Ալեքսանդր Ծատուրյան

Բանտարկյալի երգը

Ա՜խ, թե երկինք գեթ մի վայրկյան
Լսեր կրծքիս հառաչանք.
Փայլեր ինձ սուրբ ազատության
Վառ, կենսատու արեգակ.

Ա՜խ, եթե ես կարենայի
Որպես արծիվ անարգել
Գեթ մի րոպե ազատ կյանքի
Ազատ օդում սավառնել.

Որպիսի՜ ջերմ, լի փափագով
Կարոտ պայծառ երկնքի՝
Կը թռչեի ես խնդալով
Դեպ հայրենիքս անձկալի։

Դեպ այն երկիր նվիրական,
Ուր սահեցան անխըռով
Չքնաղ օրերն իմ մանկության
Լի դրախտային սուրբ սիրով։

Դեպ այն երկիր երջանկալից,
Ուր մայրիկըս նազելի
Յուր ջերմ գրկում պարգևեց ինձ
Ե՛վ կյանք, և՛ սեր, և՛ հոգի:

Ուր առաջին ես զգացի
Ե՛վ սիրո վիշտ, և՛ հրճվանք.
Ուր ես անհագ ճաշակեցի
Կյանքի վայելք ու գգվանք…

Ա՜խ, հայրենիք, երկի՛ր չքնաղ,
Ե՞րբ պետք է իմ խեղճ հոգին
Հանգչի անդորր, հանգչի խաղաղ
Քո կենսաբույր վարդ կրծքին…
1889,1 ապրիլի

Յատուկ Երաժշտություն
Oրորոցային
Ալեքսանդր Սպենդիարյան

Oրորոցային

Կոստանդնուպոլիս, 1910
Կոստանդնուպոլիս, 1910
Խաղա առցանց