Vrtanes Papazyan

Այիշա

(Պարսկական պոեմա)

Լսում են պատմիչին։ Կկզած, նստոտած զանազան անկյուններում ականջ են դնում։ Պատմիչը հուզված է։ Նստում է նա, կանգնում, բարձրացնում է ձեռքի փայտը։ Եվ նրա ձայնը դողդողում է, կերկերում։

Նա պատմում է.

«Պետք է որ գեղեցիկ լինի Մարգարեի դրախտը, ասում է նա, բայց գեղեցիկ է նաև Շիրազի հովիտը։

Որքա՜ն առատ են այնտեղ վարդի թփերը, նրանց շուրջը պտույտ գործող սոխակները. որքա՜ն քաղցր՝ նրանց դայլայլիկները։ Որքա՜ն սողոսկող վճիտ առվակներ կան այնտեղ. հովիտն ակոսող և խորհրդավոր միայնության մեջ ընկղմած բլրակները քանի՜–քանի շքեղ անկյուններ ունին…

Պարզվում է ահա լայն հովիտը, զարդարված երփներանգ ծաղիկներով,

բծավորված վարդի թփիկներով։ Հողային բլրակների մի խումբ դեպի դաշտն է խոնարհվել, մեջքը ցից լեռներին տվել, կուրծքը կաթնահամ ջրերի մեջ թաթախել և ստորոտի շքեղ անտառներով զարդարել։

Վարդի և սոխակի երկիր, սիրելու և երազելու անկյուններ, ծաղիկների հոտով բացվող վայրեր, արդյոք քո ծոցումը չէ՞ր, որ առաջին մարդը սիրեց… և տանջվեց…»։

* * *

Այդ սքանչելի բլրակների մեջ էր, որ տարիներից ի վեր վտակների հոսելուց կազմվել էր Թոքնաբադ գետը և Թոքնաբադը, երկար գնալ, հոգնելուց հետո՝ ձևացրել էր մի շքեղ ավազան։

Տարիներից ի վեր ջրերը մի ծոց էին գտել, գումարվել ու կուտակվել, հրավիրել ընկերներին, իրենց մեղմ կարկաչյունով գրավել ու մեծացրել էին շրջանը և կանչել ավազանի մոտ սոխակներին, որոնք հովտի վարդերի սիրուց տոգորված, նրանց փշերից ծակծկված, սովորել էին գալ և հովանալ այդ ջրերի մեջ։

Դաշտի թռչունները, սուլացող քամին բերին իրենց թևերով վարդի սերմեր, փռեցին ավազանի շուրջը. վտակները կշտացրին նրանց իրենց ցատկոտող կաթիլներով և քիչ հետո վարդե մի պսակ էր, որ կազմվել էր ավազանի շուրջը. պսակ, ուր հավաքվում էին սիրահար սոխակները, ուր սիրում էին և տանջվում սիրուց։

Լցվում էր ավազանը, կյանք տալիս շրջակայքին։ Գետը սահում գնում էր նրա երեսի վրայից. սոխակները երգում, թևերով բախում նրա ջրերի մակերևույթը և խաղում նրա վետ–վետ ալիքների հետ։

Դեռ ոչ մի մարդ չէր խանգարել այդ լռիկ անկյունը իր պիղծ ոգով, կործանիչ շնչով։

* * *

Բնակվում էին հովտում լեռանց ոգիներ։ Չքնաղ հյուրիներ էին նրանք։ Մի աննման էլ թագուհի ունեին։

Նայեցեք գիշերով լեցուն լուսնին, ցերեկով՝ շքեղ արևին։ Մտեք Մարգարեի դրախտը խուզարկեք, Քրիստոսի արքայությունը տակնուվրա արեք. բնության գեղեցկությունները ի մի ձուլեցեք, բայց բոլորի մեջ ոչինչ չեք գտնիլ նման Այիշայի վառ գեղեցկության։

Նրա աշխույժի առջև սառցակույտ էր հալվում, և սոխակները հաճախ նրան մի աննման վարդ կարծելով, պար էին բռնում նրա շուրջը, օդը լցնում իրենց բոցավառ սրտից բխած խանդոտ դայլայլով։

Ամեն ինչ խոնարհվում, հալվում էր Այիշայի գեղի առջև. բնությունը ողջ ապուշ կտրած արձանանում էր, երբ Այիշան նրա միջովն անցնում էր…

Այդպես էր նա, որ սիրում էր երբեմն դուրս գնալ, իր գեղի առջև խոնարհված սրտեր տեսնել և զվարճանալ։ Հաճախ միայնակ պտույտ էր գործում Շիրազի հովտում, թափանցում մինչև ամենախուլ անկյունը։

Եվ ահա մի օր դեմ առ դեմ եկավ ավազանին։ Կանգ առավ։ Զմայլելի ոչինչ չկար շատ, բայց որքան խոր էր նրա հատակը և արդյոք որքան հետաքրքիր կլիներ թափանցել նրա մեջ, տեսնել ջրակույտի մի առատ հոսանք։

Երկար ժամանակ էր, որ նա վառ ու բուռն հոսանքներ չէր տեսել։ Բայց նա սիրում էր այլ վառ գույներ, արտահայտություններ…

Տեսնել օրինակ մի կրակ, որ մի քանի րոպեի մեջ բուռն կերպով լափում է մի մեծ շենք։ Բոցը սուր լեզվակներ կազմած սուրում է դեսուդեն, վառվում են քարեր, փլում պատերը, հալվում, դղրդում է գետինը, փոշին ու կրակը խառն, փոթորիկի պես կործանում են ամեն ինչ և, ապա, մի րոպեից հետո… էլ ոչինչ։ Վերջանում է ամեն ինչ։ Կրակից մնում է միայն մի կույտ, որ թեև պլպլում է, թեև դեռ փայլում, բայց հանգիստ է, հոգնած և կիսամեռ… շուտով կմեռնի, այլևս ոչինչ հետաքրքիր բան չունի իր մեջ։

Գեղեցիկ հյուրին մտածում էր այդ բոլորը։ Ավազանի միակերպ ալիքներն էր դիտում. ձանձրալի դառավ հոսանքը, այդ միակերպ շարժումը։

Չփորձե՞լ արդյոք մի ծակ բանալ ներքևից, լայնացնել նրան, հետո թողնել, որ թումբը տակից մաշվի, փլչի. ջուրը հոսի, գետինը բռնչա, փրփրի, ցատկոտի, փոշու սենյակներ կազմի, անհամար շատրվաններ ձևացնի, ողողի ամեն ինչ, վշվշա, ոռնա, սուլի ու գոռա…

Որքան մեծ տեսարան կլիներ այդ։

* * *

Եվ փնտրեց նա մի անկյուն, ուր փուխր լիներ հողը։ Իջավ և փորեց։ Տենդային հուզումով պեղում էր նա։ Սոխակները զգալով կործանումը, ճչում էին, վարդի թփիկները արմատներով դողում։

Քանի փորում էր, այնքան հանդարտում էր նա։ Րոպեներ եղան, որ նա կանգ առավ։ Այն միտքը, որ գուցե հետևանքը վատ լիներ, երբեմն կասեցնում էր նրան։ Արդյոք արածը չէ՞ր կործանիլ, չէ՞ր ոչնչացնիլ ամբողջ ավազանը։

Բայց ո՛չ, մտածեց նա,– ի՞նչ պիտի լինի։ Մի քանի ժամ բուռն հոսանք, հետո ամեն ինչ կվերջանա. հոսող վտակները էլի կլցնեին նրան։ Կփակեր նորից անցքը, ջրերը էլի մի անգամ կլցվեին և կսարսեր նրա պատերը նորանոր հուզմունքներից։ Իսկ ավազանը շատ լիքն էր. ինչ որ լիքն է, նա դատարկվելու էլ պատրաստ է։ Վաղուց նա արդեն կրծում էր իր հատակը և մի անցք փնտրում ժողոված խանդը դուրս տալու։

Պատերը կակղել էին. հեղուկը հոսել էր ուզում, կաշկանդված ուժը ազատություն էր փնտրում։ Կուզենար նա հոսել, հոսել, գգվելով ու ցողելով ամեն ինչ, ժպտելով արեգին, խնդալով կյանքին։

Պեղում էր Այիշան։ Ճչում էին սոխակները, ցնցվում վարդերը։

* * *

Ահա հուզվեցին ջրերը, ահա կազմվեց հորձանք, դողաց ավազանը, սարսեցին պատերը։ Լսվում էր մի խուլ մռմռոց, որ հետզհետե աղմուկի էր փոխվում։

Այիշան գունատվում էր. աղմուկի փոխվող մռմռոցը նրան վախ պատճառեց։ Ջրերի շարժումը, որ դղրդեցնում էր իր շրջանակը, պահ մի կասեցրեց նրան։ Նա կանգ առավ՝ ետ քաշվեց՝

… Բայց որքան հրաշալի կլիներ տեսարանը, եթե հոսանքը մեկենիմեկ դուրս ցայտեր։ Հսկայական մի շատրվան, որ հովհարաձև կտարածվեր դեպի առաջ, կթրջեր–կողողեր ամեն ինչ, և խուլ մռնչյունը դաշտը կթնդացներ։

Որքան սիրուն տեսարան կլիներ այդ։

Տեսնել, թե ինչպես ավազանի մեջտեղը գոգանում է, ջրերը միմյանց ծեծելով կենտրոնանում են մի շրջանի մեջ, արագությամբ պտույտ գործում, գնում են, վիժում, ոստոստում, ցայտում…

Եվ հուզվում էր նրա կուրծքը. բուռն ցանկությունը դողացնում նրան։ Պեղելու էլ պետք չկար. ջրերը միմյանց հրելով լայնացնում էին բացվածքը, պեղում ու վիժում։

Մի հարված ևս… և նա ետ ցատկեց։ ՚

Մի ահեղ մռնչյուն ու մի մեծ շատրվան այնքան արագությամբ հաջորդեցին միմյանց, որ կարող էին մի բերդ կործանել։

Դղրդում էին լեռներ, ողողվում էր դաշտը։ Հորձանք էր կազմվել, խաոսն էր սկսում, մի կաթիլ անգամ հանդարտ չէր մնում։ Ամենքը

միմյանց բախում, իրար հրմշտկում և ճեղքված անցքից դուրս էին թռչում։

Այիշան սառեց։ Հզոր տեսարանը քարացրեց նրան։ Իսկ ջրերը մռնչում էին, վիժում ու վիժում, դաշտն էլ նրանց ծծում–անհետացնում էր, թշվառ ավազանը կաթ–կաթ դատարկվում։

Մի քանի րոպե– էլ ոչինչ չմնաց, եթե ոչ մի սառն ու տխուր, անգույն թացություն։

Այիշայի առջև կանգնած էր նրա հաճույքի զոհը, որի վերջին կաթիլներն էր քամում… միշտ ցատկրտող, միշտ էլ հուզված վճիտ կաթիլներ։

Ու փուլ եկան ավազանի պատերը. Թոքնաբադը ետ քաշվեց, վարդերը տխրագին կռացան և արտասվաթաթախ մեռան փլատակների վրա…

Այն օրից Շիրազը կորցրեց իր ջուրը, գետը չորացավ, հովիտը մերկացավ, սոխակները լռեցին, վարդերն էլ նրանց սեր չգրգռեցին։

* * *

Այս էր, որ պատմեց պարսիկ պատմիչը, երբ ես մոտեցած լսում էի նրան։

Եվ երբ վերջացրեց, խոնարհեց գլուխը։ Եվ խիստ տխուր էր նա, գունաթափ, նկուն…

Պատմիչ, թշվառ պատմիչ, դու չէի՞ր արդյոք հաճույքի այդ զոհը, քո սիրտը չէ՞ր արդյոք Շիրազի հովտի փլած ավազանը…

Be the first who will comment on this
Yatuk Music
Come
David Balasanyan

Come

Eastern motifs, 1886
Eastern motifs, 1886
Play Online