Stepan Zoryan

Ճաշ

Ժամը չորսն է։

Սոլոլակ թաղը ճաշում է։

Օրվա այս պահին Թիֆլիսի այդ հարուստ թաղի արտաքին տեսքը խաղաղ է, ինչպես գյուղը հնձի ժամանակ։ Փողոցների և գրասենյակների ծանրախոհ կյանքն ու շարժումն անցել է սեղանատները, ուր, մարդկանց ձայներից բարձր հնչում է ափսեների, պատառաքաղների և դանակների զնգոց։ Սպասավորները մեկը մյուսի ետևից ել ու մուտ են անում խոհանոցից սեղանատուն, սեղանատնից խոհանոց։ Տիրում է մաքրություն, լիություն ու ձևականություն։ Մարդիկ ուտում են ծանր և խոսում անվրդով։

Տոհմական քաղաքացի այրիացած Լևոն Ազիզյանը նույնպես ճաշում է իր սեփական տան երկրորդ հարկում։ Ընդարձակ ճաշասենյակի երկար սեղանի մոտ, որի վրա կարող է ճաշել քսանից ավելի մարդ, նա նստած է մենակ՝ կուրծքը ծածկած սպիտակ անձեռոցիկով, որի մի տուտը խրել է օձիքի մեջ։ Նրա ետևը, աջ ոտի վրա հենված, կանգնած է նրա սպասավորը, մոտ քառասուն տարեկան, ճերմակ գոգնոցով մի մարդ, որ միաժամանակ կատարում է և՛ խոհարարի պաշտոն, և՛ դռնապանի գործ։

Պարոն Լևոնր, դանակն ու պատառաքաղը ձեռքին, դանդաղ ճաշում է և միևնույն ժամանակ խոսում սպասավորի հետ։ Զավակներ չունենալով և ծերության մոտեցող հասակում կնոջից զրկվելով, երկու տարի է ահա միշտ մենակ է ճաշում։ Բամբասանքից ու կողապուտից ազատ մնալու համար, նա երբեք ճաշի չի հրավիրում ազգականների ու ծանոթների, և ամեն օր ճաշն սկսում ու վերջացնում է սպասավորի հետ խոսելով։

Գրիգոր, որտեղի՞ց ես առնում այս միսը, դառնում է հանկարծ սպասավորին։

Սալդաթսկի բազարից, պաաաոխանում է սպասավորը թեքվելով և այնպիսի ձևով, կարծես տերը ծանր է լսում։

Ումնի՞ց։

Դարչոյից։

Ո՞վ է այդ Դարչոն։

Միս ծախող։

Հը՜մ, գլուխը կախելով շարունակում է ուտել պարոն Լևոնը։ Ոչինչ, միսը լա՛վ միս է, բայց մի քիչ յուղոտ է։

Սպասավորը զարմացած ուղղվում է կանգնած տեղը և նորից թեքվում դեպի տերը։

Երեկ դուք ասիք, որ ժարկոյի համար յուղոտ միս առնեմ, հիշեցնում է նա։

Այո՛, ասացի՛, բայց ոչ այսքան յուղոտ։ Յուղոտ միսն այնքան էլ լավ չէ ժարկոյի համար։ Այս տեսակ միսը կարելի է գործածել չխրթմայի կամ սոուսի մեջ, բայց ոչ ժարկոյի, հասկանո՞ւմ ես, ո՛չ ժարկոյի։

Նա նորից շարունակում է ուտել։

Մյուս անգամ էլ այսպիսի միս չառնես, ասում է նա քիչ հետո. Հանգուցյալն ամենևին չէր սիրում այսպիսի միս... Չե՞ս հիշում։ Ասում էր, որ այս տեսակ միսը վնաս է։ Եվ շատ ճիշտ էր ասում հանգուցյալը, երբ ժարկոյի միսը յուղոտ է լինում, մի տեսակ ծանր է մարսվում... Հասկանո՞ւմ ես։

Սպասավորն անշարժ կանգնած նայում է տիրոջ ալեխառն մազերով գլխին, շարժվող ծնոտներին և մտածում, որ հանգուցյալ տիրուհին, իրոք, միս քիչ էր սիրում։

Հետո, Գրիգոր, գիտես ի՞նչ, ձեռքը բարձրացնում է պարոն Լևոնը. դու միսը շատ ես եփում, այնպես որ՝ գետնախնձորի պես փշրվում է... այնինչ այսպես չպետք է անել. պետք է եփել այնպես, որ մսի համը վրեն մնա... Մի անգամ կլուբում ժարկո եմ կերել՝ շա՛տ լավն էր. թերը, բանն այնպես տեղը, համով... հետն էլ մի երկու կտոր սերկևիլ...

Պարոն Լևոնը մի պատառ միս կտրելով սկսում է հանդարտ ծամել։

Մեր կլուբի խոհարարն առհասարակ շատ ընտիր կերակուր է եփում, շարունակում է նա, և դա հասկանալի է, մարդը ռուս է, աշխարհ տեսած, հո մեր հայերի պես չի, որ գոմից դուրս են գալիս խոհարարություն անում... Դու չնեղանաս, Գրիգոր, ես քեզ չեմ ասում... Եթե ուզում ես, ես նրան կասեմ, որ մի քանի բան սովորեցնի քեզ։

Գրիգորը մի ոտից հենվում է մյուսին և կոկորդը մաքրում։

Դուք էն օրն էլ խոստացաք, որ կասեք, բայց մոռանում եք, նկատում է նա ժպտալով։

Կասե՛մ, Գրիգոր, կասեմ, հանգստացնում է պարոն Լևոնը սպասավորին։ Կասեմ, հենց վաղը կասեմ, բայց դու էլ յուղոտ միս չառնես...

Գրիգորը նորից նայում է տիրոջ գլխին, շարժվող ծնոտներին ու մտածում, որ տերը միշտ խոստանում է «վաղը», բայց միշտ էլ մոռանում է։ Նա նորից կոկորդը մաքրելով ուզում է մի բան ասել, բայց լռում է՝ տիրոջ ձեռքի շարժումը տեսնելով։

Գրիգոր, մյուս անգամ այդ Դարչոյին ասա, որ ժարկոյի համար լավ միս տա, առանց ոսկորի... Իմ կողմից խնդրի թող սուկի տա...

Սուկին ժարկո չի ըլի, պարոն, ասում է Գրիգորն ամաչելով, որ նկատողություն է անտւմ տիրոջը։

Ինչո՞ւ չի լինի, զարմանում է պարոնը սպասավորի խոսքի վրա, ընդհակառակը... կլուբում միշտ եփում են, շատ լավն է լինում...

Այս ասելով, նա ձեռքով նշան է անում, որ սպասավորը վերցնի ամանը։

Սա վերցրու, կատլետը բեր տեսնենք, ասում է նա, մեջքը աթոռի թիկունքին հենելով ու հառաչելով։ Եթե կատլետն էլ սրա պես լինի, Գրիգոր, նշանակում է՝ այսօրվա ճաշդ չավ չի...

Գրիգորը վերցնում է տիրոջ թերմացքը և գնում խոհանոց։ Մի քանի րոպեից նա վերադառնում է և կատլետը դնում տիրոջ առաջ ու երկյուղով մտածում, թե այս նոր բաժինը ինչպես դուր կգա։

Պարոն Լևոնը մի քանի րոպե լուռ ճաշում է։ Սպասավորը, նրա ետևը կանգնած, դարձյալ նայում է նրա թիկունքին, գլխին ու ծնոտներին, որոնց շարժումից շարժվում են և նրա ականջները։

Գրիգոր։

Հրամմե՛։

Կատլետն այս ի՞նչ յուղով ես պատրաստում,– հարցնում է պարոն Լևոնը վշտալի դեմքով։

Կովի յուղով...

Կովի՞... բայց ինչո՞ւ այսպիսի համ է գալիս։ Կարծես երեք օրվա կերակուր լինի, այնպե՜ս ծանր է...

Սպասավորը գունատված նայում է տիրոջը և լռում։ Նա չի ուզում պատասխանել, որովհետև նրան թվում է, որ եթե պատասխանի, պարոնը նոր հարցեր է տալու, ուստի և լռում է։ Իսկ պարոն Լևոնը շարունակում է միառժամանակ հանդարտ ուտել։

Գիտես ինչ, Գրիգոր, ասում է նա քիչ հետո, գլուխը պնակից բարձրացնելով, այսօրվա կատլետը այնքան էլ լավ չի, համ յուղն է կծված, համ էլ աղը շատ ես արել...

Գրիգորն զգուշությամբ հազում է։

Էսօր՝ երեկվանից քիչ եմ աղ գցել, ասում է նա ամբողջ իրանով առաջ թեքվելով։ - Երեկ որ ասիք աղի է, դրա համար էսօր աղը շատ քիչ եմ գցել։

Ընդհակառակը, ասում է պարոն Լևոնը, քեզ միայն թվացել է, թե քիչ ես գցել, եթե քիչ գցած լինեիր, այսպես չէր լինի։ Նա սրտի խորքից հառաչում է։ Է՜, հանգուցյալի մահից հետո, դու կերակուրներն այնքան էլ լավ չես պատրաստում, Գրիգոր։ Երբ հանգուցյալը կենդանի էր, հսկում էր, խորհուրդներ էր տալիս, և դրա համար կերակուրներն այնպես լավ էին դուրս գալիս։ Իսկ հիմա.. (նա նորից հառաչում է)։ Ես ասել եմ, էլի կասեմ, Գրիգոր, որ հայ խոհարարը կարգին կերակուր եփել չգիտի... Հայը, իսկապես, պետք է մնա ռանչպար, և ոչ թե խոհարար դառնա... Հայը կարող է, ճիշտ է, առևտուր անել, միրգ ծախել, բայց խոհարարությունը նրա բանը չի. հայը քուֆթից բացի ուրիշ բան չի կարողանում եփել։ Իսկ խոհարարը, Գրիգոր, ամեն բան պետք է իմանա, ամե՛ն բան... Հասկանո՞ւմ ես... Խոհարարությունն էլ արհեստ է, ինչպես դերձակությունը, ինչպես ոսկերչությունը... Խոհարարը պետք է հասկացող լինի... Հասկանո՞ւմ ես...

Գրիգորի շրթունքները դողում են, հայտնի չէ՝ երկյուղի՞ց, թե հուզմունքից։

Եթե չեք հավանում, պարոն, ասում է նա կերկերուն ձայնով, ես կերթամ, ուրիշին բռնեցեք... Հինգ տարի Միրզոևի տանն եմ եղել, միշտ գոհ են մնացել, հիմի...

Ես հո քե՛զ չեմ ասում, հիմար, խնդում է պարոն Լևոնը։ Ես ընդհանրապես եմ ասում, որ հայը խոհարարություն չգիտի, նա կարող է միայն լավ բանվոր լինել երկաթուղու վրա կամ ոտնաման սրբող փողոցներում, իսկ խոհարար կամ սպասավոր երբեք... (նա մի փոքր լռում է)։ Ա՛յ, դու էլ, ճիշտ է, խոհարարություն և սպասավորություն ես անում, բայց ձևը չգիտես, Գրիգոր... Չգիտես, օրինակ, թե որքան աղ պիտի գցել մի ֆունտ մսին, չգիտես, թե ինչ տեսակ յուղն է լավը, իսկ դա հասարակ բան չի... Եթե մի խորհուրդ տվող չլինի քեզ, դու միշտ կսխալվես, Գրիգոր... Ա՛յ, ինչ եմ ասել, ուրիշ բան են ռուսն ու վրացին։ Նրանք ստեղծված են հենց խոհարարության համար. մաքո՛ւր, ժի՛ր, հասկացո՛ղ...

Գրիգորի շրթունքները նորից դողում են։

Եթե չեք հավանում, վրացի բռնեցեք, ասում է նա այս անգամ հուզված, դողացող ձայնով, ես կերթամ։

Ու, խոսքի կեսը բերանում, ուղղվում է դեպի դուռը։

Սպասի՛ր, Գրիգոր, սպասի՛ր, կանչում է պարոն Լևոնը։

Բայց Գրիգորը չի կանգնում։

Դուք ամեն օր ինձ չեք հավանում, շարունակում է նա՝ նեղացած դեպի դուռը գնալով, ես կարող եմ գնալ, ուզում եք ռուս բռնեցեք, ուզում եք վրացի, միևնույն է... Ես կերթամ...

Սակայն չի գնում։ Վերջին խոսքերն արտասանելով՝ կանգնում է դռան մոտ անբավական ու դժգոհ դիրքով։

Ի՜նչ հիմարություն, ետ է դառնում պարոն Լևոնը. ո՞ւր ես ուզում գնալ։

Կերթամ ուրիշ տեղ։

Ի՜նչ հիմարություն... Քեզ ի՞նչ են անում, ա՛յ տղա, որ այդպես նեղանում ես։

Գրիգորը հուզմունքից չի խոսում։

Պարոն Լևոնը շարունակում է.

Որ ուզում եո զնալ, բա այս բաներն ո՞վ պիտի հավաքի, ցույց է տալիս սեղանի երեսի ամանները, ես հո չեմ կարող... Լա՜վ, ասենք, գնացիր, բա փողդ ի՞նչ ես անելու. ես հո քո փողապահը չեմ...

Այս խոսքերի վրա Գրիգորն առաջ է գալիս։ Նրա դեմքն արտահայտում է վախ ու անհանգստություն։ Նա մտածում Է, որ տարիներով հավաքած գումարը՝ հարյուր հիսուն մանեթ, որ պետք է կնոջն ուղարկի պարտքը տալու և մի կով առնելու համար, տիրոջ մոտ է, առանց այդ գումարն ստանալու ինչպե՞ս կարող է գնալ։ Առաջ գալով՝ կանգնում է սեղանի քով։

Փողը տվեք, պարոն, խնդրում է նա, տվեք, ավելի լավ է գնամ...

Դե լա՜վ, լա՜վ, ասում է պարոն Լևոնը։– Հիմարություններ մի անի։ Արի սեղանը հավաքիր, հետո...

Գրիգորն անխոս հավաքում է սեղանի երեսը, ամանները տանում է խոհանոց, մրգերը դնում է պահարանը, սփռոցը թափ է տալիս պատշգամում, հետո գալիս կանգնում է տիրոջ առաջ, որ դրամն ստանա։ Ի՞նչ ես ուզում, Գրիգոր, հարցնում է պարոն Լևոնը, ընդհատելով մտածմունքները հանգուցյալ կնոջ մասին։

Փողը...

Փո՜ղը... Փող հիմա որտեղի՞ց... Սպասիր, երբ կլինի, էն ժամանակ կտամ... Ի՛նչ, չլինի ուզում ես գնա՞լ իսկապես... Հիմար մի լինի, խնդում է պարոն Լևոնը։ Ո՞ւր ես գնում, քո տեղը մարդ կա՞, որ գնում ես... Հիմար մի լինի։ Մի թեթև խոսքից ինչո՛ւ ես նեղանում... Արի՛ այստեղ, արի ավելի լավ է քեզ ասեմ, թե ինչ պետք է առնես էգուցվա ճաշի համար, արի։

Եվ պարոն Լևոնը բազմոցի վրա պառկելով՝ թելադրում է Գրիգորին, թե ինչ պետք է գնել վաղվա ճաշի համար։

Կառնես իշխան, ասում է նա ցուցամատը շարժելով, տապակելիս վրան մի քանի ձու կկոտրես, բայց ձուն շատ չեփես։ Շատ եփելուց համը կկորչի... Իշխանից հետո՝ կառնես գառան միս կոտլետի համար, և տոլմացու։ Տոլմեն կեփես տերևով, բայց բրինձ քիչ կգցես... Հետո կառնես մի երկու ճուտ իրիկվա համար։ Կառնես կանաչի՝ թարխուն, բողկ... Եթե հնդկահավ պատահի՝ ա՛ռ, մյուս օրը պետք կգա. կարելի է տապակել...

Մի քանի րոպե անց՝ պարոն Լևոնը սկսում է ննջել, իսկ Գրիգորը գնում է խոհանոց և մտածում տիրոջ մոտ մնացած հարյուր հիսուն մանեթի մասին և այն մասին, թե ինչպես անի, որ վաղվա ճաշը դուր գա տիրոջը։

Եվ այսպես ամեն օր...

1916

Be the first who will comment on this
Yatuk Music
Gayane - Lullaby
Aram Khachatryan

Gayane - Lullaby

Karmravor
Karmravor
Play Online