Vahan Totovents

Աղավնիներ

1

Կանգնած եմ Պարթենոնի մարմարների վրա, հենված խորտակված մի սյունի։

Հեռուն՝ լեղակի կապույտ ծովը, վերևում՝ երկինքը՝ փիրուզյա հսկա թասի նման։

Կարծես լսում եմ Միներվայի թևերի շրշյունը։

Հանկարծ, փիրուզյա ֆոնի վրա, Ակրոպոլիսի ստորոտից վեր է բարձրանում սպիտակ աղավնիների մի երամ։

Կաթնագույն աղավնիներն են, որոնք գալիս, թառում են Էրեքթեոնի արձանների վրա, կարծես ձուլվում են մարմարի սպիտակության մեջ, ապա նորեն թռչում են, փիրուզյա երկնքի և ծովի միջև դարձդարձիկ պար դառնալով։

Ջինջ օդում կարկաչում է նրանց մրմունջը։

Այդ կաթնագույն աղավնիները հիշեցնում են ինձ մի հի՜ն տրագեդիա։

2

Այն երկիրը, որտեղ տեղի է ունեցել այդ տրագեդիան, մի երկիր է արևի բոլոր գույներով վառվող ծաղիկներով և մրգերով, մի երկիր՝ շրջապատված կապույտ սարերով։

Ցորենավառ, անհո՜ւն դաշտից Եփրատն է անցնում վարարած։

Գիշերները լուսինը կախվում է այդ ծաղիկների, մրգերի, գետի և սարերի վրա՝ կաթով լեցուն ստինքի նման։

Ձմեռը սառնամանիք է, անգութ, անկարեկիր սառնամանիք, կատաղում է երկինքը և ոռնում օր ու գիշեր։

3

Այն հին երկրում աղավնիներ պահելը, «աղվընիկ խաղցնելը», ինչպես բնիկներն էին կոչում, համարվում էր ստոր զբաղմունք։

Ծերերն ասում էին․ «Աղվընիկն անմեղ է, բայց մահ է»։

Մինչև անգամ, երբ աղավնի էին տեսնում երազում, սարսափում էին նրանք։

Ամեն անգամ, երբ մայրս տեսնում էր աղավնին մեր կտուրի վրա իջած, ահով էր բռնվում։

Աղվընիկը տեներին վրե է նստեր, ասում էր և խաչակնքում դողահար։

Հին այդ երկրում որևէ մեկին անարգելու համար «աղվընիկ խաղցնող» էին կանչում, եթե մինչև անգամ աղավնիների հետ կապ էլ չունենար։

Դպրոցում մեր կրոնի վարժապետը դաս չիմացող աշակերտի երեսին թքում էր և բղավում.

Դասդ չես գիտեր, աղվընիկ խաղցնող։

Մենք կարող էինք գանգատվել դպրոցի տեսչին, որ խոսակցության ընթացքում մի աշակերտ մի ուրիշ աշակերտի «աղվընիկ խաղցնող» ածականով է որակել։ Սա ավելի ստոր հայհոյանք էր համարվում, քան մորը հայհոյելը։

Իսկ իսկական աղվընիկ խաղցնողին մատով էին ցույց տալիս, ինչպես պոռնիկին և գողին։

Ո՛չ միայն աղվընիկ խաղցնողին և նրա տղին աղջիկ չէին տալիս, այլև որոնում էին մինչև անգամ, թե տղի կամ աղջկա «ճինսին մեջ աղվընիկ խաղցնող եղե՞ր է, թե չէ»։

Եթե մեկն ու մեկն ասեր, թե՝

Կըսեն քի՝ աղջկա (կամ տղի) մոր հորեղբոր փեսի ախպարը աղվընիկ խաղցնող է եղե՜ր, եզրակացությունը պարզ էր. անմիջապես նշանը (եթե մինչև անգամ տվել էին) ետ էին ուղարկում, խնամիական բոլոր կապերը խզում։

Բայց մենք, մանուկներս, սիրում էինք աղավնիները, իսկ աղավնի խաղացնողները մեր աչքում հերոսներ էին։

Մանուկների համար այդ բոլորն անհասկանալի և տարօրինակ էին։

Չէ՞ որ եկեղեցում ոսկյա աղավնու բերանից էին կաթեցնում մեռոնը՝ թևաբաց ոսկյա աղավնու։

Աղավնին գովաբանվում էր, իբրև անմեղության նշան, բոլոր երգերում։

Եվ մենք սիրում էինք աղավնիները։

Մենք մի փոքրիկ մարմարյա արձան ունեինք։ Դա մի մերկ, սիրուն աղջիկ էր՝ աջ ուսին մի աղավնի թառած։

Այդ արձանը հայրս Ստամբոլից էր բերել։ Դրված էր իր սենյակում՝ ընկույզե փայտից շինված պատվանդանի վրա, հետևում թավշյա սև ֆոն։

Որքան որ մայրս սարսափում էր աղավնուց, բայց էլի լավ բաները նմանեցնում էր աղավնու։

Երբ մեծ եղբորս երեխա էր ծնվում, գրկում էր, սիրում, վեր-վեր թռցնում և ասում.

Ձագո՜ւկս, աղվընիկ կլմանիս։

Իսկ երբ բաղնիսում մի սիրուն, ջահել աղջիկ էր տեսնում, ասում էր․

Լուսինկայի պես մարմին ունի, թամա՜մ ճերմակ աղվընիկ։

Ես հրճվում էի, որ մայրս այդպես բարձր էր գնահատում աղավնիները, տխրում էի, որ աղավնիները տեսնելիս՝ սարսափով խաչակնքում էր։

Ինձ այրում էր մի տենչանք․ ուզում էի, որ ծնողներ չունենայի, լինեի որբ, բոլորովին ազատ և դառնայի աղվընիկ խաղցնող։

Հրդեհում էր ինձ այդ ցանկությունը։

4

Եվ ամեն օր բարձրանում էի կտուրը, որպեսզի դիտեմ Ակոբի աղավնիները։ Ակոբը, աղվընիկ խաղցնող Ակոբը, մեր հարևանն էր, որ մոտավորապես հարյուր թև աղավնի ուներ։

Կտուր էի բարձրանում գաղտնի, որ ոչ ոք չիմանա։ Ամոթ էր մեր ընտանիքի որևէ անդամի համար, թեկուզ ինձ նման աննշան անդամի, բարձրանալ կտուրը՝ դիտելու աղվընիկ խաղցնող Ակոբի աղավնիները։ Ամոթ էր հրճվել աղավնիների թռիչքով։ Բայց ես անդիմադրելի մղումով բարձրանում էի և դիտում։

Նրանք գլխկոնծի էին տալիս մաքուր, ջինջ, կապույտ օդում։ Հրճվում էի խելագարի նման։ Երբեմն պահվում էի

կտուրի լողի հետև, որպեսզի աղավնիները չվախենան, իջնեն մեր կտուրի վրա, և ես կարողանամ, թերևս, բռնել նրանցից մեկն ու մեկը, դպցնել մատներս փետուրներին։ Ո՛չ մի անգամ էլ չէի հաջողում։

Լողի ետևում պահված՝ ես տեսնում էի, որ նրանցից մի քանիսն իջան մեր կտուրի քիվի վրա։ Ես միայն տասը քայլ հեռու եմ նրանցից, դիտում եմ անհանգստությամբ, այնպես զգույշ, շունչս փորս գցած, որպեսզի շուտ չթռչեն։

Ես երազում տեսնում էի Ակոբի աղավնիները։ Իջել են նրանք գլխիս, ուսերիս, թևերիս։ Լսում եմ նրանց մրմունջը։

Սկսում եմ ցատկել, պարել։

Նրանցից ո՛չ մեկը չի փախչում, բռնում եմ, շոյում, սիրում, գգվում համբուրում, դնում ծոցիս մեջ։

Հանկարծ զգում եմ, որ երազ է, բայց շարունակվում է երազը՝ աղավնիները գլխիս վրա են, ուսերիս, ծոցումս։

Զարթնում եմ։

Ամեն ինչ չքանում է, միայն դեռևս կարծես շարունակում եմ լսել նրանց մրմունջը։ Երկար շարունակվում է սպիտակ աղավնիների երազի անիմանալի խայտանքը։

Եվ ես չէի կարողանում հասկանալ, թե ինչո՞ւ արհամարհում էին աղավնիները, ինչո՞ւ էին անարգում, անպատվում աղվընիկ խաղցնողներին, մանավանդ, աղվընիկ խաղցնող Ակոբին։

Երեկո է։ Արևը դեռ չի թաղվել հեռավոր սարերի հետևը, քիչ տեղացող անձրևը մաքրել է երկրի դեմքը։

Պայծառ լույս է։ Լուսամուտների ապակիները փածկլտում են։

Ակոբը բարձրացավ կտուրը, բաց արավ աղավնիների դռնակը։

Աղավնիները թռան դուրս ուրախ մրմունջներով։

Ոմանք սպիտակ են, կաթնագույն, թռչելիս մի բմբուլ է պոկվում, օրորվելով ընկնում գետնին։ Մանուկները վազում են, իրար ձեռքից խլում, ձեռք բերողն ամրացնում է գդակին։ Ոմանք ժայռային մուգ֊կապույտ գույն ունեն, ոմանք տեղ֊տեղ սպիտակ, տեղ֊տեղ մուգ գույնով, լուսնկայի կաթնային սկավառակի վրա մուգ գույնի թղթի կտորներ փակցվածի նման, ոմանք՝ ծխախառն բաց գույնով, արևմարի վերջին

շողերի նման, ոմանք՝ դեղնավուն կարմիր, կարծես աշնան տերևներ են հագել։

Օդում, երբ կաթնագույնները հանդիպում են բամբակի կույտերի նման սպիտակ ամպերի ֆոնին, էլ չեն երևում, կարծես հալչում են. իսկ երբ ամպերը մթին են լինում, մոխրագույններն են անէանում, կարծես լուծվում են մթին ամպերում։

Ահա մի զույգ, կրծքները կլորաձև կանաչին են տալիս, բայց երբ մի ակնթարթ փոխում են դիրքերը՝ կանաչը կորչում է և մանուշակագույնին է տալիս։

Նազանքով և մրմունջներով կտուրի վրա քայլում է մի ուրիշ խումբ, ամբողջովին շագանակագույն֊սուրճի և շաքարի փոշու խառնուրդ, երբ թռչում են՝ պոչերը աղեղնաձև, թևերի տակն ամբողջովին լուսնային սպիտակություն։ Քայլում են քիվի վրա, քչքչում, վզները հարատև շարժման մեջ ջրի նման շարժուն, այնքան թեթև, դարձդարձիկ ու լույծ, ալիքի վրա նետված գնդակի նման։

Եվ աղավնիները մահ էին, չա՜ր, ս՜և մահ։

Ես երբեք չէի կարող հասկանալ մթին այս առեղծվածը։

«Աղվընիկ խաղցուց, տունը մոխիր դարձավ», ասում էին հին մի աղվընիկ խաղցնողի մասին։

5

Աղվընիկ խաղցնողները մշտական կռվի մեջ էին։ Երբ նրանք տեսնում էին աղավնիներ օդում ճախրելիս՝ բաց էին թողնում իրենց լավագույն աղավնին, որպեսզի գնա, նրանցից մեկն ու մեկը քաշի, բերի։

Իրար ձեռքից աղավնիներ էին խլում սա էր աղվընիկ խաղցնելու հմայքը։

Աղավնին չափազանց դարպասող թռչուն է, դյութող և դյութվող։

Սեռը աղավնու ամենաուժեղ բնազդն է։

Տաքացած տափակ կտուրի վրա, երբ արևի շողը կաթկթում է հեղուկի նման, աղավնիների կտուցներն այրվում են սիրուց, նրանք քչքչում են, թռվռում, կտուցներն ընկղմում իրենց փետուրների մեջ, կտցահարում մարմինները՝ խայտանքից

հարբած, մոտենում են իրար, սիրուց կրակված քսվռտվում են, կտուցները զարկում իրար, թռնում իրար վրա։

Աղվընիկ խաղցնողը տեսնում է, որ կտուրից համարձակ օդ բարձրացավ մի մարի։

Գեղեցիկ է։ Փոփոխակի մանուշակագույն և կանաչ կուրծքը փռփռում է շողերի տակ։

Հակառակորդ աղվընիկ խաղցնողը բաց է թողնում մի դարպասող պապի, «ճինս» աղավնի, տասնյակ հաղթանակներ տարած։

Պապին գնում էր, օդում դարձդարձիկ շարժումներ գործում, դառնում էր, դառնում, անվե՜րջ դառնում, մինչև հմայեր մյուսին, քաշեր բերեր իր բույնը։

Աղավնիների այդ պայքարի ժամանակ երկու աղավնիների տերերը, տարբեր կտուրների վրա, բռնվում էին անսահման անձկությամբ։ Նրանք սրտատրոփ սպասում էին վախճանին, ներքևից ընտանի սուլոցներ բաց թողնելով՝ ոգևորելու և քաջալերելու իրենց պայքարող աղավնիները։

Մինչև պայքարի վախճանը նրանք ապրում էին կես հոգեվարք։ Մութը պատում էր նրան, որի աղավնին, հմայված մյուսից՝ գնում էր նրա հետևից։

Դրանից սկսվում էր մահացու թշնամությունը, մինչև արյուն, մինչև մահ։

Պարտված աղավնու տերը զգում էր իրեն ցեխի մեջ տրորված, անպատվված։ Նրա համար նախընտրելի էր, որ կնոջը բռնեին բոզության մեջ, խայտառակվեր ամբողջ քաղաքում, քան թե պարտվեր աղավնիների պայքարում։

Թշնամությունը տևում էր սերնդից֊սերունդ, չէր մոռացվում ահավոր անպատվությունը։

Եվ հաճախ պարտված աղավնու տերը, չհամբերելով մինչև անգամ մի օր անցնի և պատահարը դառնա պատմություն, գալիս կանգնում էր հաղթանակող աղավնու տիրոջ տան շեմքին։

Փայլում էր դանակը։ Հավաքվում էր աղվընիկ խաղցնողների և աղավնու սիրահարների խումբը, բաժանվում երկու մասի։

Խարդախությամբ տարավ աղվընիկս, գոռում էր պարտվողը։

Ի՞նչ խարդախություն կարող էր լինել անմեղ թռչունների սիրային պայքարում, այն էլ օդում։

Ետ տի տաս աղվընիկս, չէ նե… և ցույց էր տալիս շողշողուն դանակը։

Հաղթանակող աղավնու տերը, շողացնելով մի ուրիշ դանակ՝ հայտարարում էր.

Ուր կուզես նե՝ գնա, չեմ տար, էրիկ մարդ ես՝ դիմացիր։

Դանակները զարկվում էին իրար, նրանց զիլ և սուր զրնգոցը ճեղքում էր օդը՝ իրարանցում, խռնվում, քաշքշոց, շորերի պատառոտում, կանանց և երեխաների լաց, և հոսում էր արյունը մեկն ու մեկից։

Եթե պարտվող աղավնու տերն էր արյուն թափողը, ամիսներով նրան չէր կարելի տեսնել քաղաքի փողոցներում։ Նա փակվում էր տանը, լուսամուտների վարագույրները քաշած։

Կնկանը վարտիքն է մտեր, դուրս չելլար, ասում էին նրա հակառակորդները։

Իսկ եթե հաղթանակող աղավնու տերն էր արյուն թափողը, վերքը կապելուց հետո դուրս էր գալիս փողոց, գլուխը բարձր բռնած, ֆեսը հասցրած մինչև հոնքերը և ծոպն առաջ, ամենագոռոզ և ամենալկտի ֆես դնելու ձևը, քայլում էր ոչ ոքին չբարևելով, ոչ ոքի երեսին մտիկ չանելով, ռազմի դաշտից վերադարձած արյունարբու հերոսի նման։

Ահա թե ինչու ծերերն ասում էին՝ աղվընիկն անմեղ է. բայց մահ է։ Աղավնու կաթնագույն թևերի տակ արյուն կար և մահ։

Բայց այդ զարհուրանքից և արյունից հետո էլ իմ հոգին ձգտում էր դեպի աղավնիները։

Երբ փողոցում դանակներն էին շողում և ատելությամբ զարկվում իրար ու շաչում, վերևում, պաղպաջուն և կապույտ երկնքում, աղավնիները շարունակում էին ճախրել և դառնալ իրենց անմեղության պարը։

Ի՞նչ կապ ունեին աղավնիները մարդկանց պատվի, դիրքի և չարության հետ։ Նրանք ճախրում էին արևի շողերի ծովում, շողերի հեշտագին ալիքներում, ի՜նչ փույթ, թե ներքևում մարդիկ արյուն էին թափում և թափված արյան

հանցանքը փաթաթում իրենց սպիտակ և անմեղ վզերին։ Մեկը հմայվում էր մյուսից, իջնում նրա տաքուկ բույնը, գիշերն ամբողջ քչքչում, կտուցը կտցին զարկում, հարբում սիրուց և առավոտյան, արևի շողերի տակ, շարունակում սիրո անմեղ խաղը։

6

Մեր հարևան աղվընիկ խաղցնող Ակոբը արհեստով սափրիչ էր։

Նա այդ արհեստին օրվա քիչ ժամանակն էր նվիրում, որովհետև գրեթե միշտ կտուրի վրա էր, աղավնիներ էր թռցնում, ետ կանչում, նորեն բաց թողնում, հետևում յուրաքանչյուր աղավնու թռիչքին, հետևում սրտատրոփ, անձկագին։

Ակոբը թեև լավ ածիլող, մաքրասեր սափրիչ էր, բայց սակավաթիվ հաճախորդներ ուներ, որովհետև հաճախորդ վաստակելու ջանք չէր թափում։

Մենք, մանուկներս, գնում էինք նրա կրպակը։ Ակոբը գործի վրա է սապնել է հաճախորդի երեսը, սպիտակ փրփուրով լցրել, միայն քիթն ու աչքերն են ազատ։ Ակոբը հենց փորձում էր ածելին սրել կաշվի վրա, որպեսզի սափրի, մենք սկսում էինք խոսել քաղաքում անուն հանած մի որևէ աղավնու մասին։

Կըսեն քի Պեյրոսի չիլը երկու ձագ հաներ է, ասում է մեզանից մեկը և գաղտագողի ժպտում։

Մենք միայն իրար հետ էինք խոսում և, իբր թե, սպասում ենք մազներս խուզելու, բայց Ակոբը չի դիմանում, թողնում է հաճախորդին և մոտենում մեզ։

Ուրկե՞ լսեցիք, վո՞վ ըսավ, հարցնում է անձկագին։

Մինասն ըսավ։

Չէ՜, ջանը՜մ․․․

Հա՛, իրավ է, երկու ձագ։

Մինասը սուտ կխոսա…

Հաճախորդը գոռում է, երեսի օճառի փրփուրները հետզհետե սմքվում են։ Քթի տակը, օճառի պղպջակների պայթելուց, քորվում է։

Ածիլե երթամ, բե՜, ջանը՜մ։

Շատ մի խոսա, էստեղ գործ ունիմ, պատասխանում է Ակոբը և շարունակում է վիճել չարաճճի մանուկների հետ աղվընիկ խաղցնող Պեյրոսի չիլ աղավնու մասին։

Ծո՛, շուտ ըսե, վո՞վ ըսավ, քըզի կըսիմ, նորեն հարցնում է Ակոբը մտահոգ։

Ակոբը տխրում է։ Դա նշանակում է, որ Պեյրոսը շուտով առավելություն է ձեռք բերելու։ Պեյրոսի չիլը Դիարբեքիրից են բերել, համարվում է Փոքր Ասիայի ամենաազնիվ ճինսերից մեկը, երկնքից կարող է քաշել տանել որևէ աղավնի, և ահա նա աճել է երկուսով։

Մութը պատում է Ակոբին։

Չիլի անունը մենծ է, ամա էդքան չէ, հարում է Ակոբը իրեն մխիթարելու համար, բայց թախիծը թանձրանում է նրա աչքերում։

Հաճախորդը զայրանում է.

Տ՛ածիլե՞ս, թե չէ, և հայհոյում է։

Ակոբի աչքերը թարսութուրս են նայում, հաճախորդը վախենում է այդ աչքերից։ Ակոբը հանկարծ կարող է փոխել ածելու իսկական դերը։ Ակոբը մոտենում է հաճախորդին՝ ածելին ձեռքը։

Ի՞նչ կուզես, հարցնում է հանգիստ, բայց սարսափելի է այդ հանգիստ տոնը, որովհետև դա զայրույթի բարձրագույն կետն է։

Հաճախորդը մեղմացնում է ձայնը և աղաչական հարում.

Կուզեմ քի, ածիլես՝ երթամ։

Ակոբը քաշում է սրբիչը, մաքրում հաճախորդի երեսի օճառը և՝

Վերջացավ, յալլա՜…

Հաճախորդը վեր է կենում նստարանից, ֆեսը դնում և հեռանում, եզրակացնելով, որ ազատվեց ստույգ վտանգից։

Ուրիշ գործ չունիմ դե՝ իրեն երեսը տածիլիմ, մրթմրթում է Ակոբը հաճախորդի հետևից։

Մենք հեռանում էինք՝ Ակոբին թողնելով լուռ տանջանքում։ Իսկ նա մի սիգարա էր փաթաթում, քաշում արագ֊արագ, փակում կրպակը, գնում տուն, ճանապարհին աչքերը

երկնքին, տեսնելու համար թե ո՞ւմ աղավնիներն են ճախրում երկնքում։

Ակոբը տուն գնալուց հետո բարձրանում էր կտուրը, դուրս բերում իր աղավնիները, մոռանում Պեյրոսի չիլը․ ինքն էլ ունի փոքրասիական հռչակ վայելողներ։

Բռնում էր ոմանց, գլխները կոխում բերանը (դա նրա համբուրելու, սիրելու ձևն էր) և բաց թողնում։

Կտուրի վրա, Ակոբի գլխավերևը, զրնգում էին աղավնիների թևաբախումները։ Ամեն մի թևաբախման՝ Ակոբը ներքևից հափշտակությամբ բացականչում էր.

Օ՜խ, օ՜խ, թևերուդ ղուրբան, օ՜խ…

7

Մի օր, մի պարտված աղավնու տեր կանգնեց Ակոբի դռանը, հետն առած կողմնակիցներին, գրեթե բոլորն էլ Ակոբի աղավնիներից դաղված աղվընիկ խաղցնողներ։

Եկավ կանգնեց և գոռաց,

Դու՛րս եկուր։

Երբ Ակոբի կինը լսեց գոռոցը և փոքրիկ լուսամուտից տեսավ փողոցում կանգնած աղվընիկ խաղցնողներին, մանավանդ, երբ տեսավ փայլփլացող դանակը, գլխաբաց, նիհար, մոմի նման տժգույն ձեռքերը պարզած, վազեց դեպի կտուր տանող սանդուղքը։

Այդ ժամանակ Ակոբը դանդաղ, ծանր քայլերով իջնում էր կտուրից։

Դեմքն ամբողջովին այլափոխված էր, դողում էր զայրույթից։

Կինն ընկավ ամուսնու ոտը.

Ոտքդ պագնիմ, մ՚երթա։

Բայց Ակոբը հավի նման շպրտեց կնոջը․

Էրիկ մարդ իմ, շատ մի՛ խոսա։

Նա լուռ առաջացավ դեպի պահարանը, որի բանալին միայն իր մոտն էր լինում։ Բանալին ծակը խրելու հետ միասին կինն ընկավ սալահատակին՝ ուշագնաց։

Ակոբը բաց արավ պահարանը, դուրս բերեց հին, պապենական դանակը, քաշեց պատյանից, համբուրեց սառը պողպատը, նորեն դրեց պատյանը։

Աղջիկը տանը չէր, կինը մնաց սալահատակին ընկած։

Ակոբը երևաց դռան առաջ, և բոցավառվեց դանակը։ Հակառակորդները նահանջեցին, որովհետև Ակոբի կողմնակիցներն էլ վրա հասան։

Քիչ անց ոչ ոք չմնաց Ակոբի դռանը։ Ակոբը ներս մտավ հպարտ։

Նա տեսավ կնոջը ընկած գետնին, բարձրացրեց նրան, մի քիչ ջուր սրսկեց երեսին, և երբ կինն ուշքի եկավ, ասաց.

Հե՛չ ջիգեր չունիս, կնիկ, մեղք, որ ի՛մ կնիկս ես։

8

Բայց Ակոբի կնոջ սիրտը ուրիշ վերք էր կրծում, նա դանակից վախեցողը չէր, շատ էր տեսել, տեսել էր և ամուսնու արյուն թափելը, շատ անգամ էր նրա վերքը կապել։

Կինը մտածում էր այն մասին, որ աղջիկը մեծացել էր, և եթե ամուսինը ձեռք չքաշեր աղվընիկ խաղցնելուց, սիրուն աղջիկը տանն էր մնալու։

Առհասարակ, երբ աղավնի խաղցնողները հասակնին առնում էին, թողնում էին աղավնիները։

Մինչև անգամ շատերը թողնում էին ամուսնությունից անմիջապես հետո։ Բայց ոչ մի հույսի նշույլ չէր երևում, որ Ակոբը թողներ աղավնիները և խաղաղ զբաղվեր իր արհեստով։

Վա՛զ անցիր աղվընիկներեն, ա՜յ մարդ, աղաչում, պաղատում էր կինը, աղջիկ զավակ ունիս, տունը կմնա, մեղք է։

Ակոբը ցնցվում էր, մարմինը փուշ֊փուշ լինում, երբ կինն աղջիկ զավակի խոսքն էր անում։ Նրա հոգու առաջ ցցվում էին կաթնագույն աղավնիները և կաթնագույն ու սև մազերով աղջիկը, չէր կարողանում ազատվել մեկն ու մեկից, մռայլվում էր, տանջվում։ Թախիծը թանձր, մթին մշուշի նման իջնում էր ճակատի վրա և, չգտնելով ո՛չ մի ելք, ապտակում էր կնոջը և գոռում.

Նորեն սկսար վռվռալ, հերի՜ք է, մաշեցի՛ր։

Կանչում էր աղջկան՝ Լիլոյին, դիտում նրա հասակը, ձմերուկի կտերի նման սև աչքերը, թշերի կարմիրը, նստեցնում

ծնկանը, շոյում մազերը և արցունքոտ աչքերով շշնջում.

Գըզը՜մ չինար բոյլի գըզը՜մ…

Արցունքները չէին թողնում, որ շարունակի, վեր էր կենում, բարձրանում կտուրը, բաց թողնում աղավնիները դեպի պաղպաջուն և կապույտ երկինքը, մոռանում ամեն բան, մոռանում աշխարհն ու նրա չար օրենքները։

Երբ օդում զրնգում էին աղավնիների թևերը, մռայլը փարատվում էր Ակոբի աչքերից, ճակատի թախիծը սրբվում, և նրա ամբողջ դեմքը փայլում էր անձրևով լվացված կանաչի նման։

Բայց կինը հանգիստ չէր տալիս նրան, կրկնում էր անդադար.

― Աղջիկ զավակ ունիս, հողը դի՛ր, ազատվի։


Բայց Ակոբն ինչպե՞ս ազատվեր աղավնիներից։

Աղավնիների ամեն մի բմբուլը կապված էր նրա հոգու հետ։

Օրվա ամեն մի րոպեին, ինչ էլ որ աներ, քնած թե արթուն, նա ապրում էր աղավնիների հետ, լսում նրանց մրմունջը։

Փողոցում քայլելիս, հանկարծ մի թռչուն էր թռչում նրա գլխի վրայով։ Ակոբը ցնցվում էր և աչքերը հառում վեր։

Ես կարծեցի քի աղվընիկ է, ասում էր Ակոբը և ժպտում։

Թափվեց տիեզերքի ձյունը նրա գլխի վրա, դարձավ ալեխառն, նման իր մոխրագույն աղավնիներին, բայց հոգով մնաց մանուկ, ինչքան հասակն առավ, ավելի և ավելի մանկացավ։

Օրերով խանութը չէր բաց անում, որովհետև կարող էր հաճախորդին վշտացնել։

Ածիլած ժամանակ աչքը լուսամուտից դուրսն էր։

Երբ օդում աղավնիներ էր տեսնում, թողնում էր հաճախորդին, գալիս կանգնում էր դռան առաջ, ածելին ձեռքը, սպիտակ խալաթը հագին, մոռացած հաճախորդին՝ հրճվում էր ամբողջական հոգով։

9

Մի օր լուր տարածվեց քաղաքում, որ Հաջի Թումաս աղայի տղան՝ Արան «սեր էր կապել» աղվընիկ խաղցնող Ակոբի աղջկան։

Լուրն ապշեցուցիչ էր. հուզվել էր ամբողջ քաղքենիությունը, աղաների ընտանիքները, մեծից մինչև փոքրը։

Ծո՛, աղվընիկ խաղցնողի աղջիկը կսիրե, դիվանա է, ասում էին։

Սև մաղեցին տան վրա, ասում էին ուրիշները։

Լուրը շրջում էր բոթի նման, ահավոր աղետի նման։ Թումաս աղայի ընտանիքի հետ ոչ մի կապ չունեցողներն անգամ լուրն ընդունում էին սարսափահար։ Պառավներ կային, որ ծնկներին էին խփում. «Ծո՛, էսպես բան կըլլի՞, ի՞նչ ժամանակի մնացինք»։

Հաջի Թումասի ազգականներից ոմանք եկեղեցում մոմ վառեցին և աղոթեցին։

Լուրը ճիշտ էր, համառ։ Արան սիրահարվել էր Ակոբի աղջկան՝ Լիլոյին։

Հաջի Թումաս աղան հարևան էր Ակոբին, նրանց տան պարտեզներն իրար կից էին, միայն մի պարսպով բաժանված։

Արան՝ Հաջի Թումաս աղայի միջնակ որդին, նոր էր եկել Ստամբոլից, մոտ քսանհինգ տարեկան մի երիտասարդ էր։

Արան մանկուց էր կապվել Լիլոյին, միասին խաղացել էին, միասին բարձրացել էին կտուրը և աղվընիկ բռնել, շոյել և սիրել։

Իհարկե, տասը տարի մնալով Ստամբոլում, Արան մոռացել էր Լիլոյին, մինչև անգամ աղջկա դիմագծերն անհետացել էին նրա հիշողությունից, բայց վերադարձից երկու օր հետո, երբ տեսել էր նրան, կրակվել էր, բռնվել այնպիսի հրդեհով, որից ազատվելն անկարելի դարձավ։

Արան, կանգնած իրենց կտուրի վրա, երբ տեսել էր Լիլոյին պարտեզի ծառերից մեկի տակը, հին, ծանոթ եղանակով շվացրել էր։ Լիլոն անմիջապես գլուխը բարձրացրել, անձկագին աչքերով փնտրել էր շվացնողին և երբ տեսել էր Արային կտուրի վրա, բարձր և ուրախ ծիծաղել էր և թռել

ներս։ Լիլոյի ծիծաղը զրնգացել էր օդում, և Արան զգացել էր, որ բոցի մի մեծ լեզու գրկում է իրեն։

Եվ մի քանի օր հետո տեսել էին Արային իրենց պարտեզի պատերի վրայից, կես֊գիշերին, Լիլոյենց պարտեզը ցատկելիս, Լիլոն ծառի տակ։

Լուսնի լույս։ Խաղաղ, անհուն, կապույտ գիշեր։

Ահավոր տեսարան. Արան գրկել էր Լիլոյին, համբուրել, խոսել հետը երկար։ Արան եվրոպական զգեստով, օսլայած օձիքով և թևնոցով, Լիլոն՝ գրեթե կարկատաններով, ծաղկավոր գոգնոցով, գլխին՝ մի գունավոր թաշկինակ։

Արայի ընտանիքն ամենաուշը լսեց զարհուրելի իրողությունը․ իրենց տղան աղվընիկ խաղցնողի աղջկա հետ… Մութ, դժոխային իրողություն։ Արայի մայրը փակվեց տանը, ոչ եկեղեցի գնաց և ոչ էլ բաղնիս, իսկ Հաջի Թումաս աղան երկու օր խանութ չհաճախեց։ Ստեցին թե՝ «Հաջաղան հիվընդցեր է»։ Այնինչ նա տանը նստած՝ երկար մտածում էր և երկար խոսում էր կնոջ հետ։ Նախ որոշեցին կանչել Արային և խրատել, բայց հետո խոհեմություն համարեցին լռել միառժամանակ։

Ինադի չի բերենք, քիչ մի քու դամարեդ ունի, ասաց մայրը։

Աղջի՛, դամարի բան չէ, սարսաղցեր է, երևի կանցնի, մխիթարեց ինքն իրեն հայրը, բայց քաղքենիական ամոթը կրծում էր նրա հոգին։

Լուրը բոցավառվում էր քաղաքում, բերանները հանգիստ չէին առնում, կարծես աշխարհում ուրիշ ոչինչ չկար, որի մասին կարելի լիներ խոսել։ Հաջի Թումաս աղան՝ աղվընիկ խաղցնողի աղջիկը։ Արան և Լիլոն այս էր ամեն անկյունի խոսակցությունը։

Հաջի Թումաս աղան քաղաքում համարվում էր ամենահարուստներից մեկը, թեև մի փոքրիկ կրպակ ուներ քաղաքի շուկայում և այդ փոքրիկ կրպակում էլ ապակյա մի տուփ։ Այդ փոքրիկ ապակյա տուփը մի վիթխարի շտեմարան էր ստի, խարդախության, կեղծիքի։ Այդ տուփի մեջ ինչքա՜ն գյուղացիներ, փոքր առևտրականներ և արհեստավորներ խեղդվեցին։ Այդ տուփը կուլ էր տվել ընտանիքներ և անուժների ու անտերների ամբողջ մի սերունդ։

