Yervand Nazaretyan
Ծննդյան գիշեր
Եվս մեկ շրջան անխախտ հեռացավ
Քարոտ ու փշոտ ճամփաների հետ,
Ահա մի էջ էլ պատմություն դարձավ,
Որը սերտվում է, բայց չի թերթվում ետ:
Դարձյալ իմաստուն ու ծանր գիշեր
Դոփում է սրտիս թրթիռներին բաց,
Ինձ դավաճանած ես-ս անձնվեր
Խոսում է իմ որբ անցյալի հետ թաց:
Որտեղ արեւով օծված մի խաչյալ
Պրկված ճչալով երկար եմ լռել,
Ուր հրեական բարքերը մռայլ
Իմ մեջ մկրտվող փյունիկ են կռել:
Եվ ինքս իմ դեմ այս ընդվզումից
Ինքնահալածված տալիս եմ փախուստ,
Բայց Եռախորհուրդ Կյանքն ասում է ինձ`
Դու քո տվածով ես միայն հարուստ:
Հենվում եմ, ահա, այս սուրբ խոկումին`
Ներշնչվելով իմ հղացքով անբիծ,
Եվ տեղի տալով հոգուս ջրվեժին,
Փորձում եմ հառնել անդուլ աղոթքից:
Ու կարոտում եմ այսպես ամեն օր
Իմ մանկությանը լուրթ ու իմաստուն,
Այնքան խելացի տարիներ էին, որ
Դեռ այս աշխարհից բան չէի հասկանում: