Stepan Zoryan

Հանցանք ու պատիժ

Հույս ունեմ, որ այս վերնագիրը կարդացողները գրվածքս չեն ընդունի որպես իրավագիտական տրակտատ, և եթե այդպես ընդունեն՝ շատ կսխալվեն, որովհետև սա մի հասարակ պատմություն է։ Մի պատմություն այն մասին, թե ինչպես գյուղացի Մարկոսը, Նոր-Շենի այն զորավոր եկեղեցու երեսփոխը, գողության համար պատժեց իր որդուն։

Ինքս, իհարկե, ականատես չեմ եղել այդ բոլորին, բայց այսքանը գիտեմ, որ մի օր Մարկոսն ու իր կին Զարմանը շատ անհանգիստ էին։ Վաղ առավոտից սկսած նրանք փոխառփոխ կանգնում էին սենյակի լուսամուտի առջև և նայում դեպի իրենց մառանը, որի հին դռան վրա փայլում էր մի նոր կողպեք, ինչպես կեղտոտ փողկապի վրա ադամանդյա քորոցը։

Բանն այն էր, որ մի ամբողջ շաբաթ շարունակ, ամեն օր նրանց մառանից գողություն էր կատարվում, և նրանք չգիտեին, թե ո՛վ է այդ բանն անողը։ Ամեն օր, երբ Զարմանը մտնում էր մառան, տեսնում էր, որ մի անհայտ և անզգույշ ձեռք իր դրած բաները շարժել է տեղից, բացել է այս կամ այն թթվի բերանը և խուփը թողել գետնի վրա։ Սկզբում Զարմանը կարծեց, թե այդ ամենն ինքն է անում, հետո մոռանում կամ թե չէ՝ «մուկ է դիպչում», բայց մի օր էլ, երբ նա աչքերը դեպի առաստաղը բարձրացրեց և սարսափով տեսավ, որ խնձորի, տանձի և խաղողի կախանները «թեթևացել» են, իսկույն գլխի ընկավ, որ մառանը գող է մտնում. իսկ թե ո՛վ տարակուսում էր։ Տարակուսում էր, որովհետև մառան մտնող գողը նախ պետք է մտներ տուն, որ մառանի բանալին վերցներ։ Բայց հետո ենթադրեց, որ դուռը կարելի էր բանալ և հարմարեցված բանալիով։ Սակայն ով պետք է լիներ դա այդ բաց անողը։ «Չըլի մեր հոտաղն է», մտածեց Զարմանը և իր կասկածը, դեպքի հետ միասին, հայտնեց մարդուն։

Մարկոսը, որ գրել-կարդալ իմանալու պատճառով եկեղեցու երեսփոխ էր ընտրված և գյուղացիների մեջ համարվում էր խելոք մարդ, խնդաց կնոջ խոսքերի վրա և ասաց, որ դժվար թե Ադամն (հոտաղը) այդպիսի բան անի։

Բայց ո՞վ գիտի, ավելացրեց նա, ս. Գիրքն ասում է՝ մարդն անքննելի է, շատ կարելի է անում է. պետք է հաստատ իմանալ՝ հետո...

Կինը համաձայնեց։

Եվ նրանք ահա երկուսով, լուսամուտի առջև կանգնած, անհանգիստ աչքերով նայում էին դեպի մառանը, տեսնելու, իսկապես, ո՛վ է մտնելու այնտեղ։ Եվ որովհետև նրանք կասկածում էին ծառային, այդ պատճառով առանձնասլես հետևում էին նրա յուրաքանչյուր քայլին։ Ադամը, որ մոտ երեսուն տարեկան մի տղա էր և որի միրուքն սկսվում էր ուղիղ աչքերի տակից, այդ օրը շարունակ գնում-գալիս էր մառանի առջևից՝ դարմանի քթոցը շալակին կամ խոտի խուրձը գրկին։ Երբ նա հավասարվում էր մառանի դռան, մարդ ու կին անհամբեր սպասում էին, որ ահա ո՛ւր որ է Ադամը, քթոցը կամ խուրձը կգցի գետին, գրպանից կհանի ո՛վ գիտի որ աղբակույտում գտած մի ժանգոտ բանալի և, մառանի դուռը բանալով, կմտնի ներս։ Բայց օրն եկավ ճաշ դառավ ոչինչ չպատահեց։ Ադամը, սպասածի հակառակ, փոխանակ մառան մտնելու, գնաց նստեց գոմի պատի տակ, արևկող մի տեղ և սկսեց ապակու կտորով մաքրել տրեխացու կաշին։