Հաջի Թումաս աղան սեղանավոր էր՝ փող էր մանրում։ Փող մանրելուց գրեթե վաստակ չկար, այսինքն՝ այնպիսի վաստակ, որից մեծահարուստ կարողանար դառնալ մարդ։ Այդ առևտուրը նրա համար քող էր միայն։ Մթնում, գաղտնի, նա վաշխառությամբ էր պարապում։ Բոլոր փոքր առևտրականները նրան պարտք ունեին, պարտք, որ ամեն տարի աճում էր, բոլոր կանանց գոհարները պահ էին տրված Հաջի Թումասին, նա ձեռքի տակ ուներ հողեր, ագարակներ և տներ, իբրև գրավական։

Այդ տուփից էր կախված գրավականների տերերի գոյությունը։

Հաջի Թումաս աղայի ընտանիքն ապրում էր ճոխ, շռայլ մի կյանք։ Հարսները զարդարվում էին ոսկիներով և թանկագին քարերով, որդիները ամեն տարի ճանապարհորդություն էին կատարում ծովեզերյա քաղաքներ, իսկ Հաջի Թումաս աղան ինքն ապրում էր արտաքուստ խեղճ մի կյանք, հագնում էր կարկատած, հին մի վերարկու, խունացած և ծնկները մաշված մի շալվար, ձեթոտ մի ֆես, ձեռքի գավազանը մի քանի անգամ կոտրվել էր շների վրա, բայց նորը չէր գնել, այլ թիթեղով ամրացնել էր տվել։ Երբ պարտատերերը նրան մոտենում էին պաղատանքով, Հաջի Թումաս աղան կռացնում էր գլուխը մի ուսի վրա և պատասխանում․

Ես ըլ քըզի պես ֆուխարա մարդ իմ, տե՛ս, վրես֊գլոխս տես։

Իսկապես, այդ վաշխառուի արտաքինը ֆուխարայի՝ աղքատի տեսք ուներ։ Ո՞վ կարող էր համարձակվել նրա երեսին տալ այդ արտաքին կեղծիքը։

Էդպե՞ս է, ախպար, տո՛ւր փարաս, գնա քու գործիդ, նե՛ առինք, ն՛ե տվինք։

Այսպես էր պատասխանում Հաջի Թումաս աղան այն մարդկանց, որոնք հանդգնում էին երեսին տալ կեղծավորությունը։

Եվ մարդկանց արյունից ու քրտինքից կաթում էին կարմիր ոսկու կաթիլները և լցվում ապակյա փոքրիկ տուփի մեջ։

Մի գիշեր Հաջի Թումաս աղան չքնեց։ Նրա քունն առհասարակ փախել էր այն օրից, երբ լսել էր զարհուրելի լուրը։ Այդ գիշերը, համրիչը ձեռքին, նստել էր բազմոցի վրա, աչքերը

գետնի խալիչային հառած, քաշում էր ու տանջվում։ Ամեն քաշելուն կենտ էր դուրս գալիս։ Նորից էր քաշում՝ էլի կենտ։ Նույնիսկ մի անգամ գիտակցաբար համրիչի հատիկներն այնպես սարքեց, որ կենտ չընկնի, բայց էլի կենտ ընկավ։ Սարսափեց։

Կինը ներս մտավ և տեսավ, որ Հաջի աղան մտադրություն չունի քնելու։ Հարցրեց․

Քա՜, ինչո՞ւ լաթերդ չես հաներ, լաթերդ հանե, պառկի՛ր։

Ինչ որ կ՚նիմ, թաք կըյնի, կնի՛կ, ասած սարսափած։

Վո՜ւյ, աչքս քոռանա։

Միտքս ուրիշ է, շարունակեց Հաջի Թումասը, կուզիմ աչքովս տեսնամ՝ Արայի համար խոսվածները իրա՞վ են։

Եվ կես֊գիշերին Հաջի Թումաս աղան ու իր կինը, գաղտնի, գուլպաներով, բարձրացան կտուրը, պահվեցին լողի հետև։

Բավական սպասելուց հետո Հաջի Թումասը շշնջաց կնոջ ականջին.

Աղջի՛, տե՛ս, բոզը բաղչան մտավ, երբ տեսավ Լիլոյին տնից պարտեզ մտնելիս, վրան սպիտակ մի սավան գցած։

Լիլոն եկավ, մոտեցավ մեծ ծառին։ Հաջի Թումասն ու նրա կինը միայն այդ ժամանակ նշմարեցին, որ Արան արդեն ծառի տակն էր։ Լողի հետև պառկած՝ Արայի ծնողները կծկվեցին, հազիվ շնչում էին։ Արան գրկեց Լիլոյին։

Աննամո՜ւս… շշնջաց մայրը։

Ձանը՛դ, սաստեց Հաջի Թումասը։

Երթանք վար, վրաս թասա էկավ, առաջարկեց մայրը։

Եվ նրանք կտուրի վրա սողացին անասունների նման, քայլելով ծնկների և ձեռքերի ափերի վրա և կորսվեցին։

Ներքևում մայրը զարկավ ծնկներին և ողբալով լաց եղավ՝ կարծես որդու դագաղն էր դրված առաջը։

Լացով ի՞նչ կըլլի, ուրիշ բան պետք է էնինք։

Հաջի Թումաս աղան շատ լուրջ և խոր ձայնով հայտարարեց․

Եթե ես էս կապը չի կըյրեցի, ալեմը թող վրաս… նի։

Մայրը հանգստացավ։ Թող այդ կապը մի կերպ կտրվի, ինչ ուզում է լինի։

10

Ակոբը ոչ մի լուր չուներ Լիլոյի և Արայի հարաբերությունների մասին։ Նրա հետ շատ քչերն էին խոսում և կապ պահում։ Իսկ Ակոբն էլ միայն զբաղված էր աղավնիներով։ Նա բարեկամ էր միայն աղավնիներին և մանուկներին։ Բայց կինը գիտեր Լիլոյի սիրո մասին և պարտականություն համարեց ասել ամուսնուն, չթաքցնել նրանից, վերջապես հայրն էր, իրավունք ուներ իմանալու։

Լիլոյիս բախտը վարդի պես բացվավ, աստված էրեսը նայեցավ, վերջացրեց մայրն իր պատմությունը։

Աղջի՛, սուտ կխոսաս, հա՜, հարեց Ակոբն ուրախությունից։

Լիլոյիս թաղեմ, երդվեց մայրը։

Փա՜ռք քըզի, աստվա՜ծ, ճերմակ աղվընկաս պահապան եղիր, վերջացրեց Ակոբը։

Ծնողները որոշեցին այնպես ցույց տալ Լիլոյին, որ հայրը ոչինչ չգիտե այդ մասին։ Լիլոն ամաչում էր հորից, բայց մորը պատմում էր Արայի բոլոր ասածները, բոլոր խոստումները։

Մայրի՛կ, Արան կըսե քի՝ աշխարհը մեկ կողմ, դուն մեկ կողմ, ասում էր Լիլոն։

Իսկ մայրը լաց էր լինում ուրախությունից և պատասխանում․

Երկար ու կանաչ արև ըլլի:

Եվ մայրը կես֊գիշերին զարթնեցնում էր աղջկան.

Լիլո՛, աղջի՛, ելի՛ր, տղան բաղչան է։

Լիլոն վեր էր թռչում և վազում պարտեզ քնաթաթախ աչքերով, իսկ մայրը սրտատրոփ սպասում էր պարտեզի դռան հետև, մինչև աղջիկը վերադառնար, պառկեցներ անկողնում, ծածկեր վրան, համբուրեր և մի աղոթք մրմնջելուց հետո գնար և մտներ Ակոբի ծոցը։

Մի գիշեր Արան մի մատանի դրեց Լիլոյի մատը։ Լիլոն համբուրեց մատանին և շշնջաց.

Ստամբոլ երթանք, դնիմ մատս։

Ինչո՞ւ հիմա չես դներ, հարցրեց Արան։

Հայրս կտեսնա, աղեկ չէ, պատասխանեց Լիլոն։

Մատանիի նվերից հետո Լիլոն երեք օր նստեց տանը, սեխի կուտ փռճեց, հետո աղով բովեց և սպիտակ տոպրակի մեջ լցրաձ՝ տարավ գիշերը բաղչան, տվեց Արային.

Ուրիշ բան չունիմ. շշնջաց Լիլոն ամաչկոտ։

Արան համբուրեց նրան և միասին կերան ու խոսեցին։

Մի օր էլ Լիլոն մորը խնդրեց, որ մի աղավնի մորթի, կարմրեցնի, որպեսզի, երբ Արան գա, նրան հյուրասիրի.

Հայրդ իմանա, մեզի կկախե, պատասխանեց մայրը, բայց և մտքում որոշեց ասել Ակոբին, թերևս զիջի և կատարված լինի Լիլոյի ցանկությունը։

Ակոբն անմիջապես ընդառաջ գնաց.

Իմ բյուդուն աղվընիկներս Լիլոյիս ղուրբան կենիմ։

Լիլոն կարմրած աղավնին փաթաթեց սպիտակ լավաշի մեջ, մայրը տվեց նրան իր սնդուկի մի անկյունում հնուց պահված մի մետաքսյա թաշկինակ։ Լիլոն ծրարեց աղավնին ու լավաշն այդ թաշկինակի մեջ, և երբ Արան եկավ պարտեզ, բաց արավ և հյուրասիրեց նրան աղավնու թանկագին մսով։

11

Այսպես Լիլոն ապրում էր իր կյանքի երջանիկ օրերը։ Նրա հետ միասին և նրա ծնողները, տեսնելով իրենց աղջկա բախտավորությունը։

Երջանկության այդ օրերին Լիլոյին տանջում էր մի բան. բոլորը, բոլորը հորն անպատվելու համար հայհոյում էին իրեն, հայհոյում էին ամենալկտի կերպով։

Երբ աղվընիկ խաղցնողն ամուրի էր, իրեն էին հայհոյում, երբ կին ուներ, կնոջն էին հայհոյում, իսկ երբ աղջիկ ուներ՝ աղջկան։

Երբ Լիլոն դեռևս փոքրիկ մանուկ էր, հայհոյողները կնոջն էին հայհոյում.

Վա՛յ, ես քու կնկանդ…

Բայց երբ Լիլոն մեծացավ, մազերը հասան մինչև կրունկները, լցվեցին կրծքերը, թշերն ու շրթունքները նռան նման կարմրեցին, բոլորն էլ մոռացան կնոջն ու սկսեցին հայհոյել աղջկան.

Վա՛յ, ես քու աղջկանդ…

Հաջի Թումաս աղայի որդու դեպքն առիթ դարձավ, որ հայհոյանքներն ավելի սաստկանան, ստանան ավելի թանձրացյալ գույն, ավելի գռեհիկ, ավելի լկտի, ավելի պատկերավոր։

Լիլոյի խեղճ մայրն ավելի ընկավ ամուսնու հետևից։ Մոր համար անլուծելի պրոբլեմ էր հասած աղջիկը տանը։

Ա՛յ մարդ, քիչ մը մտմտա՛, մեղք է աղջիկս։ Աստված, երթայի Ստամբոլ, մուրայի ու ապրեի։

Իհարկե աղջկան ուզողներ կային, բայց բոլորն էլ աղվընիկ խաղցնողներ էին, իսկ Լիլոյի ծնողները երդվել էին, որ նրան աղվընիկ խաղցնողի չտան։

Լիլոն դպրոցը կիսատ էր թողել, որովհետև դպրոցի ուսուցիչներն անգամ նրան արհամարհում էին իբրև աղվընիկ խաղցնողի աղջկա։ Երբ դասը մի քիչ վատ իմանար՝ անմիջապես բարկանում էին ուսուցիչները․

Հը՞, հարըդ աղվընիկ կխաղցնե՞։

Ակոբն ի՞նչ կարող էր անել, ինչպե՞ս կարող էր փակել քաղաքի բերանը։

Ես ըլ բյուդունի կնիկներն ու աղջիկները… փոխադարձ հայհոյում էր Ակոբը և իրեն մխիթարում։

Բայց հետագայում Ակոբն ինքն էլ զգաց, որ դա ոչնչով չէր կարող թեթևացնել աղջկա զազրելի բեռը, միտք արավ և գտավ ճարը մորուք թողեց, որպեսզի հայհոյողները մոռանային աղջկան և իր մորուքին հայհոյեին։

Կինը չհասկացավ մորուք թողնելու նպատակը և շարունակեց հետապնդել ամուսնուն՝ մտածելու աղջկա բախտի մասին, աղջկա պատվի մասին, իսկ Ակոբը պատասխանեց.

Շատ մի՛ վռվռա, իշտե մորուք թողեցի։

Իհարկե, դա էլ չօգնեց, որ մարդիկ մոռանային աղջկան,

նրանք շարունակեցին հայհոյել նրան, երբ տեսնում էին Ակոբին կտուրի վրա։

Վա՛յ, ես քու աղջկանդ…

Ակոբը երբ իջնում էր կտուրից և տեսնում աղջկան աղի արցունքներ թափելիս, հարցնում էր․

Լիլո՛ս, ճերմակ աղվընի՛կս, ինչո՞ւ կուլաս։

Նորեն քֆրեցին։

Ակոբը բռնում էր մորուքը, հոգոց քաշում և հեռանում։

Ակոբը առանձին սիրով էր սիրում աղջկան։ Այն օրից, երբ կնոջից լսեց նրա բախտավորությունը, ապրում էր երջանկության մեջ։ Աղջկա պսակից հետո, մտածում էր նա, չկար ոչ մի արգելք իր կյանքի ճանապարհին, նա կարող պիտի լիներ ֆեսը ծռել ու ման գալ, էլ աղջիկ չուներ, որին հայհոյեին, էլ աղջիկ չուներ, որի տանը մնալը տանջանք պատճառեր, կարող էր ամբողջովին նվիրվել աղավնիներին…

Օրերով նա խանութը բաց չէր անում, որպեսզի իրեն չպատմեին Լիլոյի շուրջը պտտած բամբասանքը, որպեսզի կատարված իրողության առաջ չգտնվեր։ Այդ լուրն ուրիշներից լսելուց հետո ի՞նչ էր պարտավոր անել նա. օտար տղան մտնում էր իր պարտեզը, գրկում էր իր աղջկան և համբուրում։ Ի՞նչ էր պարտավոր անել տղամարդ ծնողը, մի՞թե նա պետք է տաներ այդ ահավոր անպատվությունը։ Տղամարդ ծնողի համար միայն մի ելք կար. դուրս քաշել պապենական հին դանակը և շողացնել հարազատ աղջկա վզի վրա։ Ակոբը սարսափում էր այդ հեռապատկերից, գիշերները կոշմարներ էր ապրում, վեր էր ցատկում անկողնից, ման էր գալիս տանը, մթնում, մի անկյունում նստած, ծխում էր ու հառաչում։

Բայց մինչև ե՞րբ խանութը փակ պահեր, հարկավոր էր ապրել։ Որոշեց կարևորություն չտալ և հաջորդ օրն իսկ գնալ խանութ։ Բայց եթե հանկարծ լսեր քաղաքի բամբասանքը, հենց առավոտյան մեկը տնկվեր դեմը և պատմեր։ Ո՛չ, նա խանութը չի բանա։

Ակոբը որոշեց զոհել իր սրտի կեսը Լիլոյի սիրույն և հինգ կարմիր ոսկով ծախեց իր լավագույն ճինս աղավնիներից մի զույգ։ Այդ զույգ աղավնիները նրա ամբողջ սիրտն

էին, բայց որովհետև նրանցից ձագեր էր ունեցել, հաշվում էր սրտի կեսը։

Ակոբը, երբ ոսկին առավ և ծոցից դուրս բերեց թանկագին աղավնիները և հանձնեց գնողին, նրա աչքերից արցունքի կաթիլներ կաթեցին աղավնիների փետուրների վրա։

Աղավնիների վաճառքից հետո Ակոբը մտավ տուն տխուր և աչքերը կարմրած։ Լիլոն մոտեցավ, գրկեց նրան։

Լիլո՛ս, աղվընի՛կս, քըզի համար բյութուն աղվընիկներս ղուրբան կենիմ։

Լիլոն զգաց հոր խորունկ սերը և նրան թվաց, որ թափած արցունքն ավելի թանկագին է, քան այն մատանիի ադամանդը, որ Արան էր նվիրել իրեն։

Հայրի՛կ, շշնջաց Լիլոն, քու ոտքդ վլամ (լվամ), ջուրը խմիմ։

Աղվընի՜կս․․․ ճերմա՜կ աղվընի՛կս․․․

Նրանք փաթաթվեցին իրար։

Ակոբն էլ բաց չարավ խանութը, հինգ ոսկին բավական էր մեկ տարի ապրելու համար։

12

Հաջի Թումաս աղան որոնեց Արայի աչքին Լիլոյին վարկաբեկելու բոլոր միջոցները, երբ որդին գրոշի արժեք չտվեց Լիլոյի հոր աղվընիկ խաղցնելու հանգամանքին։

Կերթամ Ստամբոլ, վո՞վ կգիտնա, վճռականապես հայտարարեց Արան։

Հաջի Թումաս աղան իր մոտ կանչեց Արայի պառավ մորաքրոջը, իր քենուն, նրան տվեց մի քուրք և պատվիրեց հայտնել մի կերպ Արային, որ տեսել է բաղնիսում Լիլոյին, փորի ու մեջքի վրա ամբողջ վերք։

Արայի մորաքույրը, չար մի պառավ, չեչոտ երեսի համար ամուրի մնացած, ամբողջ կյանքում ոչ մի տղամարդ ոչ մի րոպեով չէր սեղմել նրան իր կրծքին, կրկնապատկեց իր ատելությունը դեպի ջահել և սիրուն կանայք ու, գնալով Արայի մոտ, սկսեց.

Արա՛, հոգուդ ղուրբան, ինծի լսե, աղվընիկ խաղցնողին աղջիկը բաղնիսին մեջ չըպչըպլախ տեսա։

Տեսա՛ր, տեսա՛ր, արհամարհանքով և զզվանքով շպրտեց Արան և երեսը շուռ տվեց։

Քա՜, ինծի՛ լսե, կըսիմ փորի ու մեջքի վրա յարա կար, ասքան, շարունակեց չար պառավը՝ երկու ձեռքերի ափերն իրար միացնելով։

Պառավը տեսավ, որ ասածն ազդեց, երիտասարդ տղան ցնցվեց ահավոր հայտնությունից և գլուխը կախեց։

Աչքովդ տեսա՞ր, հարցրեց ի վերջո։

Աս աչքերովս, ստեց պառավը։

Այդ իրիկուն իսկ Արան, Լիլոյին գրկելիս, տարօրինակ կերպով ձեռքը տարավ նրա փորին և ուժգին սեղմեց մեջքը։ Լիլոն իրեն վերք ունեցողի նման չպահեց, բայց նրան տարօրինակ թվացին Արայի այդ իրիկվա ձևերը։

Ըսե, ի՞նչ կա, ի՞նչ ես լսել։

Արան հայտնեց անկեղծորեն լսածը, որից պարզվեց Լիլոյի համար, թե ինչո՞ւ սեղմեց մեջքը և ձեռքը տարավ վարին, մի բան, որ երբեք նա չէր փորձել դրանից առաջ։

Լիլոն չպատասխանեց, աչքերը տխուր հառեց Արայի վրա և սիրտը փլվեց, սկսեց հեկեկալ և, փախչելով Արայի գրկից, մտավ տուն։

Մայրը նրան սպասում էր քնաթաթախ աչքերով, պարտեզի դռան հետևում, աղորիքի քարի վրա նստած։ Լիլոն ընկավ նրա գիրկը, արցունքների մեջ խեղդված։ Խեղճ մայրը պատճառը հարցրեց, բայց Լիլոն ոչինչ չկարողացավ ասել, բուռն արցունքները խեղդեցին նրա կոկորդը։ Մայրը վազեց դուրս։ Արան դեռևս կանգնած էր ծառի տակը, մտամոլոր և տխուր։

Աչքիս լույսը, Լիլոյին ինչո՞ւ ես լացուցեր։

Արան պատմեց եղելությունը և ավելացրեց.

Ես չեմ հավտար, բայց Լիլոն չըսավ, թե սուտ կսեն։

Լիլոյի մայրը բռնեց Արայի ձեռքը հարազատ մոր նման, համբուրեց նրան և խաչ հանելով՝ շշնջաց.

Օղո՛ւլ, էդպես բան չկա, լուսնկայի պես մարմին ունի, աչքս քոռնա, որ սուտ ըսեմ, թե չես հավտար՝ պսակի երթալեն առաջ չպլխցնիմ, տե՛ս։

Արան գրկեց Լիլոյի մորը և ողողեց նրան համբույրներով։ Միասին առաջացան դեպի պարտեզի դուռը։ Մայրը մտավ ներս և դուրս բերեց Լիլոյին։ Լիլոն փաթաթվեց Արային։

Շուտով քեզ տանիմ Ստամբոլ, խալըսինք էս կրակեն։

Հա, օղո՛ւլ, հա՛, տար, շշնջաց մայրը։

Բայց Հաջի Թումաս աղան սրանով չվերջացրեց իր ինտրիգները։ Նա մեկին ուղարկեց Արայի մոտ՝ թե ինքը աչքով տեսել է, որ Լիլոն փոքր եղած ժամանակ ընկել է փողոցում, մի ուրիշին ուղարկեց այն մտքով, թե Լիլոյի քեռին գժվել է ու մեռել, աղջիկը կարող է ժառանգած լինել այդ հիվանդությունը, մի երրորդին՝ թե Լիլոն բարակ ցավ (թոքախտ) ունի, վերջապես հազար ու մի միջոցներով ճգնեց տան «նամուսը» փրկել, պատճառ եղավ, որ որդին օրերով տանջվի, խեղճ անմեղ աղջիկը բոլոր մարդկանց բերաններում ծամոն դառնա։

Այդ բոլորն անցան անօգուտ, որովհետև Արան եկավ ի վերջո վճռական եզրակացության․

«Ինչ կուզե ըլլի, իմ խաբուլս է», պատասխանեց բոլոր բամբասանքներին։

Հաջի Թումաս աղային էլ հրահրում էին, հանգիստ չէին տալիս բոլոր ազգականները, հարևանները, ծանոթները։ Ով տեսներ Հաջի Թումաս աղային՝ պարտականություն էր համարում մի բան ասել.

Եգու տես, որ նամուսդ սոխախն (փողոցը) է նետեր տղադ։

Հա՛, չիգար բարով, պատասխանում էր հայրը։

Հաջի Թումաս աղայի պատիվը վերջնականապես դրված էր խարույկի վրա, հանկարծ նա կարող էր կորցնել ընտանեկան համբավը՝ խնամի դառնալով աղվընիկ խաղցնող Ակոբին։

Ես ընծի կկախիմ, հայտարարում էր Հաջի Թումաս աղան, ասկե ետքը ապրելը հարամ է։

Տե՛ս, հեչ մեկս հարսնիքի չենք գար, հա՜, սպառնում էին բարեկամներն ու ազգականները։

Եվ ատելությունը գնալով խորանում էր։

Երբ մայրը հայտնեց Արային, որ ոչ ոք, ոչ մի «շնորհով մարդ»

հարսանիքի ներկա չի լինի, խայտառակություն է, որդին պատասխանեց մորը․

Չոբաններ ու համալներ կկանչիմ, շուներ կհրավիրիմ, շուներ, հասկցա՞ր։

Մայրը հուսահատվեց և սկսեց որոնել դառն իրողության հետ հաշտվելու միջոցներ։

Թող առնե, երթա Ստամբոլ, մենք ըլ հողը մտնենք, ասաց նա Հաջի Թումասին։

Կնի՛կ, թամամ սարսաղցեր ես, մտնամ հողը, շատ աղեկ, հողին տակը հանգիստ կըլլի՞մ հարց տվեց Հաջի Թումասը։

Բամբասանքը բոցավառվում էր քաղաքում, այրում էր Հաջի Թումաս աղայի գերդաստանի պատիվը։

13

Մի օր էլ, հուսահատված բոլոր միջոցներից՝ Հաջի Թումաս աղան իր մոտ կանչեց աղվընիկ խաղցնող Ակոբին։ Ակոբն ուզում էր չգնալ, կինն աղաչեց որ գնա։

Զահար հարսնիքի համար կանչեր է, ասաց կինը։

Հավը երազի մեջ կորեկ կտեսնա, հեգնեց Ակոբը։

Իհարկե, այս խոսքերից հետո նա զգում էր, որ մի լավ բանի համար չէր կանչում իրեն։ Հաջի Թումաս աղան, երկար տարիներ դրացի լինելով հանդերձ՝ պատվին չէր ձգել մի օր բարևելու։ Այնուամենայնիվ, պիտի գնար։

Ակոբը միտքը դրեց համբերատար լինել, իրեն չկորցնել, թերևս Լիլոյի համար մի բարի բան դուրս գար այդ բոլորից, թերևս, ո՞վ է իմանում, այդ գոռոզ մարդը խոնարհվել էր, խորտակվել էին նրա հպարտության աշտարակները։

Աղջի՛, մեյ մը երթամ, աչքին դպնամ, տեսնեմ ի՞նչ կըսե, հայտարարեց Ակոբը ու գնաց։

Ակոբը թեև որոշեց գնալ, բայց քայլերն առաջ չէին գնում, լավ բան չէր գուշակում։

Ակո՛բ, սկսեց հարուստ Հաջի Թումասը գոռոզ տոնով, քիչ մը աղջիկդ պահե, ամո՛թ է։

Ակոբը չհամբերեց, հարուստի գոռոզությունը զայրացրեց նրան։ Մինչև անգամ ամբարտավան հարուստը աթոռ

չառաջարկեց նրան, և այլևս սուտ չիմանալու ժամանակն անցել էր, բերանը բաց արավ.

Իմ աղջիկս բոզ չէ, որ ամչնամ, դուն քու ճերմակ մազերեդ ամչցիր։

Դուն իմ այերի (դիրքի) մարդ չես, որ հետդ խնամություն էնիմ, էս մեկը հասկցիր։

Շիտակ ես, Հաջի աղա, դու ինձմե շատ ցած ես, պատասխանեց Ակոբը և դառն ծիծաղեց։

Ամո՛թ է, վերջ տուր էս խայտառակությանը, հայտարարեց Հաջի Թումասը՝ ցանկանալով կարճ կապել։

Բայց Ակոբը չլռեց։

Մեծ տղադ Սամսոնեն բոզ բերեց, որու՞ կկլլեցնես, բոլոր արաբաջիները գիտեն, բերանս բանալ մի՛ տար, փա՜ռք աստծո, աղջիկս սուրբ է, անոր վյուջուդը էրիկ մարդ դահա չի տեսեր։

Մեր քաղաքից Սամսոն երթևեկող արաբաջիներն էին հայտնել այդ լուրը Ակոբին, որ Հաջի Թումաս աղայի որդու կինը Սամսոնի հանրատնից էր վերցրած։

Է՜հ, էնքան մոտը գնացեր են՜ք… հայտարարել էին կառապանները։

Հաջի Թումասը տեղեկություն ուներ այդ մասին, բայց քանի որ քաղաքում չէին բամբասում, լռել էր և հաշտվել իրողության հետ։ Քաղքենու համար ամեն կեղտ տանելի է, եթե այդ կեղտի մասին ոչ ոք ոչինչ չի իմանում։

Հաջի Թումասը զգաց, որ աստծո կրակը կարող է թափվել ամբողջ տան վրա, Ակոբի բերանը ոչ ոք չէր կարող փակել, ուստի նրան փող առաջարկեց, որ լռի։

Ես քեզմե հարուստ եմ, փարադ քըզի պահե, բերանս որ չեմ բանար, Արայի ազիզ խաթեր համար է, պատասխանեց Ակոբը և դուրս ելավ։

Ակոբը հանգիստ էր, որ ոչ մի խոսք չխնայեց ամբարտավան Հաջի Թումասին։

Լիլոյի մայրը սրտատրոփ սպասում էր Ակոբին։ Ակոբը խրճիթ մտավ տխուր։

Ի՞նչ ըսավ։

Հին դավուլը չալեց, կըսե քի դուն իմ այերես չես։

Դուն ի՞նչ ըսիր։

Քթին֊բերնին տվի, պատասխանեց Ակոբը և սկսեց սիգարեթը փաթաթել՝ մի երգ մրմնջալով քթի տակ։

Թարս չխոսայիր, վախենալով հարեց կինը։

Ակոբը մի սուր նայվածք գամեց կնոջ վրա և լռեց։ Այդ նայվածքից դողահար՝ կինը քաշվեց խոհանոց և գոգնոցի ծայրով սրբեց թաց աչքերը։

Հաջի Թումաս աղան չդադարեց պայքարելուց մի անմեղ աղջկա դեմ, չէր էլ կարող դադարեցնել, որովհետև ամբողջ քաղաքը խոսակցության մի նյութ ուներ. Թումաս աղայի տղան և աղվընիկ խաղցնող Ակոբի աղջիկը։

Մի օր էլ Հաջի Թումասն իր որդուն կանչեց մոտը, երկար֊բարակ պատմություն ըրավ ու առակներ պատմեց և ի վերջ առաջարկեց նրան իսկույն ևեթ մեկնել Ստամբոլ։

Շատ փարա կուտամ, գնա Ստամբոլ, էնտեղ կարգվիր, երեսս մի՛ տեսնար, հայտարարեց հայրը։

Որդին ընդդիմացավ։

Հո՛ս պիտի կարգվիմ։

Հաջի Թումաս աղան զայրացավ, լցվել էր համբերության բաժակը, ոչ մի խրատ, ոչ մի աղաչանք չօգնեց, պետք է դիմեր ծայրահեղ միջոցի։

Դուն իմ տղաս չես, դուն իմ ժառանգը չես, հայտարարեց անողոք հայրը։

Մեկ փարայի կարոտ չեմ, պատասխանեց որդին և դուրս եկավ տնից։

Այդ օրվանից Արան այլևս տուն չվերադարձավ։

14
Քաղաքում այս դեպքից հետո բամբասանքն ավելի և ավելի բոցավառվեց, հայհոյանքներն սկսեցին տեղատարափի նման թափվել Լիլոյի հասցեին։ Հաջի Թումասի սեղանից փշրանքներ կորզողները բարձրաձայն հայհոյում էին Ակոբի աղջկան, հայհոյում էին կտուրներից, փողոցից, անկյուններից, լուսամուտներից։ Լիլոն վեց ամիս էր, ինչ չէր կարողանում բաղնիս գնալ, բոլորն աչքները հառում էին նրա վրա և մինչև բաղնիս հասնելը բազմաթիվ անգամ լսում էր․

Ես քու…

Լիլոն լսում էր ու արտասվում։

Այս բոլորն ազդեցին աղջկա ոչ միայն հոգեկան, այլև մարմնական դրության վրա, օրեցօր սկսեց մաշվել։

Տա՛ր ընծի, ուր կուզես տար, ազատե ընծի էս կրակեն, աղաչում էր Լիլոն Արային։

Բայց Արայի նախկին ինքնավստահությունը չէր մնացել, փող չուներ, ապրելու դժվարություններ էր քաշում, հոր երեսից ընկած տղային ո՞վ մտիկ կտար։ Տնից դուրս գալու առաջին օրերն ազգականների մոտ էր ապրում, մի օր մեկի տանը, մյուս օրը ուրիշի, բայց սրանք էլ երես դարձրին։

Եթե աղվընիկ խաղցնողի աղջիկը չես թողուր, մեր տունը մի՛ գար, ազդարարեցին նրանք։

Պարզ էր. դա հոր պայքարի շարունակությունն էր։

Արան ստիպված եղավ փոխադրվել բազարի կեղտոտ խանը։ Նա ման էր գալիս քաղաքում կեղտոտված զգեստներով, շապիկը սևացած, մորուքը երկարած, շատերը նրան չէին էլ բարևում։

Արան հանդիպում էր իր եղբայրներին և անցնում էր անտարբեր, առանց ցույց տալու, թե մինչև անգամ մի օր ծանոթ է եղել նրանց։ Մի անգամ նա հանդիպեց մորը և գլուխը կախ անցավ, իսկ մայրը հազիվ իրեն գցեց մի մոտիկ ծանոթի տուն, արտասուքների մեջ խեղդված։

Վերջապես մայրը լուր ուղարկեց, որ փող կտա նրան, թող վերցնի աղջկան և գնա հեռավոր երկիր, իրենց աչքից հեռու։ Այս միտքը մայրը հայտնեց և մյուս որդիներին, նրանք էլ համաձայնեցին, որ լավ կլիներ հեռանար քաղաքից։ Մայրը մարդ ուղարկեց Արային և հայտնեց այդ մտադրությունը։ Արան շատ էր խեղճացել, այլևս նախկին համառությունը չշարունակեց և համաձայնեց.

Հա՛, թող փարա տա, երթամ։

Մի օր էլ Արան եկավ Լիլոյի մոտ թե՝

Մայրս խոսք է տվել փարա տա, քեղ առնիմ տանիմ Ստամբոլ։

Եվ Լիլոն սպասում էր այդ խոստումի կատարման։

Իսկ Ակոբի համար կյանքը դառնում էր անտանելի։ Անցնում էին օրեր ու շաբաթներ, և նա կտուր չէր բարձրանում

աղավնիները թռցնելու, միայն պատվիրում էր կնոջը՝ կտուր բարձրանալ առավոտյան, բաց անել թռչունների դռնակը և կուտ տալ։

Մեղք են աղվընիկները, ի՞նչ սունչ ունին։

Հետզհետե օրերը կապարի ծանրություն էին ստանում, աղորիքի քարի նման չոքում վզին։ Փակված տանը՝ ծխում էր ու հառաչում։

Լիլոյի համար դառն էր տեսնել, որ իր պատճառով հայրը կորցրեց նախկին երջանկությունը։ Արայի վիճակը մի կողմից, հորը և մորը վիճակը մյուս կողմից՝ մռայլում էին Լիլոյին, մահացու հարվածներ հասցնում նրա առողջությանը։

Աշխարհք չի գայի բարով, ասում էր Լիլոն և լաց լինում։

Ակոբը մի քանի անգամ որոշեց ծախել աղավնիները, ոչնչացնել տուն֊տեղ, գնալ մի ուրիշ քաղաք, թերևս մի ուրիշ երկիր, որպեսզի մարդիկ մոռանային, թե ինքը եղել էր աղվընիկ խաղցնող, բայց արդեն ուշ էր, որովհետև Լիլոն պաղատում էր.

Ընծի մի՛ մորթեր, Արան ու՞ր թողունք էրթանք։

Իսկ Արան չէր համաձայնում հեռանալ քաղաքից՝ Լիլոյի հոր անձուկ միջոցներով։

Քիչ մ՚ալ սպասե, մայրս խոստացեր է։

Որքան որ Ակոբը որոշում էր ծախել աղավնիները և հեռանալ քաղաքից, բայց սարսափում էր այդ հեռապատկերից։ Գիշերը, կես֊քուն, կես արթուն, տեսնում էր՝ ինչպես սարսափելի դեմքով մարդիկ բարձրացան կտուրը, բաց արին աղավնիների դռնակը և տանում են, տանում։ «Չեմ տար, մի՛ տանիք», գոռում էր քնի մեջ, վեր էր ցատկում այսահարի նման, ոտաբոբիկ բարձրանում կտուրը, բաց անում դռնակը, մտիկ տալիս աղավնիների մրմունջին, հանգստանում և իջնում ներքև։

Սկզբում, երբ Ակոբը քնի մեջ բղավում էր, Լիլոն և մայրը շատ էին վախենում, կարծում էին, որ խենթության նախանշաններ են, ահա շուտով պետք է խենթանա, ընկնի փողոցները, բայց հետզհետե վարժվեցին։

Վերջապես Ակոբը որոշեց ոչ թե ծախել թռչունները, այլ մորթել, ոչնչացնել, որովհետև նա չէր կարող հաշտվել այն

մտքի հետ, որ աղավնիներն ապրեին, լինեին ողջ, թռչեին, մրմնջեին և իրը չլինեին։

Մի առավոտ Ակոբը հայտնվեց կտուրի վրա։ Երկար ժամանակ էր նա կտուր չէր բարձրացել։ Բարձրանալիս Լիլոն տեսավ հորը։ Նրա դեմքը պարզապես զարհուրելի էր, ավելի զարհուրելի, քան երբ դանակը վերցնում էր և փողոց դուրս գալիս կռվի, կարծես նա չափազանց նիհարել էր և ծերացել։ Լիլոն անմիջապես վազեց մոր մոտ, չկարողանալով ոչինչ ասել, փաթաթվեց նրան և սկսեց հեկեկալ։

Ինչո՞ւ կուլաս։

Լիլոն հազիվ կարողացավ արտասանել.

Հայրի՛կը…

Մայրը վազեց դեպի կտուրը։

Ակոբը բարձրացավ կտուրը, բաց արավ աղավնիների դռնակը, դուրս թռան աղավնիները, նրանց համերգը տարածվեց օդում, նրանցից շատերը թառեցին Ակոբի վրա, կարծես կարոտել էին։ Ակոբը լուռ կանգնեց պահ մի, հետո դարձավ հեռավոր կապույտ սարի հետևից բարձրացող արևին, հանեց ֆեսը, բռնեց աղավնիներից մեկը, քաշեց դանակը… արյունը ժայթքեց նրա կրծքի սպիտակ շապիկի վրա, բռնեց երկրորդ աղավնին, բայց ձեռքերը թուլացան, դանակն ընկավ գետնին։

Այդ ժամանակ էր, որ կինը բարձրացավ կտուրը, տեսավ արյունոտ դանակը գետնին, ամուսնու արյունոտ կուրծքը և սարսափահար նրա աչքերը։ Կինը չնշմարեց աղավնին, որ ընկած էր մի քանի քայլ հեռու, և կարծեց, որ ամուսինը դանակով վիրավորել է կուրծքը։

Կտուրի վրա բարձրացավ աղիողորմ ճիչ։ Լիլոն վազեց վեր, փաթաթվեց մեկ մորը, մեկ հորը։

Ներքևից դիտողները չիմացան, թե ինչ էր կատարվում, ոմանք կարծեցին, թե աղվընիկ խաղցնող Ակոբը կնոջն էր ծեծել։

Երբ Լիլոն հորը ցած իջեցրեց կտուրից, ներքևից մարդիկ աղջկան հայհոյեցին և անցան։

Իսկ աղվընիկ խաղցնողը, արցունքոտ աչքերով, սեղմեց իր մեկ հատիկ աղջկան աղավնու արյունով ներկված իր կրծքին և շշնջաց.

Լիլո՛ս, աղվընի՛կս, իմ բյութուն աղվընիկներս ոտքերիդ ղուրբան էնիմ։

Եվ սկսեց լաց լինել այդ ալեխառն գլխով մանուկը, թափելով կոպերն այրող արցունքներ։

Այս բոլորն աղետալի կերպով անդրադառնում էին Լիլոյի հոգու վրա և ի վերջո ֆիզիկականի վրա։ Նա օրեցօր տժգունում էր, աչքերի ներքևում կամարաձև կապուտցան, նիհարեց, սիրտն արագ֊արագ խփում էր։

Սիրտս կուզե դուրս թռի, ասում էր։

Իսկ մայրը նրան մխիթարում էր.

Ջահելություն է, կանցնի, մի՛ մտմտա։

Լիլոն չէր կարող չմտածել։ Հոր, մոր և Արայի թշվառությունը նրա հոգում կաթեցնում էր դառնության հեղուկը։

15

Մի գիշեր Արայի մայրը որոնեց Հաջի Թումաս աղայի գրպանները և գտավ երկաթե սնդուկի բանալին, սնդուկի, որտեղ նա պահում էր իր հնչուն դրամը, մուրհակները և առևտրական բոլոր փաստաթղթերը։ Կինը դողահար, սարսափահար հանկարծ Հաջի Թումասը զարթներ վառեց լուցկին՝ տեսնելու, թե սնդուկի մեջ ո՞ր կույտն է ոսկիների կույտը։ Որոնեց նա իրար վրա դարսված մի շարք, լցրեց գոգնոցի գրպանը, փակեց սնդուկը, իջավ սանդուղներից, բաց արավ ածխանոցը, պահեց ոսկիները ածուխների տակ՝ հենց գոգնոցով միասին և վերադարձավ ննջարան, մտավ ամուսնու անկողինը։ Հաջի Թումաս աղան խոր քնած էր։ Ստուգելու համար, թե իսկապես ամուսինը քնա՞ծ է, թե ոչ, մի քանի անգամ ձայն տվեց.

Հա՛ջ աղա, Հա՛ջ աղա, քա՛, Հաջ աղա, քըզի կըսիմ։

Հաջի աղան չզարթնեց։ Բայց կինը մինչև առավոտ չքնեց։ Առավոտյան նա շուտ վեր կացավ, առաջին գործը եղավ փոխել ոսկիների թաքստոցը, և դիտմամբ չզարթեցրեց ամուսնուն, որ ուշանա խանութից և վեր կենալուն պես շտապի դեպի շուկա, որովհետև երբեմն պատահում էր, որ Հաջի աղան տան բոլոր անդամներին դուրս էր հանում,

բաց անում երկաթե սնդուկը, ստուգում բովանդակությունը կամ մի որևէ փաստաթուղթ վերցնում և ապա խանութ գնում։

Աղջի՛, ինչո՞ւ չես արթնացուցեր, առուտուրս խարաբ եղավ, ասաց Հաջի Թումասը և, առանց նախաճաշի, աճապարեց դեպի շուկա։

Արան կեսօրից հետո թակեց պարտեզի դուռը և կանչեց մորը։ Մայրը նրան համբուրեց, լաց եղավ և տվեց ոսկիները։

Հարսնիք֊մարսնիք մ՚էներ, աղջիկը առ ու գնա՛, հայրդ ինադի է ընկեր։

Արան համբուրեց մորը մի քանի անգամ և խոր տաքություն զգաց նրա շնչից։

Մայրը լացով բաժանվեց որդուց։

Արան փողը ստանալուց հետո անմիջապես չվազեց Լիլոյի մոտ։ Նա տխուր կանգնեց պարտեզի պարսպի տակ և գլուխը կախեց։

Լիլոն հիվանդ էր։ Արան չէր կարող ոսկիներն անմիջապես օգտագործել․ ինչպե՞ս հիվանդ աղջկան վերցներ անկողնից և հեռանար քաղաքից։

Նա քայլեց, դարձավ մյուս փողոցը և կանգ առավ Լիլոյենց պարտեզի դռան առաջ, որտեղից նա մտնում էր ներս, Լիլոյին տեսնելու։

Պարտեզից, պարսպի վրայով, փողոց էր կախվել նոր ծաղկած ծիրանու մի մեծ ճյուղ, օդում անսահման թարմություն կար, գարնան վրա կապույտ երկինքն էր կախվել, և ամպերի սպիտակ շղարշներ էին սահում։

Արան նայեց վեր և օրորեց գլուխը, ձեռքը խրեց պարտեզի դռան կողքի ծակից ներս, բաց արավ դուռը և քայլեց ներս։ Պարտեզում ծաղկել էին նշենիները և ծիրանենիները, հողը փխրուն էր ու նոր տաքացած, առվի եզերքների խոտերը կանաչել էին և վառվում էին զմրուխտի նման։ Գարունը հորդում էր։

Արան, գլխիկոր, կարկատած և կեղտոտ զգեստներով, մտավ Լիլոյի տունը։ Մայրը չէր երևում, գլուխը կոխեց խոհանոցը, այնտեղ էլ չէր։ Բարձրացավ վեր, ոտների ձայնից և սանդուղների ճռնչոցից Լիլոյի մայրը ցատկեց սենյակից դուրս։

Արան ոգևորվեց։

Մայրի՛կ, շշնջաց նա՝ բռնելով Լիլոյի մոր ձեռքը, փարա ունիմ, կերթանք Ստամթբոլ, բոլորս միասին կերթանք։

Մայրը չպատասխանեց և ցավագին ժպտաց։

Նրանք միասին մտան սենյակը։

Լիլոն պառկած էր բաց լուսամուտի առաջ, գարնան արևի շողերը փռվել էին առատությամբ նրա անկողնի վրա։

Արան կանգնեց Լիլոյի անկողնի առաջ, գլխարկը հանեց, նստեց անկողնու վրա և ասաց.

Լիլո՛ս, նախշուն խուշս, փարա բերեր իմ, երթանք Ստամբոլ։

Լիլոյի մարած աչքերը բոցավառվեցին։

Արան անմիջապես ավելացրեց.

