Vahan Totovents

Արաբական բալլադա

1

Մի օր Ուինտըն տեղական գորգի վաճառատան արևելյան գորգերի բաժանմունքում, ուր ես ծառայում էի, ստիպված եղա մի հաճախորդի արևելյան գորգեր ցույց տալ, որովհետև բոլոր վաճառողներն էլ զբաղված էին։ Հաճախորդը մի քանի թանկագին գորգեր ջոկեց և իր այցետոմսը տալով ինձ ասաց։

Արևելյան գորգերի մասին իմ կինս ավելի շատ ծանոթություն ունի, քան ես. խնդրում եմ, եթե վաղը նա գա այստեղ, նրան ևս գորգեր ցույց տվեք, հատկապես ցույց տվեք և իմ ընտրած գորգերը, դրանցից մեկնումեկը թող վերցնի։ Որը որ հավանի, ուղարկեցեք մեր բնակարանը, ամսի գլխին կուղարկեմ ձեզ համապատասխան չեկը։

Շատ լավ, շատ լավ, ասացի։

Հաճախորդն իմ ազգանունը վերցրեց և գնաց։ Նրա այցետոմսից պարզվեց, որ Նյու-Յորքի ջայլամի փետուրի հայտնի վաճառականներից մր. Ուալդո Շիլդն էր։

Երևի տիկին Շիլդն Արևելք այցելած կանանցից է, որ կարծում է, թե լինելով Արևելքում՝ ծանոթություն կունենա և արևելյան գորգերի մասին,– մտածեցի:

Հաջորդ օրն իսկ, առավոտյան ժամը 11-ին մեր բաժանմունքը մտավ մի կին։ Վաճառողներից մեկը մոտեցավ նրան, բարևեց և աթոռ առաջարկեց։ Կինը վաճառողի բարևին գլխով պատասխանեց և պայուսակի միջից մի թուղթ հանելով ցույց տվեց վաճառողին։ Վաճառողն անմիջապես նշան արեց ինձ մոտենալ: Բարի լույս, ասաց տիկինն ինձ:

Բարի լույս, պատասխանեցի:

Ես տիկին Շիլդն եմ, ասաց տիկինը:

Օ, այո, ես գորգեր ունեմ ձեզ ցույց տալու։

Տիկին Շիլդը թուխ, սևասև աչքերով, կաթնային սպիտակուցով, բարեձև, ճկուն հասակով և տխուր նայվածքով մի կին էր։ Նրա աչքերն արտակարգ փայլ ունեին, կարծես մի լուսաստղ քամած լինեին նրա աչքերում, նայելիս տխուր ժպտում էր, կարծես մի շուշան լիներ մշուշում։

Նա նստեց աթոռին, մինչդեռ ես սկսեցի մր. Շիլդի ջոկած գորգերը ցույց տալ։ Տիկին Շիլդը խոսում էր մաքուր գրական անգլերենով, բայց օտարականի շեշտով:

Գիտեք, ասաց տիկին Շիլդը, ես թեև արևելցի եմ, բայց գորգերի մասին ոչ մի գաղափար չունեմ. ամուսինս համոզված է, որ ես իրանից ավելի լավը կջոկեմ, դրա համար ինձ է ուղարկել այստեղ, բայց հույս ունեմ, որ դուք ինձ կօգնեք, և ես չեմ խայտառակվի իմ ամուսնու առաջ։

Եթե այդպես է, տիկին, թույլ տվեք այս բոլոր գորգերը ծալել և մի կողմ դնել, միասին ջոկենք մի գորգ, որ ոչ միայն չխայտառակի ձեզ, այլև...

Միայն չխայտառակվել եմ ուզում, ընդմիջեց տիկին Շիլդը։

Ես սկսեցի որոնել մի հազվագյուտ գորգ, որպեսզի խոստումս կատարած լինեմ։ Տիկին Շիլդը սփռված գորգերին այնքան ուշադրությամբ չէր նայում, որքան ինձ էր դիտում իր ջերմագին աչքերով։ Ըստ երևույթին, նա ուսումնասիրում էր ինձ, թե արդյոք ես ա՞յն մարդն եմ, որ կկատարի իր խոստումը, որպեսզի ինքը չխայտառակվի ամուսնու առաջ: Տիկին Շիլդի համար ես ջոկեցի մի Սարուգ, կակուղ բրդի տեսակից, կապույտ ֆոնով և մարջանի կարմիր ծաղիկներով։

Ի՞նչ արժե, հարցրեց տիկինը։

Թանկ է, տիկին, 300 դոլլար արժե, պատասխանեցի, բայց որովհետև ձեր ամուսինը չէր ցանկանում 200 դոլլարից ավելի հատկացնել, ես այնպես կկարգադրեմ, որ դուք այս գորգը վերցրած լինեք մեր անցյալ շաբաթվա վաճառքից: Իսկ եթե այդպես լինի՞, հետաքրքրվեց տիկինը:

Վաճառքի զեղչը 40 տոկոս էր, ուրեմն կարժենա 180 դոլլար:

Տիկին Շիլդի աչքերն արտահայտեցին շնորհակալություն և երախտագիտություն։

Խնդրում եմ ուղարկել այս գորգը մեր տուն, ասաց տիկին Շիլդր, ես կանխիկ կվճարեմ դրա արժեքը։

Մր. Շիլդը չեկը կուղարկի ամսի գլխին, այդպես էլ խոստացել է, նեղություն մի քաշեք։

Ու ես այժմ կվճարեմ, ունեմ այդքան դրամ, կարող եմ վճարել:

Տիկին Շիլղը հանձնեց փողը, ես ուղարկեցի ֆինանսական բաժինը:

Այսօր կարո՞ղ եք ուղարկել, հարցրեց տիկինը։

Մինչև դուք տուն հասնեք, գորգը կլինի տանը, տիկին,– պատասխանեցի։

Իմ հետաքրքրությունը չափազանց աճել էր արդեն իմանալու համար, թե տիկին Շիլդը Արևելքի որ մասից էր, քանի որ արևելցի էր։

Ներեցեք, տիկին, համարձակվեցի ես, Արևելքի ո՞ր մասից եք եկել դուք։

Արաբիայից։

Արաբիայի՞ց:

Այո, ես արաբ եմ, պատասխանեց տիկին Շիլդը և խորը հառաչեց։

Այդ հառաչանքի մեջ ես զգացի, որ մի ողբի պատմություն էր թաքնված, ինձ այնպես թվաց, որ այդ հառաչանքը մի եղերերգի վերջին ակորդն էր։

Երկար և կարոտագին նայեցի նրա սևասև աչքերին՝ կամարված սև և նուրբ հոնքերով ու կաթնային սպիտակուցով։

Դո՞ւք էլ արևելցի եք, հարցրեց տիկին Շիլդը։

Այո, տիկին, Թուրքիայից։

Երբ նա իմացավ, որ ես Թուրքիայից եմ, կարոտով նայեց ինձ և շշնջաց

Սելաամ... Սելաամ... Նրա ողջույնը մի խուրձ շող էր, որ փաթաթվեց իմ հոգուն։

Բավակա՞ն ժամանակ է, որ Ամերիկայում եք։

Մոտ ութ տարի։

Գո՞հ եք Ամերիկայից։

Ինչպե՜ս կարող եմ գոհ լինել, բացականչեց նա և մտավ վերելակը, որի դռնակը այդ րոպեին բացվեց և դեպի ներքև էր գնում։

Վերելակում կանգնած ամերիկուհիների մեջ նա ջոկվեց՝ ինչպես լուսաստղն է ջոկվում ամբողջ երկնքում։

2

Մի քանի օր հետո տիկին Շիլդը նորից հայտնվեց մեր բաժանմունքում: Ես անմիջապես ընդառաջեցի նրան։

Գորգ չեմ գնելու անմիջապես վրա տվեց տիկին Շիլդը, եկել եմ միայն ձեզ տեսնելու։

Ես ցանկանում էի հեռախոսել, տիկին, և հրավիրել ձեզ թուրքական սուրճ խմելու, բայց, ճշմարիտն ասած, չհամարձակվեցի:

Այստեղ կա՞ն սրճարաններ, հարցրեց տիկին Շիլդն անձկագին։

Այո, կան։

Գնանք, առաջարկեց տիկին Շիլդը մանկական ուրախությամբ։

Մենք միասին գնացինք «Constantinople» ճաշարան-սրճարանը, որտեղ թուրքական լավ որակի սուրճ էին մատակարարում:

«Կոնստանտինոպլ»-ում լճում տիկին Շիլդը պատմեց, որ իր ամուսինը, լինելով ջայլամի փետուրի վաճառական, փետուրի գնումներ կատարելու համար հաճախ այցելել է Արևելք՝ Արաբիա, Հաբեշստան, Եգիպտոս, մինչև անգամ Հնդկաստան։ Ինքը եղել է մի որբ աղջիկ, գրեթե փողոցներում թափառելիս, մր. Շիլդը տեսել է իրեն, հավանել և առաջարկել է գալ Ամերիկա և ամուսնանալ իր հետ:

Աղքատ էի, ընդունեցի մր. Շիլդի առաջարկությունը և ահա նրա կինն եմ,- վերջացրեց տիկին Շիլդը։ Բայց ի՛նչ բախտավոր եք, տիկին, հարեցի անմիջապես, որբությունից և աղքատությունից հետո՝ այս հարստությունը, այս ճոխություն և...

Խնդրում եմ չխոսել այդ հարստության մասին, ընդմիջեց տիկին Շիլդը, ես կարոտել եմ Աբաբիան, կարոտել եմ մեր լեզուն։

Նրա տխրագին աչքերում ես տեսա այն արևի շողերը, որ այրում են արաբական ավազուտները։

Ես կոչվում էի Ելղեմե Բինտ-էլ-Թալիբ . այժմ ինձ միսիս (տիկին) Շիլդ են կանչում. անցել են տարիներ, և տակավին չեմ կարողացել վարժվել այդ անվան։ Մր. Շիլդն ինձ այնքան է սիրում, որ ճգնում է Նյու֊Յորքն ինձ համար ջեննեթ դարձնել, բայց իզուր։

Երբ տիկին Շիլդը խոսում էր, ինձ այնպես էր թվում, որ մի մենավոր արմավենի, հեռավոր անապատում, արտասվում է ողբագին, կարծես խավարում մոռացված մի շող էր արևից բաժանված, զգում էի, որ դեմս նստած է մի շոշափելի, կիզիչ տխրության։

Միայն մի ցանկություն ունեմ, շարունակեց արաբուհին, մի օր, ա՛խ, միայն մի օր կարողանայի բոբիկ ոտներով ման գալ տաք, այրող ավազների վրա, ոտաբոբիկ, բոլորովին ոտաբոբիկ, ապա հանդիպեի մի արմավենու, նստեի նրա զով շվաքի տակ։

Բինտ էլ-Թալիբ, թույլ տվեք ձեզ այդպես կոչել...

