Stepan Zoryan

Կատակ

Այն ամառանոցը, ուր պատահել է այս դեպքը, այնքան փոքր է, որ աշխարհագրական մեծ քարտեզում ասեղի ծայրի չափ տեղ էլ չի բռնում և անունը նույնիսկ չի հիշվում։ Հենց այդ պատճառով ես նույնպես չեմ ուզում հիշել նրա անունը. միայն այսքանը կասեմ, որ նրա բնակիչները՝ ունևորից սկսած մինչև չունևորը, մեծ մասամբ կառապաններ են և փոստային կայարանների վերակացուներ։ Բայց, որովհետև, երկաթուղիների պատճառով, փոստային կայարաններից շատերը վերացել են արդեն, այդ կառապանների և վերակացուների մի մասն այժմ զբաղվում է՝ ամառը կաղամբ ու գետնախնձոր ցանելով, իսկ ձմեռը՝ բամբասանքով (որ կատարվում է օղետներում) ու դատարաններին գանգատ ներկայացնելով (որոնք առավելապես լինում են անցած տարում արածեցրած արոտների, կորած խուրձերի, գողացված հորթերի և խոճկորների մասին)։

Կյանքն այդ ամառանոցում անցնում է միակերպ, ձանձրալի՜, տխո՜ւր... Այնպես որ, երբ նրա բնակիչները լսում են փոստային սայլակի զանգակների հեռավոր զնգզնգոցը, կամ երբ տեսնում են, որ փողոցով անցնում է մի կակարդավոր, պսպղուն կոճակներով պաշտոնյա, մեծ ու փոքր դուրս են թափվում տներից ու խանութներից կամ, գլուխները լուսամուտներից հանելով, հետաքրքիր ու խուզարկու աչքերով դիտում են այդ նոր երևույթը։

Բայց, պիտի խոստովանել, որ այդ ամառանոցի ջուրը թեթև է, ձուն էժան, օդը՝ կազդուրիչ ու կենարար։ Այդ պատճառով էլ այնտեղից միշտ անպակաս են ամառողները։

Այս հռչակավոր ամառանոցում կա (ես ենթադրում եմ, որ նա հիմի էլ կա, որովհետև նա այդպես շուտ չէր կարող մեռնել) մի, ոչ պակաս հռչակավոր, ամառանոցատիրուհի, որ այնտեղ հայտնի է «Պառավ Կատարինե» անունով։ Դա մի այրի կին է և մի զավակի մայր, որը սիրում է ամեն օր պատմել միևնույն բաները, թե որպիսի՛ մարդիկ են եղել անցյալ ամառ իր տանն ապրողները, թե ինչպե՛ս ինքը մի անգամ տեսել է հայոց կաթողիկոսին, որ իրեն «մայրիկ» է ասել, և որի սպիտակ միրուքի մեջ ձավարի հատիկներ են եղել։ Այս ամենի մասին պատմելիս՝ նա բաց չի թողնում և ոչ մի մանրամասնություն։

Մի տարի այս պառավ Կատարինեի տանը ապրում էինք չորս հոգի ամառողներ։ Մեկը մի ջահել այրի էր, մի իսկական գեղեցկուհի, որին պատկերելու համար շատախոս վիպասանը կարող էր նվիրել առնվազն տասն երես նկարագրություն, բայց ես կբավականանամ միայն երկու խոսքով. նա նման էր Դեզդեմոնային. ման էր գալիս միշտ սևեր հագած և միշտ սպիտակ, շնիկը հետը։ Երկրորդը՝ բաքվեցի մի ամուրի հաշվապահ էր, որ սիրում էր խոսել իտալական կրկնակի հաշվապահության մասին և նույնիսկ ճաշի միջոցին հովանոցը միշտ կողքին էր պահում, երրորդը՝ ընկերս էր, որ մասնակցում էր ամառանոցում գտնվող դերասանի ներկայացումներին, և միշտ շվոցներ էր վաստակում. իսկ չորրորդը՝ ես, որ, պարապ լինելով, ձուկ էի որսում գետում։

Ես ու ընկերս ապրում էինք մի սենյակում, պառավի բնակարանի աջ կողմը, հաշվապահը՝ ձախ, իսկ ջահել այրին՝ առանձին բնակարանում, մեր սենյակների դիմաց, իր տարեց աղախնի հետ միասին, որը միևնույն ժամանակ և՛ խոհարարուհի էր, և՛ բարապանուհի, և՛ լվացարար, և՛ վերջապես, դերձակուհի (նա կարում էր տիրուհու սպիտակեղենը)։

Ջահել այրին իր գեղեցկությամբ ամառանոցում ստեղծել էր երկրպագուների մի խայտաբղետ բանակ, որին սակայն ոչ մի ուշադրության չէր արժանացնում և ամեն տեսակի անպարկեշտ ու սիրազեղ հայացքների հանդեպ՝ միշտ իր շնիկին էր շոյում ու գգվում։ Իսկ ընկերոջս և ինձ նայում էր այնպես, ինչպես նայում են հեռագրաթելերի սյուներին կամ անթիվ անգամ տեսած արձաններին, և մեր հարգալիր բարևներին կա՛մ չէր պատասխանում, կա՛մ պատասխանում էր այնպես, ինչպես գեներալը զինվորներին։

Սակայն, մի առանձին վերաբերմունք էր ցույց տալիս դեպի հաշվապահը, որ, ճիշտն ասած, գրգռում էր մեր նախանձը։

Ամեն անգամ, երբ հաշվապահը, խոր գլուխ տալով, բարևում էր նրան, այրին ժպտում էր դեմքովը մեկ և գլուխը մտերմաբար շարժում մի քանի անգամ։ Մենք այս բանը բացատրում էինք նրանով, որ ջահել կինն ատում է կնամեծար և կնորս մարդկանց, իսկ դեպի հաշվապահը սիրալիր է նրա համար, որովհետև վերջինս հասակավոր է (նա կլիներ մոտ հիսուն տարեկան), չունի հանդուգն ու ցինիկ դեմք, և այրին նրան ընդունում է հոր տեղ ու հարգում։

Այլ կերպ դժվար էր բացատրել, որովհետև անկարելի էր կարծել, թե ջահել կինը համակրում է հաշվապահին, որը մի տգեղ և, եթե կարելի է ասել, խունացած մարդ էր։ Չմոռանամ հիշել, որ ամառանոցում նրան «ճապոնացի» էին անվանում, և այդ նրա համար, որովհետև իր կարճ հասակով, բրոնզագույն դեմքով, պաճո քթով և փոքրիկ ու երեսի մեջ թաղված նեղ աչքերով հիշեցնում էր իսկապես ճապոնացու։ Բացի դրանից, նա լռակյաց ու սակավախոս մարդ էր, ճաշի ժամանակ (ես, ընկերս և հաշվապահը ճաշում էինք տանտիրուհու սեղանից, նրա հետ միասին) ունեցած մեր զրույցներին նա գրեթե չէր մասնակցում, և եթե երբեմն մի բան ասում էր, նրա խոսքը, չգիտեմ ինչու, միշտ վերջանում էր նրանով, թե մարդկանց համար որքան մեծ և օգտակար գիտություն է իտալական կրկնակի հաշվապահությունը և թե ինքը քանի շաբթումն է սովորել դա։

Սովորելը մի քիչ դժվար է, բայց օգուտը մեծ, ավարտում էր նա իր խոսքն ամեն անգամ և խորհուրդ էր տալիս մեզ՝ ինձ, ընկերոջս և տանտիրուհուն սովորել այդ օգտակար գիտությունը, որովհետև առանց դրան մեր հաշիվների մեջ անթիվ սխալներ կարող ենք անել։

* * *

Նա, ինչպես ասացի, ամուրի էր և մոտ հիսուն տարեկան. երիտասարդ ժամանակից, ինչպես ինքն էր ասում, հաշվապահի պաշտոնով մտել էր նավթարդյունաբերական մի ֆիրմա և մինչև այդ տարիքը ծառայել էր այնտեղ՝ քաղաքից երբեք դուրս չգալով, նա պարծանքով էր հիշում, որ պաշտոնից մի օր չի բացակայել և միայն հիմա է, որ բժիշկների խորհրդով եկել է ամառանոց։ Իր պաշտոնին այնպես էր վարժվել, որ ամառանոցում էլ, որոշ ժամերի, նստում էր սենյակում և ինչ-որ հաշիվներ տեսնում։ Իսկ մնացած ազատ ժամանակը կանգնում էր պատշգամում և շարունակ գաղտուկ հայացքներ նետում դեպի ջահել այրու բնակարանը։ Եվ երբ տեսնում էր այրուն՝ տնից ելնելիս կամ պատշգամ դուրս գալիս, խոր գլուխ էր տալիս նրան և արժանանում պայծառ ու դուրեկան ժպիտի։ Պատահում էր երբեմն, ճաշի միջոցին, նա կողմանակի խոսք էր գցում այրու մասին և հարցնում տանտիրուհուն, թե ո՞վ է նա, որտեղացիո և թե որքա՞ն ժամանակ պիտի ապրի ամառանոցում։ Պառավն ասում էր՝ ի՛նչ գիտեր։ Իսկ նա, այդ պատասխաններից կարծես չբավարարված, նորից նայում էր դեպի այրու լուսամուտը, ուր երբեմն երևում էր ջահել կինը՝ շնիկը գրկին կամ մի որևէ պատկերազարդ ժուռնալ ձեռին։

Հաշվապահի բոլոր շարժումներից, արտահայտությունից ես և ընկերս նկատում էինք, որ նա անտարբեր չէ դեպի այրին, և նրա սիրալիր վերաբերմունքն այդ կերպ է ընդունում։

Եվ չէինք սխալվում։

Մենք, որ նույնպես անտարբեր չէինք դեպի ջահել կինը և միշտ, առիթով կամ անառիթ, նայում էինք նրան և նրա բնակարանի կողմը, վերջին օրերը մի քանի անգամ իրար վրա տեսնում էինք, որ այրու ննջարանի լուսամատում վաղ առավոտյան դրվում է մի մեծ ծաղկեփունջ՝ կազմված գույն-գույն վարդերից և ամառանոցի միակ այգեպանի ծաղկանոցում միայն գտնվող քրիզանթեմ, լալազար, զանգակ և այլ ծաղիկներից։

Մենք հաստատ գիտեինք, որ ծաղկեփունջն այրին ինքը չի դնում իր լուսամուտը, որովհետև ամեն անգամ ծաղկեփունջը տեսնելիս՝ նա սառը դեմքով հրամայում էր աղախնուն հեռացնել այն։ Նրա դեմքից պարզ երևում էր, որ այնքան էլ գոհ չէ այդ բանից։ Եվ երևի այդ էր պատճառը, որ նա, կարծելով թե փունջը ես կամ ընկերս ենք դնում իր լուսամուտը, այլևս ոչ նայում էր մեզ վրա, ոչ էլ պատասխանում մեր բարևին։

Պետք է ասած, որ այս բանը սաստիկ վշտացնում էր մեզ, և այդ պատճառով հետաքրքրվում էինք չափազանց, թե ո՞վ, այդ ո՞ր հանդուգն է ծաղկեփունջ դնում օտար լուսամուտ, ուրիշ մարդկանց գցում կասկածի տակ ու ինքը թաքնվում վախկոտի պես։

Զարմանալի բան է. մտածում ես երբեմն, թե սիրահարները մի՞թե չեն կարող առանց ծաղկի սեր հայտնել։ Սիրահար մարդը, ո՛վ էլ նա լինի՝ շինական թե քաղաքացի, միշտ տեսնում եք սիրո մեջ ծաղիկ է խաղացնում։ Ծաղիկն ի՞նչ գործ ունի այդտեղ, մտածում ես... Բայց ոչ. ծաղկի մեջ, կարծես, մի ուրիշ բան կա, մի ինչ-որ կախարդական ու հմայիչ զորություն... Թվում է թե՝ այն, ինչ չի կարող հայտնել լեզուն, այն, ինչ չի կարող ասել սիրտը, այդ ամենը կարելի է հայտնել և ասել միմիայն ծաղկով... Մի հեքիաթ կա, որ ասում է, թե սերը աշխարհի գութն է, ծաղիկը նրա ժպիտը, և թե սերն ու ծաղիկը ծնվել են միասին, մի նյութից, ստեղծագործության առաջին օրը։

Սակայն թողնենք ռոմանտիզմը։

Ո՞վ պետք է լիներ, վերջապես, այդ սենտիմենտալ մարդը, որ իր սերը ծաղկով և գիշերներով էր հայտնում։

Մենք ենթադրում էինք, որ դա ռոմանտիկ վեպեր կարդացած մարդ պետք է լինի, որը, նրանց ազդեցության տակ, իր սերը հայտնելու միակ միջոցը ընտրել է ծաղիկը և գիշերը։

Բայց սխալվում էինք։

Զանազան ենթադրություններ անելուց հետո, որոշեցինք իմանալ ո՞վ է ծաղկեփնջի անհայտ ասպետը։ Նախ մտածեցինք գնալ ծաղկապահի մոտ և հարցնել ո՛վ է իրենից գնում այսինչ տեսակի ծաղիկները, բայց հետո ավելի լավ համարեցինք գիշերը հանգցնել մեր սենյակի լույսը և արթուն հսկել, տեսնելու, թե ո՛վ է մոտենալու ջահել կնոջ լուսամուտին։

Այդպես էլ արինք։

Վաղ երեկոյան լույսը մարեցինք և, խավարում նստած, աչքերնիս հառեցինք «դյութական Թամարի դղյակի» կողմը։

Թեև լուսին չկար, բայց լուսամուտներից ընկնող լույսերով կարելի էր տեսնել և ճանաչել եկողին։

...Բավական ժամանակ անցավ, ոչ ոք չերևաց։ Ամառանոցի երաժշտախումբը լռեց, քիչ հետո լսեցինք, թե ինչպես ամառողները հնչուն ծիծաղով փողոցներով ցրվեցին իրենց տները. ռոտոնդից եկավ և այրին. թափանցիկ վարագույրների միջով տեսանք, թե ինչպես հանվեց, հանգցրեց ճրագն ու քնեց։

Անցավ մի երկու ժամ ևս, դարձյալ՝ ոչ ոք։ Սկսեցինք հուսահատվել ու ձանձրանալ, կարծելով թե արդեն ուշ է և այս գիշեր այլևս չի կրկնվի ծաղկեփնջի նվիրաբերությունը։ Ու այն է՝ քիչ էր մնում հանվեինք պառկելու, մեկ էլ մեր ականջին հասավ գաղտնի քայլերի ձայն։ Մենք սրեցինք մեր տեսողությունը և փոքր հետո՝ նկատեցինք, որ մեկը շուրջը նայելով, ինչպես դավադիր, և զգույշ, որպես գող, լայն քայլերով, ձեռին ինչ-որ բռնած՝ մոտեցավ այրու լուսամուտին։ Եվ որովհետև նա քայլում էր անբնական քայլերով և թիկունքը մեզ դարձրած, մենք չճանաչեցինք նրան։

Լուսամուտին մոտենալով՝ այդ տարօրինակ մարդը, այդ գիշերաշրջիկ ասպետը, իր ձեռքի բանից, որ ըստ երևույթին ծաղիկն էր, հոտ քաշեց, հետո ուղղեց այն և ապա, ոտքերի ծայրերի վրա կանգնելով, դրսից դրեց լուսամուտի գոգը։

Այս արարողությունը կատարելուց հետո նա, երեսը լուսամուտին դարձրած, մի քանի քայլ ետ գնաց ու կանգ առավ։

Ապա, մի երկու վայրկյան լուսամուտին նայելուց հետո, նա ձեռքերը գրպանը կոխեց և անմեղ ձևով, կարծես ոչինչ չէր արել, քայլերն ուղղեց դեպի մեր պատշգամը։

Եվ այդ ժամանակ, կարո՞ղ եք երևակայել, թե ո՞ւմ տեսանք... Հաշվապահին։

Այս ամենից հետո, այդ նույն գիշերը մենք, կատակի համար, որոշեցինք և հետևյալ օրը այրու կողմից հաշվապահին գրեցինք մի կարճ, շատ կարճ նամակ, որի մեջ ջահել կինը իբր թե հայտնում էր հաշվապահին, որ ինքը շատ զգացված է թարմ, ցողալի ծաղկեփնջից և նրա նվիրական սիրուց, ու խնդրում է նրան մյուս օրը, երեկոյան բարեհաճել իր մոտ՝ «մի բաժակ թեյի»։

Նամակը գրեցինք բարակ ու մանր տառերով, ջանալով ամեն կերպ ձեռագիրը նմանեցնել կնոջ ձեռագրի, որ կասկածի տեղիք չտանք, թեև վստահ էինք, որ հաշվապահն այնքան էլ նրբամիտ չէ, որ կարողանա ձեռագրերը տարբերել իրարուց։

Նամակը փոստարկղը գցելով՝ սպասում էինք, որ հետևյալ օրը կստեղծվի մի շատ զավեշտական դրություն և առիթ կտա անսպառ ծիծաղի, սակայն...

Ես խղճի խայթ եմ զգում։

* * *

Նամակը գրելու հաջորդ օրը, չգիտեմ ինչպես էր պատահել, հարևան որսորդի շունը խեղդել էր մեր տանտիրուհու հավերից մեկը. այդ պատճառով խեղճ պառավը, վշտից ճաշն ուշացրած լինելով, շարունակ «ներողություն» էր խնդրում և, խոհանոց մտնելով ու դուրս գալով, հուղարկավորի դեմքով պատմում էր մեզ դեպքի մանրամասնությունը, երբ եկավ մեր ճաշընկեր հաշվապահն իր անբաժան հովանոցը ձեռին։

Նա անսովոր ուրախ էր երևում։ Սեղանի քով իր տեղը բռնելով՝ նա ժպիտը դեմքին հարցրեց մեր առողջությունը, մի բան, որ երբեք չէր արել, և ապա հանաքով նկատողություն արավ տանտիրուհուն՝ ճաշն ուշացնելու համար։

Տանտիրուհին էլ կարծեք հենց այդպիսի մի բանի էր սպասում, որ հավի պաամությունը նորից սկսի։

Նա նախ «ներողություն» խնդրեց հաշվապահից, որ ճաշը ուշացել է, հետո բացատրեց, որ այդ բանում մեղավորը բնավ ինքը չէ. մեղավորն այն «անտեր շունն է, որ այս փորձանքը բերեց իմ գլխին»։

Որ իմանաս ի՜նչ տեսակ հավ էր, լացդ կգա, շարունակեց նա տխրությամբ, հաշվապահին դիմելով, օր չէր անցկացնում, որ ձու չածեր. տարենը երկու անգամ թուխս էր նստում. մի հատ ձուն ի՞նչ է, չէր փչացնում... Մի ուրիշ, ուրի՜շ տեսակ հավ էր. ինքը գալանցկի (հոլլանդական), ձվերը մե՜ծ-մե՜ծ։ Կովի հետ չէի փոխի...

Եվ պառավը պատմեց, թե ի՛նչ օգուտ է տվել այդ հավն իրեն և թե ո՛ւմից է առել ու ի՛նչ գնով։ Հավը նա գնել էր մի հույնից կես փութ խնձորով, հույնը չէր տալիս, աղաչեց-խնդրեց, նոր միայն զիջեց և հիմի «սև գրողի տարած» հարևանի շունը խեղդեց ու թողեց։

Սրանով էդ անտերը երկու հավ է խեղդում ինձանից, ավարտեց նա պատմությունը. երկուսն էլ, գալանցկի... Հիմա որ սուդը գանգատ տաս, կասեն Կատարինեն հավի համար գանգատ է գնում...

Խոսելով, պառավը միևնույն ժամանակ շերեփը ձեռքին խոհանոց էր մտնում, դուրս գալիս, սեղանի երեսը ծածկում և հավերին կանչելով համրում մեկ-մեկ։

Ես և ընկերս ձևացնում էինք, թե վշտակցում ենք պառավին, բայց գաղտուկ դիտում էինք հաշվապահի մշտապես մռայլ դեմքի ուրախ կերպարանափոխությունը, որից և եզրակացնում էինք, որ նա նամակն արդեն ստացել է։ Իսկ հաշվապահը, հակառակ իր սովորության, որ միշտ վշտակցում էր մեր մշտապես վշտակիր տանտիրուհու բոլոր վշտերին, այդ օրն անտարբեր և նույնիսկ հեգնանքով էր վերաբերվում նրա խոսքերին և աչքի տակով շարունակ ծոցագրպանին էր նայում, ուր, ըստ երևույթին, հանգչում էր նամակը։

Ճաշը, չնայած տանտիրուհու վշտին, այնուամենայնիվ, ուրախ անցավ, շնորհիվ հաշվապահի։ Այդ սակավախոս ու մռայլ մարդը գրեթե անճանալելի էր դարձել։ Տանտիրուհուն նա մխիթարում էր հանաքներով ու հեգնանքով, իսկ մեզ առաջարկում էր խմել հավի կենացը։ Հաշվապահի այս ուրախ տրամադրությունը և ազատ շարժուձևերը կասկած չէին թողնում, որ նա ստացել է մեր նամակը և ուրախությունից դարձել շատախոս։ Նրա շատախոսությունն այնքան առաջ գնաց, որ ճաշի միջոցին, երբ պառավը նորից հիշեց հավի ամեն օր ձու ածելու և երկու անգամ թուխս նստելու հանգամանքը, նա սկսեց հաշվել, թե տարեկան իսկապես որքա՛ն օգուտ կբերեր այդ հավը մեր խեղճ տանտիրուհուն։ Եվ այդ հաշվետեսությունն առիթ եղավ, որ նա նորից խոսի իտալական կրկնակի հաշվապահության մասին։

Ասում եք, երիտասարդ պարոն, հաշիվ իմանալն այնքան էլ կարևոր բան չէ, դարձավ նա ընկերոջս, որ նույնպես փորձեց հաշվել հավի օգուտը, բայց գլուխ չհանեց. ա՛յ, եթե հաշվապահություն սովորած լինեիք, իսկույն կհաշվեիք։ Իսկ եթե իտալական կրկնակի հաշվապահություն իմանայի՜ք, ո՛րքան օգտակար կլիներ։ Հապա՜... Պիտի՛ սովորել։

Ճաշից հետո ես և ընկերս քաշվեցինք մեր սենյակը, որպեսզի այնտեղից դիտենք, թե հաշվապահն ինչպե՞ս պիտի գնա իր գեղեցկուհու մոտ։

Եվ նա մեզ երկար սպասել չտվեց։

Շնորհիվ նրա, որ ճաշն ուշացավ, այդ պատճառով էլ երեկոյան թեյի ժամը շուտ վրա հասավ, այսինքն՝ այն ժամը, երբ հաշվապահը պիտի գնար այցի իր «երազների թագուհուն»։

Տեսնելո՜ւ բան էր այդ այցը։

Հաշվապահը հագել էր տոնօրյա մոռագույն զգեստները, կապել էր նոր փողկապ, ժամացույցի դեղին շղթան մեկնել էր կրծքին՝ ժիլետի մի գրպանից մյուսը, ճաշից հետո մաքուր ածիլել էր տվել երեսը և բեղերի ծայրերը կտրել։ Եվ, պետք է ասած, բավական գեղեցկացել էր։ Այժմ նմանում էր եվրոպական ճանապարհորդությունից վերադարձող եվրոպացած ճապոնացու։

Երբ նա հովանոցը ձեռքին մոտեցավ այրու բնակարանին, մի րոպե վարանքով կանգ առավ, շուրջը նայեց, երևի տեսնելու՝ իրեն նայող կա՞ թե ոչ, և ապա անվստահ ու երկյուղած քայլերով, ինչպես հավատացյալն է մտնում տաճար կամ՝ նորեկ աշակերտը դպրոց, բարձրացավ պատշգամը։

Այստեղ նրան դիմավորեց ջահել կնոջ պառավ աղախինը։ Սա խոնարհ, բայց զարմացած աչքերով, ինչ-որ բան հարցրեց հաշվապահին և մտավ տիրուհու սենյակը։

Մինչ աղախինը այրուն կհայտներ իր այցելության մասին, հաշվապահն սկսեց շտապ-շտապ, բայց խնամքով ուղղել փողկապը, որ շատ ուղիղ էր, հարդարել մազերը, որոնք նույնպես կոկ էին, մի խոսքով՝ գեղեցիկ երևալու համար անում էր բոլորը. ժամացույցի շղթան էր շտկում, մատները քսում էր բեղերին և զանազան դիրք ընդունում, ինչպես անում են լուսանկարվելու պատրաստվող մարդիկ։ Բայց ինչ էլ անում էր խեղճ մարդը՝ հիսուն տարեկանից պակաս չէր երևում և դեմքը հիշեցնում էր էլի ճապոնացու։

Փոքր անց՝ դուրս եկավ աղախինը և նույն զարմացած աչքերով նրան հրավիրեց ներս։

Հաշվապահը ներս մտավ այնպես, ինչպես մի հասարակ հպատակ կմտներ իր իշխանի անմատչելի դղյակը՝ զսպված ինքնաբավականությամբ ու խորին ակնածանքով։ Այնուհետև չտեսանք, թե ի՛նչ է կատարվում ներսը. համակ հտաքրքրություն դարձած սպասում էինք գործի ելքին, ինչպես հայրը կսպասի իր զավակի ծնվելուն։

Միևնույն ժամանակ անում էինք զանազան ենթադրություններ, թե միգուցե այրին իսկապես լուրջ ընդունի նրան, իբրև սիրահարի, և հայտնի, որ ինքն այդ այցելությանը վաղուց էր սպասում, կամ թե հաշվապահն ինքը ոչ մի խոսք չբանա ստացած նամակի մասին և նրա այցը այրին համարի սովորական այցելություն և թեյով ու մուրաբայով պատվի նրան։

Սակայն այդ ենթադրությունն իզուր էինք անում։

Այն, ինչ կատարվեց մեր բանականությունն ու ենթադրությունը բնավ չէին նախատեսել։

Ներս մտնելուց հետո՝ չանցավ տաս-տասնհինգ րոպե, երբ հաշվապահը նորից դուրս եկավ այրու սենյակից... Բայց ինչպե՞ս։

Չեմ կարծում, թե Ադամը դրախտից արտաքսվելու ժամին ունենար այնպիսի դեմք, ինչպիսին ուներ հաշվապահը։ Նա գլխիկոր էր՝ որպես հանցավոր, և գունատ՝ ինչպես հոգեդարձ։ Թվաց, թե ծերացել է մի քանի տարով և ավելի է նմանվել ճապոնացու։ Նրա դեմքը տեսնելով՝ մեզ թվաց նույնպես, թե նրա բոլոր շորերը հին են, մազերն անկարգ, փողկապը ծուռ։

Հազիվ ոտքը դուրս էր դրել սենյակից, երբ նրա ետևից պատշգամ նետվեց մի մեծ ծաղկեփունջ և դուռը ծածկվեց այնպիսի ուժով, որ ապակիները զնգզնգացին, կարծես մոտակայքում պայթած կայծակի հարվածից։

Հաշվապահն այրու բնակարանից հեռացավ այնքան ցրված և այնպես շտապ, որ հովանոցը մոռացավ այնտեղ և ձեռնթափ ու շփոթված շտապեց իր սենյակը։

Երեկոյան թեյին նա չերևաց, իսկ պառավը վշտացած լինելով, չհետաքրքրվեց, թե ինչո՛ւ։ Նույնը պիտի կրկնվեր հետևյալ առավոտ, եթե պառավը չհետաքրքրվեր այս անգամ։

Տեսնելով ճաշորդն ուշանում է թեյին, պառավը գնաց նրան կանչելու։

Բայց հինգ րոպե չանցած՝ վերադարձավ այլայլված ու զարմանքից երկարած դեմքով և հայտնեց, թե հաշվապահը տանը չէ։

Ես և ընկերս նետվեցինք հաշվապահի սենյակը։

Եվ... տեսանք այն, ինչ ամենից անսպասելի և ամենից անհավանական էր։

Հաշվապահը կախվել էր...

Մենք ամեն ինչ սպասում էինք նրանից, բայց երբեք այդպիսի քայլ։ Սպասում էինք, օրինակ, որ նա այլևս չի երևա այրու աչքին և, իմանալով, որ մեզ ոչինչ հայտնի չէ, կշարունակի իր կյանքը նախկին ձևով, կամ ամենաշատը կթողնի ամառանոցն ու կմեկնի Բաքու։ Բայց... անհասկանալի հոգիներ շատ կան կյանքում։

Եվ այդ օրվանից ամառանոցը մեզ համար դարձավ անհրապույր, իսկ մեր տաղտկալի օրերն ավելի ձանձրալի...

1915

Be the first who will comment on this
Yatuk Music
Masquerade - Waltz
Aram Khachatryan

Masquerade - Waltz

Aspiration
Aspiration
Play Online