Ակսել Բակունց

Մուրոյի «զրույցը»

Երկրորդ օրն էր՝ Մաղդայում էինք։ Ալագյազի լանջի ամենաբարձր գյուղերից մեկում, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի դաշտը։ Ներքև փռված էր Արազդայանի տափարակից մինչև Անի կայարանը հասնող ընդարձակ տափարակը, գյուղերն ու քաղաքները, որ ցամաք դաշտում կանաչ պարտեզների էին նման, երկաթուղու սպիտակ կայարանները, անբաժան ակացիաներով ու բարդիներով։

Ես և ընկերս նստել էինք քարին, հիացմունքով դաշտին էինք նայում և փորձում գտնել ծանոթ գյուղերը։ Արևը կախ էր ընկել մայրամուտի կողմը։ Սարից զով քամի էր փչում, ողջ դաշտը ողողված էր արևի լույսով և արծաթի հալոցքի նման պսպղում էր ոչ միայն Արաքսի օձանման հոսանքը, այլև մի քանի փոքրիկ լճակներ ու գյուղական առուներ։

Մեր հետևը Մաղդան էր՝ տափարակ կտուրներով նոր տներ կանաչների մեջ։ Երկու կին կտուրների վրա ցորեն էին քամում։ Օդը ջինջ էր և թափանցիկ. արևի տակ փայլփլում էին ցորենի քիստերն ու թեփը, երբ ոսկեգույն փոշու հետ խառնված ցորենը կանայք մաղում էին և օրորվում։

Մեզնից մի քիչ հեռու արտերն էին։ Ոտքերը վեր քշտած մի մարդ ջուր էր տանում։ Լսում էինք, թե ինչպես էր բահը զրնգում, երբ խրվում էր ավազոտ հողում։ Ձորակից երգի ձայն էր լսվում.

Կռունկն իջել է գյոլին․․․
Յարս ման կգա չոլին...

Երգը մերթ ընդհատվում էր, մերթ շարունակվում։ Ընկերոջս հետաքրքրությունը շարժեց այդ։

− Ի՞նչ անելիս կլինի էն երգողը,− հարցրեց նա։ Ես փորձեցի երգի ընդմիջումներից որոշել, բայց չկարողացա։ Ընկերս չհամբերեց, մի քայլ արեց ու նայեց ձորակի կողմը։

− Հնձվոր է,− կանչեց նա։− Հենց որ կռանում է, լռում է․․․

Մեր գլխավերևը՝ բլրակի հետևից լսվեց մի ձայն՝ «հոլե՜, հոլե՜...»։ Մեկը սուլեց։ Ետ նայեցինք։ Ոչխարի հոտը բլուրից իջնում էր։ Մի այծ բարձրացել էր քարի գլուխն ու տմբտմբացնում էր միրուքը։ Բլրակի գլխին կանգնել էր հովիվը՝ մահակին կռթնած։ Կանգնել էր արձանի նման ու նայում էր մեզ։ Երևում էր, որ նա վաղուց է տեսել մեզ։ Ապա սկսեց իջնել։ Հեռվից արդեն նկատելի էր, որ նա կաղում է։

− Ես կաղ չոբան կյանքումս չեմ տեսել,− ծիծաղեց ընկերս։

Հովվի հագին տեղական, թևերը կտրած «փոթ» էր, մորթը դեպի դուրս։ Պայուսակը ցնցվում էր, երբ նա քարից քար էր թռնում։

− Տեսնես էս սարի գլխին նա մեր օրերից ի՞նչ գիտե,− ասաց ընկերս ու ափսոսանքով ավելացրեց,− շվին չեմ տեսնում, թե ունեցել էր՝ փչել կտայինք...

Հովիվը մոտեցավ.

− Բարի տեսանք,− ասաց և գամփռին սաստեց: Շունը նստեց:

− Անունդ ի՞նչ է,− հարցրեց ընկերս։

− Մուրո՛։

− Մուրո, բա շվի չունե՞ս։

− Փո՞ղ։− Եվ ծպպացրեց։

Նրա մի ոտը կարճ էր։ Կանգնելուց մատերի ծայրը հազիվ էր գետնին դիպչում։ Դեմքը ծաղկատար էր, ձախ աչքի տակը՝ ճոթռած։ Նրա զգեստը, գդակը, դեմքը, ձեռքերը համարյա հողագույն էին, արևից խանձված, քամուց ծեծված։ Սակայն մի քաղցրություն կար նրա միամիտ, մի քիչ կոշտ դեմքին։

Մուրոն նստեց։

− Մուրո, կարդալ գիտե՞ս։− Նա ծիծաղեց։

− Ուստի՞ց։

Ընկերս սկսեց հարցուփորձը։ Մուրոն գյուղի հովիվն էր։ Գյուղում մի «քոլիկ» ունի, որի դուռը դեռ չի կախել։ Քնում է ոչխարատիրոջ տանը՝ հերթով։ Ոչ ոք չունի։ Սասունում էլ որբ է եղել։

Հանկարծ ընկերս հարցրեց նրան.