Ուզում եմ, որ այդպես կոչեք, քանի տարի է՝ ես այդ անունը չեմ լսել։

Բինտ էլ–Թալիբ, խնդրեցեք մր. Շիլդից ուղարկել ձեզ Արաբիա մի քանի ամսով:

Վախենում է, որ չվերադառնամ. ես բախտ չեմ ունենալու տեսնելու ավազները, արմավենիները, այրող ավազները:

Հարավի այս աննման բույսը մրսում էր հյուսիսի սառնամանիքում, կուչ էր գալիս նա հյուսիսի երկաթե հողմերի առաջ։

Սրճարանի սպասավորը, արևելյան ավելորդ խոնարհումներով,

23 Վ. Թոթովենց, գիրք 2 երկու բաժակ սուրճ դրեց մեր առաջ և ծեքծեքումներով հեռացավ: Թալիբի դուստրը մեղմորեն բարձրացրեց իր աջ ձեռքը, բռնեց նարնջագույն ֆինջանը: Նրա թուխ մատի վրա փայլում էր մի խոշոր և գոռոզ ադամանդ: Ես շեշտակի նայեցի ադամանդին:

-Արաբիայի մի հատիկ ավազը ես չեմ փոխի այս ադամանդի հետ,անկեղծ եմ ասում:

Ես խորապես հավատացի նրա խոսքի անկեղծությանը:

Նա սուրճը խմում էր կարոտով,սիրո կարոտով:

-Բինտ-Էլ-թալիբ,դուք միա արմավենի եք այս հյուսիսում,-ասացի,-զուր է մր.Շիլդը կարծում, որ կարող է թարմ ր կանաչ պահել մի արմավենի ցեմենտի և բետոնի այս երկրում:

Թալիբի դստեր աչքերից վազեցին արցունքի խոշոր կաթիլներ,որոնք ավելի խոր և ավելի պայծառ էին, քան նրա մատի գոռոզագույն ադամանդը:

-Ատում եմ ավտոմաբիլը,-արցունքների միջից շշնջաց Թալիբի դուստրը,-լիներ մի արաբական ձի, փաթաթվեի նրա վզով և համբուրեի նրան:

Նա խոսում էր հարավի արյունալից սիրով, նրա ամեն մի խոսքը թաթախված էր հարավի արեգակով:

-Արաբայից բերել են արաբական նժույգներմ-ասացի ես,-այս շաբաթվա մեջ պետք է ցուցադրեն նրանց Նյու Յորքի հիպպոդրոմում, գնանք միասին և տեսնենք:

-Կգամ, միայն մր.Շիլդը չիմանա. նա կարծում է,որ տիկին Շիլդին վայել չէ կրկես գնալ:

-Ապա ինչպես պիտի կարողանաք գալ:

-Կստեմ,կստեմ պարզապես, կասեմ, որ օպերա եմ գնում. նա երաժշտություն չի սիրում, չի ընկերանա:

-Լավ, հեռախոսեցեք ինձ, և մենք կպայմանավորվենք:

Սրբուհին բռնեց ձեռքս և պինդ սեղմեց:

Երբ արաբական նժույգներս սկսեցին սուրալ հիպպոդրոմի ավազուտ բեմի վրա, բոցավառվեցին արաբուհու աչքերը: Նա ապշած և վերացած նայում էր նրանց լուսարագ վազքին նրանց կայծակնավազ թռիչքին, շունչը բռնած, թևերը բացած՝ նա կարծես սպասում էր գրկելու իր ամենասիրելուն: Նժույգներից մեկը եկավ, կանգնեց մեր առաջ, նայեց աստղասարսուռ աչքերով: Նա կարծես նայում էր հեռու, հեռու, նրա նայվածքն անսահման հորիզոններ էր ընդգրկում: Այդ նայվածքը կարծես հառում էր մի հեռավոր երկնքի: Հանկարծ նա վրնջեց: Նրա խրխինջն արձանքն էր Արևելքի հրավառ հորիզոնների. անասունի վրնջյունի մեջ զգալի էր թանձրացյալ մի կարոտ, որ հնչում էր՝ ինչպես աղեկտուր մի երգ:

Բինտ-Էլ-Թալիբ, շշնջացի ես, ինչ նման են ձեր թախտերն իրար, ձեր և այդ անասունի:

Բինտն-Էլ-Թալիբը, մոռացած, թե որտեղ է գտնվում, հանկարծ բացականչեց մեր առաջ կանգնած նժույգին.

Արի՜, արի՜, իմ ազիզ:

Այդ բացականչությունը կրակեց իմ սիրտը, բոցավառեց իմ մեջ խոր մի կարեկցություն դեպի այդ թշվառ արաբուհին, վաղեմի որբուհին: Նա զգաց, որ ես արդեն թափանցել եմ իմ հոգու խորքը: Նա հենվեց ինձ, բռնեց ձեռքս և առանց աչքերը նժույգից հեռացնելու, սղմեց երկար և արևագին:

Ինձ այնպես թվաց, որ մենք երկուսով նստել ենք արմավենու շվաքի տակ՝ արաբական ավազուտներում:

Ձին վրնջեց երկրորդ անգամ և թռավ՝ ինշպես առասպելական թռչուն:

Երբ արաբական նժույգների արշավը վերջացավ, արաբուհին խնդրեց ինձ գնալ և խնդրել արաբական նժույգի տիրոջից, որպեսզի թույլ տա իրեն գնալու և սիրելու նժույգներից մեկին:

Մեզ առաջնորդեցին ձիերի մոտ: Արաբուհին փաթաթվեց նրանցից մեկի վզովը, համբուրեց նրա վճիտ, պայծառ հեռահայաց աչքերը, որոնց մեջ հրդեհվում էր հարավի լուսը:

Ուրախ արցունքներով ողողեց արաբուհին նժույգի փայլուն վիզը, շոյեց նրա բաշը, հարյուրավոր անգամ համբուրեց նրա աչքերը, գգվեց, փայփայեց: Իմաստուն է արաբական փին, սիրում է գգվանքը: Նա կռացրեց գլուխը, դունչը քսեց արաբուհու ուսերին և տխրագին ու երկար նայեց նրան:

Ես հազիվ այդ խեղճ կնոջը բաժանեցի արաբական ձիուց: Դուրս եկանք հիպպոդրոմից: Ես տիկին գրի տաքսիի մեջ:

Արցունքների միջից նա հազիվ շշնջաց.

Շնորհակալ եմ, բարի գիշեր...

Բարի գիշեր, Բինտ - էլ - Թալիբ, ասացի և փակեցի տաքսիի դռնակը:

4

Մի քանի օր անց` տիկին Շիլդը հեռախոսեց ինձ:

Այս երեկո եկեք մեզ մոտ, ամուսինս ցանկանում է ձեզ հետ ծանոթանալ ավելի մոտիկից, ասաց տիկին Շիլդը:

Շատ լավ, կգամ, պատասխանեցի:

Հեռախոսի լսափողից զգացի խորին բավականության մի շշնջյուն: Կարծես զգացի արաբուհու ջերմությունը:

Այսօր գնացի « Կ ո ն ս տ ա ն տ ի ն ո պ լ » սրճարանը և սուրճ վերցրի, երեկոյան ես ինքս կպատրաստեմ, կխմեք:

Ուրախությամբ, ուրախությամբ:

Շուտ եկեք, մի ուշանաք:

Ե՞րբ է տուն գալիս մր. Շիլդը:

Առհասարակ ժամը 7-ին:

Ես կգամ ժամը 6-ին:

You are so good, so good, բացականչեց արաբուհին:

Իսկ դուք այնքա՛ն թուխ եք, պատասխանեցի:

Երեկոյան ժամը 6 - ից մի քանի րոպե առաջ ես արդեն Մենհետտընումն էի: Ուղղակի դիմեցի դեպի տիկին Շիլդի բնակարանը: Դուռը բաց արավ արաբուհին ինքը և արձանի նման կանգնեց: Շեմքի վրա ես սպասեցի և գրկեցի նրան իմ նալվածքով: Նա գինեգույն երկար և թեթև շապիկ էր հագել և լայն գոտիով կապել մեջքը, ուրիշ ոչինչ չուներ հագին:

Հը՛լո...

Հը՛լո...

Նա դուռը փակեց ետևիցս, կանգնեց դռան հենած և սկսեց ինձ նայել երկար: Ես լցվեցի հանցանքի ուրախությամբ... Մոտեցա նրան... Հարբեցա նրա բուրումով և այրունով...

Պարոն Շիլդը ծայր աստիճան քաղաքավարությամբ ընդունեց ինձ, հարցուփորձեր արավ իմ մասին: Որպեսզի ինձ զարմանք չպատճառի, որովհետև ամերիկացիները հազիվ թե այդքան անձնական կյանքում ցանկանան թափանցել, մր. Շիլդն ավելացրեց.

Այս սովորությունն Արևելքում եմ սովորելու:

Մի՞թե այդքան երկար ժամանակ դուք եղել եք Արևելքում, այնքան, որ կարողացել եք մինչև անգամ բարքեր, այն էլ վատ բարքեր որդեգրել, կատակեցի:

Մր. Շիլդն սկսեց պատմել ինձ, նողկալի մանրամասնություններով, իր ճանապարհորդություններն Արևելքում:

Նա պատմում էր, երբ արաբուհի բերեց իր խոստացած սուրճը՝ փիրուզյա կապույտ ֆինջաններով:

Լեյդի Շիլդ, թույլ տվեք ձեզ այս երեկո կոչել ձեր իսկական անունով:

Խնդրեմ, խնդրեմ:

Բինտ-Էլ-Թալիբ, դուք ձեզ եք եփել այս սուրճի մեջ:

Թալիբի դստեր սպիտակ ատամները ժպտացին առավոտյան լույսի նման թուխ շրթունքների արանքից:

Մր. Շիլդն անձնապես գոհ մնաց իմ այս կոմպլիմենտից: Նրա աչքերը մեծ բավականություն արտահայտեցին:

Նա իր ամեն բանում դնում է իրան, ավելացրեց մր. Շիլդը:

Ես նրանից ավելի սրամիտը չէի սպասում:

Արաբուհին և ես նայեցինք իրար: Մեր նայվածքները հրաբորբոք էին, արյունով ներկված:

Ապա մր. Շիլդը դարակից դուրս բերեց լուսանկարների մի հաստ կապոց:

Սրանք իմ հանած լուսանկարներն են Արևելքում:

