Գևորգ Էմին

Իսպանուհու պարը

Իսպանացին -
Նա չի պարում,-
Նա սիրում է ,
Հմայում է ու տիրում է.

Իսպանուհին,-
Նա չի պարում,-
Նա սիրվում է,
Հմայվում է ու տիրում է…

Իսպանացին,
Նա չի պարում.-
Նա, նախ ոտքով,
Ռիթմն է խփում
Կրքի,
Սիրո,
Մենամարտի.

Իսպանուհու
Ձիթապտուղ - սև աչքերի հետ է խոսում,
Կրծքի զարդի,
Հյուսքի վարդի.
Եվ պատասխան է ստանում-
Աչքի փայլով,
Հոնքի նետով,
Կաստետի պես սրտին խփող
Կաստանյետով…

Եվ խոսում է նա կրքի հետ,
Կնոջ շրթի ու կրծքի հետ,
Նրա կոնքի ջիգ քնարի,
Նրա ծոցի և գրկի հետ…

Եվ սերը` մահ,
Եվ մահը` սեր,
Որի միակ վերջնահանգը
Դաշույնն է սև…

Եվ չգիտես,-
Ով է դահիճն և ով զոհը,
Ով է ցուլը,
Ով նրանցից ցլամարտիկ մատադորը,
Եվ, ով - ում է ուզում սիրել,
Եվ, ով ում է ուղում տիրել,
Ով - ում սիրտը` դաշույն խրել,-

Երբ երկուսն էլ-
Եվ մեղք են, և մեղավոր են.
Երբ կիրքը դեռ
Այրող հուր է,
Խոցող սուր է.
Եվ չի իջել
Մահվան դաժան վարագույրը …

Յատուկ Երաժշտություն
Երևանյան էտյուդներ
Ալեքսանդր Սպենդիարյան

Երևանյան էտյուդներ

Իսպանական պարուհի, 1901
Իսպանական պարուհի, 1901
Խաղա առցանց