Vahan Teryan
Շշուկ ու շրշյուն
Աշնան մշուշում շշուկ ու շրշյուն,
Բարդիներն են բաց պատուհանիս տակ,
Դու ես, որ դարձյալ թախիծով հիշում,
Կանչում ես նորից կարոտով հստակ։
Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում,
Եվ շշնջում ես, և անուշ շրշում,
Պայծառ տրտմությամբ ինձ ես անրջում
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում։
Ամպերը ճերմակ երամով անցան
Թռչունների պես, լուսեղե՜ն երազ,
Դո՛ւ ես, որ դարձյալ ժպտացիր անձայն
Քո հեռու հեռվից, անհայտ ու անհաս։
Ջրերն են անվերջ միգում հեկեկում,
Իմ սիրտն է լալիս կարոտով անհուն,
Թվում է, որ դու տխրությամբ անքուն
Ինձ ես որոնում աղոտ աշխարհում։
Եվ ժպտում ես ինձ, ակնարկում քնքուշ
Ու գաղտնի սիրով սիրում ու հիշում,
Եվ շշնջում ես, և շրշում անուշ,
Անտես ու հուշիկ իմ շուրջը շրջում։
Like
Save
Want to read
Be the first who will comment on this
Yatuk Music
Komitas
The sky is cloudy
Balbo
Play Online