Ալեքսանդր Շիրվանզադե

Գաղափարի գերին

Նա անցնում էր քաղաքի բազմամարդ փողոցով, որը անգործ ամբոխի համար զբոսավայր էր:

Նրա քայլվածքը հանդարտ էր, բայց անկանոն, ներվային, թվում էր, որ նա ինքն էլ չգիտե ուր է գնում կամ ինչու: Հագած էր նա իր սորական մաշված ու խունացած վերարկուն լայն թևերով, լայն փեշերով, կեղտոտ օձիքով: Հնամաշ, ժապավենները վաղուց դեղնած գլխարկի տակից նրա խորն ընկած, մտախոհ աչքերը ուղղված էին դեպի անորոշ տարածություն: Շուրջը խոսում էին, ծիծաղում, աղմկում, ոչինչ չէր լսում։ Նա հրում էր անցորդներին, հրվում էր ուժգին և… ոչինչ:

Նա այդ ամբոխից չէ և չունի ոչ մի կապ նրա հետ: Ինքն իր մեջ պարուրված, նա ճանաչում է միայն իր հոգու աշխարհը և արտաքինը նրա համար գոյություն չունի: Նրա երկայն ու թանձր մազերը, նիհար ուսերի վրա սփռված, նրա կերպարանքին տալիս են թափառական դարվիշի տեսք: Պակասում են միայն տապարն ու քեշկյուլը: Նրա տոպրակի չափ լայն գրպանները լիքն են լրագրերով ու գրքերով: Իսկ մի մեծ գիրք նա բռնած ունե իր կռնատակին և այնպես ամուր, որ, կարծես, վախենում է միգուցե անցորդները խլեն նրա ձեռքից:

Քսանուհինգ տարի է արդեն անտանելի մտքերը տանջում են նրան, որդերի պես կրծոտում նրա սիրտն ու հոգին։ Քսանուհինգ տարի է նա դարձել է այդ մտքերի կամազուրկ ստրուկը և չի ընդունում ոչ մի օրենք, ոչ մի իշխանություն, բացի նրանց երկաթե ճիրաններից։

Դեռ պատանի հասակին չհասած զգաց, որ կյանքի բարձրագույն երջանկությունը մտքի անկախության և հոգու ազատության մեջ է։ Ոչ ոսկին, ոչ սերը, ոչ բարեկամությունը, ոչ գիրքը, ոչ մի բան չի կարող տալ մարդուն այն հաճույքը, որ տալիս է միտքը, երբ նա գործում է, ստեղծագործում և հափշտակում ամբոխին։

Մի անգամ դպրոցական աշակերտները կատակով հարցրին՝ չէ՞ր կամենալ արդյոք դառնալ Ալեքսանդր Մակեդոնացի, նա ամենայն լրջությամբ և զգացված պատասխանեց.

― Կկամենայի, բայց ոչ երկրներ գրավելու, այլ մարդկանց հոգիներին տիրանալու համար։

Նրան ծաղրում էին։ Սակայն եղան և այնպիսիները, որոնք նրա համար գուշակեցին փայլուն ապագա կամ փիլիսոփայության կամ գրականության ասպարեզում։ Նա հափշտակվեց և ավելի խոր հավատաց իր ներքին ձայնին։ Ինչ էր ասում այդ ձայնը։ Նա շշնջում էր.

― Դու, Միսակ Ավալյան, սովորական մահկանացու չես, մեկը միլիոններից։ Քո ճակատին դրոշմված է անմահության կնիքը։ Դու կոչված ես մարդկանց հոգիներին տիրանալու քո խելքով, խոսքով ու գրչով։ Դու հանճար ես քո ազգի համբավը զարդարելու համար։

Եվ ահա քսանուհինգ տարի է նա այդ ձայնի գերին է։ Ինչե՜ր չի կրել նա հանուն իր բարձր «կոչման». ի՛նչ դառնություններ, ի՛նչ նյութական զրկանքներ և բարոյական տառապանքներ։ Ա՛հ, եթե գրի առնե բոլորը, ինչ որ ապրել է և զգացել, դուրս կգա մարտիրոսագրության մի ստվար հատոր, որ կարող է սարսուռ ազդել ընթերցողների վրա։ Նա այդպես էլ ասում էր։

― Իմ կյանքը,– կրկնում էր մերձավոր բարեկամների մոտ,– մի ողբերգություն է անթիվ գործողություններով։ Տեսարանները միմյանցից սոսկալի են։ Կգա ժամանակ, երբ ես կտամ նրանց գեղարվեստական նկարագիրը, և մարդիկ կտեսնեն ինչ անհոգի տառապանքների է մատնված գաղափարին նվիրված մարդը։

Այսօր նրա ֆանատիկոսյան ճակատն ավելի կնճռոտ է, շրթունքներն ավելի սեղմված, նրա վտիտ կերպարանքը, կարծես, ինքը մարմնացած թշվառությունն է։ Անցորդները նրան համարում են բախտի անիվի տակ ջախջախված մեկը, որ չգիտե ուր տանի իր ողորմելի անձը, նայում են

նրան մերթ կարեկցությամբ, մերթ արհամարհանքով: Ոմանք կանգ են առնում և հետաքրքիր հայացքով հետևում են նրա երերուն քայլքերին, կարծես սպասելով, թե ահա, ահա նա ուժասպառ պիտի թավալվի գետնի վրա: Նրան ամեն օր տեսնում են զբոսավայրում, և միշտ մենակ, միշտ խորասուզված իր մտքերի մեջ, միշտ կռնատակին մի գիրք կա և շատերը, որ նրան համարում էին հոգեկան հիվանդ և խղճում են ասելով.

– Էլի այդ խեղճ մարդը:

Նա ճեղքեց ամբոխը մի ամենախիտ տեղ, ցած իջավ մայթից: Նա կամեցավ ձիաքարշ նստել, ինքն էլ չգիտեր ինչու: Կոնդուկտորը մոտեցավ նրան, նա մեքենաբար առավ տոմսակը, դրեց գրպանը, վայրկյան անգամ չազատվելով իր մտքերից որպես կախարդված մեկը:

– Իսկ փո՞ղը,– ասաց կոնդուկտորը:

Նա մոռացել էր, որ գրպանում ահա երեք օր է կոպեկ չունի: Շփոթվեց, բայց ի՞նչ փույթ, վաղուց էր սովոր նման պատահարների: Նա տոմսակը հետ դարձրեց, շտապով ցած իջավ վագոնից, հետևից լսելով կոնդուկտորի լկտի ծիծաղն ու հայհոյանքը:

Ինչ է պատահել, որ այսօր այնքան մտամոլոր է ու շփոթված: Ոչինչ, մի շատ սովորական բան՝ ընդհարում իր կնոջ հետ: Ճիշտ այն պահին, երբ նա սկսեց պարապել իր բազմաթիվ գրքերով ծանրաբեռնված սեղանի մոտ, անզգա կինը մոտեցավ և հանդգնեց նրանից պահանջել օրվա ծախսի համար դրամ: Ընդամենը մի ռուբլի: Նա մերժեց, որովհետև չուներ:

– Ուրեմն ինչո՞վ պիտի կերակրեմ երեխաներիդ,– ասաց անողոք կինը այն դարձվածքը, որ ամեն օր կրկնում էր և որ մուրճի պես հարված էր խեղճ մարդու համար:

– Այսօր էլ մի կերպ անցկացրու:

– Այօր էլ, այսօր էլ, մինչև ե՞րբ…

– Կին, կգա մի օր, որ լավ կապրենք և շատ լավ:

Մի դառն, երկարատև ծիծաղ եղավ նրա պատասխանը:

Եվ կրկնվեց ամեն օրվա դարձած տեսարանը:

– Դու ծույլ ես, դու փախչում ես աշխատանքից, դու անհոգ հայր ես,– ասաց կինը:

– Իսկ դու նյութապաշտ ես, երկրին կպած ողորմելի,– ասաց մարդը:

Հազար անգամ կրկնված դարձվածքներ, որ վաղուց էին կորցրել իրանց սրությունը: Բայց այս անգամ, երբ Միսակ Ավալյանը, կամենալով ազատվել անախորժ տեսարանից, վերցրեց վերարկուն ու գլխարկը

դուրս գնալու, կինը դռների միջից շպրտեց մի բառ, որ մինչև այդ օրը չէր լսել նրա ընտանիքը:

– Անքանքար…

Այս մի հատիկ բառը կայծակի նման հարվածեց մարդուն, նա կանգ առավ, գունատվեց, գուցե վայր ընկներ, եթե չհենվեր պատին:

– Ա՛հ, դու էլ, անիրավ, դու էլ,– արտասանեց, երբ ուշքի եկավ:

– Այո, անքանքար: Մի՞թե մինչև հիմա չգիտեիր:

Ավելի ոչինչ չասաց կինը, դռներն ուժգին թափով ծածկեց և մտավ ներս: Նա չզգաց, որ իր ամուսնու ծայրաստիճան հիվանդ ինքնասիրությանը տվեց մի այնպիսի հարված, որպիսին երբեք չէր տվել:

«Անքանքար»,– հնչում էր Միսակ Ավալյանի ականջներում սոսկալի բառը, երբ անցնում էր ամբոխի միջով: Ահա, այդ չար ոսոխի դիվային մի քրքիջ էր, ավելի վիրավորական, քան թե լսեր «դու գող ես»: Եվ այս հարվածը տվեց նրան իր կյանքի հավիտենական ընկերը, նա, որը ընդհակառակը, պիտի լիներ իր պաշտպանը, թևեր տվողն ու խրախուսողը:

Անգո՛ւթ կին, վերջապես դառը մի բառ, որի մեջ ամփոփեցիր այն ճշմարտությունը, թե տասներկու տարի է նրան չես ճանաչում, չես գնահատում, չես կարեկցում անգամ: Ի՞նչ ես պահանջում նրանից: Կյանքի նյութական ապահովություն: Չէ՞ որ նա քեզ հազար անգամ ասել է, թե չի կարող տալ: Չի կարող, որովհետև այլ է ոսկու հետևից վազելը, այլ է գաղափարին ծառայելը և մեկը մյուսի հետ երբեք չի կարող հաշտվել: Նրա ուղին նեղ է, փշոտ: Նա պետք է լինի մերկ, անոթի, ինչպես եղել են մարդկության բոլոր ուսուցիչները, մտքի բոլոր հերոսները…

«Անքանքար»,– կրկնում էր Ավալյանը մտքում, այնպիսի շարժումներ անելով գլխով ու ձեռքերով, որ անցորդները իրավ, ունեին իրավունք նրան ցնորված համարելու:

Եվ այդ ասում է մի կին, որ պատիվ ու բախտավորություն ունի Ավալյանի ամուսինը լինելու: Ինչո՞ւ: Որպեսզի նրա ինքնասիրությունը վիրավորելով, հարկադրե նրան թողնել թանկագին երազները, տենչը մեծ մարդու և դառնալ մի խանութպան, մի գործակատար, անթև, անթռիչք, երկրին կպած մի ողորմելի որդ: Ո՛չ, տխմար կին, դու չես հասնիլ նպատակիդ: Քանի՛-քանի անգամ նա քեզ ասել է:

– Կին, հասկացիր, ես մեղավոր չեմ, որ իմ միջավայրը տգետ է, իմ ազգը գռեհիկ: Այնքան գռեհիկ, որ ընտիր զավակների մտքի սքանչելի արտադրությունները գրախանութներում փտեցնելը ոճիր չի համարվում:

Եվ նա «սքանչելի» բառն արտասանելիս միշտ մտածել է իր մի շարք

տպագրված շարադրությունների մասին, որոնք, արդարև փտում էին գրավաճառանոցում:

Անցնելով մի քանի փողոցներ, Ավալյանը հասավ քաղաքի պարտեզներից մեկին։ Նա մտավ այնտեղ, նստեց մի նստարանի վրա, բաց արավ թևի տակ դրած գիրքը, որ մի փիյիսոփայական տրակտատ էր գերմաներեն լեզվով, և փորձեց փոթորկված հոգին զբաղեցնել ընթերցանությամբ։ Շուտով նրա բազմաչարչար գլուխը հոգնեց և ստամոքսն սկսեց բողոքել անոթության դեմ: Նա դուրս եկավ պարտեզից և դանդաղ քայլերով, անցավ մի շարք խանութների առջևով: Նա կանգ առավ մի նպարավաճառանոցի դեմ: Նայեց համով դասավորված ձկնեղենի, մսեղենի և մրգեղենի նմուշներին, որ շարեշար դրված էին անցորդների ախորժակը գրգռելու համար, քաղցը բորբոքվեց նրա մեջ և ինքն էլ չգիտեր ինչու կատաղեց նպարավաճառի դեմ և մտքում ասաց «սրիկա»:

Եվ շտապեց հեռանալ խանութից անողոք քաղցը խլացնելու համար։ Նա անցավ դարձյալ մի քանի փողոցներ, միշտ միևնույն անվստահ, երերուն քայլերով: Մի նեղ փողոցի վրա կար մի փոքրիկ աննշան գրախանութ, ուր վաճառքի էին դրված մեծ մասամբ հին գրքեր։ Այդ խանութն էր միայն, որ համարձակվել էր հրապարակախոս, իմաստասեր, վիպասան և թատերագիր Միսակ Ավալյանի երկերն ընդունելու «կոմիսիայով» վաճառելու համար։ Մյուս գրավաճառները բացեիբաց հրաժարվել էին վերցնելու նրա երկերը, ասելով «տեղ չունենք»։

Նա մտավ այդ խանութը, կանխավ դրսից նայելով և ստուգելով, որ այնտեղ ոչ ոք չկա, բացի գրավաճառից։

– Բարև, բարև,– դիմավորեց նրան գրավաճառը, որ անհրապույր դեմքով մի մարդ էր, մոտ երեսուն տարեկան։

Եվ ժպտաց մի դառը հեգնական ժպիտով։ Ա՛հ, այդ ժպիտն և «բարև, բարև» արտասանող այդ չար և անհյուրընկալ ձայնը վաղուց էին ծանոթ Ավալյանին: Նա գիտեր, որ այդ նշանակում էր «էլի եկար, զուր բարեկամ, զուր»:

– Հըը, ի՞նչ կասես,– փորձեց Ավալյանը նույնպես ժպտալ և չկարողացավ:

Նրա նիհար երեսը, որ երեք քառորդով ծածկված էր թանձր մորուքով, աղավաղվեց և քթի պնչները փքվեցին։

– Ի՞նչ կասեմ,– կրկնեց գրավաճառը.– այն, ինչ որ ասացի երեկ և անցյալ օրը. «ոչ մի օրինակ»:

– Ոչ մի օրինակ,– արտասանեց Ավալյանը և զգաց, որ ձայնը հոգնածությունից, թե քաղցից և թե հուզմունքից դողաց:

– Ոչ մի օրինակ,– պնդեց անողոք գրավաճառը,– և չեմ էլ կարծում, թե ծախվի մի օրինակ գոնե մոտիկ ապագայում: Փորձով գիտեմ: Իմ գնողները շատ ժլատ են և չափազանց դժվարահաճ: Նրանք միշտ գալիս են ու պահանջում այնպիսի գրքեր, որ ես չունեմ: Անցեք մի ամսից հետո, գուցե ինձ հաջողվի մի քանի օրինակ նաղդել իմ անձնական բարեկամների կամ ազգականների վրա:

– Մի ամսից հետո: Բայց ինձ փող է հարկավոր, ես ոչինչ չունեմ, նույնիսկ հինգ կոպեկ:

– Է՛հ, բարեկամ, փողն ո՞ւմ չի հարկավոր: Ես ինքս այսօր մեծ կարիքի մեջ եմ:

– Գոնե մի ռուբլի չե՞ս կարող տալ:

֊– Ո՛չ ռուբլի, ո՛չ կոպեկ, չունեմ:

– Ես կոմիսիա կտամ քեզ հարյուրին վաթսուն՝ պայմանավորված երեսունի փոխարեն:

– Որ իննսուն տոկոս էլ տաս, էլի չեմ կարող, չունեմ:

– Ցտեսություն,– ասաց Ավալյանը ընկճված ձայնով և դուրս գնաց:

– Գնաս բարո՜վ:

Երբ Ավալյանը տուն վերադարձավ, կինը կանգնած էր պատշգամբի վրա, ձեռները ծոցը դրած, հայացքն ուղղած դեպի վար՝ կեղտոտ գավիթը, ուր խաղում էին նրա զավակները – մեկը վեց, մյուսը չորս տարեկան, երկուսն էլ աղջիկ: Դա փոքրիկ հասակով, թուխ դեմքով, նեղ ճակատով, տափակ մազերով, հիվանդոտ աչքերով մի էակ էր՝ կյանքի առօրյա հոգսերի կատարյալ մարմնացում: Տնային ծանր ու հարատև աշխատանքը և կարիքը զրկել էր նրան իր տարիքին հատուկ թարմությունից: Երեսուն տարեկան չկար. քառասունհինգ տարեկանի տպավորություն էր անում:

Նրա մոտ կանգնած էր եղբայրը, մոտ քառասուն տարեկան մի տղամարդ, դեմքի առողջ, խնդուն ու խելացի գծերով, կատարյալ այս աշխարհի զավակ:

– Ահա և՛ ինքը,– ասաց նա անփույթ բարևելով Ավալյանին,– ես ձեզ կհաշտեցնեմ:

Ավալյանը լուռ բարձրացավ սանդուղքով և անցավ բնակարան, որ բաղկացած էր երկու շատ փոքրիկ, շատ անշուք և վերին աստիճանի աղքատ կահավորված սենյակներից: Նա վերարկուն ձգեց աթոռներից մեկի, գլխարկը մյուսի վրա և նստեց գրասեղանի քով: Շուրջը ձգելով մի մոլոր հայացք, արմունկը հենեց սեղանին, գլուխը դրեց ձեռի ափի մեջ և աչքերը փակեց: Կար այդ շրջապատող չքավորության մեջ մի սուր

կշտամբանք, որ միշտ պղտորում էր նրա հոգին ինչ տրամադրության մեջ նա լիներ: Անտանելի զգացմամբ, գրեթե սարսափով սպասում էր, թե ահա, ահա ներս է մտնելու կինը և շարունակելու է առավոտյան տեսարանը:

Նա բաց արավ գրասեղանի դարակը, դուրս բերեց այնտեղից մի հաստլիկ ձեռագիր, սկսեց թերթել: Սա նրա վերջին աշխատությունն էր, դեռ անավարտ: Մի գործ, որ իբրև թե պիտի արծարծեր նրա գաղափարներն ավելի հանգամանորեն, քան երբևիցե արծարծվել էին նրանք: Այսպես էր նա հավատացած, ուստի և ոգևորված էր։ Նա հույս ուներ այդ գործով, վերջապես, խորտակելու է իր և հասարակության մեջ կանգնած պատնեշը: Ահա, այդ սարսափելի սառցե պատը, քսանուհինգ տարի է նա ճգնում է հալեցնել իր տառապանքի ջերմությամբ և չի կարողանում: Նա դեռ անհայտ է ամբոխին, նրա անունը դեռ չի փայլում գրական հորիզոնում և եթե մերթընդմերթ հնչում է այս կամ այն փոքրիկ շրջանում, միշտ հեգնությամբ: Տկարամիտներն ու անշնորհքները բռնել են ասպարեզը և չեն թույլ տալիս մի ուրիշը ոտք դնե այնտեղ:

– Նրանք ինձ ծաղրում կամ ատում են,– մտածում էր նա,– որովհետև վախենում են ինձնից:

Նա հետ դրեց ձեռագիրն և ոտքի ելավ: Սովը շարունակում էր մաշել նրա ստամոքսը. վախենում էր հարցնել, արդյոք կա ուտելու բան:

Ներս մտավ կինը, նրա հետևից եղբայրը: Կանգ առան և նայեցին նրան՝ քույրը դառը հեգնական հայացքով, եղբայրը վիրավորական կարեկցությամբ, այնպես ինչպես նայում է զորավարը ապիկարին:

Նրանց տեսնելով Ավալյանը կատաղեց:

– Ի՞նչ եք ուզում ինձնից,– գոչեց նա բռունցքները սեղմելով և մի ոտը հատակին զարկելով,– թողեք ինձ հանգիստ, ես պիտի պարապեմ, հասկանո՞ւմ եք. մի՛ խանգարեք, բավական է որքան ճնշել եք…

Նրանք ոչինչ չասացին, որովհետև պատրաստվել էին շատ բաներ ասելու: Որպես անողոք դատավորներ նրանք հանդարտ նստեցին իրարու քով՝ պատի տակ դրած հնամաշ, ջարդված ու վաղուց գույնը կորցրած աթոռների վրա: Ավալյանը զգաց, որ սկսվել է մի նոր և մինչ այդ օրը չտեսնված երկար բացատրություն: Ինչ անել, նորից փախչել դո՞ւրս: Ո՛չ, այդ կլինի վերջին երկչոտությունը և նա կպարտվի բարոյապես: Պետք է փոթորիկն ընդունել և դիմադրել թեկուզ վիրավորանքների ու հայհոյանքների ուժով:

– Այդպես շարունակել չի կարելի,– սկսեց կինը, մի ցածր, երկարատև հառաչանքից հետո, ձեռները կրծքից իջեցնելով և դնելով ծնկների

վրա,– պետք է վերջ տալ այս անտանեյի կացությանը, իմ ուժերը սպառվել են…

– Ի՞նչ ես պահանջում ինձնից,– հարցրեց Ավալյանը նույնպես նստելով:

– Ինձ համար ոչինչ, երեխաներիդ համար եմ պահանջում,– մարդավարի ապրուստ:

Միշտ միևնույն երգը: Մարդավարի ապրուստ: Գիտեմ ինչ է քո իդեալը, խոհարար, սպասավոր, ընդարձակ բնակարան թանկագին կահ կարասիով, շքեղ զգեստներ: Կառքեր, ձիեր, զարդ, պչրանք: Տասներկու տարի անընդհատ աշխատեցի և չկարողացա փոխել քո մեշչանական հայացքները կյանքի վերաբերմամբ: Կին, այդ համառությունդ կարող ինձ խելագարության հասցնել:

Լսո՞ւմ ես, Գարեգին, դարձավ կինը եղբորը,– լսո՞ւմ ես, թանկագին կահ կարասի, խոհարար, սպասավոր, զարդ ու պչրանք: Ահա թե ինչպես է հասկանում իմ պահանջը: Օրվա հացի փող չունենք, երեխաներս շրջում են կիսամերկ, ոտաբոբիկ, վերջին շապիկս եմ մաշում, և ես հանկարծ սպասում եմ դրանից փարթամ ապրուստ, հա՛, հա՛, հա՛:

Սուր և կծու էին Ավալյանի համար և այդ թույլ ձայնը, և այդ դառն ծիծաղը, որ գայիս էր տանջված կրծքի խորքից:

Արուսյակ,– արտասանեց նա, աշխատելով զսպել գրգիռը խնդրում եմ, բավական է, մի՛ տանջիր ինձ:

Դեռ ե՞ս եմ քեզ տանջում, ե՞ս: Տասներկու տարի է իմ կյանքը տանջանքների շղթա է, դեռ դո՞ւ ես հանդիմանում ինձ: Մտիկ արա ինձ. ինչ օրի եմ հասել։ Աշխատում եմ օրը մինչև երեկո ինչպեո փողոցի բեռնակիր, հոգնում եմ և ուժասպառ լինում այնքան, որ շունն էլ փախչում է ինձանից: Խոհանոցի ծուխն ու անվերջ արցունքներս աչքերս կուրացրել են: Նայիր ձեռներիս. նրանք փայտացել են կոպիտ աշխատանքից: Նայիր ինձ, ո՞վ կարող է ասել, որ ես քսանուինը տարեկան եմ: Եվ դեռ ե՞ս եմ տանջում քեզ: Ո՛չ, այսպես ապրել այլևս չեմ կարող, հոգնել եմ, ուժ չունեմ…

– Վերջը, վերջը,– պոռաց Ավալյանը,– այդ բոլորը հազար անգամ լսել եմ ու ձանձրացել: Նոր ի՞նչ ես ուզում: Պահանջդ:

Իմ պահանջը իմ ն իմ զավակների անունից է: Ուզում եմ, որ թողնես ցնորքներդ, գոնե այդ հասակում ուշքի գաս և սկսես պարապել մի որևէ գործով:

Ցնորքներ: Այո, ունեմ ցնորքներ, չեմ հերքում: Բայց հենց այդ ցնորքներն են, որ դու չես հասկանում, խեղճ ոդորմելի արարած: Դու

գրականությունը գործ չես համարում, դու արհամարհում ես իմ կոչումը, այն աստվածային հույսը, որ այրում է հոգիս և որ այսօր, վաղը պիտի հրդեհե մեր փտած կյանքը։

– Ա՜խ, թող, աստված սիրես, այդ սովորական դարձվածքները։ Նրանք վաղուց են ձանձրացրել ինձ։ Դու շատ լավ ես հասկանում իմ միտքը, երևակայիր քո մասին ինչ ուզում ես, բայց մի մոռանար, որ քո առաջին սուրբ պարտականությունը զավակներիդ ապրուստ տալն է։

– Երբեք, երբեք։ Իմ առաջին սուրբ պարտականությունը իմ կոչմանը ծառայելն է։ Այո, այո, դու խուլ ես, բայց ես միշա պիտի կրկնեմ, մի հոգի, որ ծնված է ազատ ու անկախ չի կարող ստրկանալ ուրիշ ոչ մի պարտականության, բացի իր կոչմանը։ Առօրյա կյանք, մանր–մունր պահանջներ գոյություն չունեն, հասկանո՞ւմ ես, թե չէ։ Մի ժամանակ, երբ ես ուսուցիչ էի, տանջվում էի հոգեպես, մտածելով, որ դավաճանում եմ իմ կոչմանը, ոտնատակ եմ անում իմ սրբություն սրբոցը։ Գո՜րծ։ Կարծես կա ավելի ազնիվ, ավելի բարձր գործ, քան իմը։ Ա՜հ, անմիտ կին, ավելի լավ չէ, որ ճակատագրիդ հպատակվես և փոխանակ իմ կյանքը թունավորելու, օգնես ինձ իմ խաչը կրելու։ Դո՞ւ ես դժբախտ։ Ա՛հ, եթե կարողանայիր մի քիչ բարձր մտածել, կզգայիր որ քո բոլոր ընկերուհիների, ծանոթների, քո ամբողջ միջավայրում դու ես երջանիկը, քանի որ իմ կինն ես։

Մի ուրիշ, ավեյի դառն, ավելի կծու ծիծաղ եղավ հետզհետե ինքն իր տրամադրությամբ ոգևորվող գաղափարականի պատասխանը։

– Մի՛ ծիծաղիր, անմիտ,– գոչեց Ավալյանը, կատաղությունից ճանկեց իր գլխի թանձր ու երկար մազերը, որոնք պապուասի տեսք էին տալիս նրան,– այսօր դու ինձ վերքեր ես տալիս, որոնց վաղը լիզելու ես բժշկելու համար։ Քո ծիծաղը ապտակում է ստեղծագործող հոգիս։ Դու բարոյականության դեմ ես ոճիր գործում, խեղճ ողորմելի թզուկ։ Դու չես հասկանում, որ ես քո զավակների համար պատրաստում եմ մի գանձ, որին շատ շատերը պիտի նախանձեն։ Մի խանգարիր ինձ, ով երկրին կպած արարած, մի խանգարիր հոգուս թռիչքին դու քո ճղճիմ հոգով։ Ես գիտեմ որտեղից են գալիս այդ հովերը։ Դու քո խելքով չես գործում։ Քեզ սովորեցնում են, քեզ գրգռում են իմ դեմ․․․

Պարզ էր, որ ակնարկը վերաբերում էր տիկնոջ եղբորը։

– Մի՛ համարձակվիր վիրավորել իմ եղբորը,– գոչեց կինը ավելի գրգռվելով,– ես ինչ որ ասում եմ, իմ կարճ խելքով եմ ասում։

Հյուրը, որ մինչև այդ ժամանակ չէր խառնվել մարդ ու կնոջ վիճաբանությանը, մի ներողամիտ հայացք ձգեց Ավալյանի վրա և ասաց.

– Ես զղջում եմ, որ այսօր եկա այստեղ, բայց այդ տեսարանն ինձ համար ո՛չ նոր է, ո՛չ զարմանալի։ Թույլ տուր ինձ, Միսակ, մի քանի խոսք ասել և հեռանալ։

– Ա՜հ, գիտեմ ինչ պիտի ասես։ Քույր ու եղբայր միևնույն խմորից եք հունցված, դուք ինձ երբեք չեք հասկանալու, իսկ ես ձեր մտադրությունը արհամարհում եմ ամբողջ հոգովս։

– Թող այդպես լինի, բայց ես, այնուամենայնիվ, այսօր կասեմ այն, ինչ որ վաղուց չէի ուզում ասել և չէի համարձակվում, խնայելով քո հիվանդոտ եսասիրությունը։ Բանն այն է, բարեկամս, որ դու մի սարսափելի մոլորության մեջ ես, դրանից է առաջանում քո ընտանիքի և քո դժբախտությունը։ Խոսքս այն բանի մասին է, որ դու անվանում ես կոչում և որ այնքան հափշտակում է քեզ։ Լսիր, սիրելիս, դու չունես այն, ինչ որ երևակայում ես, թե ունես։ Պետք է, վերջապես, մի օր ասել քեզ այս դառն ճշմարտությունը և ահա այսօր ասում եմ, դու խորին ինքնախաբեության մեջ ես։

