Ալեքսանդր Ծատուրյան

Աղոթք

Ամեն անգամ, երբ լսում եմ
Ես թշվառի սուգ ու լաց.
Քեզ ծնկաչոք աղոթում եմ,
Ո՛վ դու մեր հայր, մեր աստված։

Աղոթում եմ ես ջերմագին,
Աղոթում և արտասվում…
Իմ աղոթքով ես աշխարհին
Քեզնից սեր եմ աղերսում,

Սե՛ր մեծազոր, սե՛ր հաղթական,
Ոխ, չարություն խորտակող.
Սե՛ր փոխադարձ, եղբայրական,
Մարդկանց ամուր շաղկապող։

Սե՛ր եմ խնդրում, ո՛վ արարիչ,
Քար սրտերը հալեցնող…
Սե՛ր փրկարար, սե՛ր սփոփիչ,
Հեգ թշվառին կյանք տվող…
1889, 13 օգոստոսի

Յատուկ Երաժշտություն
Մեր մանկության տանգոն
Տիգրան Մանսուրյան

Մեր մանկության տանգոն