Ալեքսանդր Շիրվանզադե
Սկզբունքի մարդը
Պարոն Բաղդասար, ձեզ համար բացատրելն ավելորդ է։ Դուք լուսամիտ մարդ եք, շատ լավ գիտեք՝ ինչ ասել է աղքատ ուսանողի վիճակ։ Պարոն Բաղդասար, գոհություն աստծու, դուք միլիոնատեր եք։ Տվեք մի աշխատասեր, խելոք, ազնիվ երիատասարդի ուսման վարձը։ Նա լավ ապագա է խոստանում։ Նա կլինի ազգի օգտակար անդամ։ Երդվում եմ կարգովս։
Պարոն Բաղդասարը նստած էր իր շքեղ կաբինետում, որի առաստաղը ծածկված էր յուղաներկով, որի մոդեռն կահ-կարասին Բեռլինից էր բերել տրված և որի պատերի վրա կային մի քանի նշանավոր հայերի պատկերներ։
Պարոն Բաղդասարը նեղն ընկավ։ Նրան խնդրում էին անել այն, ինչ որ երկնային պատիժ էր նրա համար բանալ քսակը։ Ողորմած աստված, այդ ինչ աներես ազգ է հայ ազգը։ Դեռ մի ամիս չկա՝ նա 25 ռ. ուղարկեց հայուհյաց ընկերությանը, որպեսզի իր անունը տպվի լրագիրներում, և դեռ չի տպվել, ու դարձյալ պահանջում են։ Ո՛չ, երբեք, չի կարող տալ։ Բայց ինչպես մերժել, քանի որ խնդրողը քահանա է։ Չէ՞ որ նա պատարագ անելիս սուրբ սեղանի առաջ կարող է անիծել նրան։
Պարոն Բաղդասարը մտածեց, մտածեց և գտավ ելք։
Տեր հայր, այդ ուսանողը ձեր ազգակա՞նն է։
Քրոջս որդին է։
Տեր հայր, ցավում եմ, որ ձեր քրոջ որդին է։
Ինչո՞ւ։
Որովհետև ես սկզբունքով ուսանողներին չեմ օգնում։
Այդ ի՞նչ սկզբունք է։
Երախտամոռներին պատմելու սկզբունք։ Գիտեք, տեր հայր, ես երախտամոռությունը համարում եմ մեծ անազնվություն։ Իսկ հայ ուսանողներն երախտամոռ են։ Նրանք հենց որ ավարտում են իրենց ուսումը, իսկույն մոռանում են իրենց բարերարներին։
Բայց, պարոն Բաղդասար․․․
Ո՛չ, ո՛չ, մի վիճեք, տեր հայր, ես իմ սկզբունքը խախտել չեմ կարող։ Իմ ասածն ասած է։ Խնդրեցեք ում համար և ինչի համար կամենաք, բայց ոչ ուսանողների։
Ներողություն, պ․ Բաղդասար, ես ձեր սկզբունքը չգիտեի։ Մնացեք բարով։
Հոգևոր հայրը գնալուց հետո պ. Բաղդասարը ուրախացավ, որ քսակի բերանը չբացարավ։ Բայց հետո մտածեց, որ չափազանցություն արավ բոլոր ուսանողներին երախտամոռ համարելով։ Եվ իսկույն հիշեց իր երախտագիտությունը իր բարերարի վերաբերմամբ։ Այդ բարերարը նրա հորեղբայրն էր, որի պատանը վաղուց էր մաշվել։ Հանգուցյալը խնամել էր նրան, մեծացրել, հետո ընկերացրել իր գործերին։
Իսկ ես ի՞նչ արի նրա որդկերանց։ Զրկեցի իրանց բաժնից։
Եվ պ․ Բաղդասարը իր անցյալի վրա նորից վարագույր գցեց։
Մի շաբաթ անցած՝ եկավ մի ուրիշ այցելու։ Այս անգամ աշխարհական։
Պարոն Բաղդասար, դուք շատ լավ գիտեք՝ ինչ ասել է մամուլ, դուք մեր վաղեմի բաժանորդն եք և մեր գաղափարակիցը։ Մեր 25-ամյա լրագիրը, որ այնքան ծառայություններ է մատուցել ազգին, այսօր տպարանին վճարել չի կարողանում։ Տվեք գոնե մի հազար ռուբլի, փրկեցեք ձեր սիրած լրագիրը փակվելու վտանգից։
Պարոն Բաղդասարը նստած էր իր փառահեղ սալոնում, որի ոսկեզօծ կահ-կարասին հատկապես ինքն էր պատվիրել Փարիզում Լյուդովիկոս 14-րդի ոճով։
Դարձյալ նեղը գցեցին նրան։ Դարձյալ պահանջում են, որ նա քսակի բերանը բաց անի։ Ինչպե՞ս մերժել։
Նա մտածեց, մտածեց և գտավ ելք։
Ներեցեք, ես վճռել եմ սկզբունքով հայ լրագիրներին չօգնել։
Ինչո՞ւ։
Որովհետև նրանք միմյանց միսն են ուտում։ Նրանք ոչ մի բանում հաշտ չեն իրարու հետ։ Ազգը վնասվում է դրանից։
Բայց դա ուղղությունների տարբերություն է։
Ոչ, ես ուղղությունների հետ գործ չունեմ։ Ազգի շահերը երկուսի համար էլ միևնույնն են։ Առաջ հաշտվեցեք, հետո կմտածենք օգնելու մասին։
Բայց մենք հաշտվել չենք կարող, դա անկարելի է։
Էհ, որ անկարելի է, ինձ համար էլ անկարելի է իմ սկզբունքի հակառակ բարերարություն անել։ Մի՛ նեղանաք, ես ձեզ հարգում եմ․ խնդրեցեք ինչի համար և ում համար կամենաք, կտամ, բայց ոչ լրագրի։
Ինձ համար առայժմ իմ լրագիրն է բռնում առաջին տեղը։
Համաձայնվեցեք, որ չեմ կարող։ Դուք ինքներդ ամեն օր քարոզում եք, թե օրինավոր մարդը չպիտի շեղվի իր սկզբունքից։
Ճիշտ է, քարոզում եմ։
Դե ես էլ քարոզին եմ հետևում։
Մնացեք բարով։
Դադարեցեք միմյանց միս ուտել, հաշտվեցեք։ Դուք միմյանց հայհոյում եք ուղղակի։ Ես ի ծննդենե թշնամի եմ հայհոյանքների և վիրավորանքների։
Մնացեք բարով։
Հյուրը գնաց և պարոն Բաղդասարն այս անգամ երկու ուրախություն զգաց։ Նախ՝ որ էլի իր քսակն ազատեց, երկրորդ՝ որ խմբագրին մի լավ խրատեց, պարսավելով փոխադարձ հայհոյանքները. բայց իսկույն հիշեց, որ ինքը օր չի անցնում, որ սրան ու նրան չհայհոյե, մանավանդ իր կնոջը։ Եվ այնպիսի հայհոյանքներով, որոնց նմանը նա երբեք չէր կարդացել լրագրերում։
Դարձյալ մի շաբաթ անցած՝ եկավ մի երրորդ հյուր։ Այս անգամ պարոն Բաղդասարի վաղեմի բարեկամներիը մեկը։
Գիտես, Բողդան, ես երկար ու բարակ չեմ բացատրի քեզ համար թատրոնի նշանակությունը. փառք աստծու, դու երկար տարիներ ապրել ես Մոսկվայում, Պետերբուրգում, Փարիզում։ Դու տեսել ես Եվրոպայի բոլոր թատրոնները։ Տեսել ես, թե լուսավորված ազգերը ինչպես են սիրում իրենց ազգային թատրոնները։ Ուրեմն թույլ տուր ուղղակի դիմել գործին։ Մի խումբ մարդիկ որոշել ենք մեր մայրենի բեմը, որ այժմ ողորմելի դրության մեջ է, ապահովել նյութապես գոնե մի քանի տարով։ Արի դու էլ զոհիր մի գումար։
Պարոն Բաղդասարը Փարիզում գնած չինական ընտիր գավաթից սուրճ էր խմում սեղանատանը և հրճվանքով նայում Լոնդոնում ութ հազար ռուբլով գնած բուֆետին՝ հնդկական սև փայտից։
Պարոն Բաղդասարը, գավաթը բերնից չհեռացրած փռթկաց և սուրճը թափեց։ Երկար ժամանակ նա չէր կարողանում բուռն ծիծաղը զսպել։ Երբ զսպեց, դարձավ իր ազնվաշուք ամուսնուն և ասաց.
