Stepan Zoryan

Կասկած

Թվաբանության ուսուցիչ Արամ Սարոյանն այդ առավոտ զարթնեց սովորականից ուշ՝ հոգնություն ու դժգոհություն արտահայտող աչքերով։ Շտապ հագնվելով նա, առանց կնոջն ու երեխային նայելու, որ նստած էին հացի սեղանի մոտ, հոնքերը կիտած գնաց լվացվելու։ Կինը, նրա դեմքին նայելով, իսկույն գուշակեց, որ ինչ-որ բան է պատահել ամուսնուն։ Դեռ երեկ երեկո, երբ ինքը պառկած էր արդեն, Արամն ակումբից ուշ եկավ և, հակառակ սովորության, հետը չխոսեց։ «Արդյոք ի՞նչ պիտի պատահած լինի», մտածեց տիկինը երեխայի աչքերին նայելով, իսկ երբ երեսը սրբելով ներս մտավ Սարոյանը՝ նույն մռայլ դեմքով, նա չհամբերեց.

Ի՞նչ է պատահել, Արամ... տխուր ես երևում։

Սարոյանը չպատասխանեց։

Քեզ հետ չե՞մ... Ինչո՞ւ չես խոսում... Ուշացե՞լ ես... հա՞... (Մարդը լուռ է)։ Դե, ես մեղավոր չեմ, որ ուշ ես զարթնել։ Քանի՛ անգամ դու ինքդ ես արգելել, որ չզարթեցնեմ, երբ էլ լինի... Ասենք, մեր ժամացույցը կարող է սխալ լինել... էն օրը, երբ մայրիկը մեզ մոտ էր կանգնած էր։

Ի՞նչ, տնքաց Սարոյանը, ի՞նչ մայրիկ...

Նա զոքանչին չէր սիրում, տանել չէր կարողանում նաև, որ կինն ամեն մի առիթով հիշում է նրա անունը։ Տիկին Հռիփսիմեն մոռացավ ասելիքը և տարակուսանքով կմկմաց.

Ես... էլ ինչո՞ւ ես բարկանում... ասի՝ մեր ժամացույցը կարող է սխալ լինել։ Այդտեղ ի՞նչ կա որ...

Սարոյանը հոնքերն ավելի վրա տվեց և դարձյալ լռեց։ Կանգնած մի բաժակ թեյ խմեց, ապա ուսերին գցեց վերարկուն և պատրաստվեց դուրս գալ, երբ կինը կրկին հարցրեց.

Լսիր, Արամ, մի թաքցնի... ի՞նչ է պատահել, որ այդպես...

Սարոյանն այնպես ձևացրեց, իբր թե ոչինչ չի լսում, և դուրս եկավ տնից։

«Զարմանալի է. ինչպե՞ս հասկանում է, որ բան է պատահել», մտածեց նա կնոջ մասին։

Փողոցում՝ գիշերվա անձրևից այստեղ-այնտեղ մնացել էին դեռ փոքրիկ լճակներ։ Օդը խոնավ էր, օրն ամպամած ու սառը։ Թեթև ցուրտ զգալով՝ Սարոյանը վրա քաշեց վերարկուն և քայլերն արագացրեց։ Ճանապարհին նրան թվում էր, թե այդ օրն ամեն ինչ՝ մարդիկ, կանայք, երեխաները և անգամ կառքերի ձիերը քնատ են ու գունատ։ Երբ անցորդները նայում էին նրան, նա գլուխը կախում էր, հոնքերի տակից նայում նրանց կամ անտարբեր ձևանում։ Թվում էր նրան, թե մարդիկ մի տեսակ նենգությամբ ու խորամանկությամբ են նայում իրեն։ Երևի հասկանում են, որ գիշերը չի քնել՝ թղթախաղում ի՛նչ գումար է տարվել և հիմա գլուխն ու աչքերն ինչպես են ցավում։ Նրան թվում էր նույնպես, որ իրեն նայողների հայացքներում ծաղր կա և մի տեսակ հեգնանք։

«Ծաղրի ի՜նչ բան կա, ասում էր Սարոյանն ինքն իրեն։ Ով ասեք այդպիսի բան չի անում։ Ինչո՞ւ պիտի ծաղրեն... Ի՜նչ հիմար բաներ եմ մտածում»...

