Դանիել Վարուժան
Աղորիք
Է՜յ աղորիք, դարձի՛ր, դարձիր,
Նըստած կանանչ խորը ձորին.
Աղաղակե՛ երգըդ խորին
Դեպի լուսնակն արծաթածիր:
Դուն դողդոջուն տընակ մըն ես
Ալյուրոտած պատերով` ուր
Կարծես կու լան հիազարհուր
Ջըրանույշներ հագած բեհեզ:
Միշտ կը հըսկե մեջըդ արթուն,
Աղորեպանը ճեփ-ճերմակ.
Եվ ըստ պետքի` մեղմ կամ արագ`
Կը լարե սի՛րտըդ բաբախուն:
Է՜յ աղորիք, բանտվա՛ծ մրրիկ
Ծառերուն մեջ. Աղա՛, աղա՛,
Փըրփուր խըմե՛, ալյուր տեղա՛.
Քարե կուրծքեդ տեղա՛ բարիք:
Կեցո՛ւր գետակն ընթացքին մեջ
Իր ծըփանուտ բաշեն բըռնած:
Ջըրվեժն ահեղ երգի փոխած
Պոռթկա վիհեն վար գահավեժ:
Սայլե՜ր, սայլե՜ր անծայրածիր
Ջաղացքներուն ճերմակ ճամբեն
Աղոնն իրենց քեզ կը բերեն…
Է՜յ աղորիք, դարձի՛ր, դարձիր:
Ցորեններ թող ալյուր ըլլան
Պորտին մեջ ժիր երկաններուն`
Որոնք բռնված տենդով մ՚անհուն
Կը մըռըլտան ու հիռ կու գան:
Ցորեններ թող ըլլան փոշի
Զիրար գըրկող քարերուն տակ.
Զիրար կըրծող ժայռերուն տակ
Ցորեններ թող ըլլան նաշիհ:
Մինչև լեցվին շարան շարան
Պարկերն, ու վե՛ր կանգնին նորեն.
Եվ սայլերն ալ ճըռվողելեն
Ոսկի թողած լույսով դառնան: