Vrtanes Papazyan

Ծով

(Պատկերներ)

1

Միալար ու անդուլ շշուկով լի համերգը դեպի ափերը օրորելով, վետվետ ալիքների կայտառ ոստումները միմյանց վրա հանած, անհոգ ծալքերի և շերտավորումների պչրանքներ քմահաճորեն վերջալույսի տակ գունավորելով- փռվում է ծովը անծայրածիր ու ծիծաղախիտ, ծովը ծավալուն ու վաստակաբեկ, խոնջացած ծերունի հսկայի նման պատկառելի։

Լուռ և խաղաղ է նա, շնչառումը կանոնավոր- քնացողի պես, շարժումները դանդաղ- հոգնածի նման: Ո՛չ կոհակներն են ծառանում սպիտակ փրփուրներով, ո՞չ ակոսացող ծալքեր են գլորվում և միմյանց վրա նետում ճերմակ բաշերի աճեցուն շարքեր, ո՛չ էլ անհամար ալիքներեն իջնում-ելնում սողոսկուն՝ ջրերի խորքերն իջեցնելու համար հուզմունք ու վրդովումներ։

Հանգիստ է ծովը, լուրջ և խոհուն, Եթե երբեմն մեղմիկ շշուկով, պարբերաբար ափերն են լիզում նրա ջրերը և ճապաղ տարածումով ավազը լվանում- հսկայի կենսունակության անվերջ խանդն է այն, որ ապրում է միշտ մեն մի կաթիլի մեջ։

Ու սպասողական խոհեր կազմած իր լայն դեմքի վրա, ինքնամփոփումի և լուռ մտածումների խորշումները ճակատին, աչքերը հառած, անդորր է ծովը։ Անդորր՝ բնության այն լռիկ վայրկենի պես, երբ տերևի և ցողունի արձանացումը սոսկում է ազդում, երբ օդի մեջ սավառնում է մրրկի զարհուրելի ուրվականը անշշուկ ստվերի նման, և երբ մթնոլորտի խեղդիչ անշարժությունը գալիք փոթորիկի պայթումն է զգացնել տալիս։ Անշարժ պառկած է և ակնարկը ժայռերին է։ Հոգնել է հսկան, շունչ է առնում իր լայն կուրծքի ելևէջներով և մեծ թոքերի խուլ շշնկոցով... Այդպես է հանգչում ծովը և այդպես նա սպասում է ներքին ուժերի վերստին կուտակմանը, որպեսզի նորից ելնե ապառաժների դեմ, փոթորիկ հարուցանե պատվարների հանդեպ։

Այդպես է նույնպես պահ մի լիովին կարծես մնջում, սակայն իրապես՝ ուժերն է կազդուրում։ և դիզացնում այն ժողովուրդը, որ շղթաների նշման և բռնակալության գարշանքների գիտակցություն ունի, այլև զարթնումի անզուսպ տենչանքը...

2

Եվ ահա հեռուն, հորիզոնի վրա երևան են գալիս մանրիկ, չնչին կոհակները վետ-վետ։ Ջրերը, տարածության հեռավոր ծայրերիցն սկսած նոր հովերի դրդումից հուզված, կաթիլներին են ներշչում զարթումի ազդանշանը։ Երերվում են, ցնցվում, անհամար թմբիկների փոխված՝ իրար ընկերանում, խուճապալից վազքով միմյանց ետևը շարվում, յուրաքանչյուր կաթիլի շարժումն են ժողովում, ամեն մի շարժման շշուկն ու շփումը ի մի ձուլում և առաջ նետվում...

Ու զանազան կողմերից գալիս են ահա արագ հավաքված, ահեղ շառաչյունի որոտ գոյացրած, հսկա մեծության հասած սպառնալից, մթին զանգվածներ, գալիս են անդիմադրելի, հաստատ ընթացքով, փրփրադեզ ու կատաղի...

Զարթնել է հսկան, կնճռել է դեմքը, խոր ակոսներով ճակատն է խորշոմել և զայրագին շարժումներով կռիվը վերսկսել։ Մշտական, համառ մի կռիվ, որ անպատվար աճեցումի փափագն է խանդալից, անկաշկանդ ազատության ձգտումը անսպառելի։

3

Գալի՜ս են... գալի՛ս են ծալքերի միմյանց մղող աճապարումով։ Ծովի խրոխտ և մարտակոչ դեմքի կնճիռներն են դրանք։

Վազում են ջրերը՝ իրար զորեղացնող շառաչյուններով. շուրջը համակ՝ պատերազմական աճերուն որոտ է հնչում, որոտ, որ նետվում է դեպի ժայռերը, թնդացնում է ապառաժները։

Ու դողում է շրջապատում ամեն ինչ. ափերը կարծես կծկվում են, որպես չափազանց չնչին, չափազանց արհամարհելի շրջափակեր։ Ծովային բույսերն էլ ոգևորությամբ, հովին տված իրենց դիմակները, հեռուն կարմիր, մոտիկից կանաչ- հանկարծակի պարզվոզ դրոշների պես ծփում են եռանդագին, ողջունում հսկայի զարթնումը, վերսկսած պատերազմը։

Ծովը ոտքի է ելել։ Մարտնլոզի անհողգոզդ համառությամբ գնում են նրա շղթայազերծ ջրերը, մռնջում են ահեզագոլ, մեն մի կաթիլն այնտեղ շարժման մեջ է, շերտավոր փրփրումներով երախներ են բացվել ամեն կողմից, և նրանց ետադարձ շարժումը՝ թափը ուժգնացնելու համար բնական քայլն է, խոյացումը մեծացնելու զորեղ շեշտը...

Երբ շարժվում է ծովը, երբ զարթնում է նա և զայրանում- ոչինչ չկա, որ նրա ընթացքին ընդդիմանալ հանդգնի։ Համակ ըմբոստացումն է նա. ամենազոր, ամեն բան տապալող, աղաղակովը վսեմ և ուժովը աննկուն ըմբոստացում։

Եթե պահ մի ետ է քաշվում նա ափերից, խոր դեպի ներս է գնում խոնարհ ու գետնաքարշ, կծկված և անաղմուկ- այդ պահը նրա ուժերն ամփոփելու և հանգստության ժամն է։

Ու քանի դեպի խոր ու ներս են քաշվում ջրերը անմռունչ, այնքան մեծ ուժգնությամբ, այնքան բարձր դիզացած ու կատաղի՝ գալու են նրանք քանդիչ ու ավերիչ զորությամբ, շղթաներ փոշիացնող հարվածները ջախջախիչ դարձրած։

Այդպես է ծովը։ Տեղատվություն մեծություն՝ մակընթացություն վիթխարիություն է առաջացնում։

Այդպես է նաև պահ մի տեղի տվող, հաղթահարված և ուժասպառ այն ժողովուրդը, որ խոյացման ուժգնության համար պետք ունի կազդուրվելու, պետք՝ հանգչելու, ուժերը ժողովելու...

***

Ծովը հմայիչ, ծովը ծփուն և գեղածիծաղ, լուսնի շողքերի տակ դողահար ննջող մանուկի գեղեցկության, կույսի երեսին ժպտող, ծովը շողշողուն՝ պատկերն է կենսուրախ, եռանդուն և հրապուրիչ այն ժողովուրդի, որ ազատ է իր ձգտումների մեջ, ազատ՝ իր մտածությունների և ազատ՝ իր թռիչքների մեջ։

Ծովը՝ մի մեծ լաթի պես դողահար ու անկենդան, ցրտի մեջ սրթսրթացողի ողորմելիությամբ և քնածի ապշությամբ- պատկերն է ստրկության, տգիտության և արատների մեջ սնված ու ծվենների փոխված հասարակության, որ ճահիճների մեջ է որոնում իր կյանքը և շղթաների մեջ ծյուրվելն է իր հեռանկարը. ժողովուրդ անգետ, անճաշակ, բիրտ և ստրկահոգի։

Բայց ծովը կնճռոտ, հարձակման համար ետ գալարվող, ծովը՝ այնուհետև կատաղի և փրփրալից երախներից մռնչյուն արձակող, ծովը՝ զարհուրելի զանգվածով ժայռերի վրա նետվող- պատկերն է այն ազնիվ ժողովրդի, որ գիտակցության րոպեների շնչով ծառանում է և իր իրավունքները, արդարություն ու ազատությունը կորզում, հափշտակում...

Նստիր ծովի մոտ և ուսիր նրանից այն ամենը, ինչ նրա ջրերն են պատմում, ինչ ալիքներն են մռնչում:

Ծով և ժողովուրդ- երկուսն էլ միևնույն շարժումներն ունեն, միևնույն թափը... և միևնույն ապշությունը։

1909

Be the first who will comment on this
Yatuk Music
Fides Tua
Tigran Hamasyan

Fides Tua

View of Lake Sevan, 1869
View of Lake Sevan, 1869
Play Online