Teresa Amryan
Ռզգանը ֆերմեր դարձավ
Ռզգանը խիտ, փայլուն մազերով և խոշոր, ամուր մատներով տղամարդ է․ քայլելիս նրա բարձր հասակը երբեմն երերում է, մեջքը ճկվում, նմանվում է ծռված որթատունկի։
Վերջերս իրականացել է Ռզգանի փայփայած երազանքը. Ռզգանը նոր գոմ է կառուցել։ Գյուղում Ռզգանի բոլոր եզդի ազգակիցներն դրա մասին են խոսում։
Ոչ ոք չի էլ պատկերացնի, թե ինչքան է Ռզգանը չարչարվել դրա համար․ մինչև գոմ կառուցելը նա իր քանդուքարափ ձեռագրով բազմաթիվ թվեր է գրել տասներկութերթանոց տետրի բոլոր էջերում, հետո իր վերջնական հաշվարկները մաքրագրել է տետրի կանաչ կազմին։ Ռզգանն ուզում էր նոր գործի համար գումար պարտք անել կամ վարկ վերցնել, բայց դրա կարիքը չեղավ, օգնության հասավ մարզպետը․ դե ո՞ր մի մարզպետը չի օգնում աշխատասեր գյուղացիներին․․․ Ռզգանը նոր կառուցած գոմում տեղավորեց իր ունեցած և մարզպետի նվիրած անասունները․ դարձավ ֆերմա, իսկը արտասահմանյան ֆիլմերում պատկերվող ֆերմաների նման՝ սվաղած պատերով գոմով, բծավոր կովերով․․․ Ռզգանն էլ հաջողությունից ոգևորված՝ փորձեց նմանվել ֆիլմերի ֆերմերներին։ Նա հաստ ներբաններով կոշիկներ հագավ, մի շաբաթ չսափրվեց և դարձավ սև, փայլուն մորուքի տեր․ մորուք, որ ծածկեց Ռզգանի չեչոտ այտերը և դեմքին այլաշխարհիկ ֆերմերի տեսք հաղորդեց։
Օրը մի քանի անգամ Ռզգանը գոմ է մտնում՝ անասուններին նայելու և աշխատակիցների գործը ստուգելու համար: Մինչև նոր գոմի հայտնվելը այդ գործերին մասնակցում էր նաև Ռզգանի կինը, իսկ երեխաներն ամբողջ օրը գործ էին անում և օգնում: Հիմա անասնապահությունն իսկական բիզնես է դարձել, ֆերմեր Ռզգանն արդեն մի քանի աշխատակից ունի:
Տնից մինչև գոմ ընկած ճանապարհը Ռզգանը քայլում է՝ հպարտ-հպարտ շուրջը նայելով, իր փոքրիկ սանրով սև, թավշյա մորուքը հարդարելով: Երբեմն նրան ուղեկցում են երեխաները նոր գոմով հիանալու համար: Ռզգանի կինն այլևս ստիպված չէ կով կթել, նա ավելի շատ ժամանակ ունի, նա կարող է տանը մնալ և ժամեր շարունակ հաճույքով դիտել Յութուբում հայտնված եզդիական հարսանիքների ձայնագրությունները:
Ռզգանի ֆերմայի նոր աշխատակիցներից մեկը համագյուղացի Թուկազն է, որ երկու աղջիկ և մի որդի ունի: Տղան բանակում է, աղջիկները դպրոցական են: Թուկազի ամուսինը տարիներ առաջ արտերկիր է գնացել ու չի վերադարձել. երևի գործերը «շատ հաջող» են ընթացել, երևի օտարազգի նոր կին է գտել: Արդեն տասներկու տարի է, որ Թուկազն իր ամուսնուն է սպասում․ նա մենակ է մեծացրել իր զավակներին և մտքով չի էլ անցել ապահարզանի կամ օրենքի ուժով ամուսնուց աջակցություն ստանալ․ է՜հ, սա եզդիական գյուղ է, որտեղ շատ հարցեր լուծվում են ներքին կարգով։ Թուկազի ընկերուհիները, եղբայրների կանայք մի քանի անգամ խորհուրդ են տվել կյանքի նոր ընկեր գտնել, բայց Թուկազը չի ուզում լսել դրա մասին․ եթե Թուկազի երեխաների հայրն այս պահին էլ գա, Թուկազը գրկաբաց հետ կընդունի նրան:
Թուկազը գումար է վաստակում՝ գյուղում տարբեր գործեր անելով․ քաղհան, հարևանների կովերը կթել, հաց թխել, համագյուղացիների համար խմոր հունցել… Օրուգիշեր աշխատում է, թվում է՝ երբեք չի հիվանդանում: Թուկազին վստահում են, ասում են՝ մաքուր ձեռք ունի: Գյուղի երիտասարդ հարսներն ու աղջիկները երբեմն Թուկազին կանչում են՝ իրենց մեծ տների բարձր առաստաղներից մինչև հատակը ձգվող վարագույրները արդուկելու: Ախր ոչ ոք Թուկազի պես վարագույր չի արդուկում: Թուկազը օրը մի անգամ նաև Ռզգանի ֆերմայում է գործ անում։ Դա շատ ձեռնտու է, աշխատանքը շատ ժամանակ չի խլում, Ռզգանն էլ խոստացել է լավ վճարել:
Ժամանակ առ ժամանակ Ռզգանը կանգնում է գոմի անկյունում և նայում՝ ինչպես է Թուկազն արծաթագույն, նոր բահով մաքրում գոմաղբը: Ռզգանի հայացքը թաքուն սահում է Թուկազի ծիրանագույն գլխաշորի, մեջքը գրկող կարմիր շալի վրայով: Երբ Թուկազը վերջացնում է աշխատանքն ու պատրաստվում է դուրս գալ, Ռզգանը մոտենում և ցածրաձայն շնորհակալություն է հայտնում:
Մի անգամ Թուկազը հիշեց, թե ինչպես էին ինքն ու Ռզգանը փոքր ժամանակ խաղում. չէ՞ որ մոտ հարևաններ էին, մանկության ընկերներ: Ռզգանը հիշեց, որ իրենք նույն դասարանում էին սովորում, հիշեց՝ ինչ լավ էր սովորում Թուկազը, ոնց էր ինքը Թուկազից մաթեմատիկայի ստուգողականներն արտագրում։ Թուկազը ծիծաղելով պատմեց՝ ինչպես էին ինքն ու Ռզգանը միասին դպրոցից տուն գալիս, ինչպես էր ամեն օր Ռզգանի հորեղբայր Ունոն, նրանց միասին տեսնելով, ասում․
– Ա՛յ տղա, Ռզգա՛ն, մեր հարևանի աղջիկ Թուկազին չնեղացնես հա՜, թե չէ ձեռքիցս չես պրծնի։
Ռզգանը հիշեց՝ ոնց էին բորոր ուսուցիչները գովում Թուկազին, ոնց էին ասում, որ Թուկազն անպայման պետք է համալսարան գնա։ Բայց մի օր Թուկազին դպրոցից հանեցին և նշանեցին։ Գյուղի դպրոցի մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչները եկան Թուկազի տուն, փորձեցին Թուկազի ծնողներին համոզել հետ կանգնելու իր որոշումից, բայց ոչինչ չկարողացան անել։ Թուկազի ծնողները հայ ուսուցիչներին ասացին, որ դա եզդիական գյուղ է, որտեղ շատ հարցեր լուծվում են ներքին կարգով։
Ռզգանը մի քիչ տխուր է, բայց նաև երջանիկ է, թվում է՝ երախտապարտ է Թուկազին այդ քաղցր-տխուր հիշողությունների համար:
Թուկազի բարեհամբույր ձայնն ու կատակները համարձակություն են տվել Ռզգանին․ նա ավելի հաճախ է սանրում իր սև, թավշյա մորուքը։ Հետո ձեռքերը խաչում է կրծքին և չիլիական Զատկի կղզու կուռքերի քանդակների հպարտ հայացքով նայում իր նոր գոմում աշխատող Թուկազին:
– Թուկա՛զ, հիշո՞ւմ ես, որ մի անգամ դասամիջոցին մազերդ քաշեցի, մաթեմատիկայի ծանր գրքով խփեցիր գլխիս։
– Ո՞նց չեմ հիշում…
Ռզգանը ծիծաղում է, նրա սև մորուքին սանրի թողած զուգահեռ գծիկներն ավելի արտահայտիչ ու փայլուն են դառնում:
– Ռզգան՛, հիշո՞ւմ ես՝ ինչքան պարեցինք քո հարսանիքի ժամանակ. մի քանի ամիս էր մնացել, որ տղաս ծնվի, քո հարսանիքի սեղանի բոլոր նարինջները ես կերա:
Ռզգանը ժպտում է, բայց բերանը կիսաբաց է մնում. տեսնես ի՞նչն է խամրեցնում է ֆերմեր Ռզգանի հիշողությունների փայլը։
Մի անգամ, երբ Թուկազն աշխատում էր գոմում, Ռզգանը ներս մտավ, մոտեցավ նրան և առանց բարևելու ասաց.
