Գրիգ

Փետրուրներ

Մետաղի սուր, կտրող ձայնը կիսում էր տոթ գիշերը, ասեղների տեսքով լցվում սենյակս: Քրտնած սավանը կպել էր մարմնիս, մարմնիս վրա մարմին էր դարձել, և երկու մարմինների արանքում շեկ, արևից խանձված երազներ էին հոսում, իսկ ձայնը համառորեն լցվում էր ականջներս, պոկում ինձ ինձնից: Ժամանակ առ ժամանակ մոտենում էի պատուհանին, մի կողմ հրելով վարագույրը՝ նայում. ձայնը կրկնվում էր կարճ դադարներով, գալիս էր խաղահրապարակի կողմից:

Արդեն քանի գիշեր էր՝ ուշ ժամին լսվում էր և չէր դադարում մինչև լույսը բացվելը: Պարզ էր, ինչ-որ մեկը ճոճվում է ժանգոտած ճոճանակի վրա, բայց ո՞վ, ո՞ւմ էր հարկավոր... Բոլոր ջանքերս տեսնելու, թե ով է, ապարդյուն էին. խաղադաշտի այդ հատվածը լուսավորված չէր, գիշերվա ժամերին ոչինչ չէր երևում, իսկ լույսը բացվելուն պես դատարկ էր: Դրությունն անտանելի էր դառնում, սկզբում վճռեցի սպասել՝ ակնկալելով, որ հարևանների նյարդերը իմ նյարդերից զգայուն կգտնվեն և տեղի կտան, սակայն ձայնը շարունակում էր հնչել, տպավորություն էր՝ ամբողջ թաղամասում միայն ինձ էր խանգարում, միայն ես էի լսում: Համբերելն անհնար էր, պետք էր անհապաղ լուծում տալ հարցին, ու երբ հերթական անգամ ձայնը լսվեց, առանց վարանելու շտապեցի խաղահրապարակ: Իջնում էի աստիճաններով, սրտումս վախ կար, որ ճոճանակին հարբեցող կամ անտուն մարդ է լինելու: Վստահ էի՝ մենակ է: Ի՞նչ պիտի անեմ, ձեռնամարտի հո չե՞մ բռնվելու հետը, իսկ եթե դանա՞կ լինի մոտը, մտածում էի: Այդուհանդերձ, ինչ-որ բան ստիպում էր առաջ շարժվել:

Մարդը նստած էր ճոճանակին, օրորվում էր, լողում աղջամուղջի մեջ: Լույսը չէր հերիքում, զգում էի շարժումը և հազիվ նշմարում մարմնի ուրվագծերը: Փորձում էի կռահել՝ արդյոք ծանոթ չէ՞: Արդեն մոտեցել էի, մի քանի քայլ էր բաժանում մեզ, երբ հանկարծ նկատելով ինձ՝ անփութորեն ցատկեց ճոճանակից ու փախավ: Մարմնի կառուցվածքից, շարժումներից կարելի էր ենթադրել՝ տղամարդ է: Ամեն ինչ այնքան արագ, ակնթարթորեն կատարվեց, որ դեպքերի նման զարգացումից շփոթված՝ վերադարձա տուն: Կարծեց՝ վնասելու եմ, մի՞թե այդ աստիճան վախեցրի, գլուխը կորցրած փախչում էր, մտածում էի: Անծանոթի շարժումները այն տպավորությունն էին թողել, թե չէին համապատասխանում մարմնին, ասես ուրիշինը լինեին: Ամեն ինչ վերագրելով խմիչքին, վճռեցի, որ հարբեցող է, և գոհ ինձնից ու բռնածս գործի հաջող ավարտից՝ պառկեցի քնելու: Մեկ ժամ էլ չէր անցել՝ ձայնը նորից լսվեց:

Եվս մի քանի օր այն հանգիստ չտվեց ինձ, սակայն այլևս չհամարձակվեցի տնից դուրս գալ: Մոտենում էի պատուհանին, դիտավորյալ փեղկերը աղմուկով իրար զարկում. ոչ մի օգուտ: Չարությամբ էի լցվում տղամարդու հանդեպ, զայրույթը կրծում էր ուղեղս, և չգիտեմ ինչ կլիներ հետո, եթե մի առավոտ, երբ կապտել էր երկինքը, պատահաբար չտեսնեի, որ ճոճանակի վրայի մարդը Արտակն է... Լրիվ մոռացել էի նրա մասին, ասես երբեք չէր եղել, բայց նա կար, հիշեցնում էր իր մասին...

