William Saroyan

Դաշնամուր

― Ամեն անգամ, երբ դաշնամուր եմ տեսնում, հուզվում եմ, ― ասաց Բենը։

― Իսկապե՞ս հուզվում ես։ Ինչո՞ւ, ― հարցրեց Էմման։

― Չգիտեմ, ― ասաց Բենը։ ― Եթե չես առարկում, մտնենք այս խանութը և անկյունի փոքրիկ դաշնամուրը փորձենք, լա՞վ։

― Նվագել գիտե՞ս, ― հարցրեց Էմման։

― Դժվար թե նվագել անվանես այն, ինչ ես եմ անում։

― Իսկ դու ի՞նչ ես անում։

― Կտեսնե՛ս, ― ասաց Բենը։

Նրանք մտան խանութ, մոտեցան փոքրիկ դաշնամուրին։ Բենը ժպտում էր, և Էմման, նկատելով նրա ժպիտը, մտածեց, թե կարո՞ղ է, արդյոք, երբևէ հասկանալ նրան։ Այդպես կքայլի նրա կողքով մի որոշ ժամանակ, կարծելով, թե հասկանում է, իսկ հետո, օրերից մի օր, կպարզվի, որ չի հասկացել։

Բենը, հայացքը խոնարհած, կանգնել ու նայում էր դաշնամուրին։ «Նա հավանաբար դաշնամուրային լավ համերգ է լսել, ― ենթադրեց Էմման, ― և սիրում է այդ տիպի երաժշտությունը։ Ու ամեն անգամ դաշնամուրի ստեղնաշար տեսնելով կամ պարզապես որևէ դաշնամուրի կողքով անցնելիս, վերհիշում է լսած երաժշտությունը և մտովի նորից վերապրում այն»։

― Նվագել գիտե՞ս, ― դարձյալ հարցրեց Էմման։

Բենն իր շուրջը նայեց։ Վաճառողները, ինչպես երևում էր, զբաղված էին։

― Ո՛չ, չգիտե՛մ, ― ասաց նա։

Էմման տեսավ, թե ինչպես Բենի ձեռքերը գուրգուրանքով ձգվեցին դեպի սև ու սպիտակ ստեղները։ Ասես իսկական դաշնակահարի ձեռքեր լինեին, և այդ րոպեին մի տարօրինակ զգացում համակեց աղջկան, շուրջն ամեն ինչ արտասովոր թվաց նրան։ Նա հասկացավ, որ իր կողքին կանգնած է մեկը, որը երկար֊երկար ժամանակ է արդեն, ինչ փորձում է մի շատ լավ բան հայտնաբերել իր մեջ։ Բենի նման մարդը պետք է որ կարողանար դաշնամուր նվագել։

Բենը մի քանի մեղմ ակորդ վերցրեց։ Ոչ ոք չէր մոտենում նրանց, և նա նույն դիրքով կանգնած, սկսեց անել այն, ինչը նրա բառերով ասած, դժվար թե նվագել կոչվի։

Եվ Էմման հասկացավ, որ դա պարզապես հրաշալի է։

Բենն ընդամենը կես րոպե նվագեց։

― Հաճելի է հնչում, ― ասաց նա՝ նայելով Էմմային։

― Իսկ իմ կարծիքով դու հրաշալի ես նվագում, ― ասաց Էմման։

― Ես ամենևին ինձ նկատի չունեմ, ― ասաց Բենը։ ― Խոսքս դաշնամուրի մասին է։ Հոյակապ հնչեղություն ունի, չնայած այդքան փոքր է։

Միջին տարիքի մի վաճառող մոտեցավ նրանց։

― Ողջո՛ւյն, ― ասաց նա։

― Ողջո՛ւյն, ― պատասխանեց Բենը։ ― Հոյակապ դաշնամուր է։

― Այո, շատերին է դուր գալիս, ― ասաց վաճառողը։ ― Այս դաշնամուրը հրաշալի է հատկապես բնակարաններում դնելու համար։ Եվ բավականին շատ էլ վաճառում ենք։

― Որքա՞ն է գինը, ― հարցրեց Բենը։

― Երկու հարյուր քառասունինն ու հիսուն, ― ասաց վաճառողը։ ― Կարող եք, իհարկե, և մաս֊մաս վճարել։

― Որտե՞ղ են պատրաստում, ― հարցրեց Բենը։

― Ստույգ չգիտեմ։ Կարծեմ Ֆիլադելֆիայում։ Կարող եմ պարզել։

― Մի անհանգստացեք, ― ասաց Բենը։ ― Դուք նվագո՞ւմ եք։

― Ոչ, նվագել չգիտեմ։

Վաճառողը նկատեց, որ Բենը ցանկություն ունի մի քիչ էլ նվագելու։

― Խնդրե՛մ, դուք կարող եք էլի նվագել, ― ասաց նա։

― Ես նվագել չգիտեմ։

― Ես լսում էի, երբ դուք նվագում էիք։

― Մի՞թե դա նվագել է։ Ես ոչ մի ձայնանիշ չգիտեմ։

― Ինձ համար հաճելի էր լսել, ― ասաց վաճառողը։

― Ինձ համար էլ, ― ասաց Էմման։ ― Որք՞ան պետք է մուծել առաջին անգամ։

― Մոտ քառասուն֊հիսուն դոլար։ Դե, խնդրեմ, ― դարձավ նա Բենին, ― մի բան նվագեք։ Ես ուզում եմ լսել ձեզ։

― Եթե սա մի հարմարավետ սենյակում լիներ, ― ասաց Բենը, ― կարող էի ժամերով նստել դաշնամուրի առջև։

― Էլի, քիչ էլ նվագեք, ոչ ոք չի առարկի, ― փորձեց համոզել վաճառողը։

Նա մոտեցրեց աթոռը, և Բենը նստեց ու սկսեց անել այն, ինչը, նրա բառերով ասած, դժվար թե նվագել կոչվեր։ Մի քանի վայրկյան նվագելու ինչ֊որ փորձեր արեց, այնուհետև երաժշտության նման մի բան գտավ և նվագեց մոտ երկու րոպե։ Վերջացնելու վրա էր, երբ երաժշտությունն ավելի մեղմ ու թախծալի դարձավ, և Բենն ավելի ու ավելի հմայվեց դաշնամուրով։ Նվագելու ժամանակ նա վաճառողի հետ խոսում էր դաշնամուրի մասին։ Հետո դադարեց նվագել ու ոտքի կանգնեց։

― Երանի կարողանայի գնել, ― ասաց նա։ ― Շնորհակալություն։

― Խնդրե՛մ, ― ասաց վաճառողը։

Նրանք երկուսով դուրս եկան խանութից։ Փողոցում Էմման ասաց․

― Իսկ ես ոչինչ չգիտեի․․․

― Ինչի՞ մասին, ― հարցրեց Բենը։

― Քո մասին։

― Իսկ ի՞նչ չգիտեիր։

― Դե․․․ որ դու այդպիսին ես։

― Իմ նախաճաշելու ժամն է, ― ասաց Բենը։ ― Երեկոները ես միշտ մտածում եմ այն մասին, թե որքան լավ կլիներ, եթե դաշնամուր ունենայի։

Նրանք մտան մի փոքրիկ ռեստորան, նստեցին վաճառասեղանի մոտ և բուտերբրոդներ ու սուրճ պատվիրեցին։

― Որտե՞ղ ես նվագել սովորել, ― հարցրեց Էմման։

― Եբեք էլ չեմ սովորել, ― ասաց Բենը։ ― Որտեղ որ դաշնամուր եմ տեսնում, փորձում եմ նվագել։ Նույնն էի անում, երբ դեռ պատանի էի։ Այ թե ինչ բան է փող չունենալը։

Նա նայեց Էմմային ու ժպտաց այնպես, ինչպես ժպտում էր դաշնամուրի մոտ կանգնած՝ ստեղնաշարին նայելիս։ Էմման անչափ շոյված զգաց իրեն։

― Երբ մարդ փող չունի, ― ասաց Բենը, ― զրկվում է շատ ու շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի։

― Այո՛, իսկապես այդպես է, ― ասաց Էմման։

― Մի կողմից, ― ասաց Բենը, ― դա լավ է, բայց մյուս կողմից այնքան էլ լավ չի։ Իրականում նույնիսկ ահավոր է։

Նա նորից նայեց Էմմային, ինչպես նախորդ անգամ, և Էմման ժպտաց նրան այնպես, ինչպես Բենն էր ժպտում իրեն։

Նրանք դուրս եկան ռեստորանից, ոտքով անցան երկու թաղամաս և հասան հանրախանութ, որտեղ աշխատում էր Էմման։

― Դե, առա՛յժմ, ― ասաց Բենը։

― Ցտեսությո՛ւն, Բեն։

Բենը իջավ փողոցով, իսկ Էմման մտավ հանրախանութ։ Աղջիկը համոզված էր, որ, այսպես թե այնպես, ինչ֊որ մի օր Բենը դաշնամուր կունենա, ինչպես նաև՝ մնացած այն ամենը, ինչ այդքան ցանկանում է։

Be the first who will comment on this
Yatuk Music
Tango of Our Childhood
Tigran Mansuryan

Tango of Our Childhood

Saturday October 17,1964 Fresno
Saturday October 17,1964 Fresno
Play Online