Բոլորս միասին, հայրիկն ըլ, մայրիկն ըլ։

Լիլոն ժպտաց, թարմացավ, տժգույն շուրթերի վրա դողաց գարնան շողը։

Աղեկնամ, երթանք, շշնջաց նա։

Ապա դառնալով մորը՝

Մայրի՛կ, աղեկնամ, երթանք Ստամբոլ։

Մոր արցունքները գլորվում էին այտոսկրների վրայից։

Շատ փարա բերեր եմ, տե՛ս, հարեց Արան և գրպանի բոլոր ոսկիները փռեց Լիլոյի անկողնի վրա։

Հայրիկն ո՞ւր է, հարցրեց Լիլոն։

Գնաց աղվընիկ ծախե, հեքիմ բերե, պատասխանեց մայրը գոգնոցի ծայրով քիթը սրբելով։

Ես երթամ բերիմ, հայտարարեց Արան և վազեց դուրս։

Փողոցում Արան պատահեց Հաջի Թումաս աղին, որ թիթեղի կտորներով գավազանը գետնին խփելով՝ շուկայից էր վերադառնում։ Արան հորը սուտ չտեսնել արավ։ Նա գարշում էր հորից։ Արայի՝ տնից դուրս գնալուց ի վեր՝ Հաջի Թումաս աղան առաջին անգամն էր, որ այդ փոքրիկ քաղաքում պատահում էր որդուն։ Որդու տեսքը՝ կարկատած զգեստ, կեղտոտած շապիկ և ֆես, չսափրված դեմք, ազդեց հոր վրա, հազիվ կարողացավ տուն ընկնել, ոտները ծալվում էին, սրտի վրա ինչ֊որ ծանր բան էր չոքում, կարծես

մեկը խեղդում էր նրան։ Երբ ծառան դուռը բաց արավ, Հաջի Թումաս աղան ընկավ ներս և փռվեց գետնին։ Կինը վազեց, հարսները հավաքվեցին, վերցրին և փոխադրեցին սենյակ։

Ի՞նչ ռաստ եկավ, հարցրեց կինը, երբ Հաջի Թումաս աղան կարողացավ աչքերը բանալ։

Արան դեմս ելավ, աղջի՛կ, խաֆաս դարձավ։

Սիրտ չունիս, ա՛յ մարդ, պատասխանեց մայրը և խփեց ծնկներին։

Գնացեք, գնացեք, գերեզման փորեցեք, էրթամ պառկիմ, ռահաթ ըլլիմ։

16

Ամբողջ քաղաքում միայն երկու բժիշկ կար, մեկը հայ էր, մյուսը առնավուտ (ալբանացի)։

Արան վազեց «առնավուտ հեքիմի» մոտ։ Մինչև նա վերադարձավ Լիլոյի մոտ բժշկի հետ միասին, այնտեղ գտավ հայ բժշկին, որին Ակոբն էր բերել։

Հեքիմ էֆենդի, էս աղվընիկս աղեկցուր, բյութուն աղվընիկներս ծախիմ, փարան քըզի տամ, աղաչում էր Լիլոյի հայրը։

Երկու բժիշկներն էլ համաձայնեցին (նրանք իրար հետ ֆրանսերեն էին խոսում), որ Լիլոյի դրությունն անհույս է, ոչ դեղ հարկավոր է և ոչ էլ որևէ փորձ կատարել։ Նրանք պատվիրեցին հանգիստ թողնել հիվանդին, որ իրեն֊իրեն լավանա։

Հեքիմ էֆենդի, իլաճ չե՞ս տար, հարցրեց թշվառ հայրը։

Չէ, հարկավոր չէ, միսի ջուր տվեք։

Աղվընիկ էփիմ, ջուրը խմցնիմ, կըլլի՞։

Ավելի աղեկ։

Բժիշկները հեռացան, Լիլոն նայեց ծնողներին, Արային և, տեսնելով նրանց թախիծը, մխիթարելու համար շշնջաց․

Կաղեկնամ, հե՛չ մի վախնաք։

Եվ նրա աչքերը ժպտացին մարվող շողի վերջին ցոլքի նման։

Ակոբը մոտեցավ աղջկան, շոյեց նրա մազերը բոլորովին հուսադրված, որ Լիլոն լավանալու է, անպայման լավանալու է, բայց մոր արցունքները թափվում էին ցցված այտոսկրներից վար։

Արան էլ մոտեցավ, բռնեց Լիլոյի ձեռքը և լուռ գլուխը կախեց։ Ակոբն զգաց, որ Արան քաշվում է իրենից։

Դուք էրկուքդ ըլ իմ աղվընիկներս եք, իրարու պաչեցեք, տեսնամ, ասաց հայրը։

Լիլոն ամաչեց։ Արան գլուխը բարձրացրեց և գուրգուրանքով նայեց աղվընիկ խաղցնող Ակոբին, որ ամբողջ կյանքում դանակի հետ էր խաղացել և արյուն թափել։

Ձըզի կըսեմ, իրար պաչեցեք, տեսնամ, պնդեց Ակոբը։

Լիլոն ու Արան լուռ էին։ Ակոբը բարձրացավ տեղից, բռնեց Արայի գլուխը, մոտեցրեց Լիլոյին։ Նրանք համբուրեցին իրար։ Համբուրելիս Ակոբը բացականչեց.

Օխ, աղվընիկներս…

Ակոբն անսահման երանություն էր ապրում, նրա մեջ բոցավառվեց հույս, որ Լիլոն կլավանա, անպայման կլավանա։

Կնի՛կ, գյուլթեոքենս, դարձավ նա իր կնոջը, հեչ մի՛ լար, աղվընիկս կաղեկնա, էկուր, ես էլ քըզ պագնիմ։

Եվ Ակոբը գրկեց իր կնոջն ու համբուրեց նրան հին օրերի ջերմությամբ։

Կինը ժպտաց, կարծես կյանքը վերադառնում էր։

Ակոբը գլուխը դարձրեց և նշմարեց ոսկիները Լիլոյի վերմակի վրա։ Անմիջապես գլխի ընկավ, որ Արան բերած կլինի։ Նա բռնեց նրան, համբուրեց և ասաց.

Փարադ առ, ծոցդ դիր, դուն էլ մեղք ես, էրեսդ ռանգ չէ մնացեր, չոփ ես կտրեր, մեղք ես, յավրում։

Լիլոյի համար բերեր իմ, պատասխանեց Արան ոգևորված։

Ես փարա ունիմ, դահա հողը չեմ մտեր, քանի որ ջանս սաղ է, կպահիմ իմ աղվընիկս։

Բերեր է, որ Ստամբոլ էրթանք, մեջ ընկավ Լիլոն թույլ, մարած ձայնով։

Դու աղեկցիր, բյութունդ ըլ մեջքիս վրեն դնիմ ու թռցնիմ։

Ես կաղեկնամ։

Հա՛, ճերմակ խուշս։

Գարնան թարմ օդը բաց պատուհանից լցվում էր սենյակը, օդի մեջ ծաղիկների բուրում կար։

Ակոբը մոտեցավ պահարանին, վերցրեց դանակը։

Երթամ աղվընիկ մորթիմ Լիլոյիս համար։

Նա դուրս եկավ սենյակից ուրախ։ Լիլոյի հիվանդությունից առաջացած տարակուսանքը բոլորովին փարատվել էր։ Ինչո՞ւ։ Ոչ ոք չէր կարող ասել, միամիտ հայրը հուսադրում էր իրեն։

17

Երկար ժամանակ անկողնին ծառայելուց հետո Լիլոն սկսեց արագորեն հալվել։ Գարնան առաջին օրերի թարմությունը միառժամանակ հույսի և վերակենդանության շողեր վառեցին նրա դալկահար աչքերում, բայց երկար չտևեց, շուտով մահվան սյուքը սոսափեց մատղաշ հոգում։

Եվ մի առավոտ, երբ դեռևս դուրսը կապույտ լույս էր տարածվում կանաչ խոտով և ծաղիկներով վարարած դաշտում, Լիլոն փակեց աչքերն այնպես, ինչպես կանթեղի ձեթը վերջանում է և պատրույգի բոցը հետզհետե փոքրանում, փոքրանում, առկայծում և հուսկ ապա՝ մարում։

Լիլոն դադարեց շնչելուց, և ոչ ոք չհասկացավ նրա վերջին խոսքերը։

Այդ առավոտ բարձրացավ աղեկտուր ճիչ Ակոբի խրճիթի վերևի փոքրիկ, արեգդեմ սենյակում։

Ճերմակ աղվընիկս թռա՜վ, ճերմակ աղվընիկս թռա՜վ, թռա՜վ, աղաղակում էր իր մեկ հատիկ աղջկան կորցնող հայրը և խփում ծնկներին։ Արան, գրկած Լիլոյի գլուխը՝ նրա մազերը թրջում էր արցունքով, մինչդեռ մայրը, մորմոքից խելագարված, ճչում էր ու մազերը փետում։

18

Երբ փոքրաթիվ հուղարկավորները (բոլորն էլ աղվընիկ խաղցնողներ) դուրս էին բերում Լիլոյի դագաղը, Արան չկարողացավ դիմանալ, ամբողջ հասակով փռվեց սենյակի մեջտեղում, մայրը գրկեց Լիլոյի բարձը և խելագար ճիչերով ընկավ նրա անկողնի վրա, իսկ հայրը բարձրացավ կտուրը։

Կտուրից երբ Ակոբը տեսավ, որ Լիլոյի դագաղը դռնից փողոց էին հանում, բղավեց.

Սպասեցե՛ք։

Ակոբը գլխաբաց էր, կրծքի շորերը պատառոտած, քամին տարուբերում էր նրա ալեխառն մազերը։

Փողոցում շատ մարդիկ էին խռնված, առանց խառնվելու հուղարկավորների փոքրիկ թափորին, և ապշած նայում էին, թե ի՞նչ է անելու աղվընիկ խաղցնող Ակոբը, մի՞թե նա նորեն պետք է թռցնի աղավնիները, այն պահին, երբ աղջկա դագաղն արդեն փողոցումն էր։ Ոչ ոք չկարողացավ իմանալ։

Զարհուրելի էր Ակոբի տեսքը։

Նա բաց արավ աղավնիների դռնակը, բռնեց մի զույգ սպիտակ աղավնի և իջավ փողոց։

Փողոցում կանգնեց դագաղի առաջ, աչքերը խելագարի նման երկար հառեց Լիլոյին, չոքեց գետնին, թևերը բարձրացրեց մի ձեռքով աղավնիները բռնած, վեր առավ գլուխը, նայեց երկնքին, ինչ֊որ շշնջաց, ապա կանգնեց, գոտուց քաշեց դանակը, դագաղի վրա մորթեց զույգ աղավնիկները, որոնց արյունը կաթկթեց Լիլոյի տժգույն և սառած դեմքի վրա և, արցունքների մեջ ողողված, բացականչեց.

Լիլո՜ս, իմ ճերմակ աղվընի՜կս․․․

Մորթած աղավնիները տեղավորեց Լիլոյի զույգ քունքերին։

Փոքրիկ թափորը շարժվեց դեպի գերեզմանոց։

***
Փռվում էր իրիկնային հովը, և երկնքից մաղվում էր մանուշակագույն մոխիր աշխարհի վրա։
Be the first who will comment on this
Yatuk Music
Rare Remarkable
George Gurdjieff

Rare Remarkable

Tracking Down Guiltless Doves
Tracking Down Guiltless Doves
Play Online