Vrtanes Papazyan

Առվակը

Հեռու Արևելքում, կարծեմ Հնդկաստանում (զրույցն այդ մասին որոշ ոչինչ չի ասում)– կար մի հզոր, հարուստ թագավոր: Ապրում էր նա, ինչպես ամեն արևելյան իշխան, ճոխ ու փառավոր և թողնում էր, որ շուրջը թշվառությունը հպատակներին մաշեր, միայն թե իրեն պալատ ու կանայք չպակսեր, հետևորդն ու իշխանն ապրեր առատության մեջ, կյանք վարեր շռայլ, միշտ հաճոյալից:

Ուներ նա պալատներ` միմյանցից ընդարձակ, շքեղ պարտեզներ` միմյանցից գեղածիծաղ, սակայն և միշտ շինում էր, տնկում էր նորը և նրանց համար` իր հպատակների ոչ քրտինքն էր խնայում, ոչ էլ ջանքն և ուժը:

Ասում են, որ արքան սիրում էր անընդհատ շինել, և շինել միմիայն պալատներ` իր բնակության, պարտեզներ` իր վայելչության համար:

Ու շինում էր: Ի՞նչը կարող էր նրան արգելք լինել: Հո՞ղն էր պակաս: Մի՞թե տերության հողի կեսն իրենը չէր– իր որսի, պալատների, կանանց ու պալատականների համար, բնակարանի և պարտեզների ընդմիշտ հատկացրած:

Շինող ձեռքե՞ր էին պակաս: Մի՞թե իր հպատակների ուժն ու քրտինքը նա չէր գործածել: Եթե ուզենար, չէ՞ր կարող նույնիսկ նրանց դիակներից պատեր կանգնեցնել կամ նրանց արյունը շաղախի գործադրել:

Կաներ: Արևելյան արքաները ինչե՜ր ընդունակ չեն անելու:

Եվ ահա նա մի օր մտածեց այնպիսի մեծ ու շքեղ պարտեզ շինել, որի մի ծայրից մյուսը գնալու համար օրեր պետք լիներ, մեջը` բույս, ծառ, պտուղ կամ բանջար, թռչուն ու գազան այնքան շատ լիներ, պահվեր-պահպանվեր, որ իր հաճույքի համար, ուզած ժամանակ, ձեռքի տակ գտնվեր:

Մտածեց ու արավ: Առաջ քշել տվավ հպատակներին դեպի ընտրած հողը, տնկեց ու շինեց, հեռու տեղերից ծառեր բերել հրամայեց, կազմեց բաժանմունքներ, կանգնեցրեք շենքեր… Այդպես, տարիներով, երկրի ամբողջ ուժը գործադրեց իր հաճույքի համար միայն: Ոu պարտեզը շինվեց մե՜ծ շքեղությամբ, անծայր մեծությամբ: Հրամանովը պեղված ու բերված ջրերը ոռոգում էին նրան, ջրվեժները զովացնում օդը, բազմաթիվ շատրվաններ` անուշ խոխոջով, մեծ-մեծ լճակներ՝ սիրուն փայլփլումով հիացնում էին ամենքին: Եվ արքան հպարտ` շրջում էր նրանց մեջ, հրճվում իր գործով:

* * *

Բայց եղավ մի օր, որ շատ հեռավոր, անհայտ լեռներից եկավ մի առվակ, ով գիտե ինչպե՛ս, որտեղից, ներս սպրդեց, գտավ հզոր արքայի հողերն ու մտավ նրա կառուցած մեծ պարտեզի մեջ:

Իմաց տվին արքային նոր հյուրի գալստյան մասին:

Թագավորը ծիծաղեց հրճվանքից:

Ինչ կա, ասաց նա, բարի լինի գալուստը, իմ գործե՛րն են գրավում այդպես. թող գա վտակն ու ջրի պարտեզը:

Տեղ տվին առվակին. ճանապարհը հարդարեցին, թողին, որ հոսեր նա, ծորար պարտեզի միջով, մտներ-ոռոգեր ծառերը դալար, շշնջար բույսերի հետ, գգվեր ծաղիկներին…

Բայց տե՛ս, թե ի՞նչ եղավ հետո:

Բանն այն է, որ անկոչ հյուրը սկսեց քիչ-քիչ մեծանալ:

Աննշմարելի նախ՝ առատացավ, գետակի փոխվեց, և ապշած արքան ու պալատականները մի օր էլ տեսան, որ աննշան, հեռու տեղերից եկող այդ հյուրը սկսել էր ի՛նքը միայն ողողել ամբողջ պարտեզը, ծածկել ջրվեժ, շատրվան, հետո մինչև իսկ դուրս սողալ պարտեզից և գնալ հպատակների արտերին ջուր տալ:

Վա՜յ, գոչեց թագավորը, հյուրին շա՛տ երես տվինք, այժմ մեծանում է և սահմանն անցնում:

Եվ իրավ, նոր հյուրը խոշորանում էր միշտ, վազքն արագացնում, շշուկը մեծացնում, հոսում էր արագընթաց` պարտեզի միջով, ապա կամաց-կամաց ամեն ինչ ողողում, տակովը տալիս, շենք ու ծառի շուրջ լճեր գոյացնում, խեղդում-տապալում և գնում էր խաղաղությամբ ջրելու հպատակների արտերն ու պարտեզ:

Եվ մինչ արքայի պալատ ու այգի այդ ջրի տակ թաղվում փլում էին, դրսում հպատակների կյանքն այդ միևնույն ջրով աճում էր, բարվոքվում:

Արքան սկսեց բարկանալ: Բայց քա՛նի բարկանում էր, առվակն այնքան աճում էր, խոշորանում և գետի փոխվում: ― Վռնդե՛լ այդ անկոչ հյուրին, դո՛ւրս նետել նրան իմ հողից, իմ տերությունից…

Հրաման տալը հեշտ էր իհարկե, միայն թե ինչպե՜ս կտրել մի գետի առաջ, որ հոսում էր արագավազ, մեծանում անընդհատ, իր համար հող գրավում և տիրապետությունը տանում-տարածում:

Արքան հրամայեց ամեն միջոց գործ դնել, միայն թե գետ դարձած առվակին հողից վռնդել, պալատն ու կայքը նրա ողողումներից ազատ պահել:

Հավաքվեցին իշխան-պալատական, զորք ու զորավար փորձեցին գետի հեղեղատը փոխել, հսկա ամբարտակներ դեմ տալ նրա ընթացքին, հեռուներում ցրել նրա ուժը, գոնե կտոր-կտոր անել: Բայց առվակը գալիս էր սահմանի այն կողմից, և երբ այս կողմն ամբարտակներ դրին, հոսող ջուրն ուռավ, անցավ ամեն բանի գլխով, փլեցրեց նրանց ու ավելի կատաղի, ավելի ուժով հոսեց` ողողեց պալատ ու պարտեզ, շենք ու ամրություն…

Այն ժամանակ արդեն արքան լուր ուղարկեց դրացի երկրին:

Երկրիցդ, հրամայեց ասել նա այն երկրի արքային, մի անամոթ հյուր է եկել ինձ, որ նախ փոքր էր, հետո մեծացավ և այժմ ողողել է ամեն ինչ, քանդել պալատներս։ Կամ նրա դեմը փակի՛ր և կամ ճանապարհը փոխիր, դեպի անապա՛տը դարձրու:

Դրացի թագավորը երբ լսեց այդ, ծիծաղեց, տարավ եկողներին իր հողերը ցույց տվավ և ասաց.

Ինքներդ տեսեք այժմ. իմ պալատներն էլ այդ միևնույն հյուրը ողողել է, քանդել, փորձեցի և ես փոխել նրա հեղեղատը, ամբարտակ դնել, բայց նա ամեն արգելք տապալեց և այժմ լիճ է շինել պալատներս, իր սեփականությունը դարձրել երկիրս: Նա չէ բխում հողերիս միջից, որ աղբյուրը փակեմ և երկրիցս դուրս վռնդեմ, գալիս է նա ուրի՛շ երկրից, իմ սահմանի այն կողմի լեռներից:

Այն ժամանակ հզոր արքան մարդիկ ուղարկեց մյուս տերության մեջ, ապա ավելի հեռուն, և այդպես չկարողացան հասնել առվակի ակունքին, որ բխում էր շա՜տ հեռու, անհայտ լեռներից, մեծանում էր անցած տեղերում, ողողում ամեն երկիր, պալատնե՛ր քանդում, դաշտեր ծաղկեցնում:

Զրույցը չէ պատմում, թե վերջն ինչ եղավ: Միայն ավանդությունն ասում է, հզոր թագավորը շինեց մեծ-մեծ ամբարտակներ և թումբեր գետի դեմ, բայց բոլորին էլ առվակը ջարդեց ու անցավ:

Եվ քանի նրա դեմ թումբ էին դնում, նա այնքան ավելի ուժ էր կուտակում, ապա փլեցնում, ջրի տակը ծածկում ամեն պալատ ու պերճություն:

Եվ այսօր, եթե այն հզոր արքայի, պալատի ու պարտեզի տեղը լճեր են կանգնած և կամ ճահիճներ – դրանց անողն ա՛յն փոքրիկ առվակն է, որ անհայտ աշխարհներից գալով` հող է միշտ գտնում իր ճանապարհի համար, մեծանում է, գետի է փոխվում և երկրի մեջ իր թագավորությունը կանգնեցնում:

Թումբ կամ ամբարտակ, փոխանակ կասեցնելու նրան, ավելի կատաղեցնում են, ավելի ուժ տալիս: Եվ նա քայլում է միշտ, ո՛չ միայն պալատների գլխովն անցնում, այլև մտնում-սպրդում է ամեն մի պարտեզ, ամեն ծառաստան և իր ջրերի տակ թողնում ա՛յն ամենը, ի՛նչ արքայական է կամ իշխանական…

1908

Be the first who will comment on this
Yatuk Music
Circular
David Balasanyan

Circular