– Ինչի՞ վերաբերմամբ։

– Քո գրական ձիրքի։ Այո՛, այո, քո գրական ձիրքի, քո այսպես ասած ստեղծագործական շնորհքի վերաբերմամբ, լսիր, դու արդեն հասել ես ծերության առաջին շրջանին։ Քառասունուհինգ տարին այնպիսի հասակ է, որ տղամարդը կարող է սառնարյուն լսել նույնիսկ ամենանվիրական ճշմարտությունների մասին։ Ասում եմ քեզ, որպես քո հատուկենտ ընթերցողներից մեկը – դու շնորհք չունես։ Քսանուհինգ տարի է դու միայն անհաջողությունների ես հանդիպում, դու պետք է զգայիր այդ․․․

– Հետո՞, հետո՞, – պատասխանեց Ավալյանը, զգալով, որ արյունը սկսում է գլուխը տալ։

– Հետո այն, սիրելիս, որ լինելով մի հասարակ արհեստավոր, այն էլ ոչ բավականաչափ ճարպիկ, քեզ արտիստ ես համարում։ Պարզ և անկեղծ ասում եմ, քո գրիչը ոչ մի ազդեցություն չունի քո փոքրաթիվ ընթերցողների վրա։ Ես ավելին կասեմ, քեզ ծաղրում են ամենքը, որոնք երբևիցե քո գրածներից կարդացել են գեթ մի քանի տողեր, ծաղրում են քո հավակնությունը, քո մեծամտությունը, քո մանկական մտքերը, որոնց դու ծիծաղելի լրջությամբ համարում ես խորը փիլիսոփայություն։ Ես բարեխղճաբար կարդացել եմ քո բոլոր երկերը։ Հավատացնում եմ, անկեղծ հոգով ցանկացել եմ նրանց մեջ գտնել որևէ ստեղծագործական շունչ և չեմ գտել։ Քո բոլոր մտքերը հնամաշ կրկնություններ են։ Կարող եմ ասել, որ դու իսկի ոճ էլ չունես, գիտես բառերը քիչ թե շատ քերականորեն դասավորել և ուրիշ ոչինչ, այդ է քո ամբողջ ունակությունը։ Չորս

գրքույկներ իրարու վրա կարդացի և ոչ մի սրամիտ դարձված կամ գեղեցիկ համեմատություն չգտա, ողորմելի, և դու քեզ երևակայում ես բանաստեղծ, վիպասան, դրամատուրգ և չգիտեմ էլ ինչ։ Դեռ երեկ քո անկեղծ բարեկամներից մեկը ասում էր գրեթե միևնույնը, ինչ որ ես այժմ ասում եմ։ Բարեկամս, քսանուհինգ տարի է գրում ես և մինչև այս ոչ մի գործդ լուրջ քննադատության կամ վիճաբանության չի արժանացել։ Շատ, շատ, քո մասին երբեմն գրել են մի քանի սառը տողեր, որոնք ավելի ներողամտություն են արտահայտել, քան հարգանք։ Մի՞թե այսքանը բավական չէ․ որ դու վերջապես սթափվես։

– Ինձ չես հասկանում, որովհետև ես ամբոխի համար չեմ գրում, – գոչեց Ավալյանը,– որովհետև իմ գործերը գաճաճների ճաշակի համար չեն գրվում։ Որովհետև իմ գաղափարներն անմատչելի են ամբոխին։ Որովհետև արհամարհում եմ հասարակությանը, մամուլի և բոլոր այն պարոնների կարծիքը, որոնց հետ դու շփվում ես։

– Երկինքը վկա, այդ խոսքերը ծիծաղելի են քո բերնում,– ընդհատեց հյուրը անկեղծ կարեկցությամբ։ – Արհամարհում եմ հասարակության և մամուլի կարծիքը։ Կարելի է մի՞թե արհամարհել մի բան, որ գոյություն չունի։ Ես քեզ ասում եմ, որ քո մասին տիրում է կարծիքների կատարյալ բացակայություն։ Հասկացիր վերջապես, այդ բանը, խեղճ մարդ և մի կրկնիր չգնահատված հանճարների սովորական երգը։ Բայց բավական է, ես իմն ասեցի, մնացյալը դու գիտես։

Եվ հյուրը ոտքի ելավ դուրս գնալու։

Ավալյանը անցուդարձ անելով, կատաղությունից շրթունքներն էր կրծոտում։ Նրան թվում էր, որ խոսողն իր ոխերիմ թշնամին է, եկել է հատկապես նրա աչքերի առաջ ոտնատակ անելու նրա սրբությունը։

– Ես ծիծաղում եմ քեզ վրա, ես քեզ խղճում եմ,– կարողացավ նա միայն արտասանել։

– Կեղծում ես, բարեկամ, դու չես ծիծաղում, այլ կատաղում ես։ Ծիծաղողը սառն է լինում, իսկ դու բորբոքվում ես հենց միայն այդքանը գեղեցիկ ապացույց է, որ դու զգում ես իմ ասածների ճշմարտությունը։ Բարեկամս, գիտեմ ես, որ կոպիտ եմ վարվում, դիպչելով քո հոգու հիվանդոտ տեղին։ Բայց ինչ արած, ճշմարտությունն ամենից առաջ։ Ա՜հ, ինքնախաբեության զոհ, ուշքի եկ, վերջապես խեղճ է քո ընտանիքը, խեղճ ես դու։ Մի տանջիր քեզ ու քո մերձավորներին։ Գիտեմ, դժվար է և դառը հիասթափվելը, բայց պետք է քեզ հիասթափեցնել։ Դու հիպնոզի ես ենթարկված․ մի անգամ ինքդ քեզ ներշնչել ես մի սխալ գաղափար, և նա տարիների ընթացքում աճելով, քո հոգին կլանել է ամբողջովին։

– Ոգևորությունը խաբել չգիտե,– գոչեց Ավալյանը համոզմունքով,– ես ոգևորված եմ, կնշանակե, խաբված չեմ։ Ինչո՞ւ ես ունեմ այդ ոգևորությունը և ոչ թե դու, մի ուրիշը, քեզ նման հազարավորները։ Ո՛չ, ո՛չ, հազար անգամ ոչ, զուր են քո դիվային փորձերը։ Ես իմ ուժին հավատում եմ, կնշանակե ուժ եմ։

Նորեն մի դառը ժպիտ աղավաղեց հյուրի խելացի դեմքը։ Նա մոտեցավ երկու լուսամուտներից մեկին, բաց արավ և ասաց․

– Տեսնում ես, գետի մյուս ափի վրա, ծառերի խտության մեջ այն մեծ տունը դեղնագույն պատերով։ Գնանք մի օր այնտեղ, և ես ցույց կտամ քեզ հարյուրավոր թշվառներ, որոնք նույնպես հափշտակված են իրենց կոչումով։ Նրանք ևս գաղափարների գերիներ են քեզ պես։ Մեկն իրեն երևակայում է անուղղելի զորավոր, մյուսը հանճարեղ ճարտարապետ, երրորդը երևելի հռետոր, մի ուրիշը նշանավոր գիտնական կամ գյուտարար։ Յուրաքանչյուրը հափշտակված է իր իդեալով․ փորձիր նրանց հասկացնել իրենց մոլորությունը, քեզ կհամարեն խելագար։ Բայց, արդյոք, չես խղճա այդ թշվառներին։

– Ինչո՞ւ,– պոռաց Ավալյանը, իր վտիտ կրծքի ամբողջ ուժով,– դու ինձ համարում ես խելագա՞ր։ Զգուշացիր, ժխորի զավակ, խելագարը կարող է քեզ իր ճանկերով խեղդել։

