Րաֆֆին (Հակոբ-Մելիք-Հակոբյանը) ծնվել է հարուստ ազնվականի ընտանիքում Պարսկաստանի Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղում։ Նախնական կրթություն ստացել է տեղի ծխական ուսումնարանում։ Հայրը՝ Մելիք Միրզան, հայտնի առևտրական էր և 13 զավակների հայր էր, ուներ նաև կալվածքներ։ Մելիքությունը նրանց ժառանգական իրավունքն էր, և նրանց վեհապահված էր գյուղերի կառավարումը։ 1847 թվականին մեկնել է Թիֆլիս, ուսանել Կարապետ Բելախյանցի դպրոցում։ 1852 թվականին ընդունվել է ռուսական պետական գիմնազիայի չորրորդ դասարանը։ Այնտեղ, չորս տարվա ուսումնառության ընթացքում, կազմավորվել են նրա գրական նախասիրությունները՝ Շիլլերի, Հյուգոյի, ռուսական ժամանակակից գրականության գեղարվեստական փորձի վրա։ 1856 թվականին, գիմնազիայի դասընթացը չավարտած, վերադարձել է Փայաջուկ՝ տնօրինելու գերդաստանի կառավարման գործը։ Սակայն ազգային-հայրենասիրական ռոմանտիկ գաղափարներով տոգորված Րաֆֆին այլ ասպարեզի համար էր նախակոչված։ Իր ծրագրերի իրականացման համար կարևոր նշանակություն տալով «կյանքի ուսումնասիրությանը», 1857-1858 թվականներին Րաֆֆին ճանապարհորդել է Պարսկաստանի և Թուրքիայի հայկական գավառներում, գրառել ժողովրդի նիստուկացի, բնաշխարհագրական տեղայնության, պատմական հիշատակների վերաբերյալ իր հարուստ տպավորությունները։ 1879 թվականին Րաֆֆին մշտական բնակություն է հաստատում Թիֆլիսում և զբաղվում միայն գրական աշխատանքով։ Կյանքի վերջին տարիներին աշխատակցում է Աբգար Հովհաննիսյանի «Արձագանք» թերթին։ Այդ տարիներին նրա կյանքում կարևոր դեր է կատարում «Մշակ» լրագիրը, որը սկսում է հրատարակվել 1872 թ. Գրիգոր Արծրունու խմբագրությամբ։ Խմբագրի հրավերով Րաֆֆին դառնում է թերթի մշտական աշխատակիցը։ 1888 թ. ապրիլի 25-ին Րաֆֆին վախճանվում է։ Նրա աճյունն ամփոփված է Թիֆլիսում՝ Խոջիվանքի հայկական գերեզմանոցում։
Գրական կյանք
1860-ականներ
1860-ականների վերջերին քայքայվել էր Մելիք-Հակոբյանների տնտեսությունը, և գերդաստանը հասել սնանկության եզրին։ 70-ականների սկզբին Րաֆֆին հաճախ է եղել Թիֆլիսում, կապ հաստատել ազգային մտավորականության հետ՝ ձգտելով մտնել գրական-հասարակական գործունեության ասպարեզ։ Ընդունելով Գ. Արծրունու հրավերը՝ Րաֆֆին դարձել է «Մշակ»–ի գլխ. աշխատակիցը և թերթի էջերում տպագրել իր գեղարվեստական պատկերները («Գեղեցիկ Վարդիկը», 1872, «Անբախտ Հռիփսիմեն», 1872, «Սով», 1872, «Մի օրավար հող», 1873, «Բիբի Շարաբանի», 1876 և այլն), հրապարակախոսական հոդվածներն ու ուղեգրությունները, որոնց նյութը պարսկահայ իրականությունն է՝ սոցիալական ու ազգային թշվառության ողբերգական հետևանքներով։ Կենսական հարցադրումները, թարմ գաղափարները, մշակված լեզուն և պատկերավոր ոճը Րաֆֆու պատկերներին տալիս են հասարակական լայն արձագանք՝ գրողին բերելով համազգային հռչակ։ 1875-1877 թվականներին Րաֆֆին աշխատել է Թավրիզի Արամյան դպրոցում, որպես հայոց լեզվի և պատմության ուսուցիչ։ 1877-1879 թվականներին դասավանդել է Ագուլիսի հայկական դպրոցում, սակայն, բախվելով պահպանողական մտայնությանը հարող միջավայրի հետ՝ վերադարձել է Թիֆլիս, որտեղ և մնացել է մինչև կյանքի վերջը՝ զբաղվելով միայն գրական գործունեությամբ։
1870-ականներ
70-ականներին Րաֆֆու աշխարհայացքը որոշակի առաջընթաց է կատարել լուսավորական ռոմանտիզմից դեպի պոզիտիվ սոցիոլոգիան։ Հետևելով ժամանակի սոցիալական ուսմունքներին՝ նա եկել է այն համոզման, որ հասարակության զարգացումը ենթարկվում է որոշակի օրենքների, և դրանք պարտադիր են բոլոր ազգերի ու ժողովուրդների համար։ Նման հայացքը մի կողմից վերանայումներ էր գծում հայ ժողովրդի ազգային ու սոցիալական զարգացման վերաբերյալ նրա ըմբռնումների մեջ, մյուս կողմից ընդլայնում էր նրա գեղարվեստական ու հրապարակախոսական հարցասիրությունների ընդգրկումն ու բովանդակությունը։ «Ընտանիքի կերբերոսներ» (1872), «Նամակ Կ. Պոլսից» (1873), «Վաճառականությունը հայերի մեջ» (1872), «Նամակ Պարսկաստանից» (1876) և այլ հրապարակախոսական հոդվածներում Րաֆֆին արծարծել է տնտեսական, բարոյական, կրթական և այլ բնույթի հարցեր, գեղարվեստորեն պատկերել կյանքի բազմազան ոլորտներ։ «Խաչագողի հիշատակարանը» (1869-1870, հրտ. 1882-83) վեպում նա առաջադրում է անհատի քաղաքացիական պարտքի գաղափարը։ Ցույց տալով չարության, մարդատյացության, ընչաքաղցության բնազդական կրքերի արթնացումը մարդու էության մեջ՝ գրողն իր հերոսներին հանգեցնում է այն գիտակցության, որ մարդիկ բարի կամ չար չեն ծնվում, այլ այդպիսին են դառնում հասարակական մթնոլորտի ազդեցությամբ։ Հետևաբար, մարդկային գործունեությանն օգտակար ուղղություն տալու համար անհրաժեշտ է բարեփոխել հասարակությունը։ Արթնացնելով իր հերոսների քաղաքացիական գիտակցությունը՝ Րաֆֆին նրանց հայացքն ուղղում է դեպի ազգային-ազատագրական պայքարի ասպարեզը։ «Զահրումար» (1871, հրտ. 1895), «Ոսկի աքաղաղ» (1870, հրտ. 1882), «Մինն այսպես, մյուսն այնպես» (1890) վեպերում նա պատկերում է առևտրական բուրժուազիայի կենցաղն ու բարքերը։ Րաֆֆին շատ էր սիրում իր աշխատանքը։
Րաֆֆու ստեղծագործական տաղանդի վերելք
Րաֆֆու գրական-քննադատական հոդվածներ
Րաֆֆու ստեղծագործության էական բաժինն են կազմում գրական-քննադատական հոդվածները։ Երկերի առաջաբաններում, «Պ. Հայկունու կրիտիկան և «Կայծերը» (1883), «Վիպագրությունը ռուսահայերի մեջ» (1887) և այլ հոդվածներում ու գրախոսություններում նա արձագանքել է ընթացիկ գրական շարժման բնորոշ երևույթներին, արծարծել գրողի անհատականության, ստեղծագործական երևակայության, քննադատության մեթոդի, 19-րդ դարի հայ գրականության զարգացման գլխավոր օրինաչափությունների, գրական երկի ձևի ու բովանդակության, ժամանակակից և պատմական վեպի տեսության հարցեր, որոնք նշանակալից ներդրում են հայ գրականագիտական քննադատական մտքի պատմության մեջ։
Գրական գեղարվեստական առաքելություն
Խորապես կապված ազգային մշակույթի ավանդույթների հետ և յուրացնելով ռուս և եվրոպական գրականության նվաճումները, Րաֆֆին հայ գրականությունը մերձեցրեց ժամանակի համաշխարհային գրականության չափանիշներին։ Րաֆֆին գեղարվեստական խոսքի նորարար է։ Նա որակական նոր աստիճանի բարձրացրեց հայ արձակը՝ մշակելով վեպի, վիպակի, պատմվածքի, նամականիի և ուղեգրության ընտիր նմուշներ։