Արտակի հետ կապված բոլոր հիշողությունները մանկության դրվագներ են: Մեկ տարով մեծ էր ինձնից, եթե ասեմ՝ ընկերներ էինք, ճիշտ չի լինի. փոքր ժամանակ էլ ընկեր ունենալը շռայլություն էր ինձ համար: Բակի տղաներով ֆուտբոլ էինք խաղում, նա մեզ հետ էր: Միշտ դարպասում էի կանգնում, դարպասապահի գործը ստացվում էր, իսկ նա հարձակվող էր, լավ էր խաղում, գնդակով նույնքան արագաշարժ էր, որքան առանց գնդակի: Նախանձում էի, որ նրա պես ճարպիկ չեմ, իմը դարպասն է: Հիշում եմ՝ մի օր տղաները չկային, երկուսով էինք, և խաղից հետո, երբ փոշոտված հագուստով մտա տուն, հայրս կանգնած էր լուսամուտի դիմաց, կանչելով իր մոտ՝ տարօրինակ բան ասաց: Ասում էր, որ զգույշ լինեմ, շատ չմտերմանամ Արտակի հետ: Զգում էի՝ հայրիկը փորձում է հնարավորինս մեղմ ձևակերպել խոսքը ինձ չվախեցնելու համար, կրկնում էր, որ տղաների հետ խաղամ միայն: Հետո մորիցս իմացա, որ Արտակը հիվանդ է, ասում էր՝ ի ծնե խնդիր ունի գլխի հետ, որ նրա հայրն է ասել իմ հորը: Չէի հասկանում՝ ինչ խնդրի մասին է խոսքը, ծնողներիս անհանգստությունն ավելի էր բորբոքում հետաքրքրասիրությունս: Երբ հաջողեցնում էի ծլկել նրանց աչքից, Արտակի հետ էի, ուշադիր զննում էի, փորձում գտնել հիվանդությունը, բայց այն համառորեն չէր ցանկանում երևալ: Ամեն անգամ գլխին էի նայում, վստահ էի՝ խիտ մազերի տակ սպիներ են թաքնված, թրթուր հիշեցնող հաստ սպիներ:

Հիվանդությունը գտնելու բոլոր ջանքերս ապարդյուն էին, ոչ մի արտառոց բան չկար, ոչնչով չէր տարբերվում մյուս տղաներից: Սակայն ժամանակի ընթացքում զարմանալի բան կատարվեց, տարիներն անցնում էին, իսկ Արտակը չէր մեծանում, ասես ժամանակը չէր նկատում նրան, անցնում էր կողքով, միայն մարմինն էր մեծանում: Ի՞նչ պատահեց, գուցե գլխում ինչ-որ կարևոր բջիջ հրաժարվե՞ց նման լինել մյուս կարևոր բջիջներին, չցանկացա՞վ անել այն, ինչ որոշված էր իր փոխարեն, ինչ մեծամասնությունն էր թելադրում: Գուցե հրաժարվեց անվերջ վախենալ մենակ մնալուց, վաղվա օրից, ժամանակից ու պայթե՞ց... Բակի տղաներով արդեն այլ հետաքրքրություններ ունեինք, իսկ նա շարունակ ֆուտբոլ էր խաղում, արդեն իրենից յոթ, ութ տարի փոքրերի հետ:

Ժամանակը թռչում էր. ընդունվեցի համալսարան, ամեն անգամ դասից վերադառնալիս հայացքս ինձնից անկախ թեքվում էր դեպի խաղահրապարակ. դժվար էր չնկատել բարձրահասակ, ամբողջ դեմքը մազակալած մարդուն, որ մանկան ոգևորությամբ խաղում էր հազիվ իր գոտկատեղին հասնող երեխաների հետ...

Հարցին՝ ինչպե՞ս դուրս մնաց իմ տեսադաշտից և որտեղի՞ց հայտնվեց նորից, դժվարանում էի պատասխան գտնել: Աղոտ հիշում էի, որ հարևաններից մեկը մի առիթով ասում էր, թե բնակիչներից բողոք է եղել, երեխաների համար են անհանգստանում, վախենում են մի վնաս չհասցնի, մանկամիտ է, չես իմանա, խաղի ժամանակ ոգևորվում, անկառավարելի է դառնում: Այդ պատճառով հատուկ մտավոր խնդիրներ ունեցողների համար նախատեսված գիշերօթիկ են տարել...

Արտակը կար, հիշեցնում էր իր մասին, և ներսումս անորսալի զգացողություն էր, թե պարտավոր եմ հանդիպել հետը, անբացատրելի զգացողությունը շտապեցնում էր, ասես ժամանակը սուղ էր: Որոշեցի ձայնը հնչելուն պես մեկ անգամ էլ գնալ խաղահրապարակ: Մտքովս անցավ ուտելիք վերցնել. ինչ-որ գրքում կարդացել էի, թե ամերիկացի հոգեբաններից մեկն իր հիվանդների հետ առաջին կոնտակտը հաստատելու համար ուտելիք է տվել: Մինչ ճոճանակին մոտենալը կբղավեմ, որ ուտելիք եմ բերել, չի փախչի: Գիշերվա ուշ ժամին ձայնը լսվեց, ամեն ինչ կրկնվեց ճիշտ առաջին անգամվա նման, և մեծ էր զարմանքս, երբ ուտելիք տանելու անհուսալի թվացող միտքն աշխատեց: Բավական էր բղավեի ուտելիքի մասին, իսկույն կանգնեց: Նա արագ-արագ ուտում էր բերածս խնձորները, չէի տեսնում, լսում էի: Զգում էի շարժումը, մարմինը գիրացել էր, ծանր էր, ոչինչ չէր մնացել հին մարմնից: Զգում էի նաև, որ գլուխը կախ է, փախցնում էր աչքերը, չէր կարողանում իմ կողմը նայել...

