Ալեքսանդր Շիրվանզադե

Չար ոգի

I

Այն քաղաքը, ուր կատարվել է այս անցքը, այժմ էլ այնպես աննշան է և աշխարհից մոռացված, որպես շատ տարիներ առաջ: Նրա բնակիչները աղքատ են, տները մեծ մասամբ ավերակ, փողոցները քարերի ու հողի կույտերով լի, տխուր, ամայի:

Գեղեցիկ է միայն այդ քաղաքի բնությունը: Օդը քնքուշ է, երկինքը կապույտ ու պայծառ, շրջակա դաշտերը ծաղկազարդ, ձորերը հովասուն: Այնտեղ գարնանը գիշերը մինչև լույս երգում են սոխակները գավիթների բարձրագագաթ բարդիների վրա, իրանց գեղգեղանքը խառնելով տերևների մեղմիկ սոսափյունի հետ:

Մի խումբ երեխաներ, մի կիսավեր տան փլատակների վրա ցրված, վազվզում էին այս ու այն կողմ, ծիծաղում, աղաղակում, կենդանություն տալով կիսավեր քաղաքի ամայի փողոցին: Նրանց մեջ կար և՜ մի յոթ տարեկան աղջիկ, որին ընկերուհիները կոչում էին «Սիրուն» Սոնա: Ոտաբաց, գլխաբաց, մի ձեռին բռնած մի կտոր հաց, մյուս ձեռով ճակատի վրա սփռված ոսկեգույն մազերը ուղղելով, կանգնած էր մի հողաբլրի վրա և աղաղակում էր.

Եկե՛ք, եկե՛ք, եթե կարող եք, ինձ բռնեցեք:

Նրա սևորակ աչքերը վառվել էին սև ադամանդների պես: Նա ուրախ էր, որովհետև ոչ ոք նրա պես վազել չգիտեր, Արդեն երեք-չորս անգամ պտտել էր բլրակի շուրջը, և խաղընկերները չէին կարողացել նրան բռնել: Արդարև, նա սիրուն էր: Արեգակը այրել և սևացրել էր այտերն ու քիթը, քարերը քերել էին ոտները և կոպտացրել, բայց, այնուամենայնիվ, սիրուն էր: Սիրուն նույնիսկ այն երկու կտոր ցնցոտիների մեջ, որ հազիվ հազ ծածկում էին նրա մարմնիկը և որ չքավորների լեզվով կոչվում են «հագուստ»:

Եկե՜ք, եկե՜ք, թե կարող եք, ինձ բռնեցեք...

Դարձյալ խաղընկերները հարձակվեցին նրան բռնելու: Նորից կամեցավ փախչել, բայց այս անգամ պատահեց մի բան: Մի քանի քայլ չարած, հանկարծ մի վայրենի ճիչ արձակեց և երեսնիվեր ընկավ հողաբլրի վրա: Ոչ այնպես, ինչպես սովորաբար ընկնում են նրա հասակակիցները և իսկույն ոտքի կանգնում: Նա ուղղակի թավալվեց ինչպես գնդակահար եղած մի փոքրիկ գազան, մռնչալով ստացած վերքից:

Խաղընկերները մի ակնթարթում մոտեցան նրան բարձրացնելու: Նա մի տարօրինակ շարժում գործեց: Ամենը սարսափած դես ու դեն ցրվեցին: Նրա ամբողջ մարմինն ու երեսի մկանունքները ընդարմացել էին: Աչքերը կիսաբաց էին, բիբերը խոշորացած և անշարժ: Բերանից հոսում էր փրփրալի թուքը թանձր շարավի պես: Նրա ձեռների բութ մատները, ինչպես ոլորուն պարան, ծռվել էին դեպի ափերը և սեղմվել մյուս մատների տակ, իսկ ոտների ոլոքները ցցվել էին չորացած ընկույզների նման: Դեմքը առաջին վայրկյան դեղնեց, հետո սկսեց կապտել, մթագնել, վերջապես, բոլորովին կարմրեց: Շնչառությունը մի քանի վայրկյան ընդհատվեց, ապա վերադարձավ: Այս դրության մեջ մնաց մի րոպեի չափ: Հետո նրա ձախ երեսի մկանունքները սկսեցին ցնցվել, ապա ցնցվեց աջ երեսը, պարանոցը և այնուհետև ամբողջ մարմինը: Այժմ նա շնչում էր արագ-արագ, ուժգին և, կարծես, հառաչելով:

Այս անսպասելի դեպքը ապշեցրել էր նրա խաղընկերներին: Տասը քայլ հեռու հավաքված, նրանք նայում էին իրանց ընկերուհուն: Բոլորի դեմքերի վրա նկարված էր և՛ երկյուղ, և՛ հետաքրքրություն: Ի՞նչ պատահեց սիրուն Սոնային: Մի րոպե առաջ վազվզում էր ամենից արագ, ինչո՞ւ այժմ, գետնին թավալված, երկյուղալի շարժումներ է անում: Ո՞վ գիտե, քարով խփեցին նրան: Բայց ոչ ոք Սոնային ձեռ չէր տվել: Նա ինքն ընկավ, այս տեսան բոլորը:

«Սևիկ» Մարգարիտը վազեց Սոնայի ծնողներին լուր տալու: Տանը ոչ ոք չկար: Սոնայի հայրը շուկայումն էր, իսկ մայրը գնացել էր ուրիշների համար հաց թխելու: Նա շրջիկ հացթուխ էր: Ա՛խ, եթե իմանար, ի՜նչպես նրա միակ զավակը, անտեր, անօգնական, ընկած է փողոցում, արեգակի տակ, ի՛նչպես նրա մազերը գզգզվել են, փոշով ծածկվել և ի՜նչպես նա խրխռում էր վիզը կտրած գառնուկի պես:

Գիժ-Դանելը, գիժ-Դանելը, գոչեցին մանուկները միաբերան և մի վայրկյանում ցրվեցին այս ու այն կողմ:

Փողոցի ծայրից գալիս է մի մարդ, հաստ ու երկայն գավազանը կրծքի վրա սազի պես բռնած, բարձր ձայնով թուրքերեն երգելով: Նա ոտաբոբիկ էր և գլխաբաց: Նրա սևացած և բրդբրդոտ կուրծքր բոլորովին մերկ էր, ալեխառն միրուքն ու մազերը կեղտոտ և փշերի պես ցցված: Նրա հագուստը բաղկացած էր հաստ կտավից կարած մի շապկից և կարճ անդրավարտիկից, որ ծածկված էին թանձր կեղտով: Ո՞վ չէր ճանաչում գիժ-Դանելին և չէր տեսել նրան: Օրը մինչև երեկո նա պտտում էր կիսավեր քաղաքի փողոցներում, մերթ ողբալով փլատակները, մերթ վազվզելով և երբեմն չորքոտանի ման գալով, որ ավելի վախեցնի վախկոտ մանուկներին և ծիծաղեցնի անվեհերներին:

Նա մոտեցավ Սոնային, բղավեց նրա վրա: Աղջիկը չվերկացավ, չշարժվեց: Դանելը զարմացավ. այն ո՞ր հանդուգն երեխան է, որ գիժ-Դանելից չի սարսափում: Եվ նայեց աղջկա երեսին: Այժմ Սոնայի ձեռներն ու ոտները չէին կծկվում, միայն նա շատ գունատ էր և զարմացած աչքերով մտիկ էր անում Դանելի երեսին: Նրա բերնի փրփուրը, խառնվելով գետնի փոշիի հետ, ցեխոտել էր երեսն ու մազերի մի մասը: Նա հանդարտիկ բարձրացրեց ծանրացած գլուխը և նստեց:

Քեզ խփե՞լ են, հարցրեց գիժ-Դանելը:

Սոնան լուռ նայում էր նրա երեսին: Նա իր մարմնի մեջ զգում էր սաստիկ թուլություն: Ոչինչ չգիտեր այն հանկարծահաս հարվածի մասին, որ նրան թավալեց գետնին:

Գլուխս ցավում է, արտասանեց նա նվաղած ձայնով:

Գիժ-Դանելը խեթ-խեթ նայեց նրա երեսին, և հանկարծ սովորական բարկությունը փոխվեց մի անսովոր մեղմության:

Մանիշա՛կս, Մանիշա՛կս, գոչեց նա, լավ միտս է, նա էլ չէր խոսում, չվերկացավ: Դու վերկաց, ես քեզ կօգնեմ:

Նա բռնեց Սոնայի բազուկներից և ոտքի կանգնեցրեց, հետաքրքրությամբ նայելով նրա աչքերին, հասակին, մազերին: Հետո նայելով իր չորս կողմը, այնպես որ, կարծես, վախենում էր տեսնեն, համբուրեց Սոնայի ճակատը, գրկեց նրան և բարձրացրեց:

Է՛յ, լակոտներ, եկե՜ք, ցույց տվեք Մանիշակիս տունը, ես ասլան Դանելն եմ, պատառ-պատառ կանեմ, հում-հում կուտեմ:

Ուրիշ ժամանակ Դանելի այս սովորական սպառնալիքը կստիպեր փոքրիկներին անհետանալ: Այս անգամ, տեսնելով, որ նա հայրական խնամքով գրկեց ընկերուհուն, սիրտ առան, և առաջ գալով, ցույց տվին Սոնայի բնակարանը:

Փողոցի միջին մասում, երկու փոքրիկ տների մեջտեղ, երևում էր տասը քայլ երկայնությամբ մի պատ, որ կազմված էր միմյանց վրա առանց շաղախի դարսած քարերից: Երկու հնամաշ տախտակներ, իրարու հետ բևեռված, ծառայում էին դռան փոխարեն:

Գիժ-Դանելը, Սոնային գրկած, մտավ մի կեղտոտ բակ, որի խորքում գտնվում էր Սոնայի բնակարանը, գյուղական խրճիթի պես մի բան: Նա զգուշաբար բեռը դրեց խրճիթի դռների առջև և, դառնալով մանուկներին, հարցրեց.

Այս երեխան մայր ունի՞ :

Մայր էլ ունի, հայր էլ:

Հաա՞: Մանիշակս մայր չուներ, մազերը այսպես էին, ճակատն էլ աչքերն էլ: Է՛յ, լակոտներ, այստեղից չհեռանաք մինչև նրա մոր գալը. իմացա՞ք, պատառ-պատառ կանեմ, հում-հում կուտեմ:

Նա չոքած էր Սոնայի առջև. հենվեց գավազանի վրա, որ բարձրանա: Այդ միջոցին խրճիթին մոտեցավ մի կին տեղական հագուստով, կռնատակին բռնած երկու թաժա հաց: Հակառակ քաղաքի սովորության, այդ կնոջ երեսը բաց էր, չնայելով երիտասարդ հասակին: Տեսնելով խրճիթի առջև խմբված մանուկներին, նա թույլ ձայնով արտասանեց.

Էլի քամբախտը...

Բայց երբ նկատեց Սոնային, ձեռքերը թուլացան, հացերը կռնատակից վայր ընկան: Նա հարձակվեց իր աղջկա վրա, գոչելով.

Էրեխա՛ս, էրեխա՛ս...

Քրտինքը անձրևի պես թափվում էր երեսից: Այտերը այնչափ կարմրած էին, որ այրված աղյուսի էին նմանվում: Աչքերը լի էին արյունով, պարանոցը փքված, կոկորդի երակներն ուռած և կապտած: Այդ օրը հացթուխ Շուշանը մի քանի հարյուր անգամ գլխիվայր թեքվել էր վառ թոնրի մեջ: Կրակը կիզել էր նրա այտերը և արյունը խփել գլխին:

Դրսումը ընկած էր, ասլան Դանելը բերեր այստեղ, ասաց խենթը:

  Դրսո՞ւմ, ընկա՞ծ, կրկնեց հացթուխը, ինչո՞ւ էր ընկել:

Բերանից փրփուր էր գալիս, կարմրել էր քեզ պես, ոտները տափին էր խփում...

Հացթուխը ընդհատեց խենթի խոսքը մի ճիչով: Նայեց Սոնայի ապուշ աչքերին և, կարծես, մի մոռացված բան մտաբերեց: Զեռները բարձրացնելով, խփեց իր գլխին և բացականչեց.

Վա՛յ նրա մորը...

Մի քանիսը Սոնայի խաղընկերներից, միմյանց խոսքը կտրելով, պատմեցին պատահած անցքի մանրամասները: Քանի նրանք պատմում էին, այնքան հացթուխի դեմքը փոխվում էր: Նա շարունակ գլխով հավանական շարժումներ էր անում ամեն մի խոսք լսելիս: Երբ բոլորը ուշադրությամբ լսեց, դարձյալ խորը-խորը նայեց Սոնայի երեսին և այժմ նրա կասկածը բոլորովին փարատվեց: Վերջին տարվա ընթացքում այդ երրորդ դեպքն էր, որ պատահում էր Սոնային: Առաջին և երկրորդ անգամ Սոնան տանն էր: Բացի ծնողներից ոչ ոք չտեսավ նրա դժբախտությունը: Իսկ այժմ փողոցո՞ւմ, խաղընկերների մո՛տ...

Գնացեք, գոչեց Հացթուխը, դառն սրտմտությամբ դառնալով մանուկներին ու աղջիկներին, ի՜նչ բան ունեք մեզ հետ, մենք անբախտ ենք: Դանել ապեր, գնա՛, ոչ ոքի չասես, եթե հոգի ունիս: Երեխա է, ընկավ, ի՞նչ անենք, ուրիշներն էլ ընկնում են… Ի՛նչ փրփուր, ի՛նչ կապտել, կարմրել, սուտ է…

Վշտացած կնոջ դառը խոսքերը Դանելին խորհրդավոր թվացին: Նրան խնդրում էին լռել, և նա զգաց, որ այս խնդիրը մի լուրջ իմաստ ունի: Նա ձեռով ծածկեց բերանը, մեջքից թեքվեց և, դառնալով երեխաներին, շշնջեց.

Սուսս, ոչ ոքի… պատառ-պատառ կանեմ, հում–հում կուտեմ:

Հետո, գավազանը շարժելով, փախցրեց բոլորին և ինքն էլ նրանց հետևից դուրս գնաց, թուրքերեն երգելով,

«Չար որսորդի նետը մտավ

Իմ ձագուկի սրտի մեջ…»

Հացթուխը գրկեց Սոնային, տարավ խրճիթի ներսը, հանեց սենյակի միջին պատի մեծ խորշից անկողին և սփռեց հատակի վրա: Պառկեցրեց այնտեղ հիվանդին և ինքն էլ նստեց նրա մոտ, իր խանդակաթ հայացքը հառելով նրա երեսին: Սոնան լուռ էր և տակավին ապշած նայում էր այս ու այն կողմ: Մոր հարցերին անորոշ պատասխաններ էր տալիս: Գանգատվում էր միայն, թե գլուխը ցավում է, հոգնած է, մարմնի վրա զգում է ինչ-որ ծանրություն:

Մի քանի րոպե անցած ներս մտավ հացթուխի ամուսինը պայտառ Ոսկանը և, կանգնելով աղջկա գլխի կողմում, հարցրեց.

Ի՞նչ է պատահել:

Մոտ քառասուն տարեկան մի մարդ էր Ոսկանը, միջահասակ և տգեղ: Նրա ձեռները, երեսը, պարանոցը ածուխի մրով սևացած էին: Նրա սրածայր քիթը ծածկված էր փոքրիկ արյունագույն բշտիկներով: Իսկ ականջների տակ, ծնոտի վրա երևում էին երկու կապտագույն բծեր, որ փոքրիկ աչքերի ու թավ ունքերի հետ միասին հրող ազդեցություն էր անում մարդու վրա:

Հացթուխը չնայեց նրա կողմը: Միայն աչքերը բարձրացրեց դեպի վեր և ձեռները տարածեց օդի մեջ: Նա երկնքից համբերություն էր աղերսում: Ոսկանը իր թերմաշ չուխայի տակից ձգեց հատակի վրա գույնզգույն թաշկինակի մեջ փաթաթած մի կտոր միս, ասելով.

Վե՜ր կաց, խորովիր, քաղցած եմ...

Տասնումեկ տարի էր հլու կինը չարչարվում էր այդ մարդու ձեռքին, ինչպես վաճառված ստրուկ: Միայն Ոսկանի գռեհիկ բնավորությունը չէր հացթուխին տանջողը: Հաճախ նա տուն էր գալիս հարբած: Այդ ժամանակ կնիկը նայում էր նրա փոքրիկ և դեղնագույն աչքերին: Վա՛յ նրան, եթե սխալ էր հասկացել այդ աչքերի իմաստը: Առանց այլևայլի իր մեջքի վրա պիտի ընդուներ կոպիտ պայտառի բռունցքի հարվածները:

Ծույլ ու պղերգ մարդը, կարծես, կնոջ վիշտը ավելի կատարյալ անելու համար մի սովորություն ևս ուներ: Օրվա մեծ մասը հորանջելով պտտում էր ուրիշների խանութները, պատահած տեղը ընդունելով սրանից նրանից մի բաժակ օղի: Այդ էլ բավական չէր: Նա բոլոր մեռելներին ուղեկցում էր մինչև գերեզմանատուն, երբ «մեռելահաց» ուտելու հույս ուներ: Ամենից ավելի հացթուխին վիրավորում էր այս ձրիակերությունը: Չքավորի վիճակը այդ կնոջ սրտում չէր ոչնչացրել, ընդհակառակը, հիվանդության աստիճանին էր հասցրել պատվի զգացումը: Օրը մինչև երեկո քրտինքը երեսին կրում էր տաժանակիր աշխատանք իր ընտանիքի օրվա պարենը վաստակելու համար:

Տեսնում ես ինչ օրի ընկավ երեխաս, գոչեց հացթուխը, առաջին անգամ համարձակվելով իր կսկիծը բարկացկոտ ձայնով արտահայտել: Կատարվեց չար երազս: Հայրդ նստած էր մի սև ձիու վրա, երեխայիս էլ դրել էր քամակին… գնում էին, գնում, չգիտեմ որտեղ… Ինչո՞ւ, նրա գերեզմանը տակն ու վրա լինի, ինչո՞ւ երեխայիս հետը տարավ.. Ընկնավո՞ր, տեր-աստված, ո՞ր մեղքիս համար…

Այս գանգատը արտասանեց մի այնպիսի ազդու կսկծալի եղանակով, որ Սոնան դարձրեց դեպի նա թախծալի աչքերը և սկսեց հանդարտիկ լաց լինել: Արտասուքի խոշոր կաթիլները գլորվում էին նրա գունատ այտերի վրայով և թրջում մոր կուրծքը: Կարծես, հացթուխի հուսակտուր խոսքերի մեջ զգաց և հասկացավ, թե ինչ պատուհաս էր եկել իր գլխին:

Ոսկանը սևացած մատներով երկաթյա ունելիքի պես ճանկեց` կոշտ ավելի նման միրուքը: Կնոջ խոսքերն ու աղջկա արցունքները ազդեցին նրա վրա: Նա արդեն հասկացել էր, ինչ չարաբաստիկ դեպք է տեղի ունեցել: Նա միայն հարցրեց.

Էլի ո՞րտեղ ընկավ…

Փողոցում, ընկերների առաջ…

Տիրեց մի ճնշող լռություն: Մայրը գրկել էր աղջկա գլուխը, աչքերը հառել առաստաղին և մտքում աղոթում էր: Սոնան դեռ լալիս էր, ձեռները փաթաթած մոր պարանոցին: Ոսկանը անցուդարձ էր անում յոթ-ութ քայլ երկայնություն ունեցող սենյակում: Նա կանգ առավ, մատները հանեց միրուքի միջից, թեքվեց, գրկեց Սոնային և համբուրեց նրա ճակատը:

Դա առաջին հայրական համբույրն էր այն օրից, երբ Սոնան կարող էր զգալ ծնողների համբույրը: Նա բռնեց հոր կոշտ ձեռը և սեղմեց շրթունքներին…

"Չար ոգի" ստեղծագործության մյուս մասերը

Յատուկ Երաժշտություն
Հայաստան սիմֆոնիկ պանել
Ղազարոս Սարյան

Հայաստան սիմֆոնիկ պանել

Բանալով կին
Բանալով կին
Խաղա առցանց