Դպրոցը Սարոյանի բնակարանից հեռու չէր։ Երբ տասը րոպեից հետո նա ուսումնարանի բակը մտավ, աշակերտներն արդեն անկարգ խմբերով, հարձակվող թշնամու բանակի նման, ներս էին խուժում դասարանները՝ աղմուկով, իրար հրհրելով։ Իսկ ուսուցիչները շեմքի մոտ խմբված՝ զրուցում էին։ Աշխարհագրության ուսուցիչ Բալյանը նրանց մեջտեղը կանգնած հեղինակավոր դարձումներով խոսում էր ինչ-որ։ Սարոյանը չէր սիրում Բալյանին, համարելով նրան մեծամիտ ու ինքնահավան, չէր սիրում նրա հեղինակավոր շարժումները, ձայնը և, մանավանդ, ցուցամատով համոզելու սովորությունը։ Եվ այժմ, տեսնելով նրան խոսելիս, Սարոյանի սիրտը կասկած ընկավ։ Նրան թվաց, թե Բալյանն ընկերների հետ խոսում էր իր մասին։

«Եվ ինչպե՜ս էլ կլոունի նման ծամածռություններ է անում, ասաց նա մտքում։ Մյուսներն էլ ինչպես, ապուշի նման, լսում են նրան»...

Ընկերներին մոտենալով՝ Սարոյանն անխոս բարևեց նրանց և առաջ անցավ՝ աշակերտների ետևից դասարան մտնելու։

Այսօր պարոն Սարոյանի տրամադրությունը մի տեսակ էր, նկատեց նրա ետևից ռուսաց լեզվի նիհար, ակնոցավոր վարժուհին, ռուսական ակցենտով։ Աչքիս մի տեսակ երևաց, как будто...

Այո, մի տեսակ էր, հաստատեց նրա խոսքը երաժշտության ուսուցիչը, որ կուրծքը ներս ընկած, թոքախտավորի դեմքով երիտասարդ էր։

Դեռ միջանցքում Սարոյանը լսեց այդ խոսքերը և ուզեց ետ դառնալ, ուրախ ժպտալ նրանց, ցույց տալ, որ իր տրամադրությունն այնքան էլ վատ չէ, բայց, մտքում նրանց արհամարհելով, մտավ երկրորդ բաժանմունքը։ Թեև բանավոր զբաղմունքի օր էր, բայց տրամադրություն չուներ հարցուփորձելու աշակերտներին, ուստի գրավոր տալով՝ սկսեց գնալ-գալ սենյակի լայնությամբ, ապա, մի քանի րոպե անց, նստեց, արմունկները դրեց սեղանի վրա և գլուխն առավ ափերի մեջ։ Նայում էր առջևը դրված տետրակներին այնպես, որ կարելի էր կարծել կարդում է։ Լռություն էր։ Լսվում էր գրչածայրերի ճզճզոցը, որ թվում էր սուր եղունգներով մարմին են քորում, իսկ հարևան սենյակից գալիս էր դասատուի բարակ, ճղճղան ձայնը։ Ռուսաց լեզվի վարժուհին էր, որ դաս էր հարցնում և բարկանում մեկ-մեկ. «Ну, так нельзя!»... Իսկ երրորդ բաժանմունքում աշակերտները շարունակում էին աշխատել գրչածայրերով։ Բարձրացել էր ընդհանուր՝ անորոշ ու խուլ մի աղմուկ՝ նման ճպուռների ձայնին, որ ամառվա ցերեկին լսվում է դաշտում։

