Ալեքսանդր Շիրվանզադե

Հայր Անոփրիոսի վիշտը

Գոհություն ամենաբարձրյալին, որ հոգևորականները պարտավոր չեն կռվի դաշտ գնալու, ասաց իր մտքում 35 տարեկան առողջ, կայտառ վարդապետը, Էջմիածնի նախկին սան, միշտ ճառաբանող, միշտ լրագիրներում բանակռվող, միշտ ազատամիտ և ազատախոս Անոփրիոս հայր-սուրբը, երբ լրագիրներում կարդաց, թե ահեղ պատերազմի դաշտն են կանչվում բոլոր իր հասակակից երիտասարդները։

Չկարծեք թե նա երկչոտ էր կամ փոքրոգի։ Ամենևին։ Ընդհակառակը, տեղը եկած, նույնիսկ չեկած ժամանակ նա միշտ պաշտպանում էր կռվի գաղափարը «իբրև սրբություն սրբոց» հանուն հալածյալների։ Նա չէր վախենում շարունակ կրկնել.

Եթե մի օր հարկը պահանջե, կվերցնեմ մի ձեռս Քրիստոսի խաչը, մյուս ձեռս սուր, կընկնեմ կամավորների առաջ և կգնամ ազգիս թշնամիների դեմ:

Իսկ հայ-թուրքական ընդհարումների ժամանակ Անոփրիոս հայր- սուրբը երկու անգամ ձի նստեց և Վաղարշապատից Աշտարակ գնաց իմանալու, արդյոք այնտեղի հայերին կոտորած չի՞ սպառնում Դաղստանի կողմերից։ Հետո երկաթուղով շտապեց Ալեքսանդրապոլ տեղեկանալու համար, արդյոք, տեղական ազգաբնակությանը արշավանք չի՞ սպառնում Հնդկաստանից կամ Բելուջիստանից։

Եվ երբ իմացավ, որ թե այստեղ և թե այնտեղ իր սիրելի զավակներն ապահով են վտանգից, ինքը կռվեց տեղական տերտերների հետ։ Այնուհետև մտնելով մայր աստվածածնա եկեղեցին, մի մեծ ռազմական և ռազմագիտական քարոզ ասաց։ Ի միջի այլոց, նա արտասանեց հետևյալ նշանավոր խոսքերը, որ գեղագրության ուսուցիչ Ալթունբաշյանը անմիջապես հաղորդեց «Մարս» անունով լրագրին՝ անկասկած ի գիտություն ապագա պատմագրի.

Հայ հոգևորականությունը միշտ հայ ժողովրդից անբաժան է եղել նրա վշտի և ուրախության օրերում։ Մենք ենք փրկել ձեզ դարեր շարունակ փորձանքներից։ Մենք էլ կփրկենք այժմ և հավիտյանս հավիտենից։

Եվ «մենք» բառը նա արտասանեց այնպիսի աղաղակող ձայնով, որ ժամհարը քնից զարթնեց։ Ժամերգությունից հետո երկու տիրացու «Մարս» լրագրի թղթակցի և տեղական առևտրական դպրոցի տասնումեկ աշակերտների հետ «Հսկայական մանիֆեստացիա» սարքեցին (այսպես էր գրված լրագրում) նրա համար եկեղեցու գավթում։

Իսկ երեկոյան հայտնի մսավաճառ Սիրական Շորշոփյանը նրան հրավիրեց ընթրիքի, ասելով իր կնոջը․

Ես սիրում եմ դանակը փառաբանող հոգևորականներին, մանավանդ, երբ նրանք Անոփրիոս հայր-սրբի պես առողջ են, կարմրաթուշ և բավական հաստամարմին։ Նրանք ինձ հիշեցնում են իմ օրհնյալ արհեստը...

Վերադառնալով էջմիածին, հայր Անոփրիոսը պատմեց իր պաշտոնակիցներին, թե ինչպես հայ ժողովուրդը սարսափի մեջ էր, և թե ինքն իր ոգևորիչ քարոզներով քաջալերեց նրան և բարձրացրեց նրա մեջ քաջն Վարդան Մամիկոնյանի ոգին։


Գոհություն ամենաբարձրյալին, կրկնեց Անոփրիոս հայր-սուրբը, երբ, լրագիրը մի կողմ ձգելով, մոտեցավ իր սենյակի պատի վրա կախած հայելուն, որի վրա սիրահարված էր մանավանդ այն օրից, երբ լսել էր, որ ալյուրավաճառ Մատթևոս Բաբուլյանի կողակից հաստամարմին Գյուլնիզարը նրան համարում է «շատ գեղեցիկ տղամարդ»:

Նա հիացմամբ նայեց իր առողջ թշերին, որոնք կարծես ալիզարինով ներկած լինեին, նայեց խոշոր, վառվռուն աչքերին, շփեց սաթի պես սև և ավելի պես կոշտ մորուքը և երրորդ անգամ մտքում արտասանեց.

