու ծանրանիստ անտառը նայում է բացատի կեչիներին ինչպես շատ բան տեսած ներողամիտ պապիկն է նայում այստեղ, այնտեղ արևի տակ խայտացող իր թոռներին։
Բացատում էլի ծառեր կան, նայած իրենց ծագմանն ու բնավորությանը՝ վերձիգ կամ փրչոտ, ծեր ու երիտասարդ, մտախոհ կամ սեթևեթ։ Բացատն սկիզբ է առնում անտառից, իջնում է վար, անցնում փեթականոցի և իմ խրճիթի մոտով, մի քիչ ավելի լայնանում ու գնում, կորչում է Աշպատսկ գյուղի ուղղությամբ, միշտ հեռու ու մոտ, մեծ ու փոքր պուրակների, ճահճուտների և բլուրների հսկողության տակ։ Կամ, եթե կուզեք, ճի՛շտ հակառակը, հեոու ու մոտ, մեծ ու փոքր պուրակների, ճահճուտների և բլուրների հսկողությամբ, գալիս է բացատը Աշպատսկ գյուղի կողմերից, անցնում է փեթականոցի ու իմ խրճիթի մոտով, հետո մի քիչ նեղանում ու փշրվում անտառի մուգ֊կանաչ պարիսպների տակ։ Օդում զգացվում է խոնավ անտառահոտ, առավոտահոտ ու արևահոտ, և այս անորոշ բույրերն են երևի թմրեցրել ինձնից անբաժան Բայկալին, որը փռվել է խրճիթի դռանը և ննջում է առավոտյան թեթև նիրհով։
Գալով իմ Բայկալին...
Աշխարհի բոլոր շների նման նա էլ չորս ոտ ունի և շուն է օժտված շնային ամեն բարեմասնություններով։ Լոշտակ ականջներ ունի, շագանակագույն է, թավամազ և գիտե իրեն պահել։ Երբ մենք միասին, առիթից առիթ, գյուղ ենք իջնում, նա չի էլ նայում մասնավոր բակերի մասնավոր շների վրա, էլ չենք խոսում անորոշ զբաղմունքի տեր շների մասին։ Նա մանր քայլերով վազում է իմ կողքով, անկախ ու արժանավայել և միայն մի դեպքում կորցնում է իր լրջությունը. այդ էլ՝ երբ ես դուրս եմ գալիս գյուղից և քայլերս ուղղում դեպի սպանդանոց, նրա համար ոսկոր և զանազան շնահաճո ավելցուկներ վերցնելու կամ պատվիրելու՝ կոլտնտեսության նախագահի հատուկ կարգադրությամբ։ Այս դեպքում է, որ նա, պետք եղածից ավելի աշխուժանում է, աշխատում է քայլել շփվելով ինձ, կամ անհամբեր առաջ անցնել ու գոհունակ մռլտալ։
Բա՛յ, քեզ լուրջ պահիր, ասում եմ ես սովորաբար նման դեպքերում հայերեն, մի բան ասած լինելու, կամ անցյալից ինչ֊որ բաներ հիշելու համար, և նա կարծես հասկանում է և անգամ լրջանում։
Հաստ գերաններից է շինված իմ խրճիթը, ինչպես այս երկրամասի բոլոր մեծ ու փոքր ավանների և գյուղերի մեծ ու փոքր տները։ Իմ խրճիթը բաժանված է երկու մասի. առաջնամասում տախտակե մահճակալն է մի կերպ հարմարեցված անկողնով, անհաստատ ոտներով սեղանը նավթե լամպով, մի քանի նստարան... Խրճիթի հետնամասում շարքից դուրս եկած փեթակներ են դրված, բազմաթիվ շրջանակներ և երեք նոփ֊նոր փեթակ՝ ի հարկին կյանքի կոչվելու համար։
Գալով ինձ... Ի՞նչ կարող եմ ասել իմ մասին։ Ինչպես աշխարհում բոլոր ապրողները, ես էլ իմ տեղում չեմ և ապրում եմ ու աշխատում, որովհետև եթե ապրում ես, պետք է աշխատես և եթե աշխատում ես, պետք է ապրես։ Այո, ես եկա վերջապես այն եզրակացության, որ ոչ ոք այս աշխարհում իր տեղում չի, էլ ինչո՞ւ ես բացառություն պիտի կազմեմ։ Հանուն արդարության այն էլ պիտի ասել, որ փեթականոցի պահակությունն ավելի շատ և ավելի շուտ հարմարավոր տեղ է ինձ համար, քան ֆիզիկական աշխատանքը, որից ես ազատվեցի վերջին և հերթական ծանր հիվանդությունից հետո։ Ի՞նչ չարժի թեկուզ այն հանգամանքը, որ ես կարող եմ այստեղ Չեխովի նամակների հատորները կարդալ կամ աշակերտական տետրերում գրոտել ինչ որ ցանկամ առանց զգալու հրատարակչի, խմբագրի կամ ընթերցողի հսկողությունն ու ներկայությունը։ Ես գրում եմ ավելի շուտ ժամանակը կարճելու համար, որովհետև փեթականոցի՝ և ընդհանրապես գիշերային պահակը պարտավոր է գիշերը չքնել. նրա լույսը միշտ վառ պիտի լինի, դուոը բաց և հաճախ նա դուրս պիտի գա հրացանն ուսին և ստուգի իր, այսպես կոչված, օբյեկտները։ Իմ օբյեկտները որոշ են, երեսունհինգ փեթակ, և կարիք չկա, որ ես անպայման քսան քայլ հեռանամ խրճիթից և մոտենամ յուրաքանչյուր փեթակին և հարցնեմ քնած մեղուների որպիսությունը, ո՛չ. հատկապես գիշերներն այստեղ տիրում է մի այնպիսի խորին լռություն, որ ամենաթեթև շշուկն անգամ որոտի ուժով հասնում է ականջիդ։ Բայց շշուկ էլ կա, շշուկ էլ. այստեղ ես առաջնորդվում եմ ոչ թե իմ, ո՛չ, դա անհույս բան է, այլ Բայկալի՛ ականջներով։ Ինձ միշտ կարելի է խաբել և վախեցնել, իսկ Բայկային՝ ոչ։ Այսպես, գարնանային մի գիշեր...
Երկար կլիներ պատմել իմ և Բայկալի հիշարժան և ոչ հիշարժան արկածների մասին, որոնց մեջ չեն պակասում նաև ծիծաղելի դեպքեր. մի բան միայն հաստատ կարող եմ ասել, որ ահա երկրորդ ամառն է, ինչ մենք՝ ես և Բայկալը, թագավորում ենք այս անտառամերձ մեղվանոցում և այս ժամանակահատվածում՝ ոչ մի դժբախտ դեպք։ Ո՛չ մի։ Այսպես չի եղել ինձնից առաջ։ Ինձնից առաջ այստեղ պահակել է Դիմիտրի Լևշան, և ի՞նչ, մի գիշեր արջը եկել է և շուռ է տվել փեթակը։ Ինչևիցե, այս պատմությունը մութ պատմության է. որպես թե դեպքի գիշերը այս խրճիթում Լևշայի հետ է եղել Ֆեոկլա Գրոմովան, որի հետ և ամուսնացավ նա հետագայում, անգամ երեխա ունեցավ։ Դեպքի վայրում եղել է և կոլտնտեսության նախագահ Պյոտր Անդրեևիչը, որը արջի ոչ մի հետք չի գտել, բայց գտել է շուո եկած փեթակի մոտ Լևշայի ծխամորճը։ Երևի կասկածելով, որ Լևշան է եղել անհաջողակ արջը, նրան ազատեցին պահակությունից և պահակության հրացանը հանձնեցին ինձ։ Գնաց Լևշան իր հետը տանելով իր «Բանդիտը», իսկ ինձ տվին երկու տարեկան Բայկալին։ Պյոտր Անդրեևիչի կարգադրությամբ մի երկու շարաթ ես պահեցի նրան կապված վիճակում, լավ կերակրեցի սպանդանոցի մնացուկներով և երբ ազատ թողի, նա գլուխն առավ ու սլացավ դեպի գյուղը։ Ես անիծեցի իմ անհեռատեսությունը, Բայկալի երախտամոռությունը և պատրաստվեցի ներկայանալու նախագահին զեկուցելու համար իմ անճարակության մասին։ Սակայն որքա՜ն մեծ եղավ իմ ուրախությունը, երբ չանցած մի քանի ժամ, նա երևաց գյուղից ձգվող ճանապարհին, դեպի փեթականոցը վազելիս։ Նա տեղ հասավ ուրախության ցույցերով, թավալվեց ոտներիս մոտ, մտավ խրճիթը ու երբ համոզվեց, որ ամեն ինչ իր տեղումն է, դուրս եկավ և հառեց ինձ վրա իր մուգ֊շագանակագույն աչքերը։ Հետո մենք միասին ճաշում ենք, որից հետո տեղի է ունենում մեր ամենօրյա հետճաշյա սրտարաց զրույցը։
Բա՛յ, դու կո՞ւշտ ես։
Կո՞ւշտ, պատասխանում է Բայկալը մաքուր հայերենով և մի քիչ վանեցիական ակցենտով, իհարկե կուշտ եմ, բայց չէր խանգարի եթե ամեն ինչ նորից սկսեինք...
Դա հնարավոր չէ, Բա՛յ, առարկում եմ ես ակնհայւո կերպով, վախենալով նրա մտքերի ընթացքից, այդ դեպքում երեկոյան մենք առանց ընթրիքի կմնանք։
Ես զգում եմ, որ նա չհամոզվեց, և խնդիրն ավելի եմ խորացնում։
Դու երևի գիտես, Բա՛յ, իսկ եթե չգիտես՝ իմացիր, ահա երկրորդ ամիսն է, ինչ ես պարտքով եմ ապրում. ճիշտ է, ոչ ոք չի բռնում իմ օձիքը, պարտքը չի պահանջում, բայց պարտքը մնում է պարտք։ Ես կոլխոզի պահեստից ալյուր եմ վերցնում, այդ ալյուրը տանում եմ տուն, իմ տանտիրուհին, մադամ Ֆրոսյան հաց է թխում, և մենք սնվում ենք ահա այդ հացով։ Ասում եմ մենք, որովհետև երբ դու ուտում կամ կրծում ես քո սպանդանոցային բարիքը, միևնույն է, քո աչքը իմ հացի վրա է։ Ես չեմ կարող քեզ բաժին չհանել և հանում եմ, իսկ այս չի մտնում իմ տանտիրուհու հաշիվների մեջ։ Չմանրանանք, Բա՛յ, ես չեմ ուզում քեզ դնել անհարմար դրության մեջ և չեմ ուզում, որ մեր մեջ այս մասին խոսք ու զրույց լինի. ի՞նչ մեծ բան է, ա՛յ հեր օրհնած, միայն, միայն մի կտոր հաց... ճիշտ է, այս հաց կոչվածը վերջին մեկուկես տասնամյակում ծանր հարց է եղել քո տիրոջ համար, բայց դու ինչո՞վ ես մեղավոր, որ իմ գործերը վատ են դասավորվել... և եթե աշխատենք արդար լինեք այս... արդար աշխարհում, ապա ինչո՞վ է մեղավոր իմ տանտիրուհին, որը որոշ քանակությամբ է հաց տալիս մեզ, չէ՞ որ նա էլ կշեռքով է ալյուր ստանում կոլխոզի պահեստից։ Չէ՛, Բայկալ, չէ՛, եկ պայմանավորվենք, կարիք չկա սև ակնոցով նայել մարդկանց և իրերին, ի՞նչ անենք, որ իրերի բերումով մենք զրկված ենք վարդագույն ակնոց կրելու իրավունքից։
Քանի որ խոսք բացվեց տիրուհուս, տանտիրուհուս կամ ինչպես ես նրան կոչում եմ, երբ բարկացած եմ լինում՝ անտիրուհուս մասին, ապա նա ութսունհինգամյա մի վիթխարի կին է։ Մենք ասինք կին և ոչ թե պառավ և շատ հարդելի պատճառներ կսւն նրան այսպես և ոչ թե այնպես կոչելու համար։ Նախ նրա տարիքի մասին, ես նրա ծննդյան վկայականը ոչ տեսել եմ, ոչ էլ ստուգել, այդ նա է տեղի անտեղի պնդում, ընդդծում, որ ինքը ութսունհինգ տարեկան է։ Ես չգիտեմ, կա՞ աշխարհում մի կին, որը փոխանակ պակասեցնելու, ավելացնի իր տարիքը։ Եթե գտնվի մի մարդ, որը բան ու գործը թողած թափառի աշխարհից աշխարհ նման մի կին ճարելու համար, ապա նրա տասնյակ տարիների ապարդյուն որոնումները հաջողությամբ պիտի պսակվեն միայն այստեղ՝ «Հաղթանակ» կոլտնտեսությունում. նա կգտներ իր փնտրածը հանձինս մեր կոլխոզի վաստակավոր անդամ Ֆրոսյա Տրիֆոնովնա Գերասկինա֊Գերասչիխայի, որը ոչ այլ ոք է, եթե ոչ իմ տիրուհին, որն ինչպես ասինք, մի թիկնեղ կին է։ Նա կարող է ամեն տարեկան լինել, բայց ոչ ութսունհինգ։ Երբ ասում ենք ամեն տարեկան, չպետք է կարծել, որ նա կարող է տասնութ տարեկան լինել, ոչ, բայց վաթսունհինգ՝ ապահովաբար։ Անգամ վաթսուն, անգամ...
Անգամ հիսունհի՛նգ տարեկան կարելի է համարել իմ տիրուհուն, եթե նայեք նրան կանառայցի Գալավտիֆոն Պետրովիչի աչքերով։ Այս յոթանասունամյա պատկառելի անձնավորությունն աշխատում է Ձերժինսկում՝ մորթահավաքի պաշտոնով։ Շրջում է նա ձմռանը սահնակի, ամռանն եռանդակի վրա նստած, հավաքում մեծ ու փոքր կոլտնտեսությունների մեծ ու փոքր սպանդանոցներում մորթված անասունների մորթիները, շրջանային կենտրոն փոխադրում կամ փոխադրել տալիս նախնական մշակման համար և մեծ համարում ունի իր պաշտոնի վրա։ Երբ նրան հարցնում են, թե ի՞նչ է նրա գործի անունը, նա արտասանում է մի բառ, որը մոտ է և ինսպեկտորին և ինստրուկտորին և կոնստրուկտորին և վերջում ավելացնում՝ «մի՛ խոսքով...»։
Ահա այս բարձրահասակ, կարմրաթուշ, ռասպուտինյան մորուսով, թափանցիկ, կապույտ արցունքոտ աչքերով Գալավտիֆոնն ամեն անգամ մեր գյուղը մտնելիս, եռանդակը կամ սահնակը քշում է դեպի մեր տունը, իջնում, մտրակով թխկացնում պատուհանը և ով որ երևա՝ ազդարարում է տնավարի և անգամ հրամայական.
Մեր հարգանքները։ Մի ժամի՛ց...
Մի անգամ, այնպես պատահեց, որ Գալավտիֆոնը պատուհանը ծեծեց, երբ ես մենակ էի տանը։ Նա տեսնելով ինձ, չասաց «մեր հարգանքները», ասաց միայն՝ «մի ժամից» և անհետացավ ձմեռային մեգ֊մառախուղում։ Գիշերը ես պահակել էի հացահատիկների պահեստների վրա և սառնամանիքից չէի փակել աչքերս, ինչպես հաճախ թույլ էի տալիս ինձ, երբ ջերմաչափը քառասունից վար էր։ Նման սակավաթիվ դեպքերում ես մտնում էի իմ պահակատուն֊վագոնը և մի ժամով ննջում էի նստած վիճակում։ Այդ օրը, անքուն գիշերից հետո, ես ինձ ջարդված էի զգում և հազիվ հանվել ու մտել էի անկողին մինչև ճաշը քնելու հաստատ որոշումով, երբ Գալավտիֆոնը ծեծեց պատուհանը։ «Մի ժամից», ասաց նա միայն։ Թող իրեն պահի իր հարգանքները, դրանից ես չեմ զրկվի քնելու ախորժակից, բայց փաստորեն նրա ժամանումը կարող է զրկել ինձ քնից, որովհետև հարկավոր է գտնել տիրուհուս և հայտնել, որ՝ «մի ժամի՛ց»։ Գոնե երիտասարդ տանտիրուհիս տանը լիներ, բայց նա էլ այսօր աշխատում է ամբարում, սերմազտիչի վրա...
Ֆրոսյա Տրիֆոնովնային ես «խազյայկա» եմ ասում, այսինքն տիրուհի, իսկ նրա երիտասարդ այրի հարսին՝ Մարիս Ալեքսանդրովնա։ Այս Մարիա Ալեքսանդրովնան Մարիա Ալեքսանդրովնա լինելուց ավելի միջահասակ, միջին տարողության, շիկահեր, կճատ քթով մի սիբիրուհի է։ Ամուսինը (Անդրյուշան) 1941 թվականի դեկտեմբերյան ձյուն֊ձմեռ, սպիտակ մի առավոտով կռվի գնաց և չանցած մի տարի սև թուղթ եկավ, որով հայտնի դարձավ...
Հայտնի դարձավ և այն, որ ոչ միայն Մարիա Ալեքսանդրովնան, այրիացան գրեթե գյուղի բոլոր երիտասարդ կանայք, հետ եկան միայն մի քանի հոգի, այն էլ զրկված մի ձեռքից, կամ մի ոտքից, կիսամարդ ու հաշմանդամ։ Ու կային դեռ մի֊երկու երջանիկ բացառություններ, որոնք հրաշքով մնացին գրեթե անվթար ու վերադարձան. նրանք սակավախոս էին ու մռայլ, վատ էին զգում իրենց և կարծես իրենք էին մեղավոր, որ չսպանվեցին, որ վիրավորվեցին միայն, իսկ վերքն սպիացավ...
Եվ ընդհանրապես շատ վերքեր էին սպիացել, երբ ես, որտեղից֊որտեղ, հայտնվեցի այս՝ ըստ ամենայնի հետաքրքիր և գեղեցիկ (այո՛, այո՛) աշխարհամասում։ Տարվա կեսն այստեղ ձմեռ է, իսկ մնացած կեսը՝ գարուն, ամառ ու աշուն, միաժամանակ։ Երբ ասում են Սիբիր, այս երկրամասին անծանոթ մարդու երևակայության մեջ փռվում է աշխարհագրական մի ոչ մեծ տեղամաս, ուր տարին տասներկու ամիս բուքն է մոլեգնում և մոլեգնում է ձյունահողմը, ուր մարդիկ ապրում են երևի սառցանձավներում և ուր մեռնում են միայն քաղցից և ցրտից։ Չէ՛, այս չէ Սիբիրը, Սիբիրը գեղեցիկ է, ավելին, Սիբիրը հմայիչ երկիր է, ավելին, կախարդական աշխարհ է Սիբիրը և հարուստ, և հարո՛ւստ է Սիբիրը։
Սիբիրը մեղավոր չէ, որ բոլոր ժամանակների բռնակալներն ամեն տեսակ հանցագործներին և ոչ հանցագործներին զենքի ուժով քշել են այս տայգաները, ցրտի ու քաղցի բերանը։ Եթե մերկ ես՝ պիտի մրսես, եթե չես սնվում, պիտի քաղցես, ուր էլ որ լինես. Սիբիրը չէ մեղավորը։ Սիբիրը ճանաչելու համար պետք է լինել տեղացի, պետք է լինել առնվազը Գալավտիֆոն Պետրովիչ, պետք է լինել Ֆրոսյա Տրիֆոնովնա, պետք է լինել...
Մենք ասինք, որ տարին վեց ամիս ձմեռ է Սիբիրում, իսկ գիտե՞ք թե ինչ բան է ձմեռային Սիբիրը, երբ դուք տաք եք հագնված և կուշտ եք։ 0՜, ես տասնհինգ տարվա ընթացքում տասնհինգից ավելի անգամ ունեցել եմ այդ սքանչելի զգացողությունը։ Համատարած ձյո՛ւն, ձյո՛ւն դաշտերի, անտառների, անտառածածկ բլուրների, թավուտների, թփուտների, մեծ ու փոքր, հեռու ու մոտ գյուղերի, ավանների վրա։ Ձյուն ու հանդիպակաց սառնամանիք, ձյուն ու մշուշը ճեղքող մի սահնակ, որը թռցնում է քեզ դեպի անհայտություն ու երջանկություն։ Չլիներ այդ սահնակը, մեկ է, դու կթռչեիր քո ներքին երկու թևերով. այդ թևերից մեկը հարյուրհիսուն գրամ օղի է, մյուսը՝ մի մեծ կտոր սիբիրյան բուրումնավետ հաց և մի ոչ մեծ կտոր խոզի ճարպ։ Եվ դու տեր ես ողջ Սիբիրի, մի նոր Երմակ, որն արշավում է ճերմակ վերմակով ծածկված դաշտերով հաղթանակից հաղթանակ։ Դու շնչում ես սիբիրյան բալզամի նման ձմեռային օդը, իսկ ձին մի կարճ խրխինջով ազդարարում է, որ դու գտնվում ես «Հաղթանակ» կոլտնտեսության մատույցներում։ Իսկ այնտեղ քեզ սպասում է հիսուն, վաթսուն, յոթանասուն, ութսուն, անգամ՝ իր ասելով ութսունհինգ տարեկան մի փարթամ սիրուհի...
Ահա այսպիսի ձմեռային մի առավոտ, Կանառայ֊Ձերժինսկ֊Պետրովկա գծով Կուռայ մտավ ընթերցողին արդեն որոշ չափով ծանոթ Գալավտիֆոն Պետրովիչը, ծեծեց պատուհանը, «մի ժամի՛ց» ազդարարեց և իր սահնակով անհետացավ առավոտվա մեգ֊մառախուղում։ Ես արագ հագնվեցի և այն է, ուղում էի դուրս գալ տանտիրուհուս որոնելու, երբ բակի դուռը բացվեց և անձամբ ներխուժեց նա։ Դռների մոտ նա թափ տվեց վալենկաները, ներս մտավ հաստատուն քայլերով, ներս թողնելով ձմեռային պաղ և թարմ գոլորշու մի հոսանք, սեղանին դրեց կես շիշ օղի և գլուխն ազատեց ձյան փաթիլներով նախշված սև շալից։ Ես ուզեցի զեկուցել նրան տեղ հասած թանկագին հյուրի մասին, բայց բերանս չբացած՝ նա ասաց.
Ես տեսա նրան... Իսկ դուք ուզում էիք դո՞ւրս գալ...
Ես նրան բացատրեցի. նա նայեց բացված անկողնին։
Պառկե՛ք, հանգստացե՛ք, ասաց նա գրեթե հոգատարությամբ, հետո կռացավ, հատակից քաշեց մի օղակ, բարձրացրեց ներքնատան քառակուսի դռնակը և վար իջավ։ Օգտվելով նրա բացակայությունից, ես արագ հանվեցի, մտա անկողին և գլխիս քաշեցի իմ երևանյան վերմակը։
Շուտով ես գլխի ընկա, որ «Իմ աչերես փախեր է քուն», և ես պարզ ու որոշակի լսում եմ, թե ինչպես իմ տիրուհին բարձրացավ ներքնատնից, ինչպես բացեց ռուսական վիթխարի, գիշեր֊ցերեկ տաք վառարանի անցքը, հետո վառվող փայտերի ճարճատյունը հասավ իմ ականջին և տապակվող կարտոֆիլի ու սոխի համախառն տժվժոցը։ Հետո ես լսեցի պնակների, բաժակների, պատառաքաղների֊դանակների զվարթ ձայները, զգացի տապակվող խորտիկի հաճելի բուրմունքը և ասես շոգիացա ու անէացա նրա օրորուն գոլորշում...
Պետք էր որ ես քնած լինեի, որովհետև երբ զարթնեցի, իմ ականջին հասավ «ինսպեկտորի» խուլ ձայնը, որն ասում էր.
Մի խոսքով... Եթե չլիներ տնամերձը... էն իքը...
Այո՜ո՜ո՜, երգեց իմ տիրուհին, տնամերձի նշանակումը մեծ է, շա՜տ մեծ (նա այդպես էլ ասաց, նշանակումը, ոչ թե նշանակությունը, назначение և ոչ թե значение...)։
Լռություն։
Ես փորձում եմ առանց շարժվելու և աչքս բանալու որոշել թե սենյակի ո՞ր մասում են գտնվում նրանք, բայց այդ ինձ չի հաջողվում։ Հետո լսում եմ անորոշ ձայներ, անորոշ կողմերից, երբեմն մոտ, երբեմն հեռու։ Այդ երևի նրանից է, որ ես ո՛չ քնած եմ, ո՛չ արթուն, ես պարզապես օրորվում եմ այդ երկու զգացողությունների սահմանագծում։ Խնդիրը պարզելու համար ես մի աչքս կիսաբացում եմ և դեմս տեսնում մի հալչող սպիտակություն։ Այդ նշանակում է, որ ես պառկած եմ երեսս դեպի պատը։ Ես խորը շնչում եմ, ինչպես սովորաբար շնչում է խոր քնած մարդը, և վախում եմ իմ դիրքը։ Այդ միջոցին իմ ականջին հասնում է Գալավտիֆոն Պետրովիչի զգուշավոր հարցը.
Նամակ, ծանրոց ստանո՞ւմ է...
Մի տարի առաջ... ու վերջ։ Խեղճ մարդ է, ձի լծել անգամ չգիտե։
Ասում են, էն իքը... գրող է եղել...
Տղամարդը պետք է ամեն բան իմանա... ո՞վ չի գրում հիմա...
Լռություն։
Ես նորից կիսաբացում եմ իմ մի աչքը և այս անգամ տեսնում եմ ճաշասեղանը։ Օղու շիշը գրեթե դատարկված է, կլոր, սև թավան գրեթե մաքրված։ Պետք է ենթադրել, որ ես վատ չեմ քնել։
Պետրովի՛չ, բարձս ուղղիր...
Հիմա ես գիտեմ, թե որտեղ են նրանք։
Այսպես լա՞վ է, հարցնում է ալեխառն մորուքով Ռոմեոն։
Պատասխան չհետևեց։ Հիմա ոչ մի ուժ չի կարող իմ մեջ հաղթահարել նրանց տեսնելու գայթակղությունը, և ես կիսաբացում եմ իմ մյուս աչքը և իսկույն փակում։
Լավ է, չէ՞, Բայկալ, նստել այստեղ, փեթականոցում, ամառային առավոտյան ջերմ արևի տակ և հիշել այն հեռու ձմեռային օրը։ Երբ ինսպեկտորը հագավ իր ոչ շքեղ, բայց տաք քուրքը, գլխին քաշեց ականջակալներով մորթե գլխարկը և վերցրեց մտրակը, Ֆրոսյա Տրիֆոնովնան ասաց.
Աստված քեզ հետ, ու խաչակնքեց նրա երեսը։ Հետո նա կռացավ ինսպեկտորի, ինստրուկտորի թե կոնստրուկտորի ձեռքի վրա, իսկ վերջինս մորուքով ու շրթունքներով դիպավ նրա գլխաշորին։ Հետո դուրս եկան։ Ես սկսեցի արագ հագնվել։ Բակի վրա բացվող պատուհանից ես տեսա, թե ինչպես դարպասները ճռալով բացվեցին և սահնակն առած Գալավտիֆոնին, դուրս սահեց, ելավ մեծ ճանապարհին և սուրաց դեպի արևելք։
Իմ տիրուհին արագ փակեց դարպասները և սենյակ ընկավ։
Շան ցուրտ, որ ասում են, այս է... Դու վե՞ր կացար, Գրիգորևիչ։
Լավ քնեցի, ասացի ես, գնամ մի գրասենյակ...
Նստիր և ճաշիր, հրամայեց նա, այս էլ քեզ օղի... Նստիր, Գրիգորևիչ...
Ե՛վ Գրիգորևիչ և՛ օղի, այս արդեն շատ էր, հազվագյուտ դեպքում նա ինձ պատվում էր հայրանունով, գալով օղուն՝ այս առաջին դեպքն էր։ Ես հասկացա, որ նա ինձ կաշառում է, սակայն հանուն ինչի՞։
Նա սեղանին դրեց մի բաժակ կաթ, կարտոֆիլի մնացուկը իջեցրեց փոքրիկ պնակում, դրեց ևս մի փոքրիկ կլոճ և կրկնեց.
Կե՛ր, Գրիգորևիչ, խմի՛ր օղին... Հիսուն գրամից շատ է...
Երբ ես մաքրազարդեցի սեղանը և հագա իմ շնամորթին՝ դուրս գալու համար, տանտիրուհիս ասաց.
Մարիային ոչինչ մի ասի... և ընդհանրապես՝ ոչ ոքի... Դու ոչ ոքի և ոչինչ չես տեսել...
Ես ոչ ոքի և ոչինչ չեմ տեսել, կրկնեցի ես և տաքացած գլխով փողոց դուրս եկա։
Օրհնվա՛ծ լինես, կյա՛նք, և՛ Գալավտիֆոն և՛ տիրուհի և՛ հիսուն և գուցե ավելի գրամ օղի և անասելիորե՜ն բարձրացած իմ հեղինակություն։ Դու տես թե մինչև որտեղ հասար դու, որ քեզ իր մեծագույն գաղտնիքն է վստահում քո տիրուհին, ութսունհինգամյա այս դասական սիրուհին, որը սիրում է կյանքի ութսունհինգ գարունների անդիմադրելի ուժով։ Եո քեզ ասացի՞, Բայկալ, որ երբ երկրորդ անգամ չդիմանալով, զգուշությամր բացի մի աչքս, ես հանդիպեցի Ֆրոսյա Տրիֆոնովնայի երկու աչքերին՝ միաժամանակ։ Նստել էր Գալավտիֆոն Պետրովիչը տիրուհուս մահճակալի առաջ, ու հնչում էր հաղթանակած սիրո երգը, որը միայն նրանց համար էր լսելի։ Այսպիսի սեր ես չէի տեսել։ Տիրուհիս կարողացավ միայն իր երկու բաց աչքերով րոպեապես փակել իմ առանց այն էլ կիսաբաց աչքերը և այդ պատասխանատու ակնթարթումն էր, որ մեր մեջ կնքվեց մի լուռ և ամուր դաշինք։
Ընդհանրապես այդ օրը նշանակալից օր եղավ ինձ համար։ Երբ ես թաղիքի ոտնամաններով ճեղքելով մշուշը նավում էի դեպի կոլխոզի վարչության գրասենյակը, մառախուղից դուրս սահեց իմ երիտասարդ տիրուհին՝ Մարիա Ալեքսանդրովնան.
Ո՞վ կա տանը։
Ձեր հարգարժան կեսուրը, պատասխանեցի ես։
Ուրիշ ոչ ո՞ք... Կանառայից...
Չգիտեմ, ես քնած էի...
Առավոտյան նա այստեղ էր։ Ես տեսա նրան. գյուղկոոպի խանութումն էր... Իմ ի՞նչ գործն է, թող ընդունի, ճանապարհի... Միայն թե թող նա էլ չխառնվի իմ գործերին... Ես նրան չեմ խանգարում, թող նա էլ ինձ չխանգարի...
Բայց մի՞թե դուք որևէ գործ ունեք, Մարիա Ալեքսանդրովնա, հարցրի ես, զգացված նրա մարդամոտ զրույցից, որքան գիտեմ, դուք...
Իսկ ինչո՞ւ չպիտի ունենամ, ընդհատեց նա գրեթե խստությամբ, նրանցից ինչո՞վ եմ պակաս. ես քսանմեկ տարեկան էի, երբ զրկվեցի իմ Անդրյուշայից... երիտասարդ կին եմ, անմարդ, անզավակ... առողջ եմ և ամեն ինչս էլ տեղն է...
Այո՛, այո՛, շտապում եմ համաձայնվել ես, բայց որքան գիտեմ, դուք չեք օգտվել ձեր, այսպես ասած՝ իրավունքներից...
Այդ չի կարևորը, օգտվել եմ, չեմ օգտվել, գրեթե սաստում է նա, և ես խեղճանում եմ ու հիշում իմ սոցիալական դրությունը, դու չէ, որ պիտի խառնվես այդ գործերին... Օգտվել եմ, չեմ օգտվել... նա, չգիտես ինչու, շոշափում է կուրծքը և լարված ուշադրությամբ նայում է ինձ։ Ասել, որ ես ինձ կորցնում եմ այդ հայացքից, ճշմարտության մոտ կլիներ, որովհետև ես լսում եմ իմ խուլ ձայնը.
Ներեցե՛ք ինձ... Ես այնպես, բարեկամաբար։
Մեր մեջ բարեկամություն չի կարող լինել, ասում է նա այս անգամ մեղմ ձայնով և ասես ափսոսանքով, ուրիշ բան, եթե դուք... դու... մի խոսքով եթե դուք ազատ մարդ լինեիք... համենայն դեպս... Նա նորից նայում է ինձ ուշադրությամբ, այսպես նայում են, երբ մի կարևոր որոշում են ընդունում... համենայն դեպս չէր խանգարի ստուգել ձեր բարեկամությունը... ձեր բարեկամությունը, հասկանալի՞ է, ոչ թե մեր բարեկամությունը...
Նա նայում է շուրջը և առողջ, սպիտակ ատամներով դուրս է քաշում աջ ձեռքի ձեռնոցը, հետո մերկ ձեռքը խոթում է թանձր վերարկուից ներս, մի քիչ կռանում և դուրս է հանում ըստ երևույթին կրծքի վրա պահած քառածալ մի թուղթ։
Հանձնիր Վոլոդյային, այնպես, որ ոչ ոք... Հասկանո՞ւմ ես, ոչ ոք, գիտակցված դու֊ով և գրեթե շշուկով ասում է նա։
Վոլոդյա, հանկարծակիի եմ գալիս ես։ Վոլոդյա...
Վոլոդյային, ավելի, գրեթե ընդհուպ մոտենում է նա ինձ, Վոլոդյային, անասնաբույժին...
Բայց նա կին ունի, երեխաներ, բարձրաձայն մտածում եմ ես։
Ի՞նչ անենք, գրեթե չարացած հարցնում է նա առանց ձայնը բարձրացնելու, ցույց տուր նմուշի համար մի ազատ տղամարդ... Մի՞թե չես տեսնում. սա ոչ թե գյուղ է, այլ այրի կանանց վանք... Մի խոսքով, նա բարակ ժպտաց, չես մոռանա, չէ՞... այնպես, որ ոչ ոք չտեսնի։
Ոչ ոք չի տեսնի, ապահով եղեք, ասում եմ ես տեղավորելով թուղթը աջ ձեռնոցիս խորքում, ապահով եղեք... բայց...
Պատերազմն է մեղավորը և նրանք, որոնք հնարեցին պատերազմը, արտասանում է նա այս անգամ գրեթե բարձրաձայն, դու շատ բան գիտես գուցե, բայց շատ բան էլ չգիտես... Դե, ցտեսություն, լավ լուրեր բեր։
Ես ոչինչ, ոչինչ չգիտեմ, Բայկա՛լ, ես միայն այն գիտեմ, որ երբ մենք բաժանվեցինք և երկու քայլի վրա ձմեռային մեգ֊մառախուղում մեկմեկու համար դարձանք անտեսանելի, ես միայն մի ցանկություն ունեի, բարեխղճությամբ և ամենայն սրբությամբ կատարել նրա հանձնարարությունը և ուրախացնել, լավ լուրերով ուրախացնել իմ երիտասարդ տանտիրուհուն։
... Օրը կոտրվում է, հետո թեքվում դեպի երեկո։ Փեթականոցի մոտ կանայք անցան հոգնած քայլերով, բայց երգելով։ Առանձնապես բարձր էր հնչում մեր գյուղի ամենաերիտասարդ այրու՝ Դարյա Մատյուշինայի ձայնը։ Նա հազիվ լիներ քսան տարեկան և մայր էր երկու տարեկան մի աղջկա։ Աղջկա հայրը... աղջկա հայրը հայտնի չէր թե ով էր։ Ընկերուհիները մի քանի անգամ Դարյային հարբեցրին և փորձեցին իմանալ գաղտնիքը։ Բան դուրս չեկավ։ Երբ հինգ֊վեց հոգիանոց խումբը հավասարվեց իմ խրճիթին, նա բաժանվեց ընկերուհիներից և համարձակ քայլերով ներս մտավ։ Ես հետևեցի նրան։ Նա մոտեցավ պատուհանի գոգում դրված մաքուր ջրով լեցուն դույլին և երկու ումպ ջուր խմեց։
Ծարավ չեմ, ասաց նա, թող տրաքվեն։
Նայեց շուրջը։
Դու այստեղ վատ չես ապրում... ոչ ոք չի՞ լինում մոտդ։
Ինչու չէ, պատահում է...
Ո՞վ։
Նախագահը, բրիգադիրը։
Այդ ինձ չի հետաքրքրում. կինարմատ լինո՞ւմ է մոտդ։
Ոչ։
Իսկ եթե ես գա՞մ։
Չի կարելի։
Կրիա՛, ասում է նա, ես գամ քեզ մոտ, դու էլ ինձ մերժես, կրիա՛...
Նա դուրս է թռչում, վազում, հասնում է ընկերներին, որոնք ընդունում են նրան աղմուկով։
Տրաքվե՛ք, լսվում է նրա ճիչը, նա ինձ համբուրեց...
Մայրամուտից հետո ասես մոխիր մաղվեց բացատի, անտառի և աշխարհի վրա։ Անտառի կատարին թառեց կիսալուսինը։ Բայկալը մի քանի անգամ պտույտ գործեց իմ շուրջը, ուշադրությամբ նայեց կիսալուսնին և կանգնեց երկու ոտին՝ լուսնի մնացած կեսը առանց իմ թույլտվության հաֆռելու ակնհայտ ցանկությամբ։ Լավ որ ես ժամանակին նկատեցի։
Բայկա՛լ, չի կարելի, ավելի լավ է նստիր և լսիր...
Հացահատիկների ամբարները շրջափակված են սրածայր, բարձր տախտակներով։ Մեծ դարպասի վրա բացված դռնակով մի քանի չոր վառելափայտ գրկած մտնում եմ իմ թագավորությունը։ Պահականոց վագոնն ավելի ցուրտ է, քան դրսում։ Գոնե ինձ այդպես է թվում։ Ինչպես ամեն օր՝ ես մեծ դժվարությամբ վառում եմ վառարանը և դուրս եմ գալիս ու հերթով մտնում ամբարները։ Ամեն ինչ իր տեղումն է։ Ցուրտ է, ամբարներում կանգնած է հացահատիկների մի տեսակ ցուրտ բուրմունքը։ Ես գրպանս լցնում եմ մի քանի բուռ ցորեն և վերադառնում վագոն։ Վառարանը աղմկում է և զգալիորեն կոտրվում է ցուրտը։ Վագոնի աջ ու ձախ կողմերում նստելու, անգամ պառկելու հարմարանք կա, բայց ես նստում եմ վառարանի առաջ դրված հարմարավոր կոճղին և եզրերը վեր ծալած թիթեղի վրա գրպանիս ցորենից աղանձ եմ պատրաստում և խրթխրթացնում մեծ ախորժակով։ Վագոնում հիմա կանգնած է խարկած ցորենի տաք բուրմունքը և ես ինձ երջանիկ եմ զգում։ Առաջ, երբ ես դեո նորեկ էի, վախով էի զբաղվում այս հոգեշահ գործով, բայց քհա, մի անգամ, կոլտնտեսության նախագահ Պյոտր Անդրեյիչն ինձ բռնեց հանցանքի վրա։
Ցորե՛ն ես բովում, չհարցրեց, նշեց միայն փաստը։
Եթե չի կարելի, այլևս չեմ անի, ասացի ես և փորձեցի ժպտալ։
Կարելի՜ է, երկարացրեց նա, վառարանի վրա տաքացնելով ձեռքն ու ձեոնոցները, կարելի է։ Եթե խոսող կլինի, ասա ես եմ թույլատրել։
Հետո նա մի քանի հատիկ աղանձ վերցրեց, նետեց բերանը, հագավ ձեռնոցներն ու գնաց։
Աղանձով զբաղվելը երկու նպատակի է ծառայում. առաջինը՝ ես մասամբ հագեցնում եմ քաղցը և հետո, որը նույնպես կարևոր է, ժամանակը շուտ է անցնում։ Ինչքան ժամանակ էր անցել, չգիտեմ, վառարանը հանգել էր, ես պատրաստվում էի նորից փայտ ավելացնել, բայց զգացի, որ վագոնում ավելի տաք է, քան կարելի է սպասել։ Փոքրիկ պատուհանից նայեցի դուրս, սառցակալած ապակու հալչող անցքերից ես նկատեցի, որ երկինքը կաթնագունել է և խոշոր փաթիլներով ձյուն է գալիս։ Իմ հոգին լցվում է մի խաղաղ, ասես, լուսավոր անձկությամբ։ Ես ուզում եմ մի լավ բան հիշել և չգիտես ինչու հիշում եմ անասնաբույժ Վոլոդյային։ Ես նրան հանդիպեցի կոլխոզի վարչության գրասենյակի դռների մոտ. ճիշտ այն րոպեին, երբ ես ուզում էի դուռը բանալ և ներս մտնել, դուռը բացվեց և երևաց նա, հաստ, մխացող ծխախոտը շրթունքներից կախված։ Ես մի կողմ քաշվեցի, ու երբ նա դուրս եկավ ու դուռը ծածկեց, ես դուրս քաշեցի իմ աջ ձեռնոցից քառածալ թուղթը և պարզեցի նրան։ Նա «հըմ» արավ, վերցրեց թուղթը և մեծաքայլ առաջ անցավ։ Այս մտքերի մեջ էի, երբ լսեցի դարպասի դռնակի խուլ ճռռոցը։ Մեկը ներս մտավ, զգուշությամբ ծածկեց դուռը և քայլերն ուղղեց դեպի իմ վագոնը։ Թափվող ձյան հոսուն ժանյակի միջից ես այնուամենայնիվ որոշեցի, որ անսպասելի այցելուն ոչ միայն Պյոտր Անդրեյիչը չի, այլև կին է։ Վագոնիկի դուռը բացվեց, ու ես լսեցի իմ տանտիրուհու ցած ձայնը։
Ինչ լավ է այստեղ, ինչ հաճելի...
Հետո նստեց և ավելի խուլ ձայնով ասաց.
Ժուրբինայի մոտ հավաքվել է մի ամբողջ կուսանոց։ Դառն օղի ենք խմում և քաղցր զրուցում, հետո երգում, հետո լալիս... (Լսվեց թերթի խշխշոց, նա գրպանից ինչ որ բան դուրս քաշեց) քեզ համար խաշած կարտոֆիլ եմ բերել... հաց... կարողացա՞ր նրան տեսնել, Գրիգորևիչ...
Տեսա, հանձնեցի, պատասխանեցի ես, իսկ հետո նույնպես ցածր ձայնով նկատեցի, իսկ եթե մեկը ներս մտնի՞...
Ես հիմա կգնամ, այս ձյուն գիշերով ո՞վ կարող է գալ... Եվ վերջապես ո՞ւմ ինչ գործն է... Ես ոչ ոքի չեմ խանգարում, թող ոչ ոք ինձ չխանգարի... Ինձ մի բարկացնի, թե չէ կսկսեմ բարձր ձայնով երգել... Նա ոչինչ չասա՞ց...
Ասաց՝ «հը՛մ», պատասխանում եմ ես ինչ որ բան հիշելով։
Այդպես, ասում է նա և ձեռնոցներն իրար խփելով ոտքի է կանգնում, այդպես... հը՛մ...
Հետո կռանում է ինձ վրա, և ես իմ դեմքին զգում եմ օղու տաք բուրմունքը։
Գնացի... գնամ տեսնեմ ինչ են անում մեր գժերը... ուշ է, շուտով ցրվելու ենք... իսկ դու ընթրիր, Գրիգորևիչ։
Շնորհակալություն հյուրասիրության համար, ասում եմ ես ոտքի կանգնելով, բարի գիշեր։
Բարի գիշեր։
Նա գնաց։ Հիմա ես մենակ եմ և մտքերս կարող եմ քշել ուզածս ուղղությամբ։ Ի՜նչ մեծ բախտ է, որ մարդկային երևակայությունը չի ենթարկվում ոչ մի վերահսկողության։ Ահա ես, նստած այս խավարում, կմտածեմ ինչ որ ուզեմ և ոչ ոք չի կարող բռնանալ իմ մտքերի ազատության վրա։ Հիմա ես մտքով կթռչեմ Մոսկվա, Երևան, անգամ Վան, և ոչ մի թուրք սահմանապահ չի կարող կանգնել իմ ճանապարհի վրա։ Ի՜նչ երջանիկ մարդ եմ ես։ Սակայն իմ այս երջանկությունը երկար չի տևում։ Իմ ականջին հասնում է մեծ դարպասի փոքր դռնակի ճռռոցը։ Ես նայում եմ պղտոր ապակուց դուրս և այս անգամ տեսնում եմ, որ ներս է մտնում բարձրահասակ մի տղամարդ։ Ես ինձ հետ գրազ եմ զալիս, որ եկողը ոչ այլ ոք է, եթե ոչ անասնաբույժ Վոլոդյան, և գրազը տանում եմ։ Նա վագոնի դուռը բացեց և մի լուցկի չրթացրեց։
Այստե՞ղ ես, հարցրեց նա բնական ձայնով։
Այստեղ եմ, պատասխանում եմ ես։
Նա խոր շունչ քաշեց։
Մի բան պիտի խնդրեմ... մի կես ժամով գնա գրասենյակդ, այս մասին ոչ ոք չպիտի իմանա, բացի ինձանից և քեզանից...