Սարոյանը լսում էր այդ բոլորը և կենտրոնացած՝ տետրակին նայում։ Փոքր անց՝ ելավ տեղից. հիշեց Բալյանին, հիշեց նրա հեղինակավոր ու իր համար ատելի շարժումները և սկսեց հուզված անցուդարձ անել։ Ա՛խ, այդ Բալյանը. իրեն շատ է երևակայում։ Կարծում է իրենից խելոք մարդ չկա աշխարհում... Հենց գիտի մենակ ինքն է Ռուսսո ու Պեստալոցցի կարդում... Կարդալը բավական չէ. հարկավոր է ինքնուրույն ու բնական խելք։ Իսկ նրան աստված տա... Նա սրա-նրա հասցեին խոսել ու բամբասել գիտե միայն... Հետաքրքրական է իմանալ՝ ի՞նչ էր ասում այդպես խորհրդավոր... Սարոյանը կարծում էր, որ Բալյանն անպայման իր մասին էր պատմում ընկերներին։ Է՛հ, թող ինչ ուզում է պատմի, ո՞վ է նրան բանի տեղ դնում... Բայց արի տես, որ մեր ապուշները հավատում են նրան։ Իսկ ինձ համար նա մի հողմաղաց է, ուրիշ ոչինչ...

Նա կանգնեց լուսամուտի առաջ և մտամփոփ հայացքը սևեռեց հեռուն։ Այո, շատ ուրիշ տեսակն է այդ Բալյանը. հիմա ավագ-ուսուցչի ականջին է հասցրել երևի, թե ինչ է պատահել ինձ... Ավագ ուսուցիչն էլ, երևի, իր տղայական ձևերով, բարեկամական նկատողություն կանի... Վերջապես, նա ի՞նչ իրավունք ունի. ես իմ փողն եմ տարվել, նրան ինչ... Կասի՝ ուսուցիչը և այլն... ու կսկսի ճառել բարոյականության, առաքինության մասին... Իսկ Դանիել Սանթոյանը, Մովսիսյանը և մյուսներն ուսուցիչ չե՞ն, որ ամեն երեկո ակումբում են լինում և միշտ խաղում են... Հենց անցյալ շաբաթ Ցոլակ Պետրոսյանը չտարվե՞ց հիսուն ռուբլի, ինչո՞ւ նրան բան ասող չկա...

Այդ ժամանակ աշակերտներից մեկը հանկարծ ընդհատեց նրա մտածումները.

Պարոն, Մելիքյանը հանգիստ չի կենում, բողոքեց նա։ Ինձ ասում է՝ «քոսոտ մոզի», համ էլ թևս ծակեց գրչով։

Սարոյանը մոտեցավ սեղանին։

Ա՛յ տղա է՛յ, ապուշ, չեն հայհոյի, հանդիմանեց նա աշակերտ Մելիքյանին, որ գլուխը ամոթից կախել էր կրծքին։ Գործիդ կաց...

Աշակերտները շարունակեցին առաջվա նման թղթերը քորել գրիչներով։ Սարոյանը նայեց նրանց և երկյուղով մտածեց՝ չլինի՞ որևէ բան է ասել բարձրաձայն և աշակերտները լսել են։ Հապա ինչո՞ւ են աշակերտներ Աբելյանն ու Վահունին այդպես նայում իրեն, կարծես զարմացած են։

Աբելյան, բա՞ն ես ասում։

Ո՛չ, պարոն։

Դասամիջոցին, երբ Սարգսյանը դուրս եկավ դասարանից, միջանցքում դեմառդեմ հանդիպեց ռուսաց լեզվի վարժուհուն, և անբավականություն զգաց։ Վարժուհին պենսեն քթին ուղղելով՝ դիմեց նրան.

Պարոն Սարոյան, ձեր ձայնն ինչո՞ւ չէր լսվում։

Գրավոր էի տվել, պատասխանեց Սարոյանը կարճ ու, աչքերը կկոցելով, նայեց հեռուն։

Աա՜, արտասանեց վարժուհին և ակնոցի ապակիների միջից ուշադիր նայեց Սարոյանի երեսին, ապա շարունակեց իր բարակ, այս անգամ մի տեսակ ցավակից ձայնով։ Բայց դուք հո հիվանդ չե՞ք, պարոն Սարոյան։ Աա՞... Աչքիս մի տեսակ եք երևում. как будто...

Նրա ցավակից, ավելի շուտ կարեկից տոնը դուր չեկավ Սարոյանին։

Ոչ, հիվանդ չեմ, դարձյալ կարճ ու չոր պատասխանեց նա, և ուզեց հեռանալ, բայց վարժուհին ասես հասկացավ նրա միտքը ու շարունակեց արագ.

Ներեցե՛ք, գուցե սխալվում եմ, բայց այդպես եք երևում с виду. Մի տեսակ бледный եք և, как сказать, կարծեք հիվանդ լինեք... Չգիտեմ вправду!...

Ո՛չ, տիկին, հիվանդ չեմ, ընդհատեց Սարոյանը վարժուհուն։ Ընդհակառակը, գուցե ձեր աչքին եմ այդպես երևում։

Ես էլ հենց այդ եմ ասում, որ իմ աչքին մի տեսակ եք երևում, ավելացրեց վարժուհին ու ետ նայեց։

Եկողը երաժշտության ուսուցիչն էր։ Մոտենալով՝ նա էլ նույն հարցը տվեց Սարոյանին. ինչո՞ւ է տխուր, հիվանդ հո չի՞. ի՞նչ է պատահել արդյոք, որ տրամադրությունը մի տեսակ է։

Ես Էլ как раз այդ մասին էի հարցնում, ասաց վարժուհին, պենսնեն նորից ուղղելով։

Սարոյանն, առանց պատասխանելու, փորձող հայացքով նայեց նրանց ու մտածեց, որ Բալյանն անպատճառ պատմել է սրանց, թե ինչ է պատահել իրեն, և այժմ սրանք խորամանկություն են անում հետը, գուցե և ծաղրում են... Նա աշխատեց ժպտալ, ցույց տալու, որ տրամադրությունն այնքան էլ վատ չէ, ինչպես կարծում են։ Թեթև մի ժպիտ, քմծիծաղի պես մի բան երևաց նրա դեմքին ու չքացավ։ Իսկ երաժշտության ուսուցիչը, պատասխան չստանալով, փլվածներս ընկած կուրծքն ուղղելով, հարցրեց կրկին.

Իսկապես հո հիվա՞նդ չեք։

Սարոյանի հուզումն այս անգամ գագաթնակետին հասավ։ Նա արհամարհանքով նայեց ուսուցչին ու վարժուհուն, և նրան թվաց դարձյալ, որ երկուսի դեմքն էլ թաքնված, զուսպ ծաղր ու հեգնանք են արտահայտում։ Ի՞նչ, դրանք ծաղրո՜ւմ են իրեն... Ուզում են ծաղրել, որ ինքը, իբր թե, այնքան է ազդվել տարված գումարից, որ հիվանդացե՞լ է մինչև իսկ...

Ինչո՞ւ եք այդպես հետաքրքրվում որ, խոսեց նա, հուզումից կարմրելով։ Կարծում եք, երևի... Ո՛չ, ներեցեք, այդ Բալյանները կարող են միայն... Իսկ ես մի չնչին գումարի համար՝ երբեք չեմ հիվանդանա, երբե՛ք... Ես հիմար չեմ, ոչ էլ ապուշ։ Շատ լավ ե՛մ հասկանում ձեզ և գիտեմ ո՛վ է հասցրել ձեզ այդ բանը։ Թող Բալյանը միամիտ մնա. ես հիվանդ չեմ և երբեք չեմ հիվանդանա մի քառասուն ռուբլու համար...

Եվ վիրավորված ու հաղթական քայլերով, գլուխը սովորականից ավելի բարձր բռնած, հեռացավ ընկերներից ու մտավ չորրորդ բաժանմունքը։

Ռուսաց լեզվի վարժուհին ու երաժշտության ուսուցիչը զարմացած իրար նայեցին...

1913

Be the first who will comment on this
Yatuk Music
Enzeli
Alexander Spendiaryan

Enzeli

Before the sunrise
Before the sunrise
Play Online