Լսեցի՞ր, Մարո, մեր բարեկամը փող է ուզում հայ թատրոնի համար։ Դեհ, դո՛ւ պատասխանիր իմ փոխարեն։
Կարմիր ու կուշտ դեմքով Մարոն, որ լավ կերակրված հնդկահավի էր նման, չգիտեր ինչ պատասխանել։ Ասել, որ թատրոնին չի հարկավոր օգնել, կնշանակի հյուրի աչքում երևալ տգետ, անկիրթ։ Ասել, որ հարկավոր է օգնել, կնշանակի զայրացնել Բաղդասարին։ Իսկ նրա համար չկար ավելի սոսկալի բան, քան զայրացնել մի մարդու, որին ամբողջ քառորդ դար հպատակվել էր հլու ստրուկի պես, հանուն այն թանկարժեք ադամանդների, որոնց պաշտում էր նա։ Նա խելացի համարեց երեսի մի կողմով ժպտալ հյուրին, մյուսով նշան անել ամուսնուն, թե բոլորովին համաձայն է նրա հետ՝ ինչ որ էլ ասի։
Պարոն Բաղդասարն ասաց.
Գիտես, բարեկամս, ես ծիծաղեցի, որովհետև քո առաջարկությունն ինձ համար ծիծաղելի է։ Ես հայոց թատրոնին մի կոպեկ անգամ չեմ տա։
Ինչո՞ւ։
Որովհետև ես ինձ ճաշակից զուրկ մարդ չեմ համարում։ Իմ սկզբունքն է երբեք չօգնել այն գործին, որ լավ չի տարվում։ Ձեր թատրոնը թատրոն չէ, այլ բալագան։
Բայց...
Այո՛, բալագան է։ Դերասանները անկիրթ, կոպիտ, հագնվում են ինչպես ծառաներ։ Իսկ դերասանուհիները հագնվում են ինչպես աղախիններ։ Այնպես չէ՞, Մարո։
Ճշմարիտ է։
Ոչ, բարեկամս, խնդրիր ում համար և ինչի համար, ուզում ես, բայց մի՛ ստիպիր ինձ սկզբունքիս դեմ բան անել։ Ես բարերարությունն անում եմ գիտակցաբար...
Հյուրը գնալուց հետո պարոն Բաղդասարը հիշեց, որ իր այժմյան այնքան շքեղ ու ճաշակով հագնված կինը, նույնպես հագնվում էր ինչպես աղախին, այն ժամանակ, երբ ինքը փող չուներ։
Եկան խնդրեցին Էջմիածնի վանքի վերանորոգության համար. պարոն Բաղդասարն ասաց, թե սկզբունքով դեմ է հնությունները պահպանելուն։ Ասաց, թե ազգի անցյալը նրան չի հետաքրքրում։ Թող խնդրեն նոր, ժամանակակից բաների համար, և նա պատրաստ է օգնել։
Եկան խնդրեցին գյուղական դպրոցների համար. պարոն Բաղդասարն ասաց, թե առաջ պետք է կրթել աղքատ քաղաքացի երեխաներին, հետո գյուղ գնալ։
Եկան խնդրեցին գրականության համար. պարոն Բաղդասարն ասաց, թե բոլոր ազգերի գրականությունները պահվում են առանց կողմնակի նպաստների, թող հայ գրականությունն էլ ինքն իր աշխատանքով ապրե։
Եկան խնդրեցին ուրիշ շատ ու շատ բաների մասին, հիվանդանոցի, որբանոցի, քահանայական գանձարանի, աշակերտական ճաշերի և այլն, և այլն. բոլորի դեմ ցցվեց պարոն Բաղդասարի սկզբունքը։
Մինչև հիմա էլ չկա մեկը, որ պարոն Բաղդասարի սկզբունքը ճանաչի և այնպես խնդրի նրա օգնությունը։
Այնինչ նա միշտ պատրաստ է իր ազգին օգնելու։