Սիրային հանդիպո՞ւմ, հարցնում եմ ես, դարձյալ ինձ հետ գրազ գալով, որ՝ այո՛...
Այո, պատասխանում է նա, ուրիշ բան մի մտածի...
Պարզ է։ Այս անգամ ես ավելորդ եմ համարում գրազ գալ, որ նա հանդիպել է Մարիա Ալեքսանդրովնային, իմ երիտասարդ տիրուհուն, և նրանք որոշել են այստեղ հանդիպել։ Խոստովանում եմ, ինձ պակասեց մերժելու քաջությունը։ Ես վերցրի տիրուհուս բերած փաթեթը և որոշեցի ընթրել գրասենյակում։ Ոչ ոքի ոչ մի խոսք, լսում եմ նորից Վոլոդյայի ձայնը և դուրս եմ գալիս։ Ձյունը շարունակվում է թափվել ավելի արագ և մանր փաթիլներով. այս նշանակում է, որ շուտով կդադարի։ Այս ինչ զարմանալի օր էր, մտածում եմ ես, այսօր բոլորը որոշել են ինձ վստահել իրենց գաղտնիքները։ Հե՛տա՛քը՛րքի՛ր է։ Բայց երբ ես դուրս էի գալիս մեծ դարպասի փոքր դռնից, պատահեց ավելի հետաքրքրականը, ես քիթ֊քթի հանդիպեցի իմ տիրուհո՞ւն, ոչ, Դարյա Մատյուշինային։ Լավ որ գրազ չեկա ինձ հետ, այլապես չարաչար կերպով պիտի տարվեի...
Այնտե՞ղ է Վոլոդյան, տաք շշունջով հարցրեց նա։
Այնտեղ է, պատասխանեցի ես։ Նա՝ ներս, ես՝ դուրս։
Արագ քայլերով ես հասա մինչև գրասենյակ և փոխանակ ներս մտնելու, նույն արագությամբ վերադարձա իմ ռեզիդենցիան։ Այս արշավի և հետարշավի ընթացքում ես ինձ հայհոյեցի իմ գիտցած, անգամ չգիտցած բոլոր հայհոյանքներով։ Ի՞նչ էի մտածում և ինչ դուրս եկավ։ Ի՞նչ պիտի մտածի իմ տիրուհին, եթե իմանա, որ ես իմ պահակատեղին դարձրել եմ Դարյայի և, որն ավելի սարսափելի է, Վոլոդյայի ժամադրավայրը։ Եվ այդ՝ երբ նույն օրը, ես իմ ձեռքով, իմ այս կոտրած ձեռքով հանձնել եմ նրա նամակը այս կոլխոզային Դոն Ժուան՝ դոն Վոլոդյային...
Ես առանց երկար֊բարակ մտածելու մոտենում եմ իմ վագոնին, կիսաբացում դուռը և ասում.
Ի՞նչ գործի եք, ազատեք վագոնը, նախագահը գալիս է գրասենյակի կողմից։
Ներսում իրար անցան, ևս մի րոպե և նրանք գնդակի պես դուրս թռան վագոնից և վազելով ձների միջով, իրար հետևից, նույն արագությամբ դուրս եկան մեծ դարպասի փոքր դռնակից ու փախուստ տվին երևի՝ մեկը աջ, մյուսը ձախ։
... Այսպիսի բաներ, Բայկալ, իմ բոլոր ջանքերը ապրելու ինքնամփոփ կյանքով և չխառնվելու աշխարհի չար ու բարուն՝ միշտ չէ որ պսակվում են հաջողությամբ, և հաճախ, շատ հաճախ ես հայտնվում եմ դեպքերի կենտրոնում, որոնք միայն ցավ են պատճառում ինձ ու տեղիք տալիս ավելորդ մտահոգությունների։ Ամենամեծ ցավն այն է, որ իմ երիտասարդ տանտիրուհին հաստատ հավատացած է, որ այդ Վոլոդյա կոչեցյալը սիրում է իրեն և միայն իրեն։ Ես կարող էի վերոհիշյալ դեպքի մասին պատմել նրան և հանել մոլորությունից, բայց ժամանակի ընթացքում համոզվեցի, որ չպետք է խառնվել այդ գործին։ Ոչ, չպետք է խառնվել այդ գործին, այլապես նա բոլորովին ուրիշ բացատրություն կարող է տալ իմ միջամտությանը։ Եվ իրավացի կլինի, կանացի անսխալ բնազդով նա չի կարող չզգալ, որ ես՝ մեղմ ասած՝ փնտրում եմ նրա ներկայությունը, ինչ որ անօգ, անամոք բան կա նրա մեջ, որ ինձ հուզում է և ստիպում, որ ես հաճախ մտածեմ նրա մասին։ Թվում է, թե նա ստեղծված է պաշտպանվելու և հովանավորելու համար, բայց ահա նա մնացել է զուրկ հովանուց և անպաշտպան է։ Եվ ե՛ս, միայն ե՛ս կարող էի նրան հովանավորել և պաշտպանել, օգնել և ամոքել, եթե ինքս չկարոտեի օգնության և ամոքման, հովանու և պաշտպանության։
Այսպես է բանը, Բայկալ։
Վերջին ժամանակները նա ավելի հանդարտաբարո է և մի տեսակ երազկոտ։ Հաճախ անհետանում է և տուն է գալիս գիշերին։ Նման դեպքերում Ֆրոսյա Տրիֆոնովնան իր տեղը չի գտնում, փնթփնթում է, բարկանում տնային իրերի՝ չփակվող վառարանի կափարիչի, վատ կախված շերեփի, բոլորովին անմեղ, իրենց տեղում հանգիստ նստած բարձերի վրա։ Նման դեպքերում ես չեմ քնում, սպասում եմ նրա գալուն ու երբ լսում եմ դրսի դռան զգուշավոր ճռռոցը, վեր եմ կենում և անշշուկ բաց եմ անում սենյակի դուռը։ Խավարում նա փնտրում, գտնում է իմ ձեռքը և սեղմում։ Այս նշանակում է՝ շնորհակալություն...
Շնորհակալությո՛ւն, շնորհակալությո՛ւն իմ անշնորհակալ ճակատագրին, որ նետեց ինձ այդ հեռավոր ափերը, ու ես տեսա ու ճանաչեցի այս երկրամասը, աշխարհագրական քարտեզի վրա չնշված այս գյուղը, նրա մարդկանց, որոնք օր֊օրին ավելի մոտ ու հարազատ են թվում ինձ։ Շնորհակալությո՛ւն, որ տրվեց ինձ հնարավորություն ավելի ջերմ սիրով սիրել և գնահատել կյանքը, իմանալ մի կտոր հացի և մի փշուր ժպիտի գինը։ Շնորհակալությո՛ւն, որ ինձ է վիճակված ուշ գիշերին բանալ դուռը և ներս ընդունել իմ երիտասարդ տիրուհուն, եթե ես չհայտնվեի այս կողմերում, ո՞վ պիտի նրա վրա բանար դուռը... Իհարկե, իմ տիրուհին չէր մնա փողոցում, վերջ ի վերջո անկողնից կբարձրանար Տրիֆոնովնան և կբանար դուռը, բայց անկարելի էր, որ գործը վերջանար առանց շանթ ու կայծակի։ Շնորհակալությո՛ւն, շնորհակալությո՛ւն, որ շանթերով ու կայծակներով լեցուն այս աշխարհում ինձ վերապահվեց շանթարգելի շնորհակալ դերը։
Այո՛, վերջին ժամանակները նա ավելի հանդարտաբարո է, երազկոտ ու մի տեսակ թափանցիկ։ Մի՞թե դու չես նկատել, Բայկալ, որ նա շարունակ ժպտում է, ժպտում առանց առիթի։ Ինչ֊որ հաճելի բաներ է հիշում նա երևի և ժպտում է։ Դու չե՞ս գտնում, Բայկալ, որ նրանք տեսնվում են։ Որտե՞ղ, ինչպե՞ս, այդ չէ կարևորը, բայց որ տեսնվում են, դա կասկածից դուրս է։ Որպես գաղտնիք քեզ պիտի հաղորդեմ նաև այն, որ մի անգամ, երբ նա շրջանային կենտրոն մեկնեց որոշ գնումներ անելու համար, երեկոյան վերադարձավ դատարկ ձեռներով։ Նա գրպանից հանեց և ինձ ցույց տվեց արծաթազօծ մի ծխախոտատուփ, որի վրա վազում էր մի եղնիկ, իսկ որսորդը հրացանի փողը ուղղել էր փախչող եղնիկի վրա։ Կասկած չկար, որ գնդակը չի վրիպի։
Գեղեցիկ է, չէ՞, հարցրեց նա գրեթե շշուկով։
Եղնիկը դատապարտված է, ասացի ես առանց պատասխանելու նրա հարցին, ուղիղ նայելով նրա աչքերին։
Նա խուսափեց իմ հայացքից և ասաց կոտրված.
