Vrtanes Papazyan
Անապատի մեջ
…Եվ այդ սքանչելի հովիտում, առատաբուխ ջրերի, կապուտակ վես ծովակների, ծաղկավետ բլրակների կողերին, հին, անհիշատակ ժամանակներից ի վեր, աճել-սփռվել էր մի շքեղ, խիտ անտառ:
Կաղնին ու թեղին, լորին ու բոխին ճյուղ ճյուղի միացրած, արմատներով հողը պինդ գրկած, անհամար ճյուղավորությամբ, բյուրավոր ընձյուղներով՝ տարածվել էին հեռուները, երկիրը բեղմնավորել, սև-պարարտ հողով պարուրվել և ապրում էին գոռոզ ու ազատ՝ մեծ երկնքի տակ, ջերմացնող արևի մեջ, սնուցանող անձրևով ուռճացած, զովացած:
Դեռ այդ քի՛չ էր: Գնում էր, շարժվում անտառը, մագլցում բնակարանը շրջապատող քարաժայռերի վրա, ճեղքում նրա կուրծքը, անցնում, պտույտ գործում խոժոռ ու կնճռոտ կույտերի միջոցով, իր սերնդյան նոր շառավիղներով ճգնում էր մի թիզ հող իսկ չթողնել անբնակ, մի քայլ իսկ չձգել անմշակ:
Ու անտառը շրջապատող կույտերը ճակատնին կնճռած՝ դիտում էին այդ, ատամ կրճտացնում նրա շարժուն, կենսունակ գոյության վրա:
Չոր, լերկ ապառաժներ էին դրանք: Ոչինչ չէր բուսնում այնտեղ՝ բացի մամուռից. ո՛չ մի թռչուն, ո՛չ մի արարած, բացի անարգ մողեսներից: Անձրևն ու արևը խանձում–մրկում էին նրա կողերը, քամին անարգել ծեծում–ջարդում գլուխները, և նրանց գոյությունը միմիայն անտառին էր օգտակար լինում՝ ստվերում էր, պահպանում դժնդակ ցրտից:
Այդպե՛ս էր բնության մեջ՝ երկրի այդ անկյունը:
Ժայռը զայրանում էր անտառի վրա, անշարժությունը ատամ էր կրճտացնում քայլող կյանքի դեմ. իսկ անտառը, այն հովասուն, շքեղ, սաղարթալից ծառերով անտառը աճում էր, ժպտում արևին, հրճվում իր կյանքով, մեծանում, խտանում, գնո՜ւմ էր գնո՜ւմ և ապառաժների դեմ կաղնիներ ցցում, նրանց ճեղքերում վարդ, ծաղիկ սփռում:
Ծաղրո՛ւմ են մեզ դրանք… մռնչաց վերջապես վիթխարի կատարը, ծաղրում են. նրանց յուրաքանչյուր ժպիտը մեզ է հայհոյում:
Ջարդե՛նք հանդուգններին, գոռաց ժանգոտ ապառաժը,– ուզում են մեր սրտերը պատռելու ելնել:
Գրավե՛նք հովիտը, խորհուրդ տվին մամռոտ քարերը, այնտեղ հողը փափուկ է, օդն ավելի մեղմ, ջրերն առատ…
Երկար վիճեցին, երկար սպառնացին, ճահճին՝ անտառը ողողելու հրավերը կարդացին, գազաններին՝ ծառերը ոչնչացնելու խորհուրդը ներշնչեցին:
Բայց անտառն այն շքեղ, ամեն առավոտ զարթնում էր մի նո՛ր, ավելցած ուժով, աճում էր-գնում բեղմնավորության հսկա քայլերով:
Այնտե՛ղ էր թռչունն իր երգը հնչեցնում, սոխակը լուսադեմին դայլայլով ողջունում, կենսապարար զովությունը՝ մեծ սաղարթների տակ անուշ, քաղցր բուրում, թավիշ մարգագետինը արևի տակ պսպղում:
Նո՛ւյնիսկ այնտեղ է՛ր, որ վտակները ժայռերից խուսափելով՝ հանգիստ էին որոնում, ուրախ-զվարթ խոխոջում, յուրաքանչյուր ծառի, ընձյուղի արմատը գգվում… Այդ արդեն անտանելի էր քարաժայռերի դաժան կույտի համար: Ամեն ինչ՝ ծաղիկ, ջուր, նույնիսկ մողեսն ու մամուռ, կռանում էին դեպի անտառը. կարծես խուսափում էին ժայռերից, ուզում էին գնալ ապրելու թարմ կանաչներում, զով ստվերների, դալար ճյուղավորության տակ:
Վիթխարի կատարը դողում էր զայրույթից, ճահիճը մի կողմից ճգնում էր իր զազիր բորբոսը անտառին հասցնել, գազանները մի այլ կողմից փորձեցին նոր ընձյուղները տրորել, ջարդել…
Ու ամեն ինչ, ամեն անարգ ուժ ի մի գումարված՝ մտածեցին վերջապես կասեցնել շարժվող կյանքի ընթացքը։
Ու հաջողվեցան։
Ւնքը անտառը, իրերի բերմամբ, գուցեև իր չարաբախտ դիրքի պատճառով, և կամ, ո՞վ գիտե, տնավեր ներքին դավաճան երկպառակությամբ թուլացավ, ջլատվեց և ժայռ ու գազանի, ճահիճ, զեռունի կերակուր եղավ։
Եկավ աշնանային ժանգ սփռող եղանակը. բարձրացան խորշակներ, ժայռերը իրենց մեջ կուտակած ջրերը բաց թողին, գազանները կատաղի ուժով բանակ կազմեցին, ճահիճը մեծացավ, բորբոս-զեռունով մոտեցավ կյանքին…
Հետո, հովերը ծառերին միմյանց դեմ հանեցին, զարկին, ծեծեցին, ճյուղը ճյուղով ջարդեցին, արմատները բացին, թուլացրին, կաղնուն լորենու վրա տապալեցին, բոխին՝ հացենու տակը ճզմեցին…
Եվ երբ քարաժայռերը չար քրքիջներով այդ ավերը ողջունեցին, վիթխարի կամերը ցնցվեց, դարձավ լերկ ապառաժներին ու գոչեց ահեղ.
Հառա՛ջ, ժամանակն է այժմ վերջ տալու այդ ատելի, շարժվող կյանքին…
Եվ ահա մեկեն դղրդաց գետինը, լեռ ու ապառաժ ցնցվեց-օրորվեց, քար ու քարաժայռ շարժվեց- տատանվեց, մեծ որոտումով ոստնեց, կատարը ծուխ-բոց արձակեց, մոխիր, խանձող ու այրող կրակ դուրս ժայթքեց և այդ բոլորը, ահավոր դանդաղությամբ, թանձր խավարի մեջ իջավ, անտառի վրա ընկավ, տակովն արավ ծառ ու ճյուղ, ծաղիկ և ընձյուղ: Ջարդեց, տրորեց, մրկեց ու ծածկեց նրան քարի կույտերի, փոշու, հողի, տիղմ ու ավազի մեջ…
Ցողունները ահաբեկ՝ փախան, հեռացան, ուրախ կարկաչով հոսող ջրերը կամ ցամաքեցման և կամ ճապաղ փախուստով՝ շտապեցին գետնի խորքը ապաստանել:
Այլևս ո՛չ մի ստվեր, զովությանը հաջորդեց չոր անապատը, քարոտ, ամայի, արևի տակ տառապող ամլությունը գրավեց ամբողջ հովիտը։
Լճակները հուզված՝ ջանացին կռիվ մղել, ծեծել հեռացնել գլորվող ժայռերը, մարե՛լ կատարի հոսանուտ կրակը, և, մինչև այդ խաղաղ ժպտող ջրերը, անընդհատ կռվի ելան ապառաժների դեմ, ճգնեցին փշրել նրանց կողերը, ուժ տվին՝ լզելով մաշելու նրանք կոշտ ներկայությունը, բայց չարադեմ ժայռերը ավելի խոր մղվելով՝ իրենց տակ մեռցրին, ոչնչացրին ամեն դալարիք, ամեն կյանք կամ շարժողություն…
Այդպես էր ահա, որ անտառն այն շքեղ՝ տրորվեց ժայռերի ուժի տակ: Այդպես էր ահա, որ այն սքանչելի հովիտը սև ու ահավոր քարերի անապատ դարձավ, ծովակների շուրջը քարերի շղթաներով կաշկանդվեցավ, և շրջակա ծաղկավետ բլուրների վրա չոր ամայությունը եկավ, բնակվեցավ…
Եվ այդ դեռ թավ չէր. ճահիճն էլ մյուս կողմից մոտեցավ, դիմադրելու ուժ չունեցող անտառի կուրծքը մտավ, եղած ծառերին իր գարշ բորբոսով պատեց, զեռունների և գորտերի ձայներով ամեն թռչուն ու սոխակ հանեց, դուրս նետեց։
Վարդը մեռավ բորբոսից, ընձյուղները արմատախիլ, տխուր շարքերով, քարերի ճեղքերում իրենք գերեզմանը գտան, և մշտադալար թարմ կանաչությանը հաջորդեց տիղմով ու բորբոսով կանաչած՝ հոտած մի ճահիճ։
Եկա՜ն նաև գազանները: Խմբովին եկան։ Ջարդեցին, փշրեցին, ոտնատակ արին, ամեն ինչ տրորեցին և հովասուն վայրերը չոր խռյունների ասպարեզ շինեցին, ուր այնուհետև գայլերն էին միայն ոռնում, բորենիներ թափառում և խոզերը՝ հողը քրքրում…
Անտառը հաղթվել էր, ընկճվել–ոչնչացել, և գեղեցիկ հովիտը լերկ անապատի փոխվել…
Երկա՜ր, անհաշիվ երկար տարիներ տոնեցին ժայռերն իրենց հաղթությումը, վայելեց ճահիճը՝ իր տիրապետությունը, տրորեցին գազաններն՝ իրենց անկյունը:
Երկա՜ր, անհաշիվ տարիներ սուրաց ավազախառն քամին հովտի վրայով, ծովակները ալեկոծեցին իրենք ափերը, մռնչացին, լացին, փշրվեցին քարերի շրջանակի դեմ։
Երկա՜ր, անհաշիվ տարիներ մողեսներ ու օձեր աղտոտեցին հովիտը իրենց զզվելի երգերով։
Արևը խանձեց, անձրևը ծեծեց, ավազը շերտեր կազմեց, ճգնեք անցյալից մի հետք չթողնել, և ամեն ոք կարծում էր, որ անտառը վերջնականապես մեռել-ոչնչացել էր ու այլևս չպիտի կարողանար շարժվեր Սակայն այդպես չեղավ։
Լեռնային երկրներում, նույնիսկ ամենակարծր գրանիտային աշխարհներում, հաճախ տեղի են ունենում այնպիսի դեպքեր, որ նույնիսկ բնության՝ տարօրեն երևույթների վարժ անձը մնում է ապշած։
Ջրերից, բուսականությունից հեռու, միապաղաղ խոշոր ժայռերի մի ամենաչնչին ճեղքը մտնելով, անձրևի կաթիլներից սնունդ ստացած, տարիներով խուլ աշխատանքից հետո, սակավ աո սակավ կուրծքը ճեղքում և վեր են պարզվում այնպիսի ուժով մեծամեծ ծառեր, որ կատարելապես անհասկանալի է մնում, թե ո՜ր աստիճան հսկա ուժ էր պետք այդ բոլորն անել կարողանալու համար։
Բուսական աճեցողության ուժը, հիրավի, եթե նա գոյություն ունի նույնիսկ փոքրիկ սաղմերով, ո՛չ միայն չի մեռնում, այլ ոչինչ, բացարձակ ոչինչ չի կարող ճնշել նրան, ժամանակի ընթացքում փշրել-ծակելու ամեն արգելք, բարձր պարզելու իր ճյուղավորությունը և իր բեղմնավոր սերնդյան պատվանդան շինելու լեռ ու ապառաժ…
Սակայն հաղթողներից ոչ մեկը չգիտեր այդ: Ո՛չ այն վիթխարի կատարը, որ ծուխ ու կրակով մրկեց ամեն ինչ և կարծեց մեռցնել անտառը, որ քար-ապառաժով փշրեց ամեն ընձյուղ և մտածեց ոչնչացնել շարժումը, ո՛չ ճահիճը գիտեր, որ բորբոս–զեռունով պատեց անտառը և ջանաց փտությունով կանգնեցնել կյանքը, և ո՛չ էլ գազանները գիտեին, որոնք տրորեցին ամեն ծառ և հուսացին անապատ շինել կյանքի փոխարեն։
Բայց հենց վիթխարի կատարի մոխիրն ու կրակը, միացած ճահճի սփռած փտության, գազանների տրորած, խռիվ դարձրած տերևների հետ, խնամեցին, ամեն վտանգներից ազատ պահեցին մեռնող անտառի աճողության ուժը և երկար, շա՜տ երկար ժամանակներից հետո ապշությամբ զգացին, որ այնտեղ՝ խորքերում, քարերի տակ, ժայռերի թողած փոքրիկ ճեղքերի մեջ, ճահճի կուտած փտության խավերում՝ կատարվում էր մի նոր բան:
Չնչին, վտիտ և փոքրիկ արարածներ այս-այն կողմից գլուխ էին դուրս պարզում, ամենափոքր կաթիլից սնանվում, ստվերից զովանում և նուրբ կանաչությամբ անապատը կենդանացնում…
- Ի՞նչ է այն,– գոչեց ապշությամբ լերկ ապառաժը, կարծես կանաչ բաներ են լույս ընկնում։
- Ոչինչ բան, քրքջաց կատարը, ճզմեցե՛ք կամ անուշադի՛ր թողեք:
- Թող աճեն, ի՞նչ կա,– ասացին քարերը,– մեզ հովանավորում են, զարդարում միայն: Ւ՞նչ են այդ չնչին արարածները, որ մեզ ուշադրության առարկա դառնան…
Ու թողին: Ժպիտը դեմքերին՝ ժայռերը դիտում էին փոքրիկ արարածների բազմանալը, ճահիճը մինչև իսկ ուրախացավ, որ ինքն էլ բուսնելու ընդունակ է, իսկ գազանները արհամարհությամբ անցնում էին նրանց կողքով։
Հիմար բաներ են, թողեք աճեն՝ որքան կուզեն…
Եվ աճեցին, բարձրացան, արմատները խորը մղեցին, լուռ, առանց աղմուկի պարզվեցան ամեն ուղղությամբ, ժայռերի տակ մտան, ճեղքերից, խորշերից գլուխ դուրս պարզեցին, հետո մեկեն, բուռն մղումով այնպես առաջ գնացին, որ ինչքան քար կար՝ ճեղքվեց, ինչքան ապառաժ` երկու կտոր եղավ…
Անտառը շարժվում էր:
Գարնանային անձրևներից հետո եկան հյութալից, աճեցնող օրերը, մանր ճյուղավորությունները դուրս պարզվեցին ուժգնությամբ, արմատները հսկա ուժով դեն գլորեցին իրենց ճնշող քարերը, ապա ուռելով՝ փշրտեցին, գրեթե հող շինեցին ապառաժները, ճահիճը տեղի տվավ ահաբեկ, գազանները սոսկումով ետ քաշվեցին նոր ծառերի դուրս պարզած փշերի առաջ, հովիտը մեկեն կենդանացավ, առուները հոսեցին, ծովակները՝ ժայռերին ծեծելով, տակը փորելով՝ փլեցրին ու ջրով ծածկեցին…
Ու այս ամենը այնքան արագությամբ կատարվեց ու մեծացավ այնուհետև, որ վիթխարի կատարը սոսկումից կծկվեց, ժայռեր ջարդված` շտապեցին թաքնվելու աճող խոտերի տակ, գազանները առանց ետ նայելու՝ դուրս թռան հովիտից, ճահիճը սմքած՝ իր վերջին բորբոսը տարավ կծկծելու հեռավոր ժայռերի ստորոտում։
Այնուհետև այլևս անհնար դարձավ շարժվող անտառի առաջն առնել։
Յուրաքանչյուր ծառ, յուրաքանչյուր թուփ և ծաղիկ բյուրավոր ընձյուղներ արձակեց ամեն ուղղությամբ, կաղնին, լորին, բոխին, հացենին դեն շպրտեցին իրենց նեղող քարերը, ծակեցին-անցան ժայռերը, ոտնատակ առին, իրենց արմատների յուրաքանչյուր թելով փշրտեցին, հող շինեցին նրանց, և այնտեղ, ուր շատ տարիներ առաջ գազաններ էին օգնում, գորտն էր կռկռում, մողեսը թափառում, այժմ բազմաթիվ վտակներ, ավելի առատ քան առաջ, եկան ոռոգելու ծառ ու ծառաստան, վարդ ու ծաղիկներ։
Այնտե՛ղ, ուր չոր անապատը ավազն էր ոլորտում օդի մեջ, այժմ ծառերի տերևներն էին սոսափում, և ճյուղերի միջից թռչուններ էին դայլայլում։ Այնտե՛ղ, ուր քամին սուրալով խանձում էր ամեն բույս, այժմ թարմ զովության մեջ աճում էին շուշանն ու նարգիզը, պուտն ու մանուշակը:
Այնտե՛ղ, ուր ժայռերն իրենց հաղթանակն էին տոնում, ճահիճն իր զազիր բորբոսը հոտեցնում, գազանն իր ատամներով կտրտում, անցնում, այժմ սև հող էր գոյանում, խիտ, կենդանի, շարժուն անտառի մեծ տարածություն էր պարզվում, և կյանքը ժպտում էր, ժպտում խնդագին, աճելով ավելի բարձր, ավելի ուժեղ, քան ամեն ժայռ կամ կրակ ցայտող կատար…
Անտառը դարձյալ շարժվում էր. աճողության ուժը հաղթել էր. ոչինչ չէր կարողացել անհետացնել նրան, ո՛չ ժայռ, ո՛չ ճահիճ և ո՛չ գազաններ…
Եվ այժմ, այդ սքանչելի հովիտում, առատաբուխ ջրերի, կապուտակ, վես ծովակների, ծաղկավետ բլրակների կողերին, հին, անհիշատակ ժամանակներից ի վեր աճող անտառը դարձյալ իր հողն է բռնել, դարձյա՛լ ճյուղ ճյուղի միացրած, արմատներով հողը պինդ գրկած, անհամար ճյուղավորությամբ տարածվում է հեռուները և ճգնում է մի թիզ իսկ չթողնել անբնակ, մի քայլ իսկ՝ անմշակ։
Այսպես է լինում։ Լեռնային երկրներում, նույնիսկ գրանիտային աշխարհներում հաճախ տեղի է ունենում այնպիսի դեպքեր, որ նույնիսկ բնության՝ տարօրեն երևույթների վարժ անձը մնում է ապշած…
1905