Աննա Սարգսյան

Դառնահոտ երիցուկն ու սերը

Երիցուկների դառնահոտն այնքա՜ն հարազատ է, այնքա՜ն ցողված թանկ հուշերով, որ դառնությունն էլ չեմ զգում։ Գարնան ցողի հետ խառնված, այն ասես արահետն է գծել հուշերիս, ու ինչքան առաջ եմ ընթանում, այնքան անէանում է իրականությունը, ստիպելով ետ չնայել` այդ սրտամոտ պատկեր֊պատրանքը կորցնելու վախից։ Բոլորի համար երիցուկը սիրել֊չսիրելու ծաղիկ է, ինձ համար` ապրել֊չապրելու...Իզուր չէ, որ ա'յն հրաշալի հակաբորբոքային, ախտահանող բույսերի վերին շարքում է։ Ասեմ ավելին, այն ինձ համար նաեւ հոգու դեղաբույս է դարձել այն պահից, երբ մի անհուսալի օր իմաստով լցրեց կյանքս, իր այդ քաղցր դառնաբույրով ապացուցելով, որ ամեն ինչ հարաբերական է։ Այո՛, այո՛, դառնությունն էլ կարող է քաղցր թվալ, եթե այն համեմվում է սիրո էներգիայով, ներքին գիտակցության լուսատու ճառագով, ամենուր գեղեցիկը տեսնելու, տիեզերքին շնորհակալ լինելու ձգտումով ու կարողությամբ։
Փոքրիկ, թավշյա արև` ճերմակ, նրբագեղ, փխրուն ճառագայթներով պարսպված. ահա այսպիսին նա պատկերացավ ինձ այդ օրը, երբ հուսահատ, մոլոր մտքերով բեռնված քայլում էի գարնան նորամուտից ոգևորված, ալիքներով ծափ զարկող, վարարած Աղստևի երկայնքով, իմ սիրելի, իմ մանկության, իմ ... խևի։ Տեսնես` ե՞ս եմ իրեն նման, թե՞ ինքը...
Ներքին մի մղումով զգում էի, որ այստեղ եմ գտնելու հանդարտություն, այստեղ է վերածնվելու լավատեսությունս, որի կորուստը ինձ համար հավասարազոր էր ինքնասպանության, թեև մասնակիցը միայն ես չէի, բայց ,,զենքը,, ես էի փոխանցել...
Ալեհեր էր, բայց պապիկ չէր, ո՛չ էլ ծեր, միգուցե և բավական երկար էր ապրել այս մոլորակում, է, հետո՞ ինչ. վստահ շարժումներ, բարության առատությունից ժպիտ դարձած աչքեր, մի թեթև զարմացական, հիացական հայացք, ասես նոր էր տեսնում այս աշխարհը, ու փորձում վերծանել ամեն մի թփի, ծառի տակ թաքնված հրաշալիքները։ Գետի մի անվտանգ, հարաբերական անջուր հատվածում էր, կռացած, չգիտեմ, թե ինչ էր փնտրում կամ տնտղում, բայց ինձ տեսնելուն պես կանգնեց, ձեռքը ճակատին մոտեցրեց` պաշտպանվելով արևի ճառագայթներից, որ, երևի, խանգարում էին հստակ տեսնել ինձ, ապա ուրախ մի բացականչությունով ժպիտը հազարապատկեց, ու գլխով ողջունելով` նշան արեց, որ մոտենամ ։ Ժպի՜տը, այդ ժպի՜տը... ասես այն ճառագայթից էր ծնվել, որից նա փորձում էր պաշտպանվել։
Մոռացել էի այդ պահին հոգեվիճակս, ծանր մտորումներս... Հետո հիշեցի, որ մոռացել էի։
Մոտեցա, կարծելով, որ իմ օգնության կարիքն ունի, չիմանալով, որ ինձ է ուղարկված օգնություն, ինձ է ողորմացել Աստված։
Ձեռքը մեկնեց` օգնելով անցնեմ իր կողմ, բարի֊հանդիմանող հայացքով նայեց մի քանի վայրկյան, ապա խոսեց.
֊Բալիկ ջան, անկասկած, պատահում են կյանքում անելանելի թվացող իրավիճակներ, անանցանելի թվացող գետեր, (փաստորեն, զգացել էր հոգեվիճակս), պատահում է և այնպես, որ մեր բոլոր ճիգերը` հաղթահարելու դժվարությունները, թվում են անզոր, անօգուտ, իմաստունների դարավոր խորհուրդները` սին, անգործուն, բայց մի անվիճելի հնարք կա, որ կյանքի ցանկացած պարագայում մեզ տանում է լույսի արահետով, և թեկուզ այն, այս գետի նման, քարերով լեցուն ու վարարած լինի, այնտեղ քարին հենված երիցուկ էլ կգտնես, տե'ս։
Ու շրջանցելով ահռելի, ծուռումուռ, սուր, անհարթ անկյուններով քարը, ձեռքը մեկնեց ու դրա տակից դառնահոտով ցողված, նորածին, փոքրիկ երիցուկների մի փունջ հանեց` մեկնելով ինձ։
֊Սերը... Սերն է այդ հնարքը` համեմված երախտագիտությամբ։ Սերը` հանդեպ տիեզերքի, ստեղծարար սերը. երբ այն առանց պայմանականությունների շռայլում ես քո շուրջ բոլորը` քեզ կհատուցվի, բայց միայն ա'յն դեպքում, եթե միտքդ սրտիդ հետ հաշտ է և նրանց տերը ՍԵՐՆ է։ Սիրիր կյանքը, բալես, սիրիր առանց հարցեր տալու, առանց ունայնությանը տեղ տալու, կյանքն էլ կսիրի քեզ։ Դարձիր այս երիցուկի պես. ծաղկիր, հաշվի չառնելով խոչընդոտ քարերը, ծաղկիր, այդ քարերը որպես ուժ ընկալելով...
Պա՜պ, երիցուկների քաղցր դառնահոտն այնքա՜ն եմ սիրում, այն իմ վերածնունդի ու սիրո վերագտման խորհրդանիշն է այսուհետ։ Պա՜պ, շնորհակալ եմ...

Ասում են, թե սերն այլևս նորաձև չէ։ Իսկ ի՞նչ է նորաձևությունը. ինչ որ մեկի երևակայության արգասիքի պարտադրում, որոշ դեպքերում էլ, փառասերի ինքնահաստատման ուղի` իր մտահղացումը ժամանակին վայել հրամցնելու մոլուցք գուցե։
Չէ։ Ես իմ սեփական նորաձևությունն եմ կերտել, ու պահպանողական եմ, հավատարիմ նրան, այնտեղ նորաձևը` փորձված, տաշված, արժեք ներկայացնող այն ամենն է, ինչը հոգով է կերտվել, հոգի է կերտում, հոգի է սնում։
Նրա հեղինակն ու գլխավոր տնօրինողը` ՍԵՐՆ է...

Յատուկ Երաժշտություն
Էքսպրոմտ
Առնո Բաբաջանյան

Էքսպրոմտ