Ինձ էլ է այդպես թվում... Բայց գեղեցիկ է, չէ՞։
Իհարկե գեղեցիկ է, պատասխանեցի ես ակնհայտ չարությամբ, եղնիկը կմեռնի, իսկ որսորդը կշարունակի ապրել և նորանոր եղնիկներ որսալ... սրանից ավելի գեղեցիկ բա՞ն...
Նա կարծես չլսեց իմ խոսքերը, տուփը դրեց գրպանը, դուրս եկավ տնից և վերադարձավ ուշ գիշերին։
Իսկ հետո ի՞նչ պատահեց։ Պատահեց այն, որ մի քանի օր հետո, իրիկնադեմին, ըստ իր սովորության, հեռվից նետված քարի նման իմ խրճիթն ընկավ Դարյան.
Մի լուցկի վառի... իմը վերջացավ։
Որ նա ծխող էր, ես գիտեի, գիտեի և այն, որ ծխող են նրա ընկերուհիների մեծ մասը, դա սովորական բան է մեզ մոտ. մի՞թե ընկերուհիներից չէր կարող նա լուցկի վերցնել։
Ընկերուհիներս Աշպատսկի ճանապարհով տուն գնացին, ասում են՝ նրանց գյուղկոոպն ինչ֊որ չիթ է ստացել, կարծես գուշակելով իմ մտքերը արդարացավ նա, դու մի՛ մտածի, որ խելքս գնում է քեզ համար... լուցկի վառիր։
Եվ նա գրպանից «ըհը» անելով, դուրս քաշեց ծանոթ ծխախոտատուփը։ Որսորդը դեռ կրակում էր։
Նվեր ես ստացել, չհարցրի, փաստը միայն արձանագրեցի ես։
Նվեր եմ ստացել, հաստատեց նա ծխախոտի ծուխը փլելով դեպի առաստաղը, նվեր եմ ստացել, հետո ի՞նչ...
Եվ գիտեմ ումից ես ստացել, առաջ գնացի ես։
Ես չգիտեմ, գիտես թե չգիտես, լրջացավ նա, բայց եթե գիտես, լավ կանես, լեզուդ քեզ քաշես, հասկացա՞ր...
Գուցե թռցրե՞լ ես, փորփրում եմ ես ավելի բարկացնելու համար նրան։
Ո՛չ, ո՛չ, ինչ ես ասում, նա նվիրեց ինձ։ Մինչև անգամ ասաց, որ այդ տուփը նվեր է ստացել մի կնոջից, որը գժվում է նրա համար...
Իսկ ի՞նքը։
Չի սիրում, ասում է՝ զահլես տանում է։ Ինձ էլ չի սիրում։ Հիմարություն, ուրիշ ոչինչ։ Ուրիշ ոչինչ. դե, ես գնացի. դու ինձ մի նայի այդպես վախեցած աչքերով, ես քեզ չեմ ուտի։ Եթե բանի պետք լինեիր, ես քեզ վաղուց դարձրել էի իմ սեփականությունը, ինչ անենք, որ աքսորական ես։ Միշտ այսպես չի մնա։ Բայց դե՝ դու անպետք մարդ ես, ձի լծել անգամ չգիտես... ինչ որ է, ես գնացի...
Ու գնաց էժանագին ծխախոտի ծուխը թողնելով խրճիթում։
Ի՞նչ ես ասում, Բայկալ, չսկսե՞մ վաղվանից ձի լծել սովորել և մի գեղեցիկ օր, ո՛չ, ցուրտ֊ձմռան մի գիշեր...
... Թռչում է ձյուների միջով փղոսկրե սահնակը, իսկ սահնակին ես լծել եմ հրեղեն մի նժույգ։ Թռչում է սահնակը, իսկ սահնակը վարում եմ անձամբ ես, թռչում է նժույգը, իսկ նժույգը լծել եմ անձամբ ես։ Սահնակում ընկած է ձեռներն ու ոտները կապած Դարյա Մատյուշինան, այդ ես եմ կապկպել նրա ձեռքերն ու ոտքերը և դարձրել իմ սեփականությունը։ Մտնում ենք ձյունածածկ անտառը, իսկ նրա խորքում մեզ սպասում է փղոսկրե դղյակը փղոսկրե նաժիշտներով, որոնք սպասում են անհամբեր իրենց տիրուհուն։ Սեղանը պատրաստ է։ Սեղանին մի շիշ օղի, մեծ քանակությամբ հաց և մի մեծ կտոր խոզաճարպ։ Ես հետ եմ նայում և, ով զարմանք, սահնակում ոչ թե Դարյան է, այլ իմ երիտասարդ տիրուհին։ Ես կանգնեցնում եմ սահնակը, արձակում նրա կապերը, այսպես ավելի լավ է, ասում է նա, միևնույն է, ես քեզանից բաժանվողը չեմ, ես քեզ հետ կապված եմ այնպես, ինչպես Բայկալն է կապված քեզ հետ... Այստեղ ես հիշում եմ իմ Բայկալին, ո՞ւր է Բայկալը, Բայկալը չկա։
Բայկա՜լ, Բայկա՜լ, կանչում եմ ես, ո՞ւր ես, Բայկա՛լ...
Բայկալը մռմռում է, դունչը դնում ծնկիս ու պոչով ծեծում է հողագնդի այն մասը, որն ընկած է իր պոչի տակ։ Եվ իրավունք ունի Բայկալը, լուսինը կանգնած է գրեթե զենիթում, իսկ մենք դեռ չենք ընթրել։
... Խաղաղությո՛ւն, խաղաղությո՛ւն։ Հիմա, Բայկալ, դու քո մտքերի հետ, ես՝ իմ։ Ընթրիքից հետո հաճելի է լուռ նստել և օգտվել մտքի ազատությունից։ Ես հիմա կգնամ, ո՞ւր կգնամ, ուր որ ուզեմ, Վա՛ն, Երևա՛ն, Մադագասկա՛ր, ես հիմա կմտածեմ, ի՞նչ ի՛նչ որ ցանկամ, ինչ որ ցանկամ, բառիս բուն իմաստով. կեցցե՛, թող կեցցե՛ ազատությունը։
Բայկալը դունչն ուղղեց դեպի անտառը, ոտքի կանգնեց ու երեք անգամ միավանկ հաչեց. հա՛ֆ֊հա՛ֆ֊հա՛ֆ։ Անտառամերձ կածանով երկարաստվեր մի մարդ անցավ ու անհետացավ։ Չգիտեմ ինչու՝ անասնաբույժին հիշեցի։ Մինչ այս, մինչ այն, Բայկալը հար և նման հաչոցով նետվեց դեպի գյուղից փեթականոց սողացող արահետը։ Արահետի վրա երևաց լուսնի լույսով ողողված՝ ես հուրի ասեմ, դու փերի առա, իսկ եկողը ոչ հուրի էր, ոչ փերի, դա պարզապես իմ երիտասարդ տիրուհին էր ծաղկավոր սարաֆանով և ամառային թեթև, երկարաճիտ կոշիկներով։ Ես նրան երբեք այդքան հմայիչ չէի տեսել, աչքերը շողում էին, ժպտուն շուրթերը թեթև դողում, իսկ ինքը ոչ թե քայլում էր, այլ միջոցի մեջ լողում։
Լավ է, չէ՞ Գրիգորևիչ, երբ հավատում ես, հարցրեց նա ինձ առանց բարևելու, երևում էր, որ ամբողջ ճանապարհին այդ մասին էր մտածել. հետո, առանց սպասելու իմ պատասխանին, տվեց երկրորդ հարցը։
Ոչ ոք չանցա՞վ այստեղով։
Ես պատասխանեցի, որ երջանիկ է նա, ով հավատում է և որ այստեղով (ես ցույց տվի արահետը, որով եկել էր ինքը) ոչ ոք չանցավ։ Ճիշտ այդ միջոցին անտառից լսվեց բարակ սուլոց, և Բայկալը պոչով ծեծեց ինքն իրեն և նայեց աչքերիս, ինչպե՞ս վարվել, իսկ հավատավոր տիրուհիս նայեց սուլոցի կողմը և, ասես հիպնոսացված, կիսաբաց, երազուն հայացքով գնաց այդ ուղղությամբ։
... Զարմանալի օ՛ր, օ՛ր զարմանալի. ես արդեն ասացի, որ իմ բոլոր ջանքերը ապրելու ինքնամփոփ կյանքով և չխառնվելու աշխարհի չար ու բարուն՝ միշտ չէ որ հաջողվում է, և ես շատ անգամ ընկնում եմ խաչաձևվող դեպքերի կենտրոնում, մի բան, որի կարիքն ամենևին ես չեմ զգացել և որը միայն առիթ է ավել ավելորդ մտահոգությունների։ Հիմա ես ոչ մի բանի մասին չեմ ուզում մտածել և կարող եմ մինչև անգամ մտնել իմ խրճիթը, պառկել թախտին և աչքերս փակել, վստահ, որ գոնե անտառի կողմից ոչ մի չարագործ, երկոտանի թե չորքոտանի, չի կարող մոտենալ իմ փեթակներին։ Ես ուզում եմ իմ այս նկատառումներին մասնակից դարձնել Բայկալին, բայց նա արդեն զգացել է մենակ մնալու վտանգը և ուզում է ինձ զբաղեցնել. այդ նպատակով, նա երկու անգամ թափով անցնում է իմ երկու ոտների արանքով, հետո կանգնում է հետևի ոտներին և փոխանակ ինձ նայելու, լուսնի տակ փայլող սև դունչը և մտահոգ աչքերն ուղղում է գյուղից փեթականոց ձգվող արահետին։ Հետո նա արագ, չորս ոտների վրա վազում է արահետով վար, մի անգամ էլ նայելով աչքերիս, իսկ ես շատ լավ հասկանում եմ նրան. քնե՞լ էիր ուզում, ուզում էիր ինձ մենա՞կ թողնել. ես հիմա քեզ համար զբաղմունք կգտնեմ...
Արահետը ծածկող ծառերի խորքից ես լսում եմ նրա կարճ, բարեկամական հաչոցը, և ահա մի մեծ գյուտ արածի պես երևում է նա, արահետի վրա վազելով՝ Դարյա Մատյուշինայի կողքով, քսվելով նրա վառ կանաչ շրջազզեստին։
Ա՛ռ քեզ։
Ես պետք եղածից ավելի բարձր ձայնով և անուն֊ազգանունով, այո՛, անուն֊ազգանունով ողջունում եմ նրա գալուստը։
Ա՜, Դարյա Մատյուշինա, Դարյա Մատյուշինա, հրամեցե՜ք, հրամեցե՜ք, ո՞ր քամին փչեց...
Նախ՝ մի գոռա, ասում է նա ինձ ցած ձայնով և արագ֊արագ շնչելով, հետո... ոչ ոք չանցա՞վ այստեղով...
Այստեղո՞վ, հարցնում եմ ես, առանց իջեցնելու ձայնս, ինչպե՜ս կարող է ոչ ոք չանցնել այստեղով... ամբողջ աշխարհն է անցնում իմ խրճիթի մոտով, իմ խրճիթի միջով՝ եթե կուզեք... այո, աշխարհի կենտրոնը որ ասում են՝ իմ խրճիթն է... Բայց ձեզ ո՞վ է հետաքրքրում։
Ինձ ոչ ոք չի հետաքրքրում, պատասխանում է նա ըստ երևույթին վարժվելով իմ բարձր ձայնին և ինքն էլ բարձրացնելով ձայնը, այս ուշ գիշերով ո՞վ կարող է գալ այս կողմերը։ Երևի աչքիս երևաց։ Հիմարություն։ Բայց ահա... քո տանտիրուհին էլ տանը չի...
Պառա՞վը, հորանջում եմ ես։
Ինչո՞ւ պառավը, հենց երիտասարդը, այդ, այդ...
Իսկ ինչո՞ւ ես կարծում, թե տանը չէ...
Ստուգեցի։ Երբ տեսա, որ նա այս կողմերն է քարշ տալիս իր երկար ոտները, գնացի, ստուգեցի։ Բոլոր կասկածելիները տանն են, բացի քո տանտիրուհուց։
Աչքիդ է երևացել, ասում եմ ես, երևի թվացել է։
Գուցե, գուցե։ Եթե հաստատ տեսնեի, հենց նրան կհետևեի... Օձի սարի կտրուկ ճանապարհով մի բան մտավ կեչուտը... նա է՜ր, նա չէ՜ր...
Աչքիդ է երևացել, այս անգամ հաստատապես եզրափակում եմ ես և ավելի համոզիչ հորանջում։
Հիմա ես եմ ուզում, որ այս Դարյա կոչեցյալը կամ ցածր ձայնով խոսի, կամ ընդհանրապես չքվի։ Հիսուն քայլի վրա՝ արդեն գիտեն թե ով է բարեհաճել հետախուզության դուրս գալու այս ուշ գիշերով, իսկ մնացած մանրամասնությունները... ես ապրում էի մի անստույգ երկվությունը. մի կողմից ես ուզում էի, որ դիմակազրկվեր այդ կոլխոզային Դոն Ժուանը, դոն Վոլոդյան, իսկ մյուս կողմից չէի ուզում, որ այդ պատմությանը խառնվեր իմ երիտասարդ տիրուհու անունը։ Չէ՛, ես չէի ուզում, որ իմ աչքի առաջ նա զգար, որ խաբված է, որ զուր է հավատացել մարդուն և ապրեր դառն հիասթափություն։ Ես գիտակցում էի, որ կգա այդ օրը, անխուսափելի է տիրուհուս սիրո, հավատի և հույսերի փլուզումը, բայց... Միայն թե ես ներկա չլինեմ այդ ողբերգությանը։ Եթե նրա երջանկությունը ժամանակավոր է, ապա թող երկարաձգվի այդ ժամանակավորը, վերջ ի վերջո այս լուսնի տակ ամենայն ինչ ժամանակավոր է...
Իսկ Դարյան իրենն է քշում։
Չկարծես թե սիրում եմ նրան, ոչ, ինչ մի սիրելու բան է, որ... Բայց եթե իմանամ, որ ինձ խաբում է... այս դանակը տեսնո՞ւմ ես...
Եվ նա գրպանից հանեց և ցույց տվեց ինձ մի դանակ, որով միայն կարելի էր հավ մորթել։
Գնանք խրճիթ, ընդհատում եմ ես Դարյային, բռնելով նրա ուսը, այնտեղ ավելի հարմար է, կնստենք և կխոսենք... Գնանք ներս։
Դու, ի՞նչ է, ուզում ես ինձ ճանապարհից հանե՞լ... բան չի դուրս գա։ Մի ուրիշ օր գուցե հիմարանայի... ուշ գիշեր, լուսին, առանձնություն... իսկ հիմա մտածում եմ միայն նրա մասին։ Չկարծես թե նա ինձ նյութապես է շահագրգռել, ոչ, նա ինձ նվիրել է ահա այս ծխախոտատուփը... որսորդը նշան է բռնել եղնիկին և ոչ մի կերպ չի կրակում...
Այդ րոպեին էր, որ կրակվեց, կրակվեց անվրեպ. ծուխ չբարձրացավ, ճիշտ է, կրակոց չլսվեց, դրա փոխարեն իմ ականջին հասավ այն կողմից ինչ֊որ խուլ աղմո՞ւկ, ոչ, խառնաշփոթությո՞ւն... և այդ և՛ որոշ և՛ անորոշ խառնաշփոթի միջից լսվեց տանտիրուհուս տագնապահար կանչը.
Դա՛ր֊յա՜, օգնի՜ր...
Այնուհետև ի՞նչ պատահեց. էական ոչինչ։ Դարյան նետի նման նետվեց թփուտը, հետո... հետո լսվեց տղամարդկային ու երկարատև, ցավագին մի հառաչ թե՞ թառանչ և կանացի երկու ստվերներ հալվեցին Աշպատսկ տանող ճանապարհին։ Արագ և գործնական։ Նույնպես արագ և ոչ պակաս գործնական՝ նրանց հետևից նետվեց Բայկալը և վերադարձավ ոչ թե գնացած, այլ մեր գյուղի ճանապարհով։ Այստեղից էլ ես հասկացա, որ երկար ժամանակ է անցել մինչև ես կվճռեի իմ անելիքը՝ անտառամերձ կածանի վրա երևաց երկրաստվեր մարդը։ Նա առաջանում էր դժվարությամբ և թվում էր թե նրա ստվերը կարճացել է։
Հետո, ի՞նչ հետո։ Հետո լսվեց, որ անասնաբույժն իր կնոջ և յոթ տարեկան տղայի հետ Կանառայ է փոխադրվել։ Իր հերթական այցելություններից մեկի ժամանակ Գալավտիֆոն Պետրովիչը ցած ձայնով, համարյա թե շշուկով հաղորդեց, որ անասնաբույժի կինը լքել է նրան, վերցրել է երեխային և մեկնել Նովոիվանովկա, ծնողների մոտ։ Մի ուրիշ անգամ էլի խոսք բացվեց այդ մասին ինչ֊որ կապակցությամբ։ Իմ տանտիրուհին հարցրեց, թե անասնաբույժը դեռ չի՞ ամուսնացել, որի վրա Գալավտիֆոնը խնդմնդաց բեղմորուքի տակ, հետո լրջացավ և հայտնեց անհավատալին, կանայք խուսափում են անասնաբույժից։ Իմ տանտիրուհին զարմացավ, շատ զարմացավ և ի նշան զարմանքի բռունցքով փակեց սեփական շրթունքները։
Ի՞նչ կար զարմանալու, ես այդպես էլ չհասկացա, պարզապես կանայք իմացել են թե ի՞նչ պտուղ է նա և փախչում են նրանից, այդ կոլխոզային Դոն Ժուան, Դոն Վոլոդյայից։ Թող գնա և իմանա...
Իսկ հիմա, Բայկա՛լ, նստենք ու մտածենք ապագայի մասին, իսկ ապագան միշտ գեղեցիկ է...
Դու չե՞ս գտնում...
1966