Yeghishe Charents
Կապուտաչյա հայրենիք
I
Ես սիրում եմ նստել ամեն իրիկուն,
Պատուհանիս առաջ երկա՜ր ու երկա՜ր.
Նայել պահվող ճամփաներին անանուն
Ու երազել խնդություններ արևառ։
Նայել կանաչ հովիտներին՝ արևի
Իրիկնային երանգներով շղարշված,
Խմել լուսե երանգները վերևի՝
Երջանկացած ու հարբած։
Ականջ դնել ցորենների շշուկին
Եվ սպասել, որ շշուկները բուրեն
Ու երգ դառնա երկնասլաց իմ հոգին
Ու երազները մեղմորեն օրորեն։
Ես սիրում եմ նստել մենակ ու անձայն,
Աչքերս հառել հուրհրատող երազին,
Լսել ձայներ, որ զնգացին ու անցան
Երանգների պես իրիկվա երազի։
Ապրել՝ հարբած երազներով իրիկվա,
Սուզվել անտես՝ աղբյուրների կարկաչում,
Հարբե՜լ, հարբե՜լ ու մոռանալ առօրյան
Եվ հավատալ, որ հեռվից բախտն է կանչում…
II
Կա հոգեկան անհունության մի վայրկյան,
Երբ ամեն ինչ սուրբ է թվում ու անբիծ,
Երբ երազ է դառնում տաղտուկ առօրյան
Ու դառնում են ուղևորները ճամփից։
Դուռս բաց է, դուռս բաց է ձեզ համար
Օ՜, հեռավոր բարեկամներ ու քույրեր.
Սիրտս վառել է կրակները անմար՝
Հին երազներն ու կարոտները հրե։
Սիրտս վաղո՜ւց ձեր գալուն էր սպասում,
Հավատում էր կարոտակեզ, որ կգաք,
Ու կլինի հանդիպումի երազում
Քաղցր ժպիտ ու խնդություն, ու կրակ։
Ա՜խ, ես գիտեմ, որ դուք կգաք, խնդագին,
Լո՜ւյս կվառեք մառախուղում ու մուժում
Ու մի անմար կարոտանքով կրկնակի
Ճամփա կընկնենք իրիկնային մշուշում…
III
Օ՜ հեռավո՜ր, կապուտաչյա՜ սիրուհիս.
Հովիտի մեջ փրփրուն գետն էր հոսում
Եվ անդադրում պատմում էր ինձ, որ ունիս
Դու գգվանքներ ու գրկանքներ սերասուն։
Այնտեղ, կանաչ ու ծաղկաշատ գետափին
Տնակս այնքա՜ն հոգեթով էր ու անդորր.
Լսում էի ալիքների երգը հին,
Որ ինձ թվում էր մայրական մի օրոր։
Ալիքների հազարաձայն երգի մեջ
Ես գիտեի գուշակել քո ապագան,
Լսում էի կարոտերգերդ անվերջ,
Լսում էի խոստումներդ՝ ես կգա՛մ։
Ուռին, բարդին ու թթենին գետափնյա
Լսում էին ինձ հետ երգերը ջրի
Ու սիրտ շոյող շշուկներով դյութական
Թախծում էին մենության մեջ օրերի։
Ա՜խ, իմ գետակն ու իմ այգին հայրական,
Գետեզերքին՝ իմ երազը տխրամած.
Ե՞րբ, ե՞րբ էր, որ ասացիր՝ ես կգամ
Ու խոստումիդ սիրտս խնդաց ակամա…
IV
Օ՜ հեռավո՜ր, կապուտաչյա՜ սիրուհիս…
Հովիտի մեջ փրփրուն գետն էր հոսում
Ու փսփսում էր երազներ անհունի
Գորշ օրերի միանման երազում։
Ելնում էր մայրս տնակից հնամյա,
Ծեր քայլերով գնում էր ափը ջրի
Ու թթենին մեղմ օրորում էր նրա
Թախիծը հին, անհրապույր օրերի…
Ես չըգիտեմ, ես չըգիտեմ հիմա էլ՝
Աղջի՞կ ես դու, թե այն տնակն ու այգին,
Ուր հոսեցին իմ երազները ջահել
Ու վայրկյանները անսփոփ պատրանքի։
Բայց ես գիտեմ, որ սիրեցի քեզ մի օր,
Երբ հասկացա, որ աշխարհում դու չկաս,
Բայց երազի ուղիներով հեռավոր
Դու մի գիշեր պիտի իջնե՜ս, պիտի գաս։
Հավատացի որ կտեսնեմ քեզ մի օր,
Ու կլինես դու իմ անբիծ հարսնացուն՝
Արևների նման պայծառ, լուսավոր,
Ճաճանչների նման Վահագն Աստըծու։
Աներևո՛ւյթ, կապուտաչյա՛ սիրուհիս,
Գիշերների տխրության մեջ լուսընկա,
Սիրտս տալով շշուկներին անքունի
Ես մեն-մենակ լույս ճամփաներդ ընկա…
V
Որոնումիս ճանապարհին անծանոթ
Չհոգնեցի, չհոգնեցի ես երբեք։
Այրում էր իմ սիրտը հեռու մի կարոտ,
Կանչում էր լույս հեռուներդ անեզերք։
Գնո՜ւմ էի գիշերային իմ ճամփով
Ես միայնակ ու տրտում։
Միայն կարոտս էր հեքիաթում հոգեթով
Երազանքներ անպատում։
Ու լուսընկա ուղիներում անանուն
Կարոտակեզ, սիրակեզ,
Անբառ սիրով ու կարոտով մի անբուն
Քեզ սպասում էի ես։
VI
Ու լուռ էր այնպես։
Հեռու-հեռևում
Մի հազարամյա վանք էր երևում։
Փայլում էր ոսկին հնամյա խաչի
Եվ ես կանգ առա նրա առաջին։
Ճամփան՝ ոլորուն՝ դեռ իջնում էր վար,
Դեպի դաշտերի գիրկը, ուր չկար
Մարդկային աղմուկ ու երգ, ու շառաչ,
Երազ էր կարծես՝ անապատ դառած։
Ու լուռ էր այնպես։ Վայրկյանն էր հոսում։
Ու հին լռության լաբիրինթոսում
Սպասում էին դաշտ, հովիտ ու քար
Կարծես թե մեկը այցի պիտի գար։
VII
…Եվ մի օր ես այն հին վանքը մտա։
Շուրջը կաղնիներ հաղթ բազմել էին։
Երգում էր անուշ զանգը հնամյա
Ու թախծում էին գորշ քարերը հին։
Եվ այն հին վանքի կամարների տակ,
Ուր մի անիմաց, անիմանալի
Գոյության ճախրում կա լուրջ ու պարփակ՝
Ես ծունկ չոքեցի աղոթքներով լի։
Թեկուզ չվառվեց տոնական բույլով
Ջահը վերևի, ջահը հազարաչ.
