Vakhtang Ananyan

Ծովի տղան

Մայիսի մի պարզ ու պայծառ օր, երբ գարնան մռայլ մառախուղներից
հետո Սևանի ջրերը առկայծում էին ու ծիծաղում, մենք ջուրը մտանք
ռետինե նավակներով ու ցած մեկնեցինք մեր կարթերը: Մեր դիմաց
միջնադարյան Այրիվանքն էր թառած ծովափնյա ժայռին՝ իր մամռոտ
գմբեթներով, մի այլ ժայռի գագաթին բարձրանում էր Աշոտ Երկաթի
հինավուրց ամրոցի մի կիսավեր աշտարակը: Գյուղից հեռու, այդ
աշտարակի ստորոտում ժայռերի ու հրաբխային քարակույտերի մեջ
ճերմակին էր տալիս մի տնակ: Նրանից մի մարդ դուրս եկավ ու ձայն
տվեց մեզ.
-Էդտեղ ձուկ չկա, ափ եկեք, ձեզ լավ ձկան տեղ ցույց տամ…
Թիավարեցինք դեպի ափ: Մարդը,-հիսունն անց, քամհարված դեմքով
մի ձկնորս,-շատ սիրալիր ընդունեց մեզ:
-Առաջ գնանք իմ օջախը՝ հաց կերեք, հետո ձկան տեղը ցույց կտամ, -
առաջարկեց մարդը:
Հրաժարվեցինք:
-Եթե ուզում ես մեզ հյուրասիրել, հենց հիմա ցույց տուր մեզ մի տեղ,
ուր ձուկն առատ լինի, - ասաց իմ ընկեր Լորիսը՝ կարթը հավաքելով:
-Ցույց կտամ, բայց ծովին ծանոթ մարդ է պետք ձեզ հետ, - ասաց
ձկնորսը: -Քանի որ, - շարունակեց նա, - մեր Սևանը խենթ բնություն
ունի, կարող է խամ մարդկանց վնասել:
Որ Սևանն, իրոք «խենթ» է, ես դա իմ փորձով վաղուց գիտեմ, ուստի
համաձայնեցինք մարդու առաջարկին:
Մեր խոսակցության ընթացքում թշիկները բրոնզագույն, սև աչքերը
ծիծաղկոտ մի սիրուն պատանի մոտեցել էր մեզ և ամոթխած
հետաքրքրությամբ զննում էր մեր նավակները:
-Ալբե՛րտ, սրանց կտանես Պղպղջակները, - պատվիրեց մարդը
պատանուն և օգնեց մեզ նավակ նստելու:
Մեր փոքրիկ առաջնորդը շատ ամաչկոտ և շատ քչախոս դուրս եկավ:
Նա ծնվել ու մեծացել էր այս մենավոր տանը և, ըստ երևույթին,
քաղաքից եկած մարդու հազվադեպ էր հանդիպել իր կյանքում:
Նավակները թեթև սահում էին լճի անկնճիռ մակերեսին, իսկ զմրուխտ
հագնող լեռներից եկող հովը մեղմորեն շոյում էր մեր դեմքերը:
Հարցուփորձ արինք և մինչև տեղ հասնելը այդ քչախոս պատանուց
հազիվ կարողացանք այսքանն իմանալ, որ սովորում է հարևան
Այրիվանի դպրոցի չորրորդ դասարանում և որ իր հայրը
կոլտնտեսության որմնադիր Արամ Դադիկյանն է:
Ափից շատ չէինք հեռացել, երբ նկատեցինք որ լճի մակերեսը պատած
է պղպջակներով:
-Ծովի տակից աղբյուրներ են դուրս գալիս, - պատասխանեց մեր
հարցին Ալբերտը քաշվելով և ավելացրեց. - Արդեն հասել ենք ձկան
տեղը…
Եվ մենք, որ դարձել էինք խիստ անհամբեր, իսկույն պատրաստեցինք
մեր կարթերը. տեսնենք ինչե՞ր պիտի հանենք փորձված ձկնորսի ցույց
տված այս խորքերից…
Բայց Արամ Դադիկյանի «ձկնառատ տեղը» ամուլ դուրս եկավ. ամբողջ
մի ժամ անցավ՝ կարթերին ձուկ չէր մոտենում: Մինչդեռ շրջապատում
մեկ այստեղ, մեկ այնտեղ ջրից վեր են թրչում հաստլիկ կողակներն ու
արծաթակող իշխանները, չրմփոցով նորից ցած են ընկնում ու խռովում
մեր հոգիները:
-Ի՞նչ է պատահել, Ալբերտ, - խոսեցնում եմ ես:
-Եղանակը լավ չի, - ցածրաձայն պատասխանեց նա:
Ընկերս զարմացած հարցրեց.
-Բա սրանից էլ լավ եղանա՞կ. արև, խաղա~ղ…
-Խաղաղը լավ չի,- առարկեց Ալբերտը մի փոքր համարձակություն
առնելով:- Խաղաղ ժամանակ ձկները ջրի երես են բարձրանում
խաղում, կամ՝ մոծակ բռնում… Տեսե՞ք, մոծակի համար է ջրից դուրս
թռչում:
Հիանալի բացատրություն. մեր կարթերը լճի հատակին են՝ տասնհինգ
մետր խորության մեջ, ուր իշխան ձկան «ավլաղներն» են՝ նրանց
արոտները: Բայց հիմա նրանք վեր են բարձրացել՝ մայիսյան արևի
տակ զվարճանալու:
Աժդահակի ձյունոտ բարձրունքից փչեց հողմը, լճի հարթ մակերեսը
կնճռոտվեց: Քամին փչեց տարավ ջրի վրա կուտակված մոծակների
շեղջերը, արևն էլ մտավ ամպի տակ: Չքացավ դյութիչ արևը. վերացան
ճանճ ու մոծակ: Հիմա, որ ձկները կիջնեն հատակը՝ իրենց
«ավլաղները», ուր մեր կարթերն են:
Եկա~վ… Եկավ առաջին ձուկը՝ թպրտալով, դիմադրելով, պարանով
բռնված վայրենի քուռակի նման թափահարելով, դես-դեն նետվելով…
Նայում էր մեր փոքրիկ ուղեկիցը մեր խանդավառված դեմքերին, լսում
էր մեր բերկրանքի ճիչերը և ներողամտորեն ժպտում: Նրա հայացքի մեջ
կարելի էր կարդալ. «Ի~նչ մեծ բան է, որ այդքան ուրախանում եք»:
Իրավունք ուներ մեզ հեգնելու այդ փոքրիկ ձկնորսը: Հաջորդ օրը մեզ
պատմեցին, որ երեք տարի առաջ ձմեռը նա ծակել է սառույցը, կարթը
կախել ու այնպիսի մի ձուկ է բռնել, որ ուժը չի պատել ջրից հանելու:
Գնացել է գյուղից մարդիկ կանչել, եկել են ջրից հանել վեց կիլոգրամ
կշիռ ունեցող ահռելի «յաբանին»: Ութ տարեկան հասակում այդպիսի
ձուկ բռնողն իհարկե հիմա մեզ պիտի նայի արդեն փորձված ձկնորսի
աչքով:
Քամին դադարեց, նորից ձուկը չքացավ:
-Ալբերտ, լսել եմ, որ Նորադուզի կողմը շատ ձուկ կա, չքշե՞նք այն
կողմը, -հարցրեց մեր ընկեր Ռենիկը:
Տղան նայեց երկնքին ու ոչինչ չպատասխանեց:
Խոսեցինք, պարզվեց, որ եթե մեկ կիլոմետր ևս խորանանք, ձուկը
կառատանա: Առանց մեր առաջնորդի տատանումները հաշվի առնելու,
իմ տաքարյուն ընկերները սկսեցին թիավարել դեպի լճի խորքը:
Տղան չդիմադրեց, բայց նրա սև սաթ աչքերի մեջ կարդում էի, որ ափից
հեռանալը իր սրտով չի:
-Լողալ գիտե՞ք, - հարցրեց ինձ ամաչելով:
-Ոչ: Հենց ցած ընկա՝ քարի նման իջնելու եմ հատակը, - ծիծաղելով
խոստովանեցի ես:
-Դա լավ չի,- կարմրելով դիտեց տղան և Աժդահակի բարձունքը
հայացքով քննելուց հետո ավելացրեց, - քիչ հետո բոբոլոզը կգա…
-Ո՞վ է բոբոլոզը, - հետաքրքրվեցի ես:
Տղան շփոթվեց:
-Հիմա կտեսնենք թե ով է բոբոլոզը, - քիչ հետո ասաց նա: Ապա մի
փոքր լռելուց հետո ավելացրեց, - ե´տ դառնանք, առաջ գնալը լավ չի…
Ի՞նչն է անհանգստացնում այս պարզ ու պայծառ օրը տղային: «Երևի
վախենում է երեխան», - մտածեցի ես:
Մենք չգիտեինք, որ լճափին մեծացած այդ տղան ոչ միայն երկնքի
նշաններից ու քամու ուղղությունից, այլև իր բնազդներով զգում է, թե
ինչպես վտանգն անձայն, բայց արագությամբ մոտենում է մեզ: Ես
տեսնում էի, թե ինչպես տղան հոտոտում է օդը և դա երևում էր նրա
դողդողացող ռունգներից:
-Ասացեք առաջ չգնան, - նորից պնդեց նա:
Ես ընկերներիս, որ հարևան նավակում էին, պատմեցի տղայի
ենթադրությունների մասին: Եվ դա առիթ եղավ, որ կատակի ու ծաղրի
նյութ դառնա Ալբերտի ասած բոբոլոզը:
Սկսեցին ձեռ առնել տղային:
-Բոբոլոզը ե՞րբ է գալու, Ալբերտ:
-Բոբոլոզդ ոտով է գալո՞ւ, թե նավով:
-Բոբոլոզին կոտոշներ ունի՞…
Տղան ամաչելուց այնպես էր շփոթվել, որ չգիտեր գլուխը որտեղ
թաքցնի:
Բայց Սևանի բնությունն իր զավակին շատ շուտ հանեց անհարմար
վիճակից. պտտահողմը ափի ավազներից արշավող սյուներ կազմեց,
փոշու մառախուղ բարձրացավ և ամբողջ թափով եկավ մեզ վրա…
Խաղաղ լիճը միանգամից ճերմակեց վշշացող ու շառաչող
փրփուրներից: Ահռելի հողմի ուժից քշված ալիքներն այնպես էին
շտապում դեպի մեզ, որ իրար շալակ էին բարձրանում, նորից
լեռնանում, նորից առաջ վազում…
Եկան փրփրած բաշերով հասան մեզ և մեր նավակները թեթև
տաշեղների նման դես-դեն նետեցին:
Այ քեզ բոբոլո~զ…
-Խարիսխները գցեցինք,-գոչեցի ես ընկերներիս:
Բոբոլոզին խարի՞սխ կդիմանա. պոկեց տարավ և հաջորդ րոպեին ջրի
փրփրած դեզերի մեջ մենք կորցրինք իրար:
-Քիթը ալիքի կողմը պահի, որ նավակը շուռ չգա, - ամոթխածությունը
մի կողմ դնելով, Լորիսին խորհուրդ տվեց մեր պատանի առաջնորդը: -
Տո´ւր, թիակներն ինձ տուր, - խնդրում էր նա:
Բայց Լորիսը փորձված թիավարող էր և թիակները ոչ ոքի զիջելու
մտադրություն չուներ: Համաչափ հարվածներով նա թե´ դիմագրավում
էր կատաղի ալիքներին և նրանց խորխորատներից հաջող դուրս բերում
նավակը և թե´ նրա ընթացքը ուղղում էր դեպի հեռվում ճերմակին տվող
հրվանդանը:
Առափնյա գյուղերից բազմություն էր հավաքվել աղետյալներիս
դիտելու, բայց մրրիկը մեզ այնքան հեռու էր քշել, որ ափին խռնված
մարդիկ մրջյունների չափ էին երևում:
Երկար տևեց պայքարը մեր և Ալբերտի ասած «բոբոլոզի» միջև:
Վերջապես թշշացող ու եռացող լայնատարած դաշտի մի անկյունում մի
սև կետ երևաց, որ արագությամբ մեծանում էր. շրջանի իշխանությունը
նավ էր ուղարկել մեզ փրկելու…
***
Խե´նթ է, խե´նթ մեր Սևանը: Մեզ սրտաճաք անելուց հետո տես ո~նց է
խաղաղվել: Ու, երես առած գեղեցկուհու նման մեկնվել է իր զմրուխտ
անկողնակալում, ու նազում է պչրանքով ու այնպես է ձևացնում, թե քիչ
առաջվա լաչառը ինքը չէր, - անվայել արարք իսկի իրեն թույլ կտա՞
որ… Նայում է մեզ ամբարտավան դշխուհու հեգնանքով ու մտքում
ծիծաղում է մեզ վրա. «Վախկոտնե~ր…»:
Մենք թաց շորերով պառկել ենք ափի ավազներին ու հանգստանում
ենք մեր կրած սարսափներից հետո: Իսկ արևը~, մայիսյան սքանչելի
արևը գորովագութ մոր նման գուրգուրում է մեզ՝ կարծես մեղմելու
համար այն տանջանքները, որ կրեցինք կատաղած տարերքից:
Նորից այնպես խաղաղ ու մեղմ էր շրջապատում, կարծես փոթորիկն
ու մրրիկը անծանոթ բաներ են այդ երկրի համար:
-Չնստե՞նք նավակները, - անհամբեր հարցրեց Ռենիկը:
-Նստե~նք, - համաձայնեցի ես: - Բայց միայն՝ Ալբերտի
թույլտվությամբ… Նախ թող նայի երկնքի նշաններին ու որոշի, հո
բոբոլոզն էլ չի՞ գալու…
Իմ այս մեծարանքից տղայի թուխ ճակատին քրտինքի կաթիլներ
շարվեցին:
-Չէ´, էսօր էլ բոբոլոզը չի գա, - ասաց նա՝ Աժդահակի չալ ընկած
բարձունքներին նայելով:
Եվ մենք պատրաստեցինք մեր կարթերն ու նորից նստեցինք մեր
նավակները:
Իսկապես որ խենթ է մեր Սևանը:
Բայց մենք հո նրանից պակա՞ս խենթ չենք…

Be the first who will comment on this
Yatuk Music
Melody
Arno Babajanyan

Melody

Children by the Sea
Children by the Sea
Play Online