Գոհություն ամենաբարձրյալին, որ հոգևորական եմ, ապա թե ոչ այս աստվածային հրաշափառ պատկերը պիտի սրի կամ կրակի կերակուր դառնար։

Եվ այսպես ինքն իրեն հանգստացնելով, պատվարժան հայր-սուրբը կանչեց ծառային և հրամայեց պատրաստել տաճկական սուրճ, որ ամեն օր խմում էր ոչ պակաս, քան հինգ գավաթ։

Սակայն, ավա՜ղ, հոգեկան անդորրությունը աստվածային, հարատև պարգևներից չէ նույնիսկ ամենաառաքինի հոգևոր հայրերի համար։

Շուտով հայր Անոփրիոսը դարձյալ լրագիրներից իմացավ, որ պատերազմը զոհ է պահանջում ոչ միայն կռվի դաշտը գնացողներից, այլև նրանցից, որոնք հանգիստ նստած են իրենց տներում, թեկուզ տունը վարդապետի համեստ խուցը լինի։ Այդ անիրավ լրագիրները շարունակ պնդում են, թե պետք է նյութական զոհաբերություն անել հօգուտ պատերազմ գնացած զինվորների ընտանիքների, նաև հօգուտ վիրավորյալների։

Արդյոք գիտե՞ն մարդիկ, մտածեց հայր Անոփրիոսը, որ ես, մեղավորս, ունիմ մի քանի չնչին բանկային տոմսերի արժողությամբ 18.385 ռուբլու, վաստակած հաջորդության ժամանակ։

Նա մտածեց, մտածեց և գտավ, որ, համենայն դեպս, իր պաշտոնակիցներից ոմանց հայտնի է գաղտնիքը։ Հայտնի է նաև, որ ինքը մի չոր գլուխ է, չունի ոչ մերձավոր և ոչ հեռավոր ազգականներ, որոնց կտակեր այդ աննշան հոգեպահուստը։

Եվ մի հերոսական ճիգն անելով, որոշեց մյուս օրն ևեթ փոստով ուղարկել «Մարս» լրագրի խմբագրությանը 3 ռուբլի հօգուտ վիրավորյալերի։ Դրամի հետ նա ուղարկեց և չորս մեծադիր էջերից բաղկացած մի հոդված, ուր նա փառաբանում էր «ազգերի սրբազան պատերազմը» և այնուհետև կոչ անում իր պաշտոնակիցներին, որ նրանք էլ զոհեն իրենց լուման...

«Մարս» լրագիրը շտապեց ստանալուն պես տպագրել հայր Անոփրիոսի հոդվածը, վասնզի առաջինը՝ այնտեղ մի քանի գովասանական խոսքեր կային իր հասցեին, երկրորդը հեղինակին տողավարձ չպիտի տար։

Ազատվելով այդ պարտքից էլ, հայր Անոփրիոսը դարձյալ հանգստացավ։

Բայց, կրկնում եմ, հոգեկան անդորրությունը աստվածային հարատև պարգևներից չէ։

Մի քանի օր անցած՝ հայր Անոփրիոսն իմացավ կրկին այդ անիրավ լրագիրներից, որ պատերազմը մեծ ազդեցություն ունի բոլոր տեսակի բանկային թղթերի, հետնաբար և իր տոմսերի արժեքի վրա։

Այդ օրից նա դադարեց հետաքրքրվել լրագիրների մյուս բոլոր բաժիններով գոնե այնչափ, որչափ առաջ և իր ամբողջ ուշ ու միտքը նվիրեց բորսային և ֆինանսական բաժնին։

Մի օր նա հաշվեց և տեսավ, որ իր թղթերի արժեքն ընկել է այնչափ, որ նա կորցնում է մոտ 75 ռուբլի, հետո 120 ռուբլի, հետո 180 ռուբլի և այլն։

Նա սարսափեց և սկսեց այնպես անիծել Վիլհելմ Հոհենցոլլերնին, որպես ոչ մի մարդ աշխարհի երեսին դեռ չէր անիծել և չպիտի անիծեր։

Այժմ Անոփրիոս հայր-սուրբը առավոտները զարթնում է թե չէ, աղերսում է ամենաբարձրյալին, որ մի կերպ վերջ տա կորստաբեր պատերազմին, քանի որ ինքը չի սնանկացել...

Եվ օր-օրի վրա նրա կարմիր թշերը գունատվում են և վիզը բարակում։

Յատուկ Երաժշտություն
Ապարտակ - Ադաջիո
Արամ Խաչատրյան

Ապարտակ - Ադաջիո

Ինքնանկար
Ինքնանկար
Խաղա առցանց