Ամբողջ երկու ժամ, զզվելի երկարաձգությամբ, մր. Շիլդը ցույց տվեց իր լուսանկարները, պատմելով ամենի մասին ճշգրիտ մանրամասնություններով: Երբեմն հիշողությունը չէր օգնում, գնում, բերում էր նոթագրության իր խոշոր տետրակը, բաց էր անում տարեթիվը, ամսաթիվը, օրաթիվը՝ ասելու համար, թե տվյալ լուսանկարը որտեղ է հանված, և էշի վրա նստած մարդը որտեղացի է, անունն ինչ էր, ուր էր գնում և ինչ փողոցում, ժամը քանիսին պատահեց նրան և լուսանկարեց: Մր. Շիլդը մինչև անգամ ցույց տվեց ինձ լուսանկարչական ապարատը, որը, «շատ զարմանալի», ոչ թե Ամերիկայում էր գնել, այլ Անգլիայում:

Իհարկե, ձանձրույթից ես խորը հառաչում էի, բայց մր. Շիլդի չափազանց քաղաքավարի և սիրաչիր ընդունելությունը թույլ չէր տա ինձ ձանձրույթս կոնկրետ կերպով արտահայտել, մանավանդ՝ ամեն անգամ, երբ տիկին Շիլդին էին հանդիպում իմ աչքերը. նա նայվածքով խնդրում էր ինձ՝ լսել նրան: Ես դատապարտված էի լսել, և ոչ միայն դատապարտված էի լսել, այլև մր. Շիլդին ընդառաջելու համար՝ավելի և ավելի մանրամասնություններ հարցնել:

Չէ, ի՛նչ եք ասում, մի՞թե, դուք այդ թվին մի՞թե Կահիրեում էիք, ո՞ր ամսին, որքա՞ն մնացիք այդ քաղաքում, և այլն, հարցնում էի մր. Շիլդին:

Նա խորագույն բավականությամբ տալիս էր բոլոր հարցումների նողկալի մանրամասն պատասխանները:

Այս բոլորի մեջ ամենանողկալին պիրամիդների պատմությունն էր: Նա սկսեց պատմել պիրամիդների պատմությունը, մի այնպիսի պատմություն, որպիսին կարելի է գտնել հին ազգաց որևէ պատմության գրքում, մի պատմություն, որպիսին ամեն մարդ անցնում է միջնակարգում բավարար մանրամասնությամբ:

Ես նկատեցի,որ մր. Շիլդն այնքան էլ հիմար մարդ չէ, բայց նա ճգնում է ինձ զբաղեցնել, մի բան, որ ես վերագրեցի միայն նրա չափազանց հյուրասիրական զգացումներին: Այնուամենայնիվ, ես շատ հանգիստ էի զգում ինձ, որովհետև, եթե ամերիկացիները հյուրին չեն սիրում, անմիջապես զգացնել են տալիս, մի բան, որը ես շատ բարձր էի գնահատում, որովհետև նախընտրելի է, որ մեկը վռնդվի մի տնից, քան կեղծավոր հյուրասիրություն վայելի: Վերջապես, ժամը 11-ին ես ցանկություն հայտնեցի հեռանալ, որովհետև հոգնեցի չափազանց ուշադրությունից:

Վերջին անգամ նայեցի արաբուհուն և տեսա, որ թախծել էին նրա աչքերը: Մր. Շիլդը չցանկացավ իմ օձիքը բաց թողնել, նա առաջառկեց տանել ինձ իմ բնակարանը իր սեփական ավտոմոբիլով: Շատ պնդեցի, որ ավելորդ նեղություն է հանձն առնում իմ նոր բարեկամը, բայց նա համառեց, իսկ Թտլիբի դուստրը էլի իր նայվածքներով խնդրում էր ինձ՝ չմերժել իր ամուսնու առաջարկածպատիվը:

Համաձայնեցա: Արաքուհին ինձ ճանապարհ գրեց հենց իրենց հյուրասրահից: Մր. Շիլդի հետ ես իջա ներքև, բնակարանի ետևի կողմը, որտեղ գտնվում էր սեփական գարաժը: Շիլդն անձամբ «ոգևորեց» մեքենան և ինքն էլ սկսեց քշել:

Երբ մենք ճանապարհ ընկանք, Շիլդը լռեց:

Այդ շատախոս մարդը կարծես ոչինչ չուներ խոսելու:

-Երևի, ինչ որ գիտեր, սպառեց արդեն,- մտածեցի:

Նա մեքենան քշում էր աննկարագրելի արագությամբ, տալով ինձ թռչելու մոտավոր պատրանքը, այնպես որ ես ստիպված եղա հիշեցնել մր. Շիլդին Նյու-Յորք քաղաքի անցուդարձային օրենքները:

-Ա՜հ, դուք օրենքի մասի՞ն եք խոսում,- հանկարծ բացականչեց մր. Շիլդը:

Նրա ձայնը հնչեց արտակարգ տարօրինակ, կարծես միևնույն մարդը չէր այլևս: Նա ինձ չէր նայում, կծել էր սիգարը, ուղիղ նայում էր ճանապահի երկարությամբ և հետըզհետե ավելացնում մեքենայի թափը: Սկզբում միամտորեն վերաբերվեցի, բայց հանկարծ իմ մեջ ծագեց այն միտքը, թե չլինի՞ այս մարդը հեղակարծորեն սկսեց կորցնել իր դատողությունը:

Մի անգամ էլ ուզեցի ստուգել նրա մտավիճակը:

-Մր. Շիլդ, ի՞նչ կարիք կա ավելորդ տուգանք վճարելու:

-Օրենքը լավ բան է, տուգանք վճարելն էլ լավ բամ է,- պատասխանեց մր. Շիլդը բոլորովին անհասկանալի ինտոնացիայով: ես լռեցի, համոզված լինելով, որ ահա մի ոստիկան կանգնեցի, տուգանքը կնշանակի, և ես առիթ կունենամ ցտեսություն ասելու մր. Շիլդին:

-- Դուք լա՞վ գիտեք այս երկրի օրենքները,-- երկար լռությունից հետո հարցրեց ինձ մր. Շիլդը՝ ատամները կրճտացնելով:

--Մի քիչ գիտեմ,-- պատասխանեցի:

Մր. Շիլդը հանկարծ քաշեց ավտոմոբիլի արգելակը, որից մեքենայի «ոսկորները» կարծես ողբացին, կանգնեցրեց մեքենան, ես կարծեցի, թե մեքենային ինչ-որ բան պատահեց. աճապարեցի դուրս ցատկել: Շիլդն էլ դուրս թռավ իմ ետևից և մոտենալով ինձ՝

-- Դուք լա՞վ գիտեք այս երկրի օրենքները,-- հարցրեց դրամատիկական տոնով:

Մենք գտնվում էինք էլեկտրական լույսի տակ, և ես Շիլդին արդեն տեսնում էի ամբողջությամբ: Նրա նայվածքը գազանային էր, կոպերն արյունով լցվել, ատամների սղմումից թշերը փոսացել էին: Նա պարզապես իր ժանիքն էր կախել իմ վրա: Ես զգացի, որ այդ վայրը մեկնումեկիս կառափնարանն է հանդիսանալու: Սիրտս կարծես ուռեց, և բարկության մի անօրինակ ալիք խփեց իմ գլխին, իմ բարկության պատճառն այն էր, որ դիմացինս իրեն տեղացի, բնիկ «ընտրյալ» էր կարծում, իսկ ինձ՝ օտարական:

-- Փոխեցե՛ք ձեր տոնը,-- հրամայեցի ես կեղտոտ բնիկին:

-- Պատասխանե՛ցեք ինձ, դուք լա՞վ գիտեք այս երկրի օրենքները:

-- Ասացի՝ մի քիչ գիտեմ:

-- Մի քիչ գիտենալը բավական չէ, պետք է շատ լավ գիտենալ և պիտի գիտենալ բաբոյական օրենքները ևս,-- պատասխանեց Շիլդը և զայրույթով շարունակեց,-- եթե դուք չսովորեք այդ օրենքները, սա ձեզ րոպեապես կսովորեցնի,-- հարցրեց և գրպանից դուրս բերեց մի ատրճանակ ու բռնեց ուղիղ բերանիս դեմ:

Ես նրան պատասխանեցի ատրճանակի մութ խողովակում: Ես ձեր բարոյականը չեմ որդեգրի երբեք:

Որդեգրել կտամ:

Ի՞նչ եք ուզում ասել վերջապես:

Վերջին անգամ լինի, որ դուք տեսնում եք իմ կնոջը. ես միայն իմ կնոջը խնայեցի, եթե ոչ որոշել էի սպանել ձեզ իմ տան մեջ:

Այսքա՞ն:

Առայժմ այսքան:

Նա դրեց ատրճանակն իր գրպանը և հարեց.

Գուդ-բայ...

Գուդ-բայ...

Շիլդը հեռացավ իր ավտոմոբիլով, իսկ ես քայլեցի դեպի ստորերկրյա տրամվայի կայարանը:

Ամբողջ գիշեր ինձ մի միտք էր տանջում` չլինի՞ թե միստր Շիլդն իրան հերոս կարծեց:

5

Հաջորդ օրն իսկ, առավոտյան ժամը 10-ին իմ դեմ կանգնեց մեր վաճառատան համազգեստ հագած մի բոյ (տղա), որ շենքում սուրհանդակի պաշտոն էր վարում և երկարացրեց մի այցետոմս: Այցետոմսը վաճառատան տիրոջ այցետոմսն էր, որի վրա գրված էր, Հաճեցեք մի րոպեով անցնել ինձ մոտ:

Որտե՞ղ է այժմ նա, հարցրեցի բոյին:

Օֆիսումն է, պատասխանեց բոյը:

Շատ լավ:

Ինձ ընդունեց քաղաքավարությամբ և սիգար առաջարկեց:

Դուք չափազանց վիրավորել եք մեր կարևոր հաճախորդներից մեկին, սկսեց վաճառատան տերը:

Չեմ հիշում, թե որևէ հաճախորդի վիրավորած լինեմ:

Դուք վիրավորել եք մր. Շիլդին, ջայլամի փետուրի վաճառականին:

Ես նրան երբեք չեմ վիրավորել. ամենայն հոգածությամբ սպասարկել եմ նախ՝ իրան, ապա՝ իր տիկնոջը. գնված գորգից երկուսն էլ շատ գոհ են մնացել, բացատրեցին:

Այդ տեսակետից ՝եմ ասում, դուք ցանկացել եք խաղեր խաղալ նրա տիկնոջ հետ:

Բայց դա ի՞նչ կապ ունի վաճառատան հաճախորդի վիրավորանքի հետ:

Իմ սիրելի սըր, շարունակեց դիմացինս՝ ուղղվելով իր աթոռի վրա, դուք տիկին Շիլդին ծանոթացել եք իմ վաճառատան արևելյան գորգի բաժանմունքում, ծանոթացել եք մեր առևտրի միջոցով և դուք պարտական էիք պահել այս վաճառատան մեջ ընդունված բարոյականը:

Ես անմիջապես որոշեցի կարճ կապել:

Պարոն, ինձ համար բացարձակապես պարտադիր չեն ձեր բարոյականները, ես ազատ եմ իմ անձնական կյանքում:

Դիմացինս իր ամբողջ կյանքում երևի չէր հանդիպել այսպիսի պատասխանի, որովհետև նա ուղղակի ապշեց իմ պատասխանից:

Ուրեմն կարող եք ձեզ բոլորովին ազատ զգալ:

Խնդրեմ, այս րոպեից:

Նա դեմքը կախեց սեղանի վրա դրված բլոկ-նոտի վրա և մի բան գրելով՝ ինձ երկարացրեց:

Նա գրել էր հաշվապահությանը, որ ինձ վճարեն երկու օրվա աշխատավարձ և մի շաբաթական ևս՝ իբրև լիվիդացիա:

Ներեցեք, պարոն, ես պայմանագրություն ունեմ, ասացի և գրպանիցս հանելով պայմանագիրը՝ դրի սեղանի վրա:

Հիմարություն են արել այսպիսի պայմանագրություն կնքելով քեզ հետ, մրթմրթաց վաճառականը և էլեկտրական կոճակը սեղմեց մենեջերին¹ կանչելու համար:

Ինչու՞ եք այսպիսի պայմանագիր կնքել այս պարոնի հետ, հարցրեց մենեջերին:

Նման մասնագետի հետ ուրիշ կերպ վարվել չէի կարող, բացատրեց մենեջերը:

Օ՛, այո, բացականչեց վաչառականը:

1 Վարիչ Պարոնն այն անդամներից էր, որ շատ բաներ չէր հասկանում, բայց մի որևէ առևտրական հարց անմիջապես ըմբռնում էր:

Ես ստացա, ըստ պայմանագրի, գալիք հինգ ամսի իմ շաբաթականները և այդ խոսակցությունից կես ժամ անց՝ թողի այդ առևտրական տունը ընդմիշտ:

Ինձ մտահոգում էր այն միտքը, թե ինչպես կարող էի տեսնել Բինտ-էլ-Թալիբին: Վտանգավոր էր հեռախոսելը, միգուցե մր. Շիլդին հանդիպի, և ես պատճառ լինեի ընտանեկան նոր անախորժությունների: Հեռախոսով դիմեցի վաճառատան արևելյան գորգի բաժանմունքում ծառայող հայ վաճառողին և խնդրեցի, որ եթե տիկին Շիլդը որևէ լուր թողնի, բարեկամաբար ինձ հայտնի: Հայ վաճառողը խոստացավ անել այդ

Մի քանի օր հետո, հենց այդ միջոցով, ես արաբուհուն պատահեցի «Կ ո ն ս տ ա ն տ ի ն ո պ լ» սրճարան-ճաշարանում, և որոշեցինք գնալ մի «Չոպ-սուի»:

Երբ մենք առանձնանանք «Չոպ-սուի»-ի առանձնասենյակում, պարզվեց, որ արաբուհին հանկարծակիի էր եկել՝ իմանալով հայ վաճառողից, որ ոչ մի տեղեկություն չունի իմ և մր. Շիլդի ընդհարման մասին, մր. Շիլդը ոչ մի ակնարկություն անգամ չի արել իր կնոջը իմ մասին, երբ մր. Շիլդը այն գիշեր տուն էր վերադարձել, Բինտ-էլ Թալիբը նրան հարցրել է.

-Տարի՞ք մինչև տունը:

-Այո, տարի, ի՜նչ համակրելի անձնավորություն է,- պատասխանել է մր. Շիլդը իր տիկնոջ:

Մր. Շիլդը մտածել է վերացնել մեջտեղից ֆիզիկական հարմարությունները և վերջ տալ հարցին:

Այս իրողությունը պարզվելուց հետք՝ արաբուհին լցվեց խոր զայրույթով:

-Ես կարծում էի, որ քաղաքակրթված երկրում եմ գտնվում: այդպես ասում են Արաբիայում, այնտեղ կնոջ սեփականություն են համարում, ապրանք, բայց, այստեղ էլ միևնույնն է, ասաց Թալիբի դուստրը:

Քաղաքակրթությունը շպար է, Բինտ-Էլ-Թալիբ, հարեցի, այստեղ էլ, այնտեղ էլ կնոջը դասում են ապրանքի կարգը, Արևելքում կինը «ձեռագործ» ապրանք է, իսկ այնտեղ «մեքենայական ապրանք», այսինքն՝ Արևելքում այդ տեսակի ապրանքն ավելի թանկ է, քան այստեղ:

Ապա ես խնդրեցի Բինտ-Էլ-Թալիբից այս բոլորի մասին ոչինչ չասել իր ամուսնուն:

Արաբուհին վճռականորեն պատասխանեց.

Նա իմ ամուսինը չէ այլևս, բայց ես նրա հետ կխաղամ միևնույն խաղը, մինչև ազատվեմ նրանից:

Ապա նրա աչքերը մեղմացան, ստացան բարի և հարավի կնոջ փայլը, և շշնջաց.

Դու օազիս ես անապատում:

Իսկ դու սառնորակ աղբյուր ես այս օազիսում:

Թալիբի դուստրը հառեց ինձ կաթնալույս աչքերով:

Մենք փաթաթվեցինք իրար ինչպես բաղեղի երկու շյուղերն են իրար փաթաթվում:

Այդ ժամերին մր. Շիլդը ջայլամի փետուրներն են ծախում հաճախորդների Բրոդուեյի իր մեծ խանութում, ստում էր ու վաճառում ագահությամբ և կրքով:

7

Ամեն անգամ, որ պետք է վերադառնար ջայլամի փետուրի վաճառականի հարկի տակ, արաբուհին աղիողորմ արցունքներ էր թափում:

Մի օր նա ինձ մի բան ասաց և իր ասածի վրա պնդեց միամտորեն:

Ես կարծում եմ, որ միևնույն արևը չէ, որ լուսավորում է այս երկրագունդը. կգա մի ժամանակ, երբ գիտնականները կհաստատեն, որ ուրիշ արև է արևելյան կիսագունդը լուսավորողը, ուրիշ արև է կիսագունդը լուսավորողը:

Միևնույն արևն է ամեն տեղ, Բինտ-Էլ-Թալիբ, կյանքն է, որ փոխում է արևը, սոցիալական միջավայրն է, որ արևը ավելի կամ նվազ տաք և փայլուն է դարձնում: Երբ արևը դիտում է նկուղից, նվազ փայլուն է, քան երբ դիտում ես ապարանքից:

Արաբուհին չէր համոզվում և պնդում էր երեխայի նման, կարոտել էր իր որբությունը, կարոտել էր այն ժամանակը, երբ՝ թեև աղքատ, բայց ազատ էր:

Երբ նա ինձանից բաժանվում էր, իմ սիրտը դատարկություն էր զգում, ինչպես չվառվող վառարանը իսկ երբ գալիս էր իր խոստացած ժամին, ինձ թվում էր, որ ահա առավոտ է բացվում, ահա շողերը թափվում են արևելյան հորիզոնից:

8

երբ արաբուհուն պատահեցի որոշված ժամադրավայրում, ես տեսա, որ նրա ձեռքին մի պայուսակ կար, նրա աչքերն անձկագին էին, և ամբողջ մարմնով դողում էր: Երբ ինձ տեսավ, մի քիչ ամրապնդվեց և ձեռքս բռնելով ասաց.

- Չի պատահել, որ մի օր ուշանաս, բայց չգիտեմ ինչու, այսօր իմ մեջ մի երկյուղ կար, որ չես գա:

- Ի՞նչ է պատահել քեզ, բինտ-էլ-թալիբ:

- Գնում եմ:

- Ո՞ւր:

- Գնում եմ Արաբիա:

- Ա՛յ դու, ավազների նժույգ,-- կատակեցի:

- Լուրջ, գնում եմ, արդեն տոմս եմ վերցրել: Գնանք, ինձ օգնիր:

Ոչ մի կերպ ես չկարողացա արաբուհուն համոզել մնալ Ամերիկայում և թողնել մր. Շիլդին:

- Նա գազան է, ես չեմ մնա այս երկրում,- վճռականորեն պատասխանեց Թալիբի դուստրը:

Արդեն ջայլամի փետուրի վաճառականը, որ իր կնոջը իբրև կոմպլիմենտ, «Սիրամարգի փետուր» էր կոչում, սկսել էր խստորեն հետապնդել նրան:

Մենք միասին գնացինք լոմբարդը:

- Իմ ադամանդներից միայն մեկն եմ վերցրել և մի զույգ շոր, մինչև Արաբիա հասնելս, ասաց արաբուհին, ամեն ինչ թողել եմ տանը:

Բինտ-էլ-Թալիբն ուրախությամբ մատանին հանեց իր մատից և դրեց ադամանդի խորամանկ մասնագետի առաջը: Նա խոշորացույցով դիտեց, կշռեց և ակնոցները հանելով՝ ասաց.

1000 դոլլար, ամիսը 5 դոլլար տոկոսով, կպահեմ միայն 6 ամիս:

Իսկ եթե ծախելու լինե՞մ, առաջարկեց արաբուհին:

Խորամանկ վաճառականը նորից ակնոցը դրեց, խոշորացույցով դիտեց, կշռեց, վրայի «սեղանը» չափեց և հարեց.

1500 դոլլար:

Տվեք, համաձայն եմ, անմիջապես պատասխանեց Բինտ-Էլ-Թալիբը:

Վաճառականը նորից ակնոցը դրեց, խոշորացույցով դիտեց երկար, կշռեց և ձեռքերը շփելով` կասսան բաց արավ և համրեց 1 500 դոլլարը:

Մենք դուրս եկանք լոմբարդից և ուղևորվեցինք նավահանգիստ: Արաբուհին արդեն վերցրել էր տոմս ֆրանսիական «Լա Տուրին» շոգենավի համար: Երբ ծովը երևաց, արաբուհու աչքերը փայլատակեցին: Նա ուրախ էր: Ինչ-որ հեռավոր պատկերներ էին գծագրվում նրա երևակայության առաջ:

Արցունքի խոշոր կաթիլների մեջ նայեց ինձ արաբուհին և շշնջաց.

Մնաս բարով...

Բինտ-Էլ-Թալիբ, ողջունիր իմ կողմից Արևելքին, ասացի:

Նավը ճեղքում էր Ատլանտյանի կապույտ ալիքները, և Բինտ-Էլ-Թալիբը թռչում էր դեպի Արևելք:

Այդ ժամին մր. Շիլդը ջայլամի փետուրներ էր ծախում հաճախորդներին Բրոդուեյի իր մեծ խանութում, առանց իմանալու, որ պակասել էր իր ինվենտարից իր սմենաարժեքավոր կարծած «ապրանքը»:

1929 թ.

Be the first who will comment on this
Yatuk Music
Serenade
Ghazaros Saryan

Serenade

Eastern motifs, 1886
Eastern motifs, 1886
Play Online