Այս տեսնելով՝ մարդ ու կին մտածեցին, որ գողը ցերեկով գողություն չի անի. նա անպատճառ գիշերն է մտնում, պետք է ուրեմն գիշերը հսկել։ Այս մտքի վրա էին նրանք, երր շվշվացնելով ներս մտավ նրանց որդի Արտուշը՝ 14-15 տարեկան մի պատանի, որ ծխական դպրոցն ավարտելուց հետո պարապ շրջում էր գյուղում և երբեմն տերտերի տղայի հետ գնում էր գետը՝ ձուկ որսալու կամ անտառը՝ թռչուն սպանելու։ Ներս մտնելով՝ նա անցավ սենյակից սենյակ և նորիք շվշվացնելով դուրս եկավ։

Մարկոսը, որ ամենայն աչալրջությամբ հսկում է որդուն, որպեսզի նա վատ շրջան չմտնի և միշտ տերտերի տղայի հետ ընկերություն անի, այս անգամ էլ, որդու դուրս գնալուց հետո, նայեց նրա ետևից, տեսնելու թե որ կողմն է գնում։

Եվ հազիվ մոտեցել էր լուսամուտին՝ ետ դարձավ և անխոս ձեռով արավ կնոջը։

Զարմանն շտապ մոտ գնաց։

Եվ ահա թե ի՛նչ պատկերացավ նրանց առաջ։

Արտուշը կանգնել էլ մառանի դռանը և խլշած նայում էր շուրջը։ Եվ շուրջը նայելով՝ ինչ-որ մի բան էր խաղացնում բռան մեջ ու շրթունքները շարժում, ինչպես երևում էր, շվշվացնում էր դարձյալ։ Այսպես մի քանի անգամ նա լավ դիտեց շուրջը, ապա, ուրախ ցատկումներով մոտեցավ մառանի դռանը, շտապով բացեց այն և արագ մտավ ներս։

Գողը գտնվե՜ց, բացականչեց Մարկոսը։

Զարմանն ուզեց վազել մառան և որդուն տեղնուտեղը պատժել, բայց մարդը պահեց նրան։

Կա՛ց, թող սիրտը հովացնի։

Ու, կնոջ թևից բռնելով, նորից տարավ նրան լուսամուտի մոտ։

Չանցավ մի քանի րոպե Արտուշը պուտի պես կարմրած դուրս եկավ մառանից, դուռը կողպեց հապ-շտապ և, ձեռներն ուռած գրպանները կոխելով, վազեց դեպի խոհանոցը։

Հիմի ես ի՞նչ անեմ էդ փչին, ճչաց Զարմանը չարացած։ Մատները չդնեմ ուրագի տակ ու փրթե՞մ...

Սո՛ւս, սաստեց նրան Մարկոսը, ոչինչ էլ հարկավոր չի։ Թո՛ղ։

Ո՞նց թե՝ «թո՛ղ», բարկացավ Զարմանը։ Թողնե՞մ իմ աչքի առաջ գողություն անեն։ Էդ ի՜նչ խելք է։

Քեզ ասում եմ՝ թո՛ղ, թո՛ղ, ձեռը թափ տալով՝ ձայնը բարձրացրեց Մարկոսը։

Եվ Զարմանը, որ այն կարծիքի էր, թե տղամարդը, ինչ էլ լինի, տասն անգամ խելոք է կնոջից, մասնավորապես իր ամուսինը, որին «սաղ գեղը երեսփոխ էր ընտրել» և որը իրիկուն-առավոտ Աստվածաշունչ էր կարդում, լռեց, մտածելով, թե Մարկոսը երևի մի բան գիտի, որ սաստում է իրեն։

Եվ նա չէր սխալվում։


Հետևյալ օրը՝ առավոտյան Մարկոսը որդուն կանչեց իր մոտ և ամենայն զգուշությամբ հայտնեց նրան, որ իրենց մառանից գողություն է կատարվում։

Ես կարծում եմ, ասաց, էդ գողլը Ադամը պրտի ըլի...

Ու հարցրեց որդու կարծիքը, թե իսկապես հոտաղը կանի այդ բանը. ի՞նչ է կարծում Արտուշը։

Արտուշը, որ մինչ այդ գլուխը կախ լսում էր հորը, նրա վերջին խոսքերի վրա՝ գլուխը բարձրացրեց և նայեց հոր երեսին։

Ինչո՞ւ չի անի որ... Նա ամեն օր էլ գողություն է անում. տավարը գնալիս հանդից միշտ կարտոլ է գողանում ու հանդում էլ խորովում։ Կարտոլ գողացողը՝ մառանից էլ գողություն կանի...

Շատ կարելի է, ասաց Մարկոսը։ Ես էլ կարծում եմ, որ նա է գողանում, բայց բանն էս է, թե ինչո՞վ է բաց անում փակ դուռը, ձեռին բանալի բան չունի...

Արտուշը խնդաց.

Դա դժար բան է՞. բանալի գտած կլինի կամ թե չէ, ինչ կա որ, մեխով բաց կանի։

Շատ կարելի է, հավանություն տվեց հայրը։ Բա հիմի ո՞նց անենք, որ դրան բռնենք։

Արտուշը լուռ էր։

Դու կարո՞ղ ես բռնել, շարունակեց Մարկոսը։

Ինչի՞ չեմ կարող, պատասխանեց Արտուշն ինքնավստահ, կբռնեմ ու հլա հերն էլ կանիծեմ։

Մարկոսը լռեց մի փոքր։

Դե լավ, ասաց նա տեղից ելնելով։ Արի գնանք։

Եվ նա որդուն տարավ մառան։

Տեսնո՞ւմ ես, ասաց Մարկոսը որդուն, ցույց տալով տանձի, խնձորի, խաղողի ու սերկևիլի կախանները։ Տեսնո՞ւմ ես սրանք։ Լավ տես, որ հետո եթե գողանան հաշիվը միտդ ըլի...

Արտուշը գլուխը բարձրացնելով նայեց մեկ-մեկ առաստաղից քաշ ընկած կախաններին և մտքում հաշվեց ինչ-որ։

Հիմի արի էստեղ, կանչեց հայրը նրան, և մի առ մի խուփերը վերցնելով, ցույց տվեց թթվի, պանրի, մեղրի կճուճները։

Էս բոլորը, ասաց Մարկոսը, քեզ եմ թողնում։ Հիմի տեսնենք ոնց պիտի պահես։ Եթե գողին բռնեցիր էն է հո կեցցե՛ս. թե չէ՝ ամոթ քեզ։

Այս ասելով՝ Մարկոսը խնամքով փակեց մառանի դուռը, և բանալին, ինչպես մի սրբազան ավանդ, հանդիսավոր հանձնեց որդուն։

Այդ օրվանից մառանից էլ բան չէր գողացվում։

1915

Be the first who will comment on this
Yatuk Music
Sobre Dance
Aram Khachatryan

Sobre Dance

Sad return (nobody is waiting)
Sad return (nobody is waiting)
Play Online