William Saroyan

Այդ օրը

Ես մշտապես ապրում եմ նույն մտքով՝ այսօր այդ օրն է: Իսկ օրն այդպես էլ այն չէ, թեպետ երբեմն թվում է՝ համարյա այն է:
Այսօր ես իսկապես կգրեմ , այսօր ինձ պետք չէ մտածել՝ ինչպես գրել, այսօր այն կգա, և ես ինձ հանդիմանելու այլ առիթ չեմ ունենա փառավոր այս օրը, հոգով մաքուրների օրը. իմ օրը:
Նաև ես ամբողջ կյանքում ուզում էի իմանալ, թե ում մտքով է անցնում ստեղծել ծիծաղելին: Կարծես թե դա ոչ ոքի հայտնի չէ: Վերցրեք ցանկացած կատակ. չէ որ այն ինչ-որ մեկն ասել է առաջին անգամ, բայց փորձեք գտնել հեղինակին:
Բացի դրանից մեկ այլ բան էլ կա, շատ տարբեր այս առաջինից, որ նորից զբաղեցնում է ինձ` մտքերը գրողների մասին. իմ հի՜ն ընկերների, իմ հի՜ն թշնամիների մասին:
Այդպիսի մի գրողի ես գիտեմ արդեն երեսուներեք տարի։ Նա անկրկնելի ընթերցող է, ես կասեի՝ նույնիսկ ավելի շատ ընթերցող է, քան գրող։ Երեսուն տարվա մեջ նա ոչ մի արժեքավոր բան չի գրել, սակայն իրեն այնպես է պահում, կարծես շարունակում է ստեղծել։ Նա համարում է, թե այս երկարուձիգ տարիների ընթացքում մարդկությանը տվել է մի շարք հանճարեղ գործեր: Բավական է, որ նա մի գիրք կարդա, իրեն անմիջապես նետում է մեքենայի մեջ և ճանապարհվում տասնյակ կիլոմետրեր անցնելու, միայն թե հայտնի այդ մասին մեկ այլ գրողի:
-Ես պարզապես չեմ կարող կարդալ Վիլյամ Ֆոլքներին. այդ մարդը գրել չգիտե, նա նույնիսկ չի ուղղում իր գրածը. անվերջ թխում ու թխում է առանց կետադրության: Բայց միևնույն է, ես ստիպեցի ինձ կարդալ այդ նոր գիրքը: Նրան անհնար է կարդալ, անկարելի է:
– Էդ դեպքում ինչո՞ւ ես կարդացել:
-Մտածեք միայն՝ գիրքը կոչել «Սրբավայր»: Կարծել կարելի է նույն սապատավորի մասին է «Փարիզի աստվածամոր տաճարից», բայց գռազ կգամ, ոչ մի տաճարի մասին էլ էդտեղ խոսք չկա:
Իսկ տարիներ անց, երբ իմացավ, որ մի գրող հրազենի փողը մտցրել է բերանն ու ինքնասպանվել, նա պահ նույնիսկ չերկմտեց անցնելու չորս հարյուր մղոն միայն հարցնելու համար.
-Ինչպե՞ս դա կարող էր պատահել:
-Չգիտեմ:
-Եվ ինչո՞ւ նա դա արեց:
-Չգիտեմ:
Իսկ հաջորդ օրը ես հիշեցի մեկ այլ գրողի: Այս մեկը չգիտեր ոչ գրել, ոչ կարդալ, իսկ այն էլ, ինչ գիտեր անել, անում էր ութ տարի շարունակ: Հետո ինչ-որ զսպանակ պայթեց նրա սրտում, և կինը մնացի այրի, իսկ երկու երեխան՝ որբ: Այն, ինչ նա գիտեր անել, կինոսցենարներ գրելն էր: Ընդ որում՝ շատ լուրջ էր տրամադրված, ինչն էլ, ըստ էության, նրա հաջողության գրավականն էր, որովհետև ֆիլմերի սցենարներ գրող մարդիկ միշտ լուրջ են վերաբերվում իրենց գործին: Այսինքն՝ բոլորը, սատանան տանի, բացի ինձնից, լուրջ են վերաբերվում իրենց արածին:
Վերցնենք, օրինակ, թատրոնը. պրեմիերա, արտիստները ջանք են թափում, նրանց կանչում են բազմաթիվ անգամներ բեմ, հանդիսատեսը ձեռք է ջարդում, իսկ ես դա երբեք չեմ կարողանում լուրջ ընկալել: Ես խղճում եմ թատերագրին, որ տոնում է իր հաղթանակը, դերասաններին, ովքեր այնպես են հարբում ծափերից, որ ինձ տխրությունն է պատում, ախր այդ ամենը միայն կոմեդիա է, թեպետ ես դեռ չեմ հանդիպել այն մարդուն, ով կփոխանցի կատարվածի ամբողջ զավեշտը:
Մարդիկ ամեն ինչ լուրջ են ընդունում: Երկրորդ անգամ նույն վարսահարդարի մոտ մտեք կտրելու ձեր մազերը, և նա կերևակայի, թե դուք նախապատվությունը տալիս եք իրեն, իր վարպետությանը, կսկսի հպրատանալ, որ ինքն իսկական վարսահարդար է, ոչ թե էն հարբեցողներից , որ անընդհատ հեղուկ են լցնում իրենց կոկորդը ամրանալու համար ու չեն կարողանում տասը տարուց ավել մնալ նույն գործին: Նա լուրջ է վերաբերվում իր՝ վարսահարդարի գործին և կարծում է, որ դրան պետք է լուրջ վերաբերվել: Կարելի է գորիլային սովորեցնել մազ կտրել կրկնակի արագ և լավ, բայց այդ նույն վարսահարդարը կասի՝ « Նրան հիպնոսացրել են: Այ, կտեսնեք, կզարթնի մի առավոտ ու այլևս ոչնչի պետք չի գա»:
Այդ առավոտ անկողնուց վեր կացա ու գոռացի՝ «Այսօր այդ օրն է»:
Ես սկսեցի սափրվել, չնայած ինձ համար, անկեղծն ասեմ, մեկ էր՝ ինչ տեսք ունեմ: Դե, նման եմ ծեր, ժլատությունից չբողոքող մարդու, ով առավոտից իրիկուն ընկած է գարեջրատան պատի տակ, հետո ի՞նչ: Թքած ամեն բանի վրա, կարևորը ե՛ս գիտեմ ճշմարտությունը. ես երիտասարդ եմ, գեղեցիկ, ես գրող եմ, և սա իմ օրն է: Ռադիոյով Չաբբի Չեկկերն էր երգում, և ես սկսեցի ձայնակցել նրան՝ «Դե, մայրիկ, տուր փոքրիկին բլիթ»:
Կանգնեցի ցնցուղի տակ, և, ո՞վ է ասում, թե հիսունհինգ տարին շատ է: Միայն ոչ իմ դեպքում: Հիմա կխմեմ դառը սև սուրճ, կվառեմ ծխախոտս, ու այդ ժամանակ կտեսնենք:
Ինձ միշտ թվում էր՝ եթե վրաս իջնի լույսը, կարող եմ աստվածաշունչ էլ գրել: Եվ ամեն անգամ այդ պայծառությունը վերաձևվում է տասնյակ իրերի, որոնք այնքան էլ վատ չեն, ու այդուհանդերձ սուրբ գիրք չեն, բայց այսօր, գրողը տանի, այդպես չի լինելու: Ես կգրեմ սուրբ գիրք: Սուրճ խմիր՝ մեկ, սուրճ խմիր՝ երկու, խմիր սուրճ՝ երեք։ Խաղաղություն, ցերեկ, կյանք, ես. էս ինչքան լավ է:
Առաջին բաժակը խմված է, բաց է չեսթերֆիլդի առաջին տուփը, առաջին ծխախոտը դուրս է հանված, վառված է լուցկին. Կրակը՝ ծխախոտի ծայրին, ներս քաշիր խորը, ավելի… «Աստված իմ, ախր այսօր այդ օրն է»:
Մտքե՞ր: Ինչքան սիրտդ տա: Հերոսնե՞ր: Երբեք ու ոչ մի գրող այդքան հիանալի հերոսներ չի մտածել: Եվ ինչ-որ հեռու-հեռու խորքերում ծխախոտի ծուխը խուտուտ է տալիս կիսաքուն շների ռունգերը, նրանք թռչկոտում են ուրախությունից, վազում են հետքերով՝ հաչոցից շնչասպառ, որովհետև ահա այն՝ հոտը կարմրամազ, խորամանկ աղվեսի. այսօր մենք կբռնենք նրան։ Շներ, աղվեսներ, ներշնչանք, արվեստ. ամենը մերը կլինի: Հիմա մեզ ոչինչ չի կանգնեցնի, և ամեն ինչ նորը կլինի լրիվ, հա, նույնիսկ փող կստանաս: Աշխարհում չի գտնվի այնպիսի խմբագիր, ով կհամարձակվի մերժել գրածդ՝ ասելով (ինչպես նա է ասում՝ միշտ իր անձը շատ լուրջ ընդունելով)՝ «Սկիզբը լավն է, միջնարարը՝ ավելի թույլ, վերջից պարզ դարձավ, որ այդքանով մենք կարող ենք պրծնել»: Այլ կասի լրիվ այլ բան՝ « Օ՝քեյ, ասացեք միայն ընդունելի չափի գումար: Շաբաթական մեզ ներկայացնում են երեք միլիոնի հայց, որ մեզ ընդհանրապես ձեռնտու չէ: Եվ հետո սա ուղիղ իմաստով պատմվածք չէ, բայց, ճիշտն ասած, մենք շատ ենք ուզում այն տպագրել, թեպետ գլխի չենք ընկնում, թե ինչով է նա մեզ այսպես դուր եկել. դրա համար, խնդրում ենք, մի կրակեք մեծ թվեր»:
Առավոտը՝ ամբողջ քառասուներեք րոպե, ես զգում էի, որ դա իմ օրն է: Եվ դա միայն այն օրը չէր, որին ես սպասել էի մի ամբողջ կյանք։ Այդպիսի օրվան սպասում է յուրաքանչյուրը: Ես ինձ ընտրյալ էի զգում, մարդ, ում մոտ վերջապես եկել է այդ օրը: Ես ինձ այնքան յուրահատուկ էի զգում, որ հազիվ էի տանում ինքս ինձ, իմ կասկածները, անհավատությունը, մռայլությունը, ընկճվածությունը, հոգնածության անտարբերությունը, իմ անվերջ «ամեն ինչ կկարգավորվի»-ներով:
Ես ուզում էի երախտապարտ լինել նույնիսկ ինքս ինձ , այդ ծույլ ու ճարպոտած արարածին, մեծահոգաբար մոտենալով նրան, թե ինչքան կարևոր է չնեղանալ նրա վիրավորանքներից ՝ հաշվի առնելով, որ նա ընտրված չէ հիմա և չի եղել առաջ. ես ուզում էի նրան ցույց տալ, որ չեմ մեղադրում իրեն դրա համար և որ նույնիսկ պատրաստ եմ առաջարկել՝ «Արի միասին, լա՞վ»: Անսկիզբ ու անվերջ շռայլություն, ծով բարեհաճություն ու ափիբերան քրիստոնեական ողորմածություն:
Առավոտ է, ու աշխարհը կենդանանում է նորից: Ինչ-որ տեղ բացվում է արևածաղիկը, մեղուն գործիմացորեն բզզում է արևին ժպտացող դեղին թերթիկներով պատված ոսկեգույն միջուկի վրա։ Մեղուն հարբած է արևի ու բույրի ավելցուկից: Դե ինչ, ծերուկ, ամեն ինչ նորի՞ց առաջվա պես է, ամեն ինչ նորի՞ց ծրագրածով է: Այ թե օր է էսօր լինելու: Ինչ կատակներ, ինչ տեսարաններ, ինչ կերպարներ, ինչ հումոր, ինչպիսի վարպետություն, ինչ ծիծաղ, ինչ տեքստ, ինչ հեշտ է կարդացվում, և ինչպես այն կընդունեն, ինչ պահանջկոտ ու փորձելու սովոր ընթերցող կդարձնի նա այդ անտարբեր, թմրած, անպետք գրականություն սպառողներին:
Դե, թողեք հասնեմ իմ հավատարիմ գրասեղանին ու թանկարժեք գրամեքենային: Ինչե՜ր միայն չեմ ստեղծի ես իմ հիսունհինգում՝ այն դեպքում նույնիսկ, երբ 1939 թվից ես կարգին հազում եմ, ինչի մասին բայց վերջին շրջանում դադարել եմ մտածել։ Ես բրոնխիտ ունեմ, որը չեմ բուժում, իմ աջ ականջն է խլանում, թեպետ` «Դե, մայրիկ տուր փոքրիկին բլիթ» -ը ես լսում եմ, վատ է տեսնում աջ աչքս, բայց ձախի հետ միասին դեռ մի բան կարող են անել, դուք միայն թույլ տվեք հասնել մաքուր թղթին և կտեսնեք՝ ինչպես են վեց-յոթ էջերը լցվում ամենազարմանալի բառերով:
Սյո՞ւժե: Ախր, ում է այն պետք: Ձե՞ւ, կոմպոզիցի՞ա, ո՞ճ: Ախպերիկ, երբ կյանքն իմաստ է ձեռք բերել, երբ հաջորդ օրը պետք է լինի հենց այդ օրը, իսկ այդ օրը հենց այն օրն է, որի գալուն անընդհատ ինչ-որ բան խանգարում էր, հիսուն տարի շարունակ խանգարում էին անձրևը, հարբուխը, դպրոցը, աշխատանքը, պատերազմը, կինոն, դեպքերը, մեծ դեպքերը, փոքր դեպքերը, բայց այսօր վերջապես այն եկել է, ահա այն, ճիշտ ժամանակին, ինչպես նախախնամված է, և նրան այլևս ոչինչ չի խանգարի լինել հիմա, այս պահին, ակնթարթորեն, ինչպես սուրճն է անհետանում իմ չորրորդ բաժակում, այն եկել է ու կձգվի հավերժ, և դա հանուն ինձ է, անմեղ փոքրիկի, անվարժ պրոֆեսիոնալի, հիմնական համակարգի անկարգ հիմնադրին, բոլոր ժանրերը կործանողին։ Հեքիաթ, վեպ, էսսե, հաշվետվություն, ձրի բրոշյուրներ՝ հարյուր դոլար թոշակով երջանիկ ծերության մասին պատմող, գնացուցակ, գրացուցակ, անվանագիրք, հեռախոսագիրք:
Սուրճ խմել չի կարելի` խոց է առաջանում, ծխել չի կարելի` կարող է քաղցկեղ առաջանալ, մարդկանց սիրել չի կարելի, որովհետև նրանք արհամարհանքի են արժանի, ուրախանալ, որ ապրում ես չի կարելի, որովհետև կյանքը զուրկ է ամեն տեսակի իմաստից, հա և արագահոս: Ոչնչին հավատալ չի կարելի, որովհետև ամեն ինչ արդեն հերքված է: Եկող օրվանից ուրախության սպասել չի կարելի, որովհետև ոչ ոք դեռ այդ ուրախությունը չի տեսել: Մոռանալ կաղության, բրոնխիտի, խլացող ականջի ու կուրացող աչքի մասին չի կարելի, որովհետև նրանք այստեղ են, քեզ հետ, քմծիծաղ են տալիս ու անհամբեր սպասում, թե երբ քեզ կսարքեն ջարդոն: Մտածել ուրախի ու ծիծաղելիի մասին, հիշել կանանց ու երեխաներին՝ նրանցից ծնված… չի կարելի, որովհետև ո՞ւր են նրանք հիմա, ո՞ւր են բոլորը: Ոչինչ չի կարելի, որովհետև ամեն ինչ միշտ վատ է… բայց, իհարկե, ոչ գրողի համար. նա երբեք չի հավատա, նրան չես համոզի, նա կշարունակի պնդել իր «Այսօր այդ օրն է»-ն՝ ոչինչ ու ոչ ոքի լուրջ չընդունելով, բացի հենց այդ օրվանից՝ չգրված թղթի պես մաքուր:
Այսպես ուրեմն, տասներկու ժամ առաջ նա նստեց սեղանի մոտ, ես նստեցի սեղանի մոտ, ինչ-որ մեկը նստեց սեղանի մոտ։ Առավոտվա ժամը վեցն է. Սան-Ֆրանցիսկոն դեռ կիսախավարի մեջ է, ռադիոյով «դե, մայրիկ, տուր փոքրիկին կրեկեր»-ն է հնչում. տեսնես՝ ո՞վ է էդպիսի երգեր գրում, և տեսնես՝ ո՞վ է նրանց սովորեցնում էդպես երգել:
Այսօր այդ օրն էր, և ես նստեցի սեղանի մոտ հենց այն պատճառով, որ ամեն բան իզուր է, անհույս ու անօգուտ։ Ես դա գիտեի այն ֆիննի պես, որը կանգնած էր ցատկահարթակի ծայրին (նրան ցույց էին տալիս Ինսբուրգում ընթացող ձմեռային իններորդ օլիմպիական խաղերի ժամանակ)՝ կենտրոնացած, գլուխը կախ էնպես, որ մեկնաբանը նույնիսկ հարցնում է դահուկավազքի նախկին չեմպիոնուհուն՝ «Աղոթո՞ւմ է, ինչ է»: Այդ ֆիննի պես ես էլ գիտեի՝ թող որ դա ճիշտ չէ, դա հիմարություն է, նույնիսկ ծիծաղելի, բայց պետք է սկսել վայրի հետապնդումը, հասնել այն խենթացած ու կատաղած աղվեսին, և այդ պահին՝ նա, ես տեսա, բարձրացրի գլուխս, առաջ ընկա, ես գնացի: Ահա նա պոկվեց հարթակից, հարմար կպավ գետնին, համարյա դահուկներին զուգահեռ, և այդ ուղությամբ թռավ ներքև՝ աշխարհի ամենալավ ցատկին ընդառաջ: Ես նրա պես գիտեի, որ եթե դա ընդհանրապես հնարավոր է, հիմա ամենահարմար պահն է փորձելու, և եթե ես կոտրեմ վիզս, էլի լավ կլինի, որովհետև նույնիսկ դա չի կարելի, մինչև չփորձես, մինչև չհայտնվես էդտեղ՝ էդ անիծյալ մրցավազքում:
Վեր կենալուն պես ես սկսեցի հաշվել ժամանակը հեռվից: Հենց միլիոնից, ավելի ու ավելի մոտիկ…ութ, յոթ, վեց, հինգ, չորս, երեկ, երկու, մեկ… Մեկնարկ:
Եվ ի՞նչ:
Ոչինչ: Նորից փորձեմ: Երեք, երկու, մեկ… սկսիր: Նորից ոչինչ: Նորից սկզբից: Մեկ-սկիզբ: Ոչ մի բան: Մեկնարկ… ոչինչ:
Ո՞րն է խնդիրը:
Մի՞թե սա այդ օրը չէ: Ի՞նչ եղավ:
Մի անգամ էլ՝ երկու, մեկ – մեկնարկ:
Նորից ոչինչ. գուցե նորից պետք է սկսել ամենասկզբից՝ միլիոնից։ Ըստ պատվասեր ամերիկացի տղուկների՝ այդքան գումար դու պիտի հասցնես վաստակել նախագահ դառնալուց մեկ-երկու տարի առաջ: Միլիոնից ետ հաշվարկ անելու համար պետք եկավ գրեթե ժամ՝ չնայած նրան, որ ես երբեմն նույնիսկ թռչում էի, և էլի ոչ մի բան: Կարծես թե արդեն ժամանակն էր պարզելու, թե ում մեղքն է այստեղ: Դրա վրա գնաց միայն վաթսունվեց հատ հարյուր վայրկյան. մեղավորը ես էի: Ես սխալվել էի՝ ընտրելով հիմար մասնագիտություն, որին անհնար է լուրջ մոտենալ: Ինձ հարկավոր էր ընտրել օգտակար մասնագիտություն: Գրող լինելը խելքին մոտ չէ և հետո վնաս է առողջությանն, ինչպես ծխելը` կարճում է կյանքը:
Ի՞նչ եղավ իմ օրվա հետ ի վերջո: Ո՞ւր կորավ սրամտությունս: Եվ ի՞նչ եղավ այն գրողների հետ, որոնց ես երբեք չեմ մոռանում: Ամեն ինչ կորավ, ինչպես երգում է Ֆերլին Հասքին:
Կորավ, ուրեմն կորավ, պիտի շարունակենք ապրել: Մի ուրիշ անգամ կգա այլ օր: Ես թողեցի սեղանը, գրամեքենան ու թղթերի կույտը ու գնացի ծովի մոտ:Ես հասա ափին. կենդանի շունչ չկա, նույնիսկ կարթով ճապոնացի: Ես քայլում էի, նայում, լսում, հավաքում ծովաքարեր ու փայտի կտորներ: Ու… ոչինչ: Փափուկ ավազի վրա քայլելը դժվար է. ես սկսեցի թեթև կաղալ, ականջիս մեջ նորից սկսեց խշշալ, հիվանդ աչքս խամրած էր ցույց տալիս, որորները պտտվում էին շուրջս՝ իջնելով ավելի ու ավելի ցած, ասես սպասելով, թե հիմա ինչ- որ բան կնետեմ իրենց, կամ էլ, ասես, ես իսկապես ճակատագրի ընտրյալն եմ, և նրանք, ծեսի ձևով, լուսապսակ էին գծագրում իմ գլխավերևում:
Ես թափառեցի մի ամբողջ օր՝ բերանիս ծխախոտի դառը համը, խորացած մեռյալների մասին հիշողությունների մեջ, որոնք իմ գլխում դեռ կենդանի են… ավելի ու ավելի հետո: 1934, 1932, 1928 մինչև պայթյունը, մինչև պատերազմը, երբ կարողանում էին զվարճանալ, երբ չկար մահը, երբ մեռածները դեռ չէին մեռել, և դու գնում էիր ինչ-որ մեկի թաղմանը՝ մտածելով՝ «Իսկ դա, երևի, հետաքրքիր է»: Հետո, երբ արևը անցնել ծովի ետևը, ես վերադարձա իմ սուրճի ու ծխախոտի, իմ սեղանի, գրամեքենայիս ու մաքուր թղթերի կապոցի մոտ… սատանա, այսօր այդ օրն էր, բայց այն ոչ մի կերպ չկայացավ: Ես դա երևի գիտեի, և ինձ ոչ մի արդարացում չկա, միայն ես եմ մեղավոր, և ոչ ուրիշ մեկը… և այն անցավ իմ մոտով, այն նորից թռավ իմ կողքից:
Դե, ի՞նչ արած: Ես չեմ կարողանում երգել, ինչը ամենից շատն եմ ուզում աշխարհում: Երգ գրել էլ չի ստացվի: Ես դադարել եմ նույնիսկ նշումներ անել: Ինչի՞ համար: Ես չեմ կարողանում կարդալ, որովհետև ես գրող եմ. գրող լինելն իմ մասնագիտություն է, բայց ես չեմ կարողանում նաև գրել: Ես ուզում եմ ասել, որ չեմ կարողանում գրել ու կարողանում եմ, հասկանո՞ւմ եք: Գրել կարող է յուրաքանչյուրը, և բոլորն են գրում, բայց էսքան տարի ապրելով աշխարհում՝ ես չգիտեմ ինչպես գրել: Այսինքն՝ գիտեմ ու չգիտեմ: Ահա և մտածեցի՝ արժե այդ մասին պատմել: Ամեն ինչ հրաշալի է, և ոչ այն պատճառով, որ վաղն ավելի լավ կլինի, քան այսօր, ոչ, ամենևին, ըստ էության՝ դա սխալ է. վաղը ուղղակի չի լինում, վաղը նույն այդ օրն է, բայց հիսունհինգ տարեկանից հետո, ես ձեզ հավատացնում եմ, որ ամեն ինչ հրաշալի է միայն այն պատճառով, որ երեկը միշտ մեզ հետ է՝ դեռ ամբողջովին չբացված, լրիվ չհասկացված, բայց մի՞թե այն չքնաղ չէր: Արի խոսենք. հիշո՞ւմ ես անցած տարի՝ «Դե, մայրիկ, տուր փոքրիկին բլիթ»:

Be the first who will comment on this
Yatuk Music
Vagharshapat
Komitas

Vagharshapat

March 10 1963 NY
March 10 1963 NY
Play Online