Թեկուզ չբացվեց վարագույրը մով
Եվ ոչ մի ծնծղա անուշ չզնգաց.
Թեկուզ ոչ մի երգ չլսվեց վանքի
Այն հազարամյա կամարների մեջ
Բայց հոգիս զգաց մի հին բերկրանքի,
Բախտավորության ու սիրո վայրէջք։
Ու սիրտս լցվեց անհուն մի խնդում։
Հասկացա, որ կա, կգա, կլինի…
Ու ժպտում էր ինձ երկիրը տրտում,
Երկիրը ցավի, սուգի, արյունի…
VIII
Վերադարձա տուն…
Վայրկյանն իմաստուն, եկել է ահա։
Գնացել են մեր հնձվորներն արդեն
Ու հսկում եմ ես հին շեմքի վրա։
Գնացել են մեր հնձվորներն արդեն։
Ես մենակ նստած սպասում եմ լուռ։
Ճերմա՜կ սիրուհիս, ես գիտեմ, գիտեմ,
Որ նրանք հիմա հնձում են տխուր…
Ցավում է հոգիս ու խոցվում է խոր.
Վառվում է քո հին կարոտն իմ հոգում։
Բայց ինչո՞ւ է սիրտս այսպես բախտավոր
Եվ ինչո՞ւ է ցավն այսպես ամոքում…
Հնձում են հիմա հնձվորներն այնտեղ.
Ճերմակ սիրուհի՜, կապուտաչյա քո՜ւյր…
Արևը հիմա այրում է այնտեղ
Խե՜ղճ հնձվորների կրծքերը մաքուր…
Իսկ ես անսփոփ սպասում եմ դեռ
Վերադարձների բերքառատ ժամին։
Օ՜, հեռու իմ քույր, երկիր իմ անտեր
Այնտեղ, երևի, քրքջում է քամին…
IX
Օ՜, իմ հեռու, կապուտաչյա՜ սիրուհի,
Երկիր իմ որբ, արնաքամ ու ավերակ…
Օրերում այս տառապանքի ու մահի
Վառել է իմ սիրտը հեռու մի կրակ։
Օրը կգա։ Ու հեռավոր դաշտերից
Մեր հնձվորները, հոգնաբեկ, կգան տուն։
Կբոլորեն սեղանի շուրջը նորից
Ու կլինի հազար ծիծաղ ու խնդում։
Ու խնջույքում, աներևույթ դու կգաս,
Սիրտս կզգա քո թովչությունը մոտիկ.
Եվ չես լինի դու արնավառ մի երազ,
Ու կխնդան քո զավակներն անոթի…
Կտեսնեն քեզ հանկարծ լուսե՜ ու պայծառ
Ու կլինես դու հարազատ ու անուշ։
Մութը կանցնի ու մառախուղը անծայր
Հուշ կդառնա, հնամենի մի զրույց…
X
Կապուտաչյա՜ սիրուհիս, ամուսնանանք պիտի մենք
Արևի տակ՝ հայրենի հովիտներում կանաչուն։
Ու հնամյա աշխարհում մենք բախտավոր կլինենք,
Կապուտաչյա՜ սիրուհի՛ս, դրախտայի՜ն իմ թռչուն։
Հովիտներում հայրենի, հովիտներում սրբազան
Կլինի մի հարսանիք հազարնվագ ու խնդուն,
Երգ ու ծիծաղ կլինի ու աղջիկները կգան
Ու կպարեն հնամյա պարերը խե՜նթ ու ճկուն։
Ու գինիներ կլինեն արնափրփուր ու կարմիր,
Որպես երազն արյունիս, որպես հոգուս զոհը հիր։
Ու ծաղիկներ կլինեն բազմաբույր ու բազմերանգ՝
Հարսանիքիս խնջույքին փսփսալու են նրանք
Առասպելները ապրըված ու զրույցներ հնամյա
Նրանց մասին, որ չկան ու մոռացվել են հիմա։
Եկե՛ք, եկե՛ք հարսանքիս օրն այնքան երգ կլինի,
Այնքան խնդում ու ծիծաղ, այնքան ցնծանք արյունի,
Եկե՛ք, եկե՛ք, սրբազան հովիտներում հայրենի
Վաղը մի սուրբ խրախճանք, մի հարսանիք կլինի։