Դանիել Վարուժան

Անդապահը

– «Եհե՜. եհե՜. արտերուն մեջ մարդ մարդաձայն չը մըտնե՜»:
Հովեուն հետ սարեն եկող անդապահին աղաղակն է:

Ուսընդանութ պարկը կախած և մասրենի ցուպ մը ձեռքին`
Ցորյաններու զըմրուխտին մեջ կը թափառի ան առանձին:

Արևներուն մեջ կը լողա ինչպես ամրան իշամեղուն:
Աչքերուն մեջ կը ծավալի կականչ երազը դաշտերուն:

Գիշերը մերթ սարին նըստած լուսինին դեմ կ՚ածե սըրինգ.
Խրտվիլակը ցանքին մեջեն, միակ ընկեր, կը լսե զինք:

Երգերուն տակ անդորրական հասկերն համայն կը ծոցվորին.
Կը կատաղի` երբոր զանոնք իր թևին տակ լըլկե քամին:

Ան սարսափն է բոլոր անոնց` որ կ՚ավրեն անդ ու անդաստան.
Կը խըռովեն շողքն արևուն, կը կոխկըրտեն հացը վաղվան:

Ի՜նչ խլուրդներ ըսպաննած, և պնդագլուխ ի՜նչ գոմեշներ
Հարվածներեն իր ճարահատ ճահիճներն են ապաստաներ:

Ան դեռ երեկ քաղվորներու չըքնաղ երամ մ՚հալածելով`
Հարսի մը ոտքը ջախջախեց սատկած իշու մ'հաղթ ծնոտով:

Ու սարին վրա միշտ հովերո՜ւն, հովերո՜ւն հետ կ՚աղաղակե.
― «Եհե՜. եհե՜. արտերուն մեջ մարդ մարդաձայն չը մըտնե՜»:


Յատուկ Երաժշտություն
Արի
Դավիթ Բալասանյան

Արի

Ֆիրդուսին կարդում է «Շահ-Նամե» պոեմը Շահ Մահմուդ Ղազնևիին
Ֆիրդուսին կարդում է «Շահ-Նամե» պոեմը Շահ Մահմուդ Ղազնևիին
Խաղա առցանց