–Է՜հ, թող, ի սեր աստծո, այդ ձևերը։ Դու հիստերիկ կին կամ հիվանդ երեխա չես, որ քեզ հետ մեղրալի բերանով խոսեմ, թող իմ անվայելք համեմատությունը վիրավորե քեզ, բայց ես պարտավոր եմ սթափեցնելու համար միջոցների մեջ խտրություն չդնել։ Մարդ, որպես ազգական, խղճում եմ քեզ, դեն ձգիր աչքերիդ քողը և հաշտվիր այն ճշմարտության հետ, թե դու հանճար չես և ոչ տաղանդ, և ոչ նույնիսկ միջակություն, այլ ոչնչություն, կատարյալ ոչնչություն։ Ի՞նչ իրավունքով ես դու տանջում ուրիշներին, որ ոչնչով մեղավոր չեն քո դժբախտության մեջ։ Ահա այս խեղճ կնոջը, որ ամեն օր այդպես լալիս է, ահա այն երեխաներին, կեղտոտ բակում խաղում են շների, կատուների հետ, չունենալով ավելի լավ շրջան։ Նայիր, տես ինչի են նման։ Իմ սիրտն է մորմոքվում նրանց այդ դրության մեջ տեսնելիս։ Կարծես թափառական մուրացիկ գնչուներ լինեն։ Նրանց բզկտված բաճկոնները, պատառոտված կոշիկները, որոնց միջից երևում են նիհար սրունքները, մի–մի բողոք են քո հանցավոր անհոգության դեմ։ Այնինչ դու անսիրտ հայր չես, այլ բարի և շատ բարի։ Մտածիր և ինքդ քեզ հարցրու, արդյոք քո անփութությունը անբարոյականության հավասար չէ՞։ Արդյոք մի տեսակ զազրելի պարազիտ չե՞ս, կպած ժողովրդի մարմնին։ Ես շատ անգամ եմ

քեզանից լսել գանգատներ հայ հասարակության դեմ, շատ անգամ ես դու նրա հասցեին շպրտել վիրավորական կշտամբանքներ, թե գռեհիկ է, չգիտի արժանավայել գնահատել և վարձատրել իր մտավոր աշխատավորներին, այսինքն՝ քեզ և քեզ նմաններին։ Ասա՛, ինչո՞ւ, ի՞նչ իրավունքով։ Ո՞վ է քեզանից պահանջում զոհաբերություն կամ ո՞վ է կարոտ քո ոգևորությանը։ Ինչո՞ւ ես զոռով չգնահատված մարգարե ձևանում։ Ո՞ւմ են որևէ օգուտ տվել քո տափակ ոճով արտահայտված մտքերը, հո չի կարելի բռնի կերպով հաստատել, թե դու հայ ազգի փրկիչն ես։ Չէ՞ որ բացի քեզնից պետք է մի ուրիշն էլ զգա քո կարևորությունը։ Հապա ո՞վ է զգում, ասա, ցույց տուր գոնե մեկին։ Մի՞թե բոլորն էլ հիմար են կամ թշնամի, նախանձոտ, տգետ։ Այո՛, խոսք չունեմ, ինչպես ամենուրեք, մեր մեջ ևս կան չվարձատրված տաղանդներ, գիտեմ։ Բայց երդվում եմ ճշմարտաթյան անունով, որ դու նրանց շարքին չես պատկանում։ Հավատա, ամենից առաջ հենց նրանց աչքում ես ծաղրելի, ամենից առաջ հենց նրանք են քեզ արհամարհում։

Նա լուսամատը փակեց ն նորից նստեց։

Քանի մի վայրկյան տիրեց լռություն։ Ավալյանն անցել էր սենյակի մի անկյունը և, մեջքը պատին տված, լսում էր։ Նրա վտիտ մարմինը կծկվել էր ու փոքրացել այնպես, որ թվում էր, թե մի պահ ևս, և նա բոլորովին պիտի չքանա։ Կինը նայում էր նրան, սրտի խորքում կարեկցում։ Ծանր էր նրա համար լսել եղբոր անողոք քննադատությունը իր զավակների հոր մասին և պատրաստ էր պաշտպանել նրան։ Բայց ինչպես, ինչ ասել, չգիտեր։

Ես հասկանում եմ քեզ, արտասանեց Ավալյանը վշտից ու հուզմունքից երերվող ձայնով,– քույր ու եղբայր խոսք մի արած, դուք ուզում եք ինձ հրել բարձրությունից, ձգել վար և ձեզի պես գամել երկրին։ Դուք ուզում եք ինձ դարձնել մի հասարակ բեռնակիր, որպեսզի իմ ուսերի վրան ո՜չ միայն իմ զավակների հոգացողությունը, այլև ձեր իշխանությունը, ձեր կամքը, ձեր եսը լինի։ Բայց այդ ձեզ չի հաջողվիլ, երդվում եմ, չի հաջողվիլ որքան ևս աշխատեք։ Այո՜, թող ես ձեր աչքում լինեմ խելագար, այդ ինձ համար մինչև անգամ գովեստ է, բայց ձեր ուղին ինձ համար զզվելի է։ Ահ, դուք, ողորմելի խլուրդներ, ի՛նչ եք դուք ինձ համար, եթե ոչ գիշի վրա նոտած ճանճեր, որոնք արծիվների թռիչքի մասին երբեք, երբեք չեն կարող գաղափար կազմել։ Հաց, հաց, ահա ձեր գոյության Ան ու Ֆեն։

- Հետո՜, հետո՜,- կրկնեց հյուրը ամենայն սառնությամբ,– դա՞ է միայն ասելիքդ, ուրիշ ոչի՞նչ։ Բայց այդ բոլորը միայն ֆրազներ

են, հավատացնում եմ, դատարկ, անիմաստ ֆրազներ, դարձյալ ուրիշներից վերցրած և քո ապիկարության կատարյալ ապացույց։

– Դժբախտ, դժբախտ,– արտասանեց կինը, երեսը դարձնելով մի կողմ։

– Այո, ես դժբախտ եմ, որ ունեմ քեզ նման կին և դրա նման ազգական։ Հեռացե՛ք, թողեք ինձ հանգիստ, թողեք։

– Ո՛չ, չեմ թողնիլ, քանի որ վերջին խոսքս չեմ ասել։ Լսի՛ր․վաղուց է ինձ հայտնի, որ դու իմ քրոջ հետ ամուսնանալը համարում ես քո դժբախտությունը։ Դու այդ մասին մինչև անգամ գրել ես մի պատմվածք և տպագրել անամոթաբար։ Դու արտահայտել ես այն բանայլ գաղափարը, թե ընտանեկան կյանքի հիմքը պետք է լինի ամուսինների հոգեկան համերաշխությունը։ Դու հրապարակորեն վիրավորել ես իմ քրոջը, նկարագրելով նրան որպես մի էակ, որ անընդունակ է ըմբռնել քո դժվարամատչելի գաղափարները և գնահատել քո մեծությունը։ Ա՜հ, չճանաչված հանճար, այդ պատմվածքը մեկն է քո անշնորհքության փայլուն ապացույցներից, որովհետև այնտեղ ևս դու կապկություն ես արել, հետևելով ոչ քեզ նման, այլ իսկապես չգնահատված տաղանդների օրինակին։ Չեմ վիճում, քույրս շատ էլ մեծ մտավոր զարգացում չունի, բայց նա զուրկ չէ առողջ բանականությունից և արժանավորներին գնահատելու ճաշակից։ Նա ունի գոնե շնորհալին անշնորհքից զանազանելու չափ ունակություն։ Հավատա, եթե դու տաղանդ լինեիր, վաղուց նրան գրաված կլինեիր։ Վերջապես, ես ինքս կստիպեի նրան համբերությամբ կրել կյանքի նյութական գրկանքները, հանուն քո սուրբ կոչման։ Բայց դու չունիս կոչում, բարեկամ, չունիս, ինչո՞ւ ես անհաջողությանդ պատճառները նրա վրա ձգում։ Տաղա՜նդ… տաղանդ այնպիսի մի ուժ է, որի առջև վաղ թե ուշ խորտակվում են բոլոր պատնեշները և փարատվում է ամեն մի խավար։ Նրա դեմ անզոր է և՛ տգիտությունը, և՛ նախանձը, և՛ ատելությունը, ամեն ինչ։ Քսանուհինգ տարի է դու կռվում ես, ասա՛, հաղթե՞լ ես որևէ նախապաշարմունք, մի սխալ կարծիք․ մի թյուր հասկացողություն, լսե՞լ են երբեէ քո ձայնը, հարցրե՞լ են գեթ մի անգամ քո կարծիքը այս կամ այն հասարակական գործի մասին։ Ունի՞ս դու գոնե մի հատիկ երկրպագու չեմ ասում, այլ պարզ հետևորդ, ուզում եմ ասել աշակերտ։ Հո չի կարելի շարունակ դատարկ խոսքերով կերակրվել և սնոտի երազների մեջ թմրել։ Մի բան ևս․ ասում ես, թե քո մեջ ուժ ես զգում, բայց չէ որ խելագարներ կան, որ հավատացած են, թե կարող են դարավոր կաղնին արմատահան անել իրանց ձեռքերով և երբ փորձում են, թավալվում են գետնին։ Սակայն ներիր, ես նույնիսկ չեմ հավատում, թե դու