– Հիշո՞ւմ ես՝ ոնց էի սիրահարվել, իսկ դու ինձ չուզեցիր… Հիմա մի ընտանիք կլինեինք:
– Լավ էլի, Ռզգա՛ն․․․ Երկուսս էլ մեր բոյի երեխաներ ունենք, – բահով գոմաղբը մաքրելով և Ռզգանի կողմը չնայելով՝ ասաց Թուկազը:
Ռզգանը բռնեց Թուկազի թևը, Թուկազը, թափ տալով, թևն ազատեց և անսպասելի կոպտությամբ ասաց.
– Վերջացրու՛, երկու մետր բոյ ունես, բայց քարկտիկի քար ես դարձել:
Մի քանի օր Թուկազը Ռզգանին չտեսավ. գալիս, լուռ աշխատում, գնում էր: Մի անգամ էլ գործ անելիս Թուկազը լսեց գոմի դռան ճռռոցը, բայց չշրջվեց. մտածեց՝ քամին է այն տարուբերում: Հանկարծ իր ծոծրակին տաք շնչառություն զգաց, վեր թռավ, մի քայլ առաջ գնաց և արագ շրջվեց։ Ռզգանն էր հպարտ կանգնել և փակել Թուկազի տեսադաշտը։
– Եթե հիմա իմը չլինես, ապա հետո կստիպեմ ինձ մոտ գալ։ Ուժով լինի, խաբեությամբ թե կախարդությամբ, միևնույն է քեզ կստիպեմ իմը լինել, – ասաց Ռզգանը։
Թուկազը փորձեց անցնել Ռզգանի աջ կողքով և ազատվել նրա խեղդող ներկայությունից։ Ռզգանն ամուր բռնեց Թուկազի դաստակից։ Թուկազը հետ գնաց, անփույթ տրորեց թարմ, ջրալի գոմաղբը, բահն ամբողջ ուժով իջեցրեց Ռզգանի գլխին և ասաց․
– Ես քեզ խաբեություն և կախարդություն ցույց կտամ։ Ի՞նձ ես ինչ-որ բան ստիպելու․․․
Ռզգանը ցնցվեց, հետ-հետ գնաց, փորձեց հենվել գոմի սվաղած պատին, բայց չկարողացավ, նրա երկար հասակը ճկվեց և չորացած ուռենու ճյուղի պես ընկավ գետնին։ Թուկազը բահը նետեց գոմաղբի մեջ պառկած Ռզգանի վրա և դանդաղ քայլերով հեռացավ։ Ճանապարհին Թուկազը հարևաններին հայտնեց, որ Ռզգանը գոմում ընկած է։ Դե սա եզդիական գյուղ է, որտեղ շատ հարցեր լուծվում են ներքին կարգով․․․
Երբ Ռզգանի տարեց հորեղբայր Ունոն հայտնվեց Թուկազի բակում, Թուկազը նրան ընդառաջ գնաց: Ծերունին, լոք տալով և կաղալով, անցավ Թուկազի տան առջևով հոսող առվակի վրայով, մի կողմ նետեց ձեռքի փայտը, կանգնեց ծառի կողքին, կռացավ համբուրեց Թուկազի ճակատն ու ասաց.
– Եղբորս տղայի գլուխը կապեցին, արդեն արյունահոսությունը դադարել է․ ես եկա՝ տեսնեմ՝ դու ոնց ես:
– Հորեղբա՛յր, ես եմ բահով խփել․․․
– Թուկա՛զ, այդ շունն ուզում էր քեզ ձեռք տալ, – շշնջաց հորեղբայր Ունոն։
– Այո՛, հորեղբա՛յր։
– Օղորմի քո հորը, Թուկա՛զ, – ծերունու խոսքերը գովեստի և օրհնանքի պես հնչեցին․ ասես Թուկազը բարի գործ կամ հերոսություն էր արել:
Թուկազը ոչինչ չասաց, բայց կյանքում առաջին անգամ ուղիղ նայեց ծերունու աչքերին:
– Դու իմ աղջիկն ես, թող ոչ ոք չփորձի հանկարծ քեզ մեղադրել կամ նեղացնել. եթե էլի այդ շունը նման բան անի, ինքս նրա հախից կգամ, – ասաց հորեղբայր Ունոն և հենվեց ծառի բնին:
Այդ դեպքից հետո գյուղի կյանքում շատ բան չփոխվեց. բոլոր գոմերը, թոնիրները, տները, վարագույրները մնացին իրենց տեղերում:
Մի շաբաթ հետո մարզկենտրոնի բժիշկը նայեց Ռզգանի վերքն ու ասաց.
– Ի՞նչ է պատահել, էս ի՞նչ եք արել:
– Ընկել եմ, բժի՛շկ ջան, – պատասխանեց Ռզգանը:
– Հենց ուղղահայաց ձևով, գլխի վրա՞ ընկար, – թերահավատորեն ժպտաց բժիշկը և լռեց․ բժիշկը վաղուց գիտեր, որ դա եզդիական գյուղ է․․․
– Աստիճաններից է գլորվել, – միջամտեց Ռզգանի կինը:
– Տնաշեննե՛ր, էս ո՞ր դարում ենք ապրում, որ փորձում եք կտորի մոխիրով վիրակապեր անել:
– Վախենում էինք արյունաքամ լինի, – ասաց Ռզգանի կինը:
– Բայց ձեզ ո՞վ է ասել այրած կտոր և շաքարի փոշի լցնել վերքին:
– Էդպես արեցինք, որ ինֆեկցիա չանցնի, – հպարտորեն ասաց Ռզգանի կինը, որ անկախ ամեն ինչից, փրկել էր ամուսնու կյանքը՝ օգտագործելով լուսահոգի հորեղբոր կնոջ բաղադրատոմսն ու վիրակապելու ձևը:
Թուկազը նախկինի պես գյուղում տարբեր գործեր է անում. քաղհան, հարթուկ, հաց թխել, խմոր հունցել: Գյուղի կանայք և աղջիկները աշխատանքից հետո Թուկազին խնդրում են մի քիչ երկար մնալ, սեղան նստել իրենց հետ։ Թուկազը գյուղում բոլոր եզդի տղամարդկանց հերոսուհի քույրն է դարձել: Ռզգանը նախկինի պես օրը մի քանի անգամ գոմ է գնում: Հիմա գոմում Թուկազի աշխատանքը Ռզգանն է անում․ երեխաները չեն օգնում, իսկ կինն օրուգիշեր տանը նստած՝ հեռուստասերիալներ է դիտում: Ռզգանը գոմ գնալու ճանապարհին չի սանրում իր մորուքը, միայն ուղղում է ընկերոջ նվիրած «վիլվետից» գլխարկը․ այդ գլխարկի տակ նա հիմա խնամքով թաքցնում է բժշկի դրած վիրակապը։ Ռզգանի ճակատին և աչքերի տակ հայտնված այտուցները մատնում են առողջական վիճակը, լուսահոգի հորեղբոր կնոջ բաղադրատոմսն անօգուտ է եղել․․․ Սա եզդիական գյուղ է, որտեղ շատ հարցեր լուծվում են ներքին կարգով։