Tsov alizé Banuchyan

Եթե Նարեն գժվի․․․

Մի ժամանակ կար, որ ես ապրում էի՝ մտածելով, թե ժամանակ չունեմ։ Ավելի շուտ ունեմ ամեն ինչի ժամանակ, բայց միայն նրա համար, ով տնօրինում է իմ ժամանակը։

Օրակարգ էր որոշում, բնականաբար՝ նաև խախտում, ու ես էլ սովոր էի, որ իմ ժամերը հենց վերջանան, կսկսվեն իրենը։ Ամեն ինչ կարող էր ավելի լավ լինել, եթե մի օր չհոգնեի, եթե մի օր չորոշեի հոգնել։ Կմնայի այդքան սովորած, որ ժամանակ չունեմ ու ավելի ուշ կհասկանայի, որ սկսել եմ չունենալ հատկապես էն ընկերներիս համար, որոնց չի սիրում ինքը, հարազատներիս համար, որոնց հազիվ է տանում, քրոջս համար, որը․․․էս մեկը չգիտեմ․․․

Քույրս․․․Երևի ինձ միշտ թվում էր, թե պիտի ասեմ չունեմ, ավելի շուտ ցույց տամ, որ քույր չունեմ, կամ էլ ասեմ ունեմ էն ժամանակ, երբ վստահ եմ, որ չեմ վտանգի․․․

Միշտ վախեցել եմ, որ մեկը կասի՝ սիրում եմ իրան, գժի մեկն ա, ու կտամ քիթն ու մռութը կջարդեմ, վախեցել եմ, որ կասի՝ սիրուն ա, ու կտամ քիթն ու մռութը կջարդեմ, վախեցել եմ, որ կասի ազատ ա, ու կտամ քիթն ու մռութը կջարդեմ, միշտ վախեցել եմ, որ կտամ մեկի մռութը կջարդեմ․․․ու թաքցրել եմ․․․էնքան, որ ինձնից էլ եմ թաքցրել․․․

Չէի խոսի այս մասին, եթե այդչափ թաքցնելուց կորցրած չլինեի․․․քրոջս։

Աշխատանքի բերումով տասը օրով պիտի հայտնվեի էն քաղաքում, որտեղ ապրում է քույրս իր ամուսնու հետ։

Գրեցի՝ գալիս եմ, ախպորդ դիմավորի․․․պատասխան չունեցա, երկու օրից ամուսինը գրեց՝ անհամբեր սպասում ենք, բայց Նարեն հիվանդ ա, կգաս, կտեսնես։

Կայծակը խփեց գլխիս, ո՞նց թե Նարեն հիվանդ ա, այսինքն էնքան, որ գրածիս չի՞ պատասխանում։

Նվերներ գնելու պրոցեսն ամենաբարդն էր։ Չգիտեի՝ ինչ է սիրում, ինչ կսիրի, ամեն ինչ մոռացել էի, ինձ անտառաճանաչ էի զգում։ Ինձ թվում է պիտի անտառաճանաչ լինես, որ քրոջդ համար թեկուզ մի ախմախ նվեր չկարողանաս ընտրել, ասենք մի բան, որ գոնե կջղայնացնի կամ կծիծաղեցնի, մի բան, որ կասի՝ դե լավ էլի, յանիմ էս ինչ ես բերել ու կշպրտի, բայց գոնե կիմանաս, որ կարողացել ես մոտը բնական զգացմունք առաջացնել։ Իսկ հիմա խանութից խանութ եմ գնում ու խառնվել եմ իրար։ Չգիտեմ՝ ինչ գնեմ, որ էդ անտեր զգացմունքն առաջանա․․․որ կամ շատ հավանի կամ գլխիս տա։ Էսքան անհանգիստ ու խառը մեկ էլ առաջին ընկերուհուս առաջին ծննդյան օրվա նվերն եմ ընտրել․․․ու վերջը ոչինչ էլ չեմ գնում, պարզապես վերցնում եմ մի տուփ շոկոլադ, տուփի վրա էլ գրած՝ կներես․․․ոնց էլ չլինի պետք կգա։

Օդակայանում ինձ ոչ մեկ չի դիմավորում, հասցեն ունեմ, տաքսի կվերցնեմ կգնամ։ Մինչև աշխատանքային շաբաթը, մի շաբաթ կիրակի ունեմ ազատ, հենց էդ էլ ֆուլ թայմ նախատեսել եմ քրոջս համար։ Հասնում եմ տուն,կանգնում հեքիաթային առանձնատան դիմաց, որը նկարներով դրսից չէի տեսել ու չէի էլ պատկերացնում, որ ճիշտ ու ճիշտ, ավելի շուտ պիտի որ Նարեի երազած տունը լինի։ Զանգը տալիս եմ, լսվում ա ղզիկ շան հաչոց, Ռաֆը՝ քրոջս ամուսինը, բացում ա դուռը ու մինչև կգրկախառնվենք, շունը կարոտած հարազատի նման թռնում ա մինչև ծնկներս։ Շանն էլ եմ բարևում, սեղմում ինձ, դե վերջը տան անդամ ա, էդ շան լակոտը ոնցոր զգա, որ կռունկի թևով մի հատ մերոնքական ա տուն եկել։

- Նարե՞ն ․․․ու՞ր ա, ո՞նց ա, հո լուրջ բան չի։

- Լուրջ բան, չգիտեմ, արդեն մեզ համար շատ լուրջ չի, բայց, Սա՛մ, Նարեն գժվում ա․․․

- Այսի՞նքն գժվում ա։

- Հա, երկու օր ա տուն եմ բերել, փորձում ենք բուժել, որ լրիվ հոգեբուժարան չընկնի, ամեն ինչ անում եմ, որ չընկնի։

- Ի՞նչ ես խոսում։

- էս պահին չես կարող տեսնել, նոր մարդկանց դժվար ա ընդունում, մի քիչ պիտի սովորի։

- Ո՞նց նոր մարդկանց, չի՞ հիշում, ե՞ս եմ նոր մարդը։

- Հիշում ա, չի ընդունում, Սա՛մ, Նարեն արդեն հինգ ամիս ա ոչ մեկի հետ բառ չի փոխանակում։

- Ի՞նչ ա եղել։

- Չգիտեմ։

- Ո՞նց չգիտես, այսինքն չգիտես, ինչ ա նշանակում չգիտես, ապեր կինդ ա ու չգիտե՞ս։

- Սա՛մ, երկար պատմություն ա, Նարեն պախկվել ա իր մեջ, հոգեբույժն ասում ա՝ բոլորը ներսում են, ամեն ինչ ներսում ա ու հրաժարվում ա դուրս հանել․․․

- Ախպե՛ր, ի՞նչ հոգեբույժ, կինդ ա, ջոկու՞մ ես, կինդ ա։

- Սա՛մ ջան, իսկ քու՞րդ ա։

- Լա՞վ չես․․․

- Բա դու ի՞նչ գիտես քրոջդ մասին․․․ոչ մի բան, ախպեր, նենց որ մի՛ խոսա, ես ամեն ինչ անում եմ, որ լավ լինի, մենակ ինձ ա ընդունում, մենակ ինձ ա գրկում, մենակ իմ ձեռքից ա հաց ուտում, իմ աղջիկն ա, նենց որ․․․ ժամանակ տուր քեզ, որ հասկանաս․․․

Ժամանակ․․․

Ժամանակ տամ ինձ․․․Նարեն գժվում ա․․․էս խոսքերը զրնգում են գլխումս, ինձ թվում ա հեսա գլուխս կպայթի, այսինքն ոնց Նարեն գժվում ա ու քանի որ լեզու չգիտեմ, անիմաստ ա թղթեր խնդրել, բացատրություններ․․․Ռաֆը ինչ-որ բաներ ա պատմում, ինչ-որ բաներ ա բացատրում, սինդրոմ, սիմպտոմ, ինքնասպանության փորձ, բարեբախտաբար արդեն անցյալում ու ես էշացած լսում եմ ու չեմ հասկանում․․․ու ես ոչ մեկի քիթն ու բերանը չեմ կարող ջարդել, բացի իմից․․․

- Քո սենյակը երկրորդ հարկում ա, գնանք ցույց տամ։ Ինչ պետք լինի կասես, ոչ մի բանից չնեղվես։

- Լավ, բայց էսօր երևի քնել չկարողանամ, ծխողների՞ սենյակ ա, թե՞ չծխողների։

- Բքողների․․․

- Դե չգիտեմ ձեր մոտ Եվրոպաներում․․․

- Բարի գիշեր, ախպերս, քանի՞ օր էիր էստեղ։

- Վաղը դե շաբաթ ա, կիրակի էլ եմ ազատ, երկուշաբթի օրվանից հանդիպումներ։

- Ահագին բան կհասցնենք։

- Գլուխս չի մտնում, որ Նարեին չեմ տեսել։

- Հա, չմոռանամ,վաղը ես առավոտյան հանդիպում ունեմ, կեսօրից հետո կգամ, միասին կճաշենք։ Կսպասես ինձ, սենյակ չմտնես։ Խնդրում եմ, Սա՛մ, իրոք շատ լուրջ ա։

- Բայց ախր ի՞նչ պիտի լինի։

- Արգելել են, որ մարդկանց հանդիպի։ Սկսել ա ուտել վերջապես։ Մի որոշ ժամանակ պետք ա, որ անցնենք բուժման հաջորդ էտապին։ Ասել են՝ ոչ մեկ պիտի չանհանգստացնի։ Էդքանը գիտեմ։

- Ուզում ես ասես մաման, պապան էլ։

- Քեզ չէին ուզում ասել, մտածում էին քեզնից թաքցնելը հեշտ ա։

- Ինչո՞վ։

- Կներես, Սա՛մ, դրանով հո նման եք դու ու քուրդ, գիտեինք, որ չես զանգի, չես ասի՝ բա քուրս ու՞ր ա, որ հազարից մեկ տենց բան պատահեր, կհորինեինք, որ լողանում ա, քաղաքում չի կամ էլ չգիտեմ, կհավատայիր էլի։

- Բայց երկու անգամ գրել եմ, հանգիստ խոսել ենք։

- էդ ես էի, Նարեն չէր։

- Ուզում ես ասել՝ ես չեմ հասկացել, որ քրոջս հետ չեմ խոսում։

- Դե ո՞նց հասկանայիր։ Դու՝ ո՞նց ես քուրիկ, Նարե՝ լավ, Սամս,դու ասա՛, դու՝ հեչ, սենց գործերով էլի, ե՞րբ եք գալիս, Նարեն՝ երևի ամռանը․․․ դե կապի մեջ ու վերջ․․․

- Ես ե՞րբ եմ ասել կապի մեջ։

- Չես ասել։ Մի՛ մտածի, քնի՛, վաղը կտեսնես։

Գիշերը տագնապի չդադարող ազդանշանի է նման, ուզում եմ գնալ, քնից արթնացնել, ջուր լցնել գլխին, ոնցոր ժամանակին ինքն էր անում, նյարդերը սղոցել, գոռալ՝ հո չե՞ս գժվել․․․ինչ հպարտությամբ ա Նարեն միշտ հայտարարել, որ Սաքոն իրան խելագար թիթեռնիկ ա ասում, ախր վատն էն ա, որ իմ հասկանալով Նարեն ոչ թե գժվել ա, այլ ուզում ա գժվի։ Արա։ Աչքիս սրանք հոգուս հետ են խաղում։ Հա էլի։ Ոնց կարող էր տենց բան լինել ու ես չիմանայի։ Բայց մի օր կդիմանա՞ր, որ ինձ չտեսներ։ Սաքոն Նարեի մանկության ընկերն ա, ինքը կիմանա ինչ ա եղել։ Բայց լավ, ես Սաքին գրեմ ու հարցնեմ՝ քրոջս ի՞նչ ա եղել։

Նարեից հեռու չի գժվելը․․․էդ աղջիկը ամեն ինչի ընդունակ ա ձանձրույթից․․․

Հիշում եմ՝ մի օր սովորական օր էր, եկավ տուն, պայուսակը շպրտեց գետնին, փռվեց բազմոցին ու վստահ ասեց՝ մի տեսակ ձաձրանում եմ, երևի մեռնեմ․․․ու մեռավ․․․այսինքն դագաղում պառկածի դիրք ընդունեց ու քնեց 15 ժամ։ Առավոտյան փորձել էի արթնանցել, մաման չթողեց, ասեց՝ շատ հոգնած ա էրեխեն, ես էլ մտածում էի լուրջ ա ընդունել, որ պիտի մեռնի ու գնում գալիս, շնչառությունն էի ստուգում․․․էդ աղջիկը ամեն ինչի ընդունակ էր, նույնիսկ քնի մեջ․․․

Արթնանում եմ ջրի մեջ կորած, դե երևի անհանգիստ քնելուց, կամ , երբ հազիվ ես աչքերդ փակել, մեկ էլ երազի յոթ ու կես վայրկյանից վեր ես թռնում ու զարմացած նայում շուրջդ, շնչառությունդ՝ արագ ու միզելու անկուշտ ցանկությամբ։ Առաջին անգամ, երևի ինքս էլ հարդարում եմ անկողինը, մի տեսակ էդ հյուրի զգացողություն ունեմ, ինչ-որ տեղ անկոչ․․․

Աստիճաններով զգույշ իջնում եմ ու վայրկյան առաջ ուզում եմ հայտնվել դռան դիմաց, որը տանում է Նարեի սենյակ։ Հյուրասենյակի սեղանին կրուասաններով մի ափսե է, յոգուրտ, կաթ, պանիր, մեղր, ջեմեր, սրճեփ, բայց թեյնիկ, տերմոսի նման մի բան, բայց թեյնիկի տեսքով, որի մեջ սուրճ է, դե մի խոսքով․․․ուզում եմ ասել Ռաֆը մտածել է իմ մասին․․․և մի երկտող է թողել՝ «Սա՛մ, չմտնե՛ս Նարեի սենյակ, սպասի՛ր մինչև գամ։ Ինքը գիտի, որ տանը չեմ, չի կանչի, բայց եթե կանչի, ինձ զանգիր, կասեմ, կսպասե՛ս»։

Արագ ու անփութորեն գրած երկտող է, ավելի շուտ երեք տող է, ավեի շուտ երքտող է։

Վառում եմ ծխախոտս, վերցնում եմ սուրճս ու դուրս գալիս հյուրասենյակից բացվող պատշգամբ։ Նոր եմ նկատում, որ մեծ այգի ունեն, այգում վարդի անծայրածիր թփեր և մի ճոճանակ հեռվում՝ հաստատ Նարեին գժվացնողն ա։ Ենթադրում եմ, որ պատշգամբից ներս գնացող մյուս դուռը տանում է Նարեի սենյակ։ մոտենում եմ, որ փորձեմ ապակու միջից գտնել քրոջս։ Փեղկերը բաց են, բայց մուգ կարմիր վարագույրը, որը թեպետ աննշան թափանցիկ է թույլ չի տալիս ավելին տեսնել, քան մահճակալի վրայի ուրվագիծն ու շագանակագույն հատակը, որ վարագույրի մեջից իմպրեսիոնիստական կտավի է նմանվել։ Սա էլ հիշեցի, որովհետև քույրս ինչքան լղոզված բան էր տեսնում, ասում էր՝ իմպրեսիոնիզմ ա։

Բայց ո՞վ մնար էս փակ սենյակում ու չգժվեր։ Փորձում եմ հասկանալ անելիքս։ Լավ, ես էդքան մղոն կտրեմ թեկուզ մի քանի ժամում հասնեմ էս Եվրոպայի լքված թիթիզ նորածին բուրժուաների քաղաքը ու էդպես էլ քրոջս չգրկեմ, էնքան պինդ, որ թևերը ջարդվեն։ Այսինքն ինձ բաժանի մի պատ, մի դուռ, մի պատուհան ու մի վարագույր ու ես միևնույն է՝ քրոջս չհասնե՞մ, որ գրկելուց թևերը ցավեցնեմ, որ նվնվա՝ Սա՛մ, ջարդում ես ինձ, թո՛ղ, ես նիհար եմ։

Ներս եմ գալիս ու սկսում ուսումնասիրել հյուրասենյակը։ Վստահ եմ, որ այս պատերին ամեն ինչ քույրս է որոշել։ Ոնցոր ժամկետանց անտիկվար խանութ լինի։ Ինչ հին ու մին բան ասես չկա շարած կոմոդին, երևի Նապոլեոնի հարևանի տղու կոմոդն ա, որը նախ տվել ա իրան դավաճանած կնոջ գլխին, հետո ուղարկել ռեստավրացիայի, որ վաղը մյուս օրը քույրս աչքերը չռի ու ասի՝ էս իմ կոմոդն ա ու հարսանիքի ամբողջ ոսկեղենով մի հատ կոմոդ առնի։ Պատին անծանոթ մարդկանց հին լուսանկարներ են, մեջներն ամեն ինչ կա՝ էրեխուց սկսած մինչև հեռավոր մորաքրոջ տալ, ամեն մեկն իր ժամանակի հագուստով, հազվադեպ են ժպտում, հիմնականում խոժոռված են կամ լրմիտ, իսկ զույգերն ընդհանրապես նման են իրար չհամապատասխանող, իրար չգտած, բայց ճակատագրի բերումով իրար հետ հաշտված գուլպաների։

Պարզ է, կա- չկա, քրոջս միտքն է, մոռացել եմ ասել, որ լուսանկարիչ է, բայց լուսանկարում է բացառապես հինումին ապարատներով, միևնույն ժամանակ լուսանկարներ է հավաքում, ուսումնասիրում դրանց պատմությունները, իսկ եթե որևէ բան չի գտնում, այդ պատմություններն ինքն է հորինում։

Ինձ զարմացնում է Նարեի գժվելը, ախր Նարեն ե՞րբ գիժ չէր։ Կոմոդից ձախ գրապահարան է, բայց միայն սպիտակ կազմով գրքեր են, տարբեր չափերի ու տպավորություն է, թե նոր պիտի գրվեն։ Վերցնում եմ դրանցից մի քանիսը, դատարկ են, ավելի շուտ նոթատետր են, քան գիրք, նոթատետր, որովհետև դատարկ են, իսկ իրականում գրքի տեսք ունեն։ Մի քիչ փնտրելուց հետո, վերջապես դրանց մեջ գտնում եմ երկու օրինակ, որոնց էջերին ճանաչում եմ Նարեի ձեռագիրը։ Երկուսի մեջ էլ դեղին մի թերթիկ է, վրան գրված՝ ուղարկել Էմային, որ նկարազարդի։ Եթե խոսքը իմ կնոջ մասին է, որը նկարիչ է, նշանակում է՝ Փառք ձեզ, Աստվածներ, պարզվում է՝ նրանք ընկերություն են անում։ Բայց փաստ է, որ դրանք դեռ չեն ուղարկվել, գուցե ընդամենը ցանկություն է։

Վերցնում եմ կրուասաններն ու անկուշտի պես բերանս խցկում։ Մոռանում եմ, որ էս անտերը ոնց ուզում ես կեր, մի տեղ թափում ես, վերնաշապիկս թափ եմ տալիս ու նայում հատակին հարազատի պես, դե լավ աշխարհի վերջը չի։

Փորձում եմ լարվածությունս թուլացնելու համար մեր մանկությունից մի բան հիշել։

Ինչ-որ ֆրագմենտներ իհարկե գալիս են, բայց հոգնած եմ էդքան սենտիմենտալ լինելու համար։ Ի վերջո փքվում եմ կատաղությունից ու քայլում դեպի քրոջս սենյակ, ավելի շուտ սենյակի դուռը, մինչև սենյակ դեռ մի հավերժություն կա։ Մի քանի հավերժություն նայում եմ բռնակին, ձեռքս սեղմած, պատրաստ բացելու, բայց շատ վախեցած, ոնցոր էդ դուռն ականապատված է։

Քույրս քնած է, կարծես թե․․․ձախ կողմի վրա հենված։ Սենյակում ավելի շատ գիշեր է, քան առավոտ, մահճակալի կողքի սեղանիկին արդեն սառած սուրճն է, չխմված նարնջի հյութ (երևի) ու երկու հատ շոկոլադ։ Նարեն ամեն առավոտ երկու հատ շոկոլադ էր ուտում։ Միակ բանն է, որ իսկապես ճանաչում եմ ու գոհունակ ժպտում։ Ավելի եմ մոտենում մահճակալին ու փորձում նայել դեմքին, բայց ձեռքով փակել է երեսը։ Հանգիստ և համաչափ է շնչում, քնածի նման, թեպետ վախենում եմ, որ գուցե ձևացնում է , թե քնած է։

Պատուհանից, ավելի շուտ պատշգամբ տանող դռնից աջ Նարեի գրասեղանն է։ Ի զարմանս ինձ գրասեղանի վրա ոչինչ չկա, բայց միևնույն է մոտենում եմ՝ հույսով, որ մի բան կգտնեմ։ Փայտե գրասեղանին մատիտով ինչ-որ մտքեր են հազիվ երևում,երևում է, որ մեկը փորձել է ջնջել և համբերություն չի ունեցել։ Բացում եմ դարակը, ահռելի քանակությամբ մատիտներ և մեկ երկու ռետին։ Բացում եմ մյուս դարակը, թղթեր են, բայց բոլորը դատարկ։ Տպավորություն է, որ ինչ-որ մեկը խնամքով պահել է եղելությունը այս ամենից առաջ։ գրասեղանի կողքին դատարկ գրապահարանն է, փոխարենը գրքերը հատակից մինչև առաստաղ շարված են մահճակալի մյուս կողմում մեկ ուրիշ դռան կողքին, որը ենթադրում եմ լոգարան է տանում։ Սկսում եմ հասկանալ, որ սա իրականում Նարեի սենյակը չէ, գուցե վերևի որևէ սենյակից տեղափոխվել է։ Որովհետև մահճակալի դիմացի պատի ձախ կողմում պատի մեջ վարագույր է բացված, որի ետևում Նարեի զգեստներն են, մի մասն արդեն դասավորված, մյուս մասը աթոռների վրա շարած, իսկ սենյակի ճիշտ կենտրոնում մի քանի չբացված արկղ է, կարծես «տնվորը» դեռ չի որոշել իրերի տեղը։ Զգեստապահարանի կողքին մի մեծ հայելի է, որը ճիշտ նույն չափն ունի, ինչ մահճակալը և տպավորություն է, որ Նարեն հենց հայելու մեջ է քնած։

Այս ամենն անտանելի ճնշող է, անհասկանալի, անզուսպ ցանկութամբ եմ լցված վերցնել սպիտակ ներկ ու ամեն ինչ ներկել․․․այս մթությունը, այս ազնվական գորշությունը, այս մուգ կարմիրն ու կանաչը, այս ծանր փայտը, այս մեծ հայելին․․․

Սա իհարկե խենթանոց չէ, բայց մի քիչ էլ մնամ, կգժվեմ։ Եվ հանկարծ հենց հայելու մեջ տեսնում եմ բարձերին հենված Նարեին, որ սևեռված նայում է թիկունքիս։ Այդ աչքերը այն աչքերն են, որ ես չեմ կարող ճանաչել, քանի որ կասկած չկա, որ Նարեի համար ես ընդամենը տեսիլք եմ։ Եվ չկա ավելի դաժան մի զգացում, քան լինել թափանցիկ սեփական քրոջ համար, քան լինել անշոշափելի, քան լինել ընդամենը խաբկանք։ Այնքան մեծ է վախը նրա աչքերում, որ ես քարացել եմ։ Չգիտեմ՝ կարող եմ արդյոք շրջվել, ի՞նչ կանի դա նրան։Նույնիսկ սկսել եմ ափսոսալ, որ արթնացավ, ուզում էի ուսումնասիրել զգեստները, կարծես թե ավելի կին է հիմա, և այնքան շատ են գույները, թեպետ ես նրան հիմնականում սև հագուստով եմ տեսել։ Նկատել եմ, որ հենց փիլիսոփայում եմ, ավելի գրական եմ խոսում։

- Նա՛ր, ես եմ։

Ո՞վ, ես եմ։ Ավելին ասել չեմ կարող։ Հիշողությունն էլ հո չի՞ կորցրել։ Հնդկական կինո չեմ, որ ասեմ՝ եղբայրդ եմ, և հետո մեզ հազար տարի է բաժանում իրար ճանաչելուց, բայց ոչ տեսնելուց։

Նարեն չի պատասխանում։ Մոտենում եմ, նստում անկողնու վրա։

- Եթե ուզում ես, որ գնամ, կգնամ, ուղղակի Նա՛ր, գլուխս չի մտնում, բան չեմ հասկանում։ Կխոսե՞ս։

Քրոջս աչքերում չարաճճի ժպիտ է հայտնվում, նորից վերադառնում եմ էն մտքին, թե գլխիս սարքել են, բայց չէ, զգում եմ, որ շատ նիհարած է, աչքերի տակ սև խոռոչներ են, հայացքը կոնկրետ գույն չունի, անհասկանալի մի ներկապնակ, մանավանդ այս սենյակում իրար խառնված բոլոր երանգները կան, բացի իմ ճանաչած կապույտից։ Մազերի մեջ շատացել են սպիտակները, քույրս սկսել է չխնամել իրեն, ձեռքերի երակները դուրս են ցցվել, չկա իմ Նարեն։

- Ի՞նչ պիտի ես անեմ, ի՞նչ կարող եմ անել, դու ինձ միայն ասա՛, Նա՛ր, պուճու՛րս, գիժս, մենակ ոչ էդ գիժս․․․ասա՛, սիրու՛նս, ի՞նչ անեմ։

- Մի՛ լացի, կանցնի։

- Վախ, ինձ թվաց, ձայնդ չեմ լսելու, ի՞նչ են ասում, ինչի՞ ես գժվում։

Ու գլուխս դնում եմ քրոջս ձեռքերին, բայց դեռ պատրաստ չեմ լաց լինելու, հետո կարծես, թե մեկը ինձ հուշի, որ եթե լացեմ, Նարեն ծիծաղից կմեռնի։

- Ու՞մ համար եմ գժվում։

Գոնե ծիծաղեր, գոնե մի անգամ։

- Էհ, Նարե՛, կատակի մի՛ տուր, ի՞նչ եմ լսել, ինչի՞ են ասում։

- Սամ դե ասում են էն, ինչ կարող են ասել, որ ուրիշ բան ունենային, ուրիշ բան կասեին։

- Այսի՞նքն․․․որ արդեն հինգ ամիս ոչ մեկի հետ չես խոսում, ոչինչ չես անում․․․

- Ու ի՞նչ․․․

- Դրան ասում են․․․ասում են գժվում ես․․․

- Դե տենց ասում են․․․երևի ճիշտ են ասում․․․

- Բայց դու ի՞նչ ես անում․․․ի՞նչ ես ասում․․․

- Սա՛մ, քեզ երբևէ հարց տվել էիր, եթե Նարեն գժվի, ի՞նչ կանես․․․

- Չէ․․․ո՞նց տայի․․․ինչ մտածեի․․․

- Բա ես, բա ես որտեղի՞ց իմանամ, թե ինչ պիտի անեմ, ես ի՞նչ իմանայի․․․

- Նարե՛, դու խելոք, խելացի աղջիկ ես, վեր կաց, գնանք զբոսնելու․․․

Ինձ թվում էր արդեն հաղթել եմ, քրոջս անկողնուց կհանեմ, կմտնեմ թևը ու կտանեմ լույսը ցույց տալու, օդը ցույց տալու, խոտը ցույց տալու․․․․

Կասեմ, Նա՛ր էս խոտ ա, շնչի, նկատի ունեմ սովորական խոտը, կասեմ, Նա՛ր, էս օդն ա, զգա՛, կասեմ Նա՛ր պտտվի, մինչև ընկնես ու երկինքը ձեռքը տա, բարձրանաս, այ էդքան մոտենա, իջնի աչքերիդ մեջ, գլուխդ պտտվի ապրելու համար։

Բայց Նարեն խնդրեց, որ դուրս գամ սենյակից, շատ հանգիստ, ասես իմ հերթն էլ անցավ, փակվեց ծաղկավոր ծածկոցով ու լսեցի միայն, թե ոնց է հեկեկում։

Արդեն մեկ ամիս է պատշգամբից թաքուն նայում եմ քրոջս, բայց հատկապես այն ժամանակ,երբ քնած է։ Սկսել եմ նրան կողքի սենյակից նամակներ գրել ու դռան տակից ուղարկել, նույնիսկ հատուկ նամականիշներ եմ ընտրում ու երբեմն էլ հնավաճառների մոտից պեղած հին լուսանկարներ դնում ծրարի մեջ։ Նկատել եմ, որ ոտնաթաթերի վրա մոտենում է, նամակը զգույշ վերցնում ու այնպես, որ չկռահեմ, թե անհամբեր սպասում է դրանց, վերադառնում իր մահճակալին։ Այդ ընթացքում հպարտություն եմ զգում, կարծես քրոջս քայլել սովորեցնեմ։

Ռաֆն ասում ա, որ Նարեն կարդում ա, ընթացքում ծիծաղում, ավելի շատ ծիծաղում, քան լացում։

24-25.05.2019

Be the first who will comment on this
Yatuk Music
Song of the Aisors
George Gurdjieff

Song of the Aisors

Train Station
Train Station
Play Online