որևէ ուժ զգում ես քո մեջ։ Այո՛, այո՛, չեմ հավատում, դու միայն կարծում ես, թե զգում ես այդպիսի ուժ, ավելի ճիշտն ասած, քեզ համար ցանկալի է զգալ։ Հարցրու հոգույդ, և դու կտեսնես, որ երբեք անկեղծորեն չես հավատացել քո կոչմանը։ Դու ինքդ քեզ համար արհեստականորեն մի իլյուզիա ես ստեղծել և քեզ համար հաճելի է ապրել այդ իլյուզիայով։ Մի րոպե արթնացիր, մարդ, թող քո երևակայությունը, վերլուծիր ինքդ քեզ, և, հավատացած եմ քո ամենախիստ դատավճիռն ինքդ կտաս։ Աա՜, ճշմարիտ չէ՞ իմ ասածը, ու դե՞մ ես, խոսիր, հերքիր, եթե կարող ես, միայն անկեղծ եղիր, հասկանո՞ւմ ես, միայն անկեղծ եղիր, խոսիր սրտիդ խորքից և ոչ հանճարների բերնից գողացած խոսքերով։ Ա՛յ, հենց այժմ, այս րոպեին դու նման ես այդ հիվանդին, որ համոզված է, թե շուտով մեռնելու է և դարձյալ ուզում է հավատալ, որ պիտի առողջանա և ինչո՞ւ, որովհետև թուլամորթների համար հույսը զորություն է, իսկ հուսախաբվելը՝ մահ․․․

– Բավական է, բավական է,– աղաղակեց Ավալյանը գրեթե շնչասպառ,– ես քեզ արգելում եմ խոսել։ Դուրս այստեղից, սատանա, դուրս, զազրելի օձ, դու թունավորում ես իմ հոգին։ Ես չեմ ուզում քեզ լսել, չեմ կարող լսել։

Բայց արդեն ուշ էր։ Հյուրի անողորմ խոսքերի մեջ զգացել էր դառը ճշմարտությունը։ Երբեք նա այնպես տանջված չէր։ Ա՜հ, այդ կոպիտ մարդու պարզ խոսքերով խոսում էր ինքը հասարակությունը։ Այո՛, այո՛, նա չգնահատված, շատ արհամարհված անքանքարություն։ Միանգամայն ճիշտ է, որ նա այդ բանը զգում է վաղուց։ Քանի՜–քանի անգամ սառը, դաժան բանականությունը շշնջացել է նրան․ «Ավալյան, դու ստեղծագործող չես, դու մոլորված ես, դու միջակություն ես և ավելի արհամարհելի, քան միջակությունը»։ Բայց հավատալն ու հուսալը ավելի հաճելի է եղել, քան հուսախաբ լինելը։ Այո, նա արվեստաբար սնուցել էր իր մեջ ֆանատիկոսի հավատ դեպի իր չունեցած գանձը և հետզհետե աստիճանաբար ենթարկվել այդ հավատին ինչպես մի ֆակիր, որ ժամերով իր ոտքերի ծայրերին նայելով աշխատում է Նիրվանը ճաշակել և երևակայել, թե ճաշակեց ինչպես մի ստախոս, որ մի հայտնի սուտ հաճախ կրկնելով, վերջիվերջո ինքն էլ հավատում է յուր ստին։ Եղել են վայրկյաններ, որ նա փափագել է խոստովանել իր մոլորությունը և քաջություն չի ունեցել խոստովանելու։ Նա կեղծիքը գերադասել է հոգու հատակից ձայնող ճշմարտությունը, որովհետև, կեղծիքը շոյել է նրա ինքնասիրությունը, իսկ ճշմարտությունը մտրակել է նրան։

Նա նայեց կնոջը և նրա դեմքի վրա կարդաց վիրավորիչ կարեկցություն: Նայեց հյուրին՝ նույն արտահայտությունը: Որպես դաժանորեն դատապարտված մեկը նա ցանկություն զգաց հարձակվել անողոք դատավորների վրա և խեղդամահ անել նրանց: Նա պատրաստ էր արտասանել ամենագռեհիկ, ամենավիրավորական մի հայհոյանք իր կնոջ, նրա եղբոր հասցեին, բայց ամոթի զգացումը թույլ չտվեց նրան այդ անելու: Թուլացած ու ուժասպառ նա նստեց աթոռի վրա, գրասեղանի քով և գլուխը դրեց ձեռքերի ափերի մեջ: Քսանհինգ տարի նա աշխատել է այդ սեղանի քով մոլեռանդ տոկունությամբ, հիվանդոտ երևակայությամբ, իր ոտների տակ ստեղծելով նախանձելի համբավի պատվանդանը: Եվ ահա, այսօր, նրան շոշափելի փաստերով ապացուցում են, թե փխրուն է այդ պատվանդանը, և նա պետք է տապալվի գետին և կործանվի: Ինչ-որ մի բուք բարձրացավ ներսից և սկսեց խեղդել նրա կոկորդը: Նա պահանջ զգաց բարձրաձայն հեկեկալու ինչպես մի մանուկ, որի աչքերի առջև ջարդուփշուր էին արել նրա ամենաթանկագին խաղալիքը: Բայց կեղծ ինքնասիրությունը, որ այնքան ստրկացել էր նրան, այս անգամ ևս օգնության հասավ: Նա կարողացավ զսպել իրան, բայց կատաղությունից սկսեց կրծոտել իր ձեռները:

Հյուրը նրա ոսկրոտ թիկունքների ցնցումներից զգաց անտանելի հոգեկան տանջանքը: Մի վայրկյան զղջաց, որ այնքան խիստ վարվեց ողորմելի մարդու հետ: Բայց նա նայեց շուրջը, ուր տիրում էր հուսահատական չքավորությունը, նայեց քրոջ հյուծված կերպարանքին և նորեն լսեց նրա լացը: Եվ ասաց իրեն, թե պարտավոր էր այդպես վարվել, և ոչ մի մխիթարական խոսք, ոչ մի խրախուսանք:

Դռները աղմուկով բացվեցին, ներս վազեցին Ավալյանի զավակները՝ երկու պղնձագույն էակներ իրանց ցնցոտիների մեջ: Աղքատությունը կարծես ծծել էր նրանց կյանքի հյութը դեռափթիթ հասակսւմ: Նրանց նիհար, հիվանդոտ դեմքերի վրա չկար մանկական աշխուժության ոչ մի նշույլ: Վաղաժամ թախիծը պարուրել էր նրանց աչքերի պայծառությունը:

Նրանք կանգ առան սենյակի մեջտեղում և նայեցին նախ իրենց մորը, ապա հորը: Հասկացան անմիջապես, որ նրանք դարձյալ ընդհարվել են և դարձյալ միմյանց վիրավորել: Սովորական տեսարան, որ ամեն օր կրկնվելով, մանուկ տեսողության համար դարձել էին անհրաժեշտություն: Նրանք բնազդորեն միշտ եղել էին մոր կողմը, որովհետև նա էր միշտ լաց լինում և տանջվում նրանց աչքի առջև:

–Ինչո՞ւ եկաք,– ասաց քեռին,– գնացեք, խաղ արեք դրսում… Դե՛հ, շուտ:

Եվ բռնելով նրանց թևից դուրս տարավ և դռները փակեց:

– Աստված իմ,– արտասանեց մայրը, աչքերը սրբելով,– ես նրանց համար դեռ ոչինչ չեմ պատրաստել ուտելու:

Նայեց եղբորը մի հայացքով, որ միաժամանակ արտահայտում էր և՛ աղերս, և՛ երկյուղ, և՛ ամոթ:

Եղբայրը դուրս բերեց գրպանից մի քանի ռուբլի և գաղտուկ տվեց նրան:

– Մինչև երբ,– արտասանեց քույրը, խոր հառաչելով:

Այդ պահին Ավալյանը գլուխը բարձրացրեց և, ոտքի ելավ, գոռալով:

– Մուրացկա՜ն, ես թույլ չեմ տա, երբե՜ք, հետ տուր այդ փողերը, հետ տուր, ինչպե՞ս համրաձակվեցիր վերցնել:

– Ինչե՜ր ես խոսում, Միսակ, չէ՞ որ քո կնոջ եղբայրն եմ:

Այդ միևնույն է, չեմ ուզում: Ես ինքս կգտնեմ փող, հետ վերցրու քո ողորմությունը: Գրավ կդնեմ ինձ և չեմ թողնիլ, որ երեխաներս մուրացկանությամբ ապրեն: Աա՜, դուք ինձ համարում եք ողորմելի: Ես ձեզ արգելում եմ խղճալ ինձ: Կգնամ, իսկույն փող կբերեմ, իսկ հետո կտեսնեք ով է մեզնից ավելի ողորմելի: Ե՞ս, թե դու, ե՞ս, թե դու…

Նա վերցրեց գլխարկն ու վերարկուն և դուրս վազեց խելագարի պես:

Քույրը տարակուսանքով նայեց եղբորը:

– Մի վախենար,– ասաց եղբայրը,– այդ լավ նշան է, նա բժշկվում է:

– Տեսնենք…

Ամբողջ մի շաբաթ Ավալյանն անճանաչելի էր: Նրան պաշարել էր անսովոր եռանդ: Դուրս էր գալիս տանից առավոտները կանուխ և վերադառնում էր ճաշին: Գրասեղանին չէր մոտենում, չէր գրում և ոչ էլ կարդում էր:

Կնոջ և երեխաների վրա չէր գոռում, չէր հանդիմանում նրանց, թե խանգարում են նրան պարապելու: Լուռ էր, սովորանից ավելի մտազբաղ, տխուր:

Մի օր նա, տուն վերադառնալով, ասաց.

– Այժմ դու կարող ես հանգստանալ, ես գործ գտա: Ինձ տվել են երկու մասնավոր դասեր մի հարուստ ընտանիքում:

– Ա՜հ, փառք աստծո,– չկարողացավ թաքցնել իր ուրախությունը կինը,– այժմ գոնե հաց կունենանք:

– Այո, կունենանք, կունենանք,– կրկնեց Ավալյանը ներվայնաբար:

Արդարև, մի քանի ամիս նրանք հաշտ էին: Կարելի էր կարծել, որ խռովություններն առմիշտ փախել են այդ ընտանիքից, ուր նրանք բույն

էին դրել տասներկու տարի: Ո՛չ մարդն էր բորբոքվում ու գոռում, ո՛չ կինն էր գանգատվում, լալիս: Շուտով երեխաների վրա երևացին նոր հագուստներ և ոտներին նոր կոշիկներ:

Բայց Միսակը շարունակ լուռ էր, կնոջ ոչ մի հարցին չէր պատասխանում, երեխաներին չէր փաղաքշում:

Մի անգամ նա տուն վերադարձավ արտաքո կարգի գրգռված և ասաց.

– Ես դասերից հրաժարվեցի:

Կինը սարսափեց:

– Ինչո՞ւ,– հարցրեց նա դողդողալով:

– Հենց այնպես, չեմ ուզում պարապել: Չեմ կարող, տանջվում եմ:

Նա մոտեցավ գրասեղանին և դուրս բերեց այնտեղից իր անավարտ ձեռագիրը:

– Տեսնո՞ւմ ես,– գոչեց, ձեռքը զարկելով ձեռագրին,– ես չեմ կարող զավակս թաղել գերեզմանում, չեմ կարող: Թող քո եղբայրը չպարծենա, թե ինձ շիտակ ճանապարհի վրա դրեց իր ողորմելի համոզմունքներով: Ինձ ուղղել ոչ ոք չի կարող, ոչ ոք: Ահա նա, գալիս է իմ կարծեցյալ ուսուցիչը: Տե՜ս, ինչ ինքնագոհություն է արտահայտում նրա կոշտ դեմքը, հա՛, հա՛, հա՛, երևակայում է, որ ինձ կորստից փրկել է: Ո՛չ, ո՛չ, երկրին մեխված հոգի, դու չես կարող ինձ իմ բարձունքից իջեցնել մինչև քո ողորմելի աստիճանը: Իմ աշխարհն այլ է, քեզ համար անմատչելի, անհասկանալի: Հեռացիր, մի խանգարիր ինձ այլևս, դե՜հ, շուտ-շուտ հեռացիր, կորի՛ր:

Հյուրը բևեռվեց դռների շեմքի վրա:

– Թողեք ինձ, ահա իմ տեղը,– շարունակեց Ավալյանը, ձեռն ուժգին սեղանին զարկելով,– այստեղ եմ սկսել ապրել, այստեղ էլ պիտի մեռնեմ: Ես չեմ կարող օրվա հացի ստրուկը դառնալ, հասկանո՞ւմ եք, չեմ կարող: Բավական է որքան տանջվեցի այս քանի ամիսները: Այսօր հրաժարվեցի դասերիցս և այժմ դարձյալ նույն Ավալյանն եմ… Ես իմ կոչման գերին եմ… այո՜, այո՛, իմ գաղափարի…

Հյուրը նայեց նրան խորին կարեկցությամբ և ասաց.

– Դու հիվանդ ես և անբուժելի:

Նույն տարվա աշնանը Ավալյանը հիվանդացավ: Նրա վտիտ ու հյուծված մարմինը չդիմացավ թոքերի բորբոքմանը: Նա վախճանվեց, թողնելով զավակներին անոթի:

Մեկը նրա գերեզմանի վրա ասաց…

– Նրան սպանեց ամբոխի տգիտությունը…
Յատուկ Երաժշտություն
Ալմաստ - Պարսկական երթ
Ալեքսանդր Սպենդիարյան

Ալմաստ - Պարսկական երթ

Լուսաբացից առաջ
Լուսաբացից առաջ
Խաղա առցանց