− Մուրո, դու Լենինի անունը լսած կա՞ս...

− Հբա իմա՞լ,− մի քիչ սրտնեղեց նա։− Ես Լենինի զրուց լե գիտեմ․․․

− Ի՞նչ զրույց, մի ասա լսենք,− խնդրեց ընկերս։ Մուրոն ամաչելով մեզանից «ծգարա» խնդրեց ու սկսեց.

− Լենին ուռուս էր։ Յուր հեր լե չքավոր էր, պապ լե. գնաց կարդալու, էս յան, էն յան, մի հուսումարան ռաստ եկավ, ասավ՝ չքավոր եմ, ինձի կառնե՞ք, կուզեմ կարդացվոր էղնիմ։ Առան, մի քանի վախտ կարդաց, որ ուսում թամմեց, խելքի էկավ։

«Որ խելքի էկավ, իմացավ, թե աշխարքի վնաս ուստից կեղնի։ Մտածեց, մտածեց, տեսավ, որ վնաս ուռուսի թագավորից կեղնի։ Թոփ արեց իրենց հուսումարանի տղոց, թե՝ ընկերներ՝ էնքան որ կարդացվոր եք, իմա՞լ կեղնի, որ չքավոր դառը դատի, հարուստ ուտի, ինքը մնա չլուտ, սոված, ռութ, մի կարկատած լեֆ լե չունի, որ մեջ պառկի։

«Ընկերներ ասին․ էղեր, չէղեր է, էդպես էղեր է, էդպես լե մացել է։ Լենին ասավ. աշխարհն էդպես չի մնա, էսօր ամպ է, էգուց պարզ արև։ Մինչի մենք ընկերություն չանենք զիրար, թագավոր լե մզի կմորթե, հարուստ լե մզի կճնշե, հող լե մզի չօգնի։ Մկրատ իրեն է։ Զուդր ուղիղություն կասեմ, որ մինչի թուր հարուստի բերան չառնի, պարզ խոսք չի ասի։

«Ընկերներ համոզվեցին, ասին կազմակերպություն սարքենք։ Սարքին. Լենին ասավ, ընկերներ, ուժով կացեք, որ պիտի կռիվ տանք։

«Էդ վախտը թագավոր մի հավատարիմ մարդ կունենա։ Կկանչի էդոր, կասի, որ երթա պտուտ գա երկիր, կուզեր իմանա թե՝ ժողովուրդն ի՞նչ կասի չի ասի թագավորից։ Էդ մարդ յոթ տարի ման կգա, վերջը կգա թե՝ թագավոր, լավ խոսք քիչ իմացա։ Թագավոր թախտից կիջնի, թե ինչ տեսել ես, չես տեսել՝ զմմեն լե պատմի։

«Կասի՝ թագավոր, իմացած եղիր, որ էսպես տսվերկու տարեկան մի տղա, անուն Լենին, քեզ փորձանք կբերի։ Թագավոր վախուց հրաման էտուր, թե տսվերկու տարեկան Լենին քշեք աքսորյան...»։

Արևը թեքվում էր կարմիր ամպի հետևը, իբրև հոգնած հնձվոր, որ վրան է առնում թաղիքը։ Ճկում էին ծտերը, քարից քար թռչում, կարծես չէին ուզում, որ երեկո լինի։

Մուրոն ծուխը խոր քաշելով, շարունակեց․

− Քշեցին աքսորյան, էլի չխրատվավ։ Լենինի ախպեր որ իմացավ, թե պստի ախպեր աքսորյան է, ասավ. էլնիմ էրթամ ինչքան թագավոր կա մորթեմ։ Էդ խաբար լե շուտով հասուցին թագավորին, թագավոր էս անգամ կատաղավ, ոտքը գետին զարկավ, թե բռնեք բերեք, իդա մանչ վի՞ր է։

«Բռնին բերին։ Թագավոր հարցուց, ո՞վ ես, ասավ՝ Լենինի ախպերն եմ, ասավ՝ անունդ ի՞նչ է, ասավ՝ Ալեքսան։ Աս խոսք ասել էր, չէր ասել, թագավոր թուր հանեց զարկեց, արյունը ծով արեց։ Լենին իմացավ, ասավ. «Վա՜յ իմ Ալեքսան...»։ Շատ արցունք թափեց ախպոր համար, բայց էլի ուժովցավ, ասավ՝ ընկերներ, եկեք գազեթ սարքենք։

