Ավետիք Իսահակյան

Կուզեի լինել գարնան արեգակ

Կուզեի լինել գարնան արեգակ,
Չքնաղ վարդերով կուրծքդ պճնեի,
Անդորր սրտիդ մեջ վառեի կրակ,
Մութ աչերիդ մեջ պայծառ շողայի:

Կուզեի լինել երգող շատրվան
Եվ երազներդ լուռ օրօրեի,
Կամ թե շողշողուն ոսկի ծիածան
Շուշան ճակատիդ պսակ հյուսեի:

Կուզեի լինել ալիքը ծովի
Եվ ոտներիդ տակ մեղմիկ հևայի,
Կամ թե լեռների բուրմունքը հովի
Փարթամ մազերդ շոյելու գայի:

Կուզեի լինել երկինք աստղավառ
Քեզ, ինչպես երկրի շուրջը, պատեի,
Հազար ու հազար աչքերով գոհար
Քեզ դյութված, արբած հավերժ նայեի:

1899
Ալեքսանդրապոլ

Յատուկ Երաժշտություն
Ալ Այլուղս
Կոմիտաս

Ալ Այլուղս

Էքստազիա
Էքստազիա
Խաղա առցանց