Ամեն գիշեր, երբ լսվում էր ճոճանակի ձայնը, խնձոր էի վերցնում ու շտապում նրա մոտ: Խոսում էի, հարցնում՝ արդյոք հիշո՞ւմ է ինձ, ֆուտբոլ ենք խաղացել իրար հետ, միշտ դարպասում էի կանգնում, նախանձում էի, որ իր պես ճարպիկ չեմ, ինքը գնդակով նույնքան արագաշարժ էր, որքան առանց գնդակի, իմը դարպասն էր: Լուռ խնձոր էր ուտում: Ջանում էի խոսեցնել, բայց ինչո՞ւ, պատասխան չունեի: Շուտով խոսեց... Փորձում էի հասկանալ, կապ գտնել ասածների միջև, սակայն բառերը չէին կապվում, իմաստը վերջին պահին փախչում էր, ձուլվում օդում: Վստահ էի՝ ինքն իր հետ է խոսում, չէր պատասխանում հարցերիս, ասես չէր լսում: Մեր վերջին հանդիպման օրը պարզվեց, որ սխալվում էի. Արտակը նստած էր ճոճանակին, ձեռքին աղավնի էր, մթության մեջ սպիտակ կետ էր երևում, շոյում էր թռչունին ու խոսում հետը.

– Երբ փետուրներդ թափվեցին, չէիր կարողանում թռչել, պապան ասում էր՝ հիվանդացել ես: Հետո փետուրներդ աճեցին, ու թռար: Ես տեսա, թաքնվել էի ու տեսա, թե ինչպես թռար, պապան ասաց՝ առողջացել ես... Պիտի թռչես, որ ապրես, թռչունը պիտի թռչի, որ ապրի...

Այդ օրը, հավանաբար դուք այդտեղ չեք եղել, ես ևս չեմ եղել: Ասում էին՝ լույսը նոր էր բացվել, երբ տղամարդու լացի ձայնը արթնացրել է բնակիչներին, մարդիկ շփոթված նետվել են դեպի պատուհանները՝ տեսնելու՝ ինչ է պատահել. դրսում ձյան պես փետուրներ են եղել, բայց ձյան պես չեն թափվել, ալարկոտ օրորվելով բարձրացել են: Տղամարդը ծնկաչոք արտասվել է, ձեռքերը հարվածել գլխին, իսկ որդին մահացած է եղել: Ասում էին՝ աղավնու փետուրներն ամենուր են եղել, լցրել է տաբատի, վերնաշապիկի, կոշիկների մեջ ու ցատկել շենքի տանիքից: Ոչ ոք չգիտեր՝ Արտակն ինչու է այդպես արել, հիշում էին՝ այնքան փետուր կար օդում, որ տղամարդը հազիվ էր նշմարվում... Շատ բաներ էին խոսում մարդիկ, խղճում էին Արտակին, ավելի շատ՝ հորը և խոսում: Հետո իմացա, որ ժամանակին բնակիչներից իրոք բողոք է եղել, բայց Արտակին գիշերօթիկ չեն տարել, հայրը չի համակերպվել այդ մտքին, տանիքում բոլորի աչքից հեռու աշխարհ է սարքել, և որպեսզի որդին չձանձրանա, մենակ չլինի, աղավնիներ է պահել...

Շատ խոսեցին մարդիկ: Հիմա ոչ ոք չի խոսում Արտակի մասին, հիշում են միայն, երբ տեսնում են ուսերը վրա բերած և ժամանակից շուտ ճերմակած մազերով մարդուն, խղճում են Արտակին, ավելի շատ՝ հորը... Հիմա լինում են գիշերներ՝ լսում եմ ճոճանակի ձայնը, գիտեմ՝ ճոճանակը դատարկ է, խաղահրապարակում ոչ ոք չկա, բայց լսվում է: Ասես կանչում է, սահելով շենքերի կույր ստվերների միջով, համառորեն ականջներս լցվում, պոկում ինձ ինձնից, իսկ երբ կապտում է երկինքը, ձայնը լռում է... Ամեն ինչ ավարտվում է, երբ կապտում է երկինքը...

Յատուկ Երաժշտություն
Ալ Այլուղս
Կոմիտաս

Ալ Այլուղս

Քնի հրեշտակ
Քնի հրեշտակ
Խաղա առցանց