Ալեքսանդր Ծատուրյան

Շատերից մեկը

Ես տեսա նորան - այն մատաղ կուսին
Հարսնական շորով տաճարում կանգնած.
Տանջանքի հետքեր գունատ երեսին,
Տխուր հայացքը գետին խոնարհած։

Անզոր, անբարբառ, որպես մի գառնիկ,
Սպանդանոց բերված բռնակալ ձեռքով.
Կույսը զսպում էր սըրտի փոթորիկ,
Կույսը լալիս էր սրտի արցունքով...

Եվ նորա կողքին ինքնագոհ, հըպարտ
Կանգնած էր փեսան Կրեսոսի փառքով.
Զոհը - կենսավառ, որպես գարնան վարդ,
Դահիճն - ուժասպառ, խորշոմած դեմքով...

Եվ խուռ բազմություն, ծընող, ազգական,
Դպիր, քահանա խաչ ու մոմ ձեռին՝
Լուռ վըկա էին զոհաբերության
Այդ սրբագործված զազիր պատկերին...

Օ՜, խղճո՛ւկ հայ կին, անարգվա՛ծ էակ,
Հա՛մր ստրկություն ահա քո անուն.
Անգարո՜ւն քո կյանք, անլո՜ւյս քո վիճակ,
Արդյոք ե՞րբ պետք է բացվի քո լեզուն...

Յատուկ Երաժշտություն
Fides Tua
Տիգրան Համասյան

Fides Tua

Ուխտավորների ժամանումը Սևան
Ուխտավորների ժամանումը Սևան
Խաղա առցանց