Vano Siradeghyan
Մի ճամպրուկ փող
Երբ Սուրոյի երազելու հերթն էր գալիս, կարճ էր կապում։
Մի ճամփով մթնով գնալիս լինեմ, ոտս մի բանի առնի՝ տեսնեմ մի չամադան, մեջը լիքը փո՛ղ…
Թո՜ւ, հիասթափված վրա էր նստում մեր միջի բանաստեղծը։
Մենք պառկած էինք լինում խաղողի այգիներին մոտիկ մի տեղ, խոտի վրա կամ սալ քարին, նայում էինք աստղերին, երազում ու սպասում պահակի քնելուն։ Խաղողը մեզ համար՝ եղած֊չեղած, բայց մեր ծնողների քնելու ժամին մեր վրա նոր եռանդ էր գալիս։ Աշնանամուտի երկար օրը բերքահավաքով, լողով, խաղով չէր ջարդում մեր կորովը, նաև՝ մերթող լինելու մեր ժամանակն էր։ Մեզ տուն կանչում էին մեքենայորեն, քնելուց առաջ հորանջելու նման։ Եթե մոտերքում էինք լինում, ասում էինք՝ գալիս ենք, որ հնչում էր որպես բարի գիշեր։
Ձնհալից մինչև ձյուն գալը տունը մեզ համար պայմանական օթևան էր, մեր տունը այն էր, ինչ ընկած էր երկնքի տակ, բոլորեքյան կանգնած լեռների գոգի մեջ․ քարափն էր, այգին էր, բանջարանոցն էր… Մենք այդտեղ էինք մեծացել օձի ու հավքի, ձկան ու անասունի հետ և մեր ծնողները վտանգ չէին տեսնում մեր կյանքի համար։
Վտանգը այն էր, որ այդպես պառկած, երկնքին նայող երազող կմնանք… Չէ, կյանքը չէր թողնի։ Կյանքի քերանքից մի կերպ գնդած Սուրոն չէր թողնում։
Նա ամեն անգամ այսպես ջուր էր մաղում մեր անշահ, սանձարձակ երևակայության վրա։ Եվ ամեն անգամ Սուրոյին թքել֊մրելուց հետո այդ մի ճամպրուկ փողը, այնուամենայնիվ, քաշում էինք մեր երազների ոլորտը՝ ծառայեցնելու մեր նպատակներին։ Բայց ոտքի տակ ընկած այդ իրը կռացնում էր մեզ, նսեմացնոլմ էր մեր երազանքը, խճճում էր առօրյա պետքերի, խանութում տեսած հնոտիների ոստայնով, այնինչ մեր հագինը, երկնքին նայելիս, արքայազնի հանդերձ էր, որ խանութում չի լինում, մեր տակինը հրեղեն ձի էր, որ փողով չեն առնում, այլ մի առավոտ ջրերից ելնում, դոփում է մեր շեմին ու մեզ դուրս կանչում…
Մեր երազած աղջիկն էլ ձիու հետքերով էր գալու, սնվելու էր առավոտվա ցողով, հագնելու էր ծովի փրփուր, ծա՛խս չէր պահանջելու։
Մենք անփող ապրելակերպին հավատում էինք մինչև դարավերջ մնում էր մի ինչ֊որ երեսուն տարի։ Եթե ապրել լինում էր գրեթե առանց փողի, ինչո՞ւ պիտի չապրվեր բոլորովին անփող։ Նրա՛նք պիտի չհավատային, ովքեր փող ունեին ու զորությունը գիտեին, իսկ Սուրոյի նմանը պիտի հավատար, երազեր ու տենչար անփող հասարակարգ։ Բայց չէր հավատում։ Երևում էր, նրանք այնքա՜ն չէին ունեցել, չունենալը այնպե՜ս էր հիվանդացրել նրանց, որ փողի վերանալը նրանց համար կյանքից վերանալ կնշանակեր։ Այդքան չունենալուց հետո մի օր ունենալու հրաշքին հավատալուց նրանք իրենց զրկել չէին կարող։
Երբ շատ էինք պարսավում Սուրոյի գետնաքարշությունը, երբ մեր իմացավ արդար֊հավասար կյանքի պատկերն էինք գծում նրա աչքի առաջ, մարդը տեղի էր տալիս․
Մի անդամ գտնեմ ու վերջ, ասում էր։
Սուրոն ութից դպրոցը թողեց, վարորդության գնաց։ Բանակից եկավ՝ «Գազ֊51» էր քշում։ Մեզնից մի քանիսը քաղաքներում սովորում, նկուղներում գարեջուր էին խմում, նա արդեն տուն էր պահում։ Հայրը մեռել էր, քույրը ամուսնացել էր անօժիտ, հինգ երեխա էլ դեռ նրա ձեռքին էին նայում… Երևում էր, մի տղամարդու կյանքը քիչ էր այդ ընտանիքի հոգսին։
Բեռնատարը փող բերում էր, բայց Սուրոն փողի հետ վարվել չգիտեր։ Պիտի աչքը տեսած լիներ, որ հետը վարվեր որպես ինքնին լինելիք բանի, պիտի գրպանում ունեցած լիներ՝ թաշկինակի նման կամ ծոցատետրի, որի գոյությունը զգար անհրաժեշտության դեպքում միայն։ Չէ, նա շատ դառնություն էր քաշել դրա երեսից, որպեսզի հիմա ոխը չհաներ։ Եվ ծախսում էր կատաղի։ Գրաստի նման աշխատում էր՝ ծախսում էր պորտաբույծի պես։ Տնեցիներին հագցնում, կերցնում, մնացածը տալիս էր քամուն։
Ամռանը արձակուրդ գնացած ընկերների համար մեկ֊երկու անգամ խնջույք էր սարքում գետափին։ Մեկի համար ավազ կրած էր լինում, կամ անտառից փայտ բերած էր լինում, կամ քոչը սար տարած էր լինում՝ մի գառ, մի ուլ թափքը գցած բերում էր։ Ամեն անգամ օրը մթնելու վրա էր լինում։ Տասնհինգ րոպեում միս էր անում ու նստում էինք ջրի մոտ։ Սուրոն միշտ ջարդված, փշոտ, մրոտ էր լինում։ Երբ էլ խնջույքը վերջանար, նա ծեգը֊ծեգին գործի էր։ Իսկ մրգահասի օրերին նրան տեսնել չէր լինում, մեր այգիների ու Թբիլիսիի օդանավակայանի արանքում էր։
Այդտեղից էլ մի անգամ գառան հետ, երկու աղջիկ բերեց։
Ջրից չեն դուրս եկել, ասաց, բայց պարզ սրտով աղջկերք են, տղերք։
Հետո, երբ լվացվել ու մի բաժակ թնդով հոգնությունը ջարդել էր, ասաց՝
Էս գառն էլ ձեր թույլտվությամբ պիտի աղջիկների ոտի տակ մորթենք։
Եվ ասածը արեց։ Եվ երբ արդեն կենաց ասելու էն թունդ ժամանակն էր, աղջիկների ոտքի տակ գառ մորթելը մեկնեց․
Տունուտեղից կտրված երեխեք են, գելուգազանի բաժին գառ են, սիրո սոված, սեր մուրացող որբ են, ով գիտի մի պատառ տալիս ու ծեծում են… Էսօր ջահել են, վաղը կդառնան ճամփի կողքին ընկած փալաս․ սերը կքչանա, ծեծը կշատանա, ցավը կավելանա, հաճույքը կպակասի, սրտները կմեռնի ճամփեքին թափառելուց… Մեզ նման կյանքները ճամփեքին մթնեցնող խեղճ են, մեզ նման բենզինի ու յուղի մեջ կորած, մեզ նման անքուն, մեզ նման ձեռնաբաց, մեր ախպերն են, ախպորից էլ լավն են… Ես ձեր ցավը աանեմ, դարձավ նրանց, դուք շոֆերների ճամփի աստվածն եք, հիվանդությունից, փորձանքից մեզ հեռու պահեք…
Աղջիկներից թմբլիկը ծիծաղում, նիհարը հեկեկում էր։
Եղբայրները մեծանում էին՝ կյանքը թանկանում, և Սուրոն իր 51֊ը փոխեց «Զիլ» ինքնաթափով։ Ժամանակ անց իմացանք ամուսնացել է։ Մեր ընկերությունը աննկատելի ցնդում էր ժամանակի մեջ։ Մենք արդեն կտրվում էինք մեր ծննդավայրից, արդեն կապվում էինք մեր երեխաների ծննդավայրին։
Այդ ժամանակ էր, որ նա քաղաք մեզ հյուր եկավ մի նոր, ահռելի բեռնատարով։
Ոնց Էլ քշում ես էդ հրեշին, զարմացանք։
Դեռ հարց է՝ ով ում է քշում, ասաց։
Մենք նստած էինք գետափի մի խորտկարանում, ուռենու տակ։ Մենք՝ երկու քաղաքաբնակ ընկեր, մեզ պարտ էինք համարել Սուրոյի պատվին գետ գանել ցամաք Արարատյան դաշտում և մի բանով հատուցել ուսանողական մեր այն լավ օրերի դիմաց։
Նա առավոտ վաղ գնաց։ Այդ տարի էլ մեռավ։ Ճանապարհին մի տեղ վատ էր զգացել, կանգնեցրել էր այդ հրեշ մեքենան ու ղեկի վրա էլ հանգել էր քառասուներկու տարեկան մեր հոգնած ախպերը։