«Ընկերներ համոզվան, գազեթ հանին, ասին՝ դու ամբողջի գլխավորն էղի։ Լենին ասավ՝ թե կռիվ պիտի տանք, ով զենք չունի, թող առնե, ուժով միանանք, թագավորի վրա քշենք։ Էս էլ որ իմացավ թագավոր, կատաղեց, մարդ ճամփեց, որ աքսորյան Լենինին մորթեն։

«Էս անգամ չքավոր բանվորներ ասին, որ թագավոր մեր Լենին սպանե, հաբա մզի ուղիղություն ո՞վ ցույց կիտա։ Չընքի թորգի, ասին, մենք լե կերթանք կռիվ կիտանք թագավորի վրա։ Լենին ժողովք արեց, նամակ գրեց զմմեն չքավոր բանվորներուն, թե պատրաստ կացեք, էս ֆլան ամիս կռիվ կէրթանք թագավորի վրա։

«Առավ իր ընկերներ, իր զենք կապեց, էդ ֆլան ամիս Լենին էկավ ուռուսի թագավորի պալատ։ Կանչեց՝ ե՛լ, ես աքսորյան Լենինն եմ։ Ուժեղ կպան զիրտը, շատ արյուն թափին։ Լենինի թուր ճեղքեց թագավորի գլուխ, երկու կես արավ, թագավորին տապալեց, էնոր տուն ու քուլֆաթ զարկեց, ջարդեց, լավ հողեր, լավ դուքըններ, ինչ որ թագավորն ուներ, զմմեն ոսկի, հարստություն բաժանեց չքավորներով, ասավ՝ գնացեք ձեր քեֆին ապրեք... Չքավոր բանվորներ ռահաթցան, Լենին հավաքեց իր ընկերներ, ժողովք նստան, որոշում գրին, որ էլ կռիվ չէղնի։ Էլավ մի բարձր քար, ասավ.

− Ժողովուրդ, խաղաղ ապրեք․․․ Էլ մզի կռիվ չկա...

«Եղավ խորհրդային իշխանություն․․․»։

Մուրոն լռեց ու գլուխը ոչխարների կողմը դարձնելով, հոտի առաջնորդ այծի վրա կանչեց այնպես, որ հատուկ է լեռան հովիվներին և որի հնչյունը ոչ մի կերպ չի կարելի տառերով գրել։ Տեսնելով, որ կանչն անհետևանք անցավ, Մուրոն նստած տեղից քար շպրտեց այծի կողմը։

Մարմնի մյուս պակասություններից բացի, Մուրոն նաև ձախլիկ էր։ Սակայն այդ չխանգարեց նրան քարը հասցնելու ճիշտ այն կետին, որ հարկավոր էր՝ այծը ետ տալու համար։ Եվ ոչխարներն էլ այծի հետևից գլուխները դարձրին դեպի արևմուտք։

− Մուրո, իսկ ի՞նչ պատահեց Լենինին հետո,− անհամբեր հարցրի ես։

− Զրուց չխսլավ դհա, կեցի․․․− և շարունակեց.

«Թագավորին որ զարկեց, հարուստ չխլսավ։ Որ փախավ, որ լե ահուց մահացավ։ Մնաց մի հարուստ մարդ։ Զոր նստեց միտք արավ, գիշեր չուրի լուս միտք արավ, թե հնարքով Լենին ջնջի հողի երեսից։ Վերջը հնարք գտավ։ Կանչեց մի աղջիկ, ասավ՝ աղջիկ, ոսկի կուզե՞ս, ասավ՝ կուզեմ։ Աղջիկ էլավ գնաց Լենինի դռան մոտ կեցավ։ Պահապաններ ելան հարցրին՝ աղջիկ, դու վի՞ր ես. ասավ՝ չլուտի աղջիկ եմ, Լենին իկա խնդիր ունեմ։ Լենին իլավ դուս, ֆայտոն նստավ։ Ֆայտոն նստեր էր, չէր նստեր, աղջիկ էղարկ. Լենին ասավ՝ դրան մի սպանեք, իմացեք, թե ո՞վ ճամփեց։ Իմացան, որ էն հարուստ ճամփեց, հարոսով փոր-փսոր լե տրորին, եղավ հավսար։

«Մի քանի վախտ անց Լենին հիվնդցավ։ Օր հիվնդցավ, կանչեց իր ընկերներ, իր կնիկ, իր զորք, ասավ՝ ընկերներ, ես կմեռնեմ, իմ խրատներ, իմ խոսք կմնա աշխարհի երես։

«Լենին մեռավ... Յոթ օր, յոթ գիշեր սուգ արին, տարան մի բարձր տեղ թաղին, որ արևուց մոտ էղնի...»։

Մուրոն տեղից վեր կացավ, պայուսակն ուսը նետեց։

− Համլա զրուց (այսպիսի զրույց),− ասաց և խոնարհ գլուխ տալով հեռացավ, փայտը քարեքար դիպցնելով։ Քայլելուց նա ցնքվում էր, կարծես ամեն քայլափոխին պիտի ընկներ, եթե մահակը քարին դեմ չտար։

− Տղա լաո, իդա կուտ (ցորեն) վի՞ր է,− առուների մոտից կանչեց մեկը։

Մուրոն հավաքում էր ոչխարը։ Լսելի էր նրա մեղմ սուլոցն ու ձայնը,− «հոլե՜, հոլե՜... քը՜սս, քը՜սս...»։ Քիչ հետո ոչխարի գլուխը թեքեց դեպի գյուղը։

− Հը, ո՞նց էր․․․− հարցրի ընկերոջս։

− Երբեք չէի սպասի...

Մենք նստեցինք, մինչև իրիկվա նրբին լազուրը հալվեց մութի մեջ, թանձրացավ խավարը, և դաշտն ու դիմացի լեռնաշղթան սուզվեցին մթնում։ Արաքսի արծաթ գոտին նիրհող թռչունի նման պահվեց եղեգնուտների մեջ։

Եվ ինչքան թանձրանում էր մութը, այնքան վառ էին փայլփլում էլեկտրական լույսերի շղթաները։ Ահա Երևանը, Սարդարաբադի կայարանը, Վաղարշապատը, Այղրի ջրհանը։

Կարծես մութ օվկիանի վրա լողում էին հրավառ նավեր...

1932

ԱՆՁՐԵՎԸ

Մթին սարերի ամպերից, կապույտ ձյուներից և սառը աղբյուրների ակունքներից գլոր-գլոր իջնում է Ձորագետը, գարնանը՝ հեղեղների աղմուկով, ամառվա տապին՝ զով կոհակներով և աշնանը՝ դեղնակարմիր տերևներով, որ հավաքում են ջրերը ձորերում։ Հետո ջրերի վրա, նուրբ արահետների վրա ծանրանում է ցուրտ մառախուղը և լոռեցիների բարձր աշխարհում մաղում է ձյունը։

Տխրություն, ահ, լեռնային երկրի երկա՜ր ձմեռ...

Արդեն տերևաթափ են թզենիները։ Անտառում երևում են հացենի ծառերը նարնջագույն տերևներով, կաղնիները՝ թաց դեղին և կարմիր տերևներով, տանձիները, որոնց շուրջը չոր խաղալի վրա գիշերում է մի գազան։ Ծառից ընկնում են տերևները, ահավոր կանչում է կույր մոշահավը, և բոլորովին մոտիկ, դեղնած սաղարթի մեջ փայտահարը կտուցով թմբկահարում է կեղևը։ Անտառում մառախուղ է։ Կաթում է հեռացավ, փայտը քարեքար դիպցնելով։ Քայլելուց նա ցնքվում էր, կարծես ամեն քայլափոխին պիտի ընկներ, եթե մահակը քարին դեմ չտար։

− Տղա լաո, իդա կուտ (ցորեն) վի՞ր է,− առուների մոտից կանչեց մեկը։

Մուրոն հավաքում էր ոչխարը։ Լսելի էր նրա մեղմ սուլոցն ու ձայնը,− «հոլե՜, հոլե՜... քը՜սս, քը՜սս...»։ Քիչ հետո ոչխարի գլուխը թեքեց դեպի գյուղը։

− Հը, ո՞նց էր․․․− հարցրի ընկերոջս։

− Երբեք չէի սպասի...

Մենք նստեցինք, մինչև իրիկվա նրբին լազուրը հալվեց մութի մեջ, թանձրացավ խավարը, և դաշտն ու դիմացի լեռնաշղթան սուզվեցին մթնում։ Արաքսի արծաթ գոտին նիրհող թռչունի նման պահվեց եղեգնուտների մեջ։

Եվ ինչքան թանձրանում էր մութը, այնքան վառ էին փայլփլում էլեկտրական լույսերի շղթաները։ Ահա Երևանը, Սարդարաբադի կայարանը, Վաղարշապատը, Այղրի ջրհանը։

Կարծես մութ օվկիանի վրա լողում էին հրավառ նավեր...

1932

Յատուկ Երաժշտություն
Սիմֆոնիա N3
Ավետ Տերտերյան

Սիմֆոնիա N3