Vahan Totovents

Ինչպես ծովում խեղդեցի մի մարդու

Նա ինձ հանդիպեց Ատլանտյան ջրերում, «Օլիմպիկ» նավի վրա: Գնում էր Ամերիկա։ Մեր հանդիպումը պատահական չէր, այնպես չէր, ինչպես առհասարակ ճամփորդները պատահում են իրար ճաշի սեղանի շուրջը, մի նոր տեսարան դիտելիս, կամ միևնույն լեզվով խոսելու առիթով մենք իրար մոտեցանք օրգանապես։ Հենց որ նավի տախտակամածի վրա դրի ոտներս՝ հարյուրավորների մեջ աչքիս ընկավ մի թուխ մարդ, մազոտ երեսով, այնպես, ինչպես մի անմշակ, բախտին թողնված փոքրիկ պուրակ, ցնցոտիներով և խորը թախծոտ։

Կամ հայ է, կամ սիրիացի, մտածեցի, առնվազն մի խեղճ փոքրասիացի։

Մոտեցա և անմիջապես հարց տվի.

Հա՞՛յ ես։

Հա ՜յ եմ, յա՜, պատասխանեց՝ թախիծը փոխելով ուրախության։

Հինգ րոպեում մենք բարեկամներ էինք: Բարձրացանք նավի կաֆեն, խմեցինք ու սկսեցինք խոսել։

Ես նրան պարոն Խաչեր էի ասում, բայց երբ կամաց֊կամաց ծանոթացա իր անձնավորության, իր առօրյա փիլիսոփայության, աշխարհի իրականության հանդեպ իր ունեցած տեսակետներին՝ մտածեցի, որ նա կյանքում անպայման Խաչեր աղա է: Դեռևս հաստատ եզրակացության չէի հասել՝ երբ նա իր պատմության ընթացքում ասաց. Մեսրոպը շատ տսաց. «Խեաչեր աղա, գնա՜, այստեղ մի կենա, ապագադ աղեկ է»:

Իմ բարեկամս աղա էր: Բաժակն էլի լցրեցի գարեջրով և՝

Խաչեր աղա, ո՞վ էր երազում, որ այս ծովի վրա մենք իրար պիտի պատահենք:

Կո՜ւռռթ… հա՜, աշխարհում մարդ իմանա առաջուց թե ի՜նչ պիտի պատահի։

Ճաշի զանգը տվեց և մենք բաժանվեցինք։

Պարո՛ն,– ձայն տվեց Խաչեր աղան ճաշասեղան մտնելուց առաջ, ուզում եմ քեզ տեսնել այս գիշեր մոտավորապես ժամը 2-ին, երբ տախտակամածի վրա ոչ ոք չի մնա,քեզ բան եմ ասելու:

Շատ լավ, շատ լավ, պատասխանեցի և մտա ճաշելու:

Կես գիշեր։ Օվկիանոսը խաղաղ է ու մոգ֊կապույտ։ Հեռվից մի Նավ է նշմարվում։ «Օլիմպիկը» և նա խոսում են իրար հետ լուսախոսով։ Նստած եմ կամրջակի նստարանի վրա, նայում եմ քնած ջրերին, լսում եմ նավի վիթխարի հևոցը և մտածում եմ ծուլության ստեղծագործ ուժի մասին: Հանկարծ տեսնում եմ՝ Խաչեր աղան մոտենում է ինձ խորհրդավոր վհուկի նման։

- Նստի՜ր, Խաչեր աղա, ասում եմ, նստի՜ր և ապրի՜ր ծովը:

- Է՜հ, ծովուն ժամանա՞կն է:

Աշխատում եմ շարունակել իմ անդորրը, բայց Խաչեր աղան մեկ-մեկ ախ ու վախ է անում և բովանդակ մթնոլորտը դարձնում է սովորական և շուկայիկ: Աղայության այդքան տափակ լինելը ես այդ օրն զգացի:

Ի՞նչ պիտի ասեիր, Խաչեր աղա, պատմիր տեսնենք, ասում եմ:

Հա՜, շատ բան պիտի ասեմ, պատասխանում է մեր աղան,ախ է անում, վախ Է անում, գնանք լույսի տակ,այնտեղ նստենք:

Գնում ենք: ՝ Ապրում էի քաղաքում,- վերջապե՛ս սկսում է Խաչեր աղան, ունեի կին և մի հատ էլ ծեր մայր, տուն-տեղ ծախեցի և ճանապարհ ընկա դեպի Ամերիկա։ Հասա մինչև Պոլիս մայրս վախճանվեց, նրա հիվանդության պատճառով Պոլսում բավական մնացի և, բնական է, ճանապարհի դրամագլխից ծախսեցի, հետո նորից ճամփա ընկա։ Հասանք Ւզմիր. կինս հիվանդացավ, ստիպված նավից դուրս եկանք: Ւզմիրում էլ կինս մեռավ, երեխաներս մնացին որբ, բոլորովին անօգնական։ Որոշեցի որբանոց տանել, բայց ոչ մի որբանոց երեքը միասին չվերցրեց. երեք որբերս էլ մի-մի որբանոց տեղավորեցի և նորից ճամփա ընկա դեպի Ամերիկա։

Ես ընդհատեցի Խաչեր աղային,

- Ի՞նչ ցավ ունեիր, որ տուն-տեղ քանդեցիր և Ամերիկա ես գնում, հարց տվի, աղքա՞տ էիր, քաղաքակա՞ն պատ¬ ճառներ կային, թե՞ քաղաքակրթական պատճառներ։

Չէ՜, լավ էի ապրում, կնոջս հագվեցնում էի ինչպես փչենք ջորին, քաղաքական ոչ մի պատճառ չունեի, մենք գերդաստանով հեղափոխության չենք հավատում։

Խաչեր աղան քաղաքակրթության խոսքը չարավ։ Նա չհասկացավ իմ միտքը։

Ապա՞։

- Հարստանալու եմ գնում, միանգամից հարստանալու:

Ստույգ բան էր, որ Խաչեր աղան զառանցում էր։ Երևի նա լսել էր, որ Ամերիկայում ոսկին թափած է փողոցներում։

- Ամերիկայում բոլոր փողոցները սալահատակված են և օրական երկու անգամ մեքենա-ավելով ավլում են, փողոցներում ոսկի չի մնամ, իզո՜ւր ես կարծում, որ փողոցներում ոսկի կա։

-Ես երբեք չեմ կարծում, որ փողոցներում ոսկի կա:Ես ոսկին մե՜ր քաղաքում եմ գտել։

Շփոթվում եմ։ Եթե ծովն ալեկոծ լիներ՝ պիտի վստահեի իմ անհասկացողության, բայց ծովը խաղաղ է, հունիսի սկզբների հով գիշեր, ուղեղային խանգարման ոչ մի պատճառ չունեմ ։

- Եթե ոսկին ձեր քաղաքում ես գտել, ինչո՞ւ Ամերիկա ես գնում։ Ա՜յ, այստեղ է գաղտնիքը:

Բացատրիր, Խաչեր աղա, հիմա (խելքս) կթոցնեմ։

Խաչեր աղան, առանց պատասխանի, կամաց դուրս է բերում իր ծոցի գրպանից շորերի մեջ փաթաթված մի թղթի կտոր և ապա ստորին գրպանից մի ատրճանակ, թուղթը երկարում է ինձ, իսկ ատրճանակը պահում է իր ձեռքում՝ մատը բլթակի վրա։

Կարդա՜, ասում է:

Կկարդամ, բայց ի՞նչ բանի համար է ալդ վայրագ գործիքը:

Ես քեզ լավ չեմ ճանաչում, դրա համար է ատրճանակը, բայց եթե դու այդ թուղթն ապահով վերադարձնես ինձ՝ ոչինչ չեմ անի քեզ, ասում է Խաչեր աղան։

Երկուսս էլ իրար չենք ճանաչում, բայց ատրճանակը քո ձեռքն է, ասում եմ համոզիչ տոնով և երկարում եմ թուղթն ապահով վերադարձրած լինելու համար, առանց կարդալու։

Չէ՜լ, չէ՜, կարդա, երեխաներիս վրա երդվում եմ, ոչինչ չեմ անի, միայն կարդա և ինձ տուր։

Կարդում եմ։ Թուղթը գրված է անգլերեն.

ՍՄԻԹ նպարեղեն ընկերություն.

Վճարեցեք ներկայացնողին 5 000 000 դոլար

Ս. Ն. Ը, գանձապահ՝

(ստորագրությունն անընթեռնելի)

Ընթերցումից հետո նայում եմ Խաչեր աղային, ատրճանակը բռնել է ճակատիս, և աչքերը փայլում են նավի լուսարձակի նման: Այլևս ատրճանակից չեմ վախենում, որովհետև ապահովաբար պիտի վերադարձնեմ այդ «գանձը» իրեն, միայն դարձնում եմ թուղթը՝ կարդալու ետևը գրված ռեկլամը, բայց մաշվելու վտանգից զերծ պահելու համար մի քանի շերտ թուղթ է փակցրել։ Վերադարձնում եմ թուղթը։ Խաչեր աղան անմիջապես ճանկում է, ատրճանակը նետում է գրպանը և թուղթը ծրարում շորերի մեջ և դնում տեղը։

Լուռ եմ։ Խաշեր աղան սպասում էլ:

Կարդացի՞ր։ Այս է «միանգամիցը»։

Ճիշտ է, ասում եմ, ամեն ինչ կորցրած մարդու վտանգավոր մոտիկությունից վախեցած։ Ամերիկայի փողոցներում ես իմանում եմ, որ ոսկի չկա, պարո՛ն, ոսկին սա է, և ձեռքը նետեց կրծքին:

Քեզ ո՞վ թարգմանեց այդ թուղթը, հարց տվի:

֊ Մի վարժապետ։ 50 ոսկի վճարեցի թարգմանության համար։

Բարի գիշեր, Խաչեր աղա, ասացի, վաղը կտեսնվենք:

Խաչեր աղան չպատասխանեց։ Գնաց նավի աջակողմը և աչքերը հառեց Ամերիկային: Ես գնացի իմ խցիկս և մտածեցի այն տգետ ու լիրբ վարժապետի մասին, որ այդ խեղճ ու կրակ աղային հավատացրել էր, որ Ամերիկա գնալով կարող էր գանձել մի հասարակ ռեկլամի թուղթ:

Առավոտ էլի նավի կամրջակի վրա նստել էինք ես և Խաչեր աղան։

Ատրճանակդ ո՞ւր է, հարցրի ցած ձայնով:

Բարձիս տակ է, պատասխանեց, իրիկունը հետս առի, որ եթե թուղթն ինձ չվերադարձնես՝ խփեմ քեզ։

Լսի՛ր, Խաչեր աղա, այդ թուղթը մի հասարակ հայտարարություն է, վարժապետը քեզ խաբել է, ոչ մի արժեք չունի: Ամերիկայի փողոցներում ոսկի չկա, բայց այդ աչք ծակող 5 000 000 դոլարներից շատ կա։ Դու իզուր ես ճանապարհ ընկել՝ կորցնելով քո մորդ, կնոջդ և երեխաներիդ, ասացի հանգիստ և անշահախնդիր տոնով։

Դժբախտաբար Խաչեր աղան ինձ հավատաց, որովհետև աչքերն սկսեցին ինձ հառել մեռնող կովի աչքերի նման, ապա երերվեց և թուլացավ։

Ապա կի՞նս, երեխանե՞րս, կմկմաց և սկսեց հիմարի նման լաց լինել առանց մի կաթիլ արցունքի:

Խաչեր աղա, արի գնանք խցիկդ, քնի՛ր, կմոռանաս։

Մոռանա՞մ: Լա՜վ կմոռանամ, յա՜:

Տարի նրան իր խցիկը, պառկեցրի։ Հեկեկում էր։

Ամեն ինչ կորցնելուց հետո՝ աղայությունս էլ կորցրի։

Աղայությունդ ոչինչ, լավ որ կորցրիր, հիմա իմաստուն կդառնաս, ասի և դուրս եկա։ Իրիկունը, ուշ ժամանա, գնացի Խաչեր աղայի խցիկը՝ տեսնելու համար, թե ինչպե՞ս է զգում։ Խցիկում չէր։ Դուրս եկա և սկսեցի ման գալ նավի տախտակամածի վրա՝ գտնելու։ Վերջապես գտա նրան նավի առաջամասում: Երբ ինձ տեսավ՝

Դու ուզում ես ինձ փրկեր: Չե՞մ թողնի, պոռաց և նետվեց ծովը։

Անմիջապես նավապետը հրամալեց կանգնեցնել նավը,նավաստիները թոկերով նետվեցին ծովը և դարձյալ նավ բերին Խաչեր աղային։ Մեռածի շորերն անմիջապես քննության ենթարկեցին և ոչինչ չգտան, ես էլ ոչինչ չպատմեցի միգուցե հանցանք լիներ իմ իմաստությունը։

Բոլորն էլ եզրակացրին, թե խեղճ մարդը սիրո զոհ է։

1924 թ.

Be the first who will comment on this
Yatuk Music
You are Chinar
Komitas

You are Chinar

Hawaiian Landscape